Lilit Grigoryan

Կարծրացած «ճշմարտությունը»

Ուզում եմ բացահայտել ինձ համար վերջերս պարզ դարձած մի «ճշմարտություն», սուտ ճշմարտություն, թե՝ սովորողը չունի ապագա, աշխատանք չի կարող գտնել: Կարծրատիպ է սա դարձել, ու սրանից ես շատ եմ բորբոքվում: Ինքս էլ դպրոցում լավ եմ սովորում, ընդհանրապես շատ եմ սովորում, ու մեծ-մեծ հույսեր ունեմ պայծառ ապագա ունենալու հետ կապված: Բայց մի կողմից էլ, որ էսպիսի բաներ չե՞ն ասում… Դե արի, ու նույն նախանձախնդրությամբ շարունակիր:

Չէ՛, ինչքան էլ արհամարհես այդ կարծիքները, չի ստացվում լիովին արհամարհել: Խոսում են փաստերով, ասում. «Ես դպրոցն ավարտեցի մեդալով, համալսարանը կարմիր դիպլոմով, չունեմ հիմա գործ: Ո՞ւմ է պետք սովորելը, կյանքդ վայելի՛»: Սպանում են քեզ այս խոսքով, սպանում այն, ինչ ծրագրել ես, ջարդում են վարդագույն ակնոցներդ, ջարդում ու փշրում այն, ինչի համար շարունակում ես ապրել:

Ի՞նչ, մտածող մարդ չմնա՞ այս աշխարհում: Բոլորը փողի ոտքերը սրբե՞ն: Ու ցավոք, էսպես են խոսում մեզանից մեծերը, ովքեր պիտի քաջալերեին մեզ: Վերջապես մեզանից շատերը դառնալու են Ազգային ժողովի պատգամավորներ, նախարարներ, շատերն էլ բժիշկներ, ուսուցիչներ, գիտնականներ: Դե, իհարկե, մենք երևի պիտի փողի հետևից վազենք ու սովորենք կողոպտել, խաբել… Իսկ այդ նույն մարդիկ այդ ժամանակ կասեն, թե մենք «կաշառակեր էլիտար մասսան» ենք, մենք փչացնում ենք հասարակությունը, խաբում ժողովրդին: Դե բա էլ ի՞նչ սովորենք հնից:
Անընդհատ մտահոգությունների մեջ եմ, բայց արդեն որոշել եմ, որ այդպիսի կարծիքներն ինձ համար երբեք չհանձնվելու, ավելի առաջ շարժվելու դասեր եմ դարձնելու: Մի տեսակ՝ հրման կետ: Սա խորհուրդ կտամ բոլորին:

Ու մի բան ևս. եթե մենք ունենք գիտելիքներ, խելացի ենք, սեր ունենք սովորելու նկատմամբ, մենք ենք դառնալու այս երկրի լավագույն շինարարները, մենք ենք մեր երկրին պայծառ ապագա խոստանալու փոխարեն պայծառ դարձնելու մեր երկիրը, մենք ենք երկրի ուժը: Թող սխալ չհնչի, բայց մենք նաև հարուստ ենք լինելու, չմտածե՛ք: Մենք և՛ ունենք հոգևոր հարստություն, և՛ կունենանք նյութականը՝ բարեկեցիկ կյանքի համար: Այդքան մի՛ մտահոգվեք և նման մարդկանց մի լսեք: Գիտելիքը միշտ էլ ուժ է:

satine sakanyan

Ես մշեցու զավակ եմ

Մի հարց կար հոգումս, բայց չգիտեմ ինչու, տարիներ շարունակ լռում էի և մի օր որոշեցի բարձրաձայնել: Հարցս տատիկիս էր ուղղված:

Գիշեր էր: Տատիկիս կողքին նստած էի և սովորությանս համաձայն հարցեր էր, որ տալիս էի, շատ ժամանակ խնդրում, որ ինձ հեքիաթ պատմի, չնայած որ արդեն 15 տարեկան էի: Տատիկս երբեք չէր մերժում և պատմում էր իմ սիրած հեքիաթը: Բայց այս անգամ, երբ ասացի տատիկիս, որ խնդրանք ունեմ, միանգամից ասաց, որ արդեն մեծ աղջիկ եմ, և էլ հեքիաթ չի պատմելու: Իսկ ես ասացի, որ հեքիաթ չեմ ուզում, այլ ճշմարտությունը:

-Տատ, դու կամ քո ընտանիքը ինչ-որ կապ ունեցե՞լ է Արևմտյան Հայաստանի հետ:

-Այո… Մեր արմատները գալիս են Մշից, դու մշեցու ծոռ ես, իսկ քո հարցը մտովի ինձ տարավ հորս մոտ: Երբ նրան հարցեր էինք տալիս ցեղասպանության մասին, նա լռում էր, աչքերը լցնում և ոչինչ չէր ասում, բայց մի քանի բան կարողացել ենք իմանալ: Հայրս ու պապիկս են եղել իրենց ընտանիքից այն երկուսը, ովքեր մազապուրծ են եղել և հասել Արևելյան Հայաստան: Պատմում էր, որ փոքր է եղել, իսկ մայրը՝ հղի: Նրանք տանն էին հորաքրոջ հետ, իսկ հայրը գնացել էր պաշտպանելու իր ընտանիքը: Մայրը տեսնում է, որ թուրքերը մոտենում են տանը, երեխային թաքցնում է տեղաշորի ծալքի տակ, հորաքույրը դուրս է գալիս տնից և թաքնվում: Թուրքերը մտնում են տուն, տեսնում հղի կնոջը, բացում փորը և երեխային սրի հանում: Իսկ մյուս թուրքը սուրը հանում է և խրում ծալքի մեջ, տան մեջ ամեն ինչ ջարդում, փշրում և հեռանում: Այդ ժամանակ հայրս երեք տարեկան էր, բայց ինչքան էլ որ մեծանար, նրա աչքերի տխրությունը չէր անցնում: Հայրս և պապս փրկվելով գալիս են Արևելյան Հայաստան` Ղուկասյան գյուղ: Իսկ այդ ճանապարհը այդքան էլ հեշտ չէր, սոված, ծարավ: Տարիներ հետո էլ այդ սովի զգացողությունը նրան չէր լքել: Երբ հաց էին ուտում, անպայման պետք է յուղ ուտեր` հացը մեջը փրթած, թե չէ, չէր կշտանում: Վերջ, այսքանը գիտեմ: Էլ ոչինչ չի պատմել մեզ հայրս:

Էլ հարց չտվեցի, սակայն չկարողացա էլ քնել և ամբողջ գիշեր երազեցի այնտեղ լինելու մասին:

Սա էլ մի ցեղասպանությունից փրկված մարդու կյանքի պատմություն է: Ես նրա ծոռն եմ: Հիմա ավելի շատ եմ ուզում գնալ Արևմտյան Հայաստան, տեսնել իմ պապերի երկիրը:

Քուչակ

Լուսանկարը՝ Զավեն Աբրահամյանի

Լուսանկարը՝ Զավեն Աբրահամյանի

Ես ապրում են մի գյուղում, որի անունը Քուչակ է: Մի քիչ խոսեմ գյուղիս մասին: Գյուղը հիմնադրել են 1839թ. գաղթական արևմտահայերը: Գյուղի առաջին տները կառուցվել են Լույս Աղբյուրի շուրջը: Այդ աղբյուրը գյուղի պարծանքն է, քանի որ այդ աղբյուրի  շրջակայքում է գտնվել պատմական Ճերմակ վանքը:

Լուսանկարը՝ Զավեն Աբրահամյանի

Լուսանկարը՝ Զավեն Աբրահամյանի

Գյուղի առաջին անունը եղել է Ճերմակ վանք: Դեռ մինչև հիմա Լույս Աղբյուրի շրջակայքում պահպանվել է գյուղի հին գերեզմանոցը: Արդեն երեք դար է, ինչ Ճերմակ վանքը չկա: Բայց գյուղացիները գիտեն վանքի մոտավոր տեղը, պահպանվել են խաչքարեր և փորագրություններ քարերի վրա:

Լուսանկարը՝ Զավեն Աբրահամյանի

Լուսանկարը՝ Զավեն Աբրահամյանի

Տարիներ հետո գյուղը կվերանվանեն Ալի Քուչակ՝ ի պատիվ Նահապետ Քուչակի, իսկ աղբյուրի վրա կկառուցեն մատուռ, որը կստանա Լույս Աղբյուրի մատուռ անունը: 1901թ. գյուղում կառուցվում է Ս.Մարիամ Աստվածածին բազիլիկ եկեղեցն: Բայց ցավոք, այն երկար չգործեց, Հայաստան ներխուժեցին բոլշևիկները, իրենց հետ բերելով աթեիզմը: Եկեղեցին դարձավ ցորենի պահեստ: Բայց այն վերաօծվեց 1998թ.:

Լուսանկարը՝ Զավեն Աբրահամյանի

Լուսանկարը՝ Զավեն Աբրահամյանի

Գյուղի հյուսիսում գտնվում է ևս մեկ մատուռ՝ Թուխ Մանուկ անունով: Ոչ ոք ճշգրիտ չգիտի մատուռի կառուցման տարեթիվը: Թուխ մանուկ անվանումը կապված է թուխ մազերով մի երեխայի հետ, որը ձմռանը փախել է տանից: Գյուղի արևելքում և արևմուտքում գտնվում են երկու մեծ հարթավայրեր՝ «Յայլի դուրան» և «Զրնգան աղբյուր» դաշտերը:

Լուսանկարը՝ Զավեն Աբրահամյանի

Լուսանկարը՝ Զավեն Աբրահամյանի

Լույս աղբյուրի վերևում 1983թ.կանգնեցվել է հուշարձան զինվորին՝ նվիրված հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին: Արձանի ներքևի մասում փորագրված են զոհված քուչակցիների անունները: Այդ անունների մեջ երեքը պապիկիս քեռիների անուններն են: Ես հպարտ կարող եմ ասել, որ ես արևմտահայական արմատներ ունեմ, թեև ապրում եմ Արևելյան Հայաստանում: Ինձ համար չկա աշխարհում ավելի հարազատ անկյուն, քան իմ գյուղը՝ Քուչակը:

janna sargsyan lori

Հարթագյուղ

Ես ապրում եմ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում: Գյուղը նախկինում Ղալթախչի անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1730 մետր է: Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 45 կմ: Գյուղում է գտնվում Սուրբ Նարեկ եկեղեցին (19-րդ դար), իսկ 1 կմ արևելք՝ Սուրբ Հովհաննես մատուռը։ Սուրբ Հովհաննես մատուռը Հարթագյուղի սրբատեղին է։ Այն գտնվում է գյուղի մերձակա լեռան կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ Հարթագյուղը, ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, հիմնադրվել է 1828թ-ին։ Գյուղը հիմնադրել են Բասենից, Մուշից, Էրզրումից և Ալաշկերտից գաղթած հայերը։ Գյուղի բնակիչների զբաղմունքն իր արտահայտությունն է գտել գյուղի թուրքերեն անվան մեջ՝ «Ղալթախչի», որը նշանակում է՝ թամբագործ։ Հարթագյուղից հայտնաբերված հնագիտական նյութերը, Հայկական լեռնաշխարհի այլ անկյուններից հայտնաբերված նյութերի հետ միասին ներկայացնում են նախաբնիկների մեկ միասնական, ծագումնաբանորեն շաղկապված և երկարատև զարգացող մշակույթը։ Հարթագյուղից շատ են հայտնաբերվել վաղ բրոնզեդարյան նյութեր։ Բացի վաղ բրոնզեդարյան նյութերից, Հարթագյուղում կան նաև վաղ երկաթի, ուրարտական և անտիկ շրջանին պատկանող նյութեր։ Հարթագյուղի տարածքում գտնվում է Խոյի հսկայական քարե կերտվածք, գյուղից 5 կիլոմետր հարավ գտնվում է «Բագեր» հնագույն բնակատեղին, «Խարաբեկ» միջնադարյան բնակատեղին և «Ցից քարեր» մեգալիթային համակարգը, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արագած լեռը։

Խմբագրության կողմից. Հուսանք հետագա հոդվածներումդ արդեն կպատմես գյուղի այսօրվա մարդկանց, նրանց խնդիրների, հոգսերի, ուրախությունների և առօրյա կյանքի մասին:

Մերը սիրուն է

Լուսանկարը՝  Ինեսա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Ինեսա Զոհրաբյանի

Շատերը սպասում են, որ ծառերը բողբոջեն, որ իրենք դուրս գան «սելֆի» անեն ու տեղադրեն ֆեյսբուքում, իսկ ես սպասում էի, որ բողբոջեն ծառերը, որ դուրս գամ իրենց նայեմ ու իրենց նկարեմ, որ շնչեմ իրենց, հա, շնչեմ, իրենց սիրունությունը, մաքրությունը: Վերցնում եմ հեռախոսս, դուրս եմ գալիս ու սկսում նկարել, մեկ էլ հանկարծ Նուռիկ տատին է ձայն տալիս.

Լուսանկարը՝  Ինեսա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Ինեսա Զոհրաբյանի

-Ինես ջան, արի մեր հայաթն էլ նկարե:

-Մի օր կգամ, Նուռիկ տատի:

Ու շարունակում եմ նկարել` ծառերի բողբոջները, տերևները, յասամանը, խոտի դեզը: Փորձում եմ մեղվին բռնացնել բողբոջի վրա, մեկը ստացվեց: Ամպերն էլ շատ սիրուն են, ամեն ինչ միախառնվում ու ձուլվում է, ու հասկանում եմ, որ իրոք, մեր երկիրը, մեր ծառերը, մեր ամպերը, մեր ամեն ինչը շատ սիրուն է:

Լուսանկարը՝  Ինեսա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Ինեսա Զոհրաբյանի

ella mnacakanyan yerevan

Վերջին մայիսը

-Էրեխե՜ք, սցենարը վերջացրե՛ք, արդեն մայիսն ա, օր չի մնացել:

Բարև: Ես մի սովորական շրջանավարտ եմ՝ մեկն այն հազարավորներից, ովքեր շուտով անվերադարձ հրաժեշտ են տալու դպրոցին ու մտնելու են կյանքի մի նոր՝ ավելի հասուն փուլ: Իսկ սա հերթականն է այն նախադասություններից, որ ամեն օր, նույնիսկ օրական մի քանի անգամ շրջանառվում է մեր դասարանի ֆեյսբուքյան խմբակային խոսակցության մեջ, որն, ի դեպ, հենց էդպես էլ վերնագրել ենք՝ «Էրեխեք»: Ինչո՞ւ «Էրեխեք»: Որովհետև այստեղ գրվող ցանկացած ահազանգ, կոչ, հարց կամ նորություն սկսվում է հենց «Էրեխեք»-ով: Գուցե հետաքրքրի նաև, թե ինչու են նմանօրինակ «վերջինզանգյան» հարցերը քննարկվում միայն օնլայն տիրույթում: Պատասխանը շատ պարզ է ու մի քիչ ցավալի: Դասերից հետո, որպես կանոն, բոլորը շտապում են պարապմունքների, ոչ ոք սրա ժամանակը չունի. առջևում քննություններն են: Ես նույնպես ժամանակ չունեմ: Բայց նաև չունեմ այն անտարբերությունը, որը կարող էի ունենալ, չէ՞ որ 3 տարի առաջ՝ հիմնական դպրոցն ավարտելիս, ես էլի շրջանավարտ էի և ունեի գրեթե նույն հույզերը, որոնցով հիմա եմ լցված՝ դպրոցական վերջին մայիսին: Պարզապես այն ժամանակ ես ավելի փոքր էի, ավելի քիչ բանով էի հետաքրքրվում ու շատ ավելի քիչ էի խորանում մանրուքների մեջ՝ ինչպե՞ս կկազմակերպվի վերջին դասը, վերջին զանգը, ի՞նչ հագուստ է պետք կրել, կհասցնե՞նք արդյոք հարկ եղածի պես պատրաստվել միջոցառմանը, թե՞ մեկն ու մեկս կմոռանա խոսքերը վերջին պահին: Հիմա ամեն ինչ ուրիշ է, ու ժամանակն էլ է մի տեսակ ուրիշ: Սկսել է խենթի նման վազել, չենք հասցնում հետևից…

Դե լավ, ես գնամ սցենարն ավարտելու, թե չէ «Էրեխեք»-ում նորից խուճապ կսկսվի. օր չի մնացել, արդեն մայիսն է՝ վերջին մայիսը…

anush mkrtchyan

Սևագրի մաքուր էջ

Կյանքում ցանկացած բան հարաբերության մեջ է ավելի լավը: Ամբողջովին սխալ ու ճիշտ չկա, որովհետև անգամ «սխալ»-ը «ճշտի» հարաբերությամբ է սխալ:

Այս կյանքում ամենաշատ սխալների ես հանդիպել եմ սևագրումս՝ խզբզված էջերի ու կիսաջնջված տողերի արանքում: Բայց այդ սխալների մեջ անգամ որևէ ճիշտ բան կա, որովհետև ես ընդամենը խառնել եմ ներքնաձիգի ու էջի երկարությունները, բայց հո գիտեմ, որ ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգի քառակուսին հավասար է էջերի քառակուսիների գումարին: Միևնույնն է, պատասխանը սխալ եմ ստացել:Կամ ասենք, ի՞նչ սխալ կա լուսանցքում նկարված ծաղիկների, խորանարդների, դասընկերոջդ նկարած խոցված սրտերի և ուղղակի կիսաներկված վանդակների մեջ: Ոչ մի սխալ: Չէ, որ սա սևագիր է:

Բայց միշտ չէ, որ մենք ենք որոշում մեր ճիշտն ու սխալը: Երևի սա էր պատճառը, որ Ջորդանո Բրունոյին տարավ ողջակիզման, չնայած որ «երկիրը պտտվում էր»: Ամեն մեկս չէ, որ մեր ճիշտն ապացուցելու համար կարող ենք Պիզայի աշտարակ բարձրանալ՝ փետուրն ու գնդիկը ձեռքներիս: Ու, երևի ապացուցելու կարիք էլ չկա, որովհետև միևնույն է՝ ապացույցը միշտ էլ մոռացվում է, միայն թեորեմն է հիշվում՝ երբեմն:

Բայց ինչպես կյանքում ամեն սխալ բան, այնպես էլ իմ սևագիրն ունի իր ճիշտ կողմը՝ մաքրագիրը: Ու, որովհետև այստեղ ամեն ինչ ճիշտ է և մաքուր, բայց խոստովանեք, որ «ոչ ճիշտ» ծաղիկն ավելի հետաքրքիր է, քան մաքուր՝ «sin2x + cos2x = 1>> -ը»:

Կյանքում մենք սևագիր չունենք, ու մեր մաքրագիրը միշտ էլ լի է սխալներով, ու անգամ ռետինով ջնջելուց այն չի անցնում, որովհետև դու «սխալը» ուժեղ էիր սեղմել:

Sona Tumanyan

Եթե լինեի Մարսի վրա

Երեքշաբթի էր, հերթական հայոց լեզվի ժամը: Որպես տնային առաջադրանք, հանձնարարվեց գրել փոքրիկ շարադրություն «Եթե ես լինեի Մարս մոլորակի վրա…» վերնագրով: Անցան օրեր, շաբաթներ, ամեն անգամ մի պատճառ գտնում էինք չգրված հանձնարարության համար, բայց այդ վերնագիրը միշտ մտքումս էր:
Երևի շատ մարդիկ նույնպես հավատում են այլմոլորակայինների գոյությանը: Իմ պատկերացնումներում նրանք կանաչ հրեշներ են, ովքեր քայլում են զոմբիների նման և խոսում ինձ համար անհասկանալի լեզվով: Նրանց ականջները երկար են ու կարծես օդում լինեն, չունեն լեզու, դե, երևի բան էլ չեն ուտում՝ օդով են սնվում:
Մեկ-մեկ էլ մտածում եմ, թե ինչո՞ւ ծնվեցի հենց այս մոլորակում: Եթե ես լինեի Մարսի վրա, ամեն ինչ կտարբերվեր իմ այս կյանքից: Ես բոլոր Երկիր մոլորակում ապրողներին կանվանեի այլմոլորակայիններ: Երբ փոքր էի, շատ էի վախենում նրանցից, իսկ մայրս, օգտվելով ստեղծված առիթից, ստիպում էր շուտ քնել, ուտել այն ժամանակ, երբ քաղցած չէի: Անընդհատ ասում էր.
-Դե կեր, որ այլմոլորակայինները չգան ու քեզ իրենց ափսեով չտանեն:
-Է՜հ, մա՛մ, հո հիմա՞ր չեն, որ գան տանեն, ախր, ես արդեն մեծ եմ ու հաստատ կծեծեմ իրենց,- ասում էի ես՝ վախը սրտումս, բայց քաջաբար:
Բակի երեխաներին նույնպես համոզել էի, որ նրանք գոյություն ունեն: Ավելին՝ մի անգամ նույնիսկ աղջիկներից ամենափոքրը սկսեց լաց լինել: Համաձայն մեր բակի կանոնադրության՝ այդ աղջկա մականունը դրեցինք Լացկան: Երեխա էինք, չէինք հասկանում շատ բաներ: Հիմա ափսոսում եմ… Ախր, գոնե մի կարգին անուն որոշեինք:
Միշտ ինքս ինձ համոզում եմ, որ այլմոլորակայինը կգա ու կապացուցի իր գոյությունը:

Հ.Գ. Այլմոլորակային,երևի ինչ-որ հրաշքով կկարդաս նյութս: Տե՛ս, հա, ես սպասում եմ քեզ, արդարացրու իմ բոլոր հույսերն ու սպասելիքները:

narek babayan

Այն աշխարհը, որ Հայաստան է կոչվում

Ծնվեց մի երկիր, որ կոչվեց Ուրարտու: Այնտեղ ապրում էր մի հզոր ժողովուրդ՝ անհաղթ ու անկոտրում:

Այս նախնիներից առաջացավ ժամանակակից մի երկիր, որտեղ մարդիկ իրար «ցավ են տանում», իրար «սրտի են մեռնում»: Անգամ պատրաստ են կուրանալ, ինչ ա՝ ուրիշի ցավը չտեսնեն։ Հայաստանս: Գիտե՞ք, եթե ինձ հնարավորություն տրվեր ընտրել վայրը, որտեղ կուզեմ ծնվել, էլի Հայաստանս կընտրեի: Ու էլի գյուղս: Ճիշտ է՝ հաճախ եմ բողոքում բնակավայրիցս: Շատ հաճախ: Միշտ: Բայց եթե մեծանայի քաղաքում, ես ես չէի լինի, շատ բան կկորցնեի:

Միշտ ուրիշ երկրները կապույտի սառը երանգներում եմ պատկերացնում: Բոլորը իրար նկատմամբ անտարբեր, գլուխները՝ կախ, մռայլ: Փոքր տարիքում Ռուսաստանում եմ ապրել: Ինչ տպավորվել է, դա էլ պատկերացնում եմ: Իսկ հայե՞րը: Մի այսպիսի հարց կար ցածր դասարաններում, թե ինչի հետ եմ ասոցացնում հայերին: Ասեմ: Դուք ասեք՝ հայ, ես ասեմ՝ զուռնա: Չգիտեմ՝ ինչու: Այդ բառը հիշելիս ուղեղումս բարձր զուռնա է հնչում: Ջերմության նշան եմ համարում: Այս նյութիս երկրորդ պարբերությունն էլ մտքումս զուռնա փչելով եմ գրել:

«Ջիգյար» բառը հորինվել է Հայաստանում, ինքնանկարագրման համար: Ինչքան էլ ասեք՝ հայերեն բառ չէ: Ուրիշ ո՞ր երկրում ինչ-որ երևույթ «ջիգյարով» կհամարեն: Բառեր էլ չկան էս ջերմությունը նկարագրելու համար։ Ցավոք, այսքան լավ կարծիքս միայն շարքային մարդկանց է վերաբերվում: Որպես ազգ շատ անհամն ենք: Բայց, վատի մասին չխոսեմ, նյութս թող կարճ ստացվի: Լա՛վ կացեք, հայե՛ր ջան, և սիրե՛ք միմյանց, սենց մի 30 դար էլ ձգենք, լավ ա: