Լինել քաղաքացի

Լուսանկարը՝ Վահե Խաչիկյանի

Լուսանկարը՝ Վահե Խաչիկյանի

Ասում են՝ մեկ բան է ասել, որ դու քաղաքացի ես, մեկ այլ բան է՝ լսել դրա մասին: Լսելով այլոց խնդիրները, մենք ավելի հստակ ենք հասկանում, թե ինչպես և ինչ եղանակներով կարելի է լուծել որոշ խնդիրներ: Սակայն տեսնելով շատերի պայքարը հանուն ինչ-որ բանի, դա առավելապես մեզ զգոնացնում է և ստիպում ավելի պահանջատեր լինել:

Ահա և մայիսի 10-ին ՀԿ Կենտրոնը Վանաձոր ԻնֆոՏուն ծրագրի շրջանակներում կազմակերպեց հերթական ֆիլմի դիտումը։

Այս անգամ դիտեցինք «Լինել քաղաքացի» փաստավավերագրական ֆիլմը։

Մասնակից լինել քեզ վերաբերող որոշումների կայացմանը, նվաճել սեփական իրավունքները, ինքնակազմակերպվել, հաստատել սեփական տեսակետը` լինել քաղաքացի: Վերջին տարիներին գործող քաղաքացիական նախաձեռնությունները որակապես նոր տիպի հասարակություն են ձևավորում Հայաստանում: Ֆիլմը պատմում է իրականացված ակցիաներից մի քանիսի մասին, որոնք քաղաքացիների համառ պայքարից հետո հաջողությամբ են ավարտվել:

Ֆիլմը մասնավորապես պատմում է «Ժամանակավորապես անաշխատունակ անձանց իրավունքների պաշտպանության» (հղիների պայքար), «Բանակն իրականում» նախաձեռնության, «Պահպանենք Կինո «Մոսկվայի» ամառային դահլիճը», «Անհատ տաքսու վարորդների իրավունքներ», «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» և այլ քաղաքացիական նախաձեռնությունների պայքարի ու հաջողությունների մասին։

Քաղաքացին է, որ պարտավորված է լինել երկրի կարևոր մասնիկ ու առաջնորդ, պետք է սա ընդմիշտ հիշել ու «ղեկը» միշտ մեր ձեռքում պահել:

sona zakaryan

Սկսենք մեզանից

Թավշյա հեղափոխություն։ Այս արտահայտությունը չնայած նրան, որ սովորական է թվում, այդքան էլ սովորական չէ։

Դուք էլ եք չէ՞ զգում այն սերն ու ջերմությունը, որը միանգամից տարածվում է այս արտահայտությունը արտաբերելուց հետո։ Այս արտահայտությունը վերջին ժամանակներում դարձել է առօրյայումս ամենաշատ օգտագործվող արտահայտությունը։ Ժպիտը դեմքիս քայլում եմ իմ ամերիկյան դպրոցում, գրկում ընկերներիս, «անտեղի» ծիծաղում։ Շատերը մտածում են, որ տարօրինակ եմ դարձել։

Վերջին ժամանակահատվածում ընկերներս բողոքում էին, որ անընդհատ սոցիալական ցանցերում եմ ու հեռախոսը ձեռքիցս վայր չեմ դնում։ Դասի ժամանակ փորձում եմ ուղիղ եթերները նայել, չվախենալով, որ կարող եմ նկատողություն ստանալ։

Մարդկանց ոգևորված պատմում եմ ամեն ինչի մասին, ինչ կատարվում է Հայաստանում։ Շատերը հետաքրքրված են, ոմանք՝ ոչ այնքան, մի մասն էլ գաղափար անգամ չունեն այդպիսի բաներից։ Այսպիսի պահերին հայի կարիք ես զգում, գոնե մի հայի, ով լիովին կհասկանա քեզ, քանի որ օտարերկրացիներին ինչքան էլ բացատրես՝ նրանք միևնույն է, չեն հասկանա այնպես, ինչպես հայը։

Շատ դժվար էր այս ժամանակահատվածը իմ և իմ ՖԼԵՔՍ ծրագրի հաղթող մյուս ընկերների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր այս պահին հեռու են գտնվում հայրենիքից։

Բոլորիս ամենամեծ ցանկությունը հայրենիքում լինելն էր, մեր ընտանիքներին ու ընկերներին աջակցելը, ողջ ազգին աջակցելը։

Չեմ ուզում երկար-բարակ խոսել հեղափոխության մասին, քանի որ ինքս ցույցերին չեմ եղել ու երևի չեմ զգացել ու հասկացել այն ամենը, ինչը որ զգացել են հազարավոր մարդիկ, ովքեր օրեր շարունակ մասնակցել են ցույցերին ու պայքարել մեր բոլորի ապագայի համար։ Միայն կասեմ, որ ճիշտ է, ֆիզիկապես ձեզ հետ չէի, բայց հոգեպես ամբողջովին Հայաստանում էի։ Այս օրերի ընթացքում շատ բաներ եմ վերլուծել, ինքս ինձ հետ քննարկել ու հասկացել։ Միշտ հավատացել եմ, որ մենք կարող ենք փոխել Հայաստանը, մենք կարող ենք ստեղծել վառ ապագա ու միշտ մի թաքուն երազանք եմ ունեցել, որ բոլորը այդպես մտածեն։ Ամեն անգամ այս ամենի մասին խոսելիս շատերը քմծիծաղ են տվել, ասելով, որ երեխայի նման եմ մտածում ու վարդագույն ակնոցները պետք է աչքերիցս վերջապես հանեմ։ Այսօր այդ նույն քմծիծաղ տվողները երևի ցուցարարների շարքերում էին։

Այն մարդը, ով նրանց հույս ու հավատ է ներշնչել ու այդքան մեծ սեր դեպի հայրենիքը, արժանի է լինել ՀՀ վարչապետ։ Այդ խիզախ մարդը, որին շատերը անգամ չէին ճանաչում ու երբեք չէին հետաքրքրվել նրա գործունեությամբ, դարձավ այն ճրագը, ով միավորեց բոլորին՝ ստեղծելով լուսավոր ապագայի հույսեր։ Հույսերը դարձան գործողություններ, իսկ գործողությունները տվեցին իրենց արդյունքը։

Շա՜տ-շա՜տ դժվար էր ինձ համար այս օրերին հայրենիքում չլինելը։ Ինչպես ընկերներիցս շատերն են ասում՝ պատմական պահեր եմ կորցրել։ Բայց գիտե՞ք, այսպիսի իրավիճակները միշտ օգնում են, որ ավելի արժևորես այն ամենը, ինչ ունես ու ավելի արժևորես հայրենիքդ։ Համենայնդեպս, իմ դեպքում այդպես է։

Պետք չէ մտածել, որ մեկ կամ երկու ամսից Հայաստանը կփոխվի կամ արագ կզարգանա։ Առաջին հերթին պետք է մտածենք ինքներս մեզ փոխելու, մեր քաղաքակրթությունը կոփելու մասին։ Հենց սրանից էլ կսկսվեն զգալի փոփոխությունները։ Հիմա ավելի ոգևորված եմ, որ շուտով հետ եմ գալու Հայաստան, ու այն ամենը, ինչը որ ինձ տվել է Միացյալ Նահանգները, ներդնեմ հայրենիքիս զարգացման գործում։ Ինչպես տեսաք, փոքր ճրագը խավարը վերածեց լուսաբացի։

Հայաստանը ես եմ, Հայաստանը դու ես ու յուրաքանչյուր հայ Հայաստանն է, այնպես որ, եկեք սկսենք ինքներս մեզնից։

Հ. Գ. Շատ շնորհակալ եմ «Ազատություն» ռադիոկայանին, ինչպես նաև 17-ին՝ այս ամբողջ ընթացքում իմ ինֆորմացիայի գլխավոր աղբյուրները լինելու համար։

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Երբ սերը հաղթում է ատելությանը

vahagn gishyanԱպրիլյան հեղափոխություն…

Լավ է հնչում, չէ՞: Ինձ էլ դուր է գալիս: Վստահ եմ, որ ոչ ոք մեզանից չէր կարող սպասել այսպիսի վերջաբանի, որն իրոք անմոռանալի էր։ Սա երևի կլինի իմ կյանքի ամենամեծ պարծանքը, որի մասին ես մի անգամ չէ, որ կպատմեմ իմ երեխաներին, թե ինչպես սկսվեց այս հեղափոխությունը, մեր «Սիրո հեղափոխությունը»։

Ինձ համար ամեն ինչ սկսվեց երևի Ապրիլի 10-ին։ Ես եմ, Հայկը, Մարտինը, նստած գարեջուր ենք խմում, ու հենց էդ գարեջրի առաջ էլ առաջին անգամ քննարկեցինք ցույցերին մասնակցելու ու չմասնակցելու հարցը։ Մի բան պատմեցի, ձեզ էլ պատմեմ։

95-96 թիվն էր։ Մեր գյուղում անասնագողություն էր եղել։ Քեռին, որ էդ ժամանակ դեռ 20 տարեկան էր, հավաք էր կազմակերպել գյուղում, նամակ էին գրել, սպասում էին, որ մյուս բոլոր գյուղացիները գան՝ ստորագրեն ու ուղարկեն էդ ժամանակի ԱԺ։ Չեմ ասում՝ ով, բայց էդ ժամանակի մեր շրջանում կարևոր դեմքերից մեկը գալիս է մեր գյուղ ու ասում, որ ինչի համար ա սաղ էս, սա միամտություն ա, էս իշխանությունների դեմ խաղ չկա, դեռ մի 20-30 տարի էսպես գնալու ա, ու էդպես։ Մեր վարպետներից մեկը՝ Խոջյան Սամսոնը, ով ի դեպ իմ ամենասիրելի ուսուցիչներից է, մոտենում է էդ մարդուն ու հարցնում։

- Հարգելիս, դու ինձանից ուժեղ ես, չէ՞ :

- Դե հա, երևի,- պատասխանում է էդ մարդը:

- Որ ուզենաս, ինձ կծեծես, չէ՞,- երկրորդ հարցն է տալիս։

- Դե հա, երևի,- էլի պատասխանում է էդ մարդը։

- Բա որ հիմա սկսես ինձ առանց պատճառ ծեծել, ես էլ քեզանից թույլ եմ, չեմ կարա պաշտպանվեմ, բա գոնե չճանկռե՞մ քեզ:

Բոլորը ծիծաղում են, ու էդ մարդը գնում է։ Կատակը կատակի հետ, բայց էս պատմությունը ինձ համար շատ խորը իմաստ ունի։ Այսինքն ի՞նչ, եթե քեզանից ուժեղ է, գոնե չպայքարե՞նք նրա դեմ: Ցույց չտա՞նք, որ մենք էլ մարդ ենք, մսից ու արյունից, մենք էլ ենք ապրել ուզում, մենք էլ իրավունքներ ունենք, ինչո՞վ ենք ձեզանից պակաս որ։ Ես միշտ այս խոսակցությունը նմանեցրել եմ իմ կուրսընկերներից մեկի հետ խոսակցության հետ, որտեղ ինքը ինձ ասում էր.

- Ասողը իրանք են: Կուզեն՝ դեմքիդ ցեխ կքսեն, կուզեն՝ չեն քսի։

Որին հաջորդեց իմ միայն մեկ արտահայտությունը.

-Լավ, թող քսեն, բա գոնե ձևական էլ «թուհ» չասե՞նք:

Որոշումը մեկ էր՝ գնում ենք ցույցի։ Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը վայր դրեց իր վարչապետական մանդատը, և ընդդիմությունը նրան ասաց, որ պետք է հավաքի իր իրերը: Պատմում են, որ նա ծիծաղել է։ Ծիծաղել է մի մարդ, ով 2013 թվականի հունվարի 28-ին Եռաբլուրի պանթեոնում՝ մի կնոջ օգնության աղերսանքներին պատասխանել է. «Եկել ես ստեղ, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես…»։ Սա ողորմելի է։ Ի՞նչն էր փոխվել մեր մեջ, հիմնականում մի բան։ Սերժ Սարգսյանը փոխում է ՀՀ իշխանավարությունը նախագահականից վարչապետականի՝ տալով բոլոր լիազորությունները վարչապետին, որ ինքը դառնա վարչապետ։

Անկեղծ, մենք չէինք հավատում ոչ իշխող կուսակցությանը, ոչ ընդդիմությանը։ Մեզ ոտքի հանեց ատելությունը։ Մենք դուրս չէինք գալիս Նիկոլի կողմից, մենք դուրս էինք գալիս Սերժի դեմ, բայց հիմա ստացվեց այնպես, որ մարդը, ում հետևից մենք հիմա պատրաստ ենք գնալ, Փաշինյանն է, որովհետև հակասերժականներ կային և մինչև այս, սակայն նրանք ոչնչի չհասան, իսկ Նիկոլը կարծես նորամուծություն բերեց մարդկանց մեջ, ստիպելով խաղալ իր օրենքներով, խաղաղ և բաց ձեռքերով, որպեսզի զերծ մնա բախումից և այն սխալից, որ կար մինչև հիմա։ Անշուշտ, դա այն էր, ինչ մեզ պետք էր, սակայն ես մինչև վերջին պահն էլ վախենում էի, որ ժողովրդի համբերությունը կսպառվի, ու ժողովուրդը կմտնի ԱԺ ու պարզապես դուրս կհանի ՀՀԿ-ականներին։

Իսկ գիտե՞ք, երբ հասկացա ես, որ ուզում եմ Նիկոլին վարչապետ։ Ամսի 13-ն էր, ԵՊՀ-ի դիմաց։ Չկային դեռ նրանք, ովքեր վերջում պատմում էին, որ հեղափոխությունը դա իրենց անձնական հաղթանակն է, չկային նրանք, ովքեր վերջում խորոված էին անում ու շամպայն տրաքացնում։ Նոր էինք դուրս եկել ԵՊՀ-ից։ Որոշեցինք նստել, մի փոքր հանգստանալ։ Նիկոլը նստեց արձանի դիմացի քարին, գրպանից հանեց չոր անձեռնոցիկը ու մաքրեց քիթը։ Էդ պահին ես հասկացա, որ սա այն մարդն է, ում ես ուզում եմ տեսնել վարչապետ։ Մարդու, մեզ նման, հասարակ, մսից ու արյունից, կենդանի օրգանիզմ, որ ունակ է մտածելու ժողովրդի համար, քանզի ինքն էլ է այդ ժողովրդի մի մասնիկը։

Հետո եկավ ապրիլի 16-ը, ու տեղի ունեցավ բախումը։ Երբ ոստիկանը կրակեց Հայի վրա։ Ես չեմ ուզում վենդետա, բայց ժողովուրդը իրավունք ունի իմանալ այն մարդու անունը, ով կրակել է իր վրա։

Անկեղծ, և այդ օրը, և հետագայում, ինձ մի հարց էլ էր հուզում։ ԲՏՌ բերելու իմաստը ո՞րն էր։ Եթե ուզում էին մեզ վախեցնել, ապա նրանք մեզ շատ վատ են ճանաչում։ Ադրբեջանը վաղուց է մեզ ուզում վախեցնել այդ կերպ, չի ստացվել նրանց մոտ, չի ստացվի և հետագայում։ Միակ մյուս տարբերակը որ կա, դա ժողովրդի վրա կրակելու տարբերակն է։ Եվ այսպես, ԲՏՌ բերելու իմաստը ո՞րն էր։

Կամ ինչո՞ւ ցույցերի ժամանակ ՀՀԿ-ն մեկ անգամ դուրս չեկավ ժողովրդի հետ բանակցությունների։ Եթե նրանք այդքան ճիշտ են, ապա դուրս գան, մեզ էլ բացատրեն իրենց ճշմարտացիությունը։ Միգուցե իրո՞ք իրենք էին ճիշտը, մեզ բացատրեին, գնային տուն։ Իշխանությունը, որ վախենում է իր սեփական ժողովրդից, մի՞թե իշխանություն կոչվելու իրավունք ունի։

 

Հաջորդ օրերին մի բան եղավ։ Մենք` ցուցարար հավաքվածներս, գալիս էինք մեկ պատճառով. բոլորս ատում էինք այդ իշխանությունը ի դեմս նրա ղեկավար Սերժ Սարգսյանի։ Գալիս էինք մենք մի բանի համար, որպեսզի վերջ դնենք այդ խեղկատակին ու ապրենք նորմալ ու զարգացող երկրում։ Բայց հետո ամեն ինչ փոխվեց, երբ տեսանք, թե ինչպես են նրանք բերման ենթարկում բոլորին, բոլորին անխտիր, ու թե ինչպես են գռեհիկ և ոչ պատշաճ վերաբերվում աղջիկներին:

Մեծ եղբայրս՝Վազգենը, երբեք չի եղել ցուցարար։ Թե Տարկետման պայքարի ժամանակ, թե դրանից առաջ, նա չի մասնակցել ցույցերին, քանի որ չի տեսել որևէ տարբերակ, որևէ հնարավոր ելք, չի տեսել այդ հարցերի դրական ու ճիշտ լուծումը։ Բայց երբ տեսավ, թե ինչպես են վերաբերվում մեզ, ցուցարարներին, ինչպես են քաշքշում աղջիկներին, առաջին անգամ իր կյանքում որոշեց գնալ ցույցի, ոչ հանուն Սերժի հեռացման, այլ հանուն մարդկանց, հանուն ժողովրդի։ Եվ հաջորդ օրերին այդպես մտածող մարդիկ մեզ միացան, ու մենք այնքան շատացանք, որ եթե նույնիսկ ցանկանային բոլորիս բերման ենթարկել, այդքան մարդուն խցերում չէին տեղավորի։

Եղան դեպքեր, եղան բախումներ նաև քաղաքացիների հետ, երբ ցուցարարները փակում էին ճանապարհը, իսկ մարդիկ գալիս էին և վիճում մեզ հետ։ Մեկ անգամ չէ, որ ես փակել եմ ՍԱՍ-ի (Երիտասարդականի) ճանապարհը։ Մի պատմություն ՍԱՍ-ից։

Ապրիլի 17։ Երիտասարդական։ ՍԱՍ-ի մոտ։ Փակել ենք ճանապարհը նստարաններով ու շինարարության համար նախատեսված քարերով, տեղ-տեղ աղբամաններով ու ստվարաթղթե արկղերով։ Տղերքը զանգեցին ու ասացին, որ կարմիր բերետավորները դուրս են եկել փողոց ու սկսել են ճանապարհները բացել ու բերման ենթարկել։ Բարեբախտաբար, մեր հումորը տեղն էր՝ ՍԱՍ-ն էլ մոտիկ։ Գնեցինք քաղցր ձողիկներ, նստեցինք Մետրոնոմի անցումի քարերին ու սպասում էինք կարմիր բերետավորներին։ Եկան, բացեցին, գնացին, իսկ մենք, մենք՝ ի՞նչ, մենք քաղցր ձողիկներ էինք ուտում։ Անմեղ հայացքներով նայում էինք նրանց, կարծես մենք չէինք ճանապարհները փակել։ Հետո հենց գնացին, 5 րոպե անց, էլի փակեցինք ճանապարհները։ 10 րոպե հետո էլի եկան՝ եկան, բացեցին, գնացին, իսկ մենք, մենք՝ ի՞նչ, մենք էլի քաղցր ձողիկներ էինք ուտում։ Էլի փակեցինք, էլի նստեցինք քարերին ու էսպես մի քանի անգամ, քանի դեռ չսկսեցին ուշանալ, ու մենք էինք ուզում զանգել ասել, որ փակել ենք՝ եկեք բացեք։

Ինչևէ, հաղթեցինք։ Հաղթեցինք։

Սա հեղափոխություն էր իշխանության և մեր մտածելակերպի։ Մարդիկ հասկացել են, որ իշխանությունը նրանք չեն, իշխանությունը մենք ենք։ Հիմա էսպիսի կատակ կա մեր մեջ, որ էլի Նիկոլի թիվն է եկել։ Ու բարեբախտաբար, հենց այդպես էլ կա, որովհետև մեզանից յուրաքանչյուրիս մեջ է արթնացել այդ «Նիկոլ»-ը։ Մարդիկ արթնացել են քնից ու հիմա հավատում են, որ արդեն, գոյություն ունի արդարություն, իրավահավասարություն, խոսքի իրավունք։ Մարդիկ արդեն իրոք պատրաստ են կռվել հանուն իրենց իրավունքների։

Այսօր եղավ առաջին ցույցը Տարոն Մարգարյանի դեմ։ Մարդիկ չեն դադարելու պայքարել։ Նրանք էլ են հավասար իրավունքներ ուզում։ Վերջապես մարդիկ, իրոք, հասկանում են, որ Պատմություն են կերտում, իսկ երբ դա հասկանում ես, իրոք սկսում ես կերտել։

Ու հիմա ի՞նչ է ստացվում: Ողջ երկիրը և իշխանությունը պատկանում են մի մարդու՝ վարչապետին, դա արվել է այն նպատակով, որ Սերժ Սարգսյանը ունենա լիարժեք իրավասություններ անելու ինչ ուզում է։ Իսկ հիմա նրան փոխարինելու է եկել Նիկոլ Փաշինյանը, և Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ ասում են, որ պետք է սահմանադրության մեջ անել փոփոխություններ։ Այսինքն, ի՞նչ է հիմա այստեղ կատարվում՝ իշխանության է եկել ժողովրդի թեկնածուն, իշխանության է եկել հենց ժողովուրդը, և ողջ երկիրը հիմա պատկանում է օրինապահ ու սահմանադրությամբ շարժվող մարդու։ Իշխանության է եկել արդարությունը։

sona mkhitaryan

Շատ չենք խոսել, ճիշտն ենք խոսել

Թավշյա հեղափոխության հաղթանակի օրն էր, Հայաստանի բոլոր ծայրերից մարդիկ եկել, հավաքվել էին, որ միասին տոնեն իրենց հաղթանակը։ Օրը հագեցած էր սիրով, նույնիսկ օրվա վերջում տեղացած անձրևն էր սիրո ու համերաշխության նշան: Մարդիկ չէին վախենում, որ կարող են մրսել, հիվանդանալ, որովհետև դա այս հաղթանակի դեմ ոչինչ էր։ Ես գիտեի, որ տուն գնալիս երթուղայինի մեջ բուռն խոսակցություն է գնալու, որը կարող եմ շարադրել։

Նստեցի երթուղային, գնում էի Կիլիկիա ավտոկայան, ճանապարհները փակ էին տեղ-տեղ, բոլորը փողոցներում էին, բոլորն ուրախ էին, ու չկային ոստիկաններ, որ մեքենաների խախտումները արձանագրեին։ Ինչպես վարորդն ասաց` էսօր «պրազդնիկ» ա, էսօր կարելի ա։ Մայրուղու մեջտեղից մի կին նստեց։ Շնչակտուր բարձրանալիս ասաց.

-Վայ, ապրես, ախպեր ջան (վարորդի հետ էր), ես Նիկոլի ցավը տանեմ, հա։

Այս տողերը դարձան խոսակցության սկիզբը, որին միացան բոլորը։

-Ապրեն մեր երիտասարդները, ինչ արեցին՝ իրանք արեցին։

-Մենակ իրանք չէ, իրանց ծնողներն էլ։ Վերջապես պրծանք։ Էս ոհմակից ազատվել էր պետք։ Տղես Ռուսաստանից գալիս էր, մի քանի օր ստեղ մնում էր, ասում էր՝ մամ, էս ինչ մեղք են էս ժողովուրդը, էս երիտասարդները։ Փողոցով անցնում ես, չկա մի մարդ, որ ժպտա ու ուրախ լինի։

-Հազիվ, հազիվ։ Էս ինչ էր մեր վիճակը։ Հաստատ միանգամից մեր վիճակը չի լավանա, բայց կարևորը՝ դրանցից պրծանք, մեր արյունը խմեցին դրանք, է, խմեցին։

-Էս ժողովուրդը 20 տարի ա՝ էս օրվան ա սպասել, որ խոսի, որ քայլ անի, որ ապրի, ոչ թե գոյատևի։

-Մենակ մի բան կասեմ՝ հալալ ա, հալալ։ Բոլորիս։

Հասանք ավտոկայան, իջնում էինք.

-Այ մարդ, էս ինչքան խոսեցինք։

-Շատ չխոսեցինք է, ճիշտը խոսեցինք։

Ani asryan

Լուսավոր մարդը

Մանկության բարի հուշերը կապված են բարի մարդկանց հետ: Բակի խաղաղասեր մարդը նա էր, իսկ չարաճճին՝ մենք:

Մեր տունը նրա ձեռքի աշխատանքն է, գյուղի ծայրին՝ սարի գլխին: Տարիներ առաջ սարի գլխին հիմնեց իր տունը՝ մեծ ու տարբերվող: Ասում էր.

-Էս տան վիրա ամեն մի քարը խոխեքս են տիրալ, ցեխն էլ ես եմ ըրալ:

Արկադիան աշխատավոր պապս է: Սիրում էի նրան, բազում հուշերով կապվել էի նրա հետ, իսկ հիմա պարզապես երազում եմ հայտնվել նրա հսկա գրկում: Շրջապատի պապիկների մեջ փնտրում եմ նրան, գտնում եմ ու նորից կորցնում: Պապս մահացավ, բայց մնաց իմ հուշերում: Նա հավասար է կորած հույսերիս ճիշտ քառակուսուն և լոկ հուշերի մնացորդներին: Դուրս գալով հայրենի օջախից՝ կարոտով եմ լցվում, վերադարձին հիշում եմ տունս, կարոտում պապիս տնկած այգին, հիշում մշակի ձեռքերը: Մայիս ամսին դպրոցից գալիս էի տուն՝ ուրախ հայացքով, գովասանագիրը ձեռքիս։ Պապս նստած դրսում սպասում էր ինձ։ Միշտ գովասանագիրս գումարով էր շնորհավորում: Կարոտով գրկում էր, անհագ փափագում, կարոտից դրդված՝ արտասվում: Մի պահ լռում եմ ու ձեռք եմ պարզում, ծերացած դեմքից արցունքը սրբում: Նստում էինք, խոսում բարեկամներից, ազգից, նրա աշխատանքից: Ասում էր.

-Աշխադել եմ, էս դղյակս ես եմ սարքել: Բալաս, լավ կպահեք: Բոստանս կմշակեք, կճիրե՛ք: Էն արխը շուտ-շուտ փակվըմ ա, կպացեք, ճիրեք:

Նրա վատառողջ լինելու տարիներն էլ եկան։ Ծրագրել էր Համամի ձորում (իր այգու անունն է) տնակ կառուցել: Իր ամենասիրած այգին էր՝ ծառախիտ, լի ծաղիկներով, մաքուր բնությամբ, դրախտային հանգստությամբ: Սիրում էր ծաղիկներ, երաժշտություն, մանկան ճիչն էր շատ սիրում: Ասում էր.

-Խոխեք, եկեք քինանք են բուտկի գործը պրծցնենք:

Բռնում էինք նրա ձեռքից ես ու եղբայրս, գնում տնից փոքր-ինչ հեռու գտնվող այգին: Նրա դեմքի ամեն կնճիռը մի պատմություն է, տեսած մի հոգսն է, ավարտած գործն է: Ապրում էինք սիրով, կատակներով: Հենց տանը ջղայնանում էին ու գալիս էին, որ պատժեն, պապիկը պաշտպանում էր: Սիրում էր թոռնիկներին, և այդ սերը փոխադարձ էր: Հիմա չկա նա, բայց կա մշակի դրախտային այգիները: Մեր տան մի շողը գերեզմանատան ճանապարհին մնաց, ամեն անգամ գյուղ մտնելիս առաջինը նրան ենք հիշում ու ճանապարհն ուղղում դեպի իրեն: Նրա շիրմաքարին միշտ թարմ ծաղիկներ են, նրա ներկայության միակ վկաներն են: Մի պահ հուզվում եմ, հետո սուզվում մանկության հուշերի գրկում: Մենք միշտ մանուկ ենք կարոտաթաթախ ու հոգնած գրկում, իմ պապի գրկում:

elza zohrabyan

Տատիկս և յոգան

Հարցազրույց տատիկիս՝ Օլգա Դաբաղյանի հետ։

-Ի՞նչ կրթություն եք ստացել:

-Ավարտել եմ ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետը:

-Համալսարանը ավարտելուց հետո որտե՞ղ եք աշխատել:

-Ավարտելուց հետո աշխատել եմ Առողջապահության նախարարության հաշվողական կենտրոնում, իսկ 1995 թ.-ին, երբ հաշվողական կենտրոնը փակվեց, որոշ պատճառներով անցա աշխատանքի արտադրությունում՝ որպես գլխավոր հաշվապահ:

-Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք զբաղվել յոգայով:

-Յոգայով սկսել եմ զբաղվել 2002 թ.-ից։ Երկար ժամանակ աշխատում էի Երևանից շատ հեռու և ստիպված էի վարել ավտոմեքենա, ինչն այդքան էլ ընդունված չէր կանանց մոտ։ Ավտոմեքենա վարելու պատճառով մեջքի հետ կապված խնդիրներ ունեցա, և շատերի խորհրդով սկսեցի զբաղվել յոգայով։ Հետագայում սիրեցի յոգան, այն դարձավ իմ ապրելակերպը։

-Ի՞նչը ձեզ դրդեց բացել ձեր սեփական յոգայի խմբակը:

-Սկսվեց նրանից, որ մի օր ես գնացի այգի․ որոշել էի այդ օրը այնտեղ պարապել։ Ինձ մոտեցան չորս կին և խնդրեցին, որ իրենց էլ սովորեցնեմ: Մենք սկսեցինք ամեն օր առավոտյան 7-ին պարապել, հետո կանանցից մեկն ասաց, որ ծանոթներ ունի Ավանի մշակույթի տանը, և մենք մեր պարապմունքները կարող ենք այնտեղ անցկացնել։ Մեր պարապմունքը տեսնելով՝ մշակույթի տան տնօրենը առաջարկեց ինձ բացել յոգայի խմբակ, և ասաց, որ ինքն էլ կհաճախի:

Բացի դրանից, յոգայի խմբակը բացեցի մի քանի պատճառով. ընդգրկեցի այն մարդկանց, ովքեր ֆինանսական վիճակից ելնելով՝ հնարավորություն չունեին յոգայի խմբակ հաճախելու, բայց ունեին ցանկություն: Այն տարիքային խումբը, որի հետ ես աշխատում եմ, չի կարող հաճախել ուրիշ յոգայի պարապմունքների, որովհետև ունակ չէ անելու այն, ինչ անում են ուրիշ տեղերում: Շատերը նաև առողջական խնդիրների պատճառով չէին համարձակվի գնալ ուրիշ խմբակների, որտեղ հիմնականում ավելի խորացված են մարզվում:

Մի խոսքով՝ որոշեցի բացել մատչելի խմբակ բոլորի համար: Թոշակառուների համար անվճար է:

-Քանի՞ հոգի է հիմա հաճախում Ձեր խմբակ, և կա՞ արդյոք տարիքային սահմանափակում:

-Հիմա յոգայի խմբակ հաճախում է 20 հոգի, բայց ցանկացողները շատ են։ Շատերը աշխատանքի պատճառով չեն կարողանում հաճախել, այդ պատճառով սեպտեմբերից արդեն կլինեն գրաֆիկի մեջ փոփոխություններ: Տարիքային սահմանափակում չկա: Կան որոշակի սահմանափակումներ՝ կապված առողջության հետ:

-Արդյոք յոգան հե՞շտ մարզաձև է:

-Ոչ, յոգան հեշտ չէ, քանի որ յոգան պահանջում է շատ մեծ կենտրոնացում:

Բոլոր վարժությունները, բոլոր դիրքերը, այն ամենը, ինչ կապ ունի յոգայի հետ, կատարվում է մտքով։ Սա ֆիթնես չէ, որ ձեռքդ առաջ, հետ տանես և վերջ: Այստեղ ամեն ինչը կատարվում է գլխով, մտածված:

-Ի՞նչ ազդեցություն է թողնում յոգան մարդու վրա:

-Շատ հայտնի յոգայի մարզիչներ կան, և հետաքրքիր է այն, որ ամեն մեկը յոգան ընկալում է մի կերպ: Յոգայի մեջ ինձ համար ամենակարևորն այն է, որ այն տալիս է հոգեկան հավասարակշռություն: Դու խաղաղություն ես գտնում քո մեջ:

-Արդյոք կարոտո՞ւմ եք հաշվապահությունը:

-Ոչ: Դա իմը չէր, ես հաշվապահությամբ զբաղվել եմ այն տարներին, երբ այլ աշխատանք չկար: Ես մաթեմատիկոս էի, և ինձ համար ամենահեշտն էր զբաղվել հենց հաշվապահությամբ:

Milena movsesyan yerevan

Համահայկական հիշողություն

Թավշյա, բաց ձեռքերի, սիրո և համերաշխության հեղափոխություն, սպիտակ հաղթանակ: Անվանեք, ինչպես ուզում եք, բայց երբ տարիներ անց հայերին հարցնեք 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Երևանում կատարվող իրադարձությունների մասին, նրանց աչքերը կփայլեն, դեմքներին ժպիտ կհայտնվի, ու դուք կլսեք այս հիշողությունները, որ կպատմվեն մեծ ոգևորությամբ:

«Ես ուսանող էի ու շարժման առաջին օրվանից դուրս էի եկել փողոց, որովհետև ի սկզբանե հավատում էի հաղթանակին»:

«Մենք հենց այսպիսի Հայաստանի մասին էինք երազում, մենք սրա համար էինք պայքարում»:

«Տոտալ դասադուլ և գործադուլ, փակ փողոցներ, երջանիկ դեմքեր ու սպիտակ հաղթանակ»:

«Կանայք իրենց բողոքն էին արտահայտում խոհանոցային պարագաների միասնական չկխչկխոցով»:

«Ինչե¯ր ասես, որ չարեցին սովետ չտեսած, անվախ երիտասարդները»:

«Հայրենիք էին վերադարձել աշխարհասփյուռ հայեր ու արվեստի հայտնի ներկայացուցիչներ»:

«Մենք ամեն օր քայլում էինք տասնյակ կիլոմետրեր ու չէինք հոգնում»:

«Մեր ժողովուրդը նախկինում այդչափ համախմբված չէր եղել, հայը հային այդքան շատ չէր սիրել երբեք»:

«Ես փոքր էի, բռնել էի պապիկիս ձեռքը, ու մենք քայլում էինք մարդկանց բազմության միջով»:

«Պատմաբանները անհանգստություն էին հայտնում՝ մտածելով, որ պատմությունը կարող է կրկնվել, բայց ժողովուրդն անսասան էր ու կորցրել էր վախը»:

«Սա ոչ միայն իշխանական հեղափոխություն էլ, այլև մարդկային. հայերի աչքերում հայտնվել էին հույսն ու հավատը, թագավորում էր բարությունն ու հանդուրժողականությունը»:

«Այդ օրերին մեր գյուղի բնակիչները տեղավորվել էին մեքենայիս բեռնախցիկում. ուղևորվում էինք Երևան: Հրապարակում մեզ դիմավորեցին անասելի ջերմությամբ»:

«Վարչապետի ընտրության օրը Երևանի բոլոր սրճարաների հեռուստաէկրաններին ԱԺ նիստն էր»:

«Մեքենաները հատուկ ազդանշաններով էին ողջունում միմյանց, իսկ մարդիկ ժպտում էին հարազատ անծանոթերին»:

«Մեր մայրաքաղաքում սպիտակն էր իշխում, չկար կարմիրը՝ արյան գույնը»:

«Երեխաս մեկ տարեկան էլ չկար: Տարել էի հրապարակ, բարձրացրել էի նրան, որպեսզի անկախության ու ազատության շունչը զգա»:

«Հաղթանակի օրը հորդ անձրև տեղաց: Այն մաքրեց «մութ ու ցուրտ տարիների», սովետի ու կեղծ ժողովրդավարության հետքերը»:

«Ժողովուրդը ցնծության մեջ էր, ասես ամենուր հարսանիք լիներ»:

«Հիշում եմ ՝ ինչպես էին բոլորը պարում՝ ոմանք բեմում, ոմանք փողոցում, ոմանք մեքենաների վրա, ոմանք էլ շատրվանների ու անձրևաջրերի մեջ»:

«Ծնվեցին մի շարք ոգևորիչ ու տպավորիչ երգեր, որ հիմա էլ լսելուց հիշում եմ ու փշաքաղվում»:

Ուստի բոլոր նրանք, որ գեթ մեկ անգամ մասնակցել են ցույցերին ու նոր հաղթանակի օրերին եղել Հանրապետության հրապարակում, վառ հիշողություններ ունեն հաջորդ սերունդներին պատմելու և հպարտանալու:

Համբարձում յայլա, յայլա ջան յայլա

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Մայիսի տասը՝ Համբարձման տոն և տասնմեկ վիճակ հանելու օր, որն այս տարի էլ ավելի հետաքրքիր անցավ մեր գյուղում՝ Լիճքում, շնորհիվ նոր սերնդի և լավ կազմակերպված աշխատանքների:

Բոլորս լարված ենք և անհամբեր սպասում ենք, թե երբ են ավարտվելու դասերը, որպեսզի գնանք «ջուր գողանալու»: Մենք՝ 14 աշակերտներս, պիտի շրջեինք ողջ գյուղով և 7 աղբյուրից մի-մի բուռ «ջուր գողանայինք», հետո տարբեր ծաղիկներ, քար, ուլունք, կոճակ, զարդեր գցեինք կուժը: Բաժանվեցինք զույգերի, և ամեն մի զույգը մի աղբյուրից «ջուր գողացավ»:

Դուրս եկանք դպրոցից, երգերով և ուրախ տոնախմբությամբ շարժվեցինք դեպի անտառ, որտեղ գտնվում էին երկու աղբյուրներ: Մինչ ջուր գողանալը, աղջիկները ժողովրդական պարեր և երգեր էին կատարում: Վերջացնելուց հետո շարժվեցինք առաջ, և առաջին զույգը կուժը լցրեց մի բուռ ջուր: Չնայած աղբյուրները իրարից շատ հեռու էին, գյուղը՝ մեծ, իսկ ճանապարհները՝ երկար, մենք չվհատվեցինք և այդ ճանապարհները այնպես անցանք, որ մենք էլ չզգացինք: Հասանք երկրորդ աղբյուր, կրկին երգ, մի բուռ ջուր և ուրախ տրամադրություն: Գնացինք մյուս աղբյուրներ և դարձյալ նույնը, բայց հետաքրքիրը դեռ առջևում էր, և բոլորն էլ անխտիր սպասում էին դրան՝ «կուժը պահելուն»: Վերջին՝ յոթերորդ աղբյուրից ջուր վերցնելուց հետո բոլորս մեր իրերից գցեցինք կժի մեջ, պոկեցինք վիճակ ծաղկից մի մաս, և յուրաքանչյուրս երազանք պահելով՝ դարձյալ գցեցինք կուժը: Հետո պայման կապեցինք, որ պետք է լինի «հարսանիք» և, եթե տղաները գտնեին աղջիկների կողմից պահված կուժը, ապա «հարսանիքի» ողջ ծախսերը հոգալու էին աղջիկները, իսկ եթե չգտնեին, ապա հակառակը: Այսպիսով աղջիկները գնացինք կուժը թաքցնելու, իսկ մենք՝ տղաներով գնացինք «փուռ» դնելու:

Ահա և «փուռը» պատրաստ է, և աղջիկներն էլ ժամանեցին: Այն ուտելուց հետո, տղաներով գնացինք կուժը փնտրելու: Երկար փնտրտուքներից հետո վերջապես գտանք այն: Այնպես որ, «հարսանիքի» ծախսերը հոգում են աղջիկները: Սակայն սա դեռ ամենը չէ, բա վիճակահանությունը…

Մայիսի 11, կուժը մեզ մոտ է: Մի քանի ծնողների և մեր դասղեկի հետ որոշեցինք գնալ անտառ՝ ծովի ափ՝ «Իվանի հոլըկ» կոչվող տարածք, մաքուր ու թարմ օդ, գեղեցիկ բնություն, որտեղ և արեցինք վիճակահանությունը: Ու ըստ ավանդույթի, ում զարդը որ առաջինը դուրս գար, նրան էր սպասվում մոտալուտ ամուսնությունը, իսկ մյուսների զարդերի և իրերի դուրս գալուն պես հնչեցին բարեմաղթանքներ և խրատներ: Չնայած հորդառատ անձրևին, մենք չհետաձգեցինք և մեծ սիրով արեցինք այն: Գյուղ մտնելուն պես տներից դուրս եկան նաև գյուղացիները՝ լսելով մեր գոռուն-գոչյունները. 10-ի Ա՜, 10-ի Ա՜, 10-ի Ա՜… Նրանք ևս միացան մեզ, ուրախացան և ժպտացին, ու մեզ մաղթեցին բազում հաղթանակներ և բարի երթ:

Հաղթեց սերն ու համերաշխությունը

Nazik Armenakyan / 4Plus

Nazik Armenakyan / 4Plus

Գրում է Հայաստանի հպարտ քաղաքացին։ Հոդվածս գրում եմ նոր ու հեղափոխված Հայաստանում, այն Հայաստանում, որտեղ մարդիկ ժպտում են, որտեղ բոլորը հանդուրժում ու սիրում են իրար։ Մայիսի 8-ին Հանրապետության հրապարակում ԱԺ նիստի ավարտից հետո ցնծում էր ողջ Երևանը, իսկ ես, ինչպես Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, այդ ժամանակ ևս կես կատակ-կես լուրջ մտածում էի, որ Երևանի ճարտարապետական ամրությունը չի դիմանա. ցնծում էին մեծ թե փոքր։ Ես մի պահ սառեցի այդ ամբոխի մեջ, քարացա ու սկսեցի նայել շուրջս կատարվողին, այն ամենին, ինչ կատարվում էր, և որն անհնար է բառերով բացատրել: Ես սառեցի ու տեղափոխվեցի մարտի 24-յան դեպքեր։ Երբ տեղեկացա, որ Կասկադում երթ կա ու մի վայրկյան անգամ երկմտելու, որոշեցի, որ պետք է գնամ։ Առաջին երթն էր: Գրեթե հարյուր մասնակից կար: Ո՞վ կմտածեր, ո՞վ կմտածեր, որ այդ հարյուրը կդառնան մի քանի հարյուր հազար։ Հենց այդ առաջին երթին էր, որ ծանոթացա Արփիի հետ։ Եվ հենց առաջին երթից ցանկացած վայրկյան ու ցանկացած դժվարություն հեղափոխության ընթացքում ապրեցինք միասին։ Ու ինչքան հպարտ ու երջանիկ պետք է խոսենք մեր «մարտական» ընկերության մասին։ Հետո տեղեկացա, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնող խմբին հարկավոր են կամավորներ, ու կրկին առանց մի պահ մտածելու հասկացա, որ ուժերս ամենահնարավոր կերպով պետք է ծառայեցնեմ ի նպաստ շարժմանը։ Երբ առաջին օրերին մարդկանց տեղեկացնում էինք և թռուցիկներ բաժանում, նրանցից շատերին ուրախություն էր պատճառում «ՄերժիրՍերժին» կարգախոսը, իսկ ես երբեք չէի մտածի, որ օրեր անց ողջ Հայաստանը կվանկարկի այն։

Այս ընթացքում շատ են խոսել անչափահասների մասնակցության մասին, սակայն անչափահասները ևս զգում էին ռեժիմի ոչ դրական ազդեցությունը իրենց վրա սկսած կրթական համակարգից։ Հենց այս էր իմ փողոց դուրս գալու պատճառը։ Այսօր,երբ Արփիի ձեռքը բռնած հետևում եմ շուրջս կատարվողին, հասկանում եմ, որ զուր չէին մեր անքուն գիշերները Ֆրանսիական հրապարակում, որ հենց այդ գիշերների ջերմ ու հոգատար մթնոլորտը հանգեցրեց այս ավարտին։ Սակայն ցանկանում եմ ավելացնել, որ կատարվածից հետո յուրաքանչյուրս պետք է գիտակցենք մեր դերն ու պարտականությունը և միևնույն ժամանակ չմոռանանք լինել պահանջատեր։

Anush margaryan

Հեքիաթ մանուշակագույն ավտոբուսի ու սպիտակ հեղափոխության մասին

Արևն առավոտյան արթնացավ, լվացվեց, խմեց մայրիկի պատրաստած երիցուկի անուշաբույր թեյը, բայց դեռ շարունակում էր հորանջել, աչքերը իրենք իրենց փակվում էին, ի՞նչ անել։ Հնարամիտ արևը գտավ դրա լուծումը. կոպերը սոսնձով ամրացրեց դեղին ճակատին ու փորձեց հաղթահարել մռայլ տրամադրությունը։ Ի՞նչ արած, ուրիշ ելք չկար: Դա էլ նրա պարտականությունն է՝ վաղ արթնանալ ու կյանքը լցնել լույսով ու ջերմությամբ։ Արևը երբեք չի դժգոհում, չի փնթփնթում, բոլորին ժպտում է ու բարի լույս մաղթում, մեկ-մեկ նաև հաճոյախոսում ու որպես համաձայնություն՝ բարձրացնում իր թեյի գավաթը, ինչպես եղավ այսօր, երբ նա երկնքից լսեց մանուշակագույն ավտոբուսում տեղի ունեցող զրույցը…

Դե լավ, թույլ տանք արևին ավարտել իր երկրորդ բաժակ երիցուկի թեյը, և սլանանք ոլորապտույտ ճանապարհով՝ ավտոբուսի հետքերով։

Ահա, գալիս է մանուշակագույն մի ավտոբուս. չնաշխարհիկ գույն է, այնպես չէ՞։ Այնքա՜ն խորհրդավոր է ու գաղտնիքներով լեցուն։ Ես թափահարում եմ ձեռքս ու բարձրանում ավտոբուս։ Չկարծես, թե ավտոբուսներն ընտրում եմ ըստ գույնի, պարզապես այս մեկը, ը՜, ինչպես ասում են՝ մի կրակոցով երկու նապաստակ: Պարզվում է, որ վարորդն էլ է խորհրդավոր ու իմաստուն՝ ինչպես իր ավտոբուսի գույնը, և սիրում է մեղմ ձայնով զրուցել ուղևորների հետ…

-Պապի՛կ ջան, կարևորն այն է, որ հիմա մի ուրիշ հեղափոխություն էլ անենք, բայց արդեն ինքներս մեր ներսում, ա՜յ այստեղ՝ սրտում։ Այ, օրինակ, քո ավտոբուս քանի՜ հարյուր մարդ է բարձրանում, նրանցից քանի՞սն են քեզ բարևում, քանի՞սն են իջնելիս շնորհակալություն ասում։ Ջերմությունն ու սերն են պակասում, ջերմագին հեղափոխությունը…

-Դե՜, մարդիկ կան, որ բարևում են, տղա՛ ջան, չէ, չէ, հաստատ, թեկուզ՝ քիչ, բայց կան։ Կարևորն այն է, որ ժպտացող մարդիկ էլ կան։ Հաղթանակից հետո մեր կամքն առավել ուժեղ է, մնում է՝ սկսենք ինքներս մեր հոգուց ու սրտից, ճիշտ ես, տղա՛ս: Վստահ եմ, ամեն բան կփոխվի, միայն հոգով ցանկանալ է պետք։ Կգա այդ օրը, երբ իմ ավտոբուս բարձրացող յուրաքանչյուր մարդ՝ մեծից փոքր, կբարևեն ինձ ու շնորհակալություն հայտնել չեն մոռանա։ Դա կլինի ամենամեծ հաղթանակը։

Կանգառում ավտոբուսը կանգնեց, պապիկը ժպիտիս բարի ժպիտով պատասխանեց, ես իջա՝ ինձ հետ տանելով լսածս յուրաքանչյուր բառը, իսկ ավտոբուսը շարժվեց՝ իր հետ տանելով տասնյակ բարի սրտեր, որոնց կարիքն ունի հեղափոխությունը։

Մի բան երբեք չեմ մոռանա. անկախ ամեն բանից միշտ ժպտալ և ժպիտս կրկնապատկել՝ մանուշակագույն ավտոբուս բարձրանալիս։

Մինչ հեղափոխությունը անելու շատ բան կար, հեղափոխությունից հետո դա քառապատկվել է, հնգապատկվել։

-Շարժասանդուղքից օգտվելիս եղեք ուշադիր, առանձնակի ուշադրություն դարձրեք Ձեր անձնական իրերի նկատմամբ… բլահ, բլահ…

Ականջներումս հնչում են մետրոյում լսած այս խոսքերը. երանի դպրոցում հանձնարարած բոլոր անգիրներն այսպես լավ իմանայի… Իսկ ինչո՞ւ է այդ ձայնը միշտ նույնն ասում, չի՞ հոգնում, ի՞նչ է։ Գուցե տարօրինակ թվա, բայց այն ինձ համար գալիս է ինչ-որ հեռվից, ասենք, Հյուսիսային բևեռից, սառն է, ինչպես այն սառցի կտորները, որոնցով պատրաստված էր Ձյունե թագուհու տնակը։ Պարզապես ծակում է ականջներս ու թափանցում ուղեղս։ Չի՞ կարելի արդյոք այդ բառերի կույտին ավելացնել. «Խնդրում ենք՝ չմոռանաք ժպտալ» կամ «Ձեզ պայծառ օր» կամ «Մենք սիրում ենք Ձեզ» արտահայտությունները։ Պատկերացնո՞ւմ եք՝ հարյուրավոր մարդիկ դա լսելիս կժպտան։ Ու նրանցից յուրաքանչյուրի հոգում ծիլ կտան բարի, արդար, գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարն ու մղումը, միմյանց սիրելու ու լավ խոսքեր շշնջալու ցանկությունը։

Սպիտակ հեղափոխությունը չի լինում հենց այնպես՝ սպիտակ շապիկ հագնելով։ Երբ առավոտյան հագնեք ձեր սպիտակ շապիկները, վերցրեք նաև մի վրձին ու գեղեցիկ ներկեր։ Սպիտակով ներկեք ձեր հոգին, որպեսզի ամեն բան սկսեք նոր էջից, հետո սպիտակին ավելացրեք միայն գունավոր ու պայծառ երանգներ, որպեսզի երբեք բարությունն ու ժպիտը չլքեն ձեզ։ Երբ մեզանից յուրաքանչյուրը հեղափոխություն անի իր սրտում ու պաշտոնաթող անի կեղծիքը, չարությունը ու բոլոր արատները, Հայաստանը կդառնա ամենապայծառ, ջերմ ու բարի անկյունն աշխարհում։

Նայի՛ր պատուհանից դուրս, արևը ժպտում է քեզ։