Ազատ տարածք խորագրի արխիվներ
«Մա~մ, Անին հանրապետական փուլում ա…»
Նստել էի, որ 17-ի համար նյութ գրեմ: Մտածում էի, թե որտեղից սկսեմ, մեկ էլ չգիտեմ ինչու, մտքովս անցավ, որ աշխարհագրության օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները պետք է որ արդեն հրապարակված լինեն: Գործս կիսատ թողեցի ու գնացի համակարգչի մոտ, որպեսզի ցուցակները ստուգեմ:
Մեր գյուղից` Դսեղի դպրոցից, երեք հոգի էինք մասնակցել մարզային փուլին` ես, 17-ի Անին ու Էլենը: Մինչև ցուցակները կգտնեի, հուսով էի, որ մեզնից գոնե մեկը անցած կլինի հանրապետական փուլ:Արդեն մկնիկը սեղմեցի ցուցակների վրա ու սկսեցի միանգամից մեր անունները փնտրել, երևի զգում էի, որ ինչ-որ մեկը պետք է անցած լինի…
-Մա~մ, Անին հանրապետական փուլում ա…
-Վայ, ինչ լավ ա, Հով ջան: Դե, շնորհավորի Անիին:
-Հա, մամ ջան, հեսա…
Հետաքրքիրն այն էր, որ հենց մտա ֆեյսբուք, որպեսզի Անիին շնորհավորեմ, էջի սկզբում Անիի գրած «Փնտրելով հարազատ դեմքեր» նյութն էր, որը հենց այդ օլիմպիադայի մասին էր…
Այնքան էի ուրախացել որ որոշեցի հենց Անիի հաղթանակի մասին գրել:
Անցած ձմեռ
Անցավ նաև այս ձմեռը` մեկը այն ցրտաշունչ ձմեռներից, որոնք իրենց հետ բերում են լավ հուշեր: Բայց այս մեկը, չգիտեմ՝ ինչու, ավելի լավ հուշեր բերեց: Այս ձմեռն ամեն ինչով տարբերվում էր մյուսներից: Տարբերվում էր իր գեղեցկությամբ, որով պատվել էր իմ Կոթի գյուղը: Ընդամենը մի քանի տարի առաջ, երբ խաղալու ընթացքում ձյունը դիպչում էր մեզնից մեկի երեսին, սկսում էր լացել: Այս ձմեռ ամեն ինչ ուրիշ էր, ամեն բան փոխվել էր, նաև՝ խաղի ձևը: Գուցե արդեն մեծ ենք, դրա համար էլ խաղալու ժամանակ ամեն մի չնչին բանից չենք լացում: Այս տարի ձյունն էլ էր համեմատաբար ավելի շատ եկել, այնքան շատ, որ ամբողջ դպրոցի բակը պատված էր ձյունով:
Ճիշտ է, շատ էինք նկատողություններ ստանում, բայց դա ոչ մի նշանակություն չուներ, միևնույնն է, ամեն դասամիջոցի դուրս էինք գալիս խաղալու: Երբեմն այնպես էինք տարվում խաղով, որ նույնիսկ զանգի ձայնը չէինք լսում: Մի անգամ դպրոցի պահակը որոշել էր, որ ոչ մեկիս չպետք է դուրս թողնի: Իսկ մենք երեխաներով ուրիշ բան մտածեցինք. դե, եթե մի բան ենք դնում մտքներիս, պետք է անպայման անենք: Որոշեցինք մյուս մուտքով դուրս գալ: Դե, բնականաբար, իրագործեցինք մեր «հանճարեղ» միտքը: Զանգը հնչեց և բոլորս գնացինք դպրոցի մուտքի մոտ, հիմա էլ չէին թողնում, որ ներս մտնենք: Մեզ էլ առիթ էր պետք դասից փախչելու և խաղը շարունակելու համար:
Սիրում եմ եղանակների անփոփոխ, բայց փոփոխական կրկնությունը:
Մի քիչ մանկություն ու մի քիչ էլ ամառ
Մայրս է պատմում, ես էլ ինձնից գոհ-գոհ լսում եմ: Պատմում է ու հետն էլ ավելացնում, որ մանկուց էլ ճարպիկ և ուշիմ երեխա եմ եղել: Պատմում է, ու ես էլ, իբրև թե հիշելով, իր խոսքին ինչ-որ բաներ եմ ավելացնում: Պատմում է, իսկ ես հուշերի գիրկն եմ ընկնում:
Մորաքրոջս ամառանոցում էինք: Ասում էր, թե ամռան մի շոգ օր էր: Սիրում եմ այդ ամառանոցը, չնայած որ արդեն վաճառել են: Սիրում եմ այն օրերը, որ եղել եմ ամառանոցի գրկում, եղել եմ մորաքրոջս ամուսնու ու զարմիկիս հետ: Խաղացել ենք, վազվզել, խնձոր, կեռաս, ելակ հավաքել, հեքիաթներ կարդացել, ու որ ամենակարևորն է՝ ձմերուկ կերել: Մենք սովորություն ունեինք ամեն շաբաթ ձմերուկ ուտելու, բայց՝ սառը ձմերուկ, ու կարևորը՝ քաղցր:
Մեկ տարեկան էի, գրեթե ոչ մի բառ չէի արտասանում, երևի չէի էլ հասկանում, թե ինչ են խոսում: Ինչպես միշտ, մեզ հետ տարել էինք մի ձմերուկ, բայց այդ օրը ձմերուկն այնքան էլ հեշտ չկտրվեց: Մորաքրոջս ամուսինը բոլորի առաջ պայման էր դրել. կտրել ձմերուկը այն ժամանակ, երբ ես կասեմ «էկալ, էկալ»: Հենց իր խոսքի երկրորդ վայրկյանին ես, ծծակի (սոսկա) շնորհիվ, թե ձմերուկի անունը լսելով, բարձրաձայնել եմ՝ «էկալ, էկալ»-ը:
Մերոնք ասում են, որ ես եղել եմ իրենց ուրախության պատճառը, զվարճացրել եմ իմ խոսքերով, արարքներով: Ձմերուկի հանդեպ սերս էլ երևի Սամվել «ձյաձյան»՝ մորաքրոջս ամուսինն է սերմանել իմ մեջ:
Հիմա այնպես կուզենայի լինել ամառանոցում, նստել խոտերի մեջ, ձմերուկ ուտել ու նույն պատմությունը հենց այնտեղ լսել:
Թաքնված կյանքը Դարբասում
17 տարի ապրել և մեծացել եմ մի փոքրիկ գյուղում: Ժամանակի ընթացքում իմացա գյուղիս պատմությունը, ծանոթացա նրա «տանջանքներին»: Երբ տատիկներից և պապիկներից հարցնում եմ գյուղի հին օրերի մասին, հոգոց են հանում, մի փոքր հանգստանում են և պատմում այն ցավալի պատմությունը, որը բոլորի արցունքի և ցավի պատճառն է եղել: Հիմա այդ պատմությունը դրոշմվել է Դարբասի նոր սերնդի մտքում: Պահպանելու ենք այն և շարունակելու ենք մյուս սերունդներին փոխանցել:
Երկար տարիներ առաջ այս գյուղում ապրել են թուրքեր: Գյուղի անունը Դարբաս չի եղել, այլ Ըղուվերձ: Տարիների ընթացքում այստեղ բնակություն հաստատեցին հայերը՝ գյուղի առաջին հայ բնակիչները: Ապրել են համերաշխ, սակայն գյուղում տիրող հանգստությունը մշտական չէր: Գյուղը ունի գաղտնի ճանապարհներ, որոնց հուշող ուղի են հանդիսանում կամուրջները: Առաջին գլխավոր ճանապարհը տանում է Տաթև գյուղ: Մի օր գյուղի բնակիչներ՝ հայ պապիկը և թուրքը (նրանք ընկերներ էին) միասին գնում են Տաթև: Վերադառնալու ժամանակ, երբ հասնում են կամրջին, թուրքը պապիկին հրում է և կամրջից ցած նետում: Ասում են, որ ոչ ոք տեղյակ չի եղել այդ մարդասպանությունից, մտածել են՝ կամրջի անմխիթար վիճակն է եղել պատճառը: Որոշ ժամանակ է անցել, և իրականությունն իմացել են բոլորը: Անցել է երկար ժամանակ, գյուղում այլևս թուրքեր չեն բնակվել, որովհետև Եղեռնից հետո նրանց դուրս են հանել երկրից, բայց դարբասցու դատավճիռը դեռ վերջնական չէր: Բանակցություններ վարելու նպատակով գյուղի առաջին հոգևորականը գնացել է ժողովի թուրք պաշտոնյաների հետ: Նրան զգուշացրել էին, որ միայնակ գնա: Քահանան գնացել է միայնակ, բայց ինչպե՞ս կարելի էր վստահել նրանց: Ժողովի ժամանակ հոգևորականին սպանել են և դին հանձնել ընտանիքին՝ ասելով, որ նրա մոտ զենք է եղել: Գյուղը վշտով էր պատվել: Այս ամենից հետո, ողբերգական էր եկեղեցիների ավերումը: Հույսը մարում է ամեն փոքրիկ կորստից: Բայց նրանք ապրեցին այնտեղ, որտեղ ապրել է ոճրագործ թուրքը, որովհետև այս ամենի մեջ ուժ կար ապրելու, պայքարելու, գոյատևելու: Բայց տարիները փոփոխություն կատարեցին գյուղիս կյանքում:
Ահա գյուղս, իր ցավով, ուժով և ցավոտ պատմությամբ: Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ ներկայիս սերունդը: Տալիս ենք գյուղին փայլ, ժպիտ և չընկճվելու, հույսը չկորցնելու պատճառ:
Ամենասիրա՞ծ, թե՞ չսիրած…
Գարունն իմ ամենասիրած ու ամենաչսիրած եղանակն է։ Պատճառն այն է, որ գարունն ինքնին բազմազան տրամադրություններով լեցուն է ու անկանխատեսելի։ Սիրում եմ գարունը, հատկապես ապրիլ-մայիս ամիսները, որովհետև այդ ժամանակ ոչ շատ տաք է, ոչ շատ ցուրտ։ Չեմ սիրում գարունը, հատկապես՝ մարտը, որովհետև այդ ժամանակ հեշտ ու հանգիստ կարող ես ցեխի մեջ կորել։
Մարտի առաջին տասնօրյակն է։ Տանիքներից կաթում է ձյան հալոցքից առաջացած ջուրը։ Ջրհորդանի բացակայության պատճառով տանիքներից իջնող ջուրը լցվում է փողոց։ Մայթերի ձյունը չի հալչում, ուստի բոլորը քայլում են փողոցի մեջտեղով։ Իսկ մեքենաները հաճախ այնպիսի արագությամբ են ընթանում, որ ոչ միայն ոտքից գլուխ թրջվում ես, այլև մինչև ոսկորներդ սառում։ Էլ չեմ ասում, թե ինչքան վտանգավոր է: Իսկ երբ այս ամենին գումարվում են Ագարակի հողե ճանապարհները, չես կարող առանց ցեխի մեջ 5-10 սմ խրվելու քայլել փողոցով։
Հուսամ օրերը ավելի կտաքանան, և այս վիճակը երկար չի շարունակվի։
Հայ կնոջ ձեռքերը

Լուսանկարը՝ Տաթեւիկ Աղազարյանի
Կարոտ` մի քիչ շատ
Քաղաքային, աղտոտ ու կիսամեռ փողոցներում թափառելը իրենը չէր: Շատ էր սիրում, բայց հազվադեպ էր համարձակությունը ներում դուրս գալ փողոց ու քայլել:
Այսօր, վերջապես, համարձակությունը ներել էր, դուրս էր եկել տնից, հետը վերցրել ականջակալների մեծ հանգույցն ու փորձում էր օվկիանոսի նմանվող մարդկային հորձանուտում գտնել իր տեղը:
Ճանապարհի միայն մեկ քառորդը փորձում էր ականջակալները բացել, մյուս քառորդին արդեն երգի երանգներով քայլում էր փողոցում: Գիտեր, որ եթե աստիճանները բարձրանա, կհասնի կանգառ, ուր ավտոբուսներին կարոտող մարդիկ մի քիչ էլ իրար են կարոտում:
Բայց չհասավ, ընտրեց երկար-երկար ոլորաններն ու շարունակեց համառ թափառել: Երկար ժամանակ չկարողացավ անտարբեր քայլել, իրեն մոտ գտնվող կրպակից մի քանի հասարակ տետր գնեց, որ հավաքված մտքերով էջերը ներկի: Երկար քայլեց, վերջապես գտավ այն կայարանը, ուր ուզում էր գնալ` մետրոն: Նույնիսկ չգիտեր էլ, թե մետրոյի ամեն կայարանը ուր էր տանում, բայց գիտեր` լավագույն թաքստոցն այնտեղ է:
Այդ հրաժեշտի չխկչխկոցները, մարդկանց շտապող կերպարանքները, սուրճի սեղանից աշխատանքի վազող երիտասարդները, ու սառը պատերի սառը կարոտը ասես իրենը լինեին:
Հենվեց պատին ու քարացավ: Նորից կեղծ զգացողությունները հօդս ցնդեցին: Թվացյալ մոռացված մտքերը հետ եկան, հիշեց և գիտակցության մեջ արթնացնելով անցած ուղին` սկսեց կարոտել, կարոտեց լուսաբացները, հետո` մայրամուտները, հետո` չասված խոսքերը, հետո` չապրած պահերը:
Կարծում էր` մոռացել է, բայց, իհարկե, ոչ, հայոց պատմության երրորդ գլխի հինգերորդ դասը կկարդար 20 անգամից ավել և կմոռանար, բայց այ, իրեն երբեք` մոռանալը դժվար էր, ուր մնաց չկարոտելը:
Եթե ասեին, որ վերցնի և չափի կարոտը սանտիմետրերով, նրան հազարավոր քանոններ չէին բավականացնի: Եթե ասեին, որ նկարագրի կարոտը, նա միշտ կնշեր, որ կարոտը մուգ-մուգ կապույտ է, մեծ խավար անսահմանություն ու կենտրոնում մի հույս, ինչպես գիշերային երկնքում լուսինը, որ լուսավորում ու մի կտոր հույս էր տալիս:
Ոչ անցած օրերը, ոչ էլ ժամանակն էր կարոտում, հիշում էր, բայց մեկ է` վերադարձը չէր ուզում:
Կարոտում էր մեկի ներկայությունը, մեկի պակասը, ինչպես թեյի մեջ շաքարավազի բացակայությունն են կարոտում:
Հետո սկսեց կարոտել մարդկանց: Ամենահասարակ անծանոթի նկատմամբ այնպիսի կարոտ էր տածում, որ բարեկամներն իրար այդքան չէին կարող կարոտել:
Հետո կարոտեց մտքերը, իր այն մտքերը, որ պատռել, ճմրթել ու գցել էր աղբարկղը:
Հետո կարոտեց ինքն իրեն, այն մեկին, ում համարձակությունը մի քիչ շատ էր, այն մեկին, ում աչքերը փայլում էին, այն մեկին, ով միշտ ժպտում էր:
Կարոտն առնելու համար նստեց վագոններից մեկը, բացեց գնված տետրերից մի պատահական էջ և սկսեց գրել.
Ուշացող մարդիկ,
Ավտոբուսներին են կարոտում:
Իսկ ես` քեզ,
Կյանքիս պտտող անիվը դու ես…
Գրեց ու փակեց էջը: Եվ գնաց այդ կանգառը: Օգուտ չտվեց, կարոտը չէր առնում: Երևի, զգացմունքների աղցանը պատրաստելիս կարոտի չափաբաժինը մի քիչ շատ էին գցել:
Գարունը գալիս է դանդաղ…
Արդեն մի քանի օր է, ինչ հերթափոխի է եկել օրացուցային գարունը: Այս բառն էլ սեփականացրեցի հեռուստաեթերներից: Բոլորս անհամբեր ու սրտատրոփ սպասում ենք իրական գարնանը, ոչ թե օրացույցային:
Առավոտյան մեր գյուղում արդեն զգացվում էր գարնան շունչը` ձնհալը, դրանցից գոյացած ցեխերն ու ջրափոսերը: Բայց գարունը միայն ցրտաշունչ ձմռան արգելակումը կամ ծանր վերարկուներից ազատվելը չէ: Ո՛չ, ո՛չ, դեռահասների ու երեխաների համար հենց դա է, իսկ մեծահասակների համար՝ գարնանային գործերի սկիզբն է: Բայց ինչևէ, գործերի մասին հետո կխոսենք: Այս գարունը յուրահատուկ ձևով եկավ հերթափոխի: Հիմա պատմեմ յուրահատկության մասին: Մեր գյուղացիների մեծ մասը աշնան բերքահավաքի ժամանակ բերքի ցածր գների պատճառով բերքը չի վաճառում՝ մտածելով, թե գարնանը ավելի թանկ կվաճառի: Բայց սովորաբար գարունը գալիս է, բայց բարձր գները չեն գալիս: Իսկ այս տարվա ցրտաշունչ ձմռանը հաջորդեց գնային տեղումներով գարունը:
Այսօր հանդիպեցի մի խումբ մարդկանց, այնքան ուրախություն կար նրանց աչքերում: Ուշադիր հետևում էի նրանց խոսակցությանը.
-Իմացա՞ք, կաղամբի գինը գնալով բարձրանում է:
-Հա՛, հա՛, ճիշտ է՝ երեկ 120 դրամ էր:
-Այ, մի երկու օր էլ սպասենք, կարող է դառնա 130, այդ ժամանակ կտամ՝ թող տանեն:
Ու այդպես երկար զրուցում էին, այնքան ուրախ էին: Իսկ ես ուշադիր լսում էի նրանց, որ ոչ մի բան բաց չթողնեմ ու մտածում, թե որքան քիչ բան է պետք մեր գյուղացիներին ուրախանալու համար. միայն իրենց չարչարանքի գնահատում: Այս գարունը իր մեկնարկով ինչքան ուրախություն պարգևեց գյուղացիներիս:
Շնորհակալ եմ քեզ, գարուն։
Շնորհավոր տոնդ, մայր
-Արագացրու։
-Լավ, դու էլ տորթը բեր։
-Էմ, Էմ, ձայները արդեն լսում եմ։
-Լավ, մի խառնվի իրար։ Հա, ճիշտ ա, ես քեզանից փոքր եմ, բայց մեկ ա, չեմ վախենում։
-Հա, բայց ի՞նչ կա վախենալու, ուղղակի լարվում եմ: Չէ՞ որ ես առաջին անգամն ա, որ շնորհավորում ենք մամային։
Գիտե՞ք, ես ընդամենը 9 տարեկան էի, իսկ քույրիկս՝ 7, երբ առաջին անգամ շնորհավորեցինք մայրիկիս տոնր՝ մարտի ութը։ Նեղվում էի, մտածում էի, որ մի բան էնպես չեմ անի ու կնեղացնեմ մայրիկիս (ուղղակի դա ինձ էր թվում)։ Հարևանուհիս, որի տարիքային տարբերությունը 7 տարի էր ինձանից, օգնեց պատրաստել մի փոքրիկ տորթ: Ճիշտ է, այդքան էլ համեղ չէր, բայց մայրիկի համար ամենահամովն էր (ինքն էր այդպես ասում), ու ես հավատում էի, քանի որ դա մեր առաջին անակնկալն էր։ Մենք՝ քույրերս, հաճախ ենք հիշում այդ օրը ու մեծ ուրախությամբ փորձում ենք մայրիկին նմանատիպ անակնկալներ մատուցել։
Այսօր մարտի 8-ն է, և մի անակնկալ ենք պատրաստել մայրիկիս։
-Եթե հանկարծ կարդաս այս նյութը, մա՛մ… Շնորհակալություն, իմ պատճառով անքուն անցկացրած գիշերներիդ համար։ Կներես ինձ բարկացած ժամանակ հետդ կոպիտ խոսելու համար։ Ուզում եմ միշտ առողջ ու երջանիկ լինես և միշտ ինձ ուղեկցես ճիշտ խորհուրդներով։
Ի վերջո, շնորհավոր բոլորիդ միամսյակը։