Այս կարգախոսի հիման վրա սկսվեց մեծ և ծավալուն աշխատանքը: Մեզ աջակցում է World Vision կազմակերպությունը: Նելլի Թաթոսյանի և Վրեժ Կարապետյանի տքնաջան աշխատանքի շնորհիվ հավաքագրվեց մի խումբ՝ IMPACT, որտեղ ընդգրկված էին 13-18 տարեկան պատանիներ: Պատանիների համար առաջնային խնդիր էր հանդիսանում գյուղի զարգացումը: Նելլին և Վրեժը, կարելի է ասել հանդիսանում են խմբի «հենքը»: Նրանք մեր մեջ տեսան այն փայլը, որը ժամանակին կար իրենց մեջ: Այսօր մեզ համար հիմնական խնդիր է հանդիսանում Դարբաս գյուղի գրադարանի վերանորոգումը և գրքերին խնամված տեսք հաղորդելը: Աշխատանքային 3-րդ օրն էր: Աշխատեցինք ակտիվ, ծանրաբեռնված և, ամենակարևորը, բարձր տրամադրությամբ: Վրեժը օգնելուց բացի նաև կատակներ էր անում՝ ապահովելով անհրաժեշտ բարձր տրամադրություն: Սիրեցինք այս աշխատանքը և սիրով պատրաստվում ենք աշխատել մի քանի օր ևս: Կատակներ, երաժշտություն, բանաստեղծություններ: Հեղինակների անունները ընթերցելիս յուրաքանչյուրիս միտքը փայլատակում էր, վեր էին հառնում այն բանաստեղծությունները, որոնք ժամանակին սովորել և սերտել էինք: Սկսում էինք Սևակից ավարտում Լենին պապիկով: Եվ այս ամբողջը ջերմության պաշար էր, որը ցանկացանք թողնել այդ հնամաշ գրքերի էջերում: Այդ գրքերին ջերմություն էր պետք, իսկ մենք՝ ներկայիս սերունդը, կարողացանք այդ ջերմությունը մեզնից զատել և նվիրել նրանց: Դե, չէինք կարող մոռանալ 21-րդ դարի հեղափոխություն կատարողին՝ Իչային: Ամենքս «Մերժվածը» սերիալից մի դրվագ էինք մեջբերում:
-Դերենա-դերենա-դերենա՜, տու դե հի-ի՜ ուտըրը՜ն:
Երգում էինք և ծիծաղում: Աշխատանք, որը դարձել էր մեր օրվա մի մասնիկը: Յուրաքանչյուր աշխատանք պետք է դառնա սիրելի: Եթե չսիրենք կատարվելիք գործը, երբեք լավ արդյունքի չենք հասնի:
Յուրաքանչյուր տարածքում պետք է լինի գրադարան, որը կլինի բարեկարգ վիճակում և իր մեջ կպահպանի մշակութային ժառանգությունը, որը զետեղված է մի աշխարհում՝ գրքերի աշխարհում:



Մի ընտանիքի երկու տարբեր բևեռներ՝ ես և քույրս, և արվեստի մի ոլորտ՝ նկարչությունը: Եթե քույրս պատկերը նկարում է վրձնով, հատ-հատ, գծանկարելով, ավելի դանդաղ, ապա ես դա անում եմ ֆոտոխցիկի կոճակի մի հպումով՝ թեև ունենում եմ նույն էմոցիան, ինչ քույրս՝ վրձնով նկարելիս:
Երբ հասկացա, որ ինձ հարազատ է լուսանկարչությունը, սկսեցի ամեն մի երևույթի նայել այլ աչքերով և տեսածս մի այլ ձևով ընկալելով՝ լուսանկարել: Սկզբից չէր ստացվում, բայց հետո ֆոտոխցիկս տեսնում էր այն, ինչը գեղեցիկ է և ինչը յուրահատուկ է: Լուսանկարներում արտացոլում էի բնության գեղեցկությունը: Բայց որքան շատ պատկերներ էի սկսում լուսանկարել, այնքան ավելի էի հասկանում, որ լուսանկարչությունը շատ ու շատ բարդ է: Պետք է լուսանկարել այնպիսի երևույթներ, որոնք տեսնելիս մարդկանց մոտ կառաջանա մի այլ, առանձնահատուկ զգացմունք: Լուսանկարչությունը ինձ համար արվեստի այն ոլորտն է, որտեղ շարունակում եմ փնտրել ինձ և կարծես թե գտնում եմ այդտեղ դրսևորվելու իմ ուղին: Արվեստն այդ կերպ է արտացոլվում իմ մեջ:
Քույրիկիս նկարները, թեև դեռ այնքան էլ հաջողված չեն, բայց կարծում եմ, նա դեռ նկարելու է եզակի և տարբերվող նկարներ: Չէ՞ որ նա արվեստի հետ է: