Ազատ տարածք խորագրի արխիվներ

Հեծանիվ քշելու արագությամբ

Պարապմունքից տուն ճանապարհին լավագույն բանը, որ կարող է տրամադրությունս բարձրացնել, խաղահրապարակի ճանապարհով գալն ու երեխաներին տեսնել է: Նրանց դեմքին այնքա՜ն բարություն ու ժպիտ կա ,որ ինչքան էլ հոգնած լինեմ, ուզում եմ էլի հետները խաղալ, վազել ու հեծանիվ քշել:

-Էրեխե՜ք, Մարիետան եկավ…

-Վերևի ճյուղի ցոգոլը կտա՞ս…

-Արի՝ պարան թռնենք…

-Չէ, ինձ հետ կլասս ա խաղալու…

-Պարանը պտտի՝ թռչեմ, էլի… Երեխեքը լավ չեն պտտում…

Ու այնքա՜ն եմ ուզում նորից իրենց պես փոքր լինել, ամբողջ օրը բակում խաղալ, վազել ու չարաճճի բաներ անել:

Մենք այնքան զբաղված ենք՝ մտածելով մեծանալու մասին, որ չենք էլ գնահատում մեր անհոգ օրերը, ու հեծանիվ քշելու արագությամբ էլ ավարտվում է մեր մանկությունը:

Roza Harutyunyan vayots dzor

Իսկ քեզ շնորհավորե՞լ են

Մանկություն, անհատի օնտոգենետիկ զարգացման փուլ, որն ընգրկում է ծնվելու պահից մինչև մեծահասակի կյանք մտնելու հնարավորության առաջացման շրջանը… Էս ի՞նչ եմ խոսում։ Դե, կենսաբանությունը չսիրածս առարկան է, բայց հիմա վիճակս սրանով եմ մեկնաբանում։

Գիտե՞ք ինչ ահավոր է նվեր չստանալը տոնի օրով։ Էդ էլ հերիք չի, չեն էլ ուզում շնորհավորեն։ Ոչ բոյ ունեմ, ոչ դիմագիծ, ինչի՞ չեք շնորհավորում։ Ես շնորհավորում եմ բոլոր 13-18 տարեկան երեխաներին։
Մանկության ընթացքում սովորաբար առանձնացնում են մանկիկության շրջանը, վաղ մանկությունը, նախադպրոցական տարիքը, կրտսեր դպրոցական տարիքը:
Փոքր ժամանակ ինձ հերթափոխով են պահել։ Մայրս դպրոցում էր աշխատում, իսկ հայրս հաշվապահ էր: Դրա համար առավոտյան հայրիկիս հետ էի մնում։ Բայց էդքան էլ նեղություն չեմ տվել, որ հայրս բողոքի՝ չհավատաք։ Ինչ ասել են՝ սուսուփուս լսել եմ, դրա համար էլ հիմա տեղը հանում եմ։ Մենակ մի անգամ մայրս առավոտը պահեց, ու կաթով լոգանք եմ ընդունել։ Դե չեմ դժգոհում, բայց եռացող կաթով էդքան էլ հաճելի չի։ Համ էլ ես Կլեոպատրան չեմ…
Ես երկու դպրոցական տարիք եմ ունեցել։ Մայրիկիս հետ գնում էի դպրոց, իբր թելադրություն էի գրում ու նեղանում էի, որովհետև ամբողջ տետրս կարմիր էր։ Բայց շատ աշակերտի պես էի ինձ պահում, մայրիկիս երբեք դպրոցում չեմ ասել՝ մամա, ինքը մեր ընկեր Խաչատրյանն էր, իսկ ես դասարանի լիիրավ անդամը:
Հետո գնացի դպրոց ու շատ-շատ էի սիրում, չնայած հիմա էլ եմ սիրում։ Փոքր ժամանակ ուսուցչուհուն «ուշուչից» էի ասում, առաջին «ուշուչուհիս» ընկեր Ալեքսանյանն էր։ Շատ սիրուն ծաղիկներ ունի։ Դասարանը ոնց որ այգի լինի։
Մանկությանս մեջ ամենավառը եղբայրս է, շատ խիստ ու շատ սիրող։ Քույրիկի հետ շատ էր կռվում, որովհետև չէր թողնում փոքր 500 դրամանոցները տամ ու մեծ 10 դրամանոցները վերցնեմ։ Թե ասա՝ ինչ գործ ունեին 500 դրամանոցներն ինձ մոտ: Ապե՜ր, ես քո 10 դրամանոցները հետ եմ տալու, որովհետև դու տալիս էիր, իսկ ես 500 դրամանոցները չէի տալիս։

lyusi karapetyan gavar

Հունիսմեկյան տրամադրություն

Առավոտ էր: Արթնացա հեռուստացույցի ձայնից: Վեր կացա, հագնվեցի և մոռացել էի, թե այսօր ինչ օր է: Պապիկս մտավ սենյակ և շնորհավորեց օրվա առթիվ: Ես նաև մոռացել էի, որ այսօր ամռան առաջին օրն է: Այդ ամենը հիշելով իմ դեմքին հայտնվեց պայծառ մի ժպիտ, և ես շտապեցի դեպի պատուհանը: Պատուհանից դուրս նայեցի և տեսա, որ տեղում է հորդառատ անձրև: Մի պահ դեմքիցս անհետացավ ժպիտը: Այնուամենայնիվ, չհուսահատվելով՝ վերցրեցի անձրևանոցս և իջա մոտակա խաղահրապարակը: Կարծում էի մեծահասակները, թեև անձրևոտ եղանակ է Գավառում, մի բան մտածած կլինեն երեխաների համար: Հասա խաղահրապարակի մոտ և տեսա, որ հակառակ սովորության, այնտեղ ոչինչ տեղի չի ունենում: Դժգոհ տուն վերադարձա: Ամեն տարի այնտեղ կազմակերպվում էին տարբեր միջոցառումներ, և փոքրիկները ստանում էին անվճար պաղպաղակ: Այդ ժամանակ իմ օրը ուրախ էր անցնում, իսկ այժմ ստիպված եմ գնալ տուն և գտնել մեկ այլ զբաղմունք:

Ստիպված եմ մեկ տարի սպասել:

valentina chilingaryan ararat

Գրքերին սիրահարվելու իմ արվեստը

Նկատե՞լ եք, թե մեր հասարակությունը ինչպես է վերաբերվում ընթերցանությանը: Եթե առաջ կարծում էին, որ այն մտածողության և մտավոր զարգացման աղբյուրներից մեկն է, ապա այժմ կան որոշ «թյուրըմբռնումներ»: Իսկ ինչո՞ւ:

-Ժամանակներն են փոխվել,-ասացին «ժամանակակից» մարդիկ:

-Դպրոցում շատ են դասերը: Մի կերպ դասերին ենք պատրաստվում,- պատասխանեցին ծույլերը:

-Սոցցանցերը չեն թողնում: Համացանցն է մեղավոր, որովհետև կախվածություն է ստեղծում,- միջամտեցին միշտ առցանց մարդիկ:

Բայց եկեք մի կողմ դնենք ավանդական պատասխանները: Առաջին` ժամանակները չեն փոխվում, այլ մենք ենք փոխում այն: Երկրորդ` դպրոցի դասերը հնարավոր է ավարտել ավելի շուտ, եթե աշխատում ենք կենտրոնացած: Եվ երրորդ` ֆեյսբուքի ու ինստագրամի «նյուզֆիդը քրքրելու» փոխարեն, կարելի է սմարթֆոնի մեջ ներբեռնել էլեկտրոնային գիրք և կարդալ: Նաև համացանցը ոչ մի կախվածություն չի ստեղծում, այլ մենք ենք մեզ համար ստեղծում կախվածություն կոչվող երևույթը` որպես արդարանալու միջոց: Չէ՞ որ միայն ուղտը չի սիրում գիրք կարդալ: Բայց երբեմն էլ մեծագույն նողկանք եմ ապրում, երբ նկատում եմ, թե ինչպես է ընթերցանությունը վերածվում նորաձևության:

Օրինակ` եթե դու կարդում ես «Հարրի Փոթթերը» կամ «Հարյուր տարվա մենությունը», համարվում ես կարդացած մարդ: Դե, չէ, էլի: ՉԷ: Գրադարանը չի սահմանափակվում միայն այդ գրքերով: Կարելի է կարդալ ցանկացած ժանրի գրականություն և դառնալ բազմակողմանի` ցանկացած ոլորտում: Կոտրե՛ք այդ կարծրատիպը: Մի՛ պղտորեք սերը գրականության հանդեպ: Այլ՝ գիրքը ընդունեք որպես 8-րդ հրաշալիք, և այն կլուսավորի ձեր հոգին` առաջացնելով լավագույն ձգտումներն ու երազանքները:

Ստորև մեջբերում եմ գիրք կարդալու ամենահայտնի փաստերը, որոնք մոտիվացնում են ավելի հաճախ կարդալ:

1․ Արագ ընթերցանության դեպքում աչքերը ավելի քիչ են հոգնում, քան դանդաղ ընթերցանության դեպքում:

2․ Ավանդական ընթերցանության դեպքում ընկալման մակարդակը 60% է, արագ ընթերցանութան դեպքում` 80%:

3․ Ընթերցանության ժամանակ, ընթերցողի աչքերը նայելով տարբեր տառերի`հաղորդում են տարբեր պատկերներ: Իսկ ուղեղը դրանք միավորում է մեկ պատկերում:

4․ Ընթերցանության միջին կարողությամբ մարդու աչքերը մեկ գրքային տողի վրա դադար են վերցնում 12-16 անգամ, արագ կարդացողի աչքերը` 2-4 անգամ:

Հետևեք այս փաստերին, եթե ցանկանում եք ավելի հաճախ կարդալ, իսկ եթե դեռ չեք սկսել ընթերցանությունը, ուրեմն չեք գտել հոգեհարազատ գրականություն: Երբեք ուշ չէ նոր բան սկսելու համար:

 

Սոկոնի սեզոնն ա՜…

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյանի

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյանի

Յուրաքանչյուր բան ունի իր ժամանակը կամ, ինչպես մեր մոտ են ասում, իր սեզոնը: Օրինակ, եթե տարվա այս ժամանակահատվածում գաք Դսեղ՝ գյուղ մտնելիս դաշտերում կտեսնեք սունկ հավաքող մարդկանց: Մեզ մոտ շատ են սիրում «իրանց ձեռով քաղած ու մաքրած սոկոն (այսպես են սնկին կոչում)»: Օրեկան մեկ անգամ հաստատ գնում են. մյուս անգամները արդեն կախված է եղանակից ու տան գործերից: Երբ նոր է դուրս եկած լինում սունկը, առաջին երեք անգամը բերելիս մաքրում են, պատրաստում և ուտում, իսկ մնացած անգամները արդեն պահածոյացնում՝ ձմռան համար:

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյանի

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյանի

 

 

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյանի

Լուսանկարը` Ստելլա Ավետիքյանի

Հիմա կմտածեք՝ բա, որ այդքան ուտում են, չե՞ն թունավորվի: Դրա լուծումն էլ կա: Սնկի հետ եփելիս գցում են կարտոֆիլ: Եթե կարտոֆիլը սևանում է, ուրեմն եփված սնկերից գոնե մեկը թունավոր է, և ստիպված պետք է ամբողջը թափել, իսկ եթե սովորականի պես կարտոֆիլը եփվում է, ապա կարելի է հանգիստ օգտագործել:

Եկեք մեր գյուղ՝ սունկ հավաքելու…

Narek Soghoyan

Արթնացիր

-Նարեկ, բալես, արթնացիր, դպրոց ես գնում:

Մորս քաղցր ձայնից բացեցի աչքերս, զարմանքով նայեցի նրա հպարտ հայացքին, բայց չհասկացա, թե ինչն էր նրա հպարտության պատճառը: Հետո շտապ վեր կացա անկողնուցս, հագնվեցի, վերցրեցի ծանր ու մեծ պայուսակս ու առաջին անգամ ծնողներիս ուղեկցությամբ գնացի դպրոց: Անչափ լարված էի:

Այդ օրվանից ահա անցել է արդեն տասներկու տարի, ու նոր եմ հասկացել մորս հպարտ հայացքի պատճառը: Հպարտ էր, որովհետև դպրոց էր ճանպարհում իր փոքր երեխային` ինձ:

-Նարեկ, բալես, արթնացիր, դպրոց ես գնում…

Ու նորից անցած տասներկու տարիների յուրաքանչյուր օրվա նման մորս քաղցր ձայնից բացեցի աչքերս ու այս անգամ հպարտ հայացքի մեջ տեսա նաև թախծոտ աչքերը, որոնք ինձ այնքան բան էին ասում:

Այս անգամ էլ լարված էի, որովհետև դպրոցական կյանքիս վերջին օրն էր:

Պայուսակ չվերցրեցի, կամ ավելի ճիշտ, վերցրեցի, բայց այս պայուսակը տեսանելի չէր, սա մի ուրիշ պայուսակ էր, որ կոչվում էր կյանքի փորձ: Ի՞նչ է, մտածում եք տասներկու տարին ի՞նչ է, որ կյանքի փորձ էլ անվանում եմ: Ոչ բարեկամս, սխալվում ես, այդ տասներկու տարին ինձ համար ամեն ինչ էր, ամեն ինչ: Մի՞թե փորձ չէ, երբ սիրում ես կամ սիրվում:

Ասում են, թե այս տարիները իմ կյանքի հեքիաթային տարիներն են եղել, ուրեմն ավարտվեց իմ հեքիաթը ևս… Հեքիաթ որ կոչվում էր դպրոցական կյանք:

arman arshak

ԲարՔեմփ Երևան 2017

Արդեն կարդալով հոդվածիս վերնագիրը այն բոլորիս համար անցյալ է թվում: Հա, հա, «ԲարՔեմփ 2017»-ն արդեն անցյալում է: Այնքան երկար սպասելուց հետո այն եկավ, տևեց շատ կարճ երկու օր, բայց նույնքան հարուստ էր նոր ձեռքբերումներով, նոր ծանոթություններով:

Իսկ հիմա նրանց համար, ովքեր չգիտեն, թե ինչ է բար քեմփը: ԲարՔեմփը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սիրված երիտասարդական (չ)կոնֆերանս է: Արդեն 9 տարի է, ինչ ԲարՔեմփ Երևանը մեկ հարկի տակ միավորում է ՏՏ ոլորտի հազարավոր մասնագետների: (Չ)կոնֆերանսի նպատակն է՝ գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

Մայիսի 27-ին և 28-ին Երևանը խոսում էր բարքեմփյան հաշթեգերով, բոլոր սոցկայքերը բարքեմփի մասին էին ողողված, փողոցում բազմաթիվ երիտասարդներ բարքեմփյան շապիկով էին: ՏՏ ոլորտով հետաքրքրվածները և ոլորտի հայտնի դեմքերը ունենում էին բուռն քննարկումներ: Մասնակիցների շարքերում էին մի շարք մարզաբնակ երիտասարդներ, այդ թվում նաև ես: Վայ, ահա նա էլ մեր 17-ի Անահիտն է Ղազախեցյան, վանաձորցի՝ ընկերներիս հետ լսարան մտնելուն պես ֆիքսեցի ես, Դսեղի Հովիկն էլ է եկել, Վայքի Լուսինեն անակնկալ կերպով հայտնվեց: Ու այսպես շարունակ ամեն քայլի կարող էիր տեսնել հարազատ դեմքեր:

Դե լավ, երկար չխոսեմ, կհանդիպենք ԲարՔեմփ 2018-ին:

anna gasparyan aragats

Ժպտացեք

Շատ մարդկանց հուզում է այն հարցը, թե ինչու եմ ես միշտ ժպտում: Հաճախ մարդիկ ասում են, թե ես երբեք տխուր չեմ լինում, որովհետև ինձ չեն տեսել տխուր: Դասընկերս էլ ասում է, որ ես ունեմ քար սիրտ, միշտ ժպտում եմ:

Մի անգամ գրականությունից դաս էի պատմում, պատմեցի վերջացրեցի, ընկերներս նախորդ դասերից ինձ հարցեր տվեցին, և ես իրենց հարցերին պատասխանեցի ժպիտը դեմքիս: Ուսուցչուհիս հարցրեց, թե ինչն է ժպիտիս պատճառը, անգամ ժպտում եմ այն ժամանակ, երբ իր տված հարցերին չեմ պատասխանել: Ես չկարողացա պատասխանել ուսուցչուհուս հարցին, որովհետև չէի ուզում ասել բոլորի ներկայությամբ:

Այսօր 17.am-ի շնորհիվ որոշեցի պատասխանել այդ հարցին, որ հուզում է բոլորին:
Ասում են, թե ով միշտ ժպտում է, հոգին միշտ տխուր է լինում: Ես ժպտում եմ, որ ցույց չտամ իմ տխրությունը: Ժպիտս միշտ ծածկում է տխրությունս, ու ես շատ ուրախ եմ, որ ժպիտս միշտ ինձ հետ է և թույլ չի տալիս, որ մարդիկ նկատեն տխրությունս:

Գիտեմ, ոչ բոլորն են ուզում ինձ ժպտալուց տեսնել, գիտեմ նաև, որ մարդիկ էլ կան, ասում են, որ շատ գեղեցիկ ժպիտ ունեմ, և այն ինձ շատ է գեղեցկացնում:
Ուզում եմ մարդկանց ասել, որ միշտ ժպտան, ժպտան նաև այն ժամանակ, երբ ամենից շատ ուզում են լաց լինել: Ցույց մի տվեք ձեր տխրությունը,թող նրանք կարծեն, որ դուք ուրախ և կատարյալ մարդ եք: Հաճախ ժպտացեք, ժպիտը ամենամեծ զենքն է այս աշխարհում: Հաղթեք ժպիտով:

naira mkhitaryan

Հարց

Ազատ ժամանակ էի գտել: Դե, անելու շատ բան ունեի, բայց անձրևոտ եղանակը մի տեսակ տրամադրությունս գցել էր, ու որոշեցի Վարդգես Պետրոսյանի գրքերից ընդգծված մտքերը  կարդալ: Կարդում էի բարձրաձայն ու կանգ առա հատկապես այս մեկի վրա.

«Մարդը կենդանիներից տարբերվում է ոչ թե մտածելու, այլ զգալու ընդունակությամբ: Չզգալ, այսինքն, չսիրել, չսպասել, չատել, չտխրել, չհուսահատվել, չափսոսել: Սարսափելի կլիներ: Ով գիտե, շատ կենդանիներ գուցեև մտածում են: Օրինակ, դելֆինները, բայց իսկապես զգալ միայն մարդն է ընդունակ»:

-Բայց, գուցե, կենդանինե՞րն էլ զգում են, օրինակ, հենց դելֆինները: Նրանք էլ են սիրում, տխրում, ուրախանում,- առանձնակի հանգստությամբ ասաց հայրս:

Չէի նկատել, որ սենյակ է մտել և լսում է:

-Պապ, բայց իրոք, օրինակ, դելֆինների ընկերասիրության մասին շատ պատմություններ եմ լսել, այսինքն…Պապ, լավ, դուրս է գալիս մարդիկ ու կենդանիները չե՞ն տարբերվում,- ծիծաղելով ասացի ես, բայց չսպասեցի պատասխանին: Վազեցի համակարգչի մոտ, որովհետեւ մտքովս անել էր հարցս ուղղել 17-ի ընթերցողներին:

Արդյո՞ք տարբերվում են մարդիկ ու կենդանիները, և ինչո՞վ: Իհարկե, կառուցվածքային տարբերություններից բացի: