Իմ էջը խորագրի արխիվներ

sona abunts

Մի քիչ եղանակի տեսությունից

Փորձեք անջատել ձեր հեռախոսները և նետել այն կողմ գոնե երկու օր, եթե իհարկե, այդքան համարձակություն ունեք։ Չունեք, գիտեմ, կամ էլ միգուցե շատերը չունեն։ Ես էլ չունեմ։ Բայց հեռախոսս ինձնից ոչինչ չհարցրեց փչանալուց առաջ՝ արդյոք ինքն ինձ պե՞տք է, ինչո՞վ կարող է օգտակար լինել այս շատ կարևոր ժամանակահատվածում։ Փոխարենը մի լավ վնասեց գնալուց առաջ։ Ինչքան էլ ծեծված, կամ էլ դուք որակավորեք, թվա, մեր կյանքը ուղիղ, պիրկ կապերով կապված է տեխնիկայից։ Լավ է, դա, թե ոչ, միանշանակ, անգամ աննշանակ չեմ կարող պատասխանել։ Դրա պատասխանը տալիս են փաստերը։ Դրանք են՝ առավոտ վաղ արթնանում ես, հանգիստ քեզ համար պատրաստվում, նայում ես ժամին ու տեսնում ես արդեն 9-ն է, իսկ դու 9։30 պետք է լինես համալսարանում։ Արագ հագնվում ես, պոկվում կանգառ։ Ճանապարհին խցանում, հասնում ես դասի 9։50։ Բարձրանում ես հինգ հարկ, շունչդ փորձելով կարգավորել, սրտի տրոփյունով բախում ես լսարանի դուռը, բացում․․․

Այ, այստեղ մի վայրկյան կանգ առեք։ Ուրեմն նախորդ օրը, քանի որ մոտս հեռախոս չկար, այսինքն կար, բայց մահացած,առիթ չեղավ ֆեյսբուք մտնելու։ Հիմա վերադառնանք լսարան։ Ի՞նչ լսարան, մեր լսարա՞ն։ Դուռը բախեցի, ներս մտա շտապ-շտապ՝ ոչ մեկի դեմքին չնայելով, հատկապես դասախոսի՝ խուսափելով հնարավոր ճառից։ Փորձեցի տեղ գտնել, տեղավորվել, մեկ էլ մեկը կողքից ասում է․
-Սխալ լսարան եք մտել ոնց որ, այս ժամին դուք երկրորդ հարկում եք դասի։
Օ, ոչ, մեղմ ասած, իսկ մի քիչ բարկացած՝ թու։ Ո՞նց, ինչի՞ համար։ Հեչ, պարզապես ֆեյսբուք չմտնելու համար։ Խնդրեմ, ինչի՞ համար։ Դասամիջոցին ծնունդ ենք նշելու ֆեյսբուքով, դասացուցակը հրապարակվում է ֆեյսբուքով, լսարանը փոխվում է ֆեյսբուքով, դասախոսները փոխարինվում են ֆեյսբուքով․ այնինչ՝ ֆեյսբուքն է մեզ փոխում։

Դաժան, սթրեսային, հուզված, գերէմոցիոնալ, նաև ձանձրալի, զգացմունքների անկանոն առատ տեղումներով օրեր են սպասվում նրանց համար, ովքեր ունեն կախում, բայց փորձում են, կամ ստիպված են չկախվել։ Հագնվեք տաք, վերցրեք անձրևանոցները, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսից սաստիկ բքաբեր ցիկլոն է ձեզ մոտենում։ Չմոռանաք նաև ձեզ հետ ունենալ արևային որակյալ ակնոցներ, թեթև հագուստ, արևային տրամադրություն, քանի որ ներքևից՝ Հնդկական օվկիանոսից, ձեզ պատրաստվում են հյուրընկալվել շոգ հոսանքները։ Խառն եք լինելու․․․Բարեխառը:
Հ․Գ․Ամեն դեպքում, կեցցե ֆեյսբուքը՝ թուղթ ու գրչին վերադարձնելու համար։

jora petrosyan

Մի տեսակ խառը…

Հայերի համար մայիսը հաղթանակների ամիս է։ 1992թ.-ի մայիսի 8-9 իրագործվել է Շուշիի հետ գրավումը, մայիսի 21-29 իրականացել է Սարդարապատի հերոսամարտը,  23-29-ին՝ Բաշ Ապարանի, 24-28` Ղարաքիլիսայի հերոսամարտերը։ Մայիսի 9-ը 2000թ-ից հետո կրկնակի տոն է դարձել մեր տանը,  քանի որ հենց այդ օրը ծնվել է ընտանիքի արու զավակը՝ ես։ Մի պահ պատկերացրեք ծնողներիս ու հարազատներիս ուրախության չափը,  երբ երեք աղջիկներ ծնվելուց հետո ծնվել եմ ես։ Այո՛,  ես երեք քույր ունեմ,  որոնք անգին գանձ են ինձ համար։

Այս տարի նշելու եմ արդեն 17-ամյակս, որը համապատասխանում է կայքի անվանմանը՝ 17.am:
Այսօր իմ ծննդյան օրն է: Ժամանակն է քննարկել անցած տարին։ Առաջին եռամսյակում «լուռ էի»,  բայց դրանից հետո միանգամից սկսեցի գործել։ Ձեռքբերումներս շա՜տ-շա՜տ են,  բայց կցանկանամ առանձնացնել «Մանանա»- ին անդամագրվելը: «Մանանան» դարձավ իմ չորրորդ, թերևս ամենակարևոր ընտանիքը։ Իսկ ինչո՞ւ չորրորդ. ասեմ։ Առաջին ընտանիքը այն ընտանիքն է,  որտեղ ծնվել ու ապրում եմ,  երկրորդը, դե բնական է,  որ դպրոցն է։  Առաջին դասարան գնալու առաջին օրը  դասվարը ասել է,  որ դպրոցը մեր երկրորդ տունն է, իսկ դասարանը՝ մեր երկրորդ ընտանիքը։ Երրորդ ընտանիքը ինձ համար հանդիսանում է World Vision-ը,  որի շնորհիվ նույնպես շատ ձեռքբերումներ եմ ունեցել և ունենում։
Այս տարվա ամենաուրախ օրերը Աղվերանի մեդիա ճամբարի օրերն են եղել։ Հուսամ, որ այդ օրերից «Մանանայի» հետ էլի եմ ունենալու։ Այնտեղ բացի գիտելիքներից ու հմտություններից, ձեռք բերեցի այնպիսի մարդկանց, որոնք որ վստահ եմ, իմ մնացյալ կյանքի ճանապարհին իմ հետ են լինելու։ Իսկ վերջին իրադարձությունը դա Պատանի թղթակիցների առաջին մրցանակաբաշխությունն էր։ Հավաքվել էին  Հայաստանի տարբեր մարզերից ու Երևանից շուրջ 200 թղթակից։ Գրկախառնություններ, պաչիկներ…
Բոլորը սրտի թրթիրով սպասում էին,  թե երբ պիտի հնչի իրենց անունը։ Մեկ,  երկու,  երեք…  Հնչեցին անուններ,  ստացանք մրցանակներ։ Ես հույս չունեի,  որ կարող եմ գոնե խրախուսական նվեր ստանալ։ Բայց ի զարմանս ինձ, գտնվում էի 100 լավագույն թղթակիցների շարքում։ Իմ անունը հնչելու ժամանակ ես ցավոք ներսում չէի։

Ամեն ինչ շատ լավ էր: Ամենակարևոր մրցանակը այդ օրվա ընթացքում,  թերևս,  հավաստագիրն ու «17.am»-ի թղթակցի վկայականն էր,  որով մի տեսակ ամեն ինչ ավելի պաշտոնական դարձավ:

Սրտանց շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին։ Մրցանակաբաշխությունը պարտավորեցնող դարձավ թե՛ մրցանակակիրների,  թե՛ մյուսների համար։

Սրանք կարևոր իրադարձություններից մի քանիսն էին։ Հաջորդ տարի առաջնորդվելու եմ միայն ու միայն այս կոչով. «Աշխատե՛լ,  աշխատե՛լ, աշխատե՛լ»…

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Սիրելի Ժորա, մենք նույնպես շնորհավորում ենք ծննդյանդ տոնը: Ծնվել մայիսի 9-ին, նշանակում է՝ լինել միշտ հաղթող:

susanna geghamyan

Կանգուն և հպարտ

Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր:

Արցախյան պատերազմին մասնակցել են նաև`քեռիս, պապիկս, պապիկիս եղբայրը և մայրական կողմից շատ հարազատներ: Հիմա մի փոքր կպատմեմ Արցախյան պատերազմին մասնակցած Իվան (Վանիկ) Լալայանից:

Վանիկ Լալայանը մորական պապիկիս եղբայրն է: Դե, այսինքն պապիկս (և դրա համար հպարտ եմ): Իվան (Վանիկ) Լալայանը ծնվել է 1955թ-ի մայիսի 8-ին Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղում, մտավորականի ընտանիքում։ Ութ եղբայրներից նախակրտսերն է եղել։ 1963-73թթ. սովորել և ավարտել է  Էրքեջի միջնակարգ դպրոցը։ 1974-76թթ. պարտադիր զինվորական ծառայության  է անցել (Գերմանիայում): 1988թ.-ին նոր էջ է բացվում Վանիկ Լալայանի կյանքում։ Նա անդավաճան և ինքնանվիրմամբ, չխնայելով իրեն, ընտանիքը, իր նախնյաց՝ Լալայանների և մայրական շառավիղ Աբգարյանների հայրենասիրական ոգով տոգորված, ներգրավվում է հայրենի Շահումյանի ազատագրման պայքարին։ Հետագայում ստեղծում է Էրքեջի ինքնապաշտպանական ջոկատը:

Տատիկս մի քիչ փորձեց պատմել տեգրոջ հերոսական կյանքի ու մահվան մասին.

-Հուլիսի 6-ին Ինքնապաշտպանական ջոկատները թաքնված էին անտառում։ Թուրքերը սկսում են գյուղի վրա հեռահար կրակ տեղալ։ Վանիկը իր մեքենայի մոտ պայթած արկից վիրավորվում է, իսկ այնուհետ թշնամին հեռահար հռթիռով կրակ է արձակում նրա ուղղությամբ։

Հուլիսի 15 և 16-ին զուր էին նրա ջոկատի մարտիկները, եղբայրներն ու եղբորորդին Վանիկի դին որոնում գետնին։ Վանիկը հենված մոտակա հոնի ծառին, կանգուն ու հպարտ, այդպես ոտքի վրա էլ ընդունել էր մահը կյանքի 36-րդ տարում։

Կարող եմ շատ բան պատմել հերոս պապիկիս մասին, բայց…

Ուղղակի ուզում եմ ասել, որ հպարտ եմ այսպիսի արմատներ ունենալու համար: Հպարտ եմ, որ  Շուշին ազատ և անկախ է, և որ այդ անկախությունը Շուշիին նվիրել են իմ պապերը…

Mher Taroyan

Աստված իմ՝ Արև

Տիեզերքում կարտարվող ամեն բան ունի իր իմաստն ու կարևորությունը, և մարդկային ծնունդն այս առումով բացառություն չէ:
Տեսեք՝ ծնունդը մենք համարում ենք ամեն ինչի ու ամեն բանի սկիզբ, բայց ըստ էության, այն նաև ավարտ է՝ ամիսներ շարունակ ձգվող խավարի ավարտ: Մենք խավարից գալիս ենք դեպի լույս՝ արև, և տևական «արևային» դադարից հետո նորից, ուզած թե չուզած, վերադառնում խավար: Այդ երկու խավարների միջև ընկած լուսավոր ժամանակահատվածում ի՞նչ ենք անում մենք: Ասեմ: Մենք անընդհատ ձգվում ու ձգտում ենք դեպի արևը, փորձում մոտենալ նրան և հնարավորության դեպքում նույնիսկ խաշվել նրանում:
«Դեպի արևն էին գնում ամբոխները խելագարված»
Ու կրկին «ինչո՞ւ» հարցական դերանունն ակտուալ է: Ինչո՞ւ ենք մենք միշտ ձգտում դեպի արևը, որովհետև մենք հավատում ենք, հավատում ենք, որովհետև անկախ քաղաքական կոմնորոշումից, սոցիալական կարգավիճակից, մտավոր ու ֆիզիկական ունակություններից այն միշտ մեզ հետ է: Մարդկության արարումից մինչև օրս անդավաճան ծառայում է մեզ, իսկ ծառայում է, որովհետև մենք էլ միշտ (հաճախ նույնիսկ ենթագիտակցաբար) հավատում ու ձգտում ենք նրան:
«Դեպի արևն էին գնում ամբոխները խելագարված»
Ամբողջ կյանքի ընթացքում մենք պերմանենտ շարժվում ենք դեպի արևը ու ամենաանսպասելի պահին հասնում նրան՝ մեր ամբողջ կյանքի հավատին: Ե՞վ: Հիմա ի՞նչ: Իսկ հիմա դեպի ո՞ւր: Չէ՞ որ արդեն հասել ենք այն բաղձալիին, այն անհասին: Եվ հենց այստեղ՝ եզրագծին, հավատի մեջ կամ հավատը մեր մեջ մենք հասկանում ենք, որ մեր սրտի ամեն կծկման, օդի ամեն շնչի, աչքի ամեն թարթի իմաստը մեր լույսին՝ արևին՝ հավատին հասնելն է: Ու քանի որ «հավատ»-ն ինքն էլ լավ հասկանում է, որ մենք հասնելով իրեն, ապրում ենք մեր կյանքը ու, կոպիտ ասած, արդեն իմաստազրկում այն, նա մի վերջին անգամ, բայց ամենայն ուժգնությամբ շողում է, կուրացնում մեր աչքեր (բայց ոչ միտքը), և մենք նորից հայտնվում ենք խավարում, բայց ոչ վերջի, այլ կրկին սկզբի: Ու նորից.
«Դեպի արևն էին գնում ամբոխները խելագարված»:

Mariam barseghyan

Մենք այն սերունդն ենք…

Յուրաքանչյուր նոր սերունդ գերազանցում է իր նախորդ սերնդին: Հաճախ եք երևի լսում ձեր ծնողներից, տատիկներից, պապիկներից, որ նրանց ժամանակներն ուրիշ էին, որ իրենք ավելի լավն էին, ավելի լավ էին սովորում, շատ էին կարդում և այլն: Ես նման խոսքեր ծնողներիցս չեմ լսել և փոքր տարիքից մեծացել եմ այն համոզմունքով, որ մենք ավելի ընդունակ ենք և ավելի խելացի: Սեփական կարծիքը, ուրույն մտածելակերպը, ոճը, համարձակությունը` ահա թե ինչն է բնորոշ մեր սերնդին: Չկա ոչինչ, ինչի շուրջ մենք բոլորս նույն կերպ կմտածենք: Նույն ֆիլմը մենք կարող ենք մեկնաբանել տարբեր տեսանկյուններից, նույն գիրքը մենք կարող ենք ընկալել յուրովի:

Մենք տարբերվում ենք մեր ծնողներից, որովհետև մենք ծնվել ենք ազատ, անկախ երկրում և առաջնորդվում ենք ազգային գաղափարներով: Մենք այն սերունդն ենք, որը ցանկանում է ապրել և ստեղծագործել անկախ Հայաստանում, մենք պատրաստ ենք զարգացնել և պաշտպանել Հայաստանը:

Մենք հետաքրքրված ենք քաղաքականությամբ, հաճախ ենք ակտիվ գործունեություն ծավալում այդ ասպարեզում, քան մեզանից մեծերը: Ուսուցիչներս ասում են, որ իմ տարիքում նրանք ուրիշ հետաքրքրություններ ունեին և քաղաքական գործերին չէին խառնվում: Այո, դուք ուրիշ էիք: Բայց ասեք ինձ, ինչո՞ւ քաղաքականությունը չպետք է հետաքրքրի ինձ: Չէ՞ որ հենց այդ ասպարեզում կատարվող գործողություններն են որոշում իմ և իմ երկրի ապագան: Մենք դեռ չունենք ընտրելու իրավունք, բայց հասկանում ենք, որ մենք նույնպես կարող ենք ինչ-որ ազդեցություն ունենալ ընտրությունների վրա և կունենանք: Այսօր յուրաքանչյուր խելացի քաղաքական գործիչ փորձում է իր գործունեության մեջ ավելի շատ պատանիներ և երիտասարդներ ընդգրկել:

Մեր սերունդը ստեղծագործ և ստեղծարար է: Այն ինչ մեր նախորդ սերունդները անվանում են «նորագույն տեխնոլոգիաներ», մեր համար դա արդեն սովորական բան է: Մենք ենք այսօրվա տեխնիկական նվաճումների կրողը և դրանք շարունակողը: Կողքս այսօր տեսնում եմ ապագա ծրագրավորողներ, ճարտարագետներ, ինժեներներ, դիզայներներ և ռոբոտաշինարարներ, ովքեր կդառնան ապագայի նորարարներն ու գյուտարարները:

Մենք ունենք այլ արժեքներ և այլ պատկերացումներ կյանքի մասին:

Մենք կարևորում ենք տպավորությունները, որ ստանում ենք կյանքից: Առաջնային ենք համարում մեր կյանքի այն հնարավորությունները, որոնք մեզ թույլ կտան ճանապարհորդել, սովորել ավելին այս կյանքից: Մենք նոր սերունդ ենք, որը անցյալում է թողնում բոլոր պատերազմները և նայում է առաջ, որը վայելում է կյանքը և ձգտում ավելիին: Հնում ասված շատ արտահայտություններ էլ ավելի արդիական են այսօր, քան առաջ` oրինակ` «Ինչքան լեզու գիտես, այդքան մարդ ես»: Մեր սերունդը ավելի է գնահատում գիտելիքը և նրա ուժը, մենք քաջ գիտակցում ենք, որ առանց գիտելիքի դու ոչ ոք ես:

Ես և իմ հասակակիցները այն սերունդն ենք, որը յուրաքանչյուր հարցի շուրջ ունի իր սեփական կարծիքը, մենք այն սերունդն ենք, որը չի վախենում բարձրաձայնել իր մտքերը, պնդել իր համոզմունքները: Բոլոր ժամանակաշրջաններում ապրել են տարբեր մարդիկ, և ժամանակի հետ մենք փոխվում ենք, այսօր մենք գերազանցում ենք մեր նախորդ սերունդներին, վաղը մեզ կգերազանցեն մեր ապագա սերունդները:

anna sargsyan

Ով եմ ես

Բարև: Ես Աննան եմ: Ճիշտն ասած, ես շատ երկար եմ մտածել թղթակից դառնալու մասին, մինչև 17.am-ի թղթակիցներից մեկը՝ Սոնան, ինձ չտրամադրեց դրան: Հիմա կմտածեք՝ ախր ի՞նչ կար մտածելու, ու ես կասեմ՝ եսիմ:

Ես հետաքրքրասեր ու սովորական մարդ եմ, երևի: Շատ եմ սիրում կատակել ու ժպտալ, չէ, ժպտալ չէ, ծիծաղել: Շատ եմ սիրում ծիծաղել: Հաճախել եմ դաշնամուրի դասերի յոթ տարի: Այդ տարիները ինձ շատ բան են տվել:
Հա, մոռացա ասել, որ ես Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղից եմ: Ես սիրում եմ իմ գյուղը:
Իմ ընկերները, որոնք թղթակցում են 17.am-ին, ինձ շատ էին պատմել այս կայքի մասին: Միշտ ունեցել եմ ցանկություն թղթակցելու, բայց քանի որ դասերս շատ էին, չէի հասցնում:
Դեռ չեմ կարող ասել, թե ինչ մասնագիտություն կսովորեմ, բայց իմ ամենասիրելի մասնագիտությունը հոգեբանն է:
Ես տան փոքրն եմ: Արդեն երևի հասկացաք, որ մի քիչ չարաճճի եմ, ու իմ խոսքն այդքան էլ տան մեջ չեն ընդունում: Ունեմ քույր և եղբայր: Քույրս ուսանողուհի է, իսկ եղբայրս ծառայում է հայոց բանակում: Ես նրան շա՜տ եմ կարոտում: Կարդում եմ գրքեր, ու շատ եմ սիրում սարսափ ֆիլմեր դիտել:
Ես և ընկերներս ինձ համարում ենք շփվող մարդ, և հուսով եմ, որ նոր ընկերներ ձեռք կբերեմ 17.am-ի շնորհիվ:
Դե ինչ, ահա և ես մինչև այս օրը: Իսկ ինչպիսին կդառնամ թղթակից դառնալուց հետո՝ կպարզենք միասին:

Մրգային տորթը պատրաստ է

Լուսանկարը` Անահիտ Սարգսյանի

Լուսանկարը` Անահիտ Սարգսյանի

Ես Անահիտն եմ, 13 տարեկան։ Հաճախ տարիքիս մասին հիշեցնում են այն մարդիկ, որոնք ինձ բավականին հարցաքննելուց հետո հասկանում են, որ խոհանոցում ինձ մոտ որոշ բաներ չեն ստավում, իսկ եթե ավելի անկեղծանամ ՝ ոչինչ չի ստացվում։

Շատ անգամներ ընկերուհիներիս հետ փորձել ենք միասին ինչ-որ բլիթներ պատրաստել, սակայն շաքարի փոխարեն աղ լցնելու, խմորը պինդ անելու և վառելու պատճառով դրանք նույնիսկ հարևանի հավերին դուր չէին գալիս։

Ճիշտն ասած՝ այդ ամենը ես ցանկանալով չէի անում: Ուղղակի փորձում էի, որովհետև ինձ շատ էին համեմատում այն աղջիկների հետ, որոնք հիանալի են պատրաստում։ Բոլորի մոտ այդ հարցում ինձ միշտ մայրիկս էր պաշտպանում՝ նրանց պատասխանելով․

-Նա դեռ փոքր է, ավելի լավ կլինի, որ իր ուշադրությունը ամբողջությամբ իր դասերի վրա կենտրոնացնի,- չնայած, երբ մենակ էինք լինում, նա էլ էր համեմատում։

Ինձ դուր էր գալիս նրա պատասխանը, քանի որ հաճելի էր, երբ բոլորի ներկայությամբ ինձ պաշտպանում էին։ Այդ պատճառով էլ ես պնդում էի, որ նա ճիշտ է։

Լուսանկարը` Անահիտ Սարգսյանի

Լուսանկարը` Անահիտ Սարգսյանի

Բայց եկավ մի օր, երբ ես անելու ոչինչ չունեի․ դասերս վերջացրել էի, տնային հանձնարարություններս՝ կատարել։ Շատ ձանձրալի էր։ Հանկարծ, բախտի բերմամբ, թե պատահմամբ, որոշեցի խոհանոցում փորձեր կատարել, բայց այս անգամ՝ հաջող ավարտով։

Մայրիկս առաջարկեց միասին մրգային տորթ պատրաստել։ Եվ ես համաձայնեցի։ Մայրս ուղղում էր ինձ։ Առաջին ուղղումն էլ գոգնոց կապելու ձևն էր։

Կրկնօրինակելով մայրիկիս՝ կարողացա հարել ձուն և ալյուրը։ Մինչ ես հարում էի, նա գնաց այլ պարագաների հետևից։

Ես շատ լարված էի, շփոթվել էի, վազում էի խոհանոցի մի ծայրից մյուս ծայրը, ինքս ինձ հետ խոսում էի ու հարիչին խնդրում, որ ինձ օգնի և մայրիկիս մոտ ամոթով չթողնի։ Եվ ահա, մայրս վերադարձավ։ Նա սկզբում ինձ չգտավ, որովհետև ես և շրջապատիս իրերը կորել էինք ալյուրի մեջ։

Ես անորոշ իրավիճակում էի գտնվում և լուռ կանգնած էի։ Մայրս անդադար ծիծաղում էր, իսկ ես չգիտեի՝ լացեի, թե նրա հետ միասին ինձ վրա ծիծաղեի։

Մայրս, ինձ բավականին խորհուրդներ տալուց ու բացատրելուց հետո, այլ հնարքներ ցույց տվեց։ Սկզբում բարդ էր, հետո կամաց-կամաց սկսեցի աշխուժանալ։ Մայրիկս անընդհատ հումորով հիշեցնում էր, թե ինչ անեմ.

-Անուլս, հերիք չի՞ կրեմի վրա քնես, անցի խմորին։

Իսկ ես սուսուփուս անցնում էի, բայց եթե մենակ լինեի, խմորը կվառվեր։ Այս անգամ էլ օգնության հասավ մայրս։

Լուսանկարը` Անահիտ Սարգսյանի

Լուսանկարը` Անահիտ Սարգսյանի

Միասին արեցինք ամեն ինչ՝ բացի ձևավորումից։ Դա մնաց ինձ վրա, դրա համար էլ չստացվեց։ Չնայած դրան՝ շա՜տ համով էր։ Մրգային տորթը քիչ թե շատ ստացվեց, իհարկե, մայրիկիս օգնությամբ։ Ես շատ ուրախ էի, որովհետև հասկանում էի, որ մեծ մասամբ ես եմ ջանքեր գործադրել։ Եթե կարողանայի բոլորին հյուրասիրել, մեծ սիրով կհյուրասիրեի, որպեսզի բոլորի հետ կիսեմ ուրախությունս։

jora petrosyan

Փորփրելով արխիվը…

Ո՞րն է հին ժամանակները հիշելու ամենալավ միջոցը. իհարկե, լուսանկարները։ Փորփրելով դարակներս, գտա մի խունացած ալբոմ՝ լի նկարներով։ Նկարներ, որոնք նայելիս ակամայից կարող ես տխրել կամ ուրախանալ, հուզվել ու լցվել կարոտով։ Կարոտ, որը կապված է մանկության ու դրա հետ կապ ունեցող մարդկանց հետ։ Մարդիկ, որոնք գուցե այլևս չկան, ընտանիքներ, որտեղ չկա առաջվա խինդն ու երջանկությունը։ Նայում ես, զարմանում ու միաժամանակ հասկանում, թե մարդը որքան անկարող է ժամանակի հանդեպ։ Ժամանակը քայլում է, իսկ մենք չենք կարողանում կանգնեցնել այն, գոնե մի վայրկյան, մի ակնթարթ։ 

Թերթում եմ նկարները ու տեսնում մեր հին, դեռ չվերանորոգված տունը։ Տան դիմաց ես եմ ու իմ ընտանիքը։ Բոլորը կան նկարում. ծնողներս իրար կողքի կանգնած, ես՝ իմ մոր գրկում, քույրերս՝ մեր կողքերին, իսկ տատիկը՝ հորս մյուս կողքին։ Պատերը խարխլված են, ու ասես նկարից փչում է նկարի մեջ երևացող փտած փայտերի հոտը։ Տունը հին է, բայց մթնոլորտը այնքա՜ն ջերմ ու տաք։ Այժմ առաջվանը չէ ո՛չ տունը, ո՛չ էլ ընտանիքս։ Ընտանիքիս ջերմությունը պահպանվել է, բայց անդամների քանակն է պակասել. երեք քույրերս ամուսնացել են, ու բազմանդամ ընտանիքը դարձել է չորս հոգուց բաղկացած փոքր ընտանիք՝ ես, ծնողներս ու տատս։

Թերթում եմ ու հասնում մեկ այլ նկարի, որտեղ նշում ենք իմ ծնունդը. ես եմ, դիմացս՝ տորթը, իսկ գրկումս՝ քրոջս տղան։ Գիտե՞ք ամենաշատը ինչը գրավեց ուշադրությունս։ Մի խաղալիք ավտոմեքենա, որը նվիրել էր ինձ իմ հորեղբայրը։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ այդ խաղալիքը մինչ այժմ կա։ Անմիջապես անցա խաղալիքը գտնելու գործին ու գտա՜։ Ինչքա՜ն հիշողություններ… Ունեցա նույն այն զգացողությունները, որոնք ունեցա այդ խաղալիքը առաջին անգամ «վայելելու» ժամանակ։ Ուրախացա, հետո տխրեցի ու սկսեցի հորեղբորս կարոտը այդ խաղալիքից առնել։ Ֆիզիկապես նա չկա, բայց հոգեպես ինձ հետ է…

Խաղալիքը ասես մի գանձարան էր, որտեղ պարփակված էր իմ մանկության ողջ պատմությունը։ Փաստորեն իրերն էլ հիշողություն ունեն։

Խորասուզվել էի նկարների մեջ ու հանկարծ լսում եմ, թե ինչպես է ինչ-որ մեկը հարվածում սենյակիս պատուհանին։ Անձրևն էր թակում պատուհանը։ Եղանակն էլ քիչ-քիչ դառնում էր իմ տրամադրությանը համահունչ։ Մնում էր ընդամենը մի բաժակ տաք թեյ, ծածկոց ու երաժշտություն։ Վերջ, ամեն ինչ արդեն շատ լավ է։ Շարունակում եմ նայել նկարները ու հասկանում, որ լավ ժամանակները փչացնում են մարդկանց, նրանք դառնում են չար, ընչաքաղց ու ագահ՝ ձգտելով անիրականալի շքեղության, մոռանում մարդկային բարի ու պարզ հարաբերությունները։ Ո՞ւմ է պետք նյութական շքեղությունը, երբ չկա հոգու խաղաղություն։

Մարդիկ վազում են այն բանի հետևից, որն իրականում իրենցը չի…

Ani avetisyan

Թե ինչպես է հողը տուն դարձել

Երբ ես ծնվեցի՝ ինձ շրջապատող աշխարհը գրեթե նույնն էր, ինչ  այսօր է: Երբ այնքան մեծացա, որ սկսեցի նկատել փոփոխությունները՝դեռ չէի պատկերացնում, չէի մտածում, որ իմ հիշողության ու մտապատկերների սահմանից անդին էլի ինչ-որ բաներ են եղել,  որոնցից ինչ-որ բան՝ նույնը, շատ բաներ՝ այլ կերպ են եղել:

Մի ժամանակ, երբ ես չկայի, երբ չկար այն ամենն, ինչ կա այսօր, երբ չկար նաև այն, ինչ եղել է դրանից էլ առաջ՝ այս վայրը երևի սովորական  քարակույտ է եղել, բլուրներ ու սարեր են շրջապատել այդ մանր ու սուր քարերին, բայց հնարավոր է նաև, որ այստեղ ծառեր կային, ու նույնիսկ անտառ էր , գուցե լիճ կամ լճեր էլ են եղել: Ո՞վ գիտե:

Ժամանակ է անցել, և  չգիտեմ՝ որտեղից ինչ-որ մարդիկ են եկել այստեղ ապրելու, բայց ժամանակների ու ժամանակի քամիների բերած փոշին ծածկել է նրանց ու նրանց տները, ծածկել է նրանց հետ կապված ամեն-ամեն ինչ: Հետո այնքան փոշի ու քարեր են հավաքվել, որ դրանց վրա նոր տներ են կառուցվել, ու նոր մարդիկ են եկել այստեղ: Այդպես, փոշու տակ երևի շատ աշխարհներ են մնացել, ու քիչ-քիչ բարձրահարկ շենքի նման ինչ-որ բան է ստացվել, իսկ ամենավերևի հարկում ուրվագծվել է այսօրվա պատկերի նախատիպը:

Երևի քամիներն ու դրանց բերած փոշին էր մեղավոր, որ այստեղ ծառեր ու կանաչ չի մնացել: Երևի ամենաներքևում՝ առաջին հարկում, աշխարհի ամենականաչ տարածքն է եղել: Երևի:

Այդ ժամանակից դարեր են անցել, և այստեղ հարևան ժողովրդից մարդիկ են եկել ապրելու: Ապրել են, գուցե ուրախ, գուցե տխուր օրեր անցկացրել: Նոր տներ են կառուցել դարերի փոշու վրա, ու կարծել,որ եթե այդպես է՝ այդպես էլ պետք է լիներ:  Ճիշտ է՝ նրանց վրա ժամանակի փոշին չի նստել, բայց մի օր եկել է տարածաժամանակային սխալներն ուղղելու ժամանակը, և այս քարակույտ-հող-հայրենիի իրական տերերը եկել են՝ նորից տեր կանգնելու նրան՝ հույսով, որ մի օր այդ հողը  աշխատող ձեռքի տակ հայրենիք կդառնա:

Առաջինը այստեղ տատիս ծնողներն  ու նրանց հարազատներն են եկել: Այդ ժամանակ այստեղ եղած հին աշխարհներից շատ բան չէր մնացել, միայն կիսավեր տներ էին, որոնց քիչ ժամանակ անց նույնպես կծածկեր փոշին, բայց այդ տները նոր տների հիմք են դարձել, և նորից կյանք է սկսվել: Գյուղը գյուղ է դարձել, հետո դարձել երկրի մի մասը, ինչ-որ բան տվել նրան ու մի բան էլ վերցրել: Այստեղ  ապրողներին սկզբում մի բան էր միավորում. նրանք բոլորն էլ Արևմտյան Հայաստանից էին եկել, գրեթե բոլորը՝ մի գյուղից: Նրանք ապրել են կողքի-կողքի՝ փոքրիկ ու իրար կպած տներում, ապրել են մեկը մյուսի կյանքով…  Նրանց հին՝Վանում թողած գյուղից մեկն էլ մի օր որոշել է գրել ապրածը, տեսածն ու լսածը.

«…Վասպուրականի երբեմնի  բազմաշունչ Հառեղից այստեղ էին հասել ծերացած Մուխսին (նա տոհմի հպարտությունն էր, որովհետև Երուսաղեմ ուխտի էր գնացել), Արշոն, Մարտիրոսը, Անդունենց Սերոբը՝ Գյուլոյի հետ: Եկել էին նաև մի քանիսը Փեսանդաշտից և Ալաշկերտից»: 

Հեղինակի նշած մարդկանց անունները մանկուց եմ լսել,իսկ նրանցից շատերին ու ոմանց էլ, ովքեր մնացել էին անցյալի էջերում՝ տեսել եմ գրքերի մեջ, այն գրքերի, որոնք տատիկս ու նրանց ողջ տոհմը աչքի լույսի պես էր պահում: Այդ գրքերում ծանոթ անունները կարմիրով էին ընդգծված:

Հենց նրանք են այս քարակույտին ձև ու գույն տվել, նկարել են վաղուց ջնջված պատկերները, ու այս հողը ժամանակի ընթացքում հայրենիք է դարձել: Եվ ժամանակի փոշին այլևս չի ծածկել տարածքը, որովհետև արդեն այդ փոշին մաքրողներ կային, և կային նրանք, ովքեր գծում էին այն, ինչ կար, երբ ես ծնվեցի:

Այժմ, երբ նայում եմ Հառեղի, Վանի ժառանգ Փաթրինջ-Ոսկեհատի փողոցներին, մտովի տեսնում եմ բարձրահարկ շենքի մյուս հարկերը, որոնք ժամանակի ճանապարհին մնացել են անբնակ:

Այսօր, երբ մտապատկերներիս սահմանները բավական մեծացել են ու կարողանում են ընդգրկել նույնիսկ անպատկերելին ու անպատմելին՝ աշխարհն ինձ համար միայն գնդի մակերեսին չէ, որ կա, այն մի քանի հարկ ունի, որոնցից ամեն մեկը մի աշխարհ է, մի մոլորակ մեր մոլորակում, որտեղ ամեն մեկն էլ փորձել է քարից տուն շինել, իսկ այդ տունը մի օր հայրենիք դարձնել:

Lilit Grigoryan

Խառը ժամանակներ են

Ապրիլը վերջացավ: Շատերը սկսել են պատրաստվել տարեվերջյան քննություններին, ոմանք այդ մասին չեն էլ մտածում ու մեզանից երջանիկ կյանքով են ապրում, ոմանք էլ չգիտեն, թե որտեղից կարելի է սկսել և ուր գնալ:Մեզանից շատերը պատրաստվում են միասնական քննություններին և սթրեսային վիճակում են: Ընդհանրապես այդ միասնական քննությունները ոնց որ մի նոր կյանք մտնելու համար քննություններ լինեն: Էնպես ծանր են տանում մարդիկ, չգիտեմ, կարող է, ես էլ ծանր տանեմ: Մի տեսակ չեմ սիրում էդպիսի լարված վիճակներ, որ անգամ ժամանակ չունես դուրս գալու, մի փոքր քայլելու, կյանքի մի ապրիլ էլ վայելելու, ու արդեն մայիսն է…

Շատերս էլ պատրաստվում ենք փոխադրական քննություններին, արդեն ունենք տոմսերը, բայց դեռ չենք ուզում գոնե ծանոթանալ դրանց:
Խառը ժամանակներ են… Ոմանք էլ չգիտեն, թե որից սկսեն: Նրանցից մեկն էլ ես եմ: Սովորում եմ տասներորդ դասարանում, ունեմ բանավոր քննություններ չորս առարկայից, մասնակցում եմ մի շարք մրցույթների ու չեմ հասկանում, թե որ գործը կարելի է առաջ քաշել, որը դարձնել երկրորդական, ու էսպիսի շատ հարցեր, որոնց պատասխանը ընկերուհիս է տալիս, Մարիամը, ով ինձ պես մի բազմազբաղ աղջիկ է:

Մեր ամենօրյա խոսակցության թեման սովորելն ու ամեն ինչ հասցնելն է: Երբ նեղվում եմ այսքան լարվածությունից, նրան ֆեյսբուքով գրում եմ՝ Մար… Ու նա արդեն գիտի փորացավս: Զանգահարում է, հույս տալիս, քաջալերում: Անընդհատ որոշում ենք իրար հետ պարապել, էսպես կամ էնպես դասակարգել դասերը, հեշտը դժվարից տարբերել ու… Ահ, ոչ մի հետաքրքիր բան, բայց դե, միևնույն է, մենք հասցնում ենք, ու հույս ունենք, որ այս ամենը շուտ կավարտվի, հանգիստ շունչ կքաշենք:
Բայց մի խորհուրդ բոլորին, ովքեր մեզ նման զբաղված են, քննությունների են պատրաստվում: Լավ քնեք, լավ սնվեք, ու որ ամենակարևորն է, լավ երաժշտություն լսեք: Հիշեք հայտնի խոսքը. Սա էլ կանցնի: