Չգիտեմ ինչու, այս անգամ ցանկանում եմ գրել 1991 թվականին տեղի ունեցած դեպքերի մասին: Այս ամենի մասին պատմում է ինձ պապիկս` Ժորա Ալեքսանյանը, ով նույնպես մասնակցել է այդ թվականներին տեղի ունեցած պատերազմին: Այդ ժամանակ նա աշխատում էր ՀՀ ոստիկանությունում` որպես փոխգնդապետ:
Նա պատմում է.
-Այս ամենը տեղի է ունեցել 1991 թ. ապրիլ ամսին: Ես, Ալբերտ Գուլքանյանը, Սարգիս Շահվերդյանը (ովքեր նույն պես ոստիկանության աշխատողներ էին) և մի քանի Բաղանիս գյուղի գյուղացիներ`Ռուստամ Ալեքսանյանը, Եղիշ Ալավերդյանը, Յուրիկ Սահակյանը «վիլիս» մակնիշի մեքենայով գնում էինք Ոսկեպար՝ գյուղի այգիներով, երբ մեզ վրա սկսեցին ինտենսիվորոն կրակել թշնամիները: Մի փոքր ժամանակ անց, երբ կրակն արդեն թուլացել էր, ցանկացանք շարունակել ճանապարհը, սակայն միանգամից կտրուկ կանգ առա և նայեցի ոտքիս տակ, որը դեռ չէի դրել գետնին: Նայեցի և տեսա մեկ հակահետևակային ական, իսկ քիչ հեռու ճանապարհին, մեքենայի անվահետքերի տակ երկու հակատանկային ական: Մեծ դժվարությամբ կարողացանք դուրս գալ ականապատ տարածքից և շարժվեցինք առաջ: Այդ օրը մենք գրավեցինք թշնամու մեկ ամենագնաց՝ «ԲՏՌ» և Ներքին Ոսկեպար գյուղը:
Ամեն ուշ գիշեր մարում են քաղաքի շենքերի պատուհաններից ճառագող լույսերը, և պատահում է նաև այնպես, որ դրանք հաջորդ երեկոներին էլ չեն վառվում: Էլ չեն վառվում երբեք:
Ռուստամն այդ օրը հենց ինքն էր հեռանում իր հայրենի հողից, ընտանիքի հետ, այնինչ ամիսներ առաջ տխրում էր այն փաստից, որ հնարավոր էր` մենք մեկնեինք Երևան` մշտական բնակության:
Միշտ էլ գնալը հեշտ է, երբ ունես առջևում որևէ ակնկալիք ու նպատակ: Իսկ մնացողնե՞րը… Մնացողների առօրյայից պակասում է մի մասնիկ, բարևներից` մի բարև, մեզ հարազատ դարձած մի ընտանիք: Միայն կարոտն է, որ երբեք չի պակասում:
Երբեմնի մեր մարդաշատ շենքը այժմ գրեթե ամբողջովին դատարկվել է: Ոմանք մեկնել են արտերկիր` անվերադարձ, ոմանք էլ հյուրի նման միայն ամառներն են վերադառնում, այն է` հանգստանալու:
-Դուք է՞լ պետք է գնաք,- հարցնում եմ:
-Ինձանով լիներ, ոչ մի տեղ էլ չէի գնա: Տղաս է Ռուսաստանից կանչում, թե` մենակ չես կարող մնալ,- գլորվող արցունքներն այտերից սրբելով` հառաչում է մեր հարևան Թամար տատիկը:
Նա էլ այժմ մյուսների նման պետք է վերցնի ճամպրուկները, մարի տան բոլոր լույսերը, կողպի իրենց մշտապես հյուրընկալ տան դուռն ու հեռանա:
Ուրիշ հող, ուրիշ լեզու, ուրիշ սովորույթներ, ուրիշ… Ամեն ինչ մնաց հետևում: Տանտեր ենք միայն հայրենիքում, սեփական քաղաքում, բայց հյուր` օտարության մեջ:
Մարեցին լույսերը, պտտվեց բանալին, մեքենան շարժվեց…
Եթե ինչ-որ մեկը, օրինակ ես, մի քիչ պարապ լիներ, ու որոշեր հեռուստացույցից հնչող բառերի արտաբերման հաճախականության վիճակագրություն կազմել, իմ կարծիքով դիագրամի ամենաբարձր սյունը կզբաղեցներ «Եվրամիությունը»։ Դրան հակառակ շատերը, այդ թվում նաև ես, առ այսօր միգուցե շատ աղոտ պատկերացում ունեն Եվրոպական միության ինչ կամ ով լինելու վերաբերյալ։ Ես միայն այսօր կարողացա մի քիչ ավելի հստակ պատկերացնել դրա էությունը, փորձել պարզել, թե ինչ է իրենից ենթադրում Եվրամիության գործունեությունն ու ինչ օգուտներ կարող ենք մենք քաղել դրանից։
Որևէ երևույթի էությունը լավ ընկալելու, չհասկացվածը պարզաբանելու համար մարդկանց հորինած ամենաբնական ու ամենաարդյունավետ մեթոդը հարցուպատասխանն է, ինչից էլ հենց ցանկանում եմ մեջբերել.
«Ո՞րն է ԵՄ-ի առաքելությունը։
Այն է. խաղաղություն հաստատել իր անդամ պետությունների միջև և պահպանել այն, միասնական գործնական համագործակցություն հաստատել եվրոպական երկրների միջև, ստեղծել Եվրոպայի քաղաքացիների ապահով կյանքի երաշխիքներ, տարածել այն արժեքներ, որոնց կրողն են եվրոպացիները։
Ի՞նչ է անում ԵՄ-ն։
ԵՄ-ի գործունեությունը ներառում է նորարարական քաղաքականությունը, որը ժամանակակից նորագույն տեխնոլոգիաները ներդնում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շրջակա միջավայրի պաշտպանությունը, հետազոտություններն ու զարգացումը, էներգիան։ Մյուս կողմից այն ներառում է միասնության քաղաքականությունը կամ համերաշխության քաղաքականությունը տարածաշրջանային, գյուղատնտեսական և հասարակական գործերում։
Ի՞նչ է նշանակում լինել Եվրոպայի քաղաքացի։
ԵՄ երկրների քաղաքացիները կարող են ճանապարհորդել, ապրել և աշխատել ԵՄ տարածքում ցանկացած վայրում։ ԵՄ-ն խրախուսում և ֆինանսավորում է ծրագրեր, մասնավորապես կրթության և մշակույթի ոլորտում, որպեսզի ավելի համախմբի իր քաղաքացիներին»:
Հայաստանը դեռևս Եվրամիության անդամ 28 պետությունների շարքում չէ, սակայն այս կառույցի գործունեությունը լայն մասշտաբների է հասնում նաև այստեղ։ Քանի որ ես եվրոպական որևէ երկրի քաղաքացի չեմ, ուստի հակված եմ մտածելու, որ ԵՄ գործունեության նշված ոլորտներից ինձ (կամ էլ քո) հետ առնչություն կարող են ունենալ կրթության և մշակույթի ոլորտում իրականացվող ծրագրերը։
Այսօր Վանաձորը տոնում էր Եվրոպայի օրը, ինչի առթիվ Հայքի հրապարակում ներկայանում էին ԵՄ աջակցությամբ ու ֆինանսավորմամբ իրականացվող մի շարք ծրագրեր ու պատմում էին իրենց գործունեության մասին, որոնք էլ հիմնականում վերաբերում էին ինձ ու քեզ հետաքրքրող կրթությանն ու մշակույթին։
Այստեղ էին Թումոյի ներկայացուցիչները, ովքեր ունեն համատեղ ծրագիր ԵՄ-ի հետ, որի շրջանակներում ստեղծում են հակակոռուպցիոն խաղ և կոմիքս։ Ոչ խաղը, ոչ կոմիքսը դեռևս հանրայնացված չեն, նախատեսվում է հունիս ամսից սկսած ամեն շաբաթ թողարկել կոմիքսի նոր համար, իսկ խաղի վերջնական տարբերակը թողարկել սեպտեմբերին։ Ըստ հեղինակների՝ թե՛ խաղը, թե՛ կոմիքսը հորինված աշխարհ են, բայց ներկայացնում են իրական խնդիրներ և փորձում տալ այդ խնդիրների լուծումները։ Կոմիքսի գլխավոր հերոսը ձգտում է շարունակել իր պապիկի գործը և պայքարել տեղի ունեցող անարդարությունների դեմ, որոնցից մեկի պատճառով էլ մահացել է իր պապիկը։ «Փորձել ենք մաքսիմալ հետաքրքիր դարձնել, բավականին բարդ պատմություն է. ինչքան երեխան խորանա, այնքան նոր բաներ կբացահայտի։ Բավականին դժվար է նման թեմայով հետաքրքիր, գրավիչ բան ստեղծելը, չնայած որ շատ կարևոր թեմա է»,- ասում է զրուցակիցս։ Տաղավարում հավաքված երեխաներին սովորեցնում էին կոմիքսներ կարդալու ձևը, թույլ էին տալիս փորձարկել խաղի դեմո տարբերակը։
Մյուս տաղավարն զբաղեցրել էր ԿոլբաԼաբ (Kolba Innovations Lab)-ի ներկայացուցիչը, ով պատմեց ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող «Նորարար առաջընթաց» ծրագրի մասին, որն իր մեջ նորարարության երեք ուղղություն է ներառում. աջակցություն քաղաքացիներից ստացված ստարտափների գաղափարներին, ստարտափների աջակցություն պետական ոլորտում և հանրային ոչ ֆորմալ միջոցառումների շարքի իրականացում։ Այս ծրագիրը տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն, ֆինանսական աջակցություն կամ էլ թիմի մասնագետ-անդամներ այն բոլոր ծրագրերին, որոնք գնահատվում են որպես լավ, օգտակար ու իրականանալի նորարաարկան գաղափարներ։ Քաղաքացիների կողմից ստացվող սթարթափների համար չկան թեմատիկ կամ ժամկետային սահմանափակումներ, չկան հայտադիմումների ստանդարտ ձևեր. եթե կա որևէ սոցիալական խնդիր, ու դու դրա համար լուծում ես գտել, ուղղակի պետք է այցով կամ նամակով պատմես քեզ անհանգստացնող խնդրի մասին ու առաջարկես քո արդյունավետ լուծումը։ Սթարթափների հիմնական կարգախոսը հետևյալն է. օգտագործողն ինքն ամենալավը գիտի առկա խնդրի մասին։
-Ո՞րն է եղել ձեզ հանդիպած ամենավառ գաղափարը։
-Երբ ասում ենք նորարարություն, պարտադիր չի որ դա լինի տեխնոլոգիական ոլորտում։ Երկու տարի առաջ «Տեղական ինքնակառավարման համակարգ» թեմայով մրցույթ էին հայտարարել, Գյումրիում մի տղա առաջարկել էր բակերը լուսավորել արևային լուսասյուներով։ Սա էլ նորարար չէ, ամբողջ աշխարհում կիրառվում է, բայց իրական գաղափարն այլ է. տեղադրված սյուների մոտ թաղապետարանը նստարաններ էր տեղադրել, հետո մարդիկ սկսել էին դրանց շրջակայքը մաքուր պահել, հավաքվել նստարանների մոտ, այդպիսով ամբողջ միջավայրի նկատմամբ վերաբերմունքը փոխվել էր։ Իրականում այս օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է շրջապատն ու մարդկանց վարքագիծը փոխել, իսկ ստարտափը լիովին համապատասխանում է «Աշխարհին խաղաղություն» թեմային, որին, թվում է, ոչ մի կերպ չես կարող հասնել, բայց այսպիսի փոքրիկ միջամտությունը մի քիչ մոտեցնում է դրան։
Ես, իհարկե, ավելի երկար զրուցեցի տեխնոլոգիական ոլորտում իրականացված ստարտափների մասին, բայց դրանք դժվար թե հետաքրքիր գնահատվեն քո կողմից, այնպես որ, արի ուղևորվենք դեպի ԵվրոՔլաբ (EuroClub): Այստեղ միավորվում են Հայաստանի բոլոր ակտիվ երիտասարդները տարբեր մարզերից և, որպես կամավոր, իրենց բոլոր ջանքերն են ներդնում իրենց համայնքների զարգացմանն ուղղված աշխատանքներում։ Ակումբ ինտեգրված երիտասարդները այլևս չեն սպասում որևէ ծրագրի օգտին աշխատելու, այլ սեփական նախաձեռնությամբ կազմում են նպատակաուղղված նոր ծրագրեր ու միջոցառումներ և ձեռնամուխ լինում դրանց կատարմանը։ Ներգրավված յուրաքանչյուր երիտասարդ ունի իրեն հետաքրքրող կամ հուզող հարցերի շրջանակը, որն էլ հիմնականում պայմանավորված է այն մարզում, համայնքում կամ բնակավայրում առկա խնդիրներով, որտեղ ինքը բնակվում է։
Հաջորդ տաղավար գնալուս ճանապարհին ինձ իրենց հատկացված տաղավար տարան մեր քաղաքի ավագ դպրոցներից մեկի աշակերտները, որոնք, ինչպես պարզվեց, ևս կազմում են ԵՄ-ի հետ իրականացվող ծրագրերի մի մասը։ «Ճանաչենք Եվրոպան» ծրագրի շրջանակներում տարբեր դպրոցների ուսումնասիրության առարկան են դարձել Եվրոպայի տարբեր երկրներ, իսկ նրանց բաժին էր հասել Ռումինիան, որի պատմությունը, մշակույթը, ԵՄ-ը անդամակցությունն ու Ռումինիայում ապրող հայտնի հայերին ներկայացրել էին երկրի քարտեզի ձևն ու դրոշի գույներն ունեցող մեծ պաստառի տեսքով։
Հաջորդ կանգառս «Օրգանական սնունդ առողջ կյանքի համար» կարգախոսով մի համեղ սեղանի մոտ էր։ ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի «օրենսդրական ուժ» տալ օրգանական սննդի սերտիֆիկացմանը։ Օրգանական սննդի սերտիֆիկացումը բավականին ծախսատար է, ինչի արդյունքում Հայաստանում շատ քիչ արտադրողներ են անցնում սերտիֆիկացում, իսկ ներկայումս հայկական շուկայում ապրանքների մինչև հինգ տոկոսն է օրգանական։ Սերտիֆիկացման համար ծախսվող գումարի հետևանքով օրգանական սննդի ինքնարժեքը բարձրանում է, օրգանական սնունդ արտադրող գործարանը կորցնում է ստացված բերքի մոտ երեսուն տոկոսը, քանի որ վնասատուների դեմ պայքարում քիմիական նյութեր չի օգտագործում, իսկ վնասված բերքը դառնում է անպետք՝ արտադրանք կազմակերպելու համար, ինչի պատճառով էլ օրգանական սննդի արժեքը գերազանցում է ոչ օրգանականին (ես կարծում եմ՝ ավելի ճիշտ է ասել չսերտիֆիկացված, քանի որ հնարավոր է, որ սերտիֆիկացնելուց հետո այն ևս արժանի համարվի օրգանական սննդի կոչմանը) մոտ երկու անգամ։ Զրուցակիցս նշում է, որ Հայաստանում ժողովուրդը տեղյակ չէ օրգանական և ոչ օրգանական սննդի տարբերություններից, համարում է, թե ամենամաքուր ու օրգանական սնունդը գյուղացու արտադրանքն է, սակայն իրականում դրանց մեջ քիմիական նյութերի քանակը կարող է գերազանցել թույլատրելի շեմը մի քանի անգամ, ինչպես, օրինակ, կարտոֆիլի ու սոխի դեպքում է։
Մեր կյանքն ու առողջությունը կասկածի տակ դնող փաստեր են, ինչ խոսք, բայց քանի դեռ ամեն ինչ կորած չէ, մենք շարժվենք առաջ ու հանդիպենք Armenian Progressive Youth ծրագրի ներկայացուցիչների հետ։ Ծրագրի նպատակն է՝ Հայաստանի մարզերի գյուղական և քաղաքային համայնքներում բնակվող երիտասարդների հզորացումն ու նրանց կարողությունների զարգացումը։ Դասընթացների, տեղեկատվական հանդիպումների և քննարկումների միջոցով ծրագիրը խթանում է մասնակիցների անձնային և մասնագիտական զարգացումը՝ ծանոթացնելով նրանց ավելի ներգրավված և ակտիվ քաղաքացիներ դառնալու հնարավորությունների հետ և խրախուսելով նրանց ակտիվ մասնակցությունը համայնքի կյանքին։ Ծրագրի շրջանակներում կազմակերպիչներն արդեն հասցրել են աշխատել շուրջ 14.000 հայ երիտասարդների հետ։ Միջազգային ծրագրերի օգնությամբ երիտասարդներին հնարավորություն է տրվում մասնակցել Եվրոպական երկրներում իրականացվող տարբեր ծրագրերի, իսկ ճանապարհածախսն ու կացության բոլոր ծախսերը հոգում է ծրագիրը։
Ամենավերջին տաղավարում փայտիկներից փորձում էին կառուցել Հայաստան-Սփյուռք կամուրջը։ Այստեղ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ուներ մտորելու, թե ինչ կտա մեզ՝ հայությանս, Հայաստանի ու սփյուռքի համախմբումը։ Ինչ ասեցի ե՞ս։ Մի քիչ երկար մտածեցի, ինձ համար անսպասելի հարց էր։ Հետո եզրակացրի. թվապես ավելացումն ու մեզնից հեռու մեր հայրենակիցների հետ համախմբումը մեզ միջազգային ավելի նպաստավոր դիրք գուցե ընձեռի, ինչը հիմա Հայաստանին շատ խիստ անհրաժեշտ է։ Երևի միջազգային լայն ճանաչում կբերի։
Ավարտվեց օրվա ճանաչողական մասը, բայց հասցրեց առիթ ընձեռել իրարից տարբեր թեմաների շուրջ զրուցելու իրենց գործի գիտակ մարդկանց հետ, սեփական խղճի հանգստության համար տարբեր հարցերի պատասխաններ բացահայտելու, մտածելու, նոր հետաքրքրություններ գտնելու։ Չգիտեմ, քեզ գուցե շատ էլ ձանձրալի թվաց մինչև այստեղ կարդալ-հասնելը, գուցե այդպես էլ չհասար, բայց իմ էությամբ մարդկանց համար, ովքեր երբեք չեն կարողանում մի բնագավառի, մի ոլորտի պատերի ներսում մնալ ու ամենածայրահեղ հեռու թեման էլ մեծ սիրով են ընդունում ու փորձում տրամաբանորեն ավելի խորքերը գնալ, աննախադեպ հնարավորություն էր։
Ինքս ինձ բացահայտեցի։ Վերջին տաղավարից հեռանալուց հետո հաճելիորեն զարմացա, երբ ինքս իմ մեջ նկատեցի, որ բոլոր թեմաներով էլ կարողանում եմ զրույց վարել, իսկ ես միշտ ուզեցել եմ, որ ամենից առաջ ցանկացած մասնագիտության տեր մարդու հետ լինեմ լավ զրուցակից։ Ամենակարևորը, առանց գոնե նախապես իմանալու, թե ում հետ ու ինչ թեմայով եմ զրուցելու, առանց գոնե մեկ հարց նախապես պատրաստելու լավ էլ տակից դուրս եկա։ Գրածիցս երևի չես էլ զգա, որովհետև ամբողջը գրել չի լինի, որովհետև հետաքրքիր զրույցները մնացին այնտեղ՝ մեր մեջ ու սփռոցների ծայրերից կախված, մնացին հավաքածս թռուցիկների թղթերի մեջ ներծծված։
Բազմազբաղ օրվանից հետո սպասվող համերգը ծանրացած ուղեղների համար իսկական հանգստություն ու լիցքաթափում բերեց։ Ի՜նչ խոսք, դիջեյը լավն էր։
Վիդեոն՝ Մերի Անտոնյանի, Մարատ Սիրունյանի
Հոդվածից հեռու ու թեմայից դուրս՝ հետգրության կարգով. կարծում եմ մեր կյանքում «Մանանայի» դերի մասին հոդված գրելն արդեն ավելորդ է, որովհետև այդ դերը, մեր հաղթանակներից բացի, մեր հոդվածներում բացահայտ գրված կամ տողատակերում պատկերված անձնական բացահայտումներն էլ են, մնացած խոսքերն ու շնորհակալություններն արդեն արհեստական են հնչում (ի դեպ, երևի արդեն գիտես, որ «Մանանան» էլ հենց Եվրամիության ֆինանսավորմամբ կարողացավ իրականացնել «Երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագիրը, որի լավագույն արդյունքը Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի ձևավորումն էր ու մեր 17.am կայքը)։
Գյումրին մայիսի 12-ին տոնեց «Եվրոպայի օրը», որի առիթով Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հարևանությամբ իրենց գործունեությունն էին ներկայացնում Եվրոպական միության կողմից հովանավորվող մի շարք կազմակերպություններ:
Օրը իրենց ելույթներով գեղեցկացրեցին Երևանից ժամանած Հայկ Պետրոսյանը և Մաշա Մնջոյանը: Ներկա էր նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Ես ու Արսենը պետք է հարցազրույց վերցնեինք մի շարք կազմակերպություններից և ֆոտոներ անեինք: Առաջինը մոտեցանք ԿԱԶԱ Գյումրի հիմնադրամին: Այն շվեցարական հիմնադրամ է, որը կատարում է մի շարք ծրագրեր, որոնցից է՝ Եվրոպական կամավորական ծառայություն ծրագիրը՝ EVS-ը:
Հարցազրույցը վերցրեցինք Մարինա Մուրադյանից, ով ԿԱԶԱ հիմնադրամում «Աշխատանքային հմտությունների զարգացում» ծրագրի ղեկավարն է:
-Ի՞նչ կասեք այսօրվա միջոցառման մասին։
-Իրականում շատ հաճելի միջոցառում է, քանի որ տարբեր կառույցներ փորձում են հնարավորինս ներկայացնել իրենց ծրագրերը, որոնք կապ ունեն Եվրամիության ֆինանսավորման հետ: Այս միջոցառումը առիթ է, որ շատ երիտասարդներ տեղեկացված լինեն Եվրոպայի մասին, որը պակասում է մեր քաղաքում, հատկապես Հայաստանի մարզերում գտնվող քաղաքների համար ինֆորմացիաի տեսանկյունից շատ օգտակար է:
-Ի՞նչ կերպ եք ներկայանում այս միջոցառմանը:
-Մենք ներկայանում ենք EVS ծրագրով, որի շրջանակներում հետաքրքիր խաղ ենք կազմակերպել մեր տաղավարի կողքին: EVS ճամփորդություն ենք վերնագրել, ճամպրուկի մեջ կան իրեր, որոնցից յուրաքանչյուրը կարող է վերցնել ամենաանհրաժեշտ ճամփորդական իրը, որի տակ կգտնի թիվ և այդ թվի ներքո կգտնի ինչ-որ հարցի պատասխան: Սա էլ մի միջոց է, որով ոչ ֆորմալ եղանակով երիտասարդներին տեղեկատվություն ենք տարածում:
Այսօրվա երիտասարդությունը բավականին ակտիվ է հատկապես ԿԱԶԱ կենտրոնում: Ամսվա մեջ մոտ 400 տարբեր երիտասարդներ են գալիս, ինֆորմացվում, մասնակցում տարբեր ծրագրերի, դասընթացների: Սակայն EVS ծրագրի շրջանակներում մի շատ լուրջ խնդիր կա Գյումրիում, այն է՝ ծնողները պատրաստ չեն իրենց 17, 18 կամ նույնիսկ 29 տարեկան երեխային թողնել Եվրոպայում ինչ-որ ծրագրի մասնակից լինել ու մեկ տարի միայնակ ապրել Եվրոպայում: Դրա համար կարիք կա այս ծրագրի շրջանակներում շատ ավելի մեծ ինֆորմացիա տրամադրել, ծնողներին հասկացնել, որ այստեղ ոչ մի թրաֆիքինգ չկա, և յուրաքանչյուր երիտասարդ կարող է լիարժեք մասնակցել և հսկայական փորձ ձեռք բերել, լինելով ուրիշ երկրում, ապրել, աշխատել և զգալ մշակութային փոփոխությունները և հետո վերադառնալ ավելի մեծ գիտելիքներով ու արժեքներով և այն տարածել Հայաստանում:
Ովքեր ցանկանում են ԿԱԶԱ-ում EVS-ի մասնակից լինել, կարող են գալ, դիմել մեզ:
Մոտենալով հաջորդ տաղավարին, պարզեցինք, որ այն ներկայացնում էր Լեհական համայքը:
-Խնդրում եմ ներկայացրեք, թե ի՞նչ գործունեություն եք ծավալում Հայաստանում և ինչ ծրագրեր եք իրագործում:
Մենք ներկայացնում ենք լեհական համայքը Գյումրիում: Փորձում ենք տարածել լեհական մշակույթը, ուտեստները: Կազմակերպում ենք բարձրագույն ուսուցում Լեհաստանում, ունենք նաև լեհերենի անվճար դասընթացներ ամեն շաբաթ և կիրակի օրերին: Շատ երիտասարդներ են հաճախում մեր համայնք, ունենք երիտասարդներ, որոնց պապերը լեհ են, և նրանք նույնպես ցանկանում են սովորել իրենց նախնիների լեզուն: Շատ միջոցառումներ ենք կազմակերպում` լեհական և հայկական յուրաքանչյուր տոն նշում ենք ըստ արժանվույնս:
Այնուհետև մոտեցանք հաջորդ տաղավարին և հարցազրույց վերցրեցինք Իրինա Սաֆարյանից, ով ներկայացնում է Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը (GITC):
-Մենք կատարում ենք «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոն Հայաստան (Microsoft Innovation Center Armenia) կենտրոնի և GITC-ի կողմից համատեղ իրականացվող դասընթացներ ՏՏ ոլորտում, որը իրականանում է «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում: 6 ամսյա դասընթացներ են 200 անձանց համար անվճար հիմունքներով, կարող են դիմել 17-35 տարեկան բոլոր անձիք, և պարտադիր պայմանն է, որ ունենան հիմնական կրթություն, որոշակի գիտելիքներ մաթեմատիկայից, ինչպես նաև տղաների պարագայում՝ զինգրքույկ և հանդիսանան Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Դասընթացը վարում են փորձառու մասնագետներ և ապահովում են վեբ ծրագրավորման բարձր գիտելիքներ: Շատ լավ նախաձեռնություն է և խթանում է ՏՏ զարգացումը Շիրակի մարզում:
-Մենք ներկայացնում ենք Շվեդիան, նրա մշակույթը` նրա խոհանոցը, ներկայացնում ենք նաև այն նորարարությունները, որոնք արվել են Շվեդիայում, ապրելակերպը սկանդինավյան երկրներում:
Շվեդիան Եվրոպական միությանը անդամակցող երկիր է, և դեսպանությունը Հայաստանում գործում է 2014 թվականից։ Այդ թվականից մենք միշտ մասնակցել ենք Եվրոպայի օրերին և Եվրոպային նվիրված միջոցառումներին: Վաղը գնալու ենք Վանաձոր, հետո՝ Դիլիջան: Շաբաթ և կիրակի ևս լինելու են միջոցառումներ, որին անպայման մասնակցելու ենք:
Հերթական հարցազրույցը վերցրեցինք «Երիտասարդական նախաձեռնությունների Կենտրոն» հկ-ի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Սարգսյանից:
-Ի՞նչ է գործունեություն է ծավալում ձեր հկ-ն:
-Ինչպես անունից արդեն պարզ դարձավ, երիտասարդական կազմակերպություն է, և իր ամենակարևոր նպատակը՝ ունենալ համայնքում զարգացած, կրթված և ակտիվ երիտասարդներ: Մենք խրախուսում ենք երիտասարդների ակտիվ մասնակցությունը և իհարկե մեծ տեղ ենք տալիս երիտասարական նախաձեռնություններին
Քանի որ կազմակերպությունը զբաղվում է նաև Եվրոպական ծրագրերով` շարժունակության ծրագրերով, այսինքն, այն կազմակերպություններից է, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին Եվրամիության անդամ երկրներում մի քանի օրով գնալ և մասնակցել միջազգային դասընթացների, փոխանակման ծրագրերի, սեմինարների և թրեյնինգների: Իմ կողքին կարող եք տեսնել Էլինային, ով «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագրի շրջանակներում եկել է Գյումրի մի քանի ամսով և իր կամավորական աշխատանքն է կատարում Հայաստանում` դասավանդում է գերմաներեն, ինչպես նաև տեղական ծրագրեր է իրականացնում: Այս ծրագրերի շրջանակներում մենք ոչ միայն հրավիրում ենք կամավորներ Եվրոպայից, այլ նաև մենք ենք ուղարկում կամավորներ Եվրոպական միության երկրներ: Մենք և մեր շահառուները անմիջականորեն կապ ունենք Եվրոպայի օրվա հետ:
Մոտեցանք նաև «Երիտասարդ Եվրոպական Դեսպանների» վրանին և հարցազրույց վերցրեցինք մեր ընկերներից մեկից` Աշոտ Թադևոսյանից:
-Սա մեր վրանն է` «Երիտասարդ Եվրոպական Դեսպանների» վրանը: Մեր հիմնական նպատակն է՝ մարդկանց իրազեկել եվրոպական ծրագրերի, Եվրամիության տված հնարավորությունների` երիտասարդներին ընձեռելով ճանապարհորդելու և Եվրոպայում կրթությունը շարունակելու հնարավորությունների մասին: Մենք այս պահին մի քանի ակցիաներ ենք կազմակերպում, որով փորձում ենք ապահովել տեղեկատվությունը Facebook-ում:
«Հայկական Կարիտաս»-ի Էմիլի Արեգակ կենտրոնի սաների և կամավորների կողմից բեմադրվեց ներառական պար, որը նպատակն էր ընդգծել ներառական մշակույթի ձևավորման կարևորությունը։
Իսկ երեկոյան Գյումրիում Եվրոպայի օրվա շրջանակում տեղի ունեցավ բացօթյա համերգ, որին մեծ հաճույքով մենք էլ մասնակցեցինք:
Նյութը եւ լուսանկարները՝ Հովհաննես Սարգսյանի եւ Արսեն Վարդանյանի
Հա, դարձա 1 տարեկան: Շնորհավորեք ինձ, ես մեկ տարեկան Մանանայական եմ:Վերջերս տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ մեր Արտյոմը մի լավ բան ասաց. «Մանանան» ինձ հանեց իմ չսիրած բանից (դաս պատմել) ու տարավ իմ սիրած դասերին: Աշխարհագրության ժամն էր, երբ եկան մեր դպրոց, ու ես պիտի դաս պատմեի: Իմ հերթն էր (սա մեր մեջ մնա): Ուրախ-զվարթ գնացինք դահլիճ և ուշադրությամբ լսեցի «Մանանայի» գործունեության մասին: Դե ինչպես բոլորը, ներկայացրեցի հայտ, անցա, ուրախացա… Չէ, չէ, շատ ուրախացա: Երկար ճանապարհ եմ անցել «Մանանայի» հետ 1 տարվա ընթացքում: Հիշում եմ` դասընթացի ժամանակ, որ իմացա պիտի ֆոտոխցիկներով գնայինք ֆոտո անելու`ուրախությանս չափ չկար: Ամեն դասից հետո գալիս էի տուն ու ոգևորված պատմում մամային օրս` ինչ արեցինք, ուր գնացինք, ում հետ, ինչով, ինչ կերանք.
-Ի՞նչ ես կերել, բա,-մամայի համար կարևորագույն հարցը:
-Մամ, դե համով բաներ ա: Էսօր շաուրմա էր, սալաթով-բանով, տենց, էլի:
Սա ինձ համար գովազդ չի: Ես «Մանանայից» ստացել եմ այնպիսի վերաբերմունք ու ջերմություն, որը մինչև օրս պահպանված է:
Բա որ մի օր եկան մեր գյուղ, որպեսզի օգնեն ինձ՝ ֆիլմս նկարահանեմ: Հիշում եմ 103 տարեկան տատիկի ֆիլմը նկարելիս ինչքան հավես անցավ ժամանակը: Գնացինք իրենց բակ, ծիրան քաղեցինք, Հովնանին ասում էինք.
-Հեսա, էս ճյուղի վրա շատ կա, սրանից քաղի:
Այդ ամառ ես համարվեցի ակտիվ թղթակից և գնացի ճամբար: Հիմա էլ`գրելիս հիշում ու կարոտում եմ այդ օրերը: «Մանանայի» շնորհիվ հիմա ունեմ այնպիսի ընկերներ, ովքեր կարճ ժամանակում դարձան մտերիմ, ինչու չէ, նաև թանկ: «Մանանան» դա Մանեն է, ում հետ մի սենյակում էինք մնում ու ամեն առավոտ կռվում մազերը արագ կարգի բերելու համար:
-Սոն, ստեղ լավ ա՞, հըլը նայի՝ որտեղ հարթ չի:
-Ման, լավ ա, լավ ա, արի գնանք ճաշարան, էլի, սոված եմ:
Լիդուշը` «Փոքրիկ իշխանի» հավատարիմը, Միլենան, ով իր խելացիությամբ միշտ հիացրել է ինձ, Սերոժը, ում ամբողջ հոգով հարգում եմ, Անին` ֆուտբոլի գիտակը, Հասմիկը`մեր համով շատախոսը, Բաղանիսից համեստ Դավիթը, վերջերս մտերմացա Կարինեի` ամբողջ սրտով «ջան» ասողի հետ, Նանեն, Սեդան՝ բարի ու ընկերասեր, ովքեր ինձ ուղղակի գրում են`իմանան`ոնց եմ: Լիլիթը Գրիգորյան,Արտյոմը, Հովոն, ում իր ազնվության համար գնահատում եմ: Մնացած բոլոր-բոլորը ինձ համար առաջնահերթ «Մանանայից» են, նոր միայն՝ Վահե, Արաքս, Անահիտ, Զարա…
Սպասում ենք 14 համարին։ Է՜, էս ինչի՞ չի գալիս։ 43, 41, 8… Ըհը, ըհը, եկավ, գնացինք։ Ես ու եղբայրս բարձրացանք երթուղային։ Ես փորձեցի առաջ գնալ, որ ճանաչեմ մեր իջնելու տեղը, բայց չկարողացա հասնել բռնակին։
-Վիգ, բռնվելու տեղ չկա,-ասում եմ եղբորս։
-Ինձանից բռնվի,- ասաց կողքս կանգնած հաճելի արտաքինով մի աղջիկ։
Լայն ժպիտը դեմքիս մտա այդ աղջկա թևը։
-«Մանանայի» մեծ ընտանիքի պես,-հանկարծ ասաց նա։
-Վա՜յ, դուք էլ ե՞ք «Մանանայից»,- զարմացած հարցնում եմ ես (բայց հոգուս խորքում ինձ վատ էի զգում, որ չեմ ճանաչել իմ թղթակից ընկերոջը, իսկ նա ինձ ճանաչել էր):
-Ահա։
-Էստե՞ղ եք ապրում, սովորում։
-Էստեղ եմ սովորում, բայց Հրազդանից եմ։ Բա դո՞ւ։
-Ստեփանավանից եմ, 11-րդ դասարանցի եմ դեռ։
Ի վերջո նա իջավ երթուղայինից, իսկ իմ դեմքին դեռ շարունակում էր խաղալ ժպիտը։
«Մանանան մեծ ընտանիք է»․այս խոսքերը զուտ խոսքեր չեն, այս խոսքերին կյանք տվողները մենք ենք։ Շնորհակալություն, Հայարփի Բաղդասարյան, դու ինձ վերստին ապացուցեցիր այս խոսքերի իսկությունը։
Այսօր առաջին անգամ տեսա մայրամուտն իր ողջ հմայքով: Ասեմ, որ հիացած եմ ապշելու աստիճան: Մի տեսակ խորհրդավորություն կար նրանում: Սկզբում ուզում էի միայն մի կախարդական վրձին, որ կարողանայի պատկերել իմ առջև բացված տեսարանը (կախարդական, քանի որ, չնայած մեծ ցանկությանս, նկարել ընդհանրապես չեմ կարողանում): Այնուհետև այն ինձ կախարդեց ու գցեց մտորումների մեջ: Նրա լույսի ներքո սկսեցի մտածել այնպիսի երևույթների մասին, որ երբևէ մտքովս չէին անցել. երևի հենց այն պատճառով, որ երբևէ չեմ հետևել մայրամուտին:
Հանկարծ մտածեցի երջանկության մասին, ուզում էի հասկանալ, թե ինչ է իրական երջանկությունը, հնարավո՞ր է արդյոք լինել լիակատար երջանիկ… Հետո մտածեցի, թե իմ կյանքում երբևէ եղե՞լ է մի պահ, որ ինքս ինձ համարեմ երջանիկ, երջանիկ՝ առանց վերապահումների:
Կարծես՝ գտա պատասխանը. հասկացա, որ երջանկության համար ժամանակ սահմանված չէ, մենք երջանիկ ենք այն ժամանակ միայն, երբ կարողանում ենք որսալ պահը, գնահատել ու արժևորել այն, ինչ ունենք… Եվ, ի վերջո, մշտական երջանկություն լինել չի կարող, հակառակ դեպքում, այն կկորցնի իր մոգական ուժը: Երջանիկ լինելու համար պետք է զոհես մի բան՝ նորը, ցանկալին, կարևորն ու ճակատագրականը ստանալու ակնկալիքով:
Բայց, անկեղծ ասած, մտորումներս ինձ տխրություն պատճառեցին: Մտածեցի, որ, գուցե, կյանքում շատ անգամներ երջանկությունն անցել է իմ կողքով, ու ես չեմ հասցրել նկատել նրան, կամ գուցե ես արդեն կորցրել եմ իմ բաժին երջանկության մի պատառիկ՝ ժամանակին ամուր չբռնելով այն…
Թվում է, թե այդ մայր մտնող արևը գիտեր ամեն բան աշխարհի ու մարդկանց մասին ու լռում էր, հետ էր քաշվում՝ իր հետ տանելով բյուր գաղտնիքներ, հույզեր ու երազանքներ:
Մտորումներիս մեջ խորասուզված չէի նկատել, որ արևն արդեն գրեթե ամբողջովին մայր էր մտել՝ իր տեղը զիջելով լուսնին, որ նույնչափ հմայիչ ու խորհրդավոր էր ու իր մեջ պարունակում էր նույնչափ մեծ հույզեր:
Ահա, թե ինչ եղավ ինձ հետ, երբ հետևեցի այդ խորհրդավոր մայրամուտին գեթ մեկ անգամ:
Օրեր առաջ մասնակցեցինք մի ծրագրի Technovation Armenia-ի շրջանակներում։ Այցելեցինք Ամերիկյան համալսարան, որտեղ նշեցինք տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) աղջիկների տոնը: Ներկայացրեցինք մեր ծրագիրը` ArmenianSignLanguage բջջային հավելվածը, որի օգնությամբ ցանկացողները կարող են սովորել հայերեն ժեստերի լեզուն: Ծրագրի բնույթը հավանո՞ւմ եք։ Ես ինքս այդ օրը նայելով բոլոր մասնակիցների նյութերը, մերը շատ հավանեցի (թող գոռոզություն չթվա): Դեռ մրցույթի նախապատրաստական փուլում մտքներովս չէինք էլ կարող անցկացնել, որ այսքան հաջողված կլինի ամեն բան, բայց արի ու տես, որ ստացվեց…
Այս ամենին նրանք են հասնում, ովքեր աշխատում են, փորձում են առաջ քայլել։ Անգամ մեկ թղթի կտորը, որը այդքան էլ արժեք չի ներկայացնում առաջին հայացքից, մի մեծ աշխարհ արժե, որի բովանդակության մեջ կա «գաղտնի» հաջողության գրավականը։ Հետևելով ծանոթ, անծանոթ, հարևան, գյուղացի կամ ընկեր-ընկերուհի անցուդարձին, վստահ կարող եմ ասել, որ բոլորն էլ քրտնաջան սովորում են և դրա հետ մեկտեղ հաճախում են բազում խմբակների, որոնք օգնում են հետաքրքրությունների շրջանակն ավելի լայնացնել։ Ես ինքս հետաքրքրասեր մարդ եմ, և երբ որևէ նոր բան է լինում, աշխատում եմ ինքս օգտվել դրանից, և ոչ միայն ես եմ օգուտ քաղում անցածս դասընթացներից, այլ նրանք, ովքեր աշխատում են ինձ հետ։ Օրեցօր շատ ու շատ բաներ են բացահայտվում, ինչը դեռ մինչ այժմ չգիտեինք։
Լավ հիշում եմ. 2016 թվականի հունիսի 6-ն էր: Մեր համայնքում այդ օրը միջոցառում կար՝ նվիրված երեխաների միջազգային օրվան: Այն արդեն ավարտվել էր, երբ անծանոթ համարից զանգեց մեկը (կարծեմ Լուսինե Կարապետյանը) և երկար խոսեց, բայց միայն մի քանի բանն եմ հստակ հիշում: Ասում էր, որ Դսեղից իրենք թղթակից չունեն և կցանկանային, որ մեզ մոտից էլ լինեն ու, կարծեմ ինձ և Խառատյան Սուսաննային՝ համադասարանցուս, ֆեյսբուքով նամակ էին ուղարկել, որ սեմինար ունեն Լուռու պատանիների համար և ցանկանում են նաև մենք մասնակցենք: Թարսի պես ես այդ սեմինարի օրերին Երևանում էի լինելու: Դրա համար՝ պահը չկորցնելով, Ղուլինյան Անիի հետ խոսեցի: Եվ քանի որ չէի կարող մասնակցել, Անիին առաջարկեցի: Ճիշտն ասած, հիմա բարի նախանձով եմ լցված, որ Անին այդպիսի լավ հնարավորություն է ունեցել, դարձել է լավագույն թղթակից, մասնակցել մեդիա ճամբարի, Պատանի թղթակիցների առաջին մրցանակաբաշխության մրցանակակիր:
Ժամանակն անցավ, Անին դարձավ թղթակից, բայց մի օր էլ սկսեցի նորից հետաքրքրվել 17-ով, բայց արդեն որպես պատանի լրագրողների կայքով, այլ ոչ թե սեմինար կազմակերպած որևէ «կառույցի»: Իմացա, որ ես էլ կարող եմ թղթակցել: Ճիշտն ասած, մեկնարկը այդքան էլ լավ չտվեցի: Չէր ստացվում լրագրողական տեսանկյունից նյութ գրելս, բայց դե՜ ոնց ասում են. «Անհնարին ոչինչ չկա, ցանկություն է պետք»:
Չստացված նյութիցս հետո հոկտեմբերին գրեցի առաջին հաջողված նյութս: Մեծ բավականություն ստացա, երբ տեսա իմ նյութը հրապարակված:
Իսկ երբ «Մանանայի» առաջին մրցանակաբաշխության ժամանակ բեմի վրա տեսա ընկերուհուս՝ Անիին, լցվեցի բարի նախանձով և որոշեցի, որ մյուս տարի ես էլ կգտնվեմ իր կողքին՝ հաղթահարած այս անտանելի ծուլությունը: Ու այդ ժամանակ հպարտ կասեմ, որ 17.am-ի անդամ եմ, լիարժե՛ք անդամ:
Առավոտ՝ 09:22 րոպե, քոլեջ, մեր օրեր:
Մտնում եմ լսարան և եթե կանգնեմ դռան հետևում, ապա դասախոսիս. «Ու՞ր է Կարինեն» հարցին, կլսեմ կուրսեցիներիս. «Հեսա ներս կմտնի»,- պատասխանը: Բոլորը քաջատեղյակ են, թե կոնկրետ երբ եմ «ժամանում» քոլեջ:
Մտնում եմ լսարան, դասախոսս հարցնում է.
-Ինչո՞ւ ես ուշանում:
Ես էլ ամեն անգամ (արդեն ամաչելով) ասում եմ, որ տրանսպորտ չկար, անկախ նրանից, որ տրանսպորտի խնդիր վերջերս կարծես թե չկա: Հո չե՞մ ասելու, որ Մորփեոսը խայտառակ ձևով ծաղրում է ինձ:
Նստում եմ տեղս, Երվանդի հետ քննարկում Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը». ամեն օր անդրադառնում ենք մի կերպարին: Դասամիջոցներին կուրսեցիներիս խորհուրդ ենք տալիս, որ անպայման կարդան դա և նայեն «Շերլոկ» սերիալը: Իրականում ոչ ես, ոչ էլ Երվանդը երբևէ չենք դիտել այդ սերիալը: Դե, ասում են, որ լավն է: Հավանաբար, լավը կլինի, էլի:
Եթե պատմության դասաժամն է լինում, Երվանդին «կրիկի» մեջ եմ գցում՝ ասելով, թե բա՝ հնարավոր է, որ Երվանդունիների տոհմից լինես…
Գալիս է վերջին, կամ ինչպես ես եմ ասում՝ քնելու դասաժամը:
Մորփեոսը կրկին գողանում է ինձ իրականությունից: Քնում եմ, բայց ենթագիտակցությանս 20%-ը արթուն է մնում. լսում եմ. «Երվանդ, արթնացրու Կարինեին»: Երվանդն էլ, չուզելով, թեթևակի հրում է ինձ ու ասում՝ հել, Կար: Ախր, ինքն էլ գիտի, որ երազումս, հավանաբար, «Deep Purple»-ի համերգին եմ կամ էլ, ասենք, բարձրագույն մաթեմատիկայի ողջ դասընթացը սերտել-վերջացրել եմ, որովհետև ինձ մոտ միայն «Deep Purple»-վելն ու մաթեմատիկայի դասերը սերտելն է լավ ստացվում:
Արթնանում եմ: Արդեն գնալուս ժամանակն է:
Հասնում եմ տուն ու զբաղեցնում թագավորական գահս: Մարդիկ, հավանաբար, այդ գահը պատկերացնում են որպես ոսկեզօծ աթոռ՝ թանկագին քարերով զարդարված: Իրականում՝ սովորական կենցաղային աթոռ է, թագավորությունս՝ համակարգիչը, ենթաթագավորությունս՝ ֆեյսբուքը:
Սկսում եմ X-երորդ անգամ նայել «Разрущение» ֆիլմի այն հատվածը, որտեղ հնչում է Ազնավուրի «La Boheme», ժամանակակից իրանական գրականության նոր թարգմանություններն եմ անցկացնում աչքիս տակով, բնականաբար, մաթեմի դասն եմ սովորում, լսում «Soldier of fortune» երգը 2:47-ից սկսած:
Առավոտ՝ կրկին 09:22 րոպե, քոլեջ, կանգնած եմ լսարանի դռան հետևում:
Չէ, հաստատ ասելու եմ, որ տրանսպորտը նորմալ ա աշխատում, հաստատ ասելու եմ, հաստատ: