Սովորական դպրոցական օր էր: Երրորդ ժամն էր, երբ ընկերուհիս ասաց.
-Ա՛ն, էս ժամից հետո՝ երկար դասամիջոցին, կիջնես «Առողջ ապրելակերպի» կաբինետ:
-Ի՞նչ կա որ:
-Չգիտեմ: Երեկ մարդիկ էին եկել դպրոց, իրանց ամսագիրն էին բերել, ինչ-որ խմբակ ա լինելու:
«Տեսնես հիմա՞ ինչ կա: Էլի չեն թողնելու հանգիստ մի բան ուտեմ»,- մտածեցի ես: Զանգը տվեց: Դժգոհ-դժգոհ իջա «առողջ»: Եկան պարոն Արան, տիկին Ռուզանն ու Սիսակը: Անկեղծ ասած` հենց առաջին հայացքից գրավեցին ինձ, ու տրամադրությունս բարձրացավ:
Երբ սկսեցին ներկայացնել «Մանանա» կենտրոնը, 17.am կայքն ու դասընթացների բովանդակությունը, ոգևորությանս չափ ու սահման չկար: Չէի համբերում` երբ եմ գնալու տուն, որ մասնակցության հայտ ուղարկեմ: Շատ ուրախացա, որ աչքի ընկա. պարոն Արան ցույց տվեց կարճամետրաժ ֆիլմ, որի իմաստը պետք է հասկանայինք: Առաջին մրցանակը ես շահեցի: Բոլորին պատմում էի:
Վերջապես հասա տուն և ուղարկեցի հայտը: Պատասխանը չուշացավ: Երկու հոդված պետք է գրեինք` «Ով եմ ես» ու «Ինչն է ինձ հուզում»: Գրեցի, ուղարկեցի: Ամբողջ օրն անհամբեր սպասում էի պատասխանին: Հաջորդ օրը պատասխանը եկավ… Թարսի նման տանը չէինք, երբ զանգեցին «Մանանայից» ու ասացին, որ ընտրվել եմ մասնակցելու դասընթացին: Չգիտեի` ինչպես արտահայտեի ուրախությունս: Ուզում էի գոռալ, թռչել, պարել, բայց ամաչում էի. շուրջս մարդիկ կային: Շփոթմունքից ու հուզմունքից անընդհատ շնորհակալական խոսքեր էի ասում:
Տանջալից սպասումով լի մեկ շաբաթ… Էլ չէի դիմանում, թե ե՛րբ են հստակ ասելու դասընթացի օրը, ժամը, ե՛րբ ենք սկսելու:
Շաբաթ օր էր: Առաջին դասընթացին էինք գնում: Ամեն ինչ անցավ իմ պատկերացրածից էլ լավ: Նոր ծանոթություններ ու ընկերներ, նոր ու շատ կարևոր գիտելիքներ, տպավորություններ, փորձառու և պարզապես հաճելի ու անմիջական մարդկանց հետ հաղորդակցվելու հնարավորություն:
Կարծում եմ` կյանքում ոչինչ պատահական չի լինում: Նրանց հետ հանդիպումն էլ ինձ համար վճռական դարձավ. եթե նախկինում երբեմն կասկածում էի, հիմա հաստատ որոշել եմ դառնալ լրագրող:
Շատ եմ կարոտել մեր միասին անցկացրած օրերը: Վստահ եմ` դեռ էլի ենք հանդիպելու:
Երբ դարձա վեց տարեկան, մենք պետք է տեղափոխվեինք մեր նորակառույց տունը, բայց տատիկս մեր հետ չէր ապրելու: Չնայած մեր նոր տունը գտնվում է նույն Մրգավետ գյուղում, և իրարից այդքան էլ հեռու չէ, բայց ես չէի ուզում տեղափոխվել։Առաջին օրերին չէի հարմարվում և հիշում եմ, որ առանց զգուշացնելու տնից փախչում և գնում էի տատիկիս մոտ։Ժամանակը անցնում էր, ես մեծանում էի, բայց էլի չէի համակերպվում դրա հետ։ Շաբաթական մեկ-երկու օր գնում էի տատիկիս մոտ մնալու: Տատիկիս մոտ ասելով մի հասկացեք, թե նա մենակ է ապրում: Նա ապրում է իմ հորեղբոր ընտանիքի և պապիկիս հետ։ Ես արդեն սովորություն էի դարձրել, որ շաբաթ և կիրակի օրերը պետք է մնամ տատիկիս տանը: Չնայած նրան, որ մեծանում եմ, բայց այս սովորությունը չեմ փոխել։ Մի քանի անգամ հորեղբորս ընտանիքը նեղացել է ինձանից: Ասեմ ինչու` երբ գնում եմ տատիկենց տուն, բարևում եմ բոլորին, ու առաջին հարցս լինում է. «Տո՞ւնն ա տատին»: Երբ ասում են, որ տանը չի, ես ասում եմ. «Լավ, դե ես գնացի: Հաջողություն»: Եվ այդ ժամանակ նրանք կատակով ասում են. «Այ տղա, էս մենք հե՞չ: Մենակ տատիկիդ համա՞ր ես գալիս»: Որոշ չափով դա այդպես է, չնայած նրանք էլ ինձ համար շատ թանկ մարդիկ են։

-Մամ, իսկ ըստ քեզ, դա պատահականությո՞ւն է, թե՞ հրաշք։










