Սերը

Ամսի եսիմ քանիսն է, ժամը 2 -ը, ու ես չեմ կարողանում քնել: Իմ կյանքի դժվարությունները սկսել եմ գնահատել: Նրանք ուժ են տալիս՝ ստեղծագործելու, միգուցե, դրա համար են դրանք իմ կյանքում այսքան շատ, ո՞վ գիտե:

Երբ քննություններ չունես ու մնում ես դու քեզնով, սկսում ես մտածել անձնականիդ մասին, ու արդեն դա է սկսում նվագել նյարդերիդ վրա:

Լուսանկարը` Դավիթ Չիլինգարյանի

Լուսանկարը` Դավիթ Չիլինգարյանի

Գիտեք, շատ եմ մտածում մարդկանց սիրելու կամ սիրվելու կարողության մասին: Եվ հարց է ծագում, թե մարդիկ ինչո՞ւ են սիրում կամ սիրվում, առանց պատճա՞ռ, թե՞ դա պայմանավորված է արտաքին գեղեցկությամբ, կամ միգուցե աչքերի մաքրության մեջ արտահայտված հոգին ու բարությունն են ազդակ ուղարկում հակառակ սեռին՝ ստիպելով սրտին արագ բաբախել. դժվար է ասել:

Կարող ես թվարկել 100 պատճառ ինչ-որ մեկին սիրելու և, ընդհակառակը, ոչ մի պատճառ նրան չսիրելու համար: Կարող ես սիրել միանգամից, պատահականորեն, ակնթարթային և անկանոն, առանց հաշիվ: Այդպես է ասում իմ սիրտը: Մինչդեռ  միտքս սաստում է՝ ասելով, որ շատերի սերը նիզակ է` արձակված սրտին՝ գնահատելով արտաքին գեղեցկությունը, ոճը, ոտքերը, լավագույն դեպքում, ժպիտը, սակայն դա էլ է ատացոլանք՝  դուրս եկած հոգուց:

Իրականում սիրող էակնեը լինում են շատ տարբեր, ինչպես նշված է Աստվածաշնչում, այր ու կին՝ մի մարմին: Նշանակում է` առանց միմյանց նրանք կես մարմին են՝ թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեպես անջատված մարմիններ, հետևաբար, տարբեր արժեքներից: Ամեն մեկը մեկի մոտ է գտնվում: Եվ դա է պատճառը, որ  սիրեցյալներից ամեն մեկը գնահատում և հավանում իր սիրելիի այն հատկանիշները, որոնք ինքը չունի: Դա երևի կյանքի պարադոքսներից մեկն է:

Սերը միակ բանն է, որ կարող է քեզ կտրել ներկայից, քաոսից ու տանել ապագա, առանց թևերի քեզ տիեզերք հասցնել, ստիպել առանց ձայնի երգել, առանց ցատկի ցատկոտել և առանց տանջանքի երազել:

Եղե’ք այնպիսին, ինչպիսին կաք, չէ որ դուք ինչ-որ մեկի կեսն եք, թույլ տվեք նա գտնի իր կեսը ձեր մեջ:

nina shahmuradyan

Երբ ես թռչուն էի

Երբ դեռ շատ փոքր էի, մտածում էի, որ բոլոր մարդիկ թռչուններ են եղել, ու երբ իրենց սկսել են վատ պահել, մարդ են դարձել: Ես փորձում էի ամեն ինչ անել, որպեսզի կրկին թռչուն դառնամ, որպեսզի կարողանամ տեսնել աշխարհը վերևից: Ի՜նչ փոքր կլինեին իմ ընկերուհիները: Հետո, երբ մի քիչ էլ մեծացա, հասկացա, որ եթե մենակ ես թռչուն լինեի, անհետաքրքիր կլիներ: Ու դրա համար, հենց տեսնում էի, որ ընկերուհիներիցս մեկը իրեն վատ է պահում, ջղայնանում էի ու ասում, որ եթե ինքը չարություն անի, թռչուն չի դառնա ու ինձ հետ վերև չի գա:

Երբ ավելի մեծացա, հասկացա, որ մարդը հենց սկզբից էլ մարդ է լինում, ու հույսս փշրվեց: Պատկերացնո՞ւմ եք, ի՜նչ հետաքրքիր է թռչունների կյանքը: Նրանք ապրում են ծառերի վրա, երգում են, թռչում, ու բոլորը բարի են:

Երբ արդեն բավական մեծ էի ու արդեն գիտեի` ինչ է նշանակում գողություն, մարդասպանություն, չարություն, նախանձ ու դավաճանություն, ավելի շատ էի ուզում թռչուն լինել: Ես գիտեի, որ դա անհնար է, բայց երազներումս միշտ պատկերացնում էի ինձ՝ թռչուն, մյուս բարի թռչունների շրջապատում, միշտ անհոգ ու ազատ:

Հիմա… Հիմա ամեն ինչ փոխվել է: Հիմա արդեն էլ չեմ մտածում թռչուն լինելու մասին: Հիմա ես ուղղակի ուզում եմ, որ մարդիկ լինեն թռչունների պես բարի, անկեղծ, ազատ ու առանց չարության: Ուզում եմ, որ մարդիկ թափանցիկ լինեն, որ նրանք չունենան բազմաթիվ դիմակներ, ամեն մեկի համար պատրաստած հատուկ դեմք ու այդ մարդուն համապատասխան բնավորության գիծ:

Հետաքրքիր է, ի՞նչն է ստիպում մարդուն չարանալ: Ճի՛շտ եք՝ մարդիկ: Մարդիկ ստիպում են դիմացինին, որ նա ուզենա սպանել, ստիպում են գողություն անել, ստիպում են դավաճանել, խաբել… Ամեն ինչում մարդիկ են մեղավոր… Եթե մարդիկ հենց ամենասկզբից չփորձեին իրար գերազանցել, այսպես չէր լինի: Եթե մարդիկ բոլորի հանդեպ անտարբեր չլինեին, բոլորին չնայեին նույն աչքերով ու նույն զզվանքով, այսպես չէ՛ր լինի: Ուրեմն, ի՞նչ, արդեն ո՞ւշ է, էլ հույս չկա՞:

Իսկ եթե մենք հիմա՛ փորձենք հանել այդ նողկալի անտարբերությունը մեր միջից, ինչ-որ բան կփոխվի՞: Եթե մենք չփորձենք լինել ուրիշից լավը, այլ փորձենք գերազանցել ինքներս մեզ, փորձենք ոչ թե դառնալ ավելի լավը, քան նա, այլ ավելի լավը, քան մենք հիմա ենք: Կփոխվի՞ արդյոք ինչ որ բան, կփոխվե՞ն արդյոք մարդիկ: Հետաքրքիր է:

Ani Ghulinyan

Նորեկը

Ավագ դպրոց: Ի՞նչ են պատկերացնում երեխաները` լսելով այս բառակապակցությունը: Մի մասի համար այն շատ բարդ ու գրեթե անհաղթահարելի շրջան է, մյուսների համար` անիմաստ ժամանակի կորուստ, անցածի կրկնություն, ոմանց համար էլ` նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն:

Իսկ ահա ինձ համար միայն գիտելիքներիս եղած պաշարը ամրապնդելու, ու նորորով լրացնելու միջոց: Ոչ մի նորություն. նույն դասարանը, նույնիսկ նստարանս է նույն տեղում, արդեն 5 տարի է` այդտեղ եմ նստում, ու… դասընկերներս: 33 անհատ, որոնց հինգ մատիս պես գիտեմ, քանի որ մեր գյուղում` Դսեղում, բոլորը բոլորին բարեկամ են, որոշներին նույնիսկ շա~տ լավ: Արդեն պարզ է, թե ով ինչի համար է ինձ նայում, դասարան մտնելիս ինձ մոտեցող դասընկերոջս էլ չեմ ասում:
-Հը՞ն , ի՞նչ է եղել:
Միանգամից գիտեմ, որ պիտի հանրահաշվի տնայինը տամ: Կամ էլ մի ուրիշ դասընկեր ով միշտ, արդեն 8 տարի հարցնում է.
-Ռուսերենի դասը սովորե՞լ ես:
Եթե սովորած չլինեմ, ուսուցչին համոզեմ` հաջորդ դասին պատասխանենք: Դե, ես համոզելուց լավ եմ:
Ու որքան էլ այս ամենը հաճելի լինի, որքան էլ սիրեմ դասընկերներիս, գալիս է մի պահ, երբ նորամուծություն եմ ուզում, մի նոր, անծանոթ աշխարհ:
Երբ այսպիսի մտորումներով գծագրում էի սեպտեմբերյան գրաֆիկս, հեռախոսիս զանգ եկավ: Ինձ կանչում էին սեպտեմբերի 1-ի միջոցառման փորձի: Փորձից հետո մեզ մոտեցավ դասղեկս ու հայտնեց, որ այս տարի մեր դասարան նոր աշակերտուհի է գալու: Սենսացիա: Ո՞վ ա , ինչացո՞ւ ա, տեսնես` լա՞վ ա սովորում, այսպիսի բովանդակության հարցեր էի լսում, բայց ինձ ավելի կարևոր հարց էր տանջում. Տեսնես` ֆուտբոլ սիրո՞ւմ է, թե՞ չէ:
Եկավ այդքան սպասված սեպտեմբերի 1-ը: Աչքերով հանդիսականների մեջ անծանոթ դեմք էի որոնում, բայց չգտա այն, ինչ ինձ պետք էր` Գոհարին:

Հա, դա էլ ասեմ, նորեկի մասին լուրերի տարածվելուց հետո մինչև սեպտեմբերի 1-ը ու նույնիսկ այդ ժամանակ, մեր դասարանի երեխաները վարում էին մի բացառիկ հետաքննություն: Պարզեցին նոր աշակերտի անունը` Գոհար, հետո իմացանք, որ Վանաձորից է եկել, լավ է սովորում…
Միջոցառումից հետո ցրվեցինք դասարաններով, երկրորդ ժամից մեզ միացավ մեր նորեկը: Քանի որ կողքիս նստողը այդ տարի Եվրոպական քոլեջ էր ընդունվել, ես մենակ էի նստած, տնօրենն էլ Գոհարին ուղղորդեց իմ կողքը, թեև այլ ազատ նստարաններ էլ կային: Հետո էլ Գոհարին նայելով ավելացրեց. «Դասարանի ամենալավ սովորողներից մեկի կողքին ես նստում»: Դե, ինչպես լինում է սովորաբար, թեթևակի կարմրածություն այտերին, երբ որևէ մեկը քո մասին լավ է արտահայտվում: Քանի որ մի անգամ բախվել էի առաջին հայացքից սխալ կարծիք կազմելու տհաճությանը, որոշեցի նրա մասին կարծիք կազմել մի տևական ժամանակ անց:
Մեկ ամիս անց…
Դե, ինչ ասեմ: Ինչ կարող է մարդ անել կրթված, բազմակողմանի զարգացած ու իրենից մի քանի անգամ ավելի աշխատասեր մարդու հետ: Քաղել նրանից ինչքան հնարավոր է շատ լավ բան:
Ինձ համար, մեղմ ասած, տհաճ է, որ կողքինս խոսում է այնպիսի թեմայից, որից ես գաղափար չունեմ: Բայց դա ոչ թե նրա, այլ իմ մեղքն է: Այդպես, երբ Գոհարը խոսում էր Վան Գոգի նկարներից կամ Ալբեր Քամյուի «Ժանտախտը» գրքից, իսկ ես աչքերս չռած միայն լսում էի, առանց դրանցից որևէ տեղեկություն ունենալու, իմ առաջ նպատակ դրեցի ու կարդացի «Ժանտախտը», Վան Գոգի նկարներն ու կենսագրությունն ուսումնասիրեցի ու էլի շատ բաներ սովորեցի:

Էլ չեմ ասում դասերը, որ առաջվանից ավելի մեծ պատասխանատվությամբ եմ սովորում: Նույնիսկ իմ չսիրած առարկաներից գերմաներենը սկսել եմ ավելի լավ սովորել, որ իրենց դպրոցում անգլերեն ուսումնասիրած Գոհարին, գերմաներենի հարցում որոշ բաներով օգնեմ: Նրա գալուց արդեն երկու ամիս է անցել, չեմ ասի, որ մենք լավագույն ընկերուհիներ ենք դարձել, բայց կոտրվել է այն սառույցը, որ նախկինում կար երկու օտար մարդկանց միջև:
Մեր չսիրած դասաժամերին նայում ենք գրատախտակի վերևում խոշոր տառերով գրված Միքելանջելոյի ասույթներից մեկին. «Ամենամեծ չարիքը անտեղի կորցրած ժամանակն է»: Ասում է.
-Էս հատուկ են բերել էստեղ կպցրել, որ էս ժամերին նայենք ու մեր կորցրած ժամանակը ափսոսանք: Գիտե՞ս ֆիզիկայի մասին քանի գիրք ա սպասում, որ իրեն կարդամ:
Ես էլ այդ պահին նոր սկսած գիրքս եմ հիշում, մտածում, որ արդեն 50 էջ կարդացած կլինեի: Ինչպես ես չեմ հասկանում նրա սերը ֆիզիկայի նկատմամբ ու հետաքրքրությունը այդ բնագավառի գրքերին, այնպես էլ նա չի հասկանում, թե ինչու եմ ես այդքան տարված գեղարվեստական գրքերով ու աշխարհագրությամբ:
Եթե ինձ ասեն` բնութագրիր Գոհարին երեք բառով, կասեմ` ռոք, նկարչություն, պարզություն:
Ասում են` մի մարդը մի ամբողջ տիեզերք է, իսկ նրան բացահայտելու համար մի կյանքը բավական չէ: Գոհարն ինձ համար ոչ թե տիեզերք այլ գիրք է, որի էջերում ես ինձ հոգեհարազատ շատ բան եմ գտնում:

Լավաշի պատմությունը

Գյուղերում կա ավանդույթ, ըստ որի աշնանը լավաշ են թխում ամբողջ ձմեռվա համար: Մեր գյուղը` Մրգավանը, բացառություն չէ: Եվ հենց երեկ որոշեցի ձեզ ներկայացնել լավաշի պատմությունը:

Ձմեռվա լավաշը թխում են երկու օր: Նախ հունցվում է խմորը, այնուհետև թողնում են, որ հանգստանա, մի քանի ժամ հետո, երբ մեր լեզվով ասած, խմորը գալիս է՝ մենք սկսում ենք խմորը մանր կտրատել և գնդել, խմորը շարվում է և ամբողջ գիշեր հանգստանում է:

Վաղ առավոտյան թոնիրը վառում ենք մոտ 20 րոպե, և կրակը հանգստանալուն պես սկսում ենք գրտնակել խմորը: Գրտնակած խմորը փոխանցում ենք հացթուխին, և նա ինձ հետաքրքրող գեղեցիկ շարժումով բացում է խմորը, փռում ավանդական «մարզկայի» վրա և դրանով հարվածում թոնրի պատին:

Ընդամենը մի քանի րոպե անց պատրաստ է հայկական ավանդական լավաշը: Եվ այս ամբողջ գործընթացում ամենահաճելի պահերից է հաց թխողների մեջ ծավալվող խոսակցությունները և տաք լավաշով ու պանրով պատրաստված բրդուճները:

meri antonyan

Ինքն ունի իր արևները…

Դո՞ւք էլ եք մեկ-մեկ առանց առիթի տխրում։ Հա՜, ես էլ… 

Ես մտածել եմ. գուցե դա նրանից է, որ ինչ-որ մեկին կարոտել ենք կամ էլ ինչ-որ մեկը իրենից անկախ մեզ մի քիչ նեղացրել է, օրինակ՝ չի զանգել կամ էլ վերջին անգամ հետներս շատ քիչ է խոսել։ Նույնն է. կարոտում ենք։

Կամ, միգուցե, մեզ մենակ ենք զգում, պակասել է մեկի ներկայությունը։ Դե, վերջին հաշվով՝ էլի կարոտում ենք։

Կարոտը մեզ իր ձեռքերի մեջ գնդում, մի բուռ է դարձնում։ Ինչքան էլ կողքից հպարտ, ինքնավստահ երևանք, կարոտի առաջ շա՜տ ենք խեղճանում։ Բա որ հանկարծ լինում է այնպես, որ գիտակցում ենք, որ կարոտներս առնելու հնարավորություն էլ չենք ունենալու, պա՜հ… Իսկ եթե նույնիսկ ունենանք էլ, գուցե կարոտներս չառնենք, հը՞ն։

Հիմա պատմեմ, տեսեք՝ դո՞ւք էլ եք զգացել։

Պատուհաններիցդ այն կողմ ամառվա շոգ օր է, իսկ ներսումդ մի քանի օրով (նույնիսկ շաբաթով) բույն է դրել աշունը։ Մտքումդ քեզ պատկերացնում ես տաք ծածկոցով փաթաթված, բազմոցի մի անկյունում կծկված, տաք թեյի բաժակը ձեռքիդ, թեյի երեսին էլ՝ լողացող կիսալուսնաձև լիմոն. ոնց որ հատուկ այդպես կտրված լինի, որ լուսնի տակ գիշերվա մենակությունը հիշեցնի։ Դե, ֆիլմի լինել-չլինելն էլ՝ ձեր ճաշակով։ Հա, հոգու պատուհաններից այն կողմի անձրևն էլ մոռացա։ Իհարկե, անձրևի «պատասխանատու» ամպերն էլ հավաքվում ու կոկորդդ են սեղմում։

Նկատել եմ նաև, որ տխուր ժամանակ շատ ենք մրսում։ Երևի մեր ներսի «ես»-ը մտածում է, որ եթե կարոտել է, ուրեմն կորցրել է իր արևին և ուրեմն պարտավոր է մրսել։

Մյուս կողմից, երբ որ ձմռան ամենացրտին էլ լինում ենք մեր «կարոտի» կողքին, ցուրտը չենք զգում կամ քիչ ենք զգում։ Ոնց հասկացա, մեր ներքին «ես»-ը հաշվի չի նստում դրսի արևի հետ, ինքն ունի իր արևները, իր մոտ մի ուրիշ կլիմա է, եղանակային օրենքներն էլ այստեղ չեն գործում։ Սրտիդ արևը խավարելիս ոնց որ սիրտդ բռնեն ու երկու ձեռքով քամեն, ճիշտ այնպես, ինչպես, եթե մանկությունիցդ դեռ հիշում ես, մայրիկներն էին լվացքը ջրից հանելուց հետո քամում։

Խավարումն ավարտվում է, ու թվում է, թե ուր որ է՝ սիրտդ կհանդարտվի, արևը դուրս կգա, ու եղանակը կտաքանա, բայց դե իր արևին նորից հանդիպելով՝ հիմա էլ, քիչ է մնում, դուրս թռչի տեղից։

Բան չեմ հասկանում էս «սիրտ-հոգի-տրամադրություն» եռյակից. շատ խառն են։

zara gevorgyan

Չեմպիոն հավը

Մեր տանից արագ-արագ վազում եմ դեպի պապիկիս տուն։ Արդեն պետք է բակ մտնեի, մեկ էլ ճանապարհիս մի հավ հայտնվեց.

-Վա~յ, դե դեմիցս են կողմ գնա, շուտ տեղ հասնեմ` դասերս մնացին։

Պայուսակս պապիկիս տանն էր: Դե, ես էլ վազում էի, որ դասերս անեի։

Բայց ոնց զգացվեց, հավը ինձնից էլ էր շտապում։ Ես էլ որոշեցի պայքարի մեջ մտնել հավի հետ։ Ի վերջո, է հավը հաղթեց ու ինձնից շուտ մտավ բակ:

-Օֆ, դե լավ։

Ներս մտա, վերցրեցի պայուսակս, հանեցի գրքերս։ Սկսեցի լրացնել օրագիրս.

-Հայոց լեզու, Քիմիա, Ֆիզկ…

«Աշուն է եկել այգիս» (բջջայինս էր):

-Ալո…

-Զար, ձեր տա՞նն ես։

-Չէ, տատ, եկել եմ ձեր տուն։

-Հա, դե մառանը կաստուրկա կա: Մեջը թեփ լից, մե քիչ էլ ջուր խառնա, շաղա ու տուր հավերին։

-Տատ, բա թեփը որտե՞ղ ա:

-Գարաժն ա, մի հատ կլոր ամանի մեջ։

-Լավ, եղավ։

Գնացի մառան, վերցրեցի ամանը, հետո մտա ավտոտնակ, թեփը լցրեցի, ջուրը խառնեցի, տարա հավերին։

-Վախ, մամա ջան, էլի ես հավը: Տեսնես` հիմա ի՞նչ ա ուզում: Մի անգամ հաղթեց, գիտի` էդ ա, որ կա։

Մի խոսքով, կերը լցրեցի հավերի առաջ, ու էլի իմ մրցակիցը, հաղթելով իր ընկեր հավերին, առաջինը հասավ կերի մոտ։

-Վայ, խեղճ հավ, ես էլ ասեմ` ինչի էր շտապում: Դե ասա` սոված էր, էլի:

Լավ, գնամ դասերիս։ Հիմա արդեն հանգիստ խղճով:

Ֆիզկուլտուրա, Հանրահաշիվ, Հայ գրակ., Հասարակ., Ռուսաց լեզու։

Artyom Avetisyan

Հանուն ինձ

Լուսանկարը՝ Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Ավետիսյանի

Լույսը նոր էր բացվել, երբ արթնացա և մի փոքր ընդմիջումից հետո նկատեցի, որ մայրիկս պատրաստվում է հաց թխել: Նա որոշել էր հացը թխել գազօջախով, բայց իմ երկար թախանձանքներից ու խնդրանքներից հետո նա ձեռնամուխ եղավ հացը թխել թոնրով:

Ես նրան ասում էի, որ եթե նա թոնրով չթխի, ապա իմ ամբողջ մեկ շաբաթվա ճամբարի դասերը կընկնեն ջուրը, իսկ եթե թոնրով թխի, ապա ես նրա վերաբերյալ հետաքրքիր նյութ կգրեմ և ֆոտոներ կանեմ:

Լուսանկարը՝ Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Ավետիսյանի

Դե ինչ, ես նրան կարողացա համոզել, բայց համոզելու հետ մեկտեղ նա ինձ մի քանի աշխատանք հանձնարարեց, որ անեմ: Ես նրան օգնեցի ցախ և փայտ կոտրատելու ժամանակ, օգնեցի բացել երդիկը, որպեսզի թոնրի ծուխը դուրս գա:

Լուսանկարը՝ Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Ավետիսյանի

Այդ ընթացքում իմ մտքում մի հիանալի միտք ծագեց, բայց ես դա նրան ասացի այն ժամանակ, երբ արդեն թոնիրը վառած էր: Ես խնդրեցի մայրիկին, որ նաև գաթա թխի՝ խոստանալով, ճամբարի բոլոր մասնակիցները մեզ հյուր կգան: Ճիշտ է, ես գաթա չեմ սիրում, բայց նրան համոզեցի, որ թխի, որովհետև այդ դեպքում ամեն ինչ հիանալի և հետաքրքիր կընթանար:

Լուսանկարը՝ Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Ավետիսյանի

Մայրս մեծ չարչարանքով կատարեց այդ ամենը, որովհետև դժվար է սոված ու ծարավ գործ անել, նստած տեղում, այն էլ` ծխի մեջ: Անգամ ես չէի կարողանում մի քանի րոպե այնտեղ մնալ նկարելու համար:

Լուսանկարը՝ Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Ավետիսյանի

Երբ մայրս ավարտեց իր գործը, ինձ առաջարկեց փորձել իր թխած գաթայից, ու չնայած ես ամբողջ կյանքում գաթա կերած չկայի, շատ հաճույքով էի ուտում, ինչպես նաև մեծ հպարտությամբ էի գնահատում նրա կատարած անթերի աշխատանքը:

Հիմա դուք էլ կարող եք տեսնել, թե ինչերի է ընդունակ մայրական սերը:

Եկանք, էլանք հայաստանցի

Քչերը գիտեն, բայց բնիկ աբովյանցիներ շատ քիչ կան Աբովյան քաղաքում: Աբովյան քաղաքի բնակիչների մեծ մասը հայրենադարձվել է եղել Պարսկաստանից: Թողնելով իրենց տունը` պարսկահայերը վերադարձել են իրենց երկիր: Նրանցից շատերը որպես բնակավայր ընտրել են հենց Աբովյանը: Այս քաղաքն իր գեղեցկությամբ և հանգստությամբ միանգամից գրավել է հայրենադարձների ուշադրությունը: Սակայն այժմ շատ քչերն են մնացել քաղաքում: Նրանցից շատերը գտնվում են արտասահմանում: Փորձեցինք պարզել, թե պարսկահայերից մի քանիսը ինչպե՞ս են ապրում քաղաքում, ինչո՞վ են զբաղվում և արդյոք կարոտո՞ւմ են իրենց տունը: 

Սուրեն ԱվագյանSuren Avagyan

Ես ծնվել եմ Ղարադաղի Քարագլուխ գյուղում: Տասներեք տարեկանում աղբորս հետ գնացել ենք Թեհրան: Մայրաքաղաքում սկսեցի գործ անել, աշխատել, արհեստ սովորել: Գյուղումը ունեցել ենք անասուններ, ամեն ինչ ունեցել ենք, բա, դրանցով ենք ապրել մենք էդքան տարիներ: Դաշտեր ենք ունեցել, ցորեն էինք ցանում ու հնձում, չարչարվում էինք, հաց էինք ստեղծում: Գյուղում մենք չգիտեինք փողը ինչ բան ա: Էրեխեն ի՞նչ գործ ուներ ծնողից բան պահանջեր: Լավ էր…

Դպրոց կար Պարսկաստան, ով կարողանում էր` գնում էր: Բայց դե ես չէի գնում, գյուղացի մարդ էի, մնում կենդանի էի պահում, որ գելը չուտի: Դրանից հետո էլ արտերը հնձում էինք, գյուղական գործեր անում: Գյուղացի մարդը ի՞նչ պիտի անի: Երբ մեծացանք, արդեն արհեստ սովորած էինք: Հայրս ասաց.

-Երեխեք ջան, պիտի գնանք մեր հող` հայրական հող:

Ասինք`

-Այ հեր, մենք չենք գնում:

Բայց, դե, հիմիկվա նման չի, է, որ մենք ասենք` չենք գալիս, ու մեր ասածով լինի: Չէինք կարում մի խոսքը երկու դարձնեինք: Ընտանիքով էկանք մեր հող: Սկզբում էկանք Հրազդան, ընդեղից գալիս էի ստեղ` Աբովյան, աշխատում էի: Հետո էլ տեսանք, որ լավ տեղ ա Աբովյանը: Էկանք Աբովյան մնացինք: Աբովյան լավ էր: Աշխատանք կար, դրա համար էկա ստեղ մնացի ու հիմա էլ Աբովյանին շատ եմ կապվել:

Լիքը բարեկամ եմ թողել Պարսկաստան, բայց դե հիմա խաբար չկա: Հիշում եմ մեր տունը, տեղը, բնությունը, արտերը, ուտելիքները: Կարոտել եմ, է…

Սիրանուշ Բեգիջանյան Siranush Begijanyan

Ես Սիրանուշ Բեգիջանյանն եմ, ծնվել եմ 1924 թվականին: Արդեն 92 տարեկան եմ, մինչև 18-20 տարեկանս ապրում էի Պարսկաստանի Նախրաբադ գավառում, մեր գյուղի անունն էլ Ղարաքյարիս էր։ 17 տարեկանում ամուսնացել եմ ու ամուսնանալուցս հետո հինգ քաղաքներում եմ ապրել: Ամուսինս անգլերեն գիտեր, աշխատում էր։ Արդեն քառասունհինգ տարի ա Հայաստանում եմ ապրում։ Ծնողներս էլ են Ղարաքյարիսից եղել, բա դու գիտես` ի՞նչ նշանակում Ղարաքյարիս: «Քյարիս» աղբյուր ա նշանակում, իսկ «ղարա»` սև: Սև աղբյուր, իսկ թե ինչի ա տենց կոչվել, ոչ մեկը չգիտի։

Պարսկաստանում զբաղվում էի գյուղական հոգսերով` պանիր, մածուն։ Մեր շրջանում հիմնականում գորգագործությամբ էին զբաղվում, ես էլ էի խալի գործում։ Հինգ երեխա ենք եղել, հիմա մի քանիսս ստեղ ենք, մի քանիսն էլ` Ամերիկա։ Պարսկաստանում էլ բարեկամներ ունենք, հեռու-մոտիկ բարեկամներ են։ Գալուցս հետո մե անգամ գնացել եմ Պարսկաստան, բայց էլ չեմ ուզի գնամ, արդեն Հայաստանին եմ սովորել: Էսքան տարի հետո կարոտն էլ արդեն սառում ա։ Արդեն որպես ծննդավայր եմ հիշում, հիշողություն ա դառել։ Հայաստանն էլ ենք սիրում, ինչի՞ պիտի չսիրենք, մեր հայրենիքն ա, էն ա, եկանք, էլանք հայաստանցի…

 Ժանեթ Պետրոսյան Zhanet Petrosyan

Ես Հայաստան եմ եկել Թեհրանից 1970 թվականին։ Իմ հորքուրը 1967 թվականին էր եկել Աբովյան, մեզ էլ պիտի տանեին Վանաձոր, բայց դե ասել էին, որ Աբովյանը շատ հանգիստ քաղաք ա, մենք էլ ասեցինք, որ Վանաձոր չենք ուզում, եկանք Աբովյան։ Որտեղ էլ տանեին, չէինք հարմարվելու, տարբերությունը շատ էր Հայաստանի ու Պարսկաստանի միջև, բայց դե քիչ-քիչ հարմարվեցինք։ Սկսեցինք սովորել, բայց հետո բացվեց Ամերիկայի ճանապարհը: Գնալը շատ հեշտ էր, բայց պապաս երդվյալ հայրենասեր էր, մնացինք Հայաստանում։ Հիմա շատ բարեկամներ Ամերիկա են գնացել, մենակ մենք ենք մնացել Հայաստանում: Դե, տենց ա, չէ՞, ամեն տոհմից մի քանի նմուշ պիտի մնա Հայաստանում: Մենք էլ էդ փոքր կտորներից ենք, որ մնացել ենք` Հայաստանը պահենք։ Երկու եղբայրներս Ռուսաստանում են, քույրս ամուսնացավ, գնաց Թեհրան, իսկ ես մեր տոհմի միակ ներկայացուցիչն եմ մնացել Հայաստանում։

Պարսկաստանում մեծ շուքով Զատիկ էինք նշում, ջրօրհնեքը, Սրբխեչը, իսկ սովետական տարիներին Հայաստանում մենակ Նոր տարին էին նշում։ Պարսկաստանում գլխավոր ուտեստը բրնձով փլավն ա, հետո` ավգուշտը:

Պարսիկները հայերին շատ լավ էին վերաբերվում: Ասորիների, հրեաների մեջ ամենալավը հայերի հետ էին, որովհետև հայերը շատ օրինապահ էին։ Ոստիկանությունն էլ միշտ հայերին էր հավատում: Տենց խոսք կար` «Հայը սուտ չի ասում»։

Զրույցը վարեցին` Գայանե Ավագյանը և Արման Արշակ-Շահբազյանը

Լուսանկարները՝  Արման Արշակ-Շահբազյանի

 

aharon sahakyan

Ես ձանձրանում եմ

Ես երբեմն շատ եմ տխրում: Եվ կարծում եմ որ ունեմ դրա համար շատ լուրջ պատճառ: Եվ պատճառն այն է, որ ես մեր ընտանիքում միակ երեխան եմ: Շատերը կարդալով գրածս երևի կզարմանան, մտածելով` դրանից էլ լավ բա՞ն: Չէ որ ամեն ինչ միայն իմն է, ամեն ինչ արվում է ինձ համար և ամենակարևորը` բոլորի ուշադրության կենտրոնում միայն ես եմ: Բայց դա այդքան էլ այդպես չէ: Ճիշտ է, չեմ թաքցնի, սրանից մի քանի տարի առաջ ես էլ այդպես էի մտածում, և նույնիսկ երբ ինձ հարցնում էին, թե ցանկանում եմ եղբայր կամ քույր ունենալ, ես վստահաբար պատասխանում էի` ոչ, քանի որ տեսնում էի, որ ընտանիքս ինձ համար ոչինչ չի խնայում, անում է ամեն ինչ, որպեսզի ես ոչնչի կարիք չունենամ, և բոլորը նախանձում են ինձ: Բայց տարեցտարի մեծանալով ես զգացի, որ ինձ քույր ու եղբայր ուղղակի անհրաժեշտ են:

Կար ժամանակ, երբ հորեղբորս ընտանիքն ապրում էր մեզ հետ, և նրա երեխաներն ինձ համար հարազատ քույր ու եղբորից չէին տարբերվում: Եվ այդ ժամանակ ես բոլորովին չէի մտածում այդ ուղղությամբ, քանի որ կարծում էի` նրանք միշտ ինձ հետ կլինեն: Սակայն ամեն ինչ փոխվեց այն պահից, երբ նրանք տեղափոխվեցին Իսպանիա` մշտական բնակության: Սկզբում ինձ համար շատ դժվար էր, ոչ մի կերպ չէի հարմարվում նրանց բացակայությանը, սակայն մխիթարում էր այն փաստը, որ հորաքրոջս երեխաները կլրացնեն այդ բացը: Բայց դա էլ կարճ տևեց: Նրանք էլ մեկնեցին ԱՄՆ: Այնուհետև մեկնեց մորաքրոջս ընտանիքը, և հենց այդ ժամանակ ես հասկացա, որ միայնակ եմ, ու շատ տխուր է ինձ համար: Ճիշտ է, ես թե բակում, թե դպրոցում ունեմ շատ լավ ընկերներ, ովքեր ոչնչով չեն զիջում հարազատ քույր ու եղբորը, բայց միևնույն է, ես զգում եմ նրանց կարիքը:

Գրելով այս մասին ես իմ հոգու խորքում չեմ դադարում մտածել, որ կգա այդ բաղձալի պահը, և գոնե զարմիկներս կվերադառնան, ու մենք միասին կլինենք:

diana hovsepyan

Սևան մեդիա ճամբար. Վերջին խաղը

Բոլորը փակում են աչքերը, բացում են սևերը, ծանոթանում են, ընտրում են, թե ում են հանելու առաջին գիշերը, երկրորդ գիշերը, երրորդ գիշերը… Փակում են սևերը, բացում է շերիֆը, գտնում է սև խաղացող, փակում է շերիֆը։ Առավոտ…

Առավոտը բարի էր բոլորի համար, բացի լճափցիների, լճափցիները լքում են ճամբարը։

Անգելինա.

-Կկարոտեմ ձեզ շատ։

Հասմիկ.

-Չմոռանաք մեզ, երեխեք…

Գիշեր։ Մաֆիան անցնում է Սոֆիայի կողքով, Արտյոմի, Անիի, Նարեի, Նինայի, Սեյրանի, Անուշի, Հասմիկի, Սուրենի, Դավիթի, Թամարայի, Նվերի, Անգելինայի, Լուսինեի տան մոտով և հեռանում։ Առավոտ։ Մաֆիայի համատեղ գործակցության շնորհիվ ճամբարը լքում են Բելլան ու Կարենը` Ծովազարդից։

Լուսինե.

-Լավ մնացեք, երեխեք։

Սոֆիա.

-Ես կասկածում եմ, որ Նվերը սև խաղացող է։

Անի.

-Համաձայն եմ Սոֆիայի հետ:

-Ո՞վ է համաձայն, որ ճամբարը լքի Նվերը։

Մեկ ձայն, երկու, երեք… Այսպիսով ճամբարը լքում է Նվերը։ Հաջողություն, Նվեր ջան։

Գիշեր, սևերը պարզում են իրենց զենքերը։ Մաֆիան անցնում է Հեղինեի կողքով, Ալբինայի, Անուշի, Շուշանի, Էրիկի, Մայայի, Մանեի, Լաուրայի, Հակոբի, Ռաֆոյի տան մոտով և հեռանում։ Առավոտ…

Առավոտը բարի էր հյուրանոցի աշխատակազմի համար և բարի չէր մեր՝ ճամբարականներիս համար:

Բոլորս վերցնում ենք մեր իրերը և մոտենում ենք ավտոբուսին։ Մաֆիայի՝ ժամանակի, համատեղ գործակցության պատճառով, հետ ենք վերադառնում տուն։ Մի քիչ տխուր, մի քիչ հուզված, բայց գիտակցելով, որ ունենք նոր, հարազատ դարձած քույրեր ու եղբայրներ։ Չնայած ճամբարն ավարտվեց, բայց մենք միշտ միասին ենք լինելու, սրանով ոչինչ չի վերջանում՝ սա դեռ սկիզբն է։

Կարոտել եմ…