Ազատ տարածք խորագրի արխիվներ

Նամակ իմ հերոսին

Ես Լուիզան եմ: Սովորում եմ ութերորդ դասարանում: Երբ մեր ուսուցչուհին մեզ հայտնեց, որ պետք է գրենք նամակ մեր հերոսին, ես անմիջապես Ձեր մասին մտածեցի՝ որոշելով իմ ողջ հույզերն ու մտորումներն արտահայտել այս նամակում…

Գիտեմ, որ Դուք որպես տնօրեն և ուսուցիչ աշխատել եք այն դպրոցում, որտեղ հիմա սովորում եմ ես: Մինչ օրս էլ խոսում են Ձեր մասին, գովաբանում Ձեզ: Երբ յուրաքանչյուր գագարինցու հարցնում են` ո՞վ է այսպես ծաղկեցրել այս դպրոցը, բոլորն առանց վարանելու պատասխանում են.

-Իհա՛րկե, ընկեր Եղիազարյանը…

Դուք դեռ տասնյոթ տարեկան էիք, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Դուք մարտի դաշտում պայքարեցիք անձնազոհաբար, ինչի արդյունքում կորցրեցիք Ձեր բազուկը… Չեմ համարձակվում երևակայել անգամ, թե ի՜նչ փորձություններ եք հաղթահարել ու պատվով՝ որպես հերոս վերադարձել: Սրա մասին են վկայում Ձեր բազմաթիվ շքանշանները… Ձեզ վիճակվել է անցնել պատերազմի սարսափների միջով, բայց Ձեր աչքերում այնքա՜ն լուսավոր բարություն կա:

Սիրելի՛ ընկեր Եղիազարյան, Դուք իմ հերոսն եք: Եվ ուզում եմ հաստատել, որ այժմ էլ հպարտանալու շատ առիթներ ունեք: Ձեր չորս զավակներից երկուսն այժմ աշխատում են Ձեր հիմնած դպրոցում՝ շարունակելով Ձեր գործը, է՛լ ավելի շենացնելով մեր դպրոցը:

Դուք հիմա իննսունչորս տարեկան եք, ունեք Ձեր սեփական այգիները, որոնք մեծ հաճույքով եք մշակում: Հաճախ եմ տեսնում, թե ինչպես եք քայլում ծառաշարքերի միջով և հոգատարությամբ զննում ամեն ճյուղն ու ոստը, էտում ու պատվաստում ծառերը, զգուշորեն շտկում փեթակները:

Շատ գագարինցիների եք բաժին հանում Ձեր այգիների բերքից: Եվ երբ աշակերտներն անցնում են Ձեր այգիների կողքով, առանց հյուրասիրվելու չեն շարունակում ճանապարհը:

Քանի՜ անգամ եմ լսել, որ ասում եք.

-Նա՛ն ջան, տե՛ս, թե ի՜նչ լավ խնձորներ կան, եկե՛ք, վերցրե՛ք…

Ու սիրառատ, բարի-բարի՜ ժպտում եք՝ որպես հարազատ պապիկ…

ella mnacakanyan yerevan

Պրևերը՝ իմ շուրթերի լույսով

Այդ սերը

Այդ սերը՝
Այնքան բուռն
Ու այնքան փխրուն,
Այնքան նուրբ
Ու հուսահատ այնքան:
Այդ սերը՝
Ցերեկվա պես լուսավոր,
Ժամանակի պես տանջող,
Երբ երկարում են օրերը:
Այդ իսկական սերը՝
Գեղեցիկ,
Երջանիկ
Ու ծիծաղկոտ,
Ինչպես երեխա՝ խավարում դողացող,
Բայց և վստահ այնքան
Կեսգիշերում հանդարտ մարդու նման:
Այդ սերը՝
Ուրիշներին վախեցնող,
Նրանց խոսեցնող,
Նրանց գունատող,
Հանկարծակի սերը,
Հետապնդված, վնասված,
Տրորված, մերժված,
Լքված, մոռացված սերը…
Այդ սերն՝
Ամբողջությամբ դեռ ապրող
Եվ արևից վառ փայլող:
Այն իմն է, քոնն է,
Այն, որ միշտ նոր է
Ու երբեք չփոխվող,
Քայլքի պես հստակ,
Թռչնի պես ազատ,
Ամառվա պես ջերմ ու կայտառ:
Մենք երկուսս կարող ենք մոռանալ,
Գալ ու հեռանալ,
Ապա քնեցնել մեզ
Ու սերը մեր,
Հետո արթնանալ, տանջվել, ծերանալ
Ու կրկին մեզ քնեցնել:
Երազել մինչև մահ,
Ծիծաղել ու ժպտալ
Եվ… երիտասարդանալ:
Մեր սերն այստեղ կմնա՝
Աչքերիդ պես համառ,
Ինչպես բաղձանք անհաս
Ու կխոցի հուշերով դաժան,
Ափսոսանքի նման հիմար,
Որ սառն է հանց մարմար:
Ցերեկվա պես լույսով լի,
Մանկան նման խոցելի՝
Նա ժպտալով մեզ կնայի
Ու կխոսի առանց խոսքի:
Ես դողալով կլսեմ նրան
Եվ կգոռամ
Քեզ համար,
Ինձ համար:
Ես կաղերսեմ ու կգոռամ
Ինձ ու քեզ համար
Եվ բոլոր նրանց,
Ովքեր սիրում են
Ու զգում իրենց սիրված:
Այո՛, ես գոռում եմ
Հանուն ինձ ու քեզ
Եվ այն ուրիշի,
Ում չեմ ճանաչել
Ու չեմ ճանաչի:
Հենց այստե՛ղ մնա,
Ուր հենց հիմա կաս,
Ուր որ եղել ես դու այն ժամանակ:
Հենց այստե՛ղ մնա,
Չշարժվես հանկարծ,
Հանկարծ չգնաս…

Մենք՝ սիրվածներս,
Քեզ մոռացել ենք,
Բայց դու՜,
Դու մեզ մի՛ մոռացիր,
Մենք ոչինչ չունենք քեզնից բացի,
Մի՛ թող վերածվենք սառույցի..
Տո՛ւր մեզ նշաններ կյանքի
Թեկուզ խորը հեռուներից,
Այլ աշխարհից, տիեզերքից,
Դեպի խորքը այն անտառի,
Ուր թաքստոցն է մեր հուշերի:
Լոկ հայտնվի՛ր,
Ձեռք մեկնի՛ր մեզ
Ու մեզ փրկի՛ր…

Ֆրանսերենից  թարգմանությունը՝ Էլլա Մնացականյանի

ani muradyan

Երեխայի քմահաճույքները

Շառլոտը աղիողորմ արտասվում է, դուք հենց նոր նրան մերժել եք տալ չորրորդ կոնֆետը, Ժերեմին բարկանում է, դուք նրան արգելել եք դիտել երրորդ տեսաերիզը, Վալենտինը սուպերմարկետում հատակին է գլորվում, որպեսզի իր համար գնեք կարմիր գեղեցիկ ավտոմեքենան:

Ձեր երեխան կամակորություն է անում, իսկ ձեզ համար դա մեծ անհանգստություն է: Ամեն «նյարդային նոպայի» պահին կասկածը պատում է ձեզ, թե արդյոք «ես շատ հաշտվող չեմ» կամ «շատ խիստ», «իմ երեխան լավ դաստիարակված չէ», «ես լավ ծնող չեմ», «եթե ես զիջեմ, միայն ավելի վատ կլինի»:

Վստահեցնում եմ ձեզ, բոլոր երեխաներն էլ տրվում են քմահաճույքներին, դա նորմալ է: Ի՞նչ է կամակորությունը: «Երեխայի մոտ դա ամբարտավան ցանկության դրսևորում է, որը չի ճանաչում ծնողի արգելքը»,- բացատրում է հոգեթերապեվտ Քրիստին Բրյունետը: Այն տեղի է ունենում երեք փուլով` երեխան արտահայտում է իր ցանկությունը, ծնողները նրան ասում են «ոչ», փոքրիկը, դժգոհ դրանից, սկսում է ուժգին բարկանալ:

Ինչի՞ համար են քմահաճույքները: Ֆրոյդը ցույց է տվել, որ երկու օրենքներ են ղեկավարում հոգեկան աշխարհը ` «հաճույքի սկզբունք»` պրոցես, որի ընթացքում անհատը փորձում է բավարարել իր ցանկությունները, և «իրականության սկզբունք», որը մեզ ստիպում է հետաձգել կամ ձևափոխել մեր ցանկությունները` հաշվի առնելով իրականությունը: Ուստի ի՞նչ է բացահայտում երեխան, երբ տրվում է քմահաճույքներին: Պարզապես իրականում նրա ցանկությունները չեն համապատասխանում իրականության հետ, նա չի ցանկանում հեռանալ զբոսայգուց, բայց արդեն զբոսայգին փակելու ժամանակն է, նա չի ցանկանում հագնել վերարկու, բայց դրսում ձյուն է գալիս:

«Ի տարբերություն չափահասի, երեխան չի տիրապետում վերլուծության տարրերին, որոնք նրան թույլ կտային երկյուղել իրականությունից»,- բացատրում է հոգեթերապեվտ Պատրիկ Էստրադը: Քմահաճույքը նաև տարբեր ցանկությունների բախումն է։ Երեխան իրեն ընկալում է որպես «աշխարհի կենտրոնը», բայց նա բացահայտում է, որ իր մտերիմները երբեմն ունեն ցանկություններ, որոնք տարբերվում են իր ցանկություններից, ինչը իրեն այդքան էլ դուր չի գալիս։ Ժյուստինը ցանկանում է մնալ տանը տիկնիկներով խաղալու համար, բայց շաբաթ-կիրակի օրերին լավ եղանակ է լինելու, և ծնողները նախատեսել են բացօթյա ընթրիք կազմակերպել: Պատկերացրեք, թե ինչ կլինի հետո:

Բացի դրանից, երեխան կարիք ունի հակադրվելու իր ծնողներին: Այս «ոչ» -ի ժամանակաշրջանը շատ կառուցողական է նրա համար: Հենց տասնութ ամսականից միչև երկու տարեկան հասակում է, որ երեխան` ասելով իր առաջին «ոչ»-ը, սկսում է իրենը առաջ տանել: Ոչ ավելի շուտ: Նորածինը, որը լաց է լինում օրորոցում, կամակորություն չի անում, այլ իր անհրաժեշտությունն է արտահայտում, որն է` ուտելը, իրեն գրկելը կամ փաղաքշելը:

Ո՞ր տարիքում են ավարտվում քմահաճույքները: Երբեմն երբեք: Մինչդեռ հոգեթերապեվտները դիտարկում են, որ «բանականության տարիքը» ունի փուլեր: Յոթ տարեկան երեխան արդեն յուրացրել է որոշ հասարակական կարգեր և բարոյական արժեքներ: Նա դառնում է ունակ ընկալելու իրականության պահանջները: Այս տարիքից հետո կոնֆլիկտները առաջանում են ուրիշ պատճառներով: Պատանեկան տարիքում ընկերները, տեղ գնալը, ծխախոտը փոխարինում են շոկոլադե կարկանդակը և կարմիր ավտոմեքենան:

Հեղինակ` Սեսիլ Դոլե, psychologies.com

Թարգմանությունը` Անի Մուրադյանի

Պատանի դիվանագետի դպրոց

Գրեթե մեկ ամիս առաջ ֆեյսբուքում նկատեցի «Պատանի դիվանագետի դպրոց»-ի մասին հրապարակում, շատ հետաքրքրեց: Խոսելով ուսուցիչներից մեկի հետ՝ ավելի շատ տեղեկատվություն ստացա և որոշեցի դիմել ընդունվելու համար։ Եվ արդեն երեք շաբաթից ավելի է՝ Պատանի դիվանագետի դպրոցի սաներից մեկն եմ։ Այն համարվում է «Եվրասիա» միջազգային համալսարանի հենակետային վարժարան, դիվանագետներիս խմբին կից կա նաև իրավաբանների խումբ՝ Պատանի իրավաբանի դպրոց։ Դասերը լի են քննարկումներով, նոր տեղեկություններով, հաճելի մթնոլորտը միշտ ապահովված է պատանի դիվանագետներիս խմբում։ Շատ եմ ափսոսում, որ հենց ընդունելության առաջին օրվանից չէի իմացել դպրոցի մասին։

Այս ընթացքում հասցրել ենք ունենալ այցելություններ, օրինակ՝ Հայաստանում Իտալիայի դեսպանատուն, Փաստաբանների պալատ։ Դեսպանատանը հանդիպեցինք արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ։ Փաստաբանների պալատ այցը բավականին հետաքրքիր էր, ինֆորմացիոն։ Տեղեկացվեցինք ՀՀ փաստաբանական դպրոցի մասին, Փաստաբանների պալատի, փաստաբանների գործունեության մասին, հանդիպում ունեցանք Արա Զոհրաբյանի հետ, որին լսելը բավական հաճելի էր։

Մեզ դեռ սպասվում են նոր, ավելի հետաքրքիր դասախոսություններ, այցելություններ։

Տպավորություններս բավականին մեծ են, ակնկալիքներս նույնպես:

Կյանքը սև ու սպիտակի մեջ (մաս 2)

Մենք տեղափոխվում ենք

Մանանայի նոր աշխատավայրից բացվող գեղեցիկ տեսարանի և տեղափոխվելու ընթացքում արված նկարների մասին։

Շարունակելի…
ani muradyan

Ինչպես են գույները ազդում մեր զգացմունքների վրա

Գույները կարևոր դեր են կատարում ձեր բրենդի ինքնատիպության ստեղծման հարցում։ Վերջիններս գրավում են սպառողների ուշադրությունը, հույզեր արթնացնում և մեծ ազդեցություն թողնում ձեր բրենդի տեսանելիության վրա: Որոշ գույներ կարող են մեզ երջանկացնել, տխրեցնել, աշխուժացնել կամ առաջացնել քաղցի զգացում: Ինչպես գծանկարչի, այնպես  էլ ձեռներեցի համար շատ կարևոր է հասկանալ այն հոգեբանական ներգործությունը, որ  գույները կարող են ունենալ մարդ էակի վրա։ Ավելի մոտիկից դիտարկենք այն, թե ինչպես են գույները ազդում մեզ վրա, ավելի շատ հոգեբանական, քան վարքային պլանում:

Տաք գույներ

Կարմիրը, նարնջագույնը և դեղինը իրար շատ մոտ գույներ են։ Այս գույները կոչվում են «տաք» գույներ, որոնք հաճախ երջանկություն, լավատեսություն և նախաձեռնություն են արթնացնում։ Այսպես ասած,  դեղինը և նարնջագույնը կարող են միևնույն ժամանակ հարձակողական թվալ, իսկ կարմիրը կարող է ախորժակ բացել։ Ի դեպ, McDonald-ի, KFC-ի և նմանատիպ այլ կազմակերպությունների ցուցանակներին կարող ենք տեսնել այս գույները, ինչու՞, որովհետև նրանք ցանկանում են, որ իրենց հաճախորդները քաղց զգան և արագ ուտեն։

Կարմիր

Կարմիրը «ամենատաք» և «ամենադինամիկ» գույնն է ներկապնակի վրա։ Այլ կերպ ասած, կարմիրը ստեղծում  է հակադիր հույզեր։ Այսպիսով, այն հաճախ նույնացվում է կրքի և սիրո հետ, բայց նաև բարկության և վտանգի։ Կարմիրը կարող է արագացնել սրտի աշխատանքը և պատճառ դառնալ անհանգիստ վարքի։

Եթե դուք ցանկանում եք գծագրական տարրի վրա ուշադրություն հրավիրել, հատկապես օգտագործեք այս գույնը։ Բայց ուշադրություն դարձրեք այն չափից շատ չօգտագործելու վրա,  քանի որ կարող է նաև ուշադրություն շեղել այլ նյուանսներից:

Նարնջագույն

Նարնջագույնը սաստկացնում է երջանկության  և կենսունակության զգացողությունները։ Ինչպես կարմիրը, նարնջագույնը նույնպես աչք է ծակում։ Այն դինամիզմ է մատնանշում, բայց նաև կարող է ագրեսիվ համարվել։ Նարնջագույնը խորհրդանշանն է էներգիայի, հյուրընկալության և բարեկամության։ Այն լավ ընտրություն է հաճախորդներին դրդելու, որ գնեն ձեր ապրանքները։

Սառը գույներ

Սառ գույներից են համարվում կանաչը, կապույտը և մանուշակագույնը։ Գույները հանգստացնող և խաղաղեցնող բնույթով են օժտված, չնայած որ դրանք նաև կարող են տխրություն արտահայտել։ Մանուշակագույնը հաճախ օգտագործվում է ստեղծարարություն առաջացնելու համար, քանի որ այն կապույտի (հանգիստ) և կարմիրի (սաստիկ) խառնուրդ է։ Սրանք իդեալական գույներ են առողջությունը, գեղեցկությունը և անվտանգությունը խորհրդանշելու համար։

Կանաչ

Կանաչը խորհրդանշում է առողջությունը, գարնան վերադարձը, թարմությունը և հարստությունը։ Այն աչքի համար ամենաքիչ հարձակողական գույնն է։ Կանաչը հրաշալի ընտրություն է որոշակի գծանկարչական հավասարակշռության ստեղծման համար, հետևաբար այն իդեալական ընտրություն է այն կազմակերպությունների համար, որոնք ուզում են ցույց տալ աճ, անվտանգություն կամ ներշնչել բոլորին հնարավոր ամեն ինչ:

Աղբյուրը` Կամիլ Ֆրանկ, 99designs.fr

Ֆրանսերենից թարգմանեց` Անի Մուրադյանը

ella mnacakanyan yerevan

Պրևերը՝ իմ շուրթերի լույսով

«Ես ասում եմ կեցցե՛, ամբողջ ուժով ասում եմ կեցցե՛ Ձեր հզոր տաղանդին»:

Վ. Հյուգո

Այս տողերով է սկսվում տասնյոթցիներից մեկի՝ վերջերս հրատարակված նյութը, որում նա ներկայացնում էր ֆրանսիացի գրական տաղանդներից մեկից՝ Շառլ Պիեռ Բոդլերից կատարած իր թարգմանությունները, որոնցից ոգեշնչված՝ ես էլ հիշեցի գրադարակիս խորքերում 4-5 տարվա անհույս մոռացության մատնված իմ մի քանի գրական-թարգմանչական (հաջո՞ղ կամ գուցե շատ էլ անհաջո՞ղ) փորձերի մասին՝ այս անգամ բառախաղերի ֆրանսիացի հզոր վարպետ Ժակ Պրևերի գրչից, որոնք գրադարակիս մութ անկյուններից լույս աշխարհ բերելու որոշումս, ի զարմանս ինձ, կայացրի ակնթարթորեն ու առանց երկմտելու: Գուցե (չ)արժե՞ր…

Փոխադարձ սիրողները

Փոխադարձ սիրողները միմյանց
Գրկում են կանգնած
Գիշերվա բաց դռների դիմաց,
Գրավում անցորդների հայացքները սառած:
Բայց նրանք սիրում են վերացած,
Ստվերների լույսով, փոխադարձ.
Շարժում են հոգիները մարդկանց՝
Նրանց պատելով անհագ ցանկությամբ՝
Սիրո, բերկրանքի կամ կատաղության…
Նրանք սիրում են փոխադարձ,
Լիովին անէացած,
Սիրում են ժամանակը մոռացած
Առաջին սիրո ցնցող պարզությամբ:

Առավոտյան նախաճաշ

Սև սուրճ բաժակում,
Սև մտքեր հոգում,
Եվ սուրճի բույրն էլ թունդ
Չի հանգստացնում:

Ծխախոտ է վառում՝
Հույս ունենալով,
Թե հոգու կայծերը այրում,
Հուշերն է ոչնչացնում:
Ծուխը վերև է ելնում,
Թվում է, թե քողարկում
Արցունքները աչքերում…

Գլխարկով դեմքը փակում,
Մարմնին է գցում վերարկուն,
Իր վերքերը ծածկել փորձում
Եվ դուրս է գնում՝
Առանց խոսելու,
Նայելով հեռու՜ն:

Եվ իմ սառը հայացքից
Լուռ արցունքներ են գլորվում…

Ֆրանսերենից թարգմանությունը՝ Էլլա Մնացականյանի

zarine kirakosyan

Քաղաքում, որտեղ գարուն չէր

Այս լուսացույցների ու գովազդների քաղաքում
Մենք սովորել էնք մեզ ազատ կոչել,
Բայց ընդամենը վարժվել ենք մեզ թելադրող փողոցներին,
Ուր մեզ թվում է, թե ընտրություն կա:
Մեկ-մեկ լուսացույցի տակ չեմ ուզում սպասել,
Ուզում եմ երկուշաբթի օրը փակել բանկերը,
Անջատել քաղաքում կապի միջոցները
Ու սպասել մարդկանց՝ իրենց վանդակները հետ պահանջելուն:

Քաղաքում, ուր գարունը սարերից է իջնում,
(Շիրազն ասաց)
Մեկ-մեկ հետը սարերից անհնազանդություն է բերում,
Բայց դե քամու պես չես կարող վազել,
Մենք այստեղ արդեն բարձր շենքեր ենք կառուցել ու երկաթե կարծիքներ,
Գլուխդ կխփես բետոններին կամ
Ավելի կարծր մարդկանց:

Քաղաքում, որտեղ օդ չկար շնչելու,
Մենք շնչում էինք մարդկանց արտաշնչած զգացմունքները,
Ու Գարունը չկարողացավ խցկվել մեր արանքները:

Քաղաքում որտեղ գարունը եկվոր է,
Ես ինձ իրեն ընկեր եմ զգում:
Մենք երկուսս էլ չկանք այս քաղաքի անկանոն ռիթմերի մեջ,
Ուր չես նկատում արևը ոնց ընկավ հորիզոնից,
Ուզում եմ գարնան հետ կորչել սարերի կողմը:

Քաղաքում, որտեղ ես գրում էի էս տողերը
«Տուն» փախչելու մասին,
Մեկը ասաց՝ էդ ի՞նչ ես թփթփացնում մատներդ ստեղնաշարին։
-Գրում եմ, երևի։
-Ծնունդի պիտի՞ գնաս։
Քաղաքում, ուր մենք ազատությունը էինք ման գալիս
Հարցերն էլ էին «պիտի»-ով տալիս:

Խայտաբղետ Երևան