Իմ գյուղը խորագրի արխիվներ

Մեր գյուղի խորհրդարանը

 

Լուսանկարը՝ Դավիթ Չիլինգարյանի

Լուսանկարը՝ Դավիթ Չիլինգարյանի

Վեցօրյա անընդմեջ ծանրաբեռնված դասերից հետո այսօր իմ ազատ օրն է: Առավոտյան արթնացա, նախաճաշեցի և որոշեցի դուրս գալ տանից, մի քիչ քայլել գյուղում, իմանալ գյուղի նորությունները: Իսկ գիտե՞ք որտեղից եմ իմանալու: Ասեմ: Խորհրդարանից: Հիմա կզարմանաք, կմտածեք` ի՞նչ է խորհրդարանը: 

Մեր գյուղում` Ջուջևանում, խորհրդարան են անվանում այն վայրը, որտեղ հավաքվում են գյուղի տատիկները և զրուցում: Վերլուծում են նորությունները՝ քննադատում կամ հավանություն տալիս:

-Օ՜, բա իմացա՞ր, Սերիկ, Պուտինը թազա կնիկ ա ուզել: Էնա էն մի կնկանիցը երկու երեխա ունեցավ:

Լսվում է պատասխանը:

-Լավ ա անում, էն մարդը ապրում ա:

-Էնա գարունքացել ա: Գեղումը շարժ կա:

-Էնա Հայկն արդեն փորում ա բախչեն:

-Ասում են` էս տարի տաք տի անել:

-Համա ապրիլին ասում էն անձրև տի գալ:

Նրանք խոսում են այսպես անվերջ, առանց հոգնելու: Մի ուրիշ բակում հավաքվել են տղամարդիկ և զրուցում են:

-Էս տարի լավ շոգեր արավ, բերքը լավը կըլի: Փետս էլ պրծելա: Բայց դե էնա շոգերն ընգավ, էլ չենք վառի: Բայց դե մին էլ տեսար ցրտեց:

Ու այդպես շարունակ…

Մի ուրիշ այգում մարդիկ աշխատում են:

Գնանք գյուղամեջ: Ահա այստեղ հավաքվել են գյուղի պապիկները: Ոմանք ուղղակի նստած են ու նայում են անցուդարձ անող մարդկանց կամ մեքենաներին: Ոմանք զրուցում են, ոմանք էլ նարդի են խաղում.

-Էսա տես քեզ ոնց եմ մարս անում:

-Տենանք, տենանք, բմբուլներդ քամուն եմ տալու:

Գյուղի մնացած մասերում մարդ չի երևում:

Լուսանկարը՝ Մարինե Իսրայելյանի

Լուսանկարը՝ Մարինե Իսրայելյանի

Գնանք աղբյուրի մոտ, որտեղ միշտ լինում են տարբեր մարդիկ՝ գյուղից կամ այլ բնակավայրերից, հաճախ նաև զբոսաշրջիկներ: Այսօր այստեղ ոչ ոք չկար: Մի քիչ ցուրտ է, բայց հաճելի է: Քայլում եմ` նայելով գեղեցիկ տեսարանին, որտեղ ճնճղուկները երգում են, ծառերը ծաղկել են, և գյուղը կարծես նոր շունչ է առել: Մարդիկ արդեն իրենց անասուններին տանում են արտ և ձայնում. «Հո-հո-հո-հո, կով արի»: Մարդիկ վերադարձել են իրենց գործերին: Սիրում եմ գարունը իր ամեն ինչով:

zoya edigaryan

Դալլաքանոցը

Բաղանիս: Փոքրիկ գյուղ, որն ունի իր առօրյան: Չեք պատկերացնի, թե ինչ դժվար է ապրել գյուղում, այն էլ՝ սահմանամերձ: Կուզեի պատմել մի փոքրիկ տնակի մասին, որն առաջին հայացքից խրճիթ է հիշեցնում: Տնակը աղքատիկ է, բայց լի է ջերմությամբ, այն պատկանում է մի բարի պապիկի: Նա վարսավիր է: Այնտեղ միշտ հավաքվում են գյուղի մեծերը, խաղում, զրուցում տարբեր թեմաներից: Նրանք ծերացել են, բայց  նրանց աչքերում դեռ երևում է ուրախ մանկության արտացոլանքը: Անկեղծ ասած՝ ինձ շատ հետաքրքիր է լսել նրանց պատմած զվարճալի պատմությունները: 

Այդ բարի պապիկին երբեմն Դալլաք են անվանում, իսկ իր տունը՝ Դալլաքանոց: Բոլորն էլ բավականին մեծ են, շատերն էլ՝ պապիս ընկերները: Միասին ասես մի ընտանիք լինեին: Հաճախ էին մեր տուն գալիս, հիշում անցած-գնացած օրերը: Պատմում էին, թե ինչպես էին բոլորով սիրահարվել նույն աղջկան, իսկ աղջիկը նրանցից ոչ մեկին ուշադրություն չէր դարձնում: Հիշում էին, թե ինչպես էին միասին գնում գողության, մտնում այգիները, ու երբ իրենց նկատում էին՝ արագ փախչում էին, իսկ ով չէր հասցնում՝ գերի էր ընկնում:

Այսպիսի բազմաթիվ պատմություններ էին հիշում, պատմում ու ծիծաղում: Բայց այդ ծիծաղի մեջ տխրություն կար, երևի կարոտել էին իրենց անհոգ կյանքը: Ափսոս, որ արդեն վաղուց առաջվա պես չէ, որ տնակը գրեթե դատարկվել է: Առաջվա պես էլ չեն հավաքվում, զրուցում: Շատերը շատ են ծերացել, մյուսները՝ զբաղված են: Բայց դե, մեկ-մեկ լինում է, որ կարոտած սրտով վերադառնում են իրենց ստեղծած ընտանիքը: Հավաքվում են, զրուցում, բայց մյուսների կարիքն էլ  է զգացվում… Նրանց հիշում ու ափսոսում են, որ այլևս իրենց հետ չեն ու իրենց պարզ երևակայությամբ մտածում ու մի քիչ էլ ուրախությամբ ասում.

-Հա դե, բան չկա, երևի իրենք էլ երկնքում իրենց համար նոր ընտանիք են կազմել, ու շուտով մենք էլ իրենց կմիանանք:

Կարոտում են, ու կարևորը երբեք չեն մոռանում իրենց ընտանիքի մյուս անդամներին՝ իրենց լավ ընկերներին:

seryoja arakelyan

Սեպտեմբերի մեկի, չկայացած ծննդյան օրվա ու էլի շատ բաների մասին

Ես Սերյոժան եմ: Ապրում եմ Տավուշի մարզի Բաղանիս գյուղում: Սեպտեմբերի 1-ին սովորականի նման գնացինք դպրոց: Երեխաները ստացան իրենց գովասանագրերը, և սկսեցինք դասերը: Բոլորիս տրամադրությունը բարձր էր: Մենք շատ ուրախ էինք, որ երկարատև արձակուրդից հետո հանդիպել էինք: Դասերը վերջացնելուց հետո երեխաները իրենց ծնողների հետ ճամփա ընկան դեպի տուն: Ամեն ինչ նորմալ էր, հանգիստ: Սակայն կատարվեց անսպասելին: Ադրբեջանական դիրքերից սկսվեց գնդակոծվել Բաղանիսը: Մեծից փոքր խուճապի էին մատնվել և այդ լարված իրավիճակին փնտրում էին մի այնպիսի վայր, որտեղ հնարավոր կլիներ պատսպարվել` թեկուզ անապահով վայրում: Գնդակները մի քանի վայրկյանի ընթացքում հասան գյուղ: Աղմկոտ ձայներով հարվածեցին տան կտուրներին, դպրոցի պատերին, ապակիներին և գազատար խողովակներին:

Կրակոցները մի կողմ, դա արդեն սովորական է դարձել յուրաքանչյուր սահմանամերձ գյուղում ապրող մարդու համար: Այդ օրը ինձ համար շատ կարևոր օր էր: Այդ օրը ես տոնելու էի իմ ծննդյան տարեդարձը, ամենաշատ սպասված օրերից մեկը իմ կյաքում: Կրակոցները դադարելուց հետո ես գնացի տուն և իմացա, որ ոչ մի ծնունդ էլ չի լինելու: Կրակոցների պատճառով հարազատներս հրաժարվեցին ներկա գտնվել ծննդյանս տարեդարձին: Ապահովության համար ծննդյանս տարեդարձը հետաձգվեց: Տխրել էի, բայց հասկանում էի հարազատներիս, որոնք պիտի գային այլ վայրերից Բաղանիս:

Ես հաճախում եմ նկարչական դասընթացների: Ազատ ժամանակս հատկացնում եմ  նկարելուն: Սակայն նկարելու համար անհրաժեշտ է գնալ Նոյեմբերյան քաղաք: Նկարչությունը ինձ համար մեծ նշանակություն ունի, բայց նկարչական նյութեր գնելը մեծ դժվարություն է առաջացնում` մեկը այն, որ մեր գյուղում չկան անհրաժեշտ պարագներ: Եվ ոչ միայն դա: Գյուղի խանութներում կա հագուստի, գրենական պիտույքների և մի շարք մթերքների պակաս:

Ես դեռ շատ եմ գրելու, դեռ կհասցնենք ավելի մոտիկից իրար ճանաչել:

sona saribekyan

Պապս ու տատս

Գնացել էի հարևան գյուղ՝ Ոսկեպար, որտեղ ապրում են Վարդուհի տատիկս ու Լևոն պապս: Հաճախ եմ գնում նրանց տեսակցության, ու ամեն անգամ մեծ դժվարությամբ եմ հեռանում նրանցից: Տատս ու պապս ասացին, որ շուտով գնալու են սար:

Գյուղում ավանդույթ կա, որ բոլոր այն ընտանիքները՝  հիմնականում ծերերը, ովքեր ունեն շատ անասուն, ամեն տարի գարնանը գնում են սար՝ անասուններին պահելու, քանի որ այնտեղ խոտը շատ առատ է, և անասունների կաթնատվությունը, յուղատվությունը բարձրանում է: Եվ ինչպես բոլորը, իմ տատն ու պապը ևս բացառություն չեն կազմում ու ամեն տարի գնում են սար:

Ամառային արձակուրդներն սկսելուն պես առաջին հերթին որոշեցի այցելել նրանց: Սակայն սարը շատ հեռու է մեզնից, ու մեքենաներ հաճախ չեն գնում:

Ամեն օր քնում-արթնանում  էի այն հույսով, որ հաջորդ առավոտ մեքենա կլինի, կգնամ նրանց այցելության:

Մի արևոտ օր, հազիվ աչքերս բացելով, լսեցի ծանոթ ձայն: Քեռուս ձայնն էր, ու ակամա լսելով նրա ձայնը վազեցի դուրս:

-Բարլուս , գալի՞ս ես սարը:
-Հա, բա ոնց չեմ գալի, սպասի, առանց ինձ չգնաս,- ասացի ու վազելով մտա տուն՝ անհրաժեշտ իրեր վերցնելու:

Մի քանի րոպե անց ճանապարհ ընկանք:

Ճանապարհը շատ երկար էր՝ մոտ չորս-հինգ ժամ, որն ասես չէր վերջանում: Եվ հանկարծ երևաց Պոպոզ ղաշը: Պոպոզ ղաշը ուրթի ամենաբարձր սարն է, որի գագաթին կա մի խաչքար, որը պապիկիս եղբայրը՝ Աշոտ պապիկն է հեռուներից բերել և հաստատել այդտեղ՝ Պոպոզ ղաշում: Խաչքարի մոտ կա մի տաղավար, ուր ամեն Վարդավառի տոնի հավաքվում ենք, զրուցում, հաց ուտում , ուրախանում, ծիծաղում… Հետո սարի աջ փեշին երևաց մեր «կոկոլը»  (կոկոլը փոքրիկ խրճիթն է): Կոկոլի առաջ երևաց  տատս՝ սպիտակ մազերի երկար հյուսով: Տատս սրտատրոփ սպասում էր ինձ ու քեռուս: Հասնելով կոկոլին՝ իջանք, ու մեծ կարոտով վազեցի տատիս գիրկը:

-Տատի՜…
-Ջանի՜…
-Բա ո՞ւր ա պապը,- միանգամից հարցրի ես:
-Պապը գնաց կովերը բերի ջուրը, հիմի կգա,- ու տատս սկսեց ձայն տալ պապիս:
-Լևա՜ն, Լևա՜ն, արա Լևա՜ն: Եկել են, երեխեքս եկել են:

Ու մի քանի րոպե անց երևաց պապս՝ արագ-արագ քայլերով մոտենում էր մեզ:

-Պապի՜, պապի՜, պապի՜…,- տեսնելով նրան ակամա գոռացի ես:
-Հե՜յ, հե՜յ, հե՜յ… Գալիս եմ, գալի՜…

Մինչ պապս կհասներ, ես ու տատս մի լավ սեղան գցեցինք, և պապիս հասնելուն պես նստեցինք հաց ուտելու, ու ինչպես միշտ, պապս արեց նույն արտահայտությունը:

-Այ կնիկ՝ Վարդուշ, անգույն, թունդ կոֆես բե՛ր:
-Սպասի էլի, այ մարդ, երեխեքս նոր են եկել, մին կարոտս առնեմ, հետո կոֆետ կտամ (հիմա կմտածեք, թե հաց ուտելու ժամանակ ինչ սուրճ, որովհետև սուրճը հիմնականում խմում են հաց ուտելուց հետո: Պապիս «կոֆե» բառի տակ թաքնված էր օղի բառը):

Ու այսպես ծիծաղով ավարտեցինք մեր ընթրիքը: Արդեն մութն ընկել էր, տատս ու պապս գնացին անասնագոմ՝ իրենց ամենօրյա գործերը անելու: Արդեն բոլոր գործերը ավարտել էինք, տատս վառեց լամպը, որը միանգամից լուսավորեց փոքրիկ տնակը:  Նստեցինք սեղանի շուրջ, ու տատս սկսեց ինձ ու քեռուս հարցեր տալ:

-Բա ին՞չ  կա, է, գյուղերում, լա պատմեք. ո՞վ գնաց, ո՞վ եկավ, ո՞վ մնաց, ո՞վ ամուսնացավ, ո՞վ մեռավ,- էսպես մի շարք հարցերի շարան:

Մինչ պատմում էինք տատին գյուղի անցուդարձից,  լսեցինք բարձր խռմփոցի ձայն: Պապս հոգնած քնել էր: Տատս մարեց լամպի լույսը, մենք էլ քնեցինք:

Հիմա արդեն մեկ տարի է անցել: Չնայած տատս ու պապս մի տարով էլ են ծերացել, բայց այն նույն խանդավառությամբ ու ոգևորությամբ պատրաստվում են այս տարվա մեծ ուղևորությանը դեպի Չալտաշ, այն փոքրիկ կոկոլը, Պոպոզ ղաշը, որտեղ շա՜տ-շա՜տ ուրախ ու տխուր օրեր են անցկացրել միասին:

Խաչմերուկ

 

Լուսանկարը՝Դավիթ Ալեքսանյանի

Լուսանկարը՝Դավիթ Ալեքսանյանի

Մեր գյուղի` Բաղանիսի միջով անցնում է երկու ճանապարհ: Երկուսն էլ տանում են Երևանից Թբիլիսի: Ամենազարմանալին այն է, որ այդ ճանապարհները հատվում են մեր գյուղի մեջտեղում, իսկ այդ ճանապարհների հատման տեղը գյուղացիները անվանում են Խաչմերուկ: Հիմա կմտածեք, թե ինչու եմ ճանապարհներից խոսում: Ճանապարհները երբեմն լինում են դժվարանցանելի, հանգիստ, հանդարտ, բայց այս երկուսն ունեն իրենց կառուցողական իմաստը մեզ համար, իսկ որոշ մարդկանց համար այդ ճանապարհները ընդամենը սովորական ճանապարհներ են: Նրանք գալիս անցնում են ու մոռանում այդ ճանապարհների մասին: 

Լուսանկարը՝Դավիթ Ալեքսանյանի

Լուսանկարը՝Դավիթ Ալեքսանյանի

Ճանապարհներից մեկն անցնում է գյուղի երկայնքով և գտնվում է հակառակորդի դիրքերից մոտ 150 մետր հեռավորության վրա: Այն գնդակոծվում է թշնամու դիրքից, և այդ պատճառով ութ տարի առաջ կառուցվել է երկրորդը, որն անցնում է  գյուղի հանդիպակած Հարսնաքար լեռան լանջով և գրեթե անտեսանելի է թշնամու դիրքից: Այդ մի ճանապարհը կիսով չափ անցնում է գյուղի միջով:

Մի դեպք պատմեմ: Երեխաներով կանգնած էինք այդ խաչմերուկում, երբ Ռուսաստանից մարդիկ էին անցնում: Նրանք կանգ առան.

-Բարի օր, տղե՛րք:

-Բարի օր,- պատասխանեցինք մենք:

-Ո՞ր ճանապարհով գնանք, որ վտանգավոր չլինի:

Մեր տղաներից մեկը կատակեց.

-Է՜ն ճանապարհը վտանգավոր ա, իսկ է՜ն մինը՝ «ապասնի»:

…Ճանապարհները նման են մեր կյանքին:

davit chilingaryan

Ես սիրում եմ սարը, իսկ սարը` ինձ

Գարնանը` մայիսին, բոլորը վերցնում են իրենց անասուններին և գնում են սարերը, որպեսզի ամռանը կաթը ավելի առատ լինի և կովերի «արոտը լավ լինի»: Ամռանը պանիրը, ջիլը (թել պանիր) ավելի համով է լինում: Սովորաբար երեխաները չեն սիրում սարերը: Ինձ համար աշխարհից կտրված  վայր է, ճիշտ է, օդը մաքուր է, բայց չկա էլեկտրականություն, ինտերնետ, հեռուստացույց, իսկ այս դարում կյանքն առանց տեխնիկայի անհետաքրքիր է. երեխաների մեծամասնությունը այդպես է կարծում: Առաջ, պատմում են, որ սարերում շատ երեխաներ էին լինում, հիմա` մեկ-երկու երեխա: Մեծերը պատմում են, որ էն ժամանակ կրակ էին վառում և բոլորով հավաքվում էին շուրջը, խոսում դեսից-դենից:
Ամառային մի օր էր, կովերի բառաչից վեր կացա, տեսա, տատիկս կթում է փրփրալից տաք կաթը: Խանում տատս ձայն տվեց և ասաց.
-Դավի’թ, արի կաթը տար:
-Տատի’, տատի’, կաթը կտա՞ս:
Վերջացնելով կթելու գործը, տատս սկսեց կաթը մշակել: Պանրի մերանը` պեպսինը, տատս լցնում է կաթսայի մեջ կաթի վրա, հետո գդալն առնում ու խաչեր է անում, որպեսզի կաթն առատ լինի: Տատս ասում է, որ իր մայրն ու տատն էլ այդպես են արել պանիր մերելուց: Տատս մերեց կաթը, և ես ցանկացա ուտել «ղազանդիբի», որը կիսախմորված կաթն է:

Տարվա այդ շրջանում բոլոր թոռներով սարում ենք լինում, խաղում տարբեր խաղեր, օգնում տատիկիս: Սարում երբեմն դժվար է լինում, երբեմն կարող ես հանդիպել գայլերի , բայց մենք չենք վախենում, որովհետև և’ մենք ենք սովորել նրանց ներկայությանը, և’ նրանք` մեր:  Շատ եմ սիրում, երբ մարդիկ սարում գոռում են. «Հո’ արի,ա’ կով» կամ «Արի’, ջեյրան ջա’ն, արի’, մարալ ջա’ն» և խոր-խոր ձորերից ի պատասխան լսվում է անասունների  բառաչը: Ես սիրում եմ սարը, իսկ սարը` ինձ:

 

Աննա Էզդանյան

Բերդավանի մեկ օրը

Ողջույն: Ես Աննան եմ, 17 տարեկան:  Ծնվել և մեծացել եմ Տավուշի մարզի Բերդավան գյուղում, որը գտնվում է ադրբեջանական սահմանից 2 կմ հեռավորության վրա: Գյուղի շրջակայքում է գտնվում Ղալինջաքարբերդ ամրոցը, որը կառուցվել է դեռևս 13-րդ դարում: Ըստ որոշ տվյալների, այդտեղ է եղել նաև Աշոտ Երկաթը իր զորքով:

Ընտանիքս բաղկացած է 4 հոգուց` հայրս, մայրս, եղբայրս և ես: Ընտանիքիս գլխավորը հայրս է, ով աշխատում է ալյուրի արտադրամասում: Նա աֆղանական և հայ-ադրբեջանական պատերազմների մասնակից է, ունի բազմաթիվ շքանշաններ և պատվոգրեր: Տան հաջորդ անդամը, ով ամբողջ օրը ոտքի վրա է,  մայրս է: Նա փորձում է ամեն ինչ անել, որպեսզի մենք ոչ մի բանի պակասություն չզգանք: Մայրս բանասեր է և աշխատում է գյուղի դպրոցում որպես ուսուցչուհի: Տան կրտսերը եղբայրս է` Արտյոմը, ով սովորում է  7-րդ դասարանում: Արտյոմը  զբաղվում է ֆուտբոլով և երազում է ֆուտբոլիստ դառնալ:

Այժմ պատմեմ իմ մասին: 2-րդ դասարանից հաճախել եմ երաժշտական դպրոց, որտեղ սովորել եմ 7 տարի դաշնամուրային բաժնում: Դեռ փոքր հասակից շատ եմ սիրել նվագել և երգել: Երազանքներիցս մեկը երգչուհի դառնալն էր, սակայն հայրս միշտ ասում էր. «Դա քու բանը չի: Նստի` դասերովդ զբաղվի»:

Քանի որ այս տարի ավարտում եմ դպրոցը, արդեն որոշել եմ ապագա մասնագիտությունս և ուզում եմ դառնալ տնտեսագետ: Անդամակցում եմ մի քանի կազմակերպությունների:                                                  Մասնակցում եմ գրեթե բոլոր ծրագրերին, որոնք անց են կացվում մեր գյուղում: Մեր դպրոցում նաև աշակերտական խորհրդի անդամ եմ` տեղեկատվական  բաժնի ղեկավար: Դպրոցն ունի բասկետբոլի  խմբակ, որում ներառված եմ նաև ես: Ահա այսպիսին եմ ես: Չգիտեմ` կարողացա՞ պատկերացում տալ իմ մասին, թե ոչ, բայց հույս ունեմ, որ հետագայում նույնպես կգրեմ նյութեր իմ, ընկերներիս, ընտանիքիս և այլ թեմաներով, որոնք կհետաքրքրեն ձեզ: Սա իմ կյանքն է ամենօրյա, իմ և իմ հասակակիցների առօրյան, սակայն մի օր այս ամենը խառնվեց իրար և ասես, կանգ առավ:

2015 թ… Սեպտեմբերի 24-ը… Բերդավանում խաղաղ օր էր, բայց աղետալի ավարտ ունեցավ: Մինչև հիմա հիշում եմ: Ժամը մոտավորապես 5:30-ի սահմաններում էր, երբ լսվեց մի բարձր ձայն: Մարդկանց մի մասը դրսում հողագործությամբ էր զբաղված, մի մասը աշխատանքի վայրում էր, իսկ մի խումբ երեխաներ գյուղի մերձակայքում գտնվող մարզադաշտում ֆուտբոլ էին պարապում: Մարդիկ նույնիսկ չէին պատկերացնում թե ինչ կարող էր լինել: Բոլորը թաքնվելու փոխարեն դուրս էին եկել և գոռում էին.  «Էս ո՞ւմ տանն ա դիբե՜լ, էս ո՞ւմ տանն ա դիբե՜լ»:  Բարձր ճիչեր… Մանկան լաց…

Գնդակոծությունը շարունակվեց մոտավորապես 2 ժամ: Հակառակորդը ինտենսիվորեն կրակ էր բացել ոչ միայն դիրքերի, այլև բնակավայրի վրա: Հակառակորդը կրակ էր բացել մշակույթի տան, մանկապարտեզի, ինչպես նաև երաժշտական դպրոցի և բնակելի տների ուղղությամբ: Այդ ընթացքում եղան անմեղ զոհեր, վիրավորներ: Ազերիների գնդակին զոհ գնացին 90-ամյա Շուշան Ասատրյանը, ով գտնվում էր հենց իրենց տան ներսում և 40-ամյա Սոնա Ռևազյանը, ով եղել էր իրենց բակում:

Որոշ մարդիկ գյուղից դուրս էին հանում երեխաներին, որոշներն էլ պնդում էին, որ եթե իրենք գյուղից հեռանան, էլ ով պետք է պահի գյուղը: Գնդակոծությունը ծանր հետք թողեց մարդկանց սրտերում, որը վերականգնել այլևս հնարավոր չէ:

Գնդակոծության հենց հաջորդ օրը ժամանեցին բարեգործական խմբեր, մի շարք լրագրողներ, գրանցեցին կորստի չափը և սկսեցին օգնություն ցուցաբերել:

Ավերվել էին մշակույթի տան պատուհանների և աստիճանների մի մասը, երաժշտական դպրոցի պատուհանների մի մասը, և շուրջ բոլորը կիսավեր տներ էին:

Այդ դեպքից հետո գրեթե ամեն շաբաթ գալիս էին տարբեր կազմակերպություններից և սովորեցնում էին, թե ինչպես պետք է պաշտպանվել կրակոցների ժամանակ: Սա նույնպես ես համարում եմ բարեգործական աշխատանք: Մենք մեզ մենակ չէինք զգում: Ես համոզվեցի, որ մեր օրերում էլ կան մարդիկ, ովքեր դեռևս մտածում են ոչ միայն իրենց՝ այլ նաև դիմացինների մասին:

Հիմա Բերդավանում կյանքն էլի իր հունով է ընթանում, ինչպես այդ աղետալի օրից առաջ: Շնորհակալություն ենք հայտնում այն բոլոր կազմակերպություններին և անձանց, ովքեր աջակցել են մեզ վերականգնել կորուստները:

Հայաստանի «Սիբիրը»

Ձեզ եմ ուզում ներկայացնել Հայաստանի «Սիբիրի»` Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների եղանակային պայմանները: Ինչպես արդեն հասկացաք, խոսքս վերաբերվում է Հայաստանի ամենացուրտ տարածաշրջաններին, որտեղ ձմռանը լինում է -30 աստիճան ցուրտ և  ձյան շերտի 3 մետր բարձրություն: 

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Մեր մոտ տարվա եղանակները բաժանվում են հետևյալ կերպ՝ 6 ամիս ձմեռ, 2՝ գարուն, 2՝ աշուն և 2՝ ամառ:
Հետաքրքիր է, չէ՞: Դե, բնականաբար այստեղ ապրելը դժվար է, բայց մարդիկ սովորել են դրան: Անգամ կարող եմ ասել, թե որ օրը ինչ թիփի (բուք) է լինելու, և նախօրոք պատրաստվում են:
Զարմանալի կարող է թվալ, բայց անգամ դրանք իրենց անուններն ունեն՝ «Սուրբ Սարգսի», «Տերընդեզի» բքերը, որոնք համապատասխանում են հենց տոների օրերին: Իսկ արդեն «Պառվի ուլերը», «Հայր և որդին» և «Լագլագը» առանձին պատմություններ ունեն:
«Լագլագ».  նախ և առաջ նշանակում է` արագիլ: Բուքը այդպես են կոչել, որովհետև մարտի 9-ին արագիլները կարծելով, թե գարուն է, հետ են գալիս: Ճանապարհին ուժեղ բուք է բարձրանում, ու նրանք սատկում են:
«Պառվի ուլերը». էլ մտածելով, թե գարունը եկել է, ապրիլի 1-ին պառավը ուլերին դուրս է թողնում դրսում արածելու, և բքի պատճառով հետ չեն վերադառնում:
«Հայր և որդի».  հայրը և որդին ապրիլի 7-ին ոչխարը տանում են սարը և բքի պատճառով հետ չեն վերադառնում:
Շատերը կարող են մտածել, թե սրանք ուղղակի խոսակցություններ են, բայց բոլոր թիփիները այստեղ` Հայաստանի «Սիբիրում», լինում են ճիշտ ժամանակին:

aspram parsadanyan

Բարև, ես Ասպրամն եմ

Ես Ասպրամն եմ, 16 տարեկան: Ծննդավայրս Բերդավանն է՝ քարոտ Հայաստանի մի գողտրիկ անկյուն: Այն շրջապատված է բլուրներով ու սարերով: Դրանցից մեկի՝ Գոնչուտ սարի փեշերին է ծվարած մեր բերդը: Գյուղս իմ ամենաթանկ հարստություններից մեկն է: Այն այդքան էլ փոքր չէ: Այստեղ կան հարյուրավոր տներ: Այդ տներից մեկում էլ ապրում եմ ես: 

Մեր ընտանիքը բաղկացած է հինգ հոգուց: Տան իմաստունը տատիկս է, ով վաղուց արդեն թոշակառու է: Հազվադեպ հանդիպող անունս հենց ինքը՝ տատս է կնքել: Շատերը զարմանում են, երբ իմանում են այն, շատերը՝ հավանում, շատերը՝ աղավաղում: Անվանս բացատրությունը իրոք զվարճալի է: Ասպրամ նշանակում է ռեհան, իսկ բառացի՝ ասպ-ձի և րահմ-սիրել: Հա՜, մոռացա նշել, որ այն պարսկական անուն է: Ինձ միայն հուսադրում է այն փաստը, որ Ասպրամը իշխանուհի էր, որի մասին կարող ենք կարդալ «Գևորգ Մարզպետունի» վեպում: Պապիկս մահացել է ինը տարի առաջ, բայց նրա հետ կապված շատ հիշողություններ ունեմ:

Մեր տան ղեկավարը հայրս է, ով աշխատում է զորամասում՝ որպես զինվորական խոհարար (հայրս, իրոք, շնորհալի ձեռքեր ունի): Տան թագուհին մայրս է: Նա մասնագիտությամբ դաշնակահարուհի է, սակայն աշխատում է որպես հացթուխ: Իրար հակասող մասագիտություններ են, բայց մայրս կարողանում է գլուխ հանել:

Մեր տունը նման է զորամասի, որտեղ զինվորները ես ու եղբայրս ենք, իսկ գնդապետը հայրս է: Մենք լսում ենք մեր հրամանատարների հրամանները: Ես ու եղբայրս աշակերտներ ենք: Երբ մենք սկսում ենք վիճել, մայրս սպառնում է, որ կզեկուցի գնդապետին:

Այս տարի ես կավարտեմ դպրոցը: Վաղուց արդեն որոշել եմ լրագրող դառնալ: Շատերն ասում են, որ դժվար ընտրություն եմ արել, իսկ ես կարծում եմ, որ այս կյանքում ոչինչ հեշտ չի տրվում: Մեր գյուղում կա մշակույթի տուն (այդպես ենք անվանում), որտեղ «աշխատում եմ» արդեն չորս տարի: Երևի բեմում հաճախ հայտնվելը դարձավ լրագրությունը սիրելուս պատճառը: Ունեմ երաժշտական յոթնամյա կրթություն: Ավարտել եմ դաշնամուրի բաժինը: Վարում եմ ակտիվ հասարակական կյանք: Մի շարք կազմակերպությունների անդամ եմ, կամավոր՝ Կարմիր խաչի անդամ: Հետաքրքրասեր եմ, սիրում եմ սովորել անհրաժեշտը: Ինձ հետաքրքրում է նաև պոեզիան: Սիրում եմ ասմունքել: Մասնակցել եմ ասմունքի փառատոնների և այս տարի մարզային փուլում, առաջին հորիզոնականը զբաղեցնելով, հասել եմ մինչև հանրապետական փուլ: Չեմ ընկճվում, երբ չեմ հաղթում, այլ ձգտում եմ ուղղել սխալներս: Արդեն երեք տարի է ղեկավարում եմ մեր դպրոցի աշակերտական խորհուրդը (անկեղծ ասած, սիրում եմ առաջնորդել):

Հուսով եմ, որ նպատակասլացությունս կօգնի հասնել երազանքներիս: