«Գլօ Հայաստան»

Lilit GrigoryanԿարոտած գրում եմ

Առաջին անգամն է, որ անհնար է հինգ օրվա մասին մի ընդհանուր բան ասել: «Գլօ» ճամբարից եմ վերադարձել: Լսած կլինեք, դիմած էլ կարող է լինեք: ճամբարները ստեղծում են ապահով և աջակցող միջավայր սովորելու, մշակութային փոխանակման, անհատականության, ստեղծագործական մտքի և առաջնորդության զարգացման, ինչպես նաև զվարճանքի համար: «Գլօ Հայաստանը» ձգտում է հզորացնել հայ աղջիկներին կրթության, կանանց ու կազմակերպությունների անվտանգ ցանցի միջոցով: Ճամբարների նպատակն է՝ հզորացնել տարբեր պատկանելություն, կարողություններ և տարիք ունեցող աղջիկներին: «Գլօ Հայաստանը» երիտասարդ կանանց հնարավորություն է տալիս զարգացնել առաջնորդության հմտություններ և ինքնավստահություն՝ իրենց համայնքներում իրենց որպես ուժեղ կերպարներ կերտելու համար: Ու երբ դու կարդում ես «Գլօ»-ի մասնակցության հայտը, լրացնում այն, այնքան մեծ խանդավառություն չկա, պատկերացում էլ չկա ճամբարի մասին, ինչքան այն ժամանակ, երբ զանգում ու ասում են, որ դու որպես «Գլօ»-ի մասնակից ես ընտրվել: Սկսում ես փնտրել այլ մասնակիցների, մեկ ընդհանուր չաթում ծանոթանում եք, հանկարծ հիշում ես ճամպրուկի մասին, հավաքվում: Ու մեկ էլ գալիս է հուլիսի 2-ը, երբ կայարանում ես, պատրաստվում ես գնացքով հասնել Գյումրի, հետո Թորոս գյուղ՝ անհամբերությամբ ժպտալով, անհանգստությամբ շուրթերդ կծմծելով: Հասնում ես, տեսնում սիրուն-սիրուն աղջիկների, հանդիպում հավես ջոկատավարների, որոնցից շատերին գիտեիր: Գրկում ես բոլորին անխտիր, սենյակդ մտնում, իմանում, թե ովքեր են ապրելու հետդ նույն սենյակում ու լիքը-լիքը թռվռում ես: Ամերիկացի հրաշք կամավորների ես հանդիպում, սիրում, սիրված դառնում:

Սկսվում են օրերդ: Առավոտյան 09:00-ին մարմնամարզություն, հետո՝ նախաճաշ, «Օրվա կինը» դասընթաց, ջոկատիդ հետ հավաքվում եք դասերի: Հա, ասեմ, որ ունես հրաշք ջոկատավարներ՝ Դոնարան, Գոհարն ու Ռենատան, որը դառնում է քո մայրիկը: Դասերի ընթացքում հասկանում եք, թե ինչ է խտրականությունը, բազմանազանությունը և այլ կարևոր երևույթներ: Խաղեր, տարբեր միջոցառումներ, հայտնի կանանց հետ հանդիպումներ: Էնքան խիտ օր ես ունենում, որ դու՝ ինտերնետի գերիդ, ժամանակ չունես հեռախոսը ձեռքումդ պահելու համար: Ձեռք ես բերում հրաշք ընկերներ, ինչպիսիք են Ինեսան, որին ճանաչում էիր որպես 17-ի թղթակից, ու նա դառնում է քո ժպիտի պատճառը, Մարիետային, որի հետ ողջ գիշերը խոսում ես, լսում նրան, դառնում վստահելի ընկեր, Մարիամին, որը դառնում է քեզ համար քո երկրորդ «եսը», Ռուբինային՝ քո միակ ու անկրկնելի լուսանկարչին: Դե, հիսուն կատարյալ ու հրաշք դեմքերի ես հանդիպում, ովքեր քեզ լուսավորում են, մտքերդ գունավորում: Գտնում ես Թամարային, ում ժպիտը աշխարհ է շուռ տալիս, ու որը պատմում է իր կյանքի հետ կապված սիրուն պատմություններ: Դոնարային, որը քո մեծ քույրն է դառնում, ու նրան գրկելիս առավել շատ ջերմություն ես ստանում: Ամեն մի մեկ հիսուներորդ քեզ ինչ-որ առանձնահատուկ էներգիա է հաղորդում, հատկապես՝ Լաուրենի անվերջանալի ժպիտը: Ժպիտ, ժպիտ, յուրաքանչյուր երկրորդ խոսքը՝ ժպիտ, որովհետև առանց դրա չէր էլ ստացվի:
Գիշերն ատամի մածուկ ես լցնում Նանեի, Սյուզիի վրա ու լսում Ալեքսանդրիայի զիլ ծիծաղը:

Ու երբ գալիս է հուլիսի 8-ը, դու առավոտյան լաց ես լինում, անընդհատ գրկում դիմացդ դուրս եկած յուրաքանչյուրին, ոտքերդ դողում են, խեղդվում ես, որովհետև կապվել ես տեղանքի, քարի, ջրի, հիսուն առաջնորդ-աղջիկների, ամենա-ամենա ջոկատավարների, ամերիկացի անկրկնելի կամավորների հետ: Դու դու չես քեզ զգում, երբ հասնում ես քո տուն, չնայած, որ կարոտել էիր տունդ, ընտանիքիդ անդամներին: Դու դու չես դառնում, երբ առավոտյան վեր ես կենում՝ առանց լսելու «Լիլ, վեր կաց, էլի» կամ՝ «Ո՞վ կգա հետս լվացվելու» արտահայտությունները: Դու դու չես լինելու, երբ գիշերները քնես առանց Մարիամի հետ զրուցելու: Իրականում դու էլ դու չես, որովհետև «Գլօ»-ն քեզ փոխել է ՝ դարձնելով իսկական առաջնորդ, խիզախ, նպատակասլաց աղջիկ, ապագա ճանաչված կին: «Գլօ»-ն քեզ սովորեցրել է հավասարություն: «Գլօ»-ն քեզ միշտ ասել է, որ հայտնի կանանցից հետո, հաջորդը դու ես լինելու: «Գլօ»-ն կյանքի լավագույն դպրոցն է:
Դու դու չես, երբ հիմա նստած հիշում ես բոլոր դեպքերը, ուզում այստեղ գրի առնել, բայց մտածում ես՝ չի հետաքրքրի մարդկանց: Դու դու չես, որ այդ դեպքերն ուղղակի հիշում ես, ոչ թե զգում…

Լիլիթ Գրիգորյան, Կոտայքի մարզ, ք. Հրազդան

Inesa Zohrabyan aragacotn

Եթե դեղին է

Իմացա, որ անցել եմ Glow ճամբարը, որը աղջիկների ինքնակրթության և զարգացման համար է: Շատ ուրախացա, որովհետև ճամբարները հենց ինձ համար են ստեղծված, չնայած՝ չեմ սիրում հրաժեշտի պահերը: Մինչ ճամբար գնալս մեր ջոկատավարներից մեկին ճանաչում էի, իսկ մյուսին ուղղակի սիրահարվեցի՝ կարդալով նրա ֆեյսբուքյան մականունը՝ «դեղին անձնավորություն»: Առանց այդ էլ դեղինն ու երիցուկներ շատ էի սիրում: Իմ և նրա ուրախությունը կրկնապատկվեց, երբ հասա ճամբար ու իմացա, որ նա իմ ջոկատավարն է, իսկ սենյակը, որտեղ պետք է ապրեի այդ յոթ օրը, ևս դեղին է: Ամեն օրը շատ հագեցած էր, բացի օրակարգից՝ երեկոյան հավաքվում էինք, երգում, ամպերին նայում, նվագում: Նախավերջին օրը պետք է ներկայացնեինք մեկին, ով մեզ ոգեշնչում է, ու ես ընտրեցի հենց դեղինը սիրող Թամարային: Նա հուզվեց, միգուցե հիմա էլ հուզվի, իսկ ես չէի պատկերացնի, որ ինձանից մեծ՝ 21 տարեկան աղջկա հետ կարող էի այդքան շատ կապվել: Glow ճամբարը ես կհիշեմ ամենաշատը հենց նրանով: Իհարկե, նաև շատ մեծ փորձ, գիտելիքներ ստացա, շատ ընկերներ ձեռք բերեցի:

 Ինեսա Զոհրաբյան, Արագածոտնի մարզ, գ. Արտենի

Մի աշակերտի պատմություն

Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ իմ նկարը չի հայտնվել 17-ի էջին: Հա, հիմա սկսեմ արդարանալ: Ուրեմն՝ ես այն եզակի աշակերտներից եմ, որը տանել չի կարողանում ամառային արձակուրդները և ամեն կերպ փորձում է օրերը երկարացնել դպրոցում: Արձակուրդի հենց առաջին օրվանից սկսվեցին տարբեր ճամբարների մասնակցության հայտերի փնտրտուքները, բայց ապարդյուն. մի տեղ տարիքս չէր բավարարում, մյուսում՝ հատուկ կարիք ունցող երեխաներն էին ներառված: Ու ես հասկացա, որ սկսվում է ձանձրույթի փուլը. գրքերն այլևս չէին հերիքում ամբողջ օրվա էներգիան սպառելու համար: Ես որոշեցի դիմել իմ դպրոցի տնօրենին՝ ճամբար կամ ամառային դպրոց կազմակերպելու խնդրանքով: Ի ուրախություն ինձ, խնդրանքս օդում չմնաց: Իմ շատ սիրելի տնօրենն արագ գործի անցավ և ինձ նույնպես բաժին հասավ այդ հետաքրքիր նախաձեռնությունից մի կտոր: Ես այնտեղ պետք է լինեի ոչ թե մասնակցի, այլ դասընթացավարի դերում: Դա, իհարկե, մեծ հաճույք է, երբ դու պատրաստ ես կիսվել գիտելիքներով ու ցույց տալ մասնագիտական ուղու քո տարբերակը: Ես մեծ սիրով համաձայնեցի, բայց քանի որ առաջին անգամ էի նման բանի մասնակցում, մտավախություն ունեի, որ չեմ կարողանա դասը լավ վարել: «Մանանայի» մասնագետների փորձով և խորհուրդներով իմ կողքին լինելու շնորհիվ դասընթացները լավ անցկացրի: Առաջին դասընթացը ամբողջությամբ նվիրեցի «Մանանային» ու 17-ին: Օրն անցավ բավականին հագեցած ու հետաքրքիր, մասնակիցները նույնիսկ առաջարկում էին էլի նման դասընթաց անցկացնել: Իհարկե, ինձ կրկին չմերժեցին, ու ես որոշեցի մյուս դասը նվիրել լուսանկարչությանն ու վավերագրական ֆիլմերին: Ես ոգևորությամբ պատմում էի ամեն ինչ, կիսվում այն բոլոր գիտելիքներով, որոնք ինձ տվել էր «Մանանան»: Ֆիլմեր, ֆոտոներ, նյութեր… Լիարժեք երջանկության 2 շաբաթ: Իսկ ամառային դպրոցի վերջին օրը որոշեցինք փոքրիկ էքսկուրս կազմակերպել դեպի Սարդարապատի հուշահամալիրը: Դպրոցն ավարտվեց, իսկ ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել դպրոցիս տնօրեն ընկեր Քալաշյանին՝ նման բան նախաձեռնելու համար, մեծ շնորհակալություն նաև «Մանանա» թիմին՝ ինձ այդքան օգնելու ու խորհուրդներ տալու, նյութեր տրամադրելու ու պատանիների առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար: Հ. Գ. Գիտե՞ք՝ ինչն է ամենալավը, որ ինձ դպրոցում արդեն ուսուցչական կազմն ու աշակերտները որպես «լրագրող Անուշ» են ճանաչում, և ես վստահ կարող եմ ասել, որ իմ հաջողության բանալին 17.am-ը, «Մանանան» ու ծուլությունս հաղթահարելու կարողությունն են:

Lusine Karapetyan

Կրթությունն ինչպես որ է, կամ` չշրջանցելով մարտահրավերները

Երբ ամառը կես է ընկնում, կարծես թե վերջանում են դիմորդների դեպրեսիվ օրերը: Ամենքն արդեն գիտեն՝ որտեղ են ընդունվել, ոմանք ուրախանում են իրենց բաժիններից, ոմանք տխրում՝ կարծելով, որ ավելի լավին էին արժանի, ոմանց ուղղակի չի էլ հետաքրքրում, թե ուր ընդունվեցին, որովհետև իրենց կրթությունը, մեղմ ասած, չի հետաքրքրում, իրենց միայն հետաքրքրում է արդյունքում տրվող թղթի կտորը՝ հետագայում որպես օժիտ կամ «գլուխ գովելու» առարկա դարձնելու համար։

Առաջին խմբի աշակերտ-ուսանողները որոշակի աշխատանքներ են անում, հետաքրքրվում են, իրենց պատկերացնում տարբեր մասնագիտությունների «կոշիկների» մեջ, պրպտում կայքերը, հարցուփորձ անում արդեն ուսանող ընկերներից, կարծիքներ հավաքում, որոշում են որոշակի մասնագիտությունների ցանկ, իրենք իրենց հետ «հայտարարի գալով» սկսում որոշակի առարկաներ պարապել ինքնուրույն կամ կրկնուսույցների մոտ։ Կրկնուսույցների ինստիտուտը Հայաստանում մի ուրիշ ուսումնասիրության առարկա է, այդ իսկ պատճառով այն հիմա կշրջանցենք։ Եվ քանի որ պատշաճ աշխատանքը պատշաճ գնահատականներ ու արդյունք է պահանջում, նրանք որպես կանոն ընդունվում են համալսարան, իրենց ուզած բաժիններ և հետևաբար, սովորում մոտիվացված։

Երկրորդ խմբի ուսանողները, նրանք, ովքեր կարծում են, որ ավելին կարող էին անել իրենց կրթության համար, երկու դասական ելք կարող են ունենալ՝ իրենց դպրոցական բացթողումները ուղղել համալսարանական կյանքի ընթացքում կամ դառնալ երրորդ տիպի ուսանողներից, որոնք կրթական համակարգի, ամենաքիչը ինձ համար, չհասկացվող օղակներն են։

Ուսանողների այս ուղղակի բաժանումը չի կարող արտահայտել բոլոր այն գործոնները, որոնք աշակերտները հանդիպում են իրենց ճանապարհին։ Ուսանող լինելը սոցիալան, տնտեսական մի շարք այլ գործոնների ազդեցության արդյունք կարող է լինել։ Ընտանիքներ կան, որոնք իրենց երեխաներին ուղարկում են այս կամ այն մասնագիտացմամբ կրթության, չհասկանալով, որ իրենց դուստրը կամ որդին ամենևին էլ չեն համապատասխանում այդ մասնագիտությանը, կամ, ասեմ ավելին, միգուցե ձեր ժառանգները ամենևին էլ նախատեսված չեն բարձրագույն կրթության համար, միգուցե նրանք մի փոքր ժամանակ հետո իրենց կոշկակարության կամ մատնահարդարման մեջ էին գտնում։ Եթե խնդիրը այդքան էլ ակնառու չի երևանաբնակ ընտանիքների և ուսանողների համար (չնայած ինքս չեմ կարծում, որ ուսման վճարը այնքան քիչ է, որ զգացնել չտա), այնուամենայնիվ մարզաբնակների համար խնդիրը եռապատկվում է․ ընտանիքները պարտավորվում են տալ վճարը, տան վարձը, կոմունալների և ձեռքի ծախսը, և բացի այդ սթրեսը, որ առաջանում է ոչ միայն աշակերտից ուսանողի անցման ժամանակ, այլև հանգիստ ու խաղաղ մարզային համայնքից ժխորոտ Երևանում բնակություն հաստատելը։

Ենթադրենք ուտոպիա է, և բոլոր աշակերտները ուսանող դառնալիս պատկանում են առաջին խմբին․ մոտիվացված են ու պատրաստ սովորելուն։

Կրթական հ.ամակարգում որոշակի թերություններ կամ ուղղակի աշխատակիցների կողմից թույլ տրված թերացումններ կան, որոնք զգալի ազդեցություն են ունենում ուսանողի՝ տվյալ մասնագետ զարգանալու կամ չզարգանալու, իզուր ժամանակ վատնելու կամ օպտիմիլիզացիայի վրա։ Ինքս սեպտեմբերից որպես 3-րդ կուրսի ուսանող-արվեստաբան կշարունակեմ ուսումս ԵՊՀ-ում ու դիտարկումներս կարող են վերաբերել միայն առաջին երկու տարվա իմ փորձառությանը։ Արվեստաբանին ո՞ր մի դժոխքում պետք կգա բնագիտությունը, էկոլոգիան, քաղաքագիտությունը, և եթե քո պատասխանը «ընդհանուր զարգացվածությունն է», ապա ես քեզ կպատասխանեմ, որ մենք մեր երկար ու ձիգ 12 տարիների ընթացքում պետք է որ դա արած լինեինք։ Իսկ մետաղադրամի մյուս կողմում հայտնվում է մեկ այլ խնդիր, երբ մենք ստիպված ենք լինում երկու արվեստաբանի համար մասնագիտական առականերից ընտրել որևէ մեկը, օրինակ մշակութաբանությո՞ւն, թե՞ կրոնի պատմություն, կինոյի՞, թե՞ երաժշտության պատմություն։ Չգիտեմ մյուս ֆակուլտետներում ինչպես է վիճակը, բայց առարկաների առումով մեզ մոտ մի քիչ խառն է։ Եվ իմ համեստ կարծիքով, վիճակը ավելի է բարդանում այն ժամանակ, երբ դասախոսները լինում են այլ ֆակուլտետներից․ որպես կանոն նրանք չեն անում իրենց լավագույնը այն դեպքերում, երբ լսարանը իր մասնագիտական առարկայի կրողը չէ։

Եթե չգիտեք, մի բան ասեմ․ ՀՀ-ն 2005 թվականին անցում է կատարել Բոլոնյան կրթական համակարգին։ Բոլոնյան համակարգի հիմնական նպատակներից մի քանիսին անդրադառնալով ուղղակի ասեմ, որ այն ենթադրում է Եվրոպայի ներսում ուսանողների և դասախոսների շարժունության հետ կապված խոչընդոտների վերացում, ինչը իրականացվում է, բայց իմ բախտը այնքան էլ չի բերում այդ առումով, որովհետև բոլոր փոխանակման ու այլ ծրագրերի մասին տեղեկություն ստանալու համար պետք է պատրաստվել պինգ-պոնգի գնդակ դառնալուն և դռնից դուռ նետվել՝ շատ հաճախ անհրաժեշտ ինֆորմացիան չգտնելով։

Հաջորդիվ, այս համակարգի «ընձեռած» առավելություններից է այն, որ ուսանողը կարող է արդեն կրթական գործընթացը հարմարեցնել իր նախասիրություններին և ժամանակին, ակտիվ կերպով մասնակցել իր կրթական գործընթացի կազմակերպմանը, այսինքն` ներազդել դրա վրա և հարմարեցնել իրեն: Բայց ցայսօր ոչ ոք ինձ չի հարցրել, նույնիսկ չի տեղեկացրել իմ չունեցած հնարավորության մասին, որ արդյո՞ք ինձ հարմար է սկսել դասը ժամը 9։30 և ավարտել 4-ին, արդյո՞ք հարմար է ունենալ մի դասաժամի չափով պատուհան դասերի ընթացքում կամ առաջին ժամի ֆիզկուլտուրա առարկայից հետո վազելով հասնել «սև շենք»՝ հաջորդ դասի համար։ Ոչ ոքի նույնիսկ չի հետաքրքրել այն փաստը որ մենք ստիպված են լինում ֆիզիկապես ներկա լինել դասերին նույնիսկ այն ժամանակ, երբ մեր բանավոր կամ միջանկյալ քննությունների շրջանն է։ Եվ վերջապես, եթե այդ նույն համակարգը կրթության գլխավոր շեշտը ինքնակրթությունն է համարում, այդ դեպքում, ո՞վ ինձ կբացատրի, ինչո՞ւ են ավտոմատ կերպով իմ բացակայությունները ազդում իմ արդյունարար գնահատականների վրա, միգուցե ես գրադարանում իմ քննությա՞նն եմ պատրաստվում, կամ աշխատում եմ հանձնարարված էսսեների, հոդվածների և այլնի վրա՞։

Այս ամենը միգուցե իր համապատասխան պատասխանները ստանար, եթե իմ ֆակուլտետում գործեր մի կառույց, որը ունի իմ իսկ շահերը պաշտպանելու առաքելությունը։ Չնայած նախապաշարմունքներս Ուսանողական խորհրդի հետ դեռ երկար քննարկման թեմա է, այնուամենայնիվ կուզենայի տեսնել ՈՒԽ-ին իր բուն առաքելությունը իրականացնելիս։

Որպես վերջաբան․ ԵՊՀ 98-ամյակին մի ֆեյսբուքյան ստատուս էի գրել, թե բա իմ երազած ԵՊՀ-ում ամենքն իր գործը սիրով է անում, նույնիսկ հավաքարարը, որի աշխատանքի արդյունքում ուսանողը մեգակեղտոտ ու փոշոտ լսարաններում չի սովորում։ Այդտեղ ես էլ, դասախոսս էլ, դեկանատի աշխատողները և բոլոր-բոլորը անում ենք մեր աշխատանքը գերագույն հաճույքով։

Ամառը արդեն կես է ընկել, ինքնակրթվենք ու պատրաստվենք իսկական մարտահրավերներին։

451° ըստ «Մանանայի»

Հիմա մենք քեզ գիտենք. դու, որ վախեցար տողերի քանակից ու արագ փակեցիր էջը և դու, որ չնայած դրան՝ մարտական նստեցիր մի հարմար տեղ ու սկսեցիր կարդալ, քեզ բարի ընթերցում:

Օր 1-ին.

Ժամը 10:10 կանգառում եմ: Ժամը 10:30 է, մեկ է՝ էլի կանգառում եմ: Ըհըն, ավտոբուս երևաց, նստում եմ: Ոչինչ, կվազեմ ու 11-ին էնտեղ կլինեմ: 4-ից 5 անգամ նայում եմ ինձ հայելու մեջ: Չէ, էսպես մի ժպտա, երևում է, որ ամաչելու ես, հանգստացիր, Ամալյա, հանգստացիր: Իջնում եմ, սկսում եմ վազել, 10:57-ին համարյա հասել եմ, բայց հիմա ո՞ւր: Ըհըն, իմ տարիքի երեխեք են կանգնած, երևի «Մանանա» են գնում: Ու, բարեբախտաբար, Լուսինեն եկավ.

-Դու Ամալյան ես, չէ՞:

-Հա,- մի կերպ արտաբերում եմ ես և ուրախանում, որ մեկն ինձ ճանաչում է:

Մտնում ենք ներս, նստում ենք, նայում եմ Աստղին, շատ ծանոթ է դեմքը, թղթակից է երևի, նայում եմ մյուս կողմ ու չեմ գտնում մեկին, ում հետ կարելի է խոսել: Մի երկու բառ իրար եմ կապում ու մի կերպ ներկայանում եմ: Է, Ամալյա, ախր, խոսք էիր տվել չամաչել: Դասընթացի ընթացքում Էլիզաբեթը հարց է տալիս, ես կմկմալով մի կերպ պատասխանում եմ: Իսկ այ վերջում, երբ գնում էի տուն…

-Կանգնիր, ինչի՞ չես կանգնում, ես չեմ հասցնում քեզ նման արագ քայլել,- լսվեց Էլիզաբեթի ձայնը, որը մի կերպ հասավ ինձ ու սկսեց խոսել:

Պարզվեց՝ Էլիզան ճանապարհի կեսը ինձ էր կանչել, իսկ ես այդպես էլ չէի լսել: Ամոթից փակում եմ դեմքս, բայց փորձում նրա հետ խոսել: Ու ամաչած, կարմիր դեմքով վազում եմ տուն:

Ամալյա Հարությունյան

***

«Է՜, Նարեկն ո՞ւր ա, չկա, բա որ ուշանանք ու ներս չթողնեն: Բայց մի րոպե, Նարե՞ն չի էն ականջակալներով աղջիկը, որ էս կողմ ա գալիս: Հա, էլի»:

-Ա՞ստ,- բարևեցինք, գրկախառնվեցինք,- «Մանանա՞» ես գնում, արի՝ տանեմ:

-Նար, Նարեկին եմ սպասում:

«Գնաց, բայց կարո՞ղ ա պիտի Նարեի հետ գնայի, եսիմ»: Մտքերս ցրվեցին մեկի ձայնից: Եկավ, մոտեցավ ինձ, թե բա՝ կներեք, կարո՞ղ ա «Մանանա» կենտրոնի տեղն իմանաք: Չեք էլ պատկերացնի ինչ ոգևորութամբ պատասխանեցի, որ սպասում եմ՝ գան տանեն, ինքն էլ ինձ հետ սպասեց, Մարիամն էր: Բայց մեկ է, վերջում Նարեենց հետ գնացինք: Չգիտեմ, ինչ բառերով բացատրեմ՝ ոնց էի ամաչում, ոտքերս ինձ չէին ենթարկվում, հազիվ հետս «քարշ տալով» նստեցի: Անկեղծ ասած՝ արդեն պատկերացնում էի «Մանանա» կենտրոնը՝ մեծ ու շքեղ շենք, պատին էլ մեծ-մեծ տառերով գրված՝ «Մանանա» կենտրոն: Իսկ այն իրականում Մաշտոցի պողոտայի աչքի չընկնող շենքերից մեկի բնակարաններից մեկն էր՝ բայց ինչքան սիրով լցված: Մարդիկ ամեն օր անցնում են այդ փողոցով՝ արագ կամ դանդաղ, բայց քչերն են իմանում, որ այդ չորս պատի ներսում կյանքը եռում է, սերունդներ են կրթում, շա՜տ սերունդներ: Լավ, վերադառնանք սենյակ: Դե, արի ու դողացող ձայնովդ ներկայացիր, որ վրադ չծիծաղեն: Անունս էի ասել միայն, երբ տիկին Ռուզանը հարցրեց՝ լացո՞ւմ ես: Փաստորեն հուզմունքս թաքցնել չհաջողվեց: Դա դեռ հեչ, երբ Վահեն գրիչներն էր բաժանում, հերթը հասավ ինձ, և նա իր սովորական դիմելաձևով հարցրեց՝ ի՞նչ կա, Զվյոզդ (Վահեին էլ եմ շուտվանից ճանաչում), հուզմունքից մոռացա հարցին պատասխանել, մի բան էլ գրիչը վերցնելիս մի ձեռքով բռնել էի մյուս ձեռքս, որ չերևա՝ ցնցվում է: Լարվածությունս մինչ դասի վերջ էլ չլքեց ինձ…

Աստղիկ Հունանյան 

***

Գետնանցումում հայտնվելով՝ էլի իմ սովորության համաձայն վեց ելքերը փորձելուց հետո վերջապես գտա ճիշտ ճանապարհը։ Մնացածն արդեն հեշտ էր։ Շենքը գտա, հիմա էլ՝ մուտքը, հետո՝ հարկը: «Էնտեղ երեխեք կան կանգնած, կարող ա իրանք էլ են 17-ի համար եկել, հարցնե՞մ, բա որ ուրիշ մարդիկ լինեն լրիվ, լավ է, հարցնում եմ»։

-Երեխեք, 17-ի՞ց եք։

-Հա, դու գիտե՞ս տեղը։

Տեղը գտանք, բարձրացանք, 160 անգամ թակեցինք, էդպես էլ ոչ մեկը չբացեց։ Նորից իջանք, զանգեցինք, ասացին՝ մեզ 12-ին են կանչել։ Ո՞նց թե 12-ին, հիմա մի ժամ ի՞նչ ենք անելու։ Մի ժամ չէ, 1 ժամ 20 րոպե։ Պարզվեց ոչ էլ 12-ին են կանչել: 30 րոպե հետո եկան, ու ամեն ինչ սկսվեց։ Սիրուն ու հավես անցավ ամեն ինչ։ Առաջին օրը մենք հայտեր էինք լրացնում, որոնց մեջ մի քանի տարօրինակ հարցեր կային։ «Սիրած լուսանկարի՞չ։ Ախր, ես սիրած լուսանկարիչ չունեմ, է, ի՞նչ գրեմ»,- մտածեցի ես ու առաջին դասարանցու նման փորձեցի գաղտագողի նայել, թե կողքինս (որ հետո պարզվեց հեչ էլ Մարիամը չէր, այլ Էլիզը) ինչ է գրել։ Գրել էր «չունեմ»: «Ո՞նց չէի ֆայմել, որ կարելի ա գրել «չունեմ»»։ Ինչ շատ են Մարիամները…

Տաթև Չուխուրյան

***

«Դոդի մեկը, հլը հիշի ճանապարհը, անցած անգամ ո՞նց էիր եկել, է։ Հեսա կգնամ, էնտեղ լիքը երեխաներ կլինեն, տենց կհասկանամ, որ էդ ա։ Եկա, ու ի՞նչ, ոչ ոք չկա, լավ, հեսա կգտնեմ»։

-Լավ, ասենք թե գտար, հետո՞,- սկսեց խոսել աջ ուսիս նստած Էլիզաբեթը,- հա, կժպտաս ու ծանոթներ կփնտրես, հարցեր կտաս ու պատասխաններ կտաս, երբ քեզ էլ հարցեր կտան։ Եկա, հասա, անծանոթ դեմքեր շատ կային։ «Վա՜յ, ես ճանաչում եմ իրան, իրան էլ։ Ինքը էն աղջիկն ա, որ մրցանակաբաշխությանը խուլ ու համրերի լեզվով էր խոսում, իսկ ինքը էն մյուսն ա, որ 17-ում նկարի մեջ գլխին էն տերևներով բանից ա դրած»:

«Ի՞նչ տերևներով բան, հավաքի քեզ, լրջացի մի հատ, ապուշի ժպիտը երեսիցդ թաքցրու»,- խոսեց ձախ ուսիս Էլիզան։

«Նրան էլ գիտեմ, էն «պոնչո» թուշիկներով աղջիկն ա»։

Հետո՝ տուն գնալիս, էդ «պոնչո» աղջկա հետ գնացի: Լավ էր, ես ինչպես միշտ զվարթ էի ու էլի չէի ամաչում։

Էլիզաբեթ Հարությունյան

***

«Երևի էս շենքն ա, պիտի բարձրանամ հինգերորդ հարկ: Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ… Մի րոպե, վերջացա՞ն հարկերը, բա հինգերորդ հարկն ո՞ւր ա: Է, դե հաստատ մուտքը շփոթել եմ, զանգեմ Լուսինեին»:

-Ես արդեն հասնում եմ, սպասիր, միասին կգնանք:

Լուսինեն եկավ, ասաց Նարեն էլ գա, միասին գնանք: Նարեն էլ եկավ։

-Էնտեղ «Մանանա» եկող էլի երեխեք կան, Նարեկին են սպասում:

-Լավ, միասին կգնանք:

Երբ վերջապես հասանք, շատերն արդեն այնտեղ էին: Առաջին օրը ինձ շատ կաշկանդված էի զգում, որովհետև ոչ ոքի չէի ճանաչում, բայց ամենից շատ ինձ մենակ զգացի լանչին: Չէի համարձակվում ոչ ոքի մոտենալ, ծանոթանալ: Հանկարծ Մարիամը մոտեցավ ինձ ու Ամալյային ու հարցրեց.

-Որտե՞ղ եք սովորում:

Սկսեցինք զրուցել: Ընդմիջումից հետո տրամադրությունս ավելի բարձր էր, ավելի ազատ էի ինձ զգում: Երևի դա նոր ծանոթությունների արդյունքն էր, ինձ էլ մենակ չէի զգում: Դասերն անցնում էին ընկերական մթնոլորտում: Ամենից լավ հիշում եմ շատախոս և հետաքրքրասեր Էլիզային, որին շատ սիրեցի: Բոլոր ուսուցիչներիս շատ սիրեցի հենց առաջին օրվանից: Օրվա ամենատխուր մասը դասերի ավարտն էր: Մի քիչ Մարիամի և Տաթևի հետ գնալուց հետո մեր ճանապարհները բաժանվեցին, սակայն կանգառում, բարեբախտաբար, կրկին Տաթևին հանդիպեցի: Տեղանքին դեռ լավ ծանոթ չէի, և եթե Տաթևը չհուշեր ճիշտ ճանապարհը, չգիտեմ՝ ուր կգնայի: Ստացած դրական տպավորություններից հետո նույնիսկ շոգը չէր զգացվում: Միայն ուզում էի շուտ տուն հասնել, որ մայրիկիս պատմեմ իմ օրվա մասին:

Մարիամ Գրիգորյան

***

Մեքենան կանգնեց.

-Մարիամ ջան, դու ստեղ կիջնե՞ս, գնաս, ուղղակի կանգնելու տեղ չկա ուրիշ։

-Հա, հա, ես տեղը գիտեմ, խնդիր չկա, մերսի շատ, հաջողություն։

«Յա՜, տեղը գիտեմ, բա չէ։ Լավ, կենտրոնացի, Մարիամ, առանց խուճապի, հանգիստ։ Ուրեմն, պոնչիկանոցի դիմացի մայթին. էն պոնչիկանոցն ա, էն էլ՝ դիմացի մայթը։ Դիմացը շենքեր կան ու հավաքված մարդիկ, հաստատ էս ա «Մանանան»։

Ինձնից գոհ-գոհ մոտեցա հավաքվածներին.

-Բարև ձեզ, կներեք, դուք «Մանանա» կենտրոնի տեղը գիտե՞ք:

-«Մանանա», հըմ, հլը սենց բարձրացի վերև։

Ուրախ-ուրախ բարձրանում եմ վերև։ Իրականում ուղղությունն ավելի սխալ էր, քան ես պատկերացնում էի։ Է՜հ, դե արի էս շոգին էսքան էլ իջի ներքև։ Վերջին հույսս մնացել էին «Պոնչիկանոցի» աշխատողները, բայց որոշեցի էդտեղ կանգնած մեկից էլ հարցնեմ։ Մոտեցա.

-Բարև ձեզ, կներեք, կարող ա՞ իմանաք «Մանանա» կենտրոնը որտեղ ա։

-Վայ, մենք էլ ենք «Մանանան» փնտրում, զանգել ենք, հիմա կմոտենան։

Մեր Զվյոզդն էր՝ Աստղը։ Վերջապես «Մանանա»-ում ենք: Նստած ենք, իմ հերթն է ներկայանալու։ Թու՜, էնքան խառնված էի՝ Միլենի ազգանունը սխալ ասեցի։ «Լավ, կլինի՞ դու մի անգամ առանց իրար խառնվելու հանգիստ խոսես, ուֆ՜»։

Լանչի ժամն էր։ «Ես, ախր, միս չեմ ուտում։ Լավ, հիմա քեզ հավաքի ու կեր, ամոթ ա»։

Առաջին օրը մի կերպ կերա միսը։

Մարիամ Պապոյան

***

Քննություններն ավարտված են: Վերջ, կարելի է հանգիստ շունչ քաշել՝ հույս ունենալով, որ քիչ թե շատ նորմալ ամառ կունենաս ու պասիվ հանգիստ: Պասիվ, այսինքն՝ գիշերը հինգին քնել, 18:00-ին արթնանալ, ու վարել քեզ հարազատ արջի կենսակերպը: Բայց մինչ երազանքների գիրկն ընկնելը, արժե սկզբի օրերը ինչ-որ նպատակի ծառայեցնել, չէ՞: Երբ մոտակա մի քանի օրվա ամեն առավոտ կարթնանաս ժամը ութին՝ հասկանալով, որ ոչ թե քննության ես, այլ վորքշոփի: Ի տարբերություն մյուսների՝ ինձ համար սկիզբը հուզումնառատ չէր: Չէի լարվում, չէի հուզվում, հակառակը՝ սպասում էի, թե երբ եմ ներկայանալու և ուրիշների գլուխը տանելու: Արի ու տես, որ ոչ ոք ոչ մեկի գլուխը չտարավ. պարզապես եռման ջերմաստիճանը շատ բարձր էր, բայց այդ ամենը՝ մեր ներսում, իսկ արտաքուստ միայն մի քիչ խառնաշփոթ կար: Փչացել էր աշխատանքային «հարդ դիսկը», ֆլեշը չէր ուզում աշխատել, իսկ հնաբնակ Նարեկն ու Վահեն էլ «ճնշում էին» նորեկներին՝ դառնալով բոլոր պատասխանների «հեղինակավոր տերերը»: Բայց, դե հո չէի՞նք բողոքի: Ինչքան էլ մեզ համոզեցին, որ խոսենք, նորեկների մեջ համարձակներ չգտնվեցին: Փոխարենը լսեցինք ու հավաքեցինք այն, ինչը քիչ թե շատ պիտի օգներ հետագա երկու օրերի աշխատանքին:

Նարե Շարմազանովա

***

Առաջին օրը սովորությանս համաձայն ուշացած հասա վորքշոփին: Դե՜, տեղը չէի գտնում: Դե՜ լավ, մի քիչ էլ ուշ էի տանից դուրս եկել: «Հիմա ի՞նչ կմտածեն իմ մասին, եկած-չեկած ուշանում եմ»,- մտածում էի ես, երբ ինձ ուղեկցող աղջիկը բացեց դուռն, ու ներս մտա: Իսկ իրականում ներսում արդեն իսկ այնքան ջերմ մթնոլորտ էր, որ դժվար թե մեկը կենտրոնանար իմ մասին մտածելու շուրջ: Երևի:

Առաջին օրն ավելի ճանաչողական էր. ծանոթանում էինք միմյանց ու ընդհանուր աշխատելաոճի հետ: Մեզ տրվող բացարտրություններն ու հրահանգները պարզ էին ու հստակ, իսկ դա միանշանակ շատ է հեշտացնում աշխատանքը: Ինքս էլ չնկատեցի, թե ինչպես 5-6 ժամն անցավ, բայց մի բան հստակ գիտեի՝ ուզում էի, որ դասընթացի հաջորդ օրը հնարավորինս շուտ գա:

Էլլա Մնացականյան

Օր 2-րդ 

Էս անգամ էլ ավտոբուսը շուտ եկավ: 10:30 էր, ու ես արդեն հասել էի: «Է, դե, Ամալյա, մի օր չեղավ կարգին ժամանակին գաս»: Քայլում եմ ու զգում, որ մեկն իմ ուղղությամբ է քայլում: Դասընթացի երեխեքից էր, մոտենում է:

-Բարև:

-Բարև,- վախեցած պատասխանում եմ:

-Երեկ ո՞նց հասար:

«Ե՞ս, ո՞նց հասա, երե՞կ, ես երեկ իր հետ չեմ ծանոթացել, էս ի՞նչ հարցեր է տալիս»:

-Դու ինձ հիշո՞ւմ ես,- համարձակությունս ներեց հարցնել:

-Հա, ոնց չէ, Մարիամը չե՞ս:

-Չէ, Ամալյան:

-Վայ, բայց երեկ ասացիր անունդ Մարիամ է:

Ես մի կերպ փորձեցի համոզել, որ ես Ամալյան եմ, ու եթե ճիշտն ասեմ՝ այդքան էլ չստացվեց: Տաթևն էր: ճիշտ է՝ ես երբեք չեմ կարող հասկանալ ինչպես է ստացվել, որ մենք բոլորս իր համար Մարիամ ենք, բայց արդեն սովորել ենք: Բոլորը եկան: Հայացքս գնում է այս ու այն կողմ, «երեկվա աղջկան» (Էլիզաբեթին) եմ փնտրում: Գտա, անցած օրը, երբ քայլել էինք իրար հետ, այնքան էի երջանկացել, ուզում էի մոտենալ, խոսել հետը, ամաչեցի: Գնում ենք ֆոտոարշավի, առաջին օրը մի քիչ էլ երկու Մարիամների հետ էի խոսել, փորձեցի ավելի մտերմանալ, իսկ Տաթևի ծաղիկ քաղելն ու իր մազերի մեջ դնելը դարձավ պատճառ, որ շարունակեմ շփվել հետը: Հա, էսօր ավելի շատ էի խոսում, բայց թե ինչ էի խոսում՝ ես էլ չգիտեի:

-Համ էլ ես քո բոլոր նյութերը կարդացի,- մոտենում էի Էլիզին ու շփման փորձեր անում:

Հետո էլ սկսեցինք ֆոտոներ անել, հանդիպեցինք ամենատարբեր մարդկանց: Ինչ խոսք, դեռ ամաչում էի, բայց մեծ հաշվով կարմրելս բան չփոխեց (բացի նրանից, որ լուսանկարիս մեջ կարմրած էի):

«Հիմա էլ կինոյի դասն է, ու դու, Ամալյա, պետք է մի խումբ անծանոթ մարդկանց մոտ քո կարծիքն ու գաղափարն առաջարկես»: Իմ հերթի ժամանակ էդպես էլ չկարողացա խոսել, իսկ վերջում՝ ստիպված էի: Դասընթացն ավարտվեց: Ես, Մարիամը, Վալենտինան ու Հովհաննեսը իրար հետ մետրոյով տուն գնացինք: Այսօր ավելի անկաշկանդ էի, չեմ բողոքում, ընդամենը երկու հարց էր տանջում՝ «երեկվա աղջիկը» մտածե՞ց՝ ես խենթ եմ, և տեսնես, որ էդքան խառնված խոսում էի, մի բան հասկանո՞ւմ էին:

Ամալյա Հարությունյան

***

«Օր երկրո՞րդ, հա էլի, երկրորդ օրն ա արդեն, չփորձվես նորից ամաչել ու բերանդ ջուր առնել, նստել, Աստղ, կխառնվես երեխեքին (սիրում եմ ինքս ինձ ոգևորել ինչ-որ բանից առաջ)»։ Գիտե՞ք, մյուս օրն ինձ մի քիչ ազատ էի զգում։ Չգիտեմ՝ մթնոլորտի՞ց էր, թե տիկին Ռուզանի անցյալ օրվա խոսքերն էին ազդել վրաս. «Աստղիկ ջան, մի քիչ ազատ եղի, էստեղ ոչ մեկը քեզ չի ուտելու»։ Մի բան ասե՞մ, շատ սիրեցի տիկին Ռուզանին։ Քանի որ առաջին օրը շատ կաշկանդված էի ու վախենում էի, որ հայացքս կհանդիպեր երեխեքի հայացքներին, այսօր միայն կարողացա նորմալ ուսումնասիրել նրանց։ Լավ է, գնացինք թե չէ, ասացին՝ գնում ենք ֆոտոարշավի։ «Աստղ, զսպի ուրախությունդ, խայտառակ չլինես, այ էդպես, շատ ապրես, առանց ուրախության ճիչեր արձակելու հանգիստ դուրս արի ու գնա ֆոտոներ անելու»,- ինքս ինձ հետ խոսելով դուրս եկա շենքից։ Ֆոտոարշավն էլ ուղղակի հոյակապ անցավ։ Սկզբից ամաչում էի նկարներ անել, բայց այ հետո՜, ինչ տեսնում՝ նկարում էի։ Իսկ Նարեն այսօր էլ՝ երեկվա պես, ջանում էր այնպես անել, որ չամաչեմ։ Մի բան էլ պատմեմ. չասեք՝ շատ ա խոսում էս աղջիկը, պատմելու շատ բան ունեմ: Ֆոտոարշավի ժամանակ ծաղիկների մոտ նստած մի տատիկի տեսա, հարցրի՝ կարո՞ղ եմ Ձեզ նկարել, ու մի փոքր տասնյոթը ներկայացրի։ Վե՜րջ, մնացի այնտեղ։ Սկսեց պատմել, թե ինչպես է շատ տարիներ առաջ առանց կառավարության օգնության ամեն ինչի հասել, ինչպես է ապրել, սկսեց բողոքել նախարարությունից և այլն։ Մեկ էլ գլուխս թեքեմ, տեսնեմ՝ մենակ եմ, երեխեքը չկան։ Արագ զանգեցի Նարեկին, որ ինձ սպասեն։ Տատիկին նկարեցի ու արագ վազեցի, հասա երեխեքին։ Հետո հետ եկանք, ու կինոյի դասը սկսվեց։ Այնքան հետաքրքիր էր ու այնքան նոր բաներ իմացա։ Անգամ ամուսնուն բանանի հետևից ուղարկող կնոջ ու հենց ամուսնու մասին ֆիլմի սցենար գրեցինք, անկեղծ ասած՝ ես էլ շատ հետաքրքիր գաղափարներ ունեի այդ սցենարի վերաբերյալ, բայց, դե գրողը տանի, ախր ամաչում էի խոսել։ Օրվա վերջում տիկին Ռուզանի «էսօր ոնց որ ժպտում ես» բառերը լսելուց ու մի լավ ոգևորվելուց հետո նոր գնացի տուն։

Աստղիկ Հունանյան

***

Գնում ենք ես ու «Նեմրան», այսինքն՝ «Նեմրան» նվագում է, ես քայլում եմ դեպի «Մանանա»։ Դե, ինչպես հասկացաք՝ ականջակալներով եմ, բայց դա չխանգարեց, որ Մարիամին նկատեմ, է՜, ասում եմ՝ Մարիամին, Ամալյային։ «Էս աղջկա դեմքը ինչ ծանոթ ա, կարո՞ղ ա երեկվա Մարիամն ա, էն որ ճանապարհն էր կորցրել, հա էլի»։

-Բարև, «Մանանա՞» ես գնում,- հարցրի ես:

-Բարև, հա, դո՞ւ էլ,- բարևեց, կասկած չկա, որ Մարիամն է:

-Հա, էրեկ ո՞նց տեղ հասար։

-Լավ,- ու տարօրինակ նայում է։

Հասանք շենքի մոտ, մեկ էլ.

-Ես էլ քեզ չճանաչեցի, լսի երեկ ակնոցով էիր, չէ՞, երևի դրա համար,- ու նայում եմ դեմքին, որ տեսնեմ՝ ո՞ւր է ակնոցը։ Արևային ակնոցը հարմարեցված էր գլխին։ Չէ՜, հաստատ Մարիամն է:

-Հա երևի, անունս հիշո՞ւմ ես։

-Հա, բա ոնց չէ, Մարիամ։

-Չէ, Ամալյա:

Այ քեզ առեղծված, էսպիսի բան մեկ էլ հետս առաջին կուրսում էր եղել, սեպտեմբերի մեկին։

«Ինչ լավ է՝ ֆոտոարշավով սկսեցինք։ Բայց մի րոպե, հիմա ես ի՞նչ պիտի նկարեմ։ Լավ է, կարևորը մասնակցությունն ա»,- մտածեցի ու առաջ շարժվեցի։ Ճանապարհին էլ ծաղիկ չէր մնացել, որ գլխիս չհավաքեի, Էլիզն էլ գլուխս էր նկարում։ Ճիշտն ասած՝ չէի ուզում ֆոտոարշավը վերջանա։ Ուզում էի անընդհատ քայլենք, նկարենք։ Բայց լրագրության դասն էլ պակաս հետաքրքիր չէր։ Տիկին Ռուզանն էնքան հետաքրքիր բաներ էր պատմում լրագրությունից, կլանված լսում էինք, որ ոչ մի բան բաց չթողնենք։ Դասամիջոց էր։

-Երեխեք, էս «Նեմրութն» ու՞մ wi-fi-ն ա, ծածկագիրը կասե՞ք։

«Ինչ տարօրինակ հարցեր են տալիս, իհարկե, իմն ա, էլ ո՞վ կարա «Նեմրային» էնքան շատ սիրի, որ wi-fi-ի անունը «Նեմրութ» գրի։ Բա լանչը… Ես մի կես ժամ ինչ-որ մեկին համոզում էի, որ մեջը միս չկա։ Համենայնդեպս՝ չկար։ Հա ի՞նչ, բանանով բուլկու մեջ ոչ մի միս էլ չկար…

Տաթև Չուխուրյան

***

«Արդեն երկրորդ օրը պիտի գնամ, ես հիշում եմ՝ մրցանակաբաշխությանը Լիդուշն ու Միլենան ոնց էին ընկերներին դիմավորում, ես էլ եմ էդպես ուզում, բայց ուզելը քիչ է, մի տեսակ՝ չի ստացվում լավ մտերմանալ»։

-Այ անֆայմ, բա բոլորն ամաչկոտ են, ուզում ես մտերմանա՞լ, դե գնա ու խոսի,- ձախ թևիս Էլիզան էլի ճիշտ է։

«Վայ, տեսնում եմ աղջիկներից մեկին, շատ ծանոթ մեջք ունի։ Հա՜, գնաց և գրկախառնությամբ բարևեց «չոլկայով» աղջկան, իսկ ինքը հաստատ 17-ից ա։ Մոտեցա ու բարևեցի, նրանք պետք է սպասեին համակուրսեցուն՝ իր եղբայր Արմանի հետ, դե ես էլ չեմ շտապում։ Գնացինք իմ առաջին ֆոտոարշավին։ Ժամերը թռան, բայց ես դեռ առույգ էի և, ինչ մեղքս թաքցեմ, նաև անչափ սոված։ Լանչին Թամարան մոտեցավ ինձ և սկսեցինք զրուցել։ Տուն վերադառնալու ճանապարհին կրկին նրանց հետ էի, ում հետ եկել էի։ Չեմ ուզում երրորդ օրը գա, որ չվերջանա մեր վորքշոփը։

Էլիզաբեթ Հարությունյան

***

Երկրորդ օրը մի քիչ ուշացա, բայց ճանապարհը հեշտ գտա: Լավ, ժամանակին հասա, միանգամից ներկա-բացակա արեցին, բաժանվեցինք թիմերի, և ճամփորդությունը սկսվեց: Սկզբում ինձ տպավորեց Թամարան: Մինչ գրեթե բոլորը մտածում էին, թե ինչ նկարեն, նա ամեն քայլափոխի հետաքրքիր կադրեր էր գտնում և անմահացնում: Բայց քիչ անց, մտաբերելով Դիանայի և Լիլիթի խորհուրդները, բոլորս էլ սկսեցինք հետաքրքիր կադրեր ստանալ: Ամենալավ կադրերի «հովանավորը» Վահեն էր: Օրը շատ հետաքրքիր անցավ, այդ օրվանից մնացել են վառ տպավորություններ: Ֆոտոարշավին հաջորդեցին լրագրության և կինոյի դասերը: Ամբողջ ընթացքում ականջներս սրած լսում էի, որ տիկին Ռուզանի և պարոն Արայի խորհուրդները բաց չթողնեմ: Երանի դպրոցի ուսուցիչներն էլ նրանց նման լինեին:

Մարիամ Գրիգորյան

***

Էլի երկար դեգերումներից հետո հասա «Մանանա»։ Մտա։ Արդեն քիչ թե շատ ծանոթ դեմքեր կային։

-Ֆոտոարշավի ենք գնում։

-Ուռա՜, ինչ հավես ա լինելու։

«Հա, շատ հավես կլինի ֆոտոներ անելը, բա էս շոգից մեռնելն ինչ հավես կլինի»,- ինքս ինձ ասացի։ Բայց սխալ էի մտածում։ Էնքան հավես ու ընկերական մթնոլորտում անցավ ֆոտոարշավը, որ շոգն էլ էդքան չզգացինք։ Կատակ եմ անում. լա՜վ էլ զգացինք, բայց մեկ ա՝ օրն ընտիր անցավ։ Հետո հետ եկանք։ Նստեցինք ժուռնալիստիկայի դասին։ Արդեն ձայնս քիչ էր դողում։ Տիկին Ռուզանն ասաց, որ իմ նյութը հավանել են ու կտեղադրեն կայքում։ Նյութս կարդում է տիկին Ռուզանը, էդ ընթացքում ես, խնձորի բոլորը գույները դեմքիս ստանալով, վերջապես ալ կարմիրի վրա կանգ եմ առնում։

«Մարիա՛մ, ձայնը դողացնել ու կարմրել չկա (ինքս ինձ հանգստացնում եմ, էլի)»։

Լանչի ժամանակ էլ համարձակությունս ներեց՝ միսը հանեցի սենդվիչի մեջից։

Մարիամ Պապոյան

***

Սկսվեց երկրորդ բաղձալի օրը: Բաժանվեցինք երկու խմբի՝ յոթ-յոթ հոգով: Չեմ ուզում մանրամասն նկարագրել՝ ինչ արեցի, ոնց: Անհետաքրքիր կստացվի, առավել ևս, որ մշուշոտ եմ հիշում: Բայց կասեմ, որ հին Երևանում էինք, ու աչքս չէի կարողանում կտրել շենքերից: Հատկապես պիտի շեշտեմ Օրիորդաց գիմնազիան (շնորհակալություն Դիանային՝ ցույց տալու համար), որը ցնցեց ճարտարապետական լուծումներով, ու այսօրվա բարձիթողի վիճակով: Սիրուն ա հնչում՝ Օրիորդաց գիմնազիա, պատկերացնում եմ ինչ նազանքով, շորորանքով, ճեմել են նրանք այս գեղեցիկ շենքի հարկաբաժիններում: Իսկ գուցե ըստ արժանվույն հագած-կապած փեսացուներն էլ դրսո՞ւմ էին սպասում… Ինչևէ, մենք 21-րդ դարում ենք, օրիորդները՝ չկան, շենքի դարպասները փակ են: Մուտքի մոտ ընկած երկաթե ճաղերը բանտարկեցին հարսնացու օրիորդների և սիրահար փեսացուների մասին երազանքները: Կիսատ մնաց:

Նարե Շարմազանովա 

***

Երկրորդ օրն ավելի շատ հիմնված էր տեսական գիտելիքները գործնականում կիրառելու վրա: Դեռ երկու օր առաջ իրար չճանաչող անծանոթներն արդեն մի դրական թիմ էին դարձել, որտեղ յուրաքանչյուրի կարծիքն ու դիտարկումը ուշադրության էր արժանանում ու քննարկվում: Վավերագրական ֆիլմ նկարելու առաջարկն ու դրա շուրջ մտածելու հանձնարարությունն էլ ավելի ոգևորեց ինձ: Ուրախ էի, որ մասնակցում եմ դասընթացին:

Էլլա Մնացականյան 

Օր 3-րդ 

Մտքերը, որ այսօր վերջին օրն է, ստիպում են դանդաղ քայլել: էսօր էլ Վալենտինային հանդիպեցի ճանապարհին: Կրկին փակ էր դուռը, շուտ էինք եկել: Կանգնում ենք շքամուտքում ու սկսում խոսել: Երկրորդ ֆոտոարշավ: Այս անգամ արկածները շատ էին: Գնացել էինք ֆոտո անելու, բայց 2 ժամում այնքան բան հասցրինք անել: Տարօրինակ մարդիկ այնքան շատ էին հանդիպում: Ամենուրեք ծխախոտով տատիկներ էին, անսովոր հայացքով մարդիկ, դե էլ չասեմ, որ մի տատիկ էլ մեզ ինչ ասես չասաց՝ իրեն լուսանկարելու համար: Ֆոտո անելու հետ մեկտեղ՝ ես, Էլիզան ու Վալենտինան հասցնում էինք խոսել ամեն ինչից, ծիծաղել, մենք ինքներս նկարվել, ընկնել անհարմար իրավիճակների մեջ, ու պիտի խոսովանեմ, որ մեկ-մեկ էլ բարկացնում էինք՝ անընդհատ հետ մնալով խմբից: Բայց ես հուսով եմ, որ մեզ կներեն, որովհետև էլիզի, Վալենտինայի ու մյուսների հետ անցկացրած պահերն անմոռանալի էին: Ամբողջ ընթացքում միայն մի բան էի կրնկում.

-Ինձ չեք մոռանա, չէ՞:

Լանչն էլ էր արտասովոր այսօր: Ինձ մենակ զգալու ու ամաչելու փոխարեն անընդհատ խոսում էի: Հետո՝ լրագրություն: «Մի բան հարցնեմ, իմ նյութը լա՞վն էր» հարցիցս հետո որոշեցին, որ պիտի բարձրաձայն կարդան նյութս: Է, Ամալյա, այս ինչ արեցիր, դե արի ու մի ամաչի: Բայց վերջում արձագանքներից այնքան ուրախացա: Վերջին դաս: Սկսեցի ատել այս բառը, երանի ամեն օր գայինք վորքշոփի, երանի ամեն օր տեսնեի երեխեքին ու երանի ամեն օր գրկեի նրանց: Նստած եմ Էլիզայի կողքին ու կռվում եմ ինքս ինձ հետ: Ես նրա հետ նկար եմ ուզում: «Հա, բայց ամոթ ա, չէ, չեմ ասի»: Ու ես էլ չհասկացա՝ ոնց.

-Էլիզ, ես քեզ հետ նկար եմ ուզում:

Էլիզի դրական պատասխանը երջանկացրեց ինձ: Դուրս եկանք, նկարվեցինք, բայց տուն գնալ չէինք ցանկանում: Ես, Տաթևը, Էլիզն ու Մարիամը գնացինք պաղպաղակ ուտելու հետքերով: Ես դեռ հազարավոր օրեր կքայլեմ Օպերայում, բայց ամեն պահի Տաթևը նկարվել չի ուզի, Մարիամը ուրախությունից չի թռվռա, Էլիզը պաղպաղակը չի գցի, ես էլ ամբողջ ընթացքում չեմ ժպտա: Ես դեռ հարյուրավոր մարդկանց հետ կծանոթանամ ու կփորձեմ ճանաչել նրանց, բայց չեմ կարծում, որ հենց առաջին օրվանից զգամ այն ջերմ էներգիան, որը նրանցից էր գալիս: Շնորհակալ եմ, «Մանանա», մեր շփումն ապագա ունի:

Ամալյա Հարությունյան

***

Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ էր զգում այն աղջիկը, որը առաջին անգամ էր մեն-մենակ երթուղայինով ինչ-որ տեղ գնում, այն էլ՝ Երևանի շատ ու տարբեր փողոցներով: Ես էլ չեմ կարող բացատրել, թե ինչ էի զգում, բայց դրան ավելացել էր այն, որ վորքշոփի վերջին օրն էր, որ էլ խելագարի պես չէի «փորձելու» բոլոր շենքերը, մինչև «իսկական» շենքը գտնեմ: Ինչևէ, դա չեմ եկել պատմելու: 10:30 էր, «Մանանա» կենտրոնում էի, չէ, ներսում չէ, դռան հետևում կուչ եկած մի քանի հոգու հետ սպասում էինք գային, դուռը բացեին: Ներս մտանք, թե չէ, ասացին՝ էլի ֆոտոարշավ: Մի քանի րոպե անց բոլորով ներքևում էինք, արդեն խմբերի բաժանված, հանձնարարություն ստացած ու պատրաստ՝ ֆոտոարշավի գնալու: Պետք է շոգող մարդկանց նկարեինք: Ի՞նչ վատ էինք է շոգում, կանգնեինք, մեկս մյուսին նկարեինք, գնայինք կինոյի դասին, էլի: Համենայնդեպս ծխող տատիկներից, գրավաճառներից ու «մոդել» պատշարից հետո մեզ դա էլ մնաց անելու: Ցայտաղբյուրի բացակայության պատճառով էլ Վահեի ու Դիանայի գլխավորությամբ բոլորս լցվեցինք խանութ՝ ջուր գնելու: Այս անգամ արդեն համարձակությունս ներում էր մարդկանց խնդրել, նկարել: Մի փոքր նստարանի մեջ մի կերպ տեղավորված մի քանի պապիկի նկարելուց նրանցից մեկից «լրիվ չամիչով բուլկի ա էս աղջիկը» բառերն էլ մոռացնել տվին շոգը: Մի փոքր էլ գլուխ գովեմ: Մինչ երեխեքը մի անձրևանոցով կին էին գտել ու փորձում էին նկարել, ես մի սիրահար զույգի տեսա, դե կանգնեցի՝ նկարեմ, տղան էլ մռայլ ու բարկացած դեմքով նայեց, ես էլ փախա: Հավատացեք, դաս քաղեցի: Երբ «Մանանա» էինք վերադառնում, էլ ավելի հավես սիրահար զույգ տեսա: Բայց դե հո չէի՞ կանգնի անցյալ անգամվա պես նկարեի, մեկ է՝ չէին թողնի, ես էլ դիմեցի խորամանկության: Փողոցն անցա ու թաքուն նրանց հետևից նկարեցի. պահ, դե մի թողեք: Կինոյի դասն էլ անչափ հետաքրքիր անցավ, արդեն հարցեր էի տալիս ու բավականին սպառիչ պատասխաններ ստանում: Իսկ այ վերջում մի կարճամետրաժ ֆիլմ նկարեցինք, դե Նարեկը նկարեց, իսկ մենք «խաղացինք» ֆիլմում: Բայց վերջում շատ դաժան էր, բոլորի խորհուրդները լսելուց հետո դուրս եկանք, իսկ դա շատ տխրեցնող էր, կուզեի ողջ ամառ վորքշոփներ լինեին, ես էլ մասնակցեի: Վերջում աղջիկներից մի քանիսն ինձ ճանապարհեցին մինչև կանգառ ու վերջ, գնացի տուն: Վե՞րջ, ի՞նչ վերջ, մեր աշխատանքն ու ընկերությունը շարունակվում է՝ էլ ավելի ամրացած:

Աստղիկ Հունանյան

***

«Չէ, չեմ ուզում գնալ, լավ էլի (չէ, ձանձրալի չի, ոչ էլ հոգնել եմ, ուղղակի էս վերջին օրն ա, պատկերացնում եմ՝ էլ չենք գնալու, էսօր էլ, ու վերջ, ինչի՞ ա ամեն լավ բան էսքան շուտ ավարտվում)»: Վերջապես հավաքում եմ ինձ ու ճամփա ընկնում դեպի «Մանանա»։ Վերջին օրն ավելի հետաքրքիր անցավ։ Մեզ ավելի ինքնավստահ էինք զգում, որովհետև արդեն հասցրել էինք լավ մտերմանալ։ Վերջում, երբ արդեն պիտի հրաժեշտ տայինք, որ գնայինք, մտածեցի. «Լավ, էն աղջկան էլ գնամ հաջող անեմ, բայց ի՞նչ էր է անունը, հա, Մարիամ» ու գոռում եմ.

-Մարիամ, Մարիամ, սպասի բան եմ ասում,- իրականում ես Էլիզին էի կանչում, բայց կողքին էլ Մարիամն էր կանգնած, ու երկուսով ինձ նայեցին։ Ինձ թվաց, թե ճիշտ եմ ասել անունն ու գնացի նրանց մոտ, բայց Էլիզը ոչ էլ սպասեց, որ տեսնի՝ ինչ եմ ասելու: Փոխարենը Մարիամը նայեց վրաս ու.

-Ինձ բա՞ն էիր ասում։

«Վայ,- կայծակնային արագությամբ հիշում եմ, որ էն աղջկա անունը Էլիզա էր, ոչ թե Մարիամ,- լավ, բա հիմա Մարիամին ի՞նչ ասեմ»:

-Հա, ես էն աղջկան էի կանչում, ուղղակի բոլորին Մարիամ եմ ասում,- «Տաթև, լավ էլի՜»։

Երբ իջանք, երեխեքի մի մասը դեռ շենքի մոտ էր։ Քանի որ վերջին օրն էր, որոշեցինք մի փոքր ավելի երկարացնել ու ես, Էլիզան, Ամալյան ու Մարիամը (չէ, իրոք Մարիամն էր, չեմ սխալվում) գնացինք զբոսնելու։ Էնքան լավ էր, որ չէինք ուզում տուն գնալ, բայց եկավ 8-ը ու տարավ Էլիզին, հետո Ամալյան գնաց մետրոյով, 41-ն էլ եկավ Մարիամի հետևից, հետո՝ իմ 46-ը, ու ամեն ինչ վերջացավ: Բայց էդպես էլ չհասկացա, դրանով ամեն ինչ վերջացավ, թե դա ինչ-որ մի նոր բանի սկիզբն էր…

Տաթև Չուխուրյան

***

«Տեսնես՝ գոնե այսօր կստացվի՞ մտերմանալ նրանց հետ»։ Դե, ես արդեն տեղում եմ, ու էլի մենք ֆոտոարշավի ենք գնում։ Չգիտեմ՝ ինչպես ստացվեց, որ ես մտերմացա էնպես, ինչպես ուզում էի, ինձ սիրեցին, և ես սիրեցի նրանց։ Ողջ օրը բոլորով երազում էինք, որ օրը չվերջանա։ Իսկապես այսպիսի ընկերներ ձեռք բերելու համար արժեր անել ամեն բան։ Ֆոտոարշավ, որը մտերմացրեց հատկապես ինձ, Վալենտինային և Ամալյային, տատիկի անեծքով։ Դե, մեզ մի տատիկ անիծեց, որովհետև մենք նրան նկարեցինք։ Հետո՝ լանչ, որը մտերմացրեց մեզ նաև Մարիամներին, Մարիամներին սիրող Տաթևիկին, Աստղիկին, որը դարձավ մեր «Զվյոզդը» և մյուսներին… Շնորհակալ եմ այս դասընթացների համար, ես գտա լավ ընկերներ և ստացա գիտելիքներ, որոնք խոստանում եմ, որ կկիրառեմ:

Էլիզաբեթ Հարությունյան

***

Դասընթացների վերջին օրը հենց առավոտվանից ինձ լավ չէի զգում: Սկզբում ցանկանում էի զանգել, զգուշացնել, որ չեմ գնալու, սակայն հիշելով նախորդ երկու օրերից ստացած տպավորությունները՝ որոշեցի գնալ: Չէ՞ որ վերջին օրն էր, դեռ երկար ժամանակ չենք հանդիպելու: Հետո էլ, չէի ուզում դասերը բաց թողնել: Որոշ ժամանակ ինձ շատ վատ էի զգում, շոգն էլ՝ մի կողմից, բայց ֆոտոարշավի ժամանակ խմբի տրամադրությունը ինձ էլ փոխանցվեց, և մոռացա գլխացավիս մասին: Ինչպես նախորդ օրը, ֆոտոարշավը շատ ուրախ անցավ: Հանդիպում էինք տարբեր մարդկանց. մի մասը չէին ուզում, որ իրենց նկարենք, մյուսները ուշադրություն չէին դարձնում, մի քանիսն էլ իրենք էին ասում, որ նկարենք, պնդելով, որ շատ «ֆոտոգենիչնի» են: Երբ վերադարձանք, արդեն լանչի ժամն էր: Ինձ էլ մենակ չէի զգում, արդեն ընկերացել էի շատերի հետ՝ Մարիամի, Աստղիկի, Ամալյայի, Էլիզայի, Վալենտինայի և Տաթևի, որը բոլորին Մարիամ էր ասում: Անիմացիոն մի քանի ֆիլմ դիտել էի և միշտ ցանկանում էի իմանալ և մասնակցել ստեղծման ընթացքին, չգիտեի, որ այդքան հետաքրքիր և զվարճալի է: Դասընթացի ավարտին բաժանումը դժվար էր, հասկանում էի, թե ոնց եմ կարոտելու բոլորին: Մրցանակաբաշխության ժամանակ տեսա տիկին Ռուզանին, ուզում էի մոտենալ, գրկել, բայց ամաչեցի, իսկ այս անգամ սխալս ուղղեցի: Վերջ, դուրս եկանք… Այնպիսի դատարկություն էի զգում, կարծես ինձնից մի մասնիկ թողել էի «Մանանա» կենտրոնում: Դասերի ավարտից հետո չէինք կարող միանգամից տուն գնալ: Օրը ավելի վառ և հիշարժան դարձավ Էլիզայի գեղեցիկ ֆոտոների, պաղպաղակ գնելու երկու անհաջող փորձերի և Երիտասարդականը փնտրելիս կատարած շուրջերկրյա ճանապարհորդության շնորհիվ: Որոշ ժամանակ անց դժվարությամբ հրաժեշտ տվեցինք իրար: Ավտոբուսի մեջ ամփոփում էի այս երեք օրը, որոնք ամենահիշարժանը կլինեն այս ամառվա ընթացքում: Դեռ երկար կհիշեմ Էլիզայի փայլող աչքերը, Ամալյայի փոքրիկ, ամաչող աչքերը և ժպիտը, Տաթևի մեկ գրկախառնությունը, որը ազատեց ինձ բոլոր կոմպլեքսներից: «Ինչ լավ արեցի, որ եկա, թե չէ էսքան բան բաց կթողնեի»,- օրվա վերջում մտածեցի ես:

Մարիամ Գրիգորյան

***

Առանց մոլորվելու «Մանանան» գտա։ Ջրի ճամփա էր դարձել։ «Արդեն վորքշոփի վերջին օրն ա, լավ ա տեղը սովորեցիր վերջապես, Մարիամ»։ Էլի ֆոտոարշավի էինք։ Արդեն անհամբերությամբ էի սպասում արևի տակ այրվելուն։

-Մարիա՜մ,- լսվեց Տաթևի ձայնը։

Ուրախացած շրջվեցի. «Ուռա՜, ինչ-որ մեկն անունս հիշում ա»,- մտածեցի։

-Հա, Տաթ ասա։

-Ես քո հետ չէի, ես Մարիամի հետ էի։

Դե, դեմքս պատկերացնում եք, չէ՞։ Հիասթափված էի, ինչ խոսք։ Մերոնք տասնհինգ տարի շարունակ հավատացրել են, որ անունս Մարիամ ա։

-Չես հավատա, բայց Մարիամը ես եմ:

-Չէ, է, ես էն աղջկա հետ էի,- ու ցույց տվեց Էլիզաբեթին։

Էլիզաբեթի դեմքն էլ պատկերացրիք, չէ՞։ Իսկ արդեն վորքշոփից հետո, երբ մտերմացել էինք, Տաթևն ասաց.

-Երեխեք, ես էնտեղ ոչ մեկիդ անունն էլ չէի հիշում, դրա համար էլ, բացի տղաներից՝ բոլորին Մարիամ էի ասում։ Համ էլ՝ «Էլիզաբեթ» մինչև ասեի, օրը կպրծներ։

Հիմա Տաթևն արդեն մեր անունները հիշում է։ Մենք էլ արդեն իրար համար հատուկ «նիքնեյմեր» ունենք։ Երրորդ օրն էր, որ «Մանանա»-ում էինք, բայց էնքան էի կապվել, որ մի տեսակ դժվարությամբ էի պատկերացնում առավոտյան արթնանալն ու չգալը, չմոլորվելը ու արևի տակ ֆոտոներ չանելը։ Երևի մթնոլորտից էր, գիտեք։ Իսկ գիտեի՞ք, որ էդ խուճուճ-մուճուճ փողոցների մեջ կա մեկը, որի իրար կողք շարված շենքերից մեկի վերջին հարկի բնակարանն էդքան ջերմություն ունի իր մեջ:

Մարիամ Պապոյան

***

Կիսատ էր նաև երրորդ օրը. կիսատության զգացումը մինչև վերջ էլ մնաց: Երեք օր, 18 ժամ միասին: Հավատացեք, չհերիքեց իրար բացահայտելու, լիարժեք գիտելիք ստանալու, վորքշոփը մինչև վերջ վայելելու համար: «Մանանայի» մանանան ինձ համար, մեղքս ինչ թաքցնեմ (չկարծեք՝ գուրման եմ), տիկին Ռուզանի թաբուլեն էր: Կարոտեցի… Կսպասեմ:

Նարե Շարմազանովա

***

Երրորդ ու ամենավերջին օրը լի էր իրադարձություններով: Սկզբում ֆոտոարշավը, որի հիմնական թեման շոգն էր, ամենաարդիականն այդ պահին: Ընդամենը 1-1,5 ժամում շատ հետաքրիր կադրեր ֆիքսեցինք քաղաքի կենտրոնում: Լուր, ակնարկ, հարցազրույց, ֆելիետոն… Գրեթե բոլոր ժանրերի մասին խոսեցինք, ու վստահ պիտի ասեմ, որ յուրաքանչյուրի մասին էլ հստակ պատկերացում կազմեցինք, հասկացանք, թե որ ոճով ենք ուզում գրել: Յուրաքանչյուր թեմա ներկայացվեց հասկանալի օրինակներով, քննարկեցինք նաև մեր գրած նյութերը: Հա՜, մեզնից գուցե նաև լրագրողներ դուրս գան: Ի սրտե շնորհակալ եմ «Մանանա» կենտրոնին՝ մեգահետաքրքիր դասընթացի, նոր ծանոթությունների ու տրված հնարավորությունների համար:

Էլլա Մնացականյան 

***

Կադրից դուրս.

-Երեխեք, բայց ես ինձ ամենաշատը լանչին էի մենակ զգում:

-Վայ, ես էլ:

-Երեխեք, ես էլ:

-Չեք պատկերացնի, բայց ես էլ:

-Բա, այ դեբիլներ, մեկիդ խելքին չփչե՞ց մոտենար:

Կան օրեր, որոնք չեն ջնջվի հիշողությունիցդ, ուզում ես ունեցիր կրկնակի լավերը, անցկացրու հազարավոր ուրիշ պահեր, մեկ է՝ օրեր կան, որ մխրճվում են էն ամուր պատրաստված փոքրիկ պահեստում ու արգելում իրենց անգամ մի պահ չմտաբերել:

Հեղինակներ` Ամալյա Հարությունյան, Աստղիկ Հունանյան, Տաթև Չուխուրյան, Էլիզաբեթ Հարությունյան, Մարիամ Գրիգորյան, Մարիամ Պապոյան, Էլլա Մնացականյան, Նարե Շարմազանովա, Նարեկ Բաբայան

hovik vanyan dsex

Շատ լավ ա

-Вы тоже из Армении?
-Нет, из Азербайджана.

Այդ պահին սարսուռ անցավ ամբողջ մարմնովս, ինքս էլ չգիտեմ՝ ինչու: Խանութում էի, պետք է հագուստ գնեի ինձ համար ու հայտնվել էի ադրբեջանցիների մոտ: Երևի ամուսիններ էին: Հասկացա, որ պետք չէ խառնվել ու փորձեցի ինձ հանգիստ պահել: Մի քանի րոպե անց ամեն ինչ հիանալի էր. կարծես հայերի մոտ լինեի: Դե, առանց հարցնելու, թե որ ջինսն եմ ես հավանում, միանգամից տալիս էին ձեռքս և ուղարկում հանդերձարան: Ամենազարմանալին էլ այն էր, որ հենց դուրս էի գալիս հանդերձարանից, այդ ադրբեջանցի «ձյաձան» ասում էր.

-Շատ լավ ա…

Ամբողջ ընթացքում մտածում էի, որ երկու ժողովուրդների մեջ ընդհանրապես թշնամանք չկա, ինչպես Ժորան էր նշել իր նյութերից մեկում՝ պատերազմ ոչ ոք չի ուզում, ամեն ինչ «վերևներն» են անում:

Հ.Գ. Հենց իրենցից էլ գնեցի ջինսս ու ոչ մի վայրկյան չմտածեցի, որ սխալ եմ արել…

Երիտասարդների զարգացման կենտրոն «TimeOff»

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Հուլիսի 12-ը լուսանկարիչների միջազգային օրն էր: Այդ օրը «TimeOff» նորաբաց կենտրոնում տեղի ունեցավ լուսանկարչության բաց դաս լուսանկարիչ Վազգեն Ենոքյանի հետ: Որոշեցի զրուցել և իմանալ կենտրոնի մասին ավելի մանրամասն: 

Հարցազրույց «TimeOff»-ի մենեջեր Տաթևիկ Անտոնյանի հետ: 

-Կպատմե՞ք մի փոքր կենտրոնի մասին։

-Մեր կենտրոնն ունի 2 ուղղվածություն՝ ժամանցային և կրթական։ Կան առանձին ծրագրեր, որոնք իրականացվում են. լուսանկարչության, նկարչության, ֆիլմարտադրության, դիզայնի, պարի: Մեզ մոտ հիմա առաջնային ծրագիրը ամառային դպրոցն է։ Քանի որ հիմա ամառ է, դպրոցները փակ են, երեխաները, որպեսզի տանը չմնան, հաճախում են այստեղ։ Շաբաթը 6 օր՝ երկուշաբթիից շաբաթ, ժամը՝ 10։00-15։00-ը։ Երեխաներն անցնում են հայերեն, ռուսերեն, անգլերեն, բայց, իհարկե, ոչ այն ծրագրով, որով դպրոցում են ուսուցանում։

-Ինչպե՞ս առաջացավ այսպիսի կենտրոն բացելու գաղափարը։

-Միտքը մեր տնօրենինն է՝ Քրիստինայինը։ Նա Երևանից է և Երևանից անընդհատ գալով Էջմիածին՝ նկատեց, որ Էջմիածնում չկա նման կենտրոն, որտեղ երիտասարդները կարող են հետաքրքիր ժամանակ անցկացնել՝ միաժամանակ օգտվելով կրթական ոլորտներից։ Ինձ թվում է՝ երտասարդները պետք է ուրախ լինեն, որ իրենց քաղաքում նույնպես կա արդեն այսպիսի կենտրոն, և պետք չէ գնալ- հասնել Երևան։

-Իսկ տարիքային սահմանափակում կա՞։

-Այո, ամառային դպրոց կարող են հաճախել միայն 6-12 տարեկան երեխաները, բայց շատերը դեռ տեղյակ չեն մեր մասին։ Միգուցե նոր է, այդ պատճառով։

-Թիմի անունն ինչպե՞ս որոշեցիք։

-Բավականին երկար ենք մտածել։ Չէինք կողմնորոշում՝ ինչպիսի անուն ընտրենք, որ տպավորվող լինի։ Ընտրեցինք կարճ ու հետաքրիքր անվանում։

-Կբացատրե՞ք լոգոյի նշանակությունը:

-Ինչպես նշեցի՝ մենք բացի կրթական ծրագրերից ունենք նաև ժամանցային ծրագրեր: Ամբողջական պատկերը ժամացույց է, որի ներսում պատկերված է WiFi-ի նշանը (այն մեր այցելուներին տրամադրում ենք անվճար), սուրճի բաժակ, գիրք և համակարգիչ։ Մեզ մոտ կարող են գալ, պարզապես նստել և գիրք կարդալ, համակարգչով աշխատել և օգտվել սուրճից, թեյից, անուշեղենից, ինչից որ կցանկանան։

Եթե ինչ-որ նոր բան ենք ստեղծում, վատի մասին փորձում ենք չմտածել։ Ամեն ինչ կախված է աշխատանքի ընթացքից. դեռ նոր ենք։

-Ունե՞ք արդեն սաներ։

-Այո, ամառային դպրոցում երեխաներ ունենք, իհարկե, շատ քիչ են։ Նաև այսպիսի մի ծրագիր ունենք. դասապատրաստում։ Ծնողների խնդրանքով ենք դա իրականացնում։ Դպրոցում հանձնարարված ամառային աշխատանքները մենք երեխաների հետ պատրաստում ենք։ Իսկ ամսվա վերջում այստեղ ցանկանում ենք պարի երեկո կազմակերպել։ Ազգային պարեր ենք սովորելու։ Ներկա գտնվողները կմասնակցնեն, կտեսնեն ու կսովորեն։ Ուսուցանելու է մեր պարուսույցը, ունենալու ենք նաև հյուրեր։ Սիրով կսպասենք։

Իսկ ես բարի երթ եմ մաղթում նրանց՝ թող բոլոր երիտասարդական նախաձեռնությունները հաջող ընթացք ունենան:

Այգեձորյան օրագիր (մաս 4)

Տավուշի մարզի Այգեձոր գյուղի տարվա բոլոր 12 ամիսները ծանրաբեռնված են: Ընտանիքների բոլոր անդամները իրենց ներդրումն ունեն ընտանեկան օջախը կանգուն պահելու հարցում: Անգամ փոքր երեխաներն անում են այն, ինչին պատում են ուժերը:

milena baghdasaryan

Հանուն Լուսինեի

-Աղջիկները պիտի գրեն, տղաներն էլ՝ արտագրեն:

-Որ հետո աղջիկներն աշխատեն, տղաներն էլ նարդի խաղա՞ն:

-Ես նարդի չեմ սիրում:

Կրտսեր ընկերոջս՝ Արմենի հետ հաճախ էի վիճում ու հանդիմանում նրան ստացած ամեն «երկուս»-ի համար:

-Դու էլ ես «երկուս»-ի նմանվել: Գլուխդ՝ միշտ կախ, պոչ-ծուլությունիցդ էլ՝ անբաժան:

-Կարևորը՝ Լուսինեն ինձ հավանում ա:

-Լուսինեն ուղղակի դեռ երեխա է, քեզ նման երեխա: Կմեծանա, կտեսնի, որ քեզ հետ ապագա չկա, կթողնի քեզ ու կընտրի խելքը գլխին, աշխատասեր ու կրթված տղայի:

-Բա ե՞ս:

-Դե, քեզ էլ կհիշի մեկ-մեկ ու կծիծաղի իր նախկին հիմարության վրա:

-Ի՞նչ անեմ բա ես: Ինձ սովորել չի սազում:

-Ամբողջությամբ սև հագուստը, ծխախոտն ու «գողական» ընկերնե՞րդ են սազում: Խաբել են: Ի՞նչ է, ուզում ես նրա՞նց նմանվել,- ասացի ես ու աչքերս ուղղեցի փողոցում պարապ-սարապ թրև եկողներին:

Ի զարմանս ինձ, վերջին ասածիս Արմենը չհակաճառեց ու գնաց տուն: «Երևի շատ խոսեցի, նեղացրի»,- մտածեցի ես ու որոշեցի այլևս չխոսել նրա հետ սովորելու ու լավ կրթություն ստանալու կարևորության մասին:

Մոտ մեկ շաբաթ անց Արմենից հաղորդագրություն ստացա. «Մի՜լ, ինձ հետ անգլերեն կպարապե՞ս. ամենապարզ բաները գոնե իմանամ»:

Երջանկությանս չափ ու սահման չկար, երբ իմացա, որ հորդորներս աննպատակ չէին: Ուրախությունս կրկնապատկվեց, երբ տեսա, թե ինչ մեծ եռանդով ու պատրաստակամությամբ է Արմենն անգլերեն նոր բառեր յուրացնում ու հեշտությամբ ըմբռնում լեզվի քերականությունը:

-Ուզում եմ ոսկերչություն սովորել, որ ապագայում մշտական գործ ունենամ: Անգլերենն էլ էնքան լավ եմ սովորելու, որ Լուսինեն կողքիս չամաչի ու ինձ ուրիշով փոխելը մտքի ծայրով նույնիսկ չանցնի:

-Ինչ անում ենք՝ Լուսինեի համար ենք անում,- կատակեցի ես ու անցա Արմենին կրթելու նվիրական գործին:

milena araqelyan

Մտքերիս լաբիրինթոսում

Մտածում եմ՝ այս անգամ ինչպես դասավորեմ մտքերս: Մեկ գեղեցիկ շարվում են իրար կողքի. թվում է՝ արդեն ժամանակն է վերցնելու գրիչն ու թուղթը, բայց մեկ էլ հանկարծ ամեն ինչ խառնվում է իրար, մտքերս որոշում են մենակ թողնել ինձ: Երևի ամառ է, ու մտքերս նույնպես որոշել են հանգստանալ, որոշել են փախչել քաղաքի շոգից, որոշել են փախչել այս կրկնվող նույնությունից ու, ի վերջո, որոշել են ցրվել, ցրել ներսիս դատարկությունը պարապմունքներից հետո:
Նրանք վերադառնում են միայն քամու ժամանակ: Գալիս են, երբ ամենաշատը չեմ ուզում մտածել, գալիս են մթության մեջ, գալիս են, երբ ականջակալներումս իմ՝ կրկնվող, նույն, արդեն տարիներով մեխված 5-6 երգերն են հնչում:

Ախ մոռացա նշեմ, որ մտքերս ինձ այցելում են, երբ ընկերոջս հետ փորձում եմ ցրել նրանց: Ընկերս իհարկե միշտ արձագանքում է այնպես, ինչպես ես եմ ցանկանում: Լինում է, որ ընկերոջս հետ օրերով չենք լսում իրար: Դե երևի պետք են դադարներ կարոտելու համար: Ընկերս էլ երևի ինձ է կարոտում, երբ գլխումս դատարկություն լցրած մոռանում եմ նրան: Իսկ ո՞վ է ընկերս: Ընկերս ինձ ամենալավը հասկացող, գաղտնապահ ու սենյակիս պահապան կիթառն է: Նրա միջոցով մտքերս գնում ու գալիս են: Փորձեցինք միասին հավաքել ամեն ինչ ու պատմել նրանց անընդմեջ հեռանալու ու վերադարձի մասին:

Լույսը արդեն բացվում է, իսկ մտքերս թողնում են ինձ նորից նույն միօրինակ առօրյայի հետ:

Շոգ է…

amalya harutyunyan

Երազանքը քառակուսիներից դուրս

Երբ դեռ փոքր էի ու չգիտեի, որ կյանքում բացի գետնի վրա տեղադրված քառակուսի սալիկները համաչափ թռչկոտելով անցնելուց, ավելի կարևոր բան կա, միակ նպատակս դա էի համարում: Ասում էի՝ եթե ոտքս չդիպչի գծերին, ուրեմն ես ամենակարող եմ: Օրեր էին լինում՝ ընկնում էի, բայց և օրեր էլ կային՝ ամենակարող էի դառնում ինձ համար:

Երբ փոքր էի ու դեռ չգիտեի, որ ինչպես գրատախտակի կավիճն են մաքրում կամ մատիտը, նույն կերպ երբեք կյանքիդ էջերն էլ չես կարող ռետինով մաքրել. ես երազում էի ջնջել ամեն ինչ ու նորից կառուցել:
Երբ թռչելը իմ միակ երազանքն էր, իսկ կախարդելը՝ միակ երևակայական կարողությունը, ես չէի էլ պատկերացնում, որ օրեր են գալու, երբ ես երազելու եմ ապրել կյանքը, իսկ կախարդանքի փոխարեն ցանկությունս ամեն ինչ փոխելն էր լինելու:
Մենք բոլորս մի ամուր ամբար ունենք, էնտեղ լցնում ենք մեր բոլոր ցանկություններն ու երազանքները:
Երբ մեր երազանքը շարքից դուրս է գալիս, նետում ենք աղբարկղը, եթե շատ ենք ցանկանում իրագործել, հեռախոսի նման միշտ պահում ենք մեր ձեռքում, որ չկորցնենք:
Հիմա, երբ երազանքներս հետզհետե կորցնում են իրենց պիտանելիությունը, ոչինչ չի մնում՝ բացի մի մեծ ցանկությունից. վերցնելու աշխարհն ու 180 աստիճան շրջելու այն, փոխելու ամեն ինչ՝ մարդկանց, օրենքները, կարծիքները: Աշխարհը վերածելու մի այլ մոլորակի:
Բնավորության վերնաշապիկս կվերցնեի, կլվանայի, կպարզաջրեի ու արդեն փոխված՝ կհագնեի վերնաշապիկս ու կանցնեի գործի:
Արդեն բնույթով ուժեղ լինելով՝ կանցնեի ամենի միջով: Հա, ճանապարհին շատ անգամ կկորցնեի ամեն ինչ, ու շուրջս ամեն բան կքանդվեր: Բայց չէ՞ որ այն կդառնար ազատ տարածքը, որտեղ ես ամեն ինչ կփոխեի ու նորը կկառուցեի:
Ես կվերցնեի աշխարհի բոլոր նկարիչների ներկերը ու շուրջս ամեն ինչ կներկեի: Մի քիչ էլ մարդկանց դեմքին ժպիտ կնկարեի, իսկ հոգում՝ արև:
Թվում է, թե դու անկարող ես: Որովհետև դու մեկն ես, իսկ աշխարհն ահռելի է: Բայց չէ՞ որ ցանկությունդ անսահման շատ է, իսկ եթե շատ ցանկանաս, մի բան կստացվի:
Երբ դեռ փոքր էի, երբ մի քանի անգամ հաղթահարել էի իմ առջև դրված փորձությունը՝ անցել էի գետնի քառակուսիները՝ առանց դիպչելու գծերին, ես ինձ ամենակարող էի կոչում, թվում էր՝ ամեն ինչ իմ ձեռքերում է, ու ես կարող էի ամեն ինչ ուրիշ դարձնել:
Հիմա, երբ կյանքն է սահմանափակել ինձ ու ճանապարհիս քառակուսիներ շարել ու չի թողնում, որ դիպչենք գծերին, ես ամենակարողից անկարողի եմ վերածվում: Հենց գծերի շնորհիվ էլ կաղապարվել ենք: Հիմա մենք չենք հանդուրժում այն օրենքները, որ մեր կաղապարից դուրս են, մեր մեջ ծանրացրել ենք կարծրատիպեր ու արգելում ենք մի պահ կյանքին այլ հարթությունից նայել: Իսկ ինձ համար կապ չունի կյանքում ինչքան կաղապարներ կլինեն, ես մեկ է՝ ձգտելու եմ փոխել ամեն ինչ:
Այսօր ուժեղ անձրևում էր, ջուրը դույլերով թափվում էր վերևից, ու միջի անձրևն էլ հետ չէր մնում. արցունքներն անդադար էին:
Ուզում եմ նորից հիշել մանկությունս, եթե վաղը չանձրևի ու թաց չլինի, ուրեմն ես ամենակարող եմ:
Եղանակի տեսությունը դիտեցի: Կարծես թե վաղն արև է լինելու…