Ճանաչեք և լսեք ինքներդ ձեզ

Հարցազրույց Կոտայքի մարզային գրադարանի տնօրեն Անահիտ Խեչոյանի և փոխտնօրեն Թամարա Ղազարյանի հետ:

-Որքա՞ն ժամանակ է, ինչ աշխատում եք գրադարանում:
Թամարա Ղազարյան.
-Ես գրադարանային ոլորտում աշխատում եմ 1983 թվականից: Սկզբում ապրել եմ Սևանում և աշխատել եմ համար 2-րդ դպրոցում, հետո տեղափոխվել ենք Հրազդան: Համապատասխան կրթություն եմ ստացել և շուրջ 35 տարի աշխատում եմ գրադարանում:

Անահիտ Խեչոյան.

-Ավարտել եմ Կոմիտասի անվան կոնսերվատորիան և այս ոլորտում աշխատում եմ 7 տարի: Նախկինում աշխատել եմ Չարենցավանի քաղաքային գրադարանում, իսկ վերջին 2 տարիները՝ այստեղ:
-Գրադարանը գտնվում է Հրազդան քաղաքում, բայց կոչվում է Կոտայքի մարզային գրադարան: Այսինքն՝ ամբողջ մարզի՞ց են ձեզ մոտ ընթերցողներ գալիս: Որտեղի՞ց են ամենաշատը գալիս և ո՞ր քաղաքն է ավելի ակտիվ:

Թամարա Ղազարյան.
-Մենք կոչվում ենք Կոտայքի մարզային գրադարան ոչ թե նրա համար, որ ամբողջ մարզից գան այստեղ գիրք կարդալու, այլ մենք մեթոդ կենտրոն ենք համարվում մարզի տարածքում գտնվող բոլոր գրադարանների համար: Գրքեր ենք նվիրում պետպատվերով, սեմինարներ ենք կազմակերպում: Կամ, եթե ընթերցողը տվյալ վայրում չի գտնում իր ուզած գիրքը, դիմում է մեզ, և մենք այդ գիրքը առաքում ենք իրենց գրադարան:
Իսկ մեր հիմնական ընթերցողները Հրազդան քաղաքից են:

-Կպատմե՞ք Ձեր գրադարանի նախապատմությունը: Ե՞րբ է այն հիմնվել:

-Մեր գրադարանը հիմնվել է 1996 թվականին, երբ Հայաստանում տեղի ունեցան կառուցվածքային փոփոխություններ. շրջանները դարձան մարզեր: Սկզբում այն կոչվում էր Կոտայքի հանրապետական գրադարան, հետո վերանվանվեց Կոտայքի մարզային գրադարան:

-Քանի՞ հոգուց է բաղկացած ընդհանուր աշխատակազմը, քանի՞ բաժին ունի գրադարանը և որո՞նք են դրանք:

-Մենք ունենք 29 աշխատող: Գրադարանն ունի 6 բաժին. սպասարկման, մանկական, գրադարանների ավտոմատացման, գրադարանների հավաքությունների պահպանման ու օգտագործման և մեթոդ-մատենագիտության:

-Ի՞նչ միջոցառումներ եք անցկացնում գրադարանում: Ի՞նչ խմբակներ են գործում գրադարանում, որոնք մոտիվացնում են երեխաներին կամ ընթերցողներին, որ օգտվեն գրադարանից:

-Գրադարանում բազմատեսակ միջոցառումներ ենք անցկացնում. բոլոր հոբելյանական տարեթվերին ենք արձագանքում, նշանավոր մարդկանց հետ հանդիպումներ ենք կազմակերպում: Շոուբիզնեսի ներկայացուցիչների ենք հրավիրում՝ ռեժիսորներ, դերասաններ և առհասարակ մշակույթի հետ կապ ունեցող ցանկացած մարդիկ:

-Գրադարանից օգտվողները ի՞նչ տարիքի են և քանի՞ հոգի են:

-Գրադարանում ունենք 5733 ընթերցող: Տարբեր տարիքի մարդիկ են: 1-15 տարեկան ընթերցողներին սպասարկում է մանկական բաժինը, իսկ նրանցից բարձր տարիք ունեցող ընթերցողներին՝ հիմնական սպասարկման բաժինը: Տարիքային սահմանափակումներ չկան. 22-ից մինչև 60 և բարձր տարիք ունեցող ընթերցողներ ունենք:
-Ինչքա՞ն ժամանակով են տրամադրվում գրքերը, և ովքե՞ր կարող են օգտվել գրադարանից:

-Գրադարանից կարող են օգտվել բոլորը: Գրքերը ընթերցողին տրամադրվում են հիմնականում 15 օրով, բայց լինում են դեպքեր, երբ ընթերցողը չի հասցնում կարդալ, հետ է բերում գիրքը գրադարան և երկարացնում է ժամկետը: Գրքերը տրամադրվում են անվճար:

-Պատահո՞ւմ է, որ ընթերցողները գիրքը վնասված են վերադարձնում կամ չեն վերադարձնում:

-Հազվադեպ դեպքեր լինում են, բայց, եթե չեն վերադարձնում կամ պարզվում է՝ կորցրել են, ապա այդ գրքերը փոխհատուցում են համարժեք գրականությամբ: Բայց նման դեպքեր շատ քիչ են պատահում. հիմնականում վերադարձնում են:

-Մոտավորապես քանի՞ գիրք կա ձեր գրապահոցում:

-Մոտավորապես 78960 կտոր գիրք ունենք մեր գրադարանում, և տեղավորված են տարբեր բաժիններում: Չորս մեծ բաժիններ ունենք:

-Իսկ քանի՞ օրինակով եք ձեռք բերում գրքերը:

-Նայած՝ ինչ գիրք: Օրինակ՝ Անդերսենի, Էքզյուպերիի կամ Թումանյանի հեքիաթները անընդհատ ձեռքի տակ են և մաշվում են: Հետևաբար համալրման կարիք է լինում: Եվ այդ ամենը, բնականաբար, կախված է գրքի գնից: Եթե թանկ է՝ քիչ օրինակով ենք գնում, իսկ եթե էժան՝ ավելի շատ օրինակներով:

-Ինչպե՞ս է ստեղծվել ձեր գրապահոցը:

-Մենք գրքերը ստանում ենք և՛ գնումների, և՛ նվիրատվությունների միջոցով: Անհատ մարդիկ և տարբեր կազմակերպություններ են նվիրում: Դրանց միջոցով ձևավորվում է մեր գրքերի թվաքանակը:

-Պետական միջոցներով ուղարկած գրքերը սովորաբար ի՞նչ բովանդակություն են ունենում:

-Եթե գնում ենք, ապա ընթերցողի պահանջներից ելնելով, իսկ պետպատվերով հրատարակած գրքերը այն գրքերն են, որոնք պետական քաղաքականության արտացոլումն են. ցեղասպանություն, թարգմանություններ այդ թեմայով և նմանատիպ առանցքային թեմաներ:

-Նշեցիք, որ ընթերցողի պահանջներից ելնելով եք գրքեր գնում: Այսինքն՝ ընթերցողները կարող են ներկայացնել իրենց պահանջնե՞րը:

-«Ուլիսը», որն արժեր 15000 դրամ, կոնկրետ մի ընթերցողի պահանջով ենք գնել: Մտանք գրախանութ, տեսանք այդ գիրքը, և չնայած գնին՝ գնեցինք այն: Մենք նախապես գրում ենք, թե ով՝ ինչ է ուզում, կազմում ենք պահանջվող գրքերի քարտարաններ և ըստ այդ քարտարանների, ցուցակագրում ենք և գնում ենք գրքերը գրախանութներից: Աշխատում ենք հետևել նաև նորություններին, որովհետև միշտ չէ, որ ընթերցողը գիտի, որ նորը կա, հատկապես՝ ժամանակակից գրողների գրքերի մասին է խոսքը:

-Ընթերցողների կողմից ամենապահանջված գիրքը ո՞րն է:

-Վերջերս Ջորջ Օրուելի «1984» և «Անասնաֆերմա» գրքերը: Տարբեր ժամանակներում տարբեր գրքեր են դառնում ամենապահանջվածը, սակայն դրանց փոխարինողներ են գալիս: Ես վստահ եմ՝ հենց «Հարի Փոթերը» բերենք, միանգամից այն պահանջված կդառնա:

-Վերջին ժամանակներում արգելված գրականությունը հսկա թվաքանակներով վաճառվում էր: Ձեր գրապահարաններում ևս կան այդպիսի գրքեր: Դրանք ի՞նչ արձագանք ստացան:

-Մեր նշած գրքերը հենց արգելված գրականություն են և հրատարակվել են «Արգելված գրականություն» մատենաշարում: Դրանք մեծ արձագանք ստացան:

-Հիմա շատ հաճախ են ասում, որ երիտասարդությունը ընթերցասեր չէ: Դուք համաձա՞յն եք դրա հետ:

-Դա թյուր կարծիք է այժմյան երիտասարդության մասին: Մեր ընթերցողները հենց հակառակն են վկայում: Մի ընթացք կար, որ սառել էին, բայց հիմա զարթոնք է ապրում մեր երիտասարդությունը: Մենք գոհ ենք. գիտենք, որ կարդում են:

-Իսկ չե՞ք կարծում, որ դա գիրքը ճիշտ մատուցելուց է կախված

-Այո, իհարկե: Մենք պարբերաբար նոր գրքերը ներկայացնում ենք Facebook-ում և Instagram-ում: Գրադարանն իր էջերն ունի սոցիալական կայքերում: Կարևոր է գնալ ընթերցողի պահանջի հետևից, անգամ մի փոքր առաջ անցնել, հետևել նոր հրատարակված գրքերին, որովհետև շատ հաճախ գրքերի դասական ցուցակ են ներկայացնում՝ «Սամվելը» կամ «Վարդանանքը»: Չմոռանանք, որ այդ «դասական» ասվածը խորհրդային ժամանակներից եկած կարծրատիպեր են: Մենք ցանկանում ենք կոտրել այդ կարծրատիպերն ու դուրս գալ այդ քառակուսիներից, որովհետև մեկի համար հեղինակը կարող է լինել դասական, մյուսի համար՝ ոչ: Խորհուրդ եմ տալիս այդ աշակերտական մակարդակից դուրս գալ և առաջ քայլել:

Վերջերս մի գիրք ստացանք վիկինգների մասին: Այնքան հետաքրքիր էր. ամբողջությամբ պատկերում էր վիկինգների կյանքը, կենցաղը, նկարագրված էր նրանց զրահահագուստի ձևը: Կարծում եմ, որ դա որպես պատմական նյութ օգտակար էր և նախկինին լրացնող:

-Ժամանակակից գրողների հետ կապ հաստատո՞ւմ եք

-Իհարկե, մենք շատ լավ համագործակցում ենք ժամանակակից գրողների հետ. ոչ միայն Հրազդանի, այլև Կոտայքի մարզի բոլոր գրողների և բանաստեղծների հետ: Նրանք այստեղ գրողների միություն էլ ունեն: Հենց լույս են տեսնում նրանց գրքերը, մենք անմիջապես կազմակերպում ենք գրքերի շնորհանդեսներ: Լավ ընթերցող կորիզ ունենք. իրենց ենք հրավիրում, և շնորհանդեսները շատ հետաքրքիր ու բովանդակալից են անցնում: Մեր քաղաքի գրողներից են՝ Սուրեն Դավթյանը, Արմեն Ալավերդյանը, Զեփյուռ Մկրտչյանը, Հակոբ Հարությունը, Արամայիս Գարեգինյանը:

-Ի՞նչ առավելություններ ու թերություններ ունի գրադարանն այժմ:

-Մեր գրադարանը տարածքում գտնվող միակ գրադարանն է, որը մշտապես համալրվում է գրքերով: Պետպատվերով ստացած գրքերը միայն մենք տալիս ենք Չարենցավանի, Եղվարդի, Ծաղկաձորի, Աբովյանի քաղաքային գրադարաններին:
Ունենք նաև տիկնիկային թատրոն: Ծրագիր էինք գրել Հայ բարեգործական ընդհանուր միությանը և նրանց հովանավորությամբ տիկնիկներ կարել տվեցինք: Ունենք 17 հատ տիկնիկ: Առաջին ներկայացումը եղավ բելգիացի գրող Մորիս Մետերլինկի «Կապույտ թռչունը»: Տիկնիկավարները ոչ պրոֆեսիոնալ են. մեր գրադարանավարներն են:

-Ի՞նչ վիճակում են գտնվում գյուղերի գրադարանները:

-Գյուղերի գրադարանների վիճակը այդքան էլ լավ չէ. ընթերցողները քիչ են, ջեռուցում չկա, բայց, օրինակ՝ Մեղրաձորի, Լեռնանիստի գրադարանները լավ վիճակում են: Եթե գրադարանը գտնվում է դպրոցի կամ գյուղապետարանի տարածքում, ապա վիճակը, բնականաբար, լավ է:

-Հիմա էլեկտրոնային գրքերը բավականին տարածված են: Գրադարանում դրանց պահանջարկը կա՞: Արդյոք պլանավորո՞ւմ եք համապատասխան սարքավորումներ ձեռք բերել:

-Սա, ինչպես ասում են, մեր ցավոտ տեղն է: Այժմ չունենք այդ հնարավորությունը: Չեմ կարող ասել՝ պահանջարկը կա՞, թե՞ չկա: Միգուցե չեն պատկերացնում և չեն հարցնում: Ըստ իս, եթե առաջարկենք, մեծ արձագանք կստանա: Ես ինքս շատ եմ օգտվում աուդիոգրքերից, որովհետև այսօր շատերը, գուցե, նստելու և կարդալու ժամանակ չունեն: Աուդիո տարբերակը շատ-շատ հարմար է:

-Հետագա ի՞նչ պլաններ ունեք:

-Այսօր գրադարանների առջև դրված պահանջները, ըստ իս, կտրուկ տարբերվում են 5 կամ 10 տարի առաջվա մարտահրավերներից, որոնք դրված էին գրադարանի առջև: Փոխվել է գրադարանի դերը, մենք պետք է այնպես անենք, որ սպասարկման ձևն էլ փոխվի ՝ համապատասխանեցվի ժամանակակից ընթերցողների պահանջներին: Այսօր, ճիշտն ասած, ապագա գրադարանները նմանվում են «Լոֆթի» ձևաչափին. ժամանցը, ինտելեկտուալ զբաղմունքները, ինքնազարգացումը փորձում են համատեղել մի վայրում՝ գրքերի մթնոլորտի ներքո: Պետք է միաձուլում լինի:

-Իսկ ինչպե՞ս առաջացավ այդ գաղափարը, որ գրադարանում «Լոֆթ» բացեք

-Մշակույթի նախարարությունից եկավ այդ առաջարկը: Մինչև նախարարության առաջարկը մենք եղել ենք մի երկու անգամ «Լոֆթում: Հիմա փորձում ենք համագործակցել նրանց հետ:

-Ի՞նչ կմաղթեք այժմյան երիտասարդությանը:

-Մաղթում ենք հաջողություններ: Եթե մի բան որոշել եք, ապա երբեք կանգ չառնեք, ձգտեք և անպայման իրագործեք այն: Ճանաչեք և լսեք ինքներդ ձեզ, փորձեք չընկնել ազդեցությունների տակ: Այսօր բացասական ազդեցությունները շատ են, դրանցից մեկը հեռուստացույցն է, որով ցածրակարգ սերիալներ և տեսահոլովակներ են ցուցադրվում: Անջատե՛ք հեռուստացույցները, մի՛ նայեք անարժեք սերիալներ, և եթե անգամ գիրք չեք կարդում, լավ երաժշտություն լսեք, զբոսնեք, բնության հետ միաձուլվեք, գտեք և բացահայտեք ձեզ:

Տարվա բոլոր օրերին, տարվա բոլոր եղանակներին Ծաղկազարդ է մեր սրտերում

Արարատի մարզի Մրգավան գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցին

jora petrosyan

Վարդենիսի «Պառվու ուլերն»

Վարդենիսը մի քաղաք է,  որն ունի իր ամենահետաքրքիր ճաշատեսակները, սովորույթներն ու ավանդազրույցները։ Այդպիսին է «Պառվու ուլեր»  ասվածը։ Երևի թե, ձեր մեջ հարց առաջացավ,  թե ի՞նչ է դա. միգուցե որևէ վարդենիսյան ուտեստ,  կամ մեկ ուրիշ նման բա՞ն։ Ո՛չ,  ո՛չ ու էլի ո՛չ։ Խոսքը վերաբերում է մի երևույթի,  որի ժամանակ ապրիլ ամսվա սկզբին եղանակը մի քանի օրով վատանում է՝ սկսվում է Վարդենիսի ձմեռվա բուք ու բորանը։ Այդ ամենը իհարկե ունի իր պատմությունը։

Եղել է մի տատիկ,  ով ունեցել է իր սեփական ուլիկները։  Նրանց կաթը վաճառելով  օրվա հացն է ձեռք բերել։  Կաթը վաճառելուց առաջ, զանգվածին միշտ ջուր է ավելացրել։ Մեկ օր տեսնելով, որ եղանակը բավականին տաքացել է,  իսկ սարերն էլ արդեն ներկվել են կանաչ,  որոշել է իր ուլերին տանել հանդերը՝ արածեցնելու։ Ինչպես միշտ,  այս անգամ նույնպես ամեն ինչ խաբուսիկ է եղել։ Այնտեղ հասնելուն պես  սկսվել է ուժեղ քամի,  որը ուղեկցվել է առատ ձնով։ Չկարողանալով պատսպարվել որևէ մի տեղ,  ձնախեղդ է եղել ինչպես տատիկը,  այնպես էլ ուլիկները։
Դե բնական  է,  որ սա լեգենդի կամ առակի նման մի բան է,  բայց բնականաբար դա ունի իր դաստիարակչական նշանակությունը։ Պետք չէ երբեք դիմել խարդախության հօգուտ շահի, որովհետև մի օր անպայման պատասխան կտաս դրա համար։ Իսկ ինչ մնում է նրան,  թե որքանով է այդ պատմությունը համապատասխանում իրականությանը,  ոչ ոք չգիտի, իսկ ապրիլ ամսվա եղանակային կտրուկ փոփոխությունների մասին կփաստեն հենց վարդենիսցիները…

anush hovhannisyan

Հիշողությունների մեծ պարկը

Մեր բակից երեք մանկության ընկերուհիներով սովորում ենք նույն դպրոցում: Ամեն առավոտ սպասում ենք մեզանից ամենամեծի հեռախոսազանգին, որպեսզի դուրս գանք ու գնանք: Հա, ի դեպ, նա ինձնից ընդամենը մեկ օր է մեծ: Ճանապարհին հազար ու մի թեմայից ենք խոսում, հազար բանից բամբասում, մեկ՝ տխրում, մեկ՝ բարձր ծիծաղում: Այնքան հաճելի է, երբ սկսում ենք խոսել մանկությունից, կարոտելու ու հիշելու շատ բան ունենք:

Այսօր ողջ ճանապարհին մեր հիշողություններն էինք փորփրում: Հիշեցինք մեր բակի փոքրիկ սենյակը, որը պապիկիս արհեստանոցն էր, սակայն  մեզ համար վերածվել էր  փոքրիկ ու հարմարավետ տնակի,  որտեղ անցկացնում էինք ողջ օրը:

Հատուկ հյուր ընդունելու օրեր էլ կային, երբ հավաքում էինք տնակը, մեր ունեցած փոքրիկ գումարով մի քանի թխվածքաբլիթ էինք գնում ու մայրիկներին հրավիրում սուրճի: Անսահման ոգևորություն էր, երբ նրանք չէին մերժում ու գալիս էին:

Ինչպես չհիշեմ  «հալամուլան», երբ տղաները մեզնից՝ աղջիկներից, մեծ լինելով խաբում էին մեզ, մենք էլ միամիտի պես փակում էինք մեր աչքերը, հետո ամբողջ բակով մեկ ման գալիս, իսկ վերջում պարզվում էր, որ գնացել են կողքի փողոց, ու սկսվում էր.

-Վերջ, ես էլ չեմ խաղում:

-Դուք արագ եք վազում, մենք՝ չէ:

-Հարամի մեկը, էլ չեմ գալու դուրս:

-Ա դե, մի վախեցրեք, վայ:

Չեմ կարող չհիշել «ռեզինի» առաջնությունները, երբ ամեն մեկս 50 դրամ հավաքում էինք, որ ռեզին առնենք, ու այդպես ամեն շաբաթ: Չգիտեմ ինչու, միշտ մեր «ռեզինը» կորչում էր: Մենք տղաների հետ «բրազիլական» էինք խաղում, որը գնդակով տղայական խաղ էր, իսկ նրանք մեզ հետ «ռեզին», բայց դա միայն շատ համոզելու դեպքում:

Իսկ այսօր մենք երեքով ամեն առավոտ նույն դպրոցն ենք գնում՝ այսքան հիշողություններով մի մեծ պարկ մեզ հետ վերցնելով: Տղաներից մեկը բանակում է, մյուսը սովորում է, մյուսին էլ դեռ այն ժամանակվանից «Նոր տարվա լիմոնադ» էինք ասում, քանի որ ուշ-ուշ ենք տեսնում:

Ինչքան հաճելի է, երբ ընդամենը 16 տարեկան ես ու այսքան հիշելու բան ունես, ու դեռ ինչքան էլ պետք է ավելանան:

albert abrahamyan kapan

Ինչպես իրականացնել երազանքները

Ես Ալբերտն եմ, 17 տարեկան, բնակվում եմ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Դեռ մանկուց սիրել եմ ստեղծագործել, գրել բանաստեղծություններ, պատմություններ և երազում էի, որ մի օր էլ իմ բանաստեղծությունները կտպագրվեն  թերթում,  որպեսզի ես էլ հանրությանը  ներկայանամ որպես պատանի ստեղծագործող: Իմ երազանքը իրականացավ: Մի օր  իմ բանաստեղծությունը տպագրվեց, և ես հասա իմ առաջին երազանքին:

Իմ մանկության հաջորդ երազանքն  էր՝ ունենալ բարեգործական խումբ, և ես իմ ջանքերի և աշխատանքի շնորհիվ հասա  իմ երազանքին:  Ես սովորում էի  9-րդ դասարանում,  և իմ այդ երազանքը կիսեցի իմ լավագույն ընկերոջ՝ Դավիթի հետ: Ես և նա միասին հավաքեցինք թիմ, և կենտրոնացանք ուշադրության պակաս ունեցող անապահով երեխաների վրա և սկսեցինք փնտրել հովանավորներ մեզ աջակցելու համար: Երբ դիմում էինք  տարբեր կազմակերպությունների ղեկավարներին, շատերը գովում էին մեզ և չնչին աջակցություն տալիս, շատերի կողմից էլ տեսել ենք անբարյացկամ վերաբերմունք: Մենք երբևէ չենք հուսահատվել: Վերջապես  իրականացրեցինք մեր ծրագիրը, նվերներ հանձնեցինք այդ երեխաներին և  մեկ օր միասին անցկացրինք:  Երբ արդեն դպրոցն  ավարտեցինք, և բոլորս էլ  դարձանք ուսանողներ,  մեր  բարեգործական խումբը ցրվեց, և այդպես ավարտվեց իմ առաջին բարեգործական գործունեությունը:

Երբ արդեն ուսանող էի Կապանի ՍՏՊՔ-ում,  գտա մի լավ ընկեր՝ Թինային, և նրա հետ միասին  ստեղծեցի ևս մեկ խումբ: Քանի որ մենք շատ ենք սիրում մեր հայրենիքը, խումբը անվանեցինք «ԼեռնաՀայաստան բարեգործական խումբ»:  Բայց այս անգամ մեր գործունեությունը կենտրոնացրեցինք անապահով հաշմանդամ երեխաների  վրա: Դեռ բացման օրվանից խումբը համագործակցում էր տարբեր կազմակերպություների հետ, որոնք զբաղվում և աշխատում են հաշմանդամ երեխաների հետ: Գտանք  հովանավոր, և մեր առաջին ծրագիրը իրականացրեցինք Ամանորին: Մեր Ձմեռ պապը այցելեց երեխաներին, ուրախացրեց և հանձնեց նվերներ: Հաջորդ անգամ համագործակցեցինք Կապանի Ա.Շիրվանզադեի անվան թատրոնի հետ: Մեր խմբի երեխանները այցելեցին  թատրոն  և շատ ուրախ օր անցկացրեցին այնտեղ:

Մենք շարունակում ենք  նոր ծրագրեր իրականացնել, և  ես համարում եմ, որ այս երազանքս նույնպես իրականություն դարձավ:

Ձեզ կպատմեմ իմ վերջին իրականացրած երկու երազանքների մասին: Ես երազում էի ունենալ սեփական պարի  և ձեռքի աշխատանքների խմբակ:  Այսօր այն գործում է Կապանի Բաղաբերդ ակումբում: Երազում էի գնալ թատրոն և այսօր  աշխատում եմ Կապանի Բառառագետ թատերախմբում:

Սիրելի իմ հասակակից, իմ խորհուրդն է քեզ, որ դու էլ լինես համառ և աշխատասեր, և կհասնես քո երազանքին:

amalya harutyunyan

Բայց Շուշին սպասում էր

Ասում են` խաղաղության հասնում են միայն այն դեպքում, երբ կարողանում են այն պարտադրել:

Իսկ դու պարտադրեցի՞ր։ Քեզ համար չէին հաստափոր կոնվեցիաների գրքերը ու խաբուսիկ հաշտության պայմանագրերը: Քոնը փամփուշտն էր, քոնը զենքն էր, որ պիտի դառնար կյանքիդ ուղին: Քեզ ջուր տվեցի՞ն ճանապարհին, դե, իհարկե՝ ոչ, քեզ քո քրտինքն էլ էր հերիք: Այտերդ կարմրել էին, հևում էիր, երկար ճանապարհ էիր անցել, մի ամբողջ հավերժության չափ երկար ու դեռ պետք է անցնեիր: Ու գնում էիր՝ թևիդ տակ պահելով զավակներիդ, պահելով ու պաշտպանելով նրանց: Դու գիտեի՞ր՝ ինչ է խաղաղությունը։ Դե, իհարկե՝ գիտեիր, բայց չէիր տեսել, չէիր ճաշակել նրա հաճույքը:
Եվ դու գնում էիր… Ո՞ւր. Սասո՞ւն, Վա՞ն, թե՞՝ Կարս։ Բայց Շուշին սպասում էր, Շուշին կռվում էր, Շուշին ապրում էր: Դու չէիր երազում մեծ տարածքների ու արժեք չունեցող մի քանի դրամների մասին, քոնը ազատությունն էր, քոնը կյանքն էր…
Քայլում էիր. քայլերդ փոքր էին ու կամաց-կամաց, բայց դու հասնում էիր, դու գտնում էիր: Չկա՞ր, ստեղծում էիր…
Արև սիրող ժողովրդիդ համար լույս չկար, քոնը անձրևն էր, տաքը քոնը չէր, քոնը սառը քամին էր, որ առաջ էր քշում քեզ:
Քեզ օգնեցի՞ն։ Դե, իհարկե՝ ոչ, ո՞վ օգներ։ Ալեհեր էիր, բայց չափից շատ էր միջիդ կորովը, երիտասարդներից առաջ էիր ընկել, երիտասարդները քո դեմ թույլ էին։ Դու անընդհատ վայր ընկար, բայց մի քանի ակնթարթ հետո կանգնեցիր: Դե, իհարկե, վայրէջքները քոնը չէին, քոնը վսեմ ու խրոխտ քայլերն էին: Դու գլուխդ չկախեցիր, երբե՛ք, դու բարձր էիր, հպարտ էիր, նույնիսկ նրանցից, ովքեր քո գլխավերևում էին: Երկյուղը քոնը չէր, քոնը հպարտությունն էր:
Դու հոգնեցի՞ր։ Դե, իհարկե՝ ոչ, ինչպե՞ս կարող էիր ուղիդ կիսատ թողնել, քո ուժերը բոլոր հզոր տերություններից էլ շատ էին: Հանձնվելը քոնը չէր, քոնը պայքարն էր:
Փխրուն հողը ոտքերիդ տակ աշխարհի ամենաամուր ու ապահով տարածքն էր, հողն էր, որ տանում էր առաջ, հողն էր, որ ստիպում էր քեզ խաղաղություն պարտադրել:
Ու դու նորից պարտադրեցիր…
Ապրիլ էր, չեկած ամառ, չեկած աշուն, կամ էլ ձմեռ, բայց ո՞վ իմանար, որ տասնյակ-հարյուրավոր հայորդիների համար ամառներն ու ձմեռները չեկած են մնալու։
Ապրիլ էր, ձյուն էր արել, այն ձյունը չէր, այս անգամ ձյունը պատերազմ էր բերել։
Մի քանի տարի էլ չէր անցել, ինչ բակում իրենց պատրաստած զենքերով «կռիվ-կռիվ» էին խաղում։ Բայց ո՞վ իմանար, որ բակի չարաճճի տղաների ճյուղերով պատրաստած զենքերը հրացանի էին վերափոխվելու, ձնագնդիկները՝ հրետանու կրակոցների, բակի հետևի ավազով պատված փոշոտ տարածքը՝ պատերազմի իրական ու կարմիր դաշտի։
Ապրիլ էր, ու դու քո հազարավոր բջիջներով ցանկանում էիր դառնալ հողիդ ամենափոքր մասնիկը, ձուլվել հողին, լինել ամենամոտ հենարանը, որի վրա կկանգնեին հպարտ հայորդիներդ։
Արյունոտված ապրիլ էր, դարերում կոփված, դարեր հասած ու դարեր կտրած ապրիլ էր։
Թշնամին իր տեխնիկան էր բերել՝ քանդելու համար մեր սահմանները։ Բայց էլ ի՞նչ զինամթերք։ Մեր դռները զինվորներն իրենց սրտերով էին կողպել, էլ ո՞վ կբացեր։ Ասում էին՝ տարածք ենք ուզում։ Էլ ի՞նչ տարածք… Մերոնք հողերը կյանքով էին պահել, վրեժով ջրել, քրտինքով ծաղկեցրել, որ հավերժ ապրի հայը իր տան մեջ։
Մերոնք ապրելն էին ընտրել։ Էլ ինչպե՞ս պիտի հաղթանակ տաներ թշնամին…
Պատերա՞զմ եք ուզում, էլ ի՞նչ պատերազմ. մեր խաղաղությունը մեր զինվորների արյունով է կնքած։
Եվ դու կռվում ես և դու ապրում ես: Դե, քոնը համոզելը չէ, քոնը՝ պարտադրելն է․․․

Lilia Apresyan

Երբ Հայաստանն ուղիղ գիծ էր

Տարիներ առաջ, երբ փոքր էի, ամեն անգամ պատերազմի մասին լսելիս հետաքրքրությանս չափ ու սահման չկար: Միշտ միջամտում էի մեծերի խոսակցությանը, ամեն կերպ ուզում էի հասկանալ պատերազմի էությունը: Գիտեի, թե պատերազմն էն ա, որ հայերն ու թուրքերը կանգնում են դեմ դիմաց ու սկսում իրար կրակել: Երբ ինչ-որ մի առիթով հավաքվում էինք բարեկամներով, պարտադիր միշտ խոսակցություն էր բացվում Արցախյան ազատամարտի մասին: Ու էդ պատմությունները ինձ շա՜տ էին հետաքրքրում: Հետաքրքիր էր հատկապես «նկուղային» կյանքն ու մոմի լույսի տակ մի կերպ յոլա գնալը:

Իսկ Հայաստանն ինձ համար մի ուղիղ գիծ էր, որի ամենածայրում մեր գյուղն էր, իսկ մեզանից հետո սկսվում էր մի ուրիշ գիծ, էդ էլ Ադրբեջանն էր: Գիտեի, թե մեր գյուղից հետո էլ Հայաստան չկա:

Անցան տարիներ: Հայաստանի ուղիղ գիծ լինելու պատկերացումներս վերացան, պատերազմ վարելու ձևը՝ նույնպես: Սահմանն օրեցօր լարվում էր, զոհված զինծառայողների անունները՝ ավելանում: Իսկ երբ արդեն խոսք էր գնում սպառնացող պատերազմի մասին, ամեն կերպ ժխտում էի (կամ էլ ինձ հույս էի տալիս), որ չի կարող պատերազմ սկսվել:

Էսպես անցնում էին օրերը: Հայաստանի, հայ ժողովրդի ու, ընդհանրապես ամեն ինչի մասին պատկերացումներս փոխվում էին, բացի պատերազմ սկսվելու հավանականությունից: Ուղեղիս ծալքերում ոչ մի կերպ չէր տեղավորվում էդ փաստը, մինչև… Մինչև եկավ ապրիլը:

Ամսի երկուսն էր, սովորականի նման դպրոցում էինք ու պատրաստվում էինք Գրիգոր Խանջյանին նվիրված «Հայից հայը» խորագրով միջոցառմանը: Փաստորեն, մինչ մենք տարված էինք փորձերով, արդեն սկսվել էր իմ ուղեղի ծալքերում ոչ մի ձև չտեղավորվող պատերազմը: Պատերազմը…

Սովորականից շուտ գնացինք տուն: Սկզբից ոչ մի արտասովոր բան չկար: Մտածում էի. «Դե, միշտ էլ սենց ա էլի եղել, շատ որ՝ էս անգամ մի քիչ մեծածավալ ա»:

Արդեն երկու օրից համակարգիչն ու հեռուստացույցը դարձել էին իմ ամեն րոպեի վկաները՝ ինչ-որ նոր ինֆորմացիա կորզելու համար:

Ամեն վայրկյան մտքով դիրքերում էի, Տղերքի կողքին: Նրանց հետ կռիվ էի տալիս թուրքի դեմ, նրանց հետ ընկնում էի, նրանց նման իմ սիրտն էլ էր խոցվում թշնամու գնդակներից: Միակ տարբերությունն այն էր, որ սրանք զուտ իմ պատկեացումներն էին, իսկ Տղերքը կանգնած էին սահմանին, հող էին պաշտպանում, էդ հողը ներկում արյունով, ընկնում էդ հողի համար…
Անցան օրեր, ամիսներ, մի տարի… Պատերազմի վտանգը երևի անցել է, չգիտեմ:

Ես արդեն էլ չեմ ժխտում, որ պատերազմը միշտ մեզ հետ է, մեր կողքին և մի օր կարող է քնած հրաբուխի նման հանկարծ ժայթքել, ինչպես ապրիլին էր, մի տարի առաջ…

seda mkhitaryan

Գարունը նրանց մեջ էլ է կաթացել

Այսօր էլ շուտ եկա, վերջին երկու շաբաթվա ընթացքում էդպես է ստացվում։ Կրկին բացում եմ դուռը ու էլի մենակ եմ, դե, եթե չհաշվենք սեղան-աթոռները, գրատախտակը, պահարանն ու հանգած վառարանը։ Հանգած, որովհետև դեռ չեն հասցրել վառել, ամեն օր էլ էդպես է լինում։

Պատուհանից այն կողմ երկու աղջիկ հայտնվեցին՝ քույրեր են, գարունը կաթացել է նրանց մեջ ու ձեռքներին մի-մի մանուշակի փունջ, իսկ դեմքներին՝ մի-մի կտոր ժպիտ դրել։ Գարնան մասին մտորումներս ընդհատում է դռան ձայնը։ Վառարան վառողն է, տեսնելով ինձ ժպտում է, բարևում ու սկսում այսօրվա իր զրույցը, երևի արդեն սովորական է դարձել նախորդ օրվա դեպքերն ինձ պատմելը։ Պատմեց, աղջկա ծնունդն էր եղել, փաստորեն կարգին ուրախացել էին: Զրույցն ավարտեց ու գնաց։

Հիմա գրչիս ու թղթիս հպումի ձայնից բացի նաև վառարանի ճտճտոցն է հասնում ականջիս՝ ամենասիրուն երաժշտությունը աշխարհում, եթե ուզում եք պատկերացնել այն, ուղղակի փակեք ձեր աչքերը ու հիշեք ձեր ամենասիրելի երգը, և ամեն ինչ տեղը կընկնի (եթե հնարավոր լիներ, կձայնագրեի ու կկցեի նյութիս)։

Ասում են՝ տղաներն են միշտ ուշանում, բայց հիմա երևացող 5 աշակերտներից միայն մեկն է աղջիկ, ու չնայած դրան՝ զրույցի է բռնվել տղաների հետ և ուրախ ժպիտով գալիս է (գարունը այս մեկի գլխին էլ է խփել)։

Էլի երեխաներ հայտնվեցին, քայլում են, խոսում, ծիծաղում, իսկ ես, պատուհանի դիմաց կանգնած, նայում եմ աշակերտների ու ուսուցիչների անփոփոխ խմբերին։ Միշտ նույն մարդիկ միասին են գալիս ու նույն հերթականությամբ։ Դասընկերներս միշտ ամենավերջում են գալիս, գրեթե դասը սկսվելու հետ, միաժամանակ, և նրանց ուշանալու արդյունքն էլ այն է, ինչ այժմ կարդում եք։

Այնուամենայնիվ, նրանք եկան: Նրանք այն մարդիկ են, ում հետ ես կիսում եմ այս դասարանի լռությունը։ Տեսնելով ինձ՝ ժպտում են, հավանաբար մտածում՝ էլի շուտ է եկել, տեսնես բան ու գործ չունի՞։ Ես արագ պահում եմ տետրս պայուսակիս մեջ ու սպասում նրանց գալուն, դուռը բացվում է՝ եկան։ Արդեն վառարանի ձայնը չի լսվում, դե աղմուկն իրենով լցնում է օդը, ու մարդկային խոսակցությունները հաղթում են փայտի ճարճատյունին։

Դուռը էլի բացվեց, վառարան վառողը մի անգամ էլ երևաց՝ ստուգելու թե ամեն ինչ նորմա՞լ է կրակի հետ։ Այո՛, նորմալ է, դե չհաշված խեղաթյուրված ձայնն ու այն, որ նրա տաքությունը այսօր այնքան էլ հաճելի չէ: Արդեն արևն իր փոխարեն տաքացրել է իմ դասասենյակը։

Ազատ թռիչք

Լուսանկարը՝ Լիլիթ Խլղաթյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Խլղաթյանի

Երբ արդեն ամբողջությամբ հավատում էի, որ եկել է գարունը, կրկին եկավ ձյունը և ամեն ինչ փչացրեց:

Շաբաթ օր էր՝ մռայլ եղանակ էր, և ձյուն էր տեղում: Հանկարծ, քույրս արագ տուն մտնելով, գոռաց.

-Լի՜լ, արագ ջուր բեր:

Նրա ձեռքերի մեջ մի փոքրիկ ճնճղուկ կար։ Թռչունը կարծես գիտակցությունը կորցրել էր: Ես արագ, մի փոքր ջուր վերցրեցի և շաղ տվեցի նրա վրա, մի քանի անկանոն շարժում անելուց հետո նա բացեց աչքերը…

Քույրս` Սոֆին, մի քանի բառով պատմեց. «Դրսում էի, երբ նա վերևից ցած ընկավ, չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե ես այնտեղ չլինեի»: Փոքր եղբայրս` Արեգը, շատ էր ուրախացել։ Նա ուրախությունից վազում էր այս ու այն կողմ: Ու մեկ էլ՝ հո՜պ, ճնճղուկը քույրիկիս ձեռքերից թռավ: Մի քանի րոպե նա թռչում էր այս ու այն կողմ, և Սոֆիին շատ դժվարությամբ հաջողվեց բռնել նրան: Մի քանի րոպե էլ նրան պահեցինք մեր տանը, որպեսզի տաքանա, և հետո որոշեցինք դուրս հանել և թողնել, որ գնա:

Եվ այդպես էլ արեցինք, տնից դուրս եկանք` Սոֆին բացեց ձեռքերը, և այդ փոքրիկ թոչունը թռավ հեռո՜ւ, շա՜տ հեռու:

Չեք պատկերացնի, թե ինչքան մեծ էր մեր ուրախությունը։ Չէ՞ որ մենք կարողացանք օգնել նրան․․․

Վերադարձանք տուն, Արեգը լաց էր լինում: Նա լալիս էր, որովհետև մենք բաց թողեցինք իր նոր ընկերոջը: Բայց ուրիշ ի՞նչ կարող էինք անել, չէ՞ որ այդ խեղճ թռչունը սովոր է ազատ թռիչքին և սիրում է ազատությունը։ Ինչպե՞ս պահեինք մեր տանը: Ճիշտ է, Արեգը մի քանի րոպե լաց եղավ, բայց դե փոքր է՝ չի հասկանում, իսկ մենք շատ ուրախ էինք և գոհ, որովհետև կարողացանք օգնել մի անմեղ էակի և նրան ազատ թռիչքի հնարավորություն տվեցինք․․․

Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի