armine karapetyan

Ինչպես սովորել պատմություն

-1988 թվականի փետրվարին շատ իրադարձություններ կան՝ համարյա իրար հետևից, ուշադիր կլինեք, քննությանը լինում են… 1988-ի փետրվարին սկսվել է Արցախյան շարժումը։

Այսպես սկսվեց մեր պատմության դասը, երբ ընկեր Բաղդասարյանը իրեն հատուկ առոգանությամբ բացատրում էր դասը և «ստիպում», որ առանց աչքերը փակելու՝ այդ իրադարձությունների մասնակիցը դառնանք: Իրականում պատմության ժամերին մեզնից շատերը «դասարանը լքում են», հետ տալիս ժամանակի հսկայական անիվն ու մտքով հասնում ոչ այնքան հեռու՝ 20-րդ դար, ակամա դառնում պատմության կրողն ու ականատեսը: Ու պատմության քառուղիներում իրականացրած էքսկուրսիայից հետո՝ մեր գլխում հարցերի տեղատարափ է սկսվում, միտքն ալեկոծվում է, ու հարցերն ասես ռմբակոծում են ուղեղը:

Այս դասը բացառություն չէր. չգիտեմ՝ ինչու, 90-ականներն ինձ համար բավականին հետաքրքիր շրջան են, որն իր մեջ ներառում է նաև կյանքի ու ազատության համար մղված հերոսական պատերազմը: Ու դրա համար էր, որ երկրորդ պարբերությանը չհասած՝ ընդհատում էինք ուսուցչին ու հղում մեզ հուզող հարցերը:

Ընկեր Բաղդասարյանն արցախցի է ու անցել է թե՛ արցախյան գոյամարտի, թե՛ ապրիլյան քառօրյա մարտերի թոհուբոհի միջով: Ու այն հարցից հետո, թե ինչպես էր մշակված «Կոլցո» օպերացիան, սկսվեց իրական հարց-պատասխանի հեղեղ: Պատմածներն իսկապես շշմեցնող ու հպարտացնող էին: Մեկ-մեկ զարմանում էի մեր ազգի կամքի, զորության ու հավատի վրա:

Պատմում էր, որ եղել են օրեր, երբ ադրբեջանցիները 2000-2500 գրադ կայան են նետել Ճարտար գյուղի (այժմ՝ քաղաք) վրա, իսկ այդ ժամանակ գյուղացիները զբաղված են եղել իրենց առտնին գործերով:

-Մենք հավաքվել էինք հորքուրենց տանը՝ համարելով, որ դա ամենաապահով վայրն էր պատսպարվելու համար, որովհետև բավականին հաստ պատեր ուներ: Մի քանի ընտանիքներ մի քանի տարի ապրել են միևնույն հարկի տակ: Ու այնժամ, երբ թշնամին անդադար ռմբակոծում էր բնակավայրը, մենք թութ էին թափ տալիս, դոշաբ էինք պատրաստում ու ստեպ-ստեպ դուրս գալիս՝ տեսնելու արդյոք կրակը մարել էր, թե ոչ…

-Բա ձեզ բան չէր լինո՞ւմ, չէիք վախենո՞ւմ:

-Ես 4-5-րդ դասարանի երեխա էի, բայց շատ լավ հիշում եմ, որ մեր գյուղի 4 տոննայանոց ջրհորում ոչ մի գրամ ջուր չէր մնացել. հրդեհ էին հանգցրել: Մի անգամ կրակի բոցերը հասել էին մեր տանն ու բոլորը՝ ծանոթ, անծանոթ, տարածքից հեռացնում էին փայտերն ու այն իրերը, որոնք կարող էին նպաստել հրդեհի տարածմանը: Ու այդպես նրանք փրկեցին մեր տունը:

-Ընկեր Բաղդասարյան, որ Ձեր գյուղը գրավեին, հետո ի՞նչ էր լինելու, հասնելու էին Ստեփանակերտ ու վե՞րջ:

-Դե, իրենց ռազմավարական պլանի համաձայն՝ նրանք ցանկանում էին օղակել Արցախը, հայաթափել Շահումյանի շրջանը: Բայց դա նրանց չհաջողվեց:

-Երեխեք, ինչ հետաքրքիր ա, չէ՞: Էնքան կուզեի գոնե մեկ օր ապրեի էդ ժամանակներում,- ասում էի ես՝ մեկը, ով ապրիլյան քառօրյային արցունքն աչքերին հետևում էր լուրերին, ու ամեն կորուստի հետ թևաթափ լինում, ամեն հաղթանակով՝ թևավորվում:

-Երբ մերոնք սկսեցին ազատագրական մարտերը, նրանք ատամ էին կռճացնում, որ պարտվել են, ու մի օր էլ ադրբեջանական մի ջոկատ մտնում է սահմանամերձ Նախճիվանիկ, Վարազաբուն և Փրջամալ գյուղերը՝ նպատակ ունենալով գերի վերցնել Նինա անունով բժշկուհու, ում ամուսինն ու որդին Մարտունու գլխավոր ճակատների հրամանատարներից էին: Ադրբեջանցիներին հաջողվում է Նինային և ևս 9 այլ կանանց գերեվարել, ու երբ Նինային ստիպում են, որ իր ամուսնուն ու որդուն հետ կանչի ռազմի դաշտից, վերջինս հրաժարվում է: Այդ դեպքից հետո անցնում են տարիներ, և այդ տասը կանանց մասին ոչ մի լուր չի ստացվում: Միան պատերազմի ավարտից հետո՝ շատ տարիներ անց, Ռոստովում ապաստանած մի ադրբեջանցի հարևանին պատմում է իր հայրենակիցների վայրագությունների մասին ու ամաչում դրանց համար: Ու գիտե՞ք՝ ինչ է պարզվում, որ ադրբեջանցու հարևանը հենց վերոնշյալ Նինայի համագյուղացին է եղել: Նրա պատմածի համաձայն՝ Նինային և ինը կանանց անասելի տանջանքների ենթարկելուց հետո, նետել են խոր փոսի մեջ և ողջակիզել: Համագյուղացին նյութը ներկայացնում է թերթին, որով էլ կանանց հարազատները տեղեկանում են նրանց դաժան ճակատագրի և տխուր վախճանի մասին:

Զլը՛նգ…

-Վա՛յ, երեխե՛ք, դասը չհասցրի. չէ, չսովորեք, կբացատրեմ՝ նոր, բավականին շատ իրադարձություններ կան:

Զանգը տվեց, ու ես, որ հայտնվել էի այդ իրադարձությունների կիզակետում, սթափվեցի: Մինչ ուսուցչուհին պատմում էր, աչքերումս արցունքները սառել էին, ու հազիվ էի զսպում հուզմունքս:

Աշխարհում կան մարդիկ, որոնք ծնվել են որ ավիրեն, ոչնչացնեն ու սպանեն իրենց շուրջը: Ու չգիտեմ՝ ինչից է, ամեն անգամ Հայաստանի, Արցախի մասին լսելիս՝ հպարտությունից աչքերս լցվում են:

Մենք անկախության սերունդն ենք:

Syuzanna Arshakyan

Համարձակ ուսանող-լրագրող

-Լավ է գործել սխալ, հետո ներողություն խնդրել, քան հարցնել ու մերժում ստանալ։

Սա լրագրության ֆակուլտետի առաջին կուրսեցու և դասախոսի խոսակցության վերջաբանն էր։ Ես՝ ուսանող-լրագրողս, դեռ առաջին կուրսում տարված բազում նոր գաղափարներով, մտքերով, ամեն միտքս կյանքի կոչելուց առաջ վազում էի դասախոսներից ամենափորձառուի մոտ ու նրանից բոլոր ճանապարհներով փորձում հասկանալ՝ կարելի՞ է արդյոք անել այն, ինչն այդքան ժամանակ մտածում էի (կլիներ դա հարցազրույց կամ որևէ վտանգավոր նյութի հրապարակում), անկասկած վախենում էի, բայց ամեն անգամ փորձառուից մերժում ստանալով ու «չի կարելի»-ներ լսելով՝ հիասթափվեցի թե՛ մասնագիտությունից, թե՛ գաղափարներից, որոնք մտածել էի։ Դասախոսն ի վերջո զգաց հարցերիս բացակայությունն ու ինքը որոշեց հարց տալ։

- Հը՞, ո՞ւր են հասել գաղափարներդ։

-Հասել են Ձեր «չի կարելի»-ներին ու կանգ առել։

-Ափսոս, մի շաբաթ շարունակ սպասեցի, որ տեղադրես նյութդ համացանցում։

-Բայց մերժեցիք, ասացիք՝ չի կարելի։

-Լավ չէ՞ր լինի՝ հիմա երկու րոպե գլուխդ կախ ներողություն խնդրեիր, բայց դասից հետո շտապեիր խմբագրություն, որպես համարձակ լրագրող-ուսանող, որ արդեն մեկ ուրիշն է։ Իսկ դու վախեցար սխալվել։ Համարձա՛կ եղիր, դու լրագրող ես, կարիք չկա հարց ու փորձ անել, երբ հստակ նյութ և գաղափար ունես, իրագործի՛ր, հարկ եղած դեպքում՝ ներողություն կխնդրես ու կսովորես՝ ինչն է կարելի, ինչը՝ ոչ։

-Իզուր Ձեզ լսեցի։

-Այս դեպքում, իհա՛րկե։ Սովորիր կերտել քո ճանապարհը, իսկ իմ անցած ճանապարհում դա չէր կարելի, լավ է գործել սխալ, հետո ներողություն խնդրել, քան հարցնել ու մերժում ստանալ, կոչվել «համարձակ» ուսանող-լրագրող։

unnamed

20 րոպեում

-Տիգրա՛ն ջան, իջի՛ր, հասել ենք:

Մեր ավտոբուսային կոլեկտիվի յուրաքանչյուր անդամ մտքում հոգոց հանեց ու ուրախացավ: Տիգրանը օրորվելով իջավ տեղից, բռնեց կանգնած մոր ձեռքն ու դուրս եկավ: Ավտոբուսում կաթիլ-կաթիլ կուտակված լարվածությունը հետևեց Տիգրանի օրինակին:

Նրա կողքին նստած երիտասարդը թուլացավ, ինչպես ատամնաբույժի աթոռին են թուլանում գործը ավարտելուց հետո: Իրար մոտ նստած կանայք վերսկսեցին արդեն վաղուց կիսատ թողած` պատուհանը բացել-փակելու վեճը, խորքում կանգնած տղամարդիկ էլ` իրենց քաղաքական դեբատները: Ջահելների ականջակալներից տարբեր ոճերի երաժշտությունները խառնվեցին իրար, հասան վարորդին ու հիշեցրին, որ արդեն երկար ժամանակ է, ինչ ոչ մեկին նկատողություն չի արել: Մեր երջանկացած ավտոբուսը սլացավ հեռու-հեռու, ուր ոչ Տիգրանը կար, ոչ էլ իր մայրը: Շուտով կհասնենք տուն ու բոլորս միահամուռ կերպով կմոռանանք մեր երթուղային կյանքի վերջին 20 րոպեները, որոնց ընթացքում մանկական շորտերով ու լրիվ մեծական դեմքով 30-անց Տիգրանը ավտոբուսի կենտրոնում նստած անդադար խոսում էր, գոռում, պատմում էն աշխարհներից, որտեղ մենք չենք եղել ու հաստատ չէինք ուզի լինել: Իսկ նրա մայրը, որը վաղուց արդեն այն տարիքի չէր, երբ երեխաներիդ պետք է ինչ-որ տեղ ուղեկցես, մեղավոր ժպիտով նայում էր շուրջն ու կրկնում.

-Տղաս է, ինչ արած։

Ինչ արած, մեր կոլեկտիվի անդամներն էլ գլուխերը թմփթմփացնում էին, կարեկցանքով ու վախով նայում, կամ էլ աշխատում հայացքները թաքցնել, մինչև չլսվեցին այնքան երկար սպասված խոսքերը.

-Տիգրան ջան, իջի՛ր, հասել ենք:

Սարոյանն ասում էր, որ ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է: Կարող եք փոխանցել, որ երեքշաբթի օրը մեծ, մանուշակագույն ավտոբուսի ուղևորները սխալը գտել են:

787

Մի քիչ ժամանակ

Ժամանակը անցնում է ոմանց համար դանդաղ, ոմանց համար արագ: Արդյունքում գալիս է պահ, որ նայելով ձեռքիդ կապած սև գույնը կրող ժամացույցիդ՝ նկատում ես, որ սլաքները վազում են, և հասկանում ես, որ ուշանում ես ինչ-որ կարևոր հանդիպումից:
Ամիսների, տարիների ընթացքում այնքան ես շտապել գործերով, որ մնացածի համար ժամանակ չի մնացել, մնացածի մասին չես մտածել:
Իսկ այդ մնացածն էլ երևի զրույցներն են՝ կիսատ թողած, հանդիպումներն են, որոնցից ուշացել ես, սուրճն է, որ աշխատանքի շտապելու պատճառով չես խմել, զբոսանքներն են քաղաքի մայթերով, որոնց համար անգամ ժամանակ չես ունեցել:
Իսկ հիմա շտապում ես, որ չուշանաս, կանգնեցնում ես ժամիդ սլաքները, որ քեզ համոզես թե շատ ժամանակ ունես, որ կյանքը առջևում է…

Քնիր

Եթե արթնացել ես առանց նպատակներդ իրագործելու ցանկության, ապա քնիր:
Հա, հենց այդպես է ասում ընկերներիցս մեկը:
Նկատի ունի՝ ում է պետք առավոտյան արթնանալը, եթե ոչ մի քայլ չի անելու նպատակին հասնելու համար, թող ինչքան ուզում է՝ քնի:
Նպատակներին հասնելու ճանապարհներով մարդիկ առաջ են վազում, մեկը ընդունվում է բուհ, սովորում՝ մտածելով, որ դիպլոմ ունենալով՝ հեշտությամբ աշխատանք կգտնի, մեկ ուրիշը այնքան փող ունի, որ գնում է այդ դիպլոմ կոչվածը՝ առանց գիրք բացելու, կարդալու, մեկն էլ, որ հնարավորություն չունի բուհ ընդունվելու՝ սկսում է աշխատել, սկսում է ամենաչնչին աշխատավարձով աշխատել, հավաքում է գումար ու կյանքի է կոչում իր վաղեմի նպատակները:
Մեկը հազար ծանոթ է խառնում՝ ընդունվելով բարձր վարձատրությամբ աշխատանքի, հետո ցած է ընկնում իր հասած բարձունքից:
Մեկ ուրիշն էլ առանց որևէ մեկից օգնություն խնդրելու բարձրանում է վեր ու պայքարում է բարձունքում մնալու համար:
Եթե արթնացել ես ու չես մտածում բարձունքներ նվաճելու մասին, քնիր…

Հրաժեշտ

Հրաժեշտներ կան անժամանակ, հրաժեշտներ էլ կան՝ մտածված:
Երկու դեպքում էլ ցավոտ է, մեկ հրաժեշտ տվողն է ցավ զգում, մեկ էլ նա, ում հրաժեշտ են տալիս: Հրաժեշտներ կան, որոնց ժամանակ լռություն է տիրում: Լավ մնա, գնում եմ, մնաս բարով…
Կարելի է անվերջ թվարկել հրաժեշտի բառերը, կամ մի երկար ճառ գրել:
Հրաժեշտների ժամանակ հրաժեշտ տվողներից մեկը հեռանում է՝ առանց հետ նայելու, մյուսը մնում է տեղում կանգնած՝ սառած հայացքով, թաց աչքերով:
Հաճախ հրաժեշտ են տալիս՝ հետ գալու հույս տալով սպասողին: Բաց են թողնում ձեռքդ դանդաղ՝ աչքերիդ մեջ նայելով, վերջին անգամ գրկելով ու գնում են:
Մեկը միշտ սպասողի դերում է, մինչ այն պահը, երբ գիտակցում է, որ հրաժեշտ տվողը չի գալու: Մնալու են հիշողություններ հրաժեշտի օրվա դրվագներից: Դե չէ, այդ դրվագները հիշելով՝ ֆիլմ չես նկարի, բայց քո պատմությունը գրել կկարողանաս:
Գուցե մի օր ինքդ լինես հրաժեշտ տվողի դերում: Կտա՞ս հրաժեշտ քեզ սիրողին, թե՞ կդժվարանաս բառեր արտաբերել, ու կգնաս՝ լուռ, առանց հետ նայելու:
Հրաժեշտներ կան, որ անխուսափելի են, գուցե և անհրաժեշտ…

Աշուն

Դեղնակարմրավուն տերևները գամվել են ծառերին ու աշնան մասին մի երգ են երգում, որ միայն իրենց է հայտնի: Աշնան մասին բանաստեղծություններ են ձոնվում, երգեր են գրվում, ու դեռ գրվելու են, քանի կան գրողները և անդավաճան մուսան:
Մի սովորական օր արթնանում ես ու հասկանում, որ բոլոր նոյեմբերները անցնում են ու հիշեցնել տալիս աշնանային օրերի յուրահատուկ պահերը, որ ունեցել ես: Աշունը անցնում է, իսկ հիշողությունները այն մնայուններն են, որոնցից ազատվելու տարբերակներ չկան:
Բոլոր նոյեմբերներն անցնում են՝ իրենց հետևում թողնելով աշունները, և ձմեռների սկիզբն ազդարարվում է:
Աշուններին կարոտ մի աղջնակ դեռ սպասում է աշնան սիրահարի վերադարձին:

Անքնություն

Բա լուսինը արթուն չլինե՞ր, հետը խոսեի:
Մտքեր կան, որ մնում են ներսումդ կուտակված, շուրթիդ ծայրին, բայց դժվարանում ես արտաբերել, դժվարանում ես սիրտդ մեկի մոտ բացել, որովհետև չունես այնպիսի մեկին, որը կհասկանա քո բառերը, քո ներսում տեղ գտած իրականությանը կկարողանա նայել պարզ աչքերով, ու չկա մեկն, ով կհասկանա լռությունդ:
Անուններ կան, որ շուրթերիդ դաջված են մնում, այդ անունները մնում են հոգուդ խորքում, մեկ-մեկ հիշում ես: Բայց բարձրաձայն արտաբերելու իրավունք չունես:
Գիշերները երկնքին ես նայում, ու մտածում ես, թե ինչու է լուսինը ամպերի տակն անցել, գոնե մտքերով կկիսվեիր հետը, իսկ լուսինը չէր մեղադրի, կլսեր:
Անքուն գիշերներիդ զրուցակիցը կլիներ լուսինը, մինչ այն պահը, երբ սև ամպերը կծածկեին նրան, կամ կբացվեր առավոտը: Իսկ առավոտյան տխրությունդ թաքցնող դիմակը կվերցնես ու կշտապես դասի կամ աշխատանքի:
Լուսինը արթուն լիներ, անքուն գիշերներիս մտքերը պատմեի, մտքերս առներ, տաներ հետը, գոնե լուսադեմին քնեի…

aneta baghdasaryan

Սանդուղքի էֆեկտն ու ես

-Եթե մի քիչ էլ նայես մութ մատերիայի նմանվող սև թեյիդ, ինչ-որ պահի ինքն էլ քեզ կնայի,- կասեր Նիցշեն, եթե հիմա ինձ տեսներ։

Բարեբախտաբար կողքիս ոչ մի փիլիսոփա էլ չկա, ու ես կարող եմ հանգիստ շարունակել «հիանալ» թեյի միջի արտացոլանքովս։ Արտացոլանքը նայում էր ինձ, և այստեղ ոչ մի փիլիսոփայություն էլ չկար։ Հոգնածությունը մի քանի ժամ առաջ կատարվածը ջնջել էր այս օրվանից, կարծես թե այն երբեք էլ չէր եղել։ Թեյի բաժակը երկու կողմից գրկած ձեռքերիս ափերն այրվում էին դրա՝ միևնույն ժամանակ և՛ հաճելի, և՛ անտանելի տաքությունից։ Ցանկանում էի խեղդվել այդ թեյի մեջ, որ գոնե այս պահին մոռանամ ամեն ինչ ու էլ ոչ մի բանի մասին չմտածեմ։ Բայց պետք էր ընդամենը մի պահ մտածել այլևս չմտածելու մասին, և ուղեղն այդ պահից սկսած ամեն ինչ կանի, որ միայն ու միայն մտածես։

-Այսպես անիմաստ նստելու փոխարեն գոնե խմի այդ թեյը,- կասեր նույն Նիցշեն, որը շարունակում է չլինել այս սենյակում։

Բաժակը մի կողմ դրեցի ու ավելի հարմար տեղավորվեցի բազմոցի անկյունում, գլուխս հենեցի ինչ-որ փափուկ կետի։

-Լավ, ինչի՞ չհակաճառեցիր, ինչի՞ չընդհատեցիր, որ ասես, որ ունես բոլոր հարցերի պատասխանը։ Էդ ձևական քաղաքավարության կանոններն էլ հենց փչացրին ամեն ինչ։ Սպասում էիր՝ վերջացնի միտքը, նոր պատասխանե՞ս, իզուր։ Դե հիմա այսպես նստիր ու կատաղիր ինքդ քեզ վրա, որովհետև էլ ոչ մի բան չես կարող փոխել։

Վստահ եմ՝ դու էլ ես կյանքում գոնե մեկ անգամ այսպիսի մտքեր ունեցել։ Երբ որևէ մեկի հետ վիճել ես ու չես կարողացել պատասխան տալ ինչ-որ հարցի․ ուղղակի ի վիճակի չես եղել դիմացինիդ ասածին պատասխանել, ապացուցել քո արարքը, արդարանալ, կամ ուղղակի խոսել։ Հաստատ պատահել է։ Ու այդ ամենից հետո տուն տանող ճանապարհին՝ ավտոբուսում կանգնած, դու միևնույնն է, շարունակում ես մտածել այդ դեպքի մասին ու փորձում դրան ճիշտ լուծում տալ, բայց արդեն ուշ է։

Իրականում այս երևույթն անուն ունի՝ «սանդուղքի էֆեկտ», որը համարժեք է ռուսերեն «задним умом крепок» ասացվածքին։ Այսինքն՝ որևէ անախորժ իրավիճակի ժամանակ մարդն ի վիճակի չի լինում նույն պահին խոսել կամ արտահայտվել, և միայն դրանից հետո՝ չափազանց ուշ, նրա մոտ առաջանում են հանճարեղ պատասխաններ։ Իսկ «սանդուղքի էֆեկտ» անվանումն առաջացել է դեռևս Ֆրանսիայում, երբ փիլիսոփա Դենի Դիդրոն պետական գործիչ Ժակ Նեկկերի առանձնատանը ճաշելիս նկատողություն է ստանում, որին պատասխանելու փոխարեն պարզապես լռում է։ Եվ միայն տան սանդուղքով իջնելիս է կարողանում պարզ և խելամիտ դատել իրավիճակն ու մտքում տալ անթերի պատասխաններ։ Հենց այստեղից էլ եկել է սանդուղքի գաղափարը, որն էլ հետագայում դարձել է կայուն արտահայտություն։

Իմանաս դու սա, թե չէ, միևնույնն է՝ շարունակելու ես նմանատիպ իրավիճակներում ոչինչ չանել, որ հետո ափսոսես չարածիդ ու չասածիդ համար։ Կամ հակառակը․միգուցե նման դեպքեր քիչ են պատահել քեզ հետ, որովհետև դու միշտ վստահ ես եղել քո արածի ու ասածի վրա։ Չեմ կարող հստակ ասել։ Ու չեմ էլ ուզում։ Չեմ ուզում խորհուրդ տալ կամ էլ խրատել։ Ոչինչ էլ չեմ ասի, որովհետև սուտ է։ Սուտ է մի մարդու այս ամենն ասել ու համոզել, որ նա անի հակառակը։ Ի՞նչ է փոխվելու նրա կյանքում, այս ամենն իմանալուց հետո։ Անվանի նա այս ամենը սանդուղքի, ավտոբուսի կամ էլ պատուհանի էֆեկտ, միևնույնն է, շարունակելու է մնալ նույն մարդը, շարունակելու է լռել, երբ պետք է խոսել, ամոթից չիմանալ՝ ինչպես արձագանքել իրեն ուղղված հարցերին։ Չի անի ոչինչ, որ հենց լքի տարածքն ու լինի ինքն իր հետ, ուշքի գա, սկսի մտորել ու ջղայնանալ։ Մտքում կառուցել իդեալական սցենար լավագույն ավարտով, որի մասին կիմանա միայն ինքը։

Ձեռքս տարա դեպի թեյի բաժակը, էլ տաք չէր։ Հավես չունեմ նորը սարքելու։ Եթե այսքան անիմաստ բաների մասին չմտածեի, միգուցե հասցնեի տաք թեյից գոնե մի քանի կում անել։ Ալարում եմ նորը պատրաստել։ Սարքելու եմ ու նորից մոռանամ, էլի սառի։ Գոնե Նիցշեն այստեղ լիներ, միասին կթեյեինք։

Gohar Grigoryan

Բիթլային դեցիբելներ

Տանիքներից
Փոլը կանչում է իր Միշելին,
իսկ
ես մրսում եմ քեզնից…

Մի քանի շերտ տխրություն է
թաղվել վաղվա մեջքին,
երակներովս երեկներն են թավալվում,
աշխարհը քեզ չի նայում թմրամոլի ժպիտով,
իսկ դու աշխարհին խաբում ես Լենոնի ակնոցով…
Երազել ինչ-որ
գունալիք մոլորակ
անլռության գծերով
***
Երկինքներում աստղերը ռոք-ըն-ռոլլ են պարում
առանց մեզ
(Imagine there)։
Ես չունեմ ինձ քո մեջ։
Սուզվող խելագարների մեջ երեքով ենք՝
ես
Փոլի ձայնն
ու
Միշելի ուրվականը
***

(Imagine there)
Փոլը շարունակում է սիրել իր Միշելին, ես բզեզե դեցիբելներ եմ նետում անցորդների վրա, որ երևի արդեն երազացել են կամ էլ ծխախոտացվել ալկոհոլում։
***

(Imagine there)
Պատերի մեջ եմ,
առաստաղի վրա կամ
հատակի տակ։
Ինձ մոտ դրանք նույնն են,
իսկ պատեֆոններիցս ներս
Փոլը ատում է իր Միշելին
I hate you i hate you i hate you, Michelle my belle
***

Հիմա անուններ չկան,
ուղղակի սիրվում են աղջիկները,
And I Love Her,
լքվում ու լքում,
լքել են տալիս ու հետո լալիս։
Գիտես՝
մտածում եմ,
եթե Ջոնը սիրել է Յոկոյին,
դու պարտավոր էիր ինձ սիրել։
Ծիծաղի նոպա։
Գիտեմ՝
ես ուրիշի Յոկոն եմ,
դու՝ ուրիշի Ջոնը։
Ես 13 անգամ լքել եմ քեզ սրտիս լուսամուտից, Ջոն,
որտեղ գետնամկներ չկան,
միայն թմրած ինքնախաբեություն,
ու 465 անգամ խցկվել քո կողպված ծոցագրպանի մեջ։
***

Երեկ…
Yesterday… All my troubles…
դու փնտրվող հեռու էիր քամված մոտիկ ճահճից,
իսկ ես ուղղակի դու,
ու բոլոր խնդիրները կարել էի երեկվա
հեռվիդ
ու
չէի կարող վերադառնալ ինձ մոտ,
որովհետև այնքան լավ էր դու լինելը։
***

Ես գտա ինձ, Ջոն, քո երգերում
(Ես միշտ էլ երգ եմ եղել)
Երգվել եմ, քան թե երգել
Ես գտա ինձ, Ջոն, քո թղթերում
(Ես միշտ էլ բառ եմ եղել)
Գրվել եմ, քան թե գրել։
***

Ջոն, ես՝
A Day in The Life
Դու՝ A Life in The day
***

Փողոցները քրտնել են մարդկանցից,

բառերը վերջանում են խանութներում,

կոշիկները վազում են չարդարացված,
ահա, լռությունը ուր որ է կմեռնի ակորդեոններից հեռու,
իսկ ես դատարկվում եմ քո մեջ,
դատարկվում՝ ջազի պես,
քաոսանում անվերջ
ու լցվում կոտրված լռության մարմնի մեջ։
Ես գիտեմ՝
որ իմ բոլոր նախորդ կյանքերում
լռություն եմ եղել
ու իմ սին մեղքերի համար
ես դարձել եմ ես,
կորցրել եմ ինձ
իմ հորինած տասնյոթ և ավել մեղքերում,
թաքնվել իմ ու բոլորի հաջորդ կյանքերում,
ինչպես ճապոնացի հիքիքոմորի
հույսով միայն,
որ դու քո կյանքերից մեկում
կգտնես ինձ մտքերիդ տակ ծխելիս կամ փշրվելիս։
Մայթերը հիվանդանում են մարդկանցով,
գլխարկները գլխապտույտ ունենում,
առօրյան շարունակվում է սրտի ջանքերի հաշվին,
իսկ
մարդիկ չափում են ցավը դոլորիմետրերով.
ես չափում եմ ամեն ինչ
քո չլինել-ներով,
ու գիտեմ, որ չեմ դիմանա 45 քո չլինելու ցավին,
ինչպես չեն դիմանում ժամանակին կամ լռությանը։
Մենք գիտենք, որ
ես չեմ բուժվելու քեզնից,
ինչպես չեն բուժվում կյանքից կամ իրենք իրենցից։
Մենք գիտենք,
որ բոլոր կատուների կյանքերը մեզ չեն հերիքի մի կյանքաչափ իրար գտնելու
կամ աչքերիդ գույնը վերջապես հասկանալու համար…
Մարդիկ մեռնում են մարդկանցից,
բառերը մոլորվում բերաններում,
իսկ լռությունը անիմաստ բան է հիմա…
Իմ բոլոր նախորդ կյանքերում
ես եղել եմ ես
և իմ սին մեղքերի համար
ես դարձել եմ դու…

Photo Yeva

Հանկարծ չժպտաս

Բարև՛, ամենածանո՛թ անծանոթ։ Դու ինձ ամեն օր հանդիպող պատահական անցորդն ես։ Դու երթուղայինում ողջ ճանապարհին քո անդադար հեռախոսազրույցով իմ ուղեղի աշխատանքը վաղ առավոտից խաթարողն ես։ Դու այն մանուկն ես, որի լուսավոր աչուկները փայլում են անհոգ մանկությամբ։ Դու ամեն առավոտ մեր մաշված, բազմաչարչար ու աղբին մի կերպ դիմադրող փողոցները ջանասիրաբար ավլողն ես։ Դու հեռուստատեսությամբ, ռադիոյով, տպագիր կամ օնլայն մամուլով ամեն օր բոլորիս հիացմունքի, հպարտության, զարմանքի, երբեմն վախի, զայրույթի, արդար անարդարության ու կողմնակալ անաչառության մասին շոկային լուրեր հաղորդողն ես։ Դու ժամերով հեռախոսի գերի դարձած ու ժամանակի սահմաններից դուրս մնացած աննապատակ թափառողն ես։ Դու մարդկային հույզերը գրչի լուռ ու մարդկանց սրտի հետ խոսող լեզվով գրքերը ներարկող ցնդած պոետն ես։ Դու ամենախոսուն երաժշտության ու քո հանդարտ ձայնի ամենանուրբ լարերով մարդկանց կողպված հոգիների հետ անվերջ զրուցող ու դրանց ազատություն շնորհող ամենատաղանդավոր ու ամենախենթ երաժիշտն ես։ Դու տարիներ ի վեր մարդկային կյանքեր փրկող ազնիվ ու խելացի բժիշկն ես։ Դու սոցկայքերի ամենահավատարիմ ու անդավաճան ամենաներկա բացական ես, դու… Դու ամենաանհայտ ու հայտնի դուերը քո մեջ ներառող ամենահզորն ես, ուստի քո թույլտվությամբ մի փոքր կզրուցեմ քեզ հետ ու մի բան կասեմ․

-Մի՛ ժպտա, խնդրում եմ, որովհետև քո ժպիտը կարող է մի երջանիկ ակնթարթ պարգևել ինձ, որովհետև քո մի ժպիտը կարող է հիշեցնել ամեն վատի անցողիկության մասին։ Մի՛ ժպտա,որովհետև դա կարող է երբևէ ստեղծված ամենաուժեղ դեղամիջոցը լինել։ Մի՛ ժպտա, որովհետև դրանից խավար ցերեկը կարող է ամենալուսավոր գիշերվա վերածվել։ Ուղղակի ապրիր այնպես, կարծես ոչինչ չի կատարվում շուրջդ․ չէ՞ որ անտարբերությունը մերօրյա թրենդ է դարձել։ Առավոտյան հենց աչքերդ բացես, միանգամից հիշիր թե որքան ծանր, անտանելի, երկարատև, հոգնեցուցիչ, ծանրաբեռնված օր է սպասվում քեզ։ Հանկարծ չմտածես, որ օրդ կարող է լցվել ուրախության մանրագույն պատառիկներով, որ դու կարող ես այսօր մի փոքր այլ կերպ նայել կյանքին՝ անդադար լցնելով այն լայն ժպիտով, ամենահարազատ ջերմությամբ, արդյունավետ աշխատասիրությամբ, սիրելիների հետ հանդիպումներով, անցյալի անմոռանալի հիշողություններով, ապագայի ամուր հավատով, ու ներկայի ամեն վայրկյանի հաստատուն զարկերակով։ Ոչ։ Ոչ մի դեպքում։ Գորշ մռայլությունը պետք է քո ամենասիրելի ու անբաժան բարեկամը լինի ու դու պետք է թույլ տաս, որ կողքիններդ էլ օգտվեն նրա ծառայություններից, անգամ եթե նրանք չեն ուզում։ Ինչպե՞ս կարող ես անել դա։ Ամեն ինչ շատ պարզ է։ Երբ առավոտյան երթուղային բարձրանալիս լինես, ու շատ սպասողներ լինեն, ամեն կերպ հրի՛ր բոլորին մի կողմ ու առաջինը դու բարձրացիր։ Մյուսներին անշնորհք ձևով դեն նետելն ու անկուշտի պես երթուղայինը սեփականցնելը աննկարագրելի զգացում է ու գովասանքի արժանի արարք։ Հենց այդ պահին դու կզգաս սկզբնական արդյունքը․ բոլորը քեզ կնայեն նյարդայնացած, ագրեսիվ ու արհամարհանքով, մինչդեռ առավոտյան ժամը ութն է, ու ամբողջ օրն առջևում է։ Ճանապարհին հայացքդ սառն ու անտարբեր թող լինի։ Երբևէ չառաջարկես կանգնածի հիսուն կիլոգրամանոց գերծանր պայուսակը պահել, որովհետև դա կնշանակի, որ ուզում ես օգնել դիմացինիդ։ Մի՞թե պետք է օգնել դիմացինին։ Օ ոչ, դա այնքան էլ տարածված չէ մեր օրերում։ Հիմա պետք է չնկատելու տալ ուշաթափվող անցորդին, այն տատիկին,որը խնդրում է հեռախոսի վճարում կատարել, քանի որ ինքը ժամանակակից տեխնոլոգիաներին այնքան էլ լավ ծանոթ չէ։ Պետք չէ առանց փողի քեզնից տարիքով փոքր ուսանողին ինչ-որ դաս բացատրել․ չէ՞ որ դա այսօր միամտություն է կոչվում։ Այսօրվա արժեքները գերզարգացած տեխնոլոգիաներ են, բայց այնքա՜ն զարգացած, որ դեռ չենք կարողանում վերհանել նրանց բուն էությունը։

Լավ, շարունակենք մեր երթը։ Երբ իջնես երթուղայինից ու ուղևորվես դպրոց, համալսարան կամ աշխատավայր, չմոռանաս կրկին անցորդներին «պատահական» հրելով անցնել։ Սա անպայման պետք է անել վաղ առավոտյան, որ դիմացինդ էլ վարակվի քո հիվանդությամբ։ Երբ լուսացույցի մոտ կանգնած լինես, անպայման կարմիրի վերջին վայրկյանների տակ կսկսես երթդ, որ վարորդները հնարավորինս մեծ բառապաշարով քեզ բարի լույս մաղթեն։ Չէ, հանկարծ կարգապահ չլինես։ Քո մեծարգո ու կյանքի փորձ ունեցող սևազգեստ, թզբեխը ձեռքին, քաղաքի բոլոր հնարավոր մայթերն ու տաղավարները կատարյալ մաքրությամբ ապահովող ընկերներդ կարող են դա վախկոտություն որակել, ու այդ դեպքում դու հավերժ աքսորի կարժանանաս՝ աքսոր մեծն շրջապատից։ Վերջապես, դու հասել ես դպրոց, համալսարան կամ աշխատավայր։ Երբ շենք մտնելիս լինես ու ինչ-որ մեկը շտապ դուրս գալիս լինի, երբեք չզիջես նրան, չհարգես։ Ա՜խ այդ հարգանք կոչված գլուխկոտրուկը։ Ախր, ու՞մ է պետք այն այսօր։ Ոչ ոքի։ Ինչու՞ պետք է հարգենք դիմացինի իրավունքերը, կարծիքը, ճաշակը։ Ինչու՞ պետք է ընդհանրապես լսենք դիմացինին։ Երբ դիմացինը խոսում է, պետք է ամեն վայրկյան խանգարել նրան, որ հանկարծ մի ամբողջական միտք չարտահայտի։ Երբ դիմացինը Ձեր կարծիքից տարբերվող կարծիք է հայտնում, պետք է ուղղակի ստիպել, որ լռի, որովհետև Դուք ամենաիմաստունն եք, ամենաճիշտն եք և ամենախելացին եք։ Առնվազն հիմար է այն մարդը, որը համարձակվում է հակառակվել Ձեզ։ Չի կարող աշխարհում որևէ մեկը չհամաձայնվել Ձեզ հետ։ Այս ամենը անելով Դուք աշխատավայրում էլ դուրեկան միջավայր կստեղծեք։ Հրաշալի է․ հիվանդների թիվը աննախադեպ արագությամբ է աճում։ Երևում է՝ բժիշկը բավականին աշխատանք է ունենալու։ Այնքան շատ, որ հերթի վերջում կանգնածը հոգնածությունից կրկնապատկելու է թույնի առկայությունը իր ուղեղում։ Հիշում եք չէ՞ ամենակարևոր պայմանի մասին․ երբեք չժպտալ դիմացինին։ Չէ՞ որ դրա շնորհիվ անծանոթը կարող է երջանկանալ։ Չէ՞ որ դրա շնորհիվ փողոցը սրբողը կարող է բարձրացնել հոգնած աչքերն ու մի քիչ էլ շողշողուն արևի անսպառ ջերմությամբ վարակվել։ Չէ՞ որ դրանից մանկանց աչուկները մշտափայլ լուսատու կարող են դառնալ։ Չէ՞ որ դրա շնորհիվ գրողի մուսան կարող է տարիներով գալ ու չգնալ։ Չէ՞ որ դրա շնորհիվ երաժշտի հոգում կարող է մի անկրկնելի երգ ծնվել։ Չէ՞ որ դրա շնորհիվ բժիշկները հազարավոր առողջ հիվանդներ կունենան ու կցանկանան բուժել, բուժել ու բուժել։ Չէ՞ որ դրա շնորհիվ անգամ սոցկայքի գերին կարող է կտրվել այդ անշունչ էկրանից ու նայել կենդանի մարդկանց խոսուն աչքերին։ Ի՞նչ ասեմ դու։ Սիրտս այնքան է լցված մտորումների անլուծելի հավասարումներով, որ չգիտեմ, թե որի լուծումից սկսեմ։ Մի բան հաստատ գիտեմ։ Չեմ կարող այս ամենը միայնակ անել։ Ուղղակի խնդրում եմ, որ ասես դուերիդ, որ գեթ մեկ անգամ ժպտան ամենածանոթ անծանոթին, հարգեն, զիջեն, օգնեն, կարգապահ լինեն, սիրեն, ապրեն ու… Ու չվախենան։ Խոստանում եմ, որ եթե օգնեն ինձ գեթ մեկ անգամ ժպտալ, ապա ես նրանց այդ անկեղծ ժպիտի տասնապատիկը, քառապատիկը, հարյուրապատիկը կտամ։ Ախր ժպիտը դեռ հնարավոր է անվճար ու անշահախնդիր տրամադրել։ Փոխանցի՜ր նրանց նաև, որ անհանգստանալու պատճառ չունեն, որովհետև եթե կարիք լինի, ապա սևազգեստ թզբեխաստեղծների դեմ ինքս կկանգնեմ դատարանում ու կպաշտպանեմ դուերի իրավունքները մինչև վերջ։

Ժպտա՜, ժպտա՜, ժպտա՜ իմ ամենածանոթ անծանոթ…

կյանքի մեկ րոպե

Կյանքի մեկ րոպե. Շրջվիր ու գնա

-Այո, ես շատ ընկերուհիներ եմ ունեցել: Ձեզ կոնկրետ թի՞վն է հետաքրքրում: Չեմ հիշում: Բացի այդ` ի՞նչ կարևոր է: Գիտե՞ք, մի ժամանակ որոշեցի, որ էլ չեմ հանդիպելու աղջիկների հետ. մտածեցի` չարժե իզուր վտանգի տակ դնել նրանց: Երկար ժամանակ խուսափում էի բոլոր շփումներից: Նույնիսկ երբ մի աղջկա շատ հավանում էի, մեր դասարանից էր: Բայց էլի ոչինչ չարեցի: Վախեցա: Շատերը մտածում էին, թե ես մի քիչ խելապակաս եմ, որովհետև ոչ ոքի հետ նույնիսկ չէի զրուցում:

Պետք է ասեմ, դուք էլ, երևի, նկատեցիք. բնավորությամբ ես ամաչկոտ չեմ: Նույնիսկ հակառակը: Ես հասկանում եմ, երբ իմ տարեկիցներն ամաչում են շփվել աղջիկների հետ, կամ փորձել ծանոթանալ նրանց հետ: Բայց ես չեմ ամաչում: Ինձ համար դա դժվար չէ: Ես կարող եմ հանգիստ ծանոթանալ ցանկացած աղջկա հետ: Տարիքն էլ առանձնապես կապ չունի: Ուզո՞ւմ եք` կարող եմ ծանոթանալ հյուրանոցի այն աշխատողի հետ: Ճիշտ եք ասում, դրա ժամանակը չի հիմա: Այսինքն` ես պարզապես օրինակի համար էի ասում, հո չէ՞ի գնալու իսկապես ծանոթանայի:

Տարօրինակ զգացում է` գիտակցված հեռու մնալ աղջիկներից: Չամաչել, չխորշել, այլ ուղղակի հեռու մնալ` անհասկանալի պատճառով: Շատերին հավանում էի, շատերն ինձ էին հավանում և չէին թաքցնում: Բայց ես նույնիսկ չէի փորձում ծանոթանալ նրանց հետ, որովհետև խուսափում էի հարաբերություններից:

Այդպես երկար ժամանակ անցավ, հետո հասկացա` անիմաստ է: Ինչո՞ւ ես պետք է մյուսներից հետ լինեմ: Ինձ, ի՞նչ է, չի կարելի նույնպես լիարժեք մարդու պես ապրել:

Չէ, հիմա ընկերուհի չունեմ: Սովորաբար, երբ աղջիկները ճշմարտությունն իմանում են իմ մասին, էլ չեն ուզում շարունակել ընկերություն անել: Շատերը նույնիսկ կռվում են, մեղադրում են ինձ:

Մի օր հասկացա, որ էլ չեմ կարողանում սիրահարվել: Գիտե՞ք, ասես ենթագիտակցորեն վախենամ կապվելուց, որովհետև գիտեմ, որ ինձ հետ ոչ ոք երկար չի մնա: Միտքս կարծես անկախ ինձնից թույլ չի տալիս, որ լուրջ վերաբերվեմ հարաբերություններին:

Շատ լավ հիշում եմ` մի անգամ քայլում էի փողոցով, ու սրճարանում իր ընկերուհիների հետ մի աղջիկ էր նստած: Այնքան գեղեցիկ էր, որ կանգ առա ու էշի պես նրան էի նայում: Նա կողքով էր նստած ու չէր տեսնում ինձ: Իսկ ես կանգնել ու նայում էի, մտքովս հազար ու մի սցենարներ էին անցնում, թե ինչպես կծանոթանամ նրա հետ: Չգիտեմ` ինչպես բացատրեմ, բայց երբ փողոցում մեկին տեսնում ես, ու հանկարծ պատկերացնում ես, որ դուք արդեն ամուսնացած եք և նույնիսկ երեխաներ ունեք: Այ, հենց այդպես պատկերացրի: Մտածում էի, թե ինչպես իրար հետ կսկսենք հանդիպել, ինչպես ես անհանգիստ կսպասեմ նրան ժամադրությունների ժամանակ, ինչպես մի օր ամուսնության առաջարկ կանեմ, ինչպես մենք կմեկնենք ճամփորդության: Երեխաներ կունենանք, հետո` թոռներ:

Լինում է, չէ՞, այդպես: Հաստատ գիտեմ, բոլորն էլ թեկուզ մի պահ այդպես պատկերացնում են:

Ես նայեցի, նայեցի: Ամեն տղա իմ փոխարեն այդ պահին ծանոթանալու գոնե մի փորձ կաներ: Թեկուզ չնչին մի բան: Իսկ ես շրջվեցի ու գնացի: Ու ամբողջ կյանքում էլ պիտի շրջվեմ ու գնամ:

Դենիս, 17 տարեկան, վարակված է ՄԻԱՎ-ով:

manana arxiv

Թաց զրույց

-Լո՜ւս, արի, էլի։

-Մի րոպե, կավիճը բերեմ։

-Վա՜յ, ոնց է ցավում ոտքս, խփեցի քարին։

-Անի՛, դե պարանը բեր։

-Բերում եմ, սպասի՛ր։

-Վա՜յ, գնդակը գլորվեց մեքենայի տակ։

-Բա հիմա ի՞նչ ենք անելու։

-Դե, արի՛ խաղանք։

-Օ՜ֆ, հոգնեցի, գնում եմ տուն։

-Հապա մի սրանց նայիր, տես՝ ոնց են խաղում,- ասաց պարանին կախված անդավարտիքը կողքինին։

-Բա ի՞նչ պետք է անեն քո կարծիքով, հո տանը չե՞ն թթվելու,- մեջ ընկավ կողքի պարանից կախված վերնաշապիկը։

-Է՜, այ կռվարար, ի՞նչ ես միանգամից վրա պրծնում, չես թողնում մի բառ ասեմ,- բարկացավ անդրավարտիքը։

-Հապա մի քեզ նայիր, հետո ասա, թե ով է կռվարարը, հասկացա՞ր։

-Օ՜ֆ, մի օր չեղավ՝ խաղաղ ապրենք,- դժգոհեց տատիկի բրդե շալը։

-Պա՜հ, սա կթողնի՞, որ խաղաղ ապրենք։

Վա՜յ, վերջ, էլ չեմ դիմանում։ Պատուհանը փակում եմ, որ չլսեմ, թե ինչպես է թաց շորերից կաթկթող ջուրը հարվածում մեր թիթեղյա տանիքին։

Աննա Մասուրյան, 14 տարեկան, 2005թ.

Ինձ թողեք այստեղ

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Արևը կարմրիկ փեշերը ջրաներկոտ վրձնի նուրբ ու թափանցիկ հպումով  տարածեց հորիզոնում՝ կրակե տոտիկները բոսոր սարերի թիկունքում թաքցնելով։ Մթնշաղի թանձր շղարշը քաշվեց, ու մթի մեջ սկսեցին նշմարվել գյուղական բնապատկերներ՝ անհաս ու հեքիաթային։ Ներսում՝ սլացող մեքենայի աշխույժ աշխարհից բացվում էին պատուհաններ դեպի դրսի կենդանացած, շարժուն ու ինչ-որ տեղ շտապող ճանապարհը։

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսաբացին ոլորապտույտ ճանապարհների թիկունքից մեզ ողջունեցին Արցախի լեռնագագաթները, որոնց բարձր կատարների ներքո հսկաներն անգամ զգում են իրենց փոքրությունը։

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Ինձ թողեք այստեղ… Թողեք այստեղ, որ բացվող ծեգի հետ միշտ վերապրեմ յուրաքանչյուր քարաբեկորի երկունքը հանքերում ու հալումաշ եղող լեռան վրա ոռնացող երկաթե գազանի հաղթանակով ինքս ինձ պարտվեմ։

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Կանգնեցրեք մեքենան և ինձ այստեղ թողեք, որ մոտենամ իմ ժամանակին, որն անցել է վաղուց՝ պապերիս օրոք, երբ լեռները կրակոցներ չէին արձագանքում։ Թող ամեն անգամ որբ վերածնվեմ, և լեռներն այս ինձ որդեգրեն, դաստիարակեն՝ քարի պես կոփելով, և լեռնական վայրի քամիներով շունչ տան հողե մարմնիս։

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Ինձ թողեք այստեղ, որ մի պահ ինձ հայ զգամ իմ հարթ քաղաքից հեռու։ Քարե այս կղզում սփոփանք գտնեմ թոշակի անցած սպայի նման, ով քուն թե արթմնի երազում է թշնամուն հակահարված տալու մասին։

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Ինձ թողեք այստեղ, որ աշունը գույներով ճանաչեմ, ոչ թե անձրևներով, ու բանաստեղծություն կարդամ ոչ թե սիրո մասին, այլ ընկնող տերևի կենսագրության, ինչը հավերժական շարժման մեջ է։ Քարերն այստեղ խոսուն են։ Երբ չորս բոլորդ ժայռեր են, քեզ չի հուզում այն միտքը, որ մի օր հող ես դառնալու։

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Ինձ այստեղ թողեք, ու լեռան պռնկից ցած նետվող ջրի վայրէջքից թռչել կսովորեմ, մշուշից՝ գեղեցիկը ներսումս պատսպարել, քամուց՝ քայլերգեր երգել, մրրիկից կսովորեմ փոթորկվել ահագնացող վտանգի առաջ ու հաղթանակ տանել։

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Թողեք ինձ, որ արտագրեմ մեր պատմությունը մտքիս խորունկ դավթարներում ու հաղորդակցվեմ վանքեր շինած հսկաների հավատի հետ։ Արցախցու հպարտ ժպիտով կարկատեմ հայոց բախտի վշտոտ անցքերը ու մի պատառ հանգիստ գտնեմ լուրթ երկնքում լողացող ամպիկների ծվեններում…

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Շուտով արևը կհավաքի իր ժանեկավոր փեշերը գունաթաթախ հորիզոնի անսահմանության վրայից, մութը կխժռի վերջին վառվող լույսերն ու իր իշխանությունը կտարածի աշխարհում… Մեքենայի երկարատև սլացքի հոգնածությունից ներսի աշխույժ աշխարհը հանգստություն է հագել, քուն է շշնջում։

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Տուն ենք վերադառնում։ Որտեղ էլ հավերժաբար մնալ ուզենանք, մեկ է, մարդը ձգտում է վերադառնալ այնտեղ, ուր իրեն սպասում են…