Ես ճիշտ է, ապրում եմ գյուղում, բայց մենք այդքան էլ գյուղացու կյանքով չենք ապրում. ո՛չ կենդանիներ ունենք, ո՛չ մեծ հող ենք մշակում: Դրա համար ես միշտ նախանձով եմ նայել այն երեխաներին, ովքեր ամեն օր շփվում են ձիերի հետ:
Կենդանիները՝ մասնավորապես ձիերը, ինձ համար միշտ եղել են հավատարմության, նվիրվածության խորհրդանիշ, այնպիսիք, որոնց կարող ես վստահել, առանց վախենալու, որ նրանք կխոսեն:
Ճամբարում ֆիլմերի թեմաները կարդալով, ինձ էլ ավելացրեցի ձիարշավարան գնացողների ցուցակի մեջ, բայց քանի որ դա բոլորն էին ցանկանում, հավանականությունը, որ ես կգնայի, շատ փոքր էր: Սկզբում ինձ նույնիսկ ընդհանուր նկարահանող խմբի հետ չէին տանում, հետո հայտնվեցի ձիարշավարան գնացողների շարքերում: Նախախնամություն: Սեյրանն էլ ասում էր. «Շան բախտ ունես»:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի
Տիգրան Բաղիշջանյանի՝ Մարտունում ձիարշավարանի հիմնադրի հետ ֆիլմ նկարելը բավականին հետաքրքիր աշխատանք էր: Նամանավանդ, որ ֆիլմի ընթացքում նա պատմում էր ձիերի բնավորության այնպիսի գծերի մասին, որոնք մտքովս չէին անցել: Տիգրանը չորս ձի ուներ՝ Նշանը, Մանեն, Ջեյրանը և Մարալը: Նշանն ամենաազնվատոհմն էր, հետևաբար ամենագեղեցիկն ու խելացին:
Ֆիլմը ինձ տվեց գիտելիքներ տարբեր մասնագիտություններ ունեցող, երազող, ազատության ձգտող, և իր բանակավայրը սիրող մարդու մասին: Ձի էլ սանրեցի, այս կենդանիներից երբեք չեմ վախեցել, վախենում եմ օձերից, մկներից, կովերից, բայց ձիերից` երբեք:
Ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիներին կարելի է տարբերակել իրենց աչքերով, իսկ ձիերի աչքերը երբեք վատ բան չեն հուշում:
Վատը չեն կարող լինել նաև այն մարդիկ, ովքեր կարողանում են շփվել և լեզու գտնել ձիերի հետ, քանի որ մարդկանց բնավորության հարցում, այս կենդանիներին խաբելը անհնար է:
Շուտով կսկսենք ֆիլմը մոնտաժել, երբ պատրաստ լինի, ինքներդ էլ կհամոզվեք իմ ասածի ճշմարտացիության մեջ:
Նորից ընտրության առաջ էինք. այս անգամ պետք է ֆիլմի նկարահանման թեմաները ընտրենք, իսկ թեմաները մեկը մյուսից հետաքրքիր էին: Մի կողմից` ձիարշավարան (ձիերը իմ տարերքն են, իսկ նրանց մասին ֆիլմի նկարահանման մասնակցելը` երազանք), հաջորդը զոհված ազատամարտիկի` Տիգրան Աբրահամյանի ընտանիքի մասին ֆիլմն էր, երրորդը` յուրահատուկ նկարչի` Սպարտակ Հայրապետյանի մասին էր, ով իր նկարները ստեղծում է քարաքոսներով:
Սեյրանի համառ պնդումներն իմ մտորումների պատճառը դարձան: Ամբողջ օրվա ընթացքում միտքս զբաղված էր Գավառի ու Մարտունու կարտոֆիլներով, Գավառին հատուկ ճաշատեսակներում և հնուց եկած սովորույթներում փռի մասին գրված հատվածներ որոնելով կամ մտաբերել փորձելով:
Փռի կարտոֆիլն իսկապես շատ համեղ էր:
Երկրորդ օրն էր, ինչ արդեն ճամբարում էինք: Ահա և նստած էինք ամենասպասված դասաժամին՝ կինոյին: Քննարկում էինք նախորդ օրվա առաջարկված թեմաները, որոնցով ֆիլմեր էին նկարահանվելու: Ճամբարի մասնակիցներով առաջարկել էինք 30 ամենատարբեր գաղափարներ: Մի քանի գաղափարներ դուրս մնացին ցուցակից՝ եղանակի պատճառով: Մոռացա նշել, որ Սևանի «զեփյուռիկը» ամբողջ օրը ոռնում էր պատուհանների տակ, էլ չխոսեմ` անձրևների և հնարավոր ձյան մասին: Այնուհետև մեզ բացատրեցին, որ որոշակի գաղափարներ ավելի ճիշտ կլինի ներկայացնել գրելով, ֆոտոշարքով, քան ֆիլմ նկարելով: Դե այդ փաստն էլ հաշվի առնելով, ևս մի քանի ապագա ֆիլմեր հանեցինք շարքից: պարզապես այնքան հեռու վայրերում էին, որ որոշեցինք ճամբարից հետո նկարել: Արդյունքում մնացին 16 ֆիլմերի գաղափարներ, որոնցից վերևի հորիզոնականներում էին «Սոֆիայի պապիկը» և «Ձիարշավարան» թեմաներով ֆիլմերի գաղափարները: Պարզվեց, որ բոլորը շատ-շատ են սիրում Սոֆիայի պապիկին, չնայած որ նրան չեն էլ ճանաչում: Սոֆիայի պապիկը 93 տարեկան է, նախկինում Գագարին ավանի դպրոցի տնօրենն է եղել, Հայրենական պատերազմի մասնակից ու ինչպես Սոֆիան էր հավաստիացնում, պարզապես շատ հետաքրքիր զրուցակից: Իսկ Մարտունու ձիարշավարան գնալ ցանկանում էին անխտիր բոլորը: Այս երկու գաղափարներից բացի բարձր ձայներ էր հավաքել արտագնա աշխատանքի վերաբերյալ թեման: Դե գաղտնիք չէ, որ հատկապես Գեղարքունիքի մարզում տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում, և տան տղամարդու և կնոջ հոգսերը ծանրանում են կանանց ուսերին: Մենք պետք է Լճափ գյուղում նկարենք այդ ֆիլմը, մեր թղթակից Դիանան ասաց, որ կարելի է մայրիկին նկարել, որը հենց այս օրերին գնել է վառարանի փայտը և պետք է կոտրի, վառարանը տեղադրի: Սակայն Դիանայի մայրիկը իր համաձայնությունը դեռևս չի տվել:
Շատերին հետաքրքրեց նաև հովիվերի մասին ֆիլմ նկարելու Ներքին Գետաշեն գյուղի Անուշի գաղափարը: Իրենց գյուղի հոտերը մի քանի հովիվ պահում են սարերում: Այս տարի արջերը հարձակվել էին հոտի վրա ու գյուղացիներից մի քանիսի կովերը սատկացրել: Հովիվները ստիպված են փոխհատուցել վնասը, և մենք ուզում էինք թե իրենց նկարել, թե գյուղացիներին: Ցավոք սրտի, մի քանի զանգից հետո պարզեցինք, որ հենց այդ օրը հովիվներն իջել են սարերից:




