
Լուսանկարը` Սոնա Զաքարյանի
Բարև բոլորին։ Այսօր ցանկանում եմ ձեզ պատմել մի շատ հետաքրքիր փորձի մասին, որը ԱՄՆ-ում եմ ձեռք բերել։ Երբ սկսեցինք պատրաստվել դպրոց գնալուն, առարկաներ էինք ընտրում, ու ինձ առաջարկեցին լինել ուսուցչի օգնական, օգնել ուսուցչին նախադպրոցական տարիքի երեխաներին սովորեցնելու հարցում։ Քանի որ շատ եմ սիրում երեխաներին, որոշեցի փորձել։
Սկզբում շատ անսովոր էր, քանի որ երեխաներին, այն էլ՝ ամերիկացի, հասկանալու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ։ Իհարկե, խոսքը միայն լեզվին չի վերաբերում։ Բայց հետո սկսեցի հարմարվել, ու ամեն ինչ շատ հետաքրքիր էր ու ոգևորիչ։

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի
Այդ տարիքի երեխաների հետ շփվելը մի քիչ բարդ է, քանի որ նրանք մեծ դժվարությամբ են հարմարվում ինչ-որ բաներ սովորելուն, դեռ ցանկանում են խաղալ։ Կան երեխաներ, որ իսկակապես ուզում են սովորել և պատրաստակամ են, կան նաև երեխաներ, որ սովորելու մասին լսել անգամ չեն ցանկանում և անընդհատ պատճառներ են գտնում ուրիշ բաներով զբաղվելու համար, միայն թե չսովորեն։ Այս ամենը իրականում շատ խառն է, աշխատատար և միևնույն ժամանակ՝ հետաքրքիր։

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի
Բայց գիտե՞ք՝ նրանք իմ անունը ավելի լավ ու ճիշտ են արտասանում, քան շատ ամերիկացի մեծահասակներ։ Երբ մտնում եմ դասարան, Սոյերը բացականչում է.
-Ուսուցի՜չ, Սոնան եկավ։
Քայլին և Ռայլան վազում են ընդառաջ ու գրկում։ Նրանք միշտ բարձրացնում են տրամադրությունս։ Սա ինձ համար շատ կարևոր է և ուրախալի, քանի որ կարծում եմ, որ եթե երեխաները ինձ չսիրեն, ապա չեն լսի ինձ։ Իսկ իմ առաքելությունը նրանում է, որ նրանք հասկանան ինձ, լսեն և սխալ բաներ չանեն։

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի
Մի օր, երբ հերթական դասի ժամն էր, երեխաներից մեկը, որի անունը Լոգան է, անմիջապես նկատեց իմ գիրք-կախազարդն ու հարցրեց․
-Ի՞նչ է սա։
-Գիրք-կախազարդ է, Լոգան։
-Ինչ-որ բան կա՞ մեջը գրված։

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի
-Այո, ընկերներս են գրել, որ իրենց չմոռանամ։
-Կարո՞ղ եմ ես էլ իմ անունը գրել, որ ինձ երբեք չմոռանաս։
-Հա, կարող ես գրել։
Հետո հարցրի.
-Իսկ ես ի՞նչ պետք է անեմ, որ դու էլ ինձ չմոռանաս։
-Ինձ համար բացիկ պատրաստիր։
Շատ երեխաներ հարցնում են.
-Ամերիկացի՞ ես։

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի
-Չէ, ես շատ հեռվից եմ եկել ու շուտով գնալու եմ։
Այս խոսքերը, ինքս էլ չգիտեմ՝ ցավոտ են, ուրախալի, թե ոչ մեկը, ոչ էլ մյուսը։
Երեխաներին շատ եմ սիրում ու ցանկանում եմ շարունակել այս ամենը։ Ո՞վ գիտի՝ ինչ հետաքրքիր արկածներ են սպասվում։



Մանկուց լսել ու հպարտացել եմ հորեղբորս մասին բազմաթիվ պատմություններով: Հորեղբայրս՝ Աշոտ Կարապետյանը՝ ՀԱԲ-ի Հրազդանի ջոկատի հրամանատարը, դեռ դպրոցական տարիներից լցված է եղել հայրենասիրական ոգով: 1989թ.-ի սեպտեմբերից իր ջոկատով սկսել է կռվել մարտական դիրքերում: ՀԱԲ-ի լուծարումից հետո, ինչպես շատերը, անցել է ՀՅԴ-ի շարքերը: Կազմակերպել են Խնձորուտ, Խաչիկ, Ոսկեպար, Այգեպար և բազմաթիվ գյուղերի ու քաղաքների ինքնապաշտպանությունը: Սակայն ամենակարևոր մարտական գործողությունը, իհարկե, Շուշիի ազատագրումն էր:
Թռուցիկներ պատրաստեցինք և անցանք գործի: Գնացքով Հրազդանից մեկնեցինք Երևանի «Ռոսիա» կինոթատրոն: Սկսեցինք թռուցիկները տարածել և կրկին գնացքով վերադարձանք, նույնիսկ մի փաթեթ նետեցինք ոստիկանի (միլիցիոների) մոտոցիկլի մեջ: Ինչպես ենթադրվում էր, սկսվեցին հետապնդումները…
1983 թ.-ի ապրիլի 24-ին ոմն Իգոր հայհոյանք էր շպրտել ցեղասպանության հասցեին: Սակայն անպատիժ չմնաց՝ Հայրապետյան Գագիկի հետ շան ծեծ տվեցինք, և հիվանդանոցում հազիվ փրկվեց:

