17-ին թղթակցելուց առաջ չէի մտածում, որ իմ գրած այս կամ այն նյութով հնարավոր է ինչ-որ ազդեցություն ունենալ մարդկանց վրա, կամ պատմություններ գրելով հնարավոր է մի քիչ փոխել նույնիսկ ուրիշի կյանքը: Հնարավոր է, դուք էլ եք այդպես կարծում, բայց ձեզ կբերեմ օրինակներ, որոնք իրականություն դարձան 17-ին թղթակցելուց հետո, քանի որ միայն այդ ժամանակ հասկացա, որ կարող ես տանը նստել ու գրել, ու քո գրելուց աշխարհում ինչ-որ տեղ, ինչ-որ բան հաստատ դառնում է ավելի լավը:
Հոդված էի գրել մի երիտասարդի մասին, ով մեր հարևանն է, մտավոր խնդիրներ ունի և չի կարողանում խոսել, միայն գոռում է: Նշել էի, որ նրանից վախենում էին, և երբ նա պատուհանի մոտ բարևում էր անցորդներին, միայն արժանանում էր նրանց արհամարհանքին ու վախին: Նյութս, փաստորեն, շատերն էին կարդացել, և պատկերացնո՞ւմ եք, հիմա շատերի աչքերում չեմ տեսնում այդ վախը, և նույնիսկ նրան բարևում և ժպտում են: Ժպտացողների կյանքում ոչինչ միգուցե չի փոխվել, բայց կարծում եմ, ՆՐԱ համար աշխարհը ավելի բարի է դարձել, թեկուզ մի քանի հոգու շնորհիվ:
Մի անգամ էլ նյութ էի գրելև պատմել, թե ինչպես մի ծրագրի շրջանակներում Ճամբարակում օգնել ենք մոլոկան տատիկի և վարել դաշտի հողը: Նյութից հետո հավաքվել են կամավոր երեխաներ, թեկուզ ոչ այնքան մեծ, բայց սրտանց օգնություն ցուցաբերել այդ տատիկին մշակելու իր դաշտը:
17-ի շնորհիվ ՄԱԿ-ում բարձրացրել եմ համայնքիս ձայնը, քանի որ այստեղ խմելու ջուր չունեն շատ թաղամասեր: Դա ինձ համար նույնպես կարևոր էր, երբ հասկանում էի, որ գոնե բարձրաձայնում եմ համայնքիս խնդիրների մասին` համոզված, որ իմ ֆիլմի շնորհիվ այս խնդրին ուշադրություն կդարձնեն:
12:30 էր, երբ սենյակս լուսավորվեց կրակի բոցից ու լսեցի այրվող խոտի ձայնը, վեր թռա տեղիցս ու տեսա, որ մեր հարևան Պայծառ տատիկի խոտը, որ գտնվում էր գոմի տանիքում, ամբողջությամբ այրվում է: Միանգամից բարձր ձայնով կանչեցի մերոնց, որ նրանք էլ արթնանան: Բոլորս վախեցած էինք ու չգիտեինք` ինչ անել, ու ընդամենը հինգ րոպե հետո գյուղի մեծ մասը արդեն կրակի մոտ էր: Առաջին բանը, որ արեցի արթնանալուց հետո, փրկարարներին զանգելն ու տեղեկացնելն էր: Մինչև փրկարարների գալը գյուղացիները փորձեցին հանգցնել կրակը, որովհետև վտանգը մեծ էր, որ կանցնի նաև դեպի մեր տան կողմը: Բայց դա էլ բարդ գործ էր, քանի որ հարևաններից ոչ մեկի բակում ջուր չկար. ջուրը դույլերով, կաթսաներով, շշերով և ով ինչով կարող էր, բերում էր գյուղի աղբյուրից: Ահավոր պահ էր, երբ աչքիդ առաջ վառվում էր քո ամբողջ մի տարվա աշխատանքը, երբ բարձր ձայնով կանչում էր տատիկը. «Ա՜յ, անջատեք, անջատեք կրակը»: Բայց ամենավատը դա չէր: Կրակը տեսնելով, Պայծառ տատը արագ դուրս էր եկել տնից, այնտեղ թողնելով իր քրոջը՝ Սաթո տատին, ու վախենում էր նրա համար, իսկ կրակը անընդհատ տարածվում էր: Չէին կարող Սաթո տատին էլ դուրս հանել տնից, որովհետև վառված փայտերը ընկնում էի դրսից տուն տանող ճանապարհի վրա: