karine nahapetyan

Տատ, դու պարտվե՞լ ես

Արդեն 20 տարի է, ինչ մեր տանը, տարբեր առիթների ժամանակ ոչ թե նրա համար դրված աթոռը դատարկ է մնում, այլ նրա համար աթոռ առհասարակ չի դրվում: Ոչ: Դրա պատճառը այն չէ, որ նա սպասված չէ: Նրա գալուն սպասելը արդեն վաղուց անհույս պատրանք է դարձել: Պապիս ողբերգական մահը տատս ամեն օր հիշում է և նայելով նրա նկարին՝ ասում է.

-Պատո ջան, դու չգնացիր, քեզ տարան…

Երկար դադարից հետո նորից է ասում.
-Պատո ջան, ախր, ոչ մի ծոռի քաղցրությունը չզգացիր, անգամ մեր Կարինեն դեռ չէր ծնվել, իսկ քեզ տարան, տարան, տարան, Պատո ջան, տարան…
Պապս ընկել էր ավտոմեքենայի տակ: Եվ նրա մահը կարծես վերջակետ էր դարձել տատիս համար: Ամեն հավաքույթի ժամանակ, երբ խմում են պապիս կենացը, տատս արտասվում է և նորից կրկնում իր բառերը:

…Մոտենում էր տատիս ութսունամյակը: Մենք էլ մեր ձեռքը «ռետին» վերցրինք և որոշեցինք պապի մահվան դրած վերջակետը ջնջել և շարունակել կյանքի գիրը՝ արդեն ուրիշ գույնով: Ամսի 13-ն էր, ես ձեռքս էի վերցրել Վ.Պետրոսյանի «Կրակե շապիկը» գիրքը ու փորփրում էի, վերընթերցում էի իմ ընդգծած նախադասությունները: Մեկ էլ տատս վերցրեց գիրքը, փակեց ու սկսեց իրեն հատուկ առոգանությամբ վանկ առ վանկ կարդալ.

-Վարդ-գես Պետ-րոս-յան, կրա-կե շա-պիկ:
Ասում եմ.

-Տա՛տ, գիտե՞ս, էս գիրքը կարելի է քո ինքնակենսագրական վեպը համարել, որովհետև էս գրքում նույնպես թոռները պատրաստվում են տատի ծննդյան տարեդարձին, բայց նրա զավակները սփռված են աշխարհով մեկ, ու նրա թոռը՝ Արամը, ջանում է բոլորին հավաքել, և տատի համար այդ օրը իրական տոն դարձնել: Բայց չի հաջողվում, և Արամը համարձակություն է հավաքում ու հենց նրա ծննդյան օրը՝ կենաց ասելու ժամանակ, ասում է նրան՝ տատ, դու պարտվել ես:
Տատս, որ ակնկալում էր պատմության գեղեցիկ ավարտ, զգալով իմ երկարատև լռությունը՝ ասաց.
-Պապադ ու հոպարդ չեն գալու իմ ծնունդին, հաստատ չեն գալու: Կար, ես պարտվել եմ:
Ես էլ ասացի.
-Չէ, տատ, չէ, չես պարտվել: Դե, գիտես, որ նրանց գալը հեշտ չի: Ախր, դու 4 զավակ ունես, 12 թոռ և 20 ծոռ: Բոլորս հավաքվելու, նշելու ենք: Տատ, դու հաստատ չես պարտվել, հաստատ:
Հավաքվեցինք, նշեցինք ինչպես հարկն էր. պարեր, երկար կենացներ, մեծարանքի խոսքեր և ջերմ մաղթանքներ:
Օրը «ռետին» դարձավ ու ջնջեց այդ կետը:
Առավոտյան շուտ զարթնեցի ու մտածեցի` տատս պարտվե՞ց, թե՞ հաղթեց:
Մտքիս թելը կտրվեց հեռախոսի երկարահունչ զանգով. հորաքույրս էր:
Արդեն 80-ամյա տատս վերցրեց հեռախոսը ու իր 60-ամյա դստերը հարցրեց. «Հըն, ո՞նց ես, բալես»:
Չէ, տատ, դու չես պարտվել: Դու հաղթել ես:

Artyom Avetisyan

Աշխատասեր խոհարարուհիները

Արդեն շուրջ 7 տարի է, ինչ տիկին Նարինեն, Լիանան, Մարինեն, Նարինեն, Վարդուհին և Անին մասնակցում են բարեգործական ծրագրին և աշխատում են Լիճքի դպրոցում որպես խոհարարուհիներ: Նրանք այնքան հոգատար են և նվիրված, որ առավոտյան ժամը 8:00-ից մինչև 16:00-ը լինում են դպրոցում: Մոտ ժամը 10:30-ից մինչև 10:45-ը և 11:20-ից մինչև 11:35-ը ճաշարան են գալիս նախադպրոցական տարիքից սկսած մինչև չորրորդ դասարանի աշակերտները: Երբ նրանք մտնում են ճաշարան, սոված գայլի տեսք են ունենում, իսկ երբ ճաշարանից դուրս են գալիս, նմանվում են թիթեռնիկների, և ուրախ-զվարթ դուրս են գալիս ճաշարանից՝ շնորհակալություն հայտնելով աշխատողներին: Իսկ աշխատողները, երբ տեսնում են նրանց ժպտացող դեմքերը և լսում հաճոյախոսությունները, էլ ավելի են ոգևորվում և սիրով են կատարում իրենց գործը: Նրանք իրենց օրվա կեսը տրամադրում են երեխաներին, և մեկը մյուսին օգնելով՝ ավարտին են հասցնում գործը:

Նրանք բոլորն էլ հոգատար և բարի են: Փորձեցի հարցազրույց անցկացնել տիկին Նարինեի հետ, որպեսզի էլ ավելի լավ ծանոթանամ նրանց գործին:

-Տիկին Նարինե, երբվանի՞ց է սկսել գործել այս բարեգործական ծրագիրը, աշխատողների և երեխաների քանակը որքա՞ն է:

-Մեր բարեգործական ծրագիրը սկսվել է 2010 թվականին, այդ ժամանակ մենք 260 աշակերտի էինք կերակրում, բայց գնալով երեխաների թիվը ավելացել է: Այժմ աշակերտների թիվը հասնում է 420-ի: Ժամանակին մենք աշխատում էինք 4 հոգով, իսկ հիմա, աշակերտների թվի ավելանալուն զուգահեռ, բնականաբար, ավելացել է նաև աշխատողների թիվը, որովհետև գործը արդեն դժվարացել և բարդացել է: Հիմա 6 աշխատող ենք, և միասին ենք եփում, թխում, ամեն ինչը մաքրում, որպեսզի ժամանակին կարողանանք մատուցել երեխաների թարմ հացը և ճաշը:

-Աշխատողները միմյանց օգնո՞ւմ են, թե՞ յուրաքանչյուրը զբաղվում է միայն իր գործով:

-Մենք բոլորս համատեղ ուժերով ավարտին ենք հասցնում մեր սկսած գործը, որը շատ դժվար է և պատասխանատու: Այդ պատճառով էլ իրար օգնում ենք, որպեսզի թերություններ չլինեն: Մենք գործ ունենք երեխաների հետ, իսկ նրանք մեր ապագա սերունդն են, և ուզում ենք, որ ամեն ինչ շատ լավ լինի:

-Ձեր պատրաստած ուտեստներից ո՞րն է երեխաներին դուր գալիս, ի՞նչն են ամենաշատը սիրում, հաճույքո՞վ են ուտում:

-Նրանք միշտ հաճույքով են ուտում մեր պատրաստած կերակուրները: Պատրաստում ենք տարբեր տեսակի ուտելիքներ: Ամենաշատը սիրում են ոսպով և ոլոռով ճաշը և բուլկիով թեյը:

-Եղե՞լ են դժվարություններ, պահեր, երբ չեք հասցրել պատրաստել ճաշը:

-Եղել են դեպքեր, որ գազի բացակայության ժամանակ ճաշը եփել ենք էլեկտրական վառարանների վրա: Ամեն ինչ արել ենք, որ երեխաները ժամանակին սնվեն և գոհ մնան: Նույնիսկ եղել են դեպքեր, որ շաբաթ և կիրակի օրերին մենք եկել ենք դպրոց, հաց թխել, մաքրություն արել, որպեսզի երեխաներին ժամանակին կերակրենք: Իսկ ինչ վերաբերում է ճաշ չեփելուն, դեռևս նման դեպքեր չեն եղել, և կարծում եմ, որ չեն էլ լինելու:

-Տիկին Նարինե, Դուք և մյուս աշխատողները հաճույքո՞վ եք կատարում ձեր գործը:

-Մենք մեր գործին նվիրված անձինք ենք և շատ սիրով ենք կատարում մեր գործերը, որովհետև յուրաքանչյուր երեխայի մեջ մենք տեսնում ենք մեր երեխային: Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ նրանք գոհ մնան և հաճույքով գան ճաշարան:

-Իսկ տնօրենությունը լրացնո՞ւմ է պակաս ապրանքները, սննդամթերքը, խոհանոցային պարագաները:

-Տնօրենը մեզ աջակցում է ցանկացած պահի և ամեն ինչով, բայց, եթե երբևէ լինի մի որևէ բարեգործ, ով կկարողանա մեզ դրամական աջակցություն ցուցաբերել, ամեն ինչ էլ ավելի լավ կլինի, որովհետև դժվար է ամեն առավոտ շուտ արթնանալ և ուշ տուն գնալ. մեզ լրացուցիչ աշխատողներ են պետք:

arxiv

Ավելի լավ չէ՞ր լռեի

Դպրոցում էի: Առաջին դասը շատ դանդաղ էր անցնում:

-Ընկե՛ր Դավթյան, կարո՞ղ եմ պատուհանը բացել,- ասացի ես՝ շոգից խեղդվելով:

-Չէ՛,- բարկանալով ասաց նա:

Ամբողջ դասարանը սկսեց աղմկել:

-Լավ էլի, ընկե՛ր Դավթյան,- չորս կողմից լսվեց երեխաների աղմուկը:

-Տե՛ս ինչ մեծ աղմուկ բարձրացրիր քո մի հարցով,- բարկացավ ընկեր Դավթյանը: -Լավ, բացե՛ք:

Քիչ հետո զանգը հնչեց, և բոլորն իրար խառնվեցին: Մեր դասարանի Աշոտը և Վահանը սկսեցին վիճել իրար հետ: Վեճն այնքան թեժացավ, որ Աշոտը վերցրեց ավելը և խփեց Վահանին: Վահանն էլ հետ-հետ գնաց և մեջքով խփեց բացված պատուհանին: Պատուհանը գնաց կպավ պատին, և բռնակը ջարդվեց: Բոլորն իրենց հայացքներն ուղղեցին դեպի պատուհանը. մի պահ տիրեց լռություն…

Հաջորդ ժամը մեր դասղեկինն էր՝ ընկեր Մանուկյանինը: Նրա՝ դասարան մտնելուն պես, տղաները պատմեցին միջադեպի մասին: Նա սկսեց մի մեծ ճառ կարդալ մեր գլխին և վերջում էլ ասաց.

-Կտեսնե՛ք, թե ինչ արժե այդ բռնակը, և կգնե՛ք:

Բայց հաջորդ օրը պարզվեց, որ Աշոտի մայրը երկու հատ բռնակ է բերել: Ես ընկեր Մանուկյանին ասացի.

-Ընկե՛ր Մանուկյան, ես էլ կարող եմ բերել այդ բռնակներից:

-Չէ՛, պետք չի:

Բայց դասի վերջում նա ասաց.

-Չէ՛, լավ, դու էլ կբերե՛ս, չէ՞ որ դու էլ մեղքի քո բաժինը ունես:

Ես մտածեցի. «Ավելի լավ չէ՞ր բան չասեի»:

Համենայնդեպս, հաջորդ օրը բռնակն արդեն ընկեր Մանուկյանի մոտ էր:

Մարիամ Թումանյան, 13 տ., 2010 թ.

zara gevorgyan

Կրկին գնալու ժամանակն է

-Պա՛պ,- եղբայրս դիմեց հայրիկիս:
-Ասա՛, տղաս:
-Կրկին Ռուսաստան պիտի գնա՞ս։
-Հա, ինչո՞ւ ես հարցնում։
-Չեմ ուզում գնաս, ուզում եմ այս տարի մնաս, որ ամռանը մեզ հետ լինես:
-է~, տղաս, որ մնամ, բա ձեզ ինչպե՞ս պահեմ,-ասաց հայրիկս ու դադարեց նրանց կարճ, բայց տխուր զրույցը:

Ձմեռային առաջին զորակոչի հետ սկսվում են նաև մեզանից շատերի հայրերի, եղբայրների, պապիկների արտագնա աշխատանքների «զորակոչը», այսինքն`խոպան գնալը: Հունվարից սկսում են գնալ, աշխատել հանուն ընտանիքի բարեկեցության: Առաջին իսկ օրվանից բոլորը սկսում են հաշվել օրերը, թե երբ է գալու խոպանչիների վերադառնալու ժամանակը, իսկ երբ արդեն վերադառնում են, չհասցնելով անգամ իրենց կարոտն առնել իրենց ընտանիքներից, կրկին գալիս է գնալու ժամանակը:
Հայրս միշտ ասում է, որ ինչքան դժվար է մեզ համար, տասն անգամ ավելի դժվար է իրենց` մեկնողների համար, չէ՞ որ մենք կարոտում ենք միայն մեր հայրիկներին, եղբայրներին կամ պապիկներին, իսկ նրանք… Նրանք կարոտում են և իրենց ընտանիքը, և հարազատ տունը՝ հայրենիքը: Ցավոք, արտագնա աշխատանքի մեկնողների թիվը Հայաստանում ոչ թե պակասում, այլ տարեցտարի ավելանում է․․․

Angelina Karapetyan

Երազում էլ իմ հայրենիքն եմ տեսնում

Հարցազրույց Հրահատ Կեսոյանի հետ, ով, գնալով Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, հաստատվեց այնտեղ:

-Ինչպե՞ս է անցել Ձեր կյանքը` մանկությունը, պատանեկությունը և երիտասարդությունը:

-Կյանքս անցել է այնպես, ինչպես բոլոր հայորդիներինը, բոլոր Հայաստանում բնակվող մանուկներինը, երիտասարդներինը: Ապրել եմ գյուղում, գյուղական միջավայրում, զբաղվել ենք գյուղական աշխատանքով, ունեցել ենք տնտեսություն, անասուններ ենք պահել, հող ենք մշակել: Հաճախել եմ դպրոց: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ տեխնիկումի շինարարական բաժին, որտեղ սովորել եմ արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն: Աշխատանքի ղեկավար եմ եղել: Այնուհետև ծառայել եմ սովետական բանակում`Նովոսիբիրսկի մարզում: Ընդունվել եմ կուսակցության շարքերը, որպես կոմունիստ, եղել եմ կոմունիստական կուսակցության անդամ: Սովորաբար բանակից վերադառնալուց հետո անցնում ես կյանքի երրորդ փուլը`պատանեկությունից թևակոխում երիտասարդություն: Այդ ամենի հետ ուրիշ հայացքներ են մարդու մոտ առաջ գալիս`ամուսնություն, ընտանիք կազմել, երեխաներ դաստիարակել:

-Քանի՞ տարի եք ապրել Հայաստանում, և ինչպիսի՞ն էր Ձեր ապրած տարիների Հայաստանը:

-Հայաստանում ապրել եմ 47 տարի, իմ կյանքի կեսից ավելին: Հայաստանը, որպես մայր հայրենիք, մնում է իմ հոգեհարազատ երկիրը: Դժվար է ասել` ինչպես կգնահատեի հայրենիքումս ապրած կյանքը: Գնահատում եմ շատ բարձր, որովհետև Հայաստանում եմ ծնվել, մեծացել, սնվել եմ նրա հող ու ջրից, էությունս, մանկությունս, երիտասարդական քաղցր տարիներս անց եմ կացրել Հայաստանում: Հայաստանում ինձ համար վատ չի եղել: Ապրել ենք, աշխատել ենք, ստեղծել ենք, չենք նախանձել ուրիշների ստացած արդյունքին թե´ կյանքի, թե´ ուսման, թե´ տնտեսական հարցերում: Ձգտել ենք բոլոր դեպքերում ունենալ մերը: Բայց արդեն ժամանակները փոխվեցին, ինչի հետ փոխվեց նաև մեր աշխարհայացքը, մտածեցինք, որ կարելի է դրսում աշխատել:

-Ինչպե՞ս որոշեցիք տեղափոխվել և բնակություն հաստատել Ռուսաստանում:

-Վերջին ժամանակներում աշխատանքային պայմանները Հայաստանում վատացան, ընտանիքը պահելու համար ստիպված պետք է գնայինք արտագնա աշխատանքի, իսկ դա նշանակում է՝ լքել հայրենիքը, գնալ Ռուսաստան ութ ամիս, տասը ամիս, աշխատել դրսում`ընտանիքից հեռու: Հենց այդ հանգամանքը ստիպեց, որ ես ու ընտանիքս որոշում ընդունեցինք տեղափոխվել Ռուսաստան, որպեսզի միասին ապրենք։

-Արդյո՞ք դժվար չէր այնտեղ ինքնահաստատվելը:

-Առանց դժվարությունների ոչինչ չի լինում: Նոր մարդիկ, նոր աշխատանքային պայմաններ, բայց երբ գիտակցում ես քո գործի էությունը. արդեն ինչ-որ տեղ այդ կազմակերպչական աշխատանքները անցնում են վստահորեն: Բնականաբար եղել են դժվարություններ, բայց աշխատել ենք հաղթահարել:

-Ինչպիսի՞ համեմատականներ կանցկացնեիք երկու երկրների միջև:

-Զուգահեռները բավականին մեծ են: Հայաստանում աշխատել, ստեղծելը մի քիչ դժվար է, որովհետև չկան բավարար պայմաններ թե´ տնտեսական, թե´ աշխատանքային ոլորտներում: Իսկ Ռուսաստանում կա մեծ հեռանկար, որտեղ հնարավոր է ամեն ինչ կազմակերպել, սակայն ամեն ինչ էլ գալիս է մարդու աշխատասիրությունից, ձգտումից։

-Ի՞նչ գործունեություն եք ծավալել այնտեղ:

-Քամի որ մենք գյուղի բնակիչ ենք եղել, հող ու ջրի հետ առնչվող մարդիկ, ՌԴ-ում նույն գործունեությամբ ենք զբաղվում: Ֆերմերային տնտեսություն ենք ղեկավարում, հողագործությամբ, կարտոֆիլաբուծությամբ ենք զբաղվում, բոստանային կուլտուրաներ ենք մշակում: Աշխատում ենք, ստեղծում ենք աշխատատեղեր: Մեզ մոտ աշխատում են 70 հոգի, որոնք տարբեր ազգերի ներկայացուցիչներ են:

-Երբևէ մտածե՞լ եք, որ սխալ որոշում եք կայացրել` տեղափոխվելով Ռուսաստան:

-Եղել են այնպիսի պահեր, երբ մտածել եմ, թե ինչից ելնելով ես լքեցի իմ հայրենիքը: Չսննկացած պարագայում կա հնարավորություն մեր ֆիզիկական գոյությունը պահելու, լավ ապրելու, սակայն հոգեպես մենք աղքատ ենք: Օտարության մեջ տանջում է հարազատների, ծանոթ մարդկանց, հայրենիքի, հող ու ջրի, նիստ ու կացի կարոտը: Մի քիչ փակագծերը բացեմ ու ասեմ, որ օտարության մեջ երազ տեսնելիս, ես իմ հայրենիքն եմ տեսնում: Շատ դժվար է դրսում, բայց կյանքը ստիպում է մարդկանց գնալ նման քայլի: Կյանքը շատ կարճ է, ինչ-որ տեղ պետք է կարողանաս այդ ընթացքում որևէ արդյունքի հասնել:

-Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր հայրենակիցներին, ովքեր ցանկանում են լքել հայրենիքը:

-Հնարավորության դեպքում չլքել հայրենիքը, միայն ու միայն դա է իմ ցանկությունը: Բոլորն էլ այդ ամենը անում են, երբ զգում են, որ այլևս չեն կարողանում արժանավայլել ապրել, ստիպված դիմում են նման քայլի, բայց եթե Հայաստանում հնարավոր է հանապազօրյա հաց վաստակել, մի քիչ մարդավայել ապրել, ես խորհուրդ չէի տա լքել հայրենիքը:

khachik buniatyan

Հայը մնում է հայ

2017 թվականը դիմավորելով Ֆրանսիայում՝ կարոտել էի հայկական ավանդույթներին և ուտեստներին։ Սկզբում, ճիշտն ասած, չէի հարմարվում։ Փողոցում իմ տարիքի աղջիկներին ու տղաներին ծխելիս տեսնելը իմ աչքին անսովոր էր։ Քանի որ Հայաստանում այդպես ընդունված չէ, ինձ համար տհաճ երևույթ էր։ Հայերի կյանքն ու ապրելակերպը, կարելի է ասել, անհամեմատ ուրիշ է։ Քիչ-քիչ ընտելացա այնտեղի առօրյա անցուդարձին, գրեթե արդեն նորմալ էր ինձ համար, չնայած, ի՞նչն է նորմալ, երբ տեսնում ես, թե ինչպես է 16 տարեկան աղջիկը սուլում տղաների հետևից, կամ կինը ծխախոտ առաջարկում ամուսնուն։

Ես հայ եմ, չեմ կարող նման կերպ ապրել։ Քաղաքում ամեն նոր հայի գալստյան լուրը իմանում են տեղի բոլոր մյուս հայերը։ Սկսվում են նոր ծանոթությունները, ընկերությունները։ Քաղաքը մեծ է, և բացի մեզանից շատ հայեր կան, որոնցից արդեն մի քանի ընտանիք մեզ հարազատ են դարձել։ Ամեն օր կամ մենք ենք նրանց տանը, կամ նրանք՝ մեր։ Այսպես էլ անցնում էին տոնական օրերը։ Մի օր էլ մեր նոր ընկեր Արսենը առաջարկեց խորոված անել։ Հավաքվեցինք, տաք հաքնվեցինք ու գնացինք բաղձալի նպատակին հասնելու։ Դրսում ցուրտ էր՝ -6 աստիճան, բայց տրամադրությունն այնքան բարձր էր, որ ցուրտը անտեսվում էր։ Փողոցում անցող-դարձողը զարմացած նայում էր մեր կրակի ուղղությամբ։ Դե, քանի որ մենք էլ հայ ենք, մի քանի հոգու հյուրասիրեցինք մեր հայկական ավանդական խորովածը։ Լավ ժամանակ անցկացնելով՝ շտապեցինք տուն՝ նարդի խաղալու։

Հայերի բնավորությունը նույնն է. բարձր ձայնով տարբեր մեկնաբանություններ անելով խաղում էինք, իսկ ծիծաղն ու ուրախությունն անսպառ էին: Հայերի կյանքը Ֆրանսիայում էլ անցնում է նույն հայկական սովորույթներով։ Բայվ մեկ է, անընդհատ Սարոյանին եմ հիշում, վստահ կարող եմ ասել, որ իմ սիրտը Հայաստանում է:

Anush abrahamyan

Մեզ հեղափոխություն է պետք

Ոսկին ազնիվ մետաղ լինելով հանդերձ` իրեն շատ ստորություններ է թույլ տալիս: Նա անթագ թագավոր է, տեր չունեցող, որն իհարկե ամենահարմարն է սեփական գործունեությունը ծավալելու համար: Նրա տոհմածառը խոր արմատներ է ձգել մարդկային հոգում, իսկ ճյուղերն օրեցօր բազմանում են: Եվ հատկապես փառամոլությունը: Նրանից են սերում դավաճանությունը, կեղծավորությունը, ստրկությունը: Չունենալով Մովսեսի հավատը` ով բացեց ծովը, նա այնուամենայնիվ կարող է բոլորի հավատն ուղղել դեպի իրեն ու զոհասեղանից ցած գլորել ընկերության, հավատարմության, սիրո արյունաթոր սիրտը: Այդժամ է, որ կուրությունը կփայլի վայրենու ձեռքում դանակի նման:

Հրաշալի է չէ՞: Լավ, իսկ հետո՞: Եկեք շարունակենք  խեղաթյուրել մեր իսկ քերականությունը: Երևի կմոռանանք, որ սենյակում ապակիներ կան, որոնցից այն կողմ օրը լույս է հագել, իսկ սիրտն էլ կդառնա օգտակար միայն մարմնի համար: Պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր անհիմն խոսք կարող է երկու ձեռքով խեղդամահ անել մի կտոր ազնվությանը: Մինչև ե՞րբ պետք է կուրորեն երկրպագենք մեր կամքից անկախ, բայց մեր ձեռքով ստեղծված չարիքին: Այն չարիքին, որ հարսի գեղեցիկ շոր է հագել, սակայն երբեք չի բարձրացնում քողը: Արհեստական լույսերը մոռացնել կտան երկնային լուսատուներին: Մինչև ե՞րբ պետք է կեղծիքի մասին հոդվածների վերջում ոչ թե բազմակետ, այլ վերջակետ դնենք… Մեզ հեղափոխություն է պետք: Կարծում եմ դու գիտես, թե ինչպես սկսել այն: Հաջողություն եմ մաղթում․․․

Մեր զինվորները

Լուսանկարը` Միլենա Անտոնյանի

Լուսանկարը` Միլենա Անտոնյանի

Երեկ մեր դպրոցում կարծես ամեն ինչ նույնն էր, ամեն օրվա նման։ Ամեն ինչ փոխվեց, երբ մեր դասարանի աղջիկներից մեկը նկատեց, որ դպրոց են մտնում անցած տարվա շրջանավարտ տղաները։ Մեր դպրոցում մի ավանդույթ կա՝ բոլոր բանակ գնացող տղաները գալիս են դպրոց, հաջողություն են մաղթում բոլորին ու գնում։ 

Այս անգամ ամեն ինչ մի տեսակ այլ էր։ Դասերի կեսից տնօրենը մտավ դասարան և հայտարարեց, որ ամբողջ դպրոցը պիտի պատրաստի «Նամակ հայ զինվորին», որոնք մեր ապագա զինվորները իրենց հետ կտանեն իրենց զորամասեր։ Ամբողջ դպրոցը մեծ հպարտությամբ ու խանդավառությամբ գրեց, ամեն մեկը մի բան մաղթեց հայ զինվորին, բայց բոլոր բառերը սրտի խորքից էին ասված։ Ոմանք նկարել էին նամակի վրա կամ շատ գեղեցիկ զարդարել։ Նույնիսկ 12-րդ դասարանցիները բանաստեղծություն էին հորինել։ Իմ նամակը շատ պարզ էր, առանց ոչ մի զարդարանքի, բայց գրված էր շատ մեծ հուզմունքով։ Շատ բան ունեի գրելու, բայց այդպես էլ չկարողացա շատ բան ասել հայ զինվորին։ Ուղղակի գրեցի այն, ինչ պահել էի սրտումս այս նամակի համար։ Գրելու ընթացքում անընդհատ բարկանում էի դասընկերներիս վրա ու լռություն պահանջում, ուզում էի, որ իմ նամակը լավը լինի, որ զինվորը կարդա ու մեծ ջերմություն զգա։ Բայց որքան էլ ցանկանայի կենտրոնանալ նամակիս վրա, լսում էի ամեն ինչ։ Մեկն ասում էր, թե բանակում ոչ ոք չունի ու չգիտի ինչ գրել։ Մյուսը, որ երկու եղբայր ունի։ Ու մտածեցի՝ ես էլ ոչ ոք չունեմ, դրա համար նամակս պիտի գրեմ բոլորի համար, կկարդա մեկի եղբայրը, մեկի տղան, մյուսի ամենալավ ընկերը և այլն, բայց հաստատ կկարդան։ Ու գրեցի։

Լուսանկարը` Միլենա Անտոնյանի

Լուսանկարը` Միլենա Անտոնյանի

Նամակները ավարտելուց հետո ամբողջ դպրոցով երգեցինք հիմնը մեր ապագա զինվորների համար ու, մեր տնօրենի հպարտ ու քաջալերող խոսքերը լսելով, հենց ամենավերջին վայրկյանին հասկացա, որ պիտի գրեմ այս նյութը։ Առհասարակ, միշտ այդպես է, մեր տնօրենը միշտ լավ, բարի ու խրատական խոսքեր է ասում։

Այսպես ճանապարհեցինք մեր տղաներին, իսկ երբ օրվա վերջում, դասերը վերջացրած տուն էի շտապում, նկատեցի, որ հիմա էլ դպրոց են եկել արդեն մեզ պաշտպանած ու զորացրված տղաները։ Եկել էին երկու տարի անց կրկին տեսնելու իրենց երկրորդ տունը։ Ու հենց այդ ժամանակ տեսա տնօրենի և ուսուցիչների փայլող ժպիտը, քանզի կարողացել էին դաստիարակել հայոց ազգի քաջերին, ու ես էլ ժպտացի:

mariam tonoyan

Մի քիչ յոդ

-Կուզեի խելագարվել,- անսպասելի հայտարարեց դասընկերուհիս տունդարձի ճանապարհին:

-Խելագարվե՞լ, ինչի՞ց,- հարցրեց մեզնից ամենաչարաճճին` Լիլիթը:

-Հը՜մ, ինչից մարդիկ սովորաբար խելագարվում են:

-Նախօրոք պարզիր, թե ինչից են մարդիկ խելագարվում,- հանդիսավոր առոգանությամբ ավարտեց Լիլիթը:

Խոսակցության ամբողջ ընթացքում լուռ էի, մտածում էի, թե ինչ թեմայով կարելի է նյութ գրել: Հանկարծ փորձեցի մտաբերել ինչ-որ տեղ կարդացած լրագրողների մասին տողեր,  թե BBC-ի լրագրողներց մեկը «կարող էր 500 մետր տարածության վրա ավելի շատ հետաքրքիր նյութ գտնել, քան որևէ այլ լրագրող: Կարելի է հայտնել փողոցի աղբի, կանգառների, խցանումների, նոր մեքենաների քանակի, մարդկանց, որոնք ծխում են սրճարաններում, որովհետև նրանց արգելել են ծխել աշխատանքի վայրում, նոր խանութների բացման կամ փակման, անօթևանների, շինարարությունների և շատ ու շատ այլ բաների մասին»: Իսկ մեկ այլ լրագրող գտնում էր, որ պետք է այնքան հետաքրքրասեր լինել, որ «սպիտակ պատ տեսնելով՝ հետաքրքրվել, թե ինչո՞ւ է այն սպիտակ»: Այո՜, կարծես թե կարելի է պարզել, թե ինչ են մտածում մարդիկ խելագարության մասին, հարցնել, թե իրենց կարծիքով, ինչը կարող է խելագարության հասցնել: Որոշեցինք հարցնել հասակակիցներին ու փողոցի անցորդներին: Այսպիսով, երիտասարդ անցորդների մեծամասնությունը անվարան պատասխանում էր, որ խելագարվել կարելի է սիրուց, երբ սերն անհաջող է: Մի մասն ասում էր, որ խելագարվում են մոտ ընկերոջ դավաճանությունից կամ որևէ մեծ կորստից: Ավելի տարեցները կարծում էին, որ խելագարության կարող է հասցնել մենակությունը կամ անհամատեղելի, մոլորված մտքերի անհաշտ պայքարը: Գտնվեցին նաև այնպիսինները, ովքեր պնդում էին, թե նրանց ոչինչ խելագարության չի բերի:

Չնայած ցուրտ եղանակին, դասընկերներս հետաքրքրությամբ հետևում էին ինձ, արտահայտում սեփական տեսակետները, մեկ-մեկ էլ բանավիճում: Մարդկանց կարծիքները միանշանակ տարբեր էին, իսկ թե ես ինչից կարող էի խելագարվել, դեռ դժվարանում եմ պատասխանել: Երբ պատկերացնում ես դժվար, անհաղթահարելի իրավիճակ և քեզ` գլխավոր տառապյալի դերում, դժվար է որևէ եզրակացություն անել: Այնուամենայնիվ, գիտե՞ք, թե ինչն է խանգարում մեզ դառնալու խելագար: Աննշան մի բան. յոդի մի փոքրիկ քանակությունը մեր վահանաձև գեղձում: Եթե որևէ վիրաբույժ բաց աներ մեր վահանաձև գեղձը և այնտեղից հեռացներ մի քիչ յոդ, մենք կվերափոխվեինք խելագարի: Մի քիչ յոդ, որը կարելի է գնել երկու հարյուր դրամով` դեղատնից: Ահա այն ամենը, ինչ գտնվում է մեր և խելագարության միջև:

seda mkhitaryan

Հայ երիտասարդը կմնա Հայաստանում, եթե ունենա աշխատատեղ

Հարցազրույց Թումանյան համայնքի ավագանի Տիգրան Մխիթարյանի հետ։

-Ինչպե՞ս որոշեցիք դառնալ համայնքի ավագանի: Այդ գաղափարը առաջացավ մինչև համայնքի խոշորացո՞ւմը, թե՞ դրանից հետո։

-Գաղափարն առաջացավ մինչև համայնքների խոշորացումը։ Ես, որպես գյուղի բնակիչ, ցանկացա իմ գիտելիքներն ու փորձը ներդնել համայնքիս զարգացման գործում, ցանկացա ինչ-որ բան դեպի լավը փոխել իմ համայնքում։

-Որպես ավագանի, ի՞նչ խնդիրների վրա եք հիմնականում կենտրոնացնում ձեր ուշադրությունը: 

-Ես ուշադրությունս առավելապես կենտրոնացնում եմ այն հարցի վրա, որ բյուջեն համայնքների միջև բաշխվի հավասարաչափ, համայնքները զարգանան հավասարաչափ, և որ համայնքի բնակիչները հնարավորինս մասնակցեն ՏԻՄ-ի կառավարմանը։

-Վերջերս կյանքի կոչվեց համայնքների խոշորացման ծրագիրը: Կբացատրե՞ք ծրագրի էությունը:

-Համայնքների խոշորացման ծրագիրը կյանքի կոչվեց 2016 թվականի փետրվարի 14-ին։ Ծրագրի արդյունքում Թումանյան համայնքը միավորվեց 6 այլ համայնքների հետ և դարձավ մեկ միասնական Թումանյան համայնք։ Ծրագրի նպատակն էր և՛ կրճատել ծախսերը, և՛ տնտեսելով գումար՝ զարգացնել համայնքները։

-Կնշե՞ք մի քանի խնդիրներ, որոնց հետ գյուղացին սկսեց բախվել խոշորացման արդյունքում։

-Առաջինը՝ կտրվեց բնակիչ- ՏԻՄ կապը, բնակիչները ֆիզիկապես հնարավորություն չունեն ներկա գտնվել ավագանու նիստերին։ Բացի այդ, գյուղական համայնքի բնակիչը նախկինում կարող էր իր խնդիրը ՏԻՄ-ի հետ լուծել օրվա ցանկացած ժամի, քանի որ ճանաչում էր համայնքապետին, ինչպես ասում են՝ «մի հողի, ջրի մարդիկ էին», իսկ այժմ միայն աշխատանքային ժամերին կարող են դիմել աշխատակիցներին։ Ինչպես արդեն նշեցի՝ բյուջեի հավասարաչափ բաշխումը շատ կարևոր է, բայց ներկայումս քաղաքային բնակավայրին ավելի մեծ ուշադրություն է դարձվում, քան գյուղականին։

-Արդյոք խոշորացումը ունի՞ որևէ դրական կողմ:

-Ըստ ծրագրի մասնագետների՝ համայնքները զարգանալու էին, միջհամայնքային ճանապարհները բարեկարգվելու էին, գումարի տնտեսման արդյունքում բազմաթիվ խնդիրներ էին լուծվելու, բայց ես այդ ամենը դեռ չեմ տեսնում, և ոչ էլ պատկերացնում եմ, որ դա հնարավոր է։ Ծրագիրը արդեն մի տարի է իրականացված է, բայց ոչ մի արդյունք չկա։

-Դուք, որպես համայնքի ավագանի, գիտեմ, որ բավականին ակտիվ եք: Կնշե՞ք մի շարք հարցեր, որ հենց ձեր նախաձեռնությամբ են բարձրաձայնվել և լուծում ստացել։

-Ես բազմաթիվ և բազմապիսի առաջարկություններով եմ հանդես եկել: Բարձրացրել եմ բազմաթիվ հարցեր՝ խմելու ջրի, տրանսպորտի, ճանապարհների, քարաթափման և այլնի մասին։ Իմ նախաձեռնությամբ այժմ բոլոր համայնքները ունեն իրենց կնիքը, և գյուղացին ամեն անգամ որևէ թուղթ կնքելու համար ստիպված չէ գնալ հասնել Թումանյան: Նաև կանգառ է տեղադրվել։

-Ի՞նչ հեռանկարներ ունի մեր գյուղը, հատկապես աշխատատեղերի, երիտասարդության զբաղվածության հետ կապված: Ի՞նչը կստիպի քարինջեցի երիտասարդին մնալ գյուղում։

-Այժմյան պայմաններում ոչ մի բան չկա, որը կստիպի մնալ այստեղ, իհարկե, բացի հայրենիքում ապրելու ցանկությունը, բայց քարինջեցի և առհասարակ հայ երիտասարդը կմնա Հայաստանում, եթե ունենա աշխատատեղ, կարողանա ստեղծել օրվա հացը։ Պարտադիր չէ, որ աշխատեղը լինի հենց մեր գյուղում, օրինակ՝ եթե հարևան Թումանյանում լինի աշխատելու տեղ, ապա կգնան և այնտեղ կաշխատեն։

-Շատ հաճախ մինչև իշխանություն ստանալը ավագանին մեծ խոստումներ է տալիս ընտրողներին, բայց իշխանության գալիս, ասես, մոռանում է այդ մասին: Ի՞նչն է պատճառը: Իշխանության գալով՝ հասկանում են, որ այդ խնդիրները անլուծելի՞ են, թե՞…

-Ըստ իս, սա ունի 2 պատճառ․ առաջինն այն, որ նրանք հասկանում են, որ խնդիրը ոչ թե անլուծելի է, այլ ինքը մենակ չի կարող լուծում գտնել, և չկան մարդիկ, ովքեր կմիանան իրեն, կկազմեն թիմ ու կկարողանան լուծել խնդիրները։ Երկրորդ պատճառը ինձ ամենաշատն է հանդիպում. ավագանին, թեկնածություն առաջադրելով, առաջին հերթին ցանկանում է լուծում տալ սեփական խնդիրներին և առաջնորդվում է սեփական շահով։