Երբ կա հնարավորություն և միջոց

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Հայաստանում «Ստարտափ Արմենիա»-ն Սևանա լճի ափին իրականացնում է «Սևան Ստարտափ Սամիթ» ոչ ֆորմալ վրանային ճամբարը, որի ընթացքում ստարտափ ծրագրեր ունեցող խմբերը 7 օր համախմբվում են մի տանիքի տակ՝ հաճելի և ինտելեկտուալ միջավայրում, նոր բիզնես գիտելիքներ ստանում, փորձի փոխանակման և ծրագրերի ներկայացման շնորհիվ ձեռք բերում համախոհներ և ներդնողներ: Ծրագրի մեջ ընդգրկվում են կամավորներ, որոնք աջակցում են ճամբարի պատրաստմանն ու կազմակերպմանը և, իհարկե, լավ ժամանակ անցկացնում ճամբարի ընթացքում, լուսանկարիչներ և լրագրողներ, որոնք տարբեր ճանապարհներով հնարավորություն են ստանում ներսից լուսաբանելու ճամբարում տեղի ունեցող իրադարձությունները և ընդգրկվելու ճամբարի մասնակիցների շարքում: Ճամբարն իր մեջ ընդգրկում է առավոտյան նախավարժանք, բիզնեսի և ստարտափ դաշտի հետ կապված մի շարք վորքշոփեր, Սևանա լճի ափին տեղի ունեցող մի շարք ժամանցային ծրագրեր, «Campfire Talk»-եր, որոնց ժամանակ հայտնի գործիչները կիսվում են իրենց փորձով, պատասխանում մասնակիցների հարցերին և ուղղություն տալիս նրանց:

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Յոթօրյա ճամբարը նոր դռներ է բացում մասնակիցների առաջ՝ հնարավորություն ընձեռելով նրանց շփվել 1000 և ավելի տարբեր բնավորությունների տեր տարբեր միջավայրերի մարդկանց հետ, ձեռք բերել նոր ընկերներ և ֆինանսական աջակցություն ստանալ` ստարտափ ծրագրերի իրականացման համար: Սա նոր և կարևորագույն հարթակ է Հայաստանում, որի գերնպատակը ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլև սեփական ուժերի գնահատումը: Այս տարի՝ 2017 թվականի հուլիսի 24-ին մեկնարկել է ճամբարը, որի ավարտը հուլիսի 31-ին է: Մասնակիցների թիվն անցած տարվա համեմատ աճել է 2 անգամ՝ դառնալով 1000 և ավելի: Այս տարի «Սևան Ստարտափ Սամմիթի» գործընկերն է Եվրոպական միության կողմից կազմակերպվող «SMEDA» ծրագիրը: Ստարտափ թիմերի թիվը 70 է, իսկ ծրագրավորողների թիվը հասնում է 30-ի: Մրցանակային ֆոնդը այս տարի 40000 դոլար է, սակայն այլ ներդնողների և հովանավորների շնորհիվ այն ընդլայնել է իր մասշտաբն ու դարձել 200000 դոլար: Ինչպես անցած տարի՝ այս տարի էլ ճամբարն իրականացվում է Սևանա լճի ափին՝ վրաններով, 20 ջոկատների կազմակերպմամբ: Մինչ ճամբարային փուլը բոլոր մասնակիցներն անցել են հայտագրման և հարցազրույցի փուլերը և գրանցած հաջողությունների արդյունքում հասել են վերջնական փուլ: Սամիթի շրջանակներում կազմակերպվում են հեքեթոններ, Seed Pitch (ստարտափ ծրագրերի ներկայացում 2 րոպեանոց pitch-ով և 4 րոպեանոց Q&A-ով), Big Battle (ստարտափերը ներկայացնում են իրենց խնդիրը, թե ովքեր կարող են իրենց խնդրին բախվել և ինչպիսի լուծում են տալիս իրենք այդ խնդրին, 3 րոպեանոց Pitch, 4 րոպեանոց Q&A), Yell Extreme Battle (տուրիզմի դաշտում պայքար ամենալավ ստարտափի համար), Art Lunch Battle (առողջության և սննդի դաշտում պայքար ամենալավ ստարտափի համար), Janfida Battle (պայքար գյուղատնտեսության հետ կապված ստարտափերի մեջ) և Science Battle (պայքար գիտության ասպարեզի ստարտափերի միջև): Հետևյալ battle-ներից բացի՝ կան հատուկ մրցանակներ լավագույն լուսանկարի, լրագրողական նյութի համար: Վորքշոփերը, թրեյնինգներն ու «Campfire Talk»-երը հնարավորություն են տալիս մասնակիցներին սովորել գտնել ճիշտ խնդիրներ, ուսումնասիրել դրանք, հասկանալ, թե ովքեր են բախվում այդ խնդրին և թե ինչպես կարելի է շահավետ, հարմար և ժամանակակից լուծում տալ այդ խնդրին: Սամիթն իր մեջ ընդգրկում է եզրափակիչ մեծ խնջույք լճի ափին՝ տոնելու համար մասնակիցների հաջողությունները և հաղթանակները:

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Սամմիթի կազմակերպչական խումբը փորձում է առավելագույնս մոտիվացնել յուրաքանչյուր մասնակցին՝ նրանց լիովին ընդգրկելով ծրագրի մեջ, ապահովելով ժամանցը, անվտանգությունն ու հարմարավետությունը, տալով ընդհանուր և բիզնես ոլորտի գիտելիքներ, ստեղծելով գիտելիքները գործի դնելու լավագույն պրակտիկա: Սևան Ստարտափ Սամիթ-ը կարող է լավագույն հարթակ դառնալ պատանիների, երիտասարդների համար՝ հասնելու այն նպատակին, որը գուցե մի ժամանակ անհասանելի երազանք է եղել, բայց արդեն բարձր մակարդակով կազմակերպված ծրագիր է:

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Հնարավորությունը կա, միջոցներն առկա են, մնում է միայն մեծ ցանկություն, հավատ նպատակի նկատմամբ և մեծ աշխատասիրություն:

hasmik givargizyan

Մաթեմատիկան չոր չէ

Մի անգամ մի նյութ կարդացի 17-ում՝ Մանանա Դավթյանի «Փափուկ սիրտ՝ թվերի աշխարհում» նյութը։ Հեղինակը զարմանում էր, թե ինչպես է իր մաթեմատիկայի ուսուցչուհու սիրտն այդքան փափուկ ու փխրուն մնացել։ Իսկ ես զարմանում եմ հեղինակի զարմանքի վրա։ Շատ մարդիկ կարծում են, որ եթե առարկան բնագիտական է, ապա այն անպայման տղամարդ պետք է դասավանդի։ Մարդ ես, մեկ էլ տեսար կնոջ սիրտը չդիմացավ, որ մեր մոլորակը ոչ թե կլոր է, այլ գեոիդ (ինքն իրեն է նման)։ Ես ինքս շա՜տ եմ սիրում ճշգրիտ առարկաները, հատկապես՝ մաթեմատիկան։ Ու եթե ապագայում թարգմանչուհի չդառնամ, հաշվապահ կամ մաթեմատիկայի ուսուցչուհի կդառնամ։

Հասակակիցներս ինձ ծուռ հայացքներով են շրջապատում, երբ պատմում եմ, թե իրականում ինչ հետաքրքիր առարկա է մաթեմատիկան։ Մի պահ ինքներդ մտածեք. երկուսի ու երեքի գումարը հինգ է, ու դա անվիճելի փաստ է։ Իսկ հայոց լեզվի մեջ կարելի է բազում քերականական ու ուղղագրական սխալներ թույլ տալ։ Իհարկե, սխալներից մաթեմատիկան էլ զուրկ չէ, բայց այն հաստատուն է, ինչն էլ գրավում է ինձ։ Երևի նույն կերպ էլ իրենց ընտրությունն արդարացնեն լեզու սիրողները, բայց հարցը դա չէ։ Այլ այն, որ լինել թվերով շրջապատված դեռ չի նշանակում լինել «սառցե թագուհի»։ Որոշ մարդկանց թվաբանական հավասարումներն ավելի են երջանկացնում ու ջերմացնում, քան գրական հանճարեղ ստեղծագործությունները։ Չէ որ հարցը էության մեջ է:

lilit harutyunyan lchshen

Ֆրանսիացի կամավորները մեր գյուղում

Մի քանի շաբաթ առաջ Հայաստան էին ժամանել ՀԵԿ (Հայկական երիտասարդական կազմակերպություն) կազմակերպության ֆրանսիացի կամավորները: Նրանք իրենց ամառային հանգիստը անցկացրին մեզ մոտ՝ Լճաշենում: Ինչպես նրանք մեզ պատմեցին՝ Ֆրանսիայում անցկացվում է մեծ ընթրիք, որին մասնակցում են տարբեր խավերի մարդիկ (օրինակ՝ մեծահարուստներ, բարերարներ, ուսանողներ և նաև տարբեր ոլորտների մասնագետներ), կատարվում է դրամահավաք, և ընտրվում են Հայաստանի գյուղերից մի քանիսը, որտեղ կամավորները պետք է անցկացնեն դասընթացները: Այս անգամ ընտրվեց նաև մեր գյուղը: Ֆրանսիացի կամավորները աջակցեցին նաև սպորտդպրոցի վերանորոգման աշխատանքներին: Նրանց նպատակն էր՝ ծանոթացնել գյուղի երեխաներին Ֆրանսիայի մշակույթի հետ և նաև ծանոթանալ Հայաստանի մշակույթի առանձնահատկություններին: Նրանք մեզ ծանոթացնում էին ֆրանսիական ազգային երգերին, իսկ մենք, փորձելով հետ չմնալ, սովորեցնում էինք մեր ազգային պարերից մի քանիսը: Նրանց հատկապես դուր էր եկել «Թամզարան»: Ցանկացած հայկական երաժշտության ներքո պարում էին այդ պարը: Երեխաներից ոմանք սկսում էին ծիծաղել, իսկ պարի ուսուցիչը նրանց հայացքով սաստում էր, քանի որ մեր արած կամ ասած ինչ-որ անզգույշ արտահայտություն կամ պահելաձև կարող էր խիստ վիրավորել նրանց: Դե, հասկանում եք, իրենց մոտ մշակույթը ու կուլտուրան լրիվ ուրիշ է: Ֆրանսիացի երիտասարդները գյուղի երեխաների հետ անցկացնում էին տարբեր ժամանցային ծրագրեր, դասընթացներ, դիտում էին ֆիլմեր և այլն: Նույնիսկ արդեն անգիր էինք արել կամավորների անունները, չնայած նրան, որ բարդ էր դրանք արտասանելը, իսկ նրանք արդեն հայերեն բառեր էին սովորել մեզանից: Հաճախ լեզվի խոչընդոտի պատճառով իրար լավ չէինք հասկանում: Դպրոցում գերմաներեն ենք անցնում, իհարկե, լավ կլիներ, եթե ավելի լավ ուսումնասիրեինք անգլերենը, քանի որ այդպես կկարողանայինք ավելի լավ հասկանալ մեր օտարերկրացի ընկերներին: Սակայն լեզվի խոչընդոտը չխանգարեց նրանց հետ լավ ժամանակ անցկացնելուն: Նույնիսկ Ֆրանսիա-Լճաշեն ֆուտբոլային թիմեր ստեղծվեցին:

Արդեն նրանց գնալու ժամանակն էր, քանի որ ամառային հանգստի մյուս մասն էլ պիտի Լճափ համայնքում անցկացնեին: Մեր գյուղի երիտասարդներն էլ մի գեղեցիկ հրաժեշտի միջոցառում էին կազմակերպել նրանց համար: Արդեն շատ լավ ընկերներ էինք դարձել և, իհարկե, մենք կշարունակենք շփումը սոց. ցանցերի միջոցով: Մենք ձեռք բերեցինք նոր ֆրանսիացի ընկերներ, չնայած նրան, որ իրարից տարբերվում էինք թե՛ լեզվով, և թե՛ նախասիրություններով:

«Պետք է դինամիկ լինել և միշտ առաջ նայել». «Թի-Էս-Դի»

Հավանաբար շատերդ եք լսել Արմթաբերի մասին: 17-ի թղթակիցներն այս տարի պատանի թղթակիցների առաջին մրցանակաբաշխության ժամանակ ոչ միայն տեսան հայկական ապրանքանիշը, այլև լավագույն թղթակիցները պարգևատրվեցին Արմթաբերով: Ու քանի որ թղթակիցը հետաքրքրասեր է, ապա առաջին հարցը, որ ծագում է մտքում, հետևյալն է՝ ովքե՞ր են այս ապրանքանիշի հետևում կանգնած, ում մտահղացումն է, ի՞նչով են զբաղվում հիմա

Եվ այսպես, այցելում ենք «Թի-Էս-Դի» ընկերություն: Հարցազրույց ընկերության փոխտնօրեն Լևոն Գալստյանի հետ:Galstyan 2

-Պարոն Գալստյան, ինչպե՞ս միացաք «Թի-Էս-Դի» թիմին։

-Կազմակերպության հիմնադիրը Վահան Շաքարյանն է: Այն ստեղծվել է 2013-ին, չնայած գաղափարը եղել է ավելի շուտ։ Թիմին ես միացել եմ 2014 թվականին։ Նմանատիպ բիզնես պարոն Շաքարյանն արդեն ունի ԱՄՆ-ում, և գաղափար էր առաջացել, որ դրա գործունեության մի մասն իրականանա Հայաստանում։ shaqarian

-Կպատմե՞ք՝ ինչպես սկսվեց Հայաստանում աշխատանքը, ի՞նչ արտադրանք ունեիք։ 

-Առաջին փուլն սկսվել է «Արմթաբ» բրենդի անունով: Եթե մի քիչ էլ հետ գնամ, առաջին սարքերը Հայաստանում վաճառվել են «Մինո» բրենդով, գաղափարի հետևում նույնպես Վահան Շաքարյանն է կանգնած եղել։ «Մինո» բրենդը փաթեթով վաճառել է «Օրանժ» կազմակերպությունը։ Դրանից հետո արդեն ստեղծվեց «Արմթաբ» բրենդը: Թողարկվում էին թաբլեթներ, որ գործում էին «Անդրոիդ» օպերացիոն համակարգով: Մենք նպատակ ունեինք կրթական թաբլեթներ ստեղծել Հայաստանի դպրոցների համար։ Մի քանի փորձնական ծրագրեր եղան, որոնք մեծ մասամբ բարեգործական էին։ Առաջին փուլը ներառել է մեծամասամբ մարզային ու սահմանամերձ գյուղերի դպրոցներ։ Գաղափարն այն էր, որ կրթական բաղադրիչը կիրառվեր մեր սարքերի վրա, և դպրոցներում դյուրակիր համակարգիչները, թաբլեթները դառնային երկրորդ գործիք՝ դասագրքերից բացի։ Խնդիրը ոչ թե գրքերը փոխարինելն էր, այլ դրանցից բացի երեխաներին տրամադրել մեկ այլ գործիք, որի շնորհիվ նրանք կարող էին մի փոքր ավելի խորն իմանալ ամեն ինչ։

Մեր մոտեցումն այն էր, որ մեր սարքերը դառնան օժանդակող գործիք։ Բայց սարքը, որպես տեխնիկական միավոր, չի կարող այդ խնդիրն ամբողջությամբ լուծել, այդտեղ պետք է համապատասխան բովանդակություն, որում մեզ արդեն հետագայում սկսեց օգնել ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, և մեթոդաբանություն, որն արդեն որոշակիորեն մշակվում է դպրոցներում ուսուցչի կողմից։

-Առաջին փուլում ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել և ինչպե՞ս եք դրանք հաղթահարել։

-Խոչընդոտներ միշտ կան, բայց ոգևորությունը մեծ էր շատ: Բոլորը փորձում էին ինչ-որ բանով օգնել, ՏՏ ոլորտից տասը-տասնհինգ կազմակերպություններ դրսևորում էին բարի կամք, տարբեր բաներ էին ստեղծում «Արմթաբի» համար։ Կար այդպիսի մի շարժում։

-Իսկ «Արմթաբից» հետո ի՞նչ արտադրանք սկսեցիք թողարկել։

-«Արմթաբից» հետո շուկան անընդհատ արձագանքում էր, այդ թվում և սփյուռքը։ Պահանջարկ էին ձևավորում հեռախոսների համար։ Մենք մի քանի նախագծեր ունեինք, որոնք ավելի հեռավոր ժամկետների համար էին նախատեսված։ Սակայն որոշ փոփոխություններ տեղի ունեցան: Նախ, ընդհանուր համաշխարհային տեխնոլոգիաների շուկայում նոր միտումներ առաջացան: Երևի դուք էլ նկատել եք՝ հեռախոսները սկսեցին մեծանալ, իսկ թաբլեթները՝ փոքրանալ։ Արդյունքում սկսեցին առաջանալ ֆաբլեթներ (phablet), մենք էլ ստեղծեցինք միջին չափի սարքեր, որոնք փոխարինելու էին և՛ հեռախոսին, և՛ պլանշետին։ Միավորելով այդ նախագծերը, փորձեցինք առաջին հեռախոսը բերել շուկա, ինչը եղավ 2016 թվականի հունիսին։ Այս տարվա հունիսին լրացավ մեր արտադրած հեռախոսների՝ «Արմֆոնների» մեկ տարին։ Առաջին երեք ամսում մեծ էր ոգևորությունը, վաճառքի ծավալները կտրուկ բարձրացան, հետո իջան և, բնականաբար, ինչ-որ կայուն փուլի վրա կանգնեցին։ Այս պահին հիմնական խնդիրը ապրանքը գնորդին հասցնելն է: Օրինակ՝ բազմաթիվ նամակներ ենք ստանում Ռուսաստանից, եվրոպական երկրներից, ասիական, մերձավորարևելյան տարածաշրջաններից, մեծ մասամբ՝ սփյուռքից, որ ցանկանում են գնել հեռախոսը։ Բայց այն տրանսպորտային ծախսերը, որոնք կպահանջվեն հեռախոսները այդ երկրներ հասցնելու համար, բավականին բարձր են։ Հիմա մի քանի հարթակներ են ստեղծվում արդեն Հայաստանում, որոնք փորձելու են իրականացնել այդ բեռնափոխադրումը ոչ միայն մեզ, այլ նաև այլ հայկական կազմակերպությունների համար՝ հասցնելով հայկական ապրանքը տարբեր մեծ շուկաներ։ Մենք կփորձենք նրանց ծառայություններից էլ օգտվել։ Բայց դրան զուգահեռ, մի քանի երկրներում՝ Դանիայում, Շվեդիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Բոլիվիայում, Ռուսաստանում, Իրանում արդեն ունենք գործընկերներ, որոնց հետ բանակցություններ ենք վարում, անգամ փոքր խմբաքանակների փորձնական վաճառքներ ենք իրագործել։

-Ինչպես գիտենք՝ այլ տեսակի արտադրանք էլ ունեք՝ սմարթ-ժամացույցներ։ Դրանց մասին էլ կպատմե՞ք։ 

-Սմարթ-ժամացույցների առաջին խմբաքանակից հիմա շատ փոքր մաս է մնացել։ Այսօր ունենք ոչ միայն հեռախոսներ ու պլանշետներ, այլ նաև այլ նորարարական ապրանքատեսականի։

-Նշեցիք, որ սպառողները հիմնականում սփյուռքից են լինում կամ կապ են ունենում սփյուռքի հետ, իսկ ինչպե՞ս եք գտնում ձեր սպառողներին ներքին շուկայում։ 

-Մի քանի մեխանիզմներ կան. մենք օգտագործում ենք տարբեր սոցիալական հարթակներ, նաև տարբեր անձնական կապեր։ Բացի «Թի-Էս-Դի»-ից, մենք ունենք նաև «New Technology Education Fund», որն ուղղված է Հայաստանում տեխնոլոգիաների զարգացմանը, տեխնոլոգիական կրթությանը, երիտասարդներին տեխնոլոգիական ոլորտներում ներգրավելուն, և ունենք մի քանի նախագծեր, որոնք ուղղված են հայկական ՏՏ ոլորտը աշխարհին ներկայացնելուն։ Օրինակ, տեղի ունեցավ եվրոպական ավտոարշավ, որի ընթացքում 2015-2016 թվականներին եվրոպական մի շարք երկրներում միջոցառումներ կազմակերպվեցին, որտեղ ներկայացնում էինք մեր արտադրանքը։ Սկզբում մոտ քսան կազմակերպություն էր մասնակցում, այնուհետև միացան ևս քառասունը։ Այսօր ունենք մի նոր նախաձեռնություն, որը միտված է ընտրված տասնյոթ երկրներում Հայաստանի ՏՏ ներկայացուցչություններ ստեղծելուն. դրանք կգործեն դեսպանատներին կից և կներկայացնեն հայկական տեխնոլոգիական, գիտական, նորարարական արտադրանքը արտաքին աշխարհին։ Այստեղ նորից մենք կլինենք այդ ծրագիրն իրագործողը, բայց մեր ապրանքներին զուգահեռ այլ արտադրողները նույնպես հնարավորություն կունենան իրենց արտադրանքը ներկայացնելու։ Արդեն ներկայացուցչություններ ունենք հինգ երկրներում: «Թի-Էս-Դի»-ում ընթանում են թրեյնինգներ, երիտասարդ կամավորների խումբ է ձևավորված, որը մի քանի ամիս է՝ դասընթացներ է ացնում, որպեսզի հետագայում կարողանա օժանդակել այդ ծրագրին: Մի մասն էլ աշխատանք կստանա հենց այս ոլորտում։ Factory (39)

-Սմարթֆոնների և թաբլեթների շուկան թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում, կարելի է ասել, արդեն ձևավորված է: Կան ուժեղ խաղացողներ, ինչպիսիք են՝ Samsung-ը կամ Apple-ը։ Ինչպե՞ս եք դուք կարողացել գտնել ու գրավել շուկայի ձեր բաժինը։ 

-Մեր բիզնես մոդելը միշտ էլ B2B-ն է եղել՝ բիզնեսը բիզնեսին։ Մենք փորձել ենք բավարարել կորպորատիվ հաճախորդի պահանջները, այսինքն՝ արտադրել կրթական ուղղվածության սարքեր, առողջապահական, էլեկտրոնային կառավարման, հյուրանոցների սպասարկման, ցանցային կազմակերպությունների համար, որոնք իրականացնում են վաճառքներ: Բայց նաև, ունեցել ենք մեր բրենդային խանութը, նախ՝ «Ռոսիա» մոլում, հետո արդեն «Դալմա Գարդեն» մոլում։ Մեր խնդիրը չի եղել մրցել այդ մեծերի հետ, այլ եղել է գրավելը այն փոքր տարածքը, որը կարելի է անվանել՝ «պատվիրատուի պահանջով»։ Պատվիրատու կարող են լինել, օրինակ, տելեկոմ օպերատորները: Դիտարկենք հայկական շուկայի օրինակով. մեր չորս օպերատորներից մեկը կարող է ցանկանալ մի սարք, որը պետք է վաճառվի փաթեթի հետ։ Օպերատորը տալիս է մեզ իր պահանջած չափանիշները, և դրանց համապատասխան՝ մենք ապահովում ենք առաջարկը։

Մեր հեռախոսները «Անդրոիդ» համակարգի վրա են հիմնված, հետևաբար, եթե համեմատեք մեր հեռախոսը այդ համակարգով աշխատող այլ բրենդների հետ, ապա կտեսնեք, որ մերը ոչնչով չի զիջում, և որոշ առումներով անգամ գերազանցում է դրանց։ Պարզապես մենք դեռ չենք հասել «միջազգային բրենդ» կարգավիճակին։

-Ասացիք, որ շատ դեպքերում «Արմֆոնները» տարբերվում են մրցակից բրենդներից լավ կողմերով։ Կասե՞ք՝ ինչ առավելություններ ունի «Արմֆոնը»։

-Լավագույն մոդելների պարագայում հեռախոսի ենթամասերը գնելիս մենք փորձում ենք ընտրել այնպիսի գործընկերներ, որոնք ունեն բարի անուն, օրինակ՝ կամերաների կամ ոսպնյակների արտադրության մեջ, կամ որոնք ավելի որակյալ մարտկոցներ են արտադրում, ավելի բարձր որակի էկրան են արտադրում… Այսինքն՝ օգտագործում ենք որակյալ ենթամասեր: Երբեմն, երբ «Արմֆոնը» համեմատում են գրեթե նույն բնութագրերն ունեցող այլ մոդելի հետ, հարց է առաջանում, թե ինչու է մերն ավելի թանկ: Ես էլ բացատրում եմ, որ մենք փորձում ենք որակի հաշվին գինը չիջեցնել։ Մեր հիմնական տարբերությունը դա է։ Մեր հեռախոսները հնչում են հայեցի, մեր հեռախոսների պաստառները հայերեն են, մեր հեռախոսները խոսում են հայերեն։ Փորձեցինք անգամ առաջինը շուկա բերել հայկական զանգեր. ինչպես է «զնգում» Կոմիտասը կամ Սայաթ-Նովան։ Հետագայում դա դարձրինք մի նոր հավելված, որը կոչվում է «Paroonak»: Դրա մեջ, զանգերից բացի, մտան նաև այլ ֆունկցիաներ՝ ֆոտո, վիդեո։ Այն կարող եք արդեն ներբեռնել թե՛ «iOS», թե՛ «Android» համակարգերի համար։

- Հայաստանում ի՞նչ աջակցություն է ցուցաբերում կառավարությունը, ի՞նչ արտոնություններ են տրվում հատկապես հիմա, երբ ՏՏ ոլորտը համարվել է կարևորագույններից մեկը մեզ համար։ 

-Մենք հիմա գտնվում ենք ազատ տնտեսական գոտում և որպես դրա շահագործող՝ ունենք որոշակի արտոնություններ։ Ուրիշ դեպքերում մեծ հոգեբանական և այլ աջակցություն ենք ստանում պետական տարբեր մարմիններից, օրինակ՝ տարբեր միջոցառումների ժամանակ կիրառական նշանակության համար կամ որպես նվեր մեր սարքերն են ձեռք բերում։ Չնայած դա չի հասնում շատ մեծ ծավալների, բայց կա որոշակի տենդենց, այսինքն՝ այդ օժանդակությունը մենք զգում ենք։ Եթե պիտի նվիրեն կոնյակ, նվիրում են նաև «Արմֆոն»։

-Դուք նշեցիք, որ արդեն հարյուրից ավելի աշխատողներ ունեք։ Հաշվի առնելով, որ Հայաստանում զարգացած տեխնիկական արտադրություն չունենք, որտեղի՞ց եք գտնում մասնագետներ։ 

-Մենք ունեցել ենք հիմնական թիմը՝ կորիզը, որ կազմված էր մինչև յոթ անդամից։ Հետո այդ մարդիկ աշխատել են ուսանողների հետ, որոնք հիմա արդեն մեր աշխատակիցներն են։ Մենք նրանց զարգացրել ենք տարբեր նախագծերով։ Այսինքն՝ սա եղել է նրանց թե՛ առաջին գործատուն, թե՛ առաջին փորձը։ Շատ դաժան ճանապարհ ենք անցել, որովհետև նրանք չունեին թե՛ աշխատանքի կազմակերպման, թե՛ ինչ-որ պրոցեսների կառավարման փորձ։ Սկզբում բավականին դժվար էր, բայց դա էլ մեր սկզբունքն էր, որ միասին աճենք։ Մեր կարգախոսն է՝ «We rise by lifting others» («Մենք աճում ենք՝ ուրիշներին բարձրացնելով»)։

-Նշեցիք, որ ունեք նաև New Technology Education Fund։ Ինչպե՞ս եք օգտագործում այն ձեր գիտահետազոտական աշխատանքում։ 

-Մենք մի ամբողջական օրգանիզմի ձևով ենք աշխատում, իսկ դա մեր այն բլոկն է, որն ամեն օր աշխատում է։ Ֆոնդի շրջանակներում մեր «Մերգելյան» ակումբը, որը գործում է ամեն երեքշաբթի և հինգշաբթի, ունենում է հյուրեր, անում ենք տարբեր ֆորմատների քննարկումներ: Հիմնականում երիտասարդներ և ուսանողներ են գալիս, շատ բան են սովորում թե՛ միջավայրից, թե՛ հյուրերից, թե՛ մեզանից։ Եվ սա ֆոնդի ընդամենը մի ծրագիրն է։

-Կպատմե՞ք մի քանի այլ ծրագրերի մասին։

-Ծրագրերից մեկը ավտոարշավն է, որն իրականացվել է մի քանի եվրոպական երկրներում։ Ունեցել ենք ծրագիր, որն Արցախում ենք իրականացրել։ Նորարարական գաղափարների արագացման ծրագիր է եղել։ Այսօր էլ Արցախում ունենք ներկայացուցիչ, որն առանձին ծրագիր է ներկայացնում, այնտեղ ակտիվ է պահում երիտասարդների կապը գիտական, ստարտափ միջավայրի հետ։ Արցախում երեք ծրագրեր բիզնես զարգացման առումով օժանդակություն ստացան, արդեն ընթացքի մեջ են։ Օգնել ենք դպրոցական օլիմպիականների, որոնք գնացել են ներկայացնելու Հայաստանը։ Նույնիսկ եղել են դեպքեր, որ նրանցից ոմանք չէին հաղթել հանրապետական փուլը, բայց մեր օժանդակությամբ մեկնեցին, բերեցին արծաթե մեդալներ։ Հիմա մաքուր տեխնոլոգիաների ոլորտում ծրագիր ունենք, որտեղ նոր գաղափարներ ենք ընդունում։ «Մերգելյան» ակումբից բացի, ունենք նաև «Junior Մերգելյան» ակումբ, որտեղ աշխատում ենք ավելի փոքր տարիքային խմբի հետ։ Նաև ունենք ծրագիր, որը կոչվում է «TSD Games», դրանք թե՛ սպորտային, թե՛ ինտելեկտուալ, թե՛ մի շարք այլ կոմպոնենտներից բաղկացած խաղեր են։

Մենք բաց ենք, եթե որևէ մեկն ունի գաղափար, նա կարող է գալ այստեղ, մենք կգտնենք համագործակցության տարբեր ձևաչափեր, որ նրա հեղինակային իրավունքը չոտնահարվի, համաձայնվի կիսվել իր գաղափարով։

-Ի՞նչ հետագա պլաններ ունեք, ինչպե՞ս եք պատկերացնում կազմակերպության զարգացումը։ Ի՞նչ նոր արտադրատեսակներ եք առաջարկելու։

-Այն ուղղությունները, որոնք կան, կպահպանվեն։ Ավելի շատ կենտրոնացում կլինի նորարարական արտադրանքների վրա։ Հիմա արդեն ունենք մոտ տասը նախագիծ, դրանք պետք է անցնեն մի քանի փուլերով։ Նախ պետք է հասկանանք այդ արտադրատեսակների զարգացման բիզնես մոդելները, հասկանանք, որքանով դրանք մրցունակ կլինեն շուկայում, հետո արդեն նախատիպի նմուշներ ստանանք, հասկանանք դրանց շուկա գնալու մարտավարությունը։

Զուգահեռ կշարունակվեն այն ծրագրերը, որոնք ուղղված են նոր գաղափարներից նոր արտադրանք ստանալուն։ Տարբեր երկրների հետ կապը կընդլայնվի ոչ միայն հանուն մեր արտադրանքի վաճառքի, այլ ընդհանրապես՝ հայկական ՏՏ-ի վաճառքի։ Մենք նաև այցեքարտ ենք հանդիսանում, երբ ցույց ենք տալիս որոշակի տեխնոլոգիաներ, որոնք Հայաստանում են ստեղծվել, արդեն բանակցային գործընթացը սկսում ենք ոչ թե «զրո-զրո» հաշվով, այլ որոշ առավելությամբ։ Դա մեծ նշանակություն ունի թե՛ հոգեբանական, թե՛ քաղաքական, թե՛ մարքեթինգային առումներով։

Մենք փորձելու ենք նաև ընդլայնվել՝ փոքր գաղափարներից ստանալով փոքր միավորներ, դրանք էլ իրենց հերթին կվերածվեն փոքր կազմակերպությունների, որոնք էլ այդ արտադրանքները շուկա մտցնելով՝ նույնպես կշարունակեն մեծանալ։ Արդեն ունենք երկու-երեք նման ձեռնարկություններ, ճիշտ է՝ դրանք դեռ շատ մեծ աշխատակազմեր չունեն, բայց անկախություն ունեն։

Իհարկե, կա նաև «Made in Armenia» գաղափարը, և մենք ամեն կերպ այդ գաղափարը խրախուսում ենք։ Արդեն նման ցուցահանդեսներ են կազմակերպվում, որտեղ մարդիկ կարող են ծանոթանալ, ստանալ ինֆորմացիա հայկական արտադրանքի մասին։ Այսինքն՝ հասարակությանը հասնելու այդ սխեմաներն ենք վերցնում։

-Ի՞նչ եք կարծում, Հայաստանում կա՞ այն պոտենցիալը, թե՛ մարդկային ռեսուրսների, թե՛ այլ ոլորտներում, որ կարող է զարգացնել ՏՏ ոլորտը։ 

-Այո, իհարկե կա։ Ինժեներական կամ մաթեմատիկական մտածելակերպ հասկացություն կա, որը գենետիկայով ունենք, այսինքն՝ մեզ պետք է այն բացել, զարգացնել։ Մենք արդեն այս ընթացքում ունեցել ենք շատ կամավորներ, տարբեր տեսակի պրակտիկա անցնողներ, այստեղով երևի անցել են 300-400 մարդ, պայծառ մարդիկ։ Չկա երկրորդ կարծիք, միանշանակ ունենք պոտենցիալ։ Բայց պետք չէ քչով բավարարվել, հատկապես՝ երիտասարդներին։ Եթե ունես որևէ գիտելիք, պետք է ամբողջ կյանքում շարունակես սովորել և զարգացնել ունեցածդ։ Եթե դու որևէ ոլորտում ես, ու վեց ամիս մի նոր բան քո ոլորտում չես կարդացել, մի նոր բան չես սովորել, դու արդեն մրցունակ չես լինելու։ Իսկ հիմա արագությունները մեծ են։ Կար ժամանակ, երբ դու կարող էիր երկու տարի մրցունակ մնալ, բայց հիմա անգամ վեց ամիսն է շատ ասված։ Հիմա ամեն ինչ շատ արագ է փոխվում, պետք է դինամիկ լինել և միշտ առաջ նայել։

Լուսանկարները տրամադրեց Թի-Էս-Դի ընկերությունը

Հարցազրույցը վարեցին Լիլիթ Կարապետյանը և Դիանա Շահբազյանը

Քեզ հետ և առանց քեզ

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Անցյալում մնացած դառը ցավեր ու կորուստներ, իսկ ես Ձեր մեջ՝ մի որբ վկա…

Համալսարանի աստիճանները հաշվելով բարձրանում էի, երբ ինձ զանգեցին: Եղբայրս էր:

-Դրսում սպասում եմ, արի՛ միասին գնանք տուն:

-Բայց ես դեռ մի քանի ժամ ունեմ մինչ դասերիս ավարտը:

-Դա արդեն կարևոր չէ:

Նստեցի մեքենան, ու նա ամբողջ ճանապարհին լուռ էր: Իսկ ես հասկացա, որ եղել է այն, ինչը բժիշկն արդեն ասել էր: Կորցրեցի այն միակին ու թանկին, ով ինձ աշխարհում ամենից շատն էր սիրում: Հայր վաղուց չունեի, իսկ հիմա կորցրեցի նաև մորս: Ցավը սրտումս՝ հասանք տուն: Արցունքների և մարդկանց հոսքը մեր տանից չէին դադարում: Մարդկանց գալն ու գնալը չէի հասկանում, բայց ահա սրտումս եղած ցավը սպանում էր ինձ:

Անցել են ամիսներ մորս մահվանից, հուլիսի քսանմեկին մորս ծննդյան տոնն էր: Միակ բանը, որ կարող էի անել, նրա շիրիմին վարդեր տանելն էր: Տարիներ շարունակ մայրս գամված էր անկողնուն ու ես ոչինչ չէի կարող անել նրա վիճակը բարելավելու համար, ես միայն աղոթում էի: Եկեղեցին դարձել էր իմ երկրորդ մայրը: Այն կարող էր լսել իմ վշտից ճչացող ձայնը: Այն կարող էր լսել իմ սիրտ մաշող աղաչանքները: Այն կարող էր մաքրել իմ արցունքները: Միշտ մորս ծննդյան տոնին ծաղիկներ էի հավաքում եկեղեցու բակից ու նվիրում: Մի անգամ չէր ստացվել ծաղիկներ հավաքելն ու նվիրելը: Հիշում եմ նրա տխուր աչքերը, երբ տեսավ իմ դատարկ ձեռքերը: Հիմա մեղադրում եմ ինձ, բայց արդեն շատ ուշ է…

Ես հավատում եմ, որ միայն մորս մարմինն եմ հողին հանձնել, իսկ նա կապրի իմ մեջ հավերժ: Մա՛յր, սիրում եմ քեզ անչափ։

jora petrosyan

Վերջապես…

Ի՞նչ էին անում բոլոր աշակերտները ամռան այս երկու ամիսներին. դե, բնականաբար, հանգստանում էին: Ճամբարներ, սեմինարներ…

Իսկ ի՞նչ էի անում ես: Ես մինչև հիմա պարապում էի: Վերջապես վերջացրի: Ինչպես սիրում եմ ասել՝ Դոբին ազատ է: Եկել է հանգստանալու ժամանակը: Բայց ի՞նչ հանգստանալ կամ ինչպե՞ս հանգստանալ, երբ հիշում ես, թե որքան հանձնարարություն ունես: Ինչպես իմ շա՜տ սիրելի ուսուցչուհին՝ Աղաջանյանն է ասում՝ ես պետք է մոռանամ, թե ինչ է հանգիստը: Պետք է հիշել, որ միասին նպատակ ունենք ու պիտի հասնենք դրան: Իսկ նպատակին հասնում են միայն ու միայն աշխատասիրության շնորհիվ: Ուսուցչուհիս ինձ տալիս է ոչ միայն գիտելիքներ կենսաբանությունից ու քիմիայից, այլ նաև կյանքի դասեր ու խորհուրդներ, որոնք էլ ավելի կարևոր են: Նա գիտի, թե ինչպես աշակերտին տրամադրել պարապելու ու գիտի աշակերտին իր նպատակին հասցնել:

Վերջապես օգոստոսն է, պիտի հանգստանամ: Էլի մեքենայով գնում եմ Ռուսաստան: Հուսանք, որ այս անգամ նորից ստիպված չեմ լինի մի քանի ժամ անցկացնել թշնամու հետ մեկ սենյակում:

Հայաստան-Վրաստան-Վլադիկավկազ-Մոսկվա-Պետերբուրգ: Հետաքրքիր է անցնելու: Երկար ճանապարհ՝ սիրելի մարդկանց հետ: Բայց ինչպես ասել էի, ես պետք է մոռանամ, թե ինչ է հանգիստը: Հենց դրա համար ինձ հետ վերցրել եմ իմ բոլոր գրքերը, շտեմարանները:

Դե, ընկերներ, ի գո՜րծ: Ինձ հետաքրքիր ճամփորդություն ու նպատակային պարապմունքներ, իսկ ձեզ՝ ակտիվ հանգիստ:

hovik vanyan dsex

Մի ավտոբուս՝ լի հայերով

Գիշերվա ժամը երկուսն էր: Քունս տանում էր, ես ո՞ր օրվա էդքան դիմացողն էի, ժամը 11-ն անցավ՝ պետք ա քնեմ: Արդեն գլխիս տեղը հարմարեցրել էի ավտոբուսի չոր պատուհանին, որ քնեմ ու… Էլ չեմ հիշում ինչ եղավ, երևի իսկապես քնել էի:

ՌԴ-ից, ավելի ճիշտ՝ Սարատովից, պետք է հասնեինք Հայաստան: Շուրջ երկու օր: Առաջին անգամ էի ավտոբուսով այդքան երկար ճանապարհ անցնելու: Չգիտեմ՝ ինչքան էի քնել, երբ արթնացա ինչ-որ մեկի բարձր խռռոցից՝ վերջին շարքի երրորդ նստարանին նստած մարդն էր: Էլ այդպես էլ քունս չտարավ: Չգիտեի՝ ինչ անեմ: Հիշեցի բարեկամիս թխած խաչապուրու մասին ու ընկա տոպրակի մեջ, որ գտնեմ: Արդեն փշուրներն էի մաքրում վրայիցս, երբ մի բարձր դմփոց լսեցի: Պարզվեց, որ ավտոբուսը կանգնել էր, ու պետք է անիվը փչեին, բայց ինչպես ասում են՝ ունքը հանելու տեղը տվեցին աչքն էլ հանեցին: Էնքան էին փչել, որ ակը չէր դիմացել ու պայթել էր:

Չէինք էլ հասկանում, թե ինչպես է ժամանակն անցնում: Արդեն մտերմացել էինք ավտոբուսի ժողովրդով, ու ով ինչ գիտեր՝ պատմում էր: Ամենահամով ուղևորն էլ Արտաշեսն էր՝ ութ ամսական: Շատ էի զարմացել, թե ոնց էր խելոք մնում այդ երեխան՝ մի ծպտուն չէր հանում, մենք էլ հերթով պահում էինք փոքրիկ մարդուկին: Ընթացքում երևի բոլորն էլ քնում էին, էլի վեր կենում… Հաշվեցի բոլոր մարդկանց, վարորդներին էլ հաշված` քառասուն հոգի էինք, երկու աղջիկները կարծես ռուսներ լինեին, մի տղա կար՝ վրացահայ, իսկ մյուսներս հայեր էինք՝ Հայաստանի բոլոր մարզերից: Վրացահայ տղան՝ Դավիթը, մեր տրամադրությունը միշտ բարձր էր պահում, շատ հումորով ու սրամիտ տղա էր: Իմացանք, որ էշին էլ վրացերեն ասում են «վիռո»: Մի տատիկ էլ կար՝ ասող-խոսող, շատ հավեսով էր, արդեն ուզում էինք ամուսնացնել, էն էլ փեսացուն ամաչկոտ պապիկ էր. դեմքն արդեն կարմրել էր:

Խոսում էինք դեսից-դենից, եթե ճանապարհն ավելի երկարեր, միգուցե բարեկամներ էլ դառնայինք վերջում: Ափսոս, այդ երկու օրը կարճ տևեց, ու արդեն հրաժեշտի պահն էր:

Երբ կարդում եք Հայաստանից Ռուսաստան, կամ հակառակ ուղղությամբ մեկնող ավտոբուսների մասին, հիշեք, որ ավտոբուսի մեջ քառասուն, գուցե ավելի, գուցե պակաս կյանքեր են, որ ճանապարհի ընթացքում միահյուսվում են իրար:

Inesa Zohrabyan aragacotn

Պատահականություններ չեն լինում

Ապրիլ ամսին ես մի նոր ընտանիք ձեռք բերեցի՝ «TEDxKids@Yerevan»-ի անձնակազմն ու խոսնակները: «TEDxKids@Yerevan»-ի նպատակն է ծառայել որպես հարթակ երիտասարդ սերնդի համար, որպեսզի նա բարձրաձայնի իրեն հուզող և հետաքրքրող խնդիրներն ու հարցերը, ինչպես նաև պատմի իր յուրահատուկ հաջողությունների, հայտնագործությունների, ուսումնասիրությունների ու պատմությունների մասին: Ես էլ, հաղթահարելով երկու փուլերը, դարձա խոսնակ: Իմ թեման անտեսանելի երևույթների մասին էր: Ես խոսում էի հիմնականում այն մասին, որ պատահականություններ չկան մեր կյանքում, և բերում էի գիտականորեն ապացուցված փաստեր, որոնք համեմատում էի մեր առօրյա ու մշտական գործողությունների՝ շնչելու և աչքերը թարթելու հետ: Վերջում հանգում էի այն եզրակացության, որ կան բաներ, որ մեր մի մասն են կազմում, բայց շատ քիչ բան գիտենք դրանց մասին, կան բաներ, որ էլի մեր մի մասն են, բայց դրանց մասին նույնիսկ չգիտենք էլ, ու 3-րդը, որ չգիտենք էլ, որ չգիտենք: Տեքստի, ելույթի նախապատրաստական աշխատանքների համար սպասում էի շաբաթ օրերին, որպեսզի իմ ընկերների՝ Ռուբինայի և Ալլենի հետ նստեմ տաքսի և գնամ Թումո: Ես այնտեղ ձեռք բերեցի շատ ընկերներ՝ ամեն մարզից ամենաքիչը երկու հոգի: Նրանք դարձան իմ լավագույն ընկերները: Այսպես, գրեթե 3 ամիս միասին էինք:

Հունիս 28-ը մեր հանդիպման վերջին օրն էր, միջոցառման օրը: Բոլորն անթերի ելույթ ունեցան, մեր ոգևորվածությունը շատ մեծ էր՝ 3 ամսվա աշխատանքը պետք է ցուցադրեինք և հանդիսատեսին հասցնեինք այն խնդիրները, գաղափարները, որոնք բոլորին են հուզում ու հետաքրքրում: Եվ ահա, ամեն ինչ ավարտվեց: Գրկախառնություններ, նկարներ: Իհարկե, մենք էլի կտեսնվենք, չնայած հեռավոր մարզերից էլ են մեր ընկերները: Հաճախ են հարցնում, թե ինձ ինչ տվեց «TEDxKids@Yerevan2017»-ը, ու ես կատակով ասում եմ, որ ամենափոքր բանը ամեն շաբաթ ընկերներով մի սեղանի շուրջ նստելը և պիցա ուտելն է, իսկ եթե կատակը մի կողմ դնենք, ապա այն ինձ տվեց շատ-շատ ընկերներ, լավ շրջապատ, անմոռանալի պահեր ու հիշողություններ, մեծ փորձ, 300 հոգու առաջ խոսելու ու քո ուսումնասիրությունը նրանց հետ կիսելու հնարավորություն, գեղեցիկ խոսելու հմտություններ, ժեստեր օգտագործելու հմտություններ, անփոխարինելի գիտելիքներ, շատ մարդկանց ոգեշնչման աղբյուր հանդիսանալու փորձ, փոփոխություններ ինքս իմ մեջ, ինքնաբացահայտման հնարավորություն ու էլի շատ բաներ, որոնք ես դեռ չեմ պարզել ու ապագայում կհասկանամ:

Astghik Hunanyan vayots dzor

Կախարդական արկղ կամ հենց ինքը՝ դպրոցը

Ամառ է, շոգ: Քայլում եմ փողոցով՝ մայթերը եզերած խանութների, շենքերի, ավտոմեքենաների թափանցիկ ու կիսաթափանցիկ պատուհանների ու դռների վրա արտացոլանքս որսալով: Ահա, սա ես եմ, նիհար, մկան հայացքով, մի երկու քայլ այն կողմ էլի ես եմ, էլի ես (արդեն՝ զարմացած մկան հայացքով), էլի, 5, 6, 10, 15… Այստեղ մի բան այն չէ, շուտ-շուտ սկսեցին աչքերս ինձ գտնել՝ իրար հետևից շարված պատուհանների վրա: Մինչ ես «անջատված» կարագացնեի քայլերս, և նույն արագությամբ էլ ինձ կհետևեին պատուհանների վրա ծեփված արտացոլանքս ու ասֆալտին փարված ստվերս, աչքերս էլի բան հասցրեցին որսալ՝ «Եղեգնաձորի ավագ դպրոց» գրությամբ ցուցանակը: Մեր դպրոցին եմ հասել:

Բայց մեկ է՝ մի բան իսկապես այն չէ, չէ, ոչինչ էլ նորմալ չէ, կարծես աչքիս սովոր տեսարանը թերի է, կիսատ, չէ՞ր հասցրել նկարիչն այդ օրվա համար նախատեսված կտավը ավարտին հասցնել ինչ է: Է՜, էլի սկսեցի փիլիսոփայել, էս ինչ եմ խոսում, ուղղակի դպրոցի բակում վազող, կռվող ու հաշտվող, դպրոցի ճաղերից փախչելու ելք փնտրող, բրդուճի մեծությամբ իրար զարմացնել ջանող աշակերտները չկան: Կապույտ գլխարկով, կարճ հասակով ու հաղթողի հայացքով դպրոցի պահակ, մեր ասած՝ «բանտապահ», Երազ տատը չկա, չկա դասղեկիս ավտոմեքենան, որ միշտ նույն տեղը կայանված հլու-հնազանդ տիրուհուն է սպասում: Ախր, այստեղ մի ամբողջ կյանք է բացակա, մի ոգի, որը սև ու սպիտակ այս պատկերը կգունավորի: Դու էլ հիմա դպրոցի մոտով անցնելիս նույն սառնությունն ու դատարկությունը չե՞ս զգում, երբեք չեմ սիրել ամառային արձակուրդները:

Եթե ինձ մի քանի տարի առաջ հարցնեին՝ սիրում եմ դպրոցը, թե ոչ, ես կասեի. «Այո, իհարկե, բայց առանց ուսուցիչների», կամ միգուցե երկար մտածելուց հետո ավելի հարմար պատասխան գտնեի. «Այո, այնքան եմ սիրում, որ նրան մեծ հաճույքով ջերմություն կհաղորդեի, ուղղակի մի դույլ բենզին, լուցկի ու համարձակություն է պետք»: Վերջում էլ մի հրեշավոր վհուկի քահ-քահ ծիծաղով կծիծաղեի: Եթե ինձ մի քանի տարի առաջ հարցնեին, թե որ դասն եմ առավել սիրում, ես առանց երկար-բարակ մտածելու կպատասխանեի՝ վերջինը:

Եթե ինձ մի քանի տարի առաջ ասեին, որ դպրոցն իմ երկրորդ տունն է, ես կասեի. «Դե, ես իմ տունը ծախում եմ ու «խոպան» գնամ»: Եթե ինձ հարցնեին, թե ի՞նչ է դպրոցը, ես լաց կլինեի՝ հիշելով առավոտները մի կերպ արթնանալս, ուշացած դասի գնալս ու ճամփին ուղեղս լարելով՝ բազմաթիվ պատճառաբանություններ փնտրելս, կհիշեի այն հիմար զանգը, այն չէ, որ դասի ավարտն էր ազդարարում, այլ այն զանգը, որը կարծես աշակերտներին շղթայում էր, տանում նստեցնում դասի, այն զանգը, որին հաջորդում էին «Բարև ձեզ, երեխաներ, նստեք ու հանեք գրքերը» բառերը, ես այդ բառերն էլ էի ատում: Հատ առ հատ կհիշեի սինուս-կոսինուսախառը երազները, որ երկրաչափության դասին քնելիս էի տեսնում:

Իսկ հիմա եթե հարցնեն, թե ինչ է դպրոցը, ես մի բան կպատասխանեմ. «Դպրոցն առանց չարություն անող աշակերտների, առանց անժպիտ ու կոպիտ ուսուցիչների նույնն է, ինչ մարդն առանց երիկամների. աղքատ է»: Դե, լավ, կատակեցի, աշակերտներն ու ուսուցիչները դպրոցի սիրտն ու երակներն են, մեկը մյուսի հետ կապված, առանց մեկը մյուսի՝ անհնար:

Վերջերս շատ եմ սկսել սիրել դպրոցս, ազնիվ խոսք, չնայած՝ միայն դպրոցը չէ, որ նոր եմ սկսել արժեվորել: Ես սիրում եմ դպրոցի եռուզեռը, «ձանձրալի» ու ամեն օր կրկնվող առօրյան, մի՞թե կախարդանք չէ. դեռ շատ փոքր հասակում ընկնում ես մի դատարկ սենյակ, որը քեզ նման ու միևնույն ժամանակ, քեզնից շատ անգամ տարբեր երեխաների հետ 12 տարի սիրով ու ընկերությամբ ես պատում: 12 տարի կիսում եք մի դասասենյակ, մի գրատախտակ, մի ժամացույց, մի նստարան և, որ ամենակարևորն է՝ մի «շտրիխ»: Միասին 12 տարի չարություն եք անում, կռվում, հաշտվում, դասերից առանց պատճառի փախնում ու միասին էլ ինչ-որ էքստրահիմար պատճառներ մոգոնում, միասին եք գրում բոլոր ստուգողականները, իրար արագ-արագ էջերն եք ասում՝ թե որ հարցը որտեղից պետք է արտագրել, միասին եք ուտում այն մի տուփ աղի ձողիկը, կամ այն մի տուփ չիփսը, որը ձեզնից մեկն է առնում բուֆետից: Միասին եք դասի ժամանակ արագ-արագ գրում տնայինները, որ «երկուս» չստանաք, միասին եք շատ պատահաբար կոտրում սեղաններն ու աթոռները, շատ անգամ՝ նաև պատն ու պատուհանները: Իսկ հետո միասին եք լսում վերջին՝ լավ, թե վատ զանգն ու միասին էլ լքում դպրոցը՝ փոքր մանչուկներից հասուն մարդկանց վերածված (չէ, լավ, մեզանից շատերը նույն «ջրիկը», չարաճճին ու մանկամիտն են մնում՝ հետո ինչ, որ մեծահասակների կյանք են մտել): Լքում են՝ գիտելիքներով ու անթիվ-անհամար հուշերով զինված:

Երբեք չեմ սիրել ամառային արձակուրդները…

valentinaChilingaryan

Լուսնի լույսով

Լուսինը երկնքում արդեն երևում էր, երբ դուրս եկա դասից ու նստեցի առաջին պատահած տաքսին:

-Ազա՞տ եք:

-Իհարկե, ո՞ւր ենք գնում:

-«Սասունցի Դավիթ» կայարան:

Ողջ ճանապարհին նայում էի երկրի ամենամերձավոր արբանյակին՝ լուսնին, որն այդ օրն արտասովոր գեղեցիկ էր: Տեսնես՝ այսօր ի՞նչ է թաքցնում լուսինն իր հակառակ կողմում: Մտորումներս կշարունակվեին, եթե վարորդը չսկսեր բողոքել:

-Մեկը լիներ էդ Սուրենյանի ձեռքից պուլտը վերցներ: Այ մարդ, խաշեց: Չի կարելի, չէ: Իրեն ի՞նչ կա, հիմա օդափոխիչը միացրել, նստել՝ եղանակն ա փոխում:

-Պապի ջան, դե Սուրենյանը ի՞նչ մեղք ունի: Եղանակն ինչպես փոփոխվում է, այդպես մեկնաբանում է,- ծիծաղելով պատասխանեցի ես:

-Յա, լավ ա ասիր: Թե չէ՝ չգիտեինք: Էդ դուք «շուստրի» քանի՞ քույր եք:

-Մի քանի:

-Լավ, էս շոգը հերիք չէր, հիմա էլ «Հոլին»: Էն «Հելոինն» ու «Սուրբ Վալենտինը» «դորդուբեշ արեցինք», հիմա էլ «Հոլի»: Սենց, որ գնա, հայկական տոները կվերանան:

-Չեն վերանա, պապի՛կ ջան: Ես էլ եմ դեմ «Հելոուինին», բայց եկեք «Սուրբ Վալենտինին» մի՛ քննադատեք: Սիրում եմ այդ տոնը:

-Յա, էդ ինչի՞ որ: Մեր Սուրբ Սարգիսը թողած, «խալխի» տոնն ես սիրո՞ւմ:

-Ես «խալխի» տոները չեմ սիրում ու դեմ եմ, որ նշվում են մեր երկրում: Բայց ես ծնվել եմ «Սուրբ Վալենտինի» մոտակա օրը: Ճիշտ է, անունս Վալենտին չէ, բայց Վալենտինա են դրել միայն այդ պատճառով:

-Հիմա որ «Սուրբ Սարգսին» ծնվեիր, անունդ Սաքո էին դնելո՞ւ,- կատակեց պապիկը:

-Պապի ջան, որ վերածնվեմ «Սուրբ Սարգսին» տղայի կերպարով, կորոշենք: Հնարավոր է, ինչի՞ չէ:

-Ասում էիր, դուք տենց «շուստրի» քանի՞ քույր եք:

-Ասացի, պապի ջան: Մի քանի: Մի քանի:

-Է՜հ, «խակ» ես, քո տարիքին էի, երբ «Սուրբ Վալենտինի» օրը եղնիկիս գտա:

-Ու չամուսնացաք, չէ՞, որովհետև դեմ էիք «Սուրբ Վալենտինին»:

-Ամուսնացանք: Որ սերը գալիս ա, չի հարցնում, թե որ օրն եք ծանոթացել: Սրտին չես հրամայի: Գիտե՞ս ինչ լավ բան ա սերը:

-Չէ հա, էս կյանքում ավելի կարևոր բաներ կան: Ի՞նչ սեր: Դրա տեղը, որ համալսարան ընդունվեիք, տարիներով սովորեիք, հիմա տաքսու վարորդ չէիք լինի, չէ՞,- փորձեցի սրամտել ես:

-Տո, գիտե՞ս, ես ռուսաստաններն ինչ բիզնեսներ եմ ունեցել: Էնքան համալսարաններ եմ ավարտել, որ էսօր, եթե հաշվես, չես վերջացնի: Հո ես ողջ կյանքս պապի չե՞մ եղել: Սերը լավ բան ա, եթե փոխադարձ ա: Հանկարծ միակողմանի չսիրես, թե չէ շատ կտանջվես: Մարալիս միակողմանի էի սիրում, բայց հետո եղնիկիս գտա: Փառք Աստծո, 4 երեխա, 7 թոռ ունեմ:

-Աստված պահի:

-Ապրես, բալի՛կ ջան: Քեզ էլ թող Աստված ժպիտ նվիրի: Թե չէ, հո դա էլ փողով չի:

-Է՜հ, պապի ջան: Ես ժպիտ ունեմ, ուղղակի, որ սկզբից սկսեցիք բողոքել երկրից, ժպիտս մոռացա լուսնի վրա:

-Հասանք,- վերջապես ժպտաց պապիկը:

-Շնորհակալ եմ, շա՜տ: Վերցրեք:

-Չէ, էդ պահի մոտդ, մի քիչ էլ վրան կավելացնես, կգնաս լուսին՝ ժպիտդ բերելու:

Ժպտացի: Գումարը դրեցի նստատեղին ու լուռ դուրս եկա:

Ա՜խ, ինչ լավն են մեր պապիկները, անգամ եթե բողոքում են: