Մշակույթ խորագրի արխիվներ

seda mkhitaryan

Բառեր՝ մեր լեզվից

Բարբառները մեր լեզվի աղն են, մեր բառապաշարի հիմքը հենց բարբառային բառերն են։

Ինձ միշտ հետաքրքրել են բարբառները և մանավանդ այն մարդիկ, ովքեր խոսում են բարբառով: Նրանք կոլորիտ են ձևավորում։ Իմ գյուղում՝ Քարինջում, նույնպես բարբառ են խոսում: Ես այսօր ներկայացնում եմ ամենաազդեցիկ ու տպավորիչ բառերը։

Տհե-այդպես

Բաբաթ-նորմալ, համարյա լավ

Բալի-երանի թե, լավ կլինի որ…(օրինակ՝ բալի լըվնանա-երանի լավանա)

Խարաբ- փչացած, չաշխատող, նաև ասում են խելապակաս մարդուն

Ղսմաթ-բախտ, հաջողություն

Ղորթ-ճիշտ, ճշմարիտ

Ղայդա- ձև

Ղայիմ- ամուր, պինդ

Ղմալթի- սուր ծայրով մեծ դանակ

Քյուլփաթ-ընտանիք

Քոմագ-օգնություն

Քյասիբ- աղքատ

Սփաթ- կեպար, պատկեր

Օքմին, իսան- մարդ, անձ

Ույուղ-խրտվիլակ (դրվում է այգիներում թռչուններին վախեցնելու համար)

Դուզ-ուղիղ

Բիրդան-հանկարծակի, միանգամից

Սհաթ- պահ, վայրկյան

Հըմբարել- հաշվել

Փափաղ- գլխարկ

Ըստի- այստեղ

Ընդի- այնտեղ

Դյերիլ-բարձրանալ

Դվերիլ-իջնել

Քյոբառ- այգու ծայրամասը

Սնուռ- կից հողակտորների սահմանը զատող նշանը

Չափար-ցանկապատ

Շըհանց տալ-ցույց տալ

Սոթ տալ- սայթաքել

Մեր կըշտին – մեր մոտ

Ղոչաղ- աշխատասեր

Չայր ու չիման տեղ- կանաչ, անարատ վայր

Չիմ- բոլորը

Ջղիր- արահետ, կածան

Կոթաշաղ- բարակ, առավոտյան անձրև, ցող

Բընջըրըփըսուք – բարակ, մանր ձյուն

Ղիամաթ- սաստիկ ցուրտ

Հըլենհե – հենց այնպես

Ղըփուլ-կափարիչ

Որձակ-աքլոր

Հըլլե հըրես կգա- էսէ կգա, հենց հիմա կգա

marat sirunyan

Լեռնավանի ավանդազրույցները. մաս 4

Ահա և շարքի վերջին պատմությունը:

Նախորդ պատմություններում դեպքերը տեղի էին ունենում մեր՝ Սպիտակի շրջանում, սակայն սատանան հո միայն մեր շրջանին չի՞ հատուկ, այն պետք է որ ամենուր լինի:


Եվ հենց այս պատմությունն էլ տեղի է ունեցել Արարատի մարզում, մոտ 1962 թվին: Այն ինձ ժամանակին պատմել է մայրական տատս՝ Նվադ Այվազյանը: Բարի ու հոգատար մի կին, որին սատանան ինչ ջանք էլ թափեր, ոչինչ էլ չէր կարողանա անել: Բայց նա մոտ 17-18 տարեկան աղջիկ էր, երբ այդ դեպքը պատահեց:

-Վանաշենից-Արարատ ոտքով, կարճ ճանապարհով, մածուն էինք տանում ծախելու: Մի պահ նստել էինք հանգստանալու, հանկարծ հեռվից, ոնց որ՝ սար ու ձորերից, անորոշ մի տեղից նվագի ձայներ լսեցինք: Հիշեցինք, որ պատմում էին, թե էդ կողմերում՝ սարերի մեջ սատանաներ կան ու հարսանիքներ են անում, թե խանգարես՝ լավ չի լինի: Էդ որ հիշեցինք, թողեցինք մածունն էլ, մերանն էլ ու մինչև տուն վախը սրտներումս փախանք՝ չլինի, թե էդ անտերները տեսած լինեն ու գան հետևներիցս… Մեզ պատմում էին, թե էդտեղ սատանաներ կան, չէինք հավատում, էդ օրը հավատացինք: Համ էլ ասում էին, թե շատ տգեղ, այլակերպ արարածներ են:

Տատիս պատմած այդ արարածների հետ կապված մի կարծիք էլ կա, որ հնարավոր է նրանք ոչ թե սատանաներ, այլ ինչ-որ թուրք-քրդական խմբեր, վայրի ցեղեր են եղել: 

Ավագ ընկերներիցս Արփինե Ղազարյանն էլ պատմում է իր պապի՝ Շիրակի մարզի Շիրակավան գյուի բնակիչ Մկրտիչ Հարությունյանի պատմածը.

-Պապս պատմում էր, որ իրենց գյուղում մի ժամանակ լուրեր էին տարածվել, թե գյուղում սատանա են տեսել: Իրենց հարևանի տղան էլ մի օր դաշտից տուն գալիս ինքն իր շողքը տեսել ու վախեցել է և որոշ ժամանակ անց, այդ վախի պատճառով մահացել: Պապս պատմում էր, որ այն ժամանակներում՝ սովետի տարիներին, շատ են խոսել ու պատմել չարքերի մասին, դե այն ժամանակ գիտությունը  զարգացած չի եղել ու ինչին չեն կարողացել գիտական բացատրություն տալ, վերագրել են չարքերին:

***

Բայց ինչպես այս, այնպես էլ մյուս պատմությունների տարօրինակ արարածների ով լինելը ոչ ոք չի կարող ասել: Ժողովուրդն իմաստուն է, և նրանց անվանել է ՝ սատանա: Իսկ թե ինչ է այդ «սատանան»՝  իրական-առեղծվածային բացասական կերպար, երևակայության արդյունք, հորինված կերպար, թե ինչ՝ դա ամենքն իրենք պետք է որոշեն: Եվ ինչպես ասում են՝ սատանան այնքան վախենալու չէ, որքան նրա անունը:
Բացի այդ, ինչպես նկատեցիք, գրեթե բոլոր պատմությունները տեղի էին ուեցել ԽՍՀՄ-ի ժամանակներում: Դա որևէ կապ ունի՞, թե՞ ոչ, թողնում եմ ձեր դատին: Իսկ պատմություններից գրեթե բոլորի հերոսներն այսօր չկան, և իրենց պատմություններն ինձ են հասել նրանց սերունդների միջոցով:

Համենայն դեպս, եթե հավատում եք կամ մի օր չարքերի հետ առնչվելու առիթ ստեղծվի. հիշեք այս պատմություններն ու նրանցում առկա մանրուք թվացող փաստերը. «Սատանան մանրուքներում է»: Եվ մի մոռացեք՝ ինչպես ժողովրդի պատմություններից է երևում՝ ավելի հաճախ նույն ինքը՝ սատանան է մարդկանցից վախենում:

diana hovsepyan

Նոր գրական ոճ

Տատիկս՝ Գոհարը, պատմում էր, որ շատ գրքեր են ունեցել իրենց տանը: Չկար մի գիրք, որ նա կարդացած չլիներ, ուստի ամեն ինչից գաղափար ունի: Շատ կարդալիս բոլորիս մոտ էլ նոր գաղափարներ են առաջանում, և սկսում ենք ստեղծագործել: Սակայն տատիկս ունի իր յուրօրինակ ոճը: Փոքր տարիքում որևէ բանաստեղծություն անգիր սովորելիս, բոլորիս հետ էլ պատահել է, երբ շփոթվել և բանաստեղծության կեսից որևէ այլ բանաստեղծություն ենք ասել: Հենց այս սկզբունքով էլ տատիկս ստեղծում էր իր մշակած զվարճալի ու հետաքրքիր բանաստեղծությունները: Ահա և դրանցից իմ ամենասիրելին:

«Տորք Անգեղ»

Շատ դարեր առաջ՝ Հին Հայաստանում, Տորք Անգեղ անվամբ մի մարդ էր կենում: Նրա բերանից` սկեսուր, սկեսրայր, ուրբաթ օրը համեցեք, տար: Ուրբաթ օրը քեռի Քուչին ելավ նստավ կայծակ յուր ձին, գնաց Թմկա բերդը պատեց.

-Հե՜յ, քաջ Թաթուլ, քանի՞ հատ ձագ ունես դու,- ասավ հասավ գառանը, առավ թռավ անտառը: Էս միջոցին մի պառավ կին կանգնել էր ձորի պռնկին, ձեն էր տալիս Մարոյին.

-Հե՜յ, լավ մանրուք, ասեղ, հուլունք, մատնիք, մարջան, ապարանջան, ջան, Մարո ջան: Նշանեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին…

Չնայած բանաստեղծությունն անավարտ է, բայց ինձ համար այն ամենահետաքրքիրն է:

lilit vardanyan

Անցյալ տարվա իմ երեք սիրելի գրքերը

Ես սովորություն ունեմ ամեն երեկոյան գիրք կարդալ: Անցյալ տարի էլ շատ գրքեր կարդացի: Ինձ դուր եկան Վիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» և Չարլզ Դիքենսի «Օլիվեր Թվիստի արկածները» գրքերը:

«Օլիվեր Թվիստի արկածները» Անգլիայի 19-րդ դարի սկզբի մասին է: Այդ գիրքը հավանել եմ, որովհետև գրքի հեղինակ Դիքենսը պատմում է, թե ինչպես են ապրել մարդիկ այդ ժամանակ, ինչ դժվար եղել ապրելը, և ինչպես են մարդիկ պայքարել սովի դեմ: Ինձ դուր եկավ վեպի գլխավոր հերոսը՝ Օլիվեր Թվիստը, ով կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները:

«Այս աշխարհը հուսախաբությունների աշխարհ է: Հաճախ մեր ամենից շատ փայփայած հույսերը, ավա~ղ, մոխրանում են, և այնպիսի հույսեր, որ ամենից շատ են պատիվ բերում մեր անձին»,- ասվում է այդ գրքում:

«Օլիվեր Թվիստի արկածները» ցույց է տալիս Անգլիայի այն ժամանակվա սոցիալական իրավիճակը՝ մարդկանց խավերը, և թե ինչպես կարող են զրկվել բարձր աստիճանից, գողերը և հանցագործները, ովքեր այսօր էլ կան աշխարհում, անմեղ մարդիկ, որ կարող են դառնալ հանցագործ, մարդիկ, որոնց այլևս փրկել չես կարող…

Այդ ամենի միջով ես անցա Օլիվեր Թվիստի հետ: Դա կյանքի փորձն էր, որը ձեռք բերեց Օլիվեր Թվիստը իր փոքր տարիքում:

Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» երկրորդ համաշխարհային պատերազմի մասին է: Այն մասին, թե ինչպես էին գերմանացիները վարվում հրեաների հետ: Գրքի գլխավոր հերոսը Բրունոն է: Նա ինը տարեկան տղա է: Նա գիտի, որ իր հոր աշխատանքը շատ լուրջ է, որ հայրը զինվորական համազգեստ է կրում, բայց չի հասկանում, թե ինչ է կատարվում: Հենց նրա մտածելակերպով էլ գրված է այդ գիրքը: Գրքում ուղղակի չկա հրեաների ցեղասպանության մասին, սակայն Բրունոյի պատմությունը բացահայտում է այն: Պարզ, տխուր ու սովորեցնող գիրք է:

«Մայրիկ, ես սիրում եմ քեզ» գիրքը գրել է Վիլյամ Սարոյանը: Դա մի աղջկա և մայրիկի մասին է: Գիրքը գրված է առաջին դեմքով՝ աղջկա անունից: Աղջիկը ինը տարեկան է և ապրում է իր մայրիկի հետ: Գիրքը ինձ դուր է եկել պարզության ու լավ երկխոսությունների համար:

« -Դու իրո՞ք էդպես ես կարծում, Գորտուկ:

-Կարծու՞մ,-ասացի ես,-Ի՞նչ կարծել, գիտե՛մ: Դու ամբողջ աշխարհում ամենագեղեցիկն ես ու ամենահաջողակն ես:

-Հա՞, դե ուրեմն արի հագնվենք ու գնանք ման գալու:

-Ու~խ:

-Մի գոռա: Սա ձեր դպրոցը չի: «Պիեռ» հյուրանոցն է: Բաժանված մորն առանց այդ էլ խեթ աչքով են նայում:

-Դե լավ, կամաց «ուխ»:

-Հա Գորտուկ, կամաց ասա՝ «ուխ»:

-Կամա~ց-կամա~ց «ուխ»:

-Այ, ապրես:

-Ամենակամա~ց-կամաց «ուխ»-ը:

-Հիանալի է:

Ես էնպես կամա~ց-կամաց ասացի «ուխ», որ աղջիկ մայրիկը հարցրեց:

-Ինչ ասացի՞ր:

-Ու~խ:

-Հա, բայց կամաց, Գորտուկ: Դե՛, ի՞նչ հագնենք, միանման շորե՞ր:

-Ու~խ:

-Կամաց: Կապույտները չհագնե՞նք՝ կարմիր ու սպիտակ ծաղիկներով:

-Կամա~ց «ուխ» …

Mari Baghdasaryan malishka

Ուզում եմ ներկայացնել Հայկին

Հարցազրույց Հայկ Ասատրյանի հետ

 Երիտասարդ երգիչ, որն արդեն երկու տարի է, ինչ ստեղծագործում է հիփ հոփ ժանրում: Նա ընդամենը քսան տարեկան է, և արդեն հասցրել է սիրվել շատերի կողմից: Իմ օրն է անցնում նրա երգերի ներքո։ Վստահ եմ, որ շատերի համար նույնպես նրա երգերը առօրյայի մի մասն են կազմում: Լսում էի երգն ու ցանկություն առաջացավ հարցազրույց ունենալ երգի հեղինակ, կատարող Հայկ Ասատրյանի հետ:

-Ինչպե՞ս եղավ մուտքը դեպի երաժշտական ասպարեզ:

-Փոքր տարիքից ցանկություն է եղել այդ ասպարեզ մուտք գործել, և արդեն երկու տարի է, ինչ ստեղծագործում և կատարում եմ հիփ հոփ ժանրում:

՞րն էր Ձեր առաջին երգը:

-«Մի հեռացիր» երգն էր:

-Ասում են՝ պետք չէ չարչարել մտքերն ինչ-որ բան գրելու համար, տողերը պետք է սրտից գան։ Դուք, երբ սկսում եք գրել, խոսքերը գալիս են Ձեր սրտի՞ց, գրում եք այն, ինչ զգո՞ւմ եք:

-Փորձում եմ ամեն գրածս երգի մեջ անկեղծ տողեր մտցնել, ու հենց այդ պատճառով է, որ որոշ երգեր շատ հոգեհարազատ են մարդկանց:

-Վերջերս դուք բացեցիք ձայնագրման ստուդիա՝ «Moog Records»-ը, հե՞շտ է ստուդիայում աշխատելը:

-Ճիշտն ասած՝ ես ավելի շատ զբաղված եմ ադմինիստրատիվ աշխատանքներով, ստեղծագործական մասով զբաղվում են այլ մարդիկ: Ինչպես ցանկացած ձայնագրման ստուդիա Հայաստանում, սկզբում կան դժվարություններ, բայց վստա՛հ եմ, որ ամեն բան լավ կլինի:

-Ձեր «Թե աչերս քեզ որոնեն» երգը մեծ արձագանք գտավ համացանցում և շատ սիրվեց։ Ինչո՞վ էր այն տարբերվում Ձեր մյուս երգերից:

-Ինձ համար սպասելի էր, որ այդ երգը նման արձագանք կունենա։ Երբ առաջին անգամ լսեցի այդ երգը, պատկերացնում էի, թե ինչպես կներկայացնեմ այն իմ տարբերակով:

-Ձեր վերջին համագործակցությունը եղել է Մարիշա Միրզոյանի հետ: Հե՞շտ էր նրա հետ համագործակցելը, ինչ-որ դժվարություններ առաջացե՞լ են տեսահոլովակի նկարահանման ժամանակ:

-Մարիշայի հետ համագործակցելը հեշտ ստացվեց, տեսահոլովակի նկարահանման ժամանակ շատ հաճելի մթնոլորտ է եղել՝ առանց խնդիրների և դժվարությունների:

-Ձեր երգերից կարո՞ղ եք առանձնացնել այն մեկը, որ տարբերվում է բոլորից:

-«Թաց աչքեր»-ը: Երևի թե մեկ տարի աշխատանք է տարվել երգի ու տեսահոլովակի վրա, դժվար էր սպասելը:

-Իսկ մոտակա ժամանակներս պատրաստո՞ւմ եք նոր երգ:

-Իհարկե, աշխատանքներ տարվում են:

-Երբևէ մտածե՞լ եք մեծ բեմերի մասին, հնարավո՞ր է մի օր Ձեր ընկերների հետ համերգ ունենաք։

-Իհարկե, ոչ թե հնարավոր է, այլ այդպես լինելու է մոտակա ժամանակներս:

Ani v. Shahbazyan

«Կորած օրագիրը»

«Անզգա վիճակը վերանում է, եթերային ոչինչ աշխարհում գոյություն չունի, ես մայրիկ չունեմ, մայրիկն ու ես հիմա իրարից հեռու ենք, անսահման հեռու, հիմա մենք բաժանված ենք պարսեկներով։ Չէ, պարսեկը դատարկ բան է, պարսեկը հեռավորության միավոր է, իսկ մենք բաժանված ենք անսահմանության միավորներով․․․»

-Անի՜, արի թեյ խմենք, համ էլ քո սիրած մուրաբան եմ բացել։

Հյուրասենյակից լսվում է մայրիկիս ձայնը։ Արցունքոտ աչքերս կտրում եմ գրքից ու ժպտում եմ նայելով սենյակի դռանը․

-Հեսա կգամ, մամ։

Այդ տողերից հետո սկսեցի ավելի շատ գնահատել մամայիս։ Սա առիթ է, որ ասեմ, որ քեզ շատ եմ սիրում, մամ ջան։

Ինձ թվում է, քեզ հետաքրքիր է, թե որտեղից են այս տողերը։ Այս տողերը Վարդգես Քալանթարյանի և Մուշեղ Բաղդասարյանի «Կորած օրագիրը» գրքից են։

Այս գիրքը մեծ տպավորություն է թողել ինձ վրա։ Առհասարակ չեմ սիրում գրքերը քննարկել։ Մանավանդ այն գրքերը, որոնք ինձ հոգեհարազատ են։ Գիրքը կարդալուց հետո փակվում եմ ինքս իմ մեջ, իմ մեջ ենթադրություններ ու բացահայտումներ եմ անում։ Բայց այս գիրքը բացառություն է։ Ամեն կերպ ուզում եմ կիսվել իմ տպավորություններով։ Գրքում այնքան գեղեցիկ է ներկայացված ամեն ինչ, որ խեսքերն ավելորդ են։ Գիրքը իմ հասակակիցների մասին է, պատանիների, որոնք ավարտական դասարանում են սովորում: Եվ բնականաբար, այն ամենը, ինչ տեղի է ունենում գրքի էջերում, այնքան հարազատ է և մեր սրտին մոտ, կարծես հենց մեր դասարանի մասին լինի: Ախր, չեմ ուզում, է, շատ փակագծերը բացել։ Ուղղակի գնա գրադարան, վերցրու այն ու կարդա։ Հաստատ չես փոշմանի։ Իսկ եթե արդեն կարդացել ես, ապա ինձ լիովին կհասկանաս․․․

Ինչո՞ւ ենք մենք գնահատում ամեն ինչ միայն կորցնելուց հետո։ Ինչո՞ւ վատի դեմ չենք պայքարում ու այն չենք վերացնում։ Ինչո՞ւ է ամեն ինչ այսքան դժվար, իսկ միգուցե մարդի՞կ են բարդացնում։ Մտածիր այս հարցերի շուրջ։ Գնահատիր ամեն վայրկյանն ու պահը, որն ունես։ Ես էլ գնամ թեյս խմեմ մայրիկիս հետ:

marat sirunyan

Լեռնավանի ավանդազրույցները. Մաս 2

Սատանաների հետ կապված պատմությունների շարքի երկրորդ պատմությունը: Այն տեղի է ունեցել մոտավոր 1940-ական թվականներին, Որդնավում (Ջրաշեն): 

Որդնավ (Ջրաշեն) գյուղից Ոսկերչոնց (Զարգարյաններից) լիազորը գիշերով սայլը բարձած ջրաղացից տուն էր դառնում, ճամփան էլ այդ գյուղի սար ու ձորով էր անցնում: Գնաց-գնաց, շատ գնաց թե քիչ, զառիվեր մի տեղի հասավ ու հանկարծ ականջին լացի, ավելի ճիշտ, կանացի ողբի ձայն հասավ: Սայլը կանգնեցրեց, ինքը ոտքով արագ իջավ զառիվերը ու տեսավ  երկու կնոջ՝ իրար գրկած, ուժեղ ձայնով լաց լինելիս: Մոտենալով պարզեց, որ նրանցից մեկն իր սիրած աղջիկն է, որին երկար տարիներ սիրել էր, բայց հանգամանքների բերումով միասին չեղան, մյուսն էլ նրա մայրն էր:

-Վա՜յ, Լիազո՜ր ջան, հըբը իմա՞լ կեղնի, իմա՞լ չեղնի ,- լացելով խոսում էին կանայք՝ նկատելով իրենց մոտեցած տղամարդուն:

-Իյա՜, էդ ի՞նճ է էղի, հորի՞նե իդմա գիլաք:

Տեսնելով, որ ոչինչ չի օգնում, և կանայք լացը չեն դադարեցնում, ասաց.

-Հուդը մանծեկ, ես էրտամ սելի մեջնի տեղ դզիմ, հիկամ ձզի լը վերծիմ, էրտանկ գեղ,- կանայք համաձայնության նշան ցույց տվեցին, ու նա գնաց  սայլում տեղ ազատելու, որպեսզի այդ կանայք տեղավորվեն:

Գնաց, պարկերն այս ու այն կողմ տվեց, տեղ ազատեց, նստեց սայլը և ուզում էր շարժվել, երբ նկատեց, որ լացի ձայները կտրվել են. «Յա, էդ իմա՞լ էղավ, որ ձեներ կդրին»,- մտքում զարմացավ նա ու սայլը քշեց այնտեղ, որտեղ կանայք էին: Հասավ այնտեղ ու տեսավ, որ այլևս ոչ ոք չկա: Իջավ, ձայնեց, այս ու այն կողմ նայեց, ոչ ոք ոչ երևում էր, ոչ էլ կանչին էր արձագանքում: Զարմացած նորից նստեց սայլն ու շարունակեց ճամփան՝ դեպի գյուղ: Ճանապարհին էլ՝ ոչ ոք չկար:
Հաջորդ օրը պատահաբար հանդիպեց իր անցյալի սիրուն, ու հիշելով նախորդ օրվա դեպքը, հարցրեց.

-Այ Վարդու՞շ, էն հերեգ հորի՞ն է ինմա գիլայկ՝ դու ու մերդի, էն դո՞ր գածիկ, հարի ես սելի մեջ տեղ դզի, էգա:
Կինը զարմանում է նրա խոսքերից.
- Մեղա՜, մեղա՜, էդ մենք հորի դո՞ր ինք էղի, որ մեգ մը լե գիլայնկ… Մենկ տեղ լը չենկ էղի:

Լիազորը այդ ժամ նոր մեծ զարմանք ու վախ ապրեց, մտածեց՝ ուրեմն սադանա՜ էին…

marat sirunyan

Լեռնավանի ավանդազրույցները

Մեր հասարակությունն ինչպես երբևէ, այսօր էլ ինչ-որ հավատալիքներ ու վախեր ունի գերբնական ուժերի, առեղծվածների և նման բաների հանդեպ: Այդ պատճառով որոշեցի հավաքագրել ժողովրդական, մարդկային պատմություններ կապված չար ուժերի՝ սատանաների հետ: Այդ պատմությունները որոշեցի հրապարակային դարձնել՝ շարքով:

Եվ այսպես, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այդ շարքի առաջին պատմությունը, որն ավելի շատ առասպելի է նման, սակայն իր մեջ պարունակում է ժողովրդի պատկերացումները, տեղեկությունները սատանաների մասին:

***

Հանգամանքների բերմամբ մայրամուտից հետո հայտնվեցի տունդարձի ճամփին: Մութ էր, ու երկնքում մեկ-երկու աստղ էր միայն նշմարվում: Մեզ մոտ այդպես է՝ ամպամած գիշերները, երբ աստղերն ու լուսինը ամպերի տակ են, խստաշունչ մութ է, լուսնկա գիշերները՝ մեղմիկ լուսավորված: Չգիտեմ՝ շատ տարիներ առա՞ջ էլ էր էդպես, թե ոչ, բայց տարիներ առաջ ասում են՝ շատ բան էր ուրիշ: Եվ մտքերով անցյալ էի գնացել՝ լսածս պատմությունների հետքերով, և միևնույն ժամանակ ամենայն ուշադրությամբ հետևում էի ճանապարհիս ու զննում շուրջբոլորս:

Ինչե՜րի կարող են հասցնել երևակայական մտքերը… Մթության մեջ քամու ձայնը մի պահ նմանվեց երգի, ինչ-որ կենդանու ձայն՝ լացի, ճանապարհի կողքին, գիշերային ցրտից սվսվացող ծառն էլ՝ մարդ թվաց: Այս ամենը ավելի շատ երևի ոչ թե վախի արդյունք էր, այլ փնտրտուքի. չէ որ շատ տարիներ առաջ էր, երբ Սիրունենց (գյուղում մեզ՝ Սիրունյաններիս, էդպես են ասում) նախապապերը մեկին տեսան ու նկատեցին, որ ոտնաթաթերը հակառակ են. հասկացան՝ սատանա է: Բռնեցին նրան, ու որպեսզի չփախչի, մի կեռմայր (բուլավկա) ամրացրին նրա վրա, ու այդ օրվանից սկսեցին առանց քուն ու դադարի աշխատեցնել նրան: Էդպես օրեր անցան, սատանան անչափ վախենալով կրծքին ամրացված կեռմայրից և չկարողանալով ազատվել դրանից, ստիպված հնազանդվում էր: Հրահանգներն էլ սատանին հակառակ էին տալիս, ասում են՝ սատանեն թարս է, ինչ ասում ես՝ պիտի թարս ասես, որ ճիշտ կատարի: Օրինակ՝ եթե ուզում ես ջուր բերի, պիտի ասես՝ ջուր մի բեր:

Օրերից մի օր էլ էդ Սիրունենց տուն հարս բերին: Որպեսզի հարսը չվախենա, չասացին այդ արարածի ով լինելը: Ու մի օր, երբ հարսը նրա հետ գնացել էր աղբյուրից ջուր բերելու, սատանան խորամանկում է.

-Այ հարս, էս անդեր բուլավկեն մեմ հանե՞ս. նեղուտյուն կուդա:

Միամիտ հարսը կեռմայրն արձակում է թե չէ, սատանան փախչում է՝ անիծելով.

-Սիրունենք ինչ գորձ բռնեն, թող էրգուսեն էղնի (երկրորդ անգամից) կամ չէղնի, կաստուրկի ղափաղներն էլ հա ծուռ էղնի…

***

Սա թերևս առասպելին ավելի մոտ է, բայց դրանից զատ, մեր օրերին ավելի մոտ ժամանակների վերագրվող սատանայի հետ կապված պատմություններ կան: Ուրեմն դրանից հետո էլ այդ սատանան եղել է, ուղղակի քչերին է հանդիպում: Եվ ըստ ժողովրդի, այն ցերեկները այծի կերպարանք է ընդունում ու էդպես մնում մինչև գիշեր. «էծը սատանա կեղնի՝ սատանի մազ ունի»: Գիշերն էլ ինչ-որ մեկի կերպարանքն ընդունած (ում մազից որ պոկել է) շրջում է այստեղ-այնտեղ՝ աշխատելով հեռու մնալ կրակից ու ջրից. կրակից վախենում է, ջրից՝ աներևութանում:

Նույն գյուղի ճանապարհներով ես բարեհաջող անցա ու տուն հասա: Թեև ճանապարհս այնքան էլ կարճ չթվաց, այնուամենայնիվ ես այդպես էլ ոչ մի սատանայի էլ չհանդիպեցի: Ո՞վ գիտե՝ գուցե պատճառը  Սիրունենցից լինե՞լս է… Այնուամենայնիվ մյուս պատմությունները դեռ առջևում են:

vahe stepanyan

Սարսափների արքան

1947 թվականին, երրորդ հանրապետության անկախությունից ուղիղ 44 տարի առաջ՝ սեպտեմբերի 21-ին, ԱՄՆ-ի Մեն նահանգի Պորտլենդ քաղաքում ծնվեց Սթիվեն Քինգը: Սթիվենը դեռ 2 տարեկան էր, երբ 1949-ի խաղաղ երեկոներից մեկին հայրը գնաց ծխախոտի հետևից ու չվերադարձավ: Չէ, չէ. չէր մահացել: Ուղղակի հոգնել էր: Հետագայում այդպես էլ չիմացան. փախել էր Կոնեկտիկո՞ւտ, թե՞ ինչպես Սթիվի մայրն էր Սթիվին ու եղբորը ասել, նրան մարսեցիներն էին առևանգել:

Չնայած ես կարդալ շատ եմ սիրում, բայց ճիշտն ասած, նույնիսկ իմ ամենասիրելի գրողների կենսագրությունից ոչինչ չգիտեմ: Բայց դե Սթիվեն Քինգը բացառություն է: Ես նրա կյանքի մասին կարդացել եմ երևի այնքան, ինչքան իր գրքերից եմ կարդացել: Իսկ ես նրա երկրպագուն լինելով, ամենաքիչը 10 գիրք կարդացած կլինեմ: 12: Հաշվեցի: Իհարկե, բոլորից չեմ կարող խոսել մի նյութի մեջ, բայց խոստանում եմ. եթե դուր գա՝ կգրեմ Սթիվենի գրքերից էլի մեկի մասին:
Իսկ հիմա… 11/22/63: Այո: Այս թվերը բացի ԱՄՆ 35-րդ (և արդարության համար ասեմ, իմ ամենասիրելի) նախագահ Ջոն Ֆ. Քենեդու սպանության օրվանից, Սթիվեն Քինգի ամենաստացված գրքերից մեկի անունն է: Ալտերնատիվ պատմություն ժանրում գրված այս ֆանտաստիկ նովելի հիմնական թեման ժամանակի մեջ ճամփորդությունն է: Գիրքը լույս է տեսել 2011-ին: Բայց այնուամենայնիվ, իր ժանրի մեջ արդեն կարող է համարվել դասական նմուշ: Գրքի գործողությունները 2009-ին են տեղի ունենում: Դա առաջին գլխում: Իսկ հետո Ջեյքը… Ստոպ: Ո՞վ է Ջեյքը: Երևի թե սկզբից սկսեմ:
Ջեյկոբ Էպինգը՝ նույն ինքը՝ Ջեյքը, ապրում է Մեն նահանգի Լիսբոն Ֆոլս քաղաքում: Ջեյքի կյանքը ոչնչով չէր տարբերվում կենտրոնական Մենի բոլոր մնացած անգլերեն լեզվի ու գրականության ուսուչիցների կյանքից: Ջեյքը արդեն 35 տարեկան էր, ու չհաշված ընկերոջ հետ Կանադայում կատարած ավտոստոպով ճանապարհորդությունը, իր կյանքում ուրիշ ոչ մի առանձնահատուկ բան չէր արել: Ջեյքը հասցրել էր ամուսնանալ ու բաժանվել, ու ըստ իր հաշվարկների, լավ էլ երջանիկ մարդ էր: Նա Լիսբոն Ֆոլսի միջին դպրոցում երեխաներին դաս տալուց բացի նաև ուներ դասարան մեծերի համար, որտեղ սովորում էին երիտասարդ ժամանակ տարբեր պատճառներով դպրոցը չավարտած մարդիկ: Դուք երևի մտածում եք, որ սա ոչնչով չգրավող գորշ կյանք է: Համաձայն եմ: Դեռևս համաձայն եմ… Իմիջիայլոց, Ջեյքը շատ զուսպ մարդ էր և կյանքում մի քանի անգամ էր լաց եղել ընդամենը: Վերջին անգամ Ջեյքը լաց էր եղել դպրոցի աշակերտ, ինչպես նաև հավաքարար 50-ն անց Հարրի Դանինգի «Օր, որը փոխեց իմ կյանքը» թեմայով գրված շարադրությունը կարդալիս: Հարրին պատմում էր, թե ինչպես էր 1958 թվականին, Հելոուինի օրը, իր հայրը խմած մտել տուն, մուրճով սպանել մորը, 2 եղբայրներին ու փոքրիկ քրոջը: Իսկ ինքը հրաշքով էր փրկվել ու մնացել հաշմանդամ ամբողջ կյանքում:
Թե ինչի համար ես պատմեցի այս կտորը, դուք կհասկանաք գիրքը կարդալիս: Իսկ հիմա, թերևս, անցնենք առաջ:
Ջեյքը իհարկե ցնցված շարադրությունից, գերազանց է դնում Հարրիի աշխատանքին, և Հարրին վերջապես ստանալով իր դպրոցի ատեստատը, այն դնում է շրջանակի մեջ ու կախում իր սենյակի պատից:
2 տարի անց 2011-ի հուլիսին, երբ Ջեյքը արդեն վերջին աշխատանքներն էր ստուգում դպրոցում արձակուրդ գնալուց առաջ, նա զանգ է ստանում իր բարեկամ Էլ Տեմպլտոնից: Էլը խնդրում է Ջեյքին շտապ գալ իր խորտկարան: Ինչ գլուխ ցավեցնեմ, Ջեյքը գնաց: Ու տեսավ այն, ինչին ոչ մի կերպ չէր սպասում: Դեռ երեկ իրեն սպասարկող չաղլիկ սևահերից բան չէր մնացել: Էլը բացատրեց, որ մեկ օրվա մեջ հասցրել է ծերանալ հինգ տարով ու արդեն մահանում է թոքերի քաղցկեղից: Ջեյքը այնքան էլ չզարմացավ՝ իմանալով, որ Էլը թոքերի քաղցկեղով է հիվանդ, որովհետև գիտեր, որ 60-ն անց այդ տղամարդը արդեն 50 տարի ծխում էր նույն դեղին «Քամելը», որը նրա բերանում էր նույնիսկ հաճախորդներին սպասարկելիս: Բայց ո՞նց կարելի է ծերանալ հինգ տարով մեկ օրում… Էլը բացատրեց, որ ամենի պատճառը իր սրճարանի պահեստում է: Ու Ջեյքը արդեն մահամերձի զառանցանք համարելով Էլի պատմությունը, որ այնտեղ ժամանակի պորտալ կա, համենայն դեպս չմերժեց նրա խնդրանքը ու Էլի ցույց տված տեղով քայլեց դեպի պահեստի պատը: Նա չէր էլ կարող պատկերացնել, որ փակ աչքերով իջնելով ինչ-որ անտեսանելի աստիճաններով, կհայտնվի… ըմմ… Հիմա դուք կհարցնեք, թե ուր: Այս հարցը անտեղի է. տեղը նույնն է՝ Երկիր մոլորակ, Հյուսիսային Ամերիկա, ԱՄՆ, Մեն նահանգ, Լիսբոն Ֆոլս քաղաք: Այստեղ կսազի մեկ այլ հարց: Ջեյքը հայտնվեց… Ե՞րբ: Լավ հարց է: 1958 թ., սեպտեմբերի 9, ցերեկ,11:58: Իսկ այ, ինչեր կլինեն հետո, ես չեմ ասի: Սա ընդամենը 2 գլխի նկարագիր էր 50-ից ավել գլուխ ունեցող գրքի:
Ուղղակի կնշեմ պորտալի օրենքները, որոնք Էլը բացահայտել էր իր պրակտիկայով.
-Պորտալը միշտ տանում է նույն ժամանակը. 1958 թ. սեպտեմբրի 9, 11:58:
- Անկախ այն բանից, թե դու ինչքան ժամանակ ես անցկացնում անցյալում, ներկայում քո ճամփորդությունը կտևի ուղիղ 2 րոպե: Ոչ ավել, ոչ պակաս:
-Անցյալը կարող ես փոխել, բայց ամեն հաջորդ ճամփորդությունը նախորդի բոլոր փոփոխությունները չեղարկում է:
-Անցյալը չի ուզում փոփոխվել, և ինչքան մեծ է փոփոխությունը, անցյալը ավելի ուժեղ է դիմադրում:
Ուղղակի վստահեք ինձ և բացեք գիրքը: Այս ժանրում գրված այսպիսի գրքեր չկան: 11/22/63-ը «Սարսափների արքայի» ամենաստացված գրքերից է, եթե ոչ՝ ամենաստացվածը: Սա ձեզ համար ոչ Կոելյո է, ոչ Կաֆկա, ոչ Ֆրեյդ: Սա Սթիվեն Քինգն է, իր ողջ հմայքով…

arman arshak

Կինոյի շենքը կամ Լադոն

Եթե կարդում ես հոդվածս ու որևիցե անգամ եղել ես Աբովյանում, կամ առնչություն ես ունեցել Աբովյանի հետ, ապա համոզված եմ, որ լսել ես «Կինոյի շենք» արտահայտությունը: Իսկ բոլոր նրանց, ովքեր նոր են լսում, ասեմ, որ այնտեղ կինոթատրոն չկա, այլ պարզապես Աբովյանի կենտրոնական մասն է։

Շատ աբովյանցիներ անգամ չգիտեն, թե ինչու է կոչվում «Կինոյի շենք», իսկ ես իմ հետաքրքրությունը բավարարելու համար, սկսեցի հարցուփորձ անել տնեցիներին։
Ցանկացած աբովյանցի ամեն օր առնչվում է «Կինոյի շենք»-ի հետ։ Ես դեռ փոքր հասակից հետաքրքրվում էի, թե ինչու են ասում կինոյի շենք, իսկ ավելի լուրջ «հետաքննություն» սկսեցի վերջերս։ Ինչպե՞ս կինոյի շենքը սկսեց գործել, ինչպիսի՞ գործունեություն էր ծավալում ու թե ինչո՞ւ կինոյի շենքն այսօր դարձավ տոնավաճառ։

«Հարցաքննեցի» մայրիկիս ու հայրիկիս։ Հիշում եմ, թե ինչպիսի ոգևորվածությամբ էին պատմում՝ մեկը մյուսին հերթ չտալով։ Անգամ հսկիչին՝ Լադոյին էին հիշում, իսկ այն հարցին, թե ո՞ղջ է արդյոք Լադոն հիմա, մեծ ոգևորությամբ պատասխանեցին, որ Թբիլիսիում է։
-Հիմնականում հնդկական ֆիլմեր էին ցուցադրում,- կարոտով ասաց մայրիկս,- եղել է ֆիլմ, որը երկու անգամ եմ գնացել դիտելու։

-Երկիրը քանդվեց, կինոթատրոնն էլ փակվեց։ Այժմ «կինոյի շենք»-ի տեղում տոնավաճառ է գործում, բայց թե՛ հին, և թե՛ նոր աբովյանցին ասում է «կինոյի շենք»,- կարծես հիշելով հին Աբովյանը, ասաց հայրիկս։

Այս զրույցից հետո մտածում եմ՝ ինչ լավ կլիներ, որ հիմա Աբովյանում գործեր կինոթատրոնը, երեկոյան ընկերներով պարապ կանգնելու փոխարեն կգնայինք կինո, քաղաքում կլիներ մշակութային կյանք։

Լադոն էլ կվերադառնար Թբիլիսիից: