Քաղաքակիրթ հավը

Միշտ տեսնում ու մեկ-մեկ էլ ծիծաղում եմ, թե ինչպես են բակում նստած մի քանի տատիկ միասին փորձում նրանցից մեկի հեռախոսազանգին պատասխանել:

Ի՜նչ արած, երբ նրանք մեր տարիքի էին, անգամ պատկերացնել չէին կարող, որ կարող են խոսել անլար հեռախոսով, որը կոճակներ էլ չունի: Խոսել-վերջացնելուց հետո օրհնում են այն ստեղծողին, ու սկսում քննարկել, թե ուր են հասել գիտական նվաճումները:

Ամառվա շոգ օրերից էր: Որոշեցի այցելել բարեկամներիս: Վաղուց չէինք հանդիպել: Մինչ մենք զրուցում էինք, հանկարծ նկատեցի, որ հավը ձու էր ածում այնտեղ, որտեղ նրանք տեղավորում էին ձվերը (ապրում են սեփական տանը):

Լուսանկարը` Անահիտ Նազարյանի

Լուսանկարը` Անահիտ Նազարյանի

Ածելուց հետո վերադարձավ «ընկերների» մոտ: Պարզվեց, որ բարեկամներս նկատել էին իրենց քաղաքակիրթ հավին, ասում են, որ դա նրա սովորությունն է:

Այդ ժամանակ արդեն ես սկսեցի մտածել, թե ինչ հետաքրքիր դարաշրջանում ենք ապրում, անգամ հավերն են դարձել խելացի: Գիտական նվաճումներով երիտասարդներին էլ չես զարմացնի:

Դիլիջանյան մեդիա ճամբար. Հաղարծնի ուժը

-Զա՛ռ, արագացրու՛, պատրաստվի՛, շու՛տ-շու՛տ, շարժվում ենք:
-Ու՞ր  ենք շարժվում, եր՞բ:
-Հաղարծին:
-Հաղարծի՞ն, հա էլի Հաղարծին, գնացինք, պատրաստ եմ:

Ճանապարհին մտածում էի՝  հնարավո՞ր է, որ միտքը ուժ ունի, բայց չէ, չէ Հաղարծնի ուժն է, Հաղարծնի:
Այս օրերին Տավուշի թեմում անցկացվում է Հաղարծնի հոգևոր և մշակութային շաբաթ փառատոնը,  և մեր առջև դրված էր հստակ խնդիր` լավագույնս ներկայացնել փառատոնը: Դժվար էր լինելու, բայց մի անգամից  կարծիքս փոխեց  մեզ դիմավորող կամավորների բարձր ու ոգևորող տրամադրությունը: Դրական  միջավայրը  տրամադրեց  աշխատանքի: Առաջին բանը, որ արեցինք,  վանական համալիրը ուսումնասիրելն էր, ընթացքում ծանոթացանք նաև  փառատոնի հյուրերի հետ: Մտածեցի` թեմի առաջնորդին չենք տեսնի, բայց հենց այդ պահին նկատեցի Սրբազանին  ու մի քանի վայրկյան հետո  արդեն բոլորեցինք  Սրբազան  Հոր շուրջը: Օրհնություն ստանալուց հետո, ուզեցա ներկայանալ, բայց չհասցրի. անվանքարտին նայելով  Տ.Բագրատ Եպիսկոպես Գալստանյանը ասաց,  որ հետևում է 17.am-ի թղթակիցներին:

-Մեր աղտոտված մամուլի միակ լուսավոր կետն է, նյութերը գրված խորին մաքրությամբ ու անկեղծությամբ,- ասաց Սրբազան Հայրը:

Ծանոթացա նաև հալեպահայ Շանթ  Խայալյանի  հետ, ում տարիքը գուշակելուց հետո, ինքը  գուշակեց  ապագա մասնագիտությունս: Հաջորդ կանգառում  ինձ հյուրասիրեցին տեղում պատրաստվող ընկույզի և մոշի մուրաբայով: Մի բան էլ հասցրեցի անել. բրուտի  հետ սափորին տեսք տվեցինք. զգալ էր պետք կավի հոտը:

Հիացմունքս  եռապատկվեց, երբ ծանոթացանք Լոնդոնից ժամանած մի կնոջ հետ, ով պատմեց թե ինչպես է ապրում Լոնդոնում` սիրելով Հայաստանը:

Այս ամենից դուրս ու ամենի մեջ նկարահանումները ինձ համար ավարտվեցին հոգևոր մեծ բավարարվածությամբ ու խորը զգացումներով, որի մասին չեմ խոսի:

Իսկ մնացածի մասին հետևություններ կարող եք անել լուսանկարներով:

svetlana davtyan

Ես քո կատվիկն եմ, իսկ դու` իմ տերը

Ամպրոպին հաջորդած տեղատարափ անձրևի  անխնա հարվածներից կծկված փոքրիկ, անօգնական կատվիկը, քարշ տալով վիրավոր ոտքը, մի կերպ կարողացավ պատսպարվել մոտակա տան անկյունում…

Չէր հասցրել  վայելել չոր ու տաքուկ անկյունում գտնվելու երանությունը, երբ ոտնաձայներ լսեց: Անկյունում  հայտնված աղջիկը նկատեց փոքրիկ կատվիկին, մոտեցավ և կարկամեց: Կատվիկի աչքերը սարսափ էին արտահայտում: Հավանաբար նախկին տիրոջ կողմից  ծեծված ու հալածված լինելն էր ստիպում նրան մարդկանց դիտել իբրև դաժան ու անխիղճ արարածների: Կատվիկը նույնիսկ հրաժարվեց աղջկա առաջարկած կոնֆետից՝ ավելի խորանալով իր թաքստոցի մեջ: Աղջկան դժվարությամբ հաջողվեց ցրտից դողացող փոքրիկին գիրկն առնել: Գուրգուրելով կենդանուն՝ աստիճաններով վեր բարձրացավ և տան շեմին, ծնողների հարցական հայացքներին ի պատասխան խնդրեց՝ հավատացնելով, որ ամենօրյա խնամքն ու հոգատարությունն իր պարտականություններից մեկն է լինելու: Ընտանիքի անդամները, ծանոթ լինելով իրենց դստեր հաստատակամությանը, չհակառակվեցին: Ուշադիր զննեցին կենդանու վնասված ոտքը, մշակեցին վերքը, վիրակապեցին և մի փոքրիկ, հարմարավետ անկյուն տրամադրեցին: Բելլան (ինչպես անվանեցին կատվին) երևի կյանքում առաջին անգամ քնեց հանգիստ, ապահով ու տաքուկ պայմաններում: Կատվի մուտքն ընտանիք ավելի հետաքրքիր դարձրեց աղջկա կյանքը: Հիմա նա պատասխանատու է Բելլայի համար, ուրեմն մեծ է արդեն:

Թող մեր կողքին, մեր քաղաքում ապրող այս աղջիկը օրինակ լինի բոլորի համար, ովքեր դաժանաբար են վարվում կենդանիների հետ, քարկոծում կամ փողոց են շպրտում՝ առանց հաշվի առնելու, որ նրանք ևս շնչավոր էակներ են, կարոտ` խնամքի և ջերմության:

Կյանքը` աշակերտական նստարանի և ուսուցչական սեղանի միջև

Հարցազրույց Մարգահովիտ  գյուղի  միջնակարգ դպրոցի  նախկին   ուսուցչուհի  Գայանե Կոծինյանի  հետ

-Տիկին Գայանե, քանի՞  տարի եք աշխատել դպրոցում:

-45 տարի աշխատել եմ՝ որպես հայոց լեզվի և  գրականության ուսուցչուհի:

-Յուրաքանչյուր երեխա  առանձին անհատականություն է. երբևէ  դժվարացե՞լ եք աշխատել:

-Դժվարը դժվար է, մանկավարժի մասնագիտությունը հեշտ գործ չէ, բայց երբ սիրում ես քո աշխատանքը, դժվարությունը հեշտ է հաղթահարվում:

-Եթե տարիքը չխանգարեր, կշարունակեի՞ք աշխատել:

-Սիրով կշարունակեի:

-Այսօր ուսուցիչների մեծ մասը  դպրոցից դուրս աշխատում է նաև  անհատական պարապմունքներով, հետաքրքիր է՝ ո՞րն եք Դուք ավելի նախընտրում՝ անհատական աշխատա՞նքը, թե՞ խմբակային:

-Կարևորը  ոչ թե  անհատական կամ խմբակային  աշխատանքն է, այլ  ստացված  արդյունքը: Եթե արդյունքը գոհացնող է, ուրեմն մեթոդը լավ է գործել: Դպրոցի  ներսում իհարկե ավելի  բարդ է, բայց առավել հետաքրքիր, որովհետև  դասարանից  դուրս կա նաև աշխատակազմ, գործընկերներ, իսկ  անհատական աշխատանքը զուտ առարկայական է:

-Նախքան մանկավարժ  դառնալը հաստատ որոշե՞լ էիք Ձեր ուղին, եթե այո, ապա դա նպատա՞կ է եղել , թե՞ երազանք:

-Չորչորդ դասարանում ես  արդեն  հաստատ գիտեի՝ ինչ եմ ուզում և ինչու, մանկավարժ դառնալը նպատակ էր, հիմա արդեն՝ երազանք, կուզեի անվերջ  աշխատել:

-Ձեր աշակերտները այցելո՞ւմ են Ձեզ:

-Իհարկե, կապը միշտ կա թե աշակերտներիս, թե նախկին գործընկերների հետ:

-Ուսանողական տարիներից ինչ-որ դեմք, ինչ-որ իրադարձություն կա՞, որ դաջվել է Ձեր հիշողության մեջ:

-Ուսանողական տարիներից  հիշողությանս մեջ ակադեմիկոս Աշոտ Աբրահամյանն է մնացել, շատ քիչ էր խոսում կամ վերաբերմունք ցույց տալիս ուսանողներին, երբ պատասխանում էի դասը, նրա դեմքին հայտնված մի փոքր ժպիտը բավական էր ինձ…

-Ձեզ բախտ է վիճակվել  աշխատել տարբեր սերունդների հետ, տարբերություն բնականաբար կա, կնշե՞ք դրանք:

-Սովետական դպրոցը ավելի  շատ ուսուցչակենտրոն էր, երեխային ուսուցչի կարծիքն էր  պարտադրվում, բայց ես այդպես չեմ արել, ինձ համար  կարևորը երեխայի կարծիքն է եղել, ու միշտ  հաշվի եմ առել այն, դա  իմ և իմ աշակերտների մեջ  մեծ հոգեկան կապ է առաջացրել:

-Հիասթափության պահեր միշտ լինում են, հետաքրքիր է՝ Ձեր  աշխատանքային տարիներին եղե՞լ են դեպքեր, երբ այդ հիասթափությունը առաջացրել են աշակերտները:

-Մի դասարան կար, որտեղ ինձ շատ էին սիրում, ես էլ՝ իրենց: Մի անգամ դասիցս փախել էին, վիրավորանք, հիասթափություն խառնվել էր իրար, շատ էի վիրավորվել, բայց  դրանից հետո  անընդհատ ներողություն էին խնդրում, անընդհատ անակնկալներ ու նամակներ էին գրում:

-Ամփոփելով զրույցը՝ մի բառով բնութագրեք Ձեր աշխատանքը Ձեզ  համար:

-Կյանք:

Դիլիջանյան մեդիա ճամբար. Ֆոտոարշավ դեպի Սեմյոնովկա

Ըստ ճամբարի օրակարգի, ճաշից հետո, ժամը 15:00-ին նախատեսված էր գնալ ֆոտոարշավի: Մենք գնացինք Սեմյոնովկա գյուղ ֆոտո անելու: Առաջին խմբի մեջ ես նույնպես ընդգկված էի: Գյուղը համարվում է ամենալեռնայինը և ամենաբարձրերից մեկը: Կարծեցինք, թե ցուրտ կլինի: Մեզ հետ վերցրեցինք վերարկուներ, և ճանապարհ ընկանք: Ճանապարհը երկար էր ու քարքարոտ, բայց երբ նայում էիր շուրջբոլորդ ամբողջովին անտառ էր, ամեն ինչ պատված էր կանաչ երանգով: Կես ժամ, ու հասանք տեղ: Առաջին քայլը, որ արեցինք, հարձակվեցինք գյուղի կենտրոնում գտնվող աղբյուրին: Սառը ու մաքուր ջուր, իսկական գյուղական անարատ ջուր: Գիտե՞ք, այնքան շոգ էր, որ խեղդվում էինք: Սարի վրա է, բարձր է, ցուրտ կլինի, այն էլ լավ շոգ էր: Սկզբից այցելեցինք մի տատիկի, ցանկացանք նկարել: Մեր պատանի թղթակիցներից Արտյոմը մոտեցավ նրան ու ներկայացավ:

-Տատի ջան, մենք նկարել ենք սովորում, եկել ենք Դիլիջան ճամբար ու կցանկանայինք ձեզ լուսանկարել: Հուզված էր ու չուզեց լուսանկարվել: Ասաց` զոհված զինվոր ունի, և չի կարող արտահայտվել, հուզմունքը թույլ չի տալիս: Մենք հարգելով իրեն և զոհված զինվորին, հարցեր չտվեցինք, ուղղակի նկարեցինք տան տարածքը և շարունակեցինք քայլել գյուղի շրջակայքով: Բոլոր տներում տատիկներն էին գերակշռում:

Հաջորդ տանը նույնպես մի տատիկ կար, ձեռնափայտով նստել էր քարին: Երբ մոտեցանք ու ներկայացանք, նա ուրախ-ուրախ միանգամից համաձայնեց` չիմանալով, թե մենք ով ենք: Լավ չէր լսում, խնդիրներ ուներ լսողության հետ: Կանչեց թոռանը, անունը Ռիտա էր: Անընդհատ տատն ասում էր:

-Բուլի, բուլի, բուլի,-հասկացվում էր, որ կենդանիներին է կանչում կամ ներս է քշում:

-Տատի ջան, հաջող,-ասաց Աշոտը:

-Լավ երեխեք, չի լսում ոնց որ, եկեք ձեռքով հաջող անենք,-ասաց Քրիստինեն:

Ու մենք ձեռքով անելով փորձեցինք հասկացնել, որ գնում ենք և հրաժեշտ ենք տալիս:

Երբ քարքարոտ ճանապարհով բարձրանում էինք վերև, մեզ միացան երկու աղջիկ երեխաներ: Անունները` Մարիա, ինչքան հիշում եմ, և Միլենա: Մեզ հետ էր նաև մեր թիմից՝ Միլենա Խաչիկյանը: Հենց այդ երեխան ներկայացավ, ես շրջվեցի և նայեցի Միլենին ու ժպտացի: Մեր հայացքները կարծես թե բախվեցին իրար: Փոքրիկները ուղեկցեցին մեզ ու տանում էին գյուղի գեղեցիկ տները, վայրերը: Փոքր էր գյուղը: Մի ճանապարհով մտնում էինք, իսկ մյուսով դուրս գալիս: Բոլոր փողոցները իրար կողք-կողքի էին: Այցելեցինք շատ հետաքրքիր մի տուն: Մեքենայի վրա նստած էր փոքրիկ Արամը, իսկ կողքին ընտանիքի անդամներն էին: Նույն ձևով ներկայացանք: Ոչ ոք չցանկացավ լուսանկարվել: Արամիկի մայրն ու քույրը վազեցին տուն, իսկ եղբայրը՝ Գոռը, բռնեց փոքրիկին, որ հանկարծ չընկնի մեքենայի վրայից: Այդ դիրքով էլ ստացվեցին մեր բոլոր ֆոտոշարքերը կապված Արամիկի հետ:

-Մամ, տես, ինձ նկարում են,- ծիծաղում էր երեխան և ոգևորությամբ փաստում էր ուրախության չափը: Երեխայի ժպիտը երբեք չես փոխի ոչնչի հետ:

Հաջորդ կանգառը, քանդված և վատ պայմաններով տուն էր: Դրսում աթոռների վրա դրված էր անկողնային տարբեր պարագաներ՝ բարձ, վերմակ, շորեր և այլն: Դրանց կողքին աթոռի տակ կատուներ էին: Շատ վատ տեսք ունեին: Սոված էին երևում, և բավականին հյուծված, անմխիթար վիճակում էին: Դուռը ծեծեցինք, փոքրիկներին էին լողացնում, դռնից դուրս եկան տատիկ ու ոնց որ աղջիկը: Առանց ինչ-որ մի բան ասելու, տատը չուզեց լուսանկարվել: Զայրացած էր: Մեզ պատմեց, որ տարբեր երկրներից՝  Ֆրանսիայից, Լոս Անջելեսից և այլ երկրներից եկել խոստումներ են տվել, խոստանալով գումար տալ:

-Ասացին, որ կնորոգեն բնակարանը, հարմարավետ պայմաններ կստեղծեն, բայց վերջում պազապես բան դուրս չեկավ. ուղղակի նկարելու ակնկալիքներով խոստումներ են տվել:

Նրան թվաց, որ մենք նույնպես պետք է գումար առաջարկենք, սակայն իրականում այդպես չէր: Շատ տարբեր ու հետաքրքիր թեմաներից խոսեց: Օրինակ այն, որ փոքրիկների մայրը հիվանդ է, չունեն գումար, որ հաց գնեն, դեղեր, որոշակի բուժման մեթոդներ փորձեն` հիվանդությունը բուժելու համար:Կոնկրետ չիմացանք` ինչ հիվանդության մասին էր խոսքը:: Նա շատ հյուրընկալ գտնվեց, սուրճ առաջարկեց, չնայած բոլորն էլ այդ գյուղում շատ հյուրընկալ էին, չէին զլանում մեկ գավաթ սուրճ առաջարկել: Ամեն ընտանիք իր յուրահատկությունն ուներ: Համեստ, աշխույժ, աշխատասեր, ազնիվ, բարի. ահա սրանք են գյուղացուն բնութագրող բոլոր բառերը:

Դիլիջանի մեդիա ճամբարի օրագիր. օր առաջին

Երկար ու հոգնեցնող ճանապարհից հետո վերջապես հասանք Դիլիջանի  «Իմպուլս» հյուրանոց: Ավտոբուսից իջանք, և վարորդը սկսեց իրերը բեռնախցիկից հանել: Մեր մի մասը շատ հոգնած էր, մի մասն էլ՝ քաղցած: Մենք տեղավորվեցինք հյուրանոցի դիմաց գտնվող նստարաններին: Ծանոթացա Միլենայի հետ: Շփվեցինք՝ չիմանալով, որ ամեն ինչ այդքան արագ կփոխվեր, և մենք կմտերմանայինք րոպեների ընթացքում: Ու այդտեղից էլ սկսվեցին մեր բուռն քննարկումները ու ծանոթությունը: Նստեցինք, պատմեցինք մեր մասին: Փաստորեն շատ ընդհանուր գծեր ունեինք ու լավ հասկացանք իրար: Նա դարձավ իմ սենյակակիցը: Այնպես ստացվեց, որ բոլորը համարյա տեղավորվեցին, և վերջում մենք մնացինք ու իրար հետ գնացինք մեր երկտեղանոց համարը: Սենյակը շատ հարմարավետ էր, գրեթե բոլոր հարմարություններով ապահովված: Հագուստը, ամեն ինչը դասավորեցինք իրենց տեղերում, ու շտապեցինք ճաշարան. ճաշի ժամն էր: Ուշացել էինք, բոլորը կարծես մեզ էին սպասում: Անսովոր էր այդպես ճաշելը: Մեր սեղանը ուրախ սեղաններից մեկն էր: Հաճելի մթնոլորտ էր, և շրջապատված էինք սիրելի մարդկանցով: Վերջացրեցինք ու գնացինք մեր առաջին դասին: «Մանանայի» անձնակազմը մեզ ծանոթացրեց այն ամենին, ինչով պետք է զբաղվեինք ճամբարի ընթացքում:  Առանց վայրկյան իսկ կորցնելու անցանք գործի, ու մոռացանք ամեն ինչ:

Anahit nazaryan

Մոռացված իրականություն

Ամառը  մոտ  է  վերջին:  Ամբողջ  գյուղը    տարված  է   իր  հոգսերով.  եռուզեռ  է:
Երեխաները  չեն  համբերում,  թե  երբ  են   վերջացնելու  նախաճաշը, արագ-արագ  օգնելու  ծնողներին  ու  վազելու  դեպի  դրախտ՝  ընկերների  մոտ,  շարունակելու  իրենց  անհոգ  խաղը:  Չէ’:  Սա  ընդամենը  իմ  երևակայությունն  էր: Կամ  գուցե  վաղուց  մոռացված  պատմություն,  որը  լսել  եմ  իմ  ավագ  ընկերներից:  Գուցե:  Հիմա  պատկերն  այլ  է.  արագ  վերջացնել  նախաճաշն  ու  գրավել  համակարգիչը,  մինչ  տանեցիները  չեն  նկատել:
Փոխվում  են  ժամանակները, փոխվում   են  բարքերը: Այլևս  չեն  հետաքրքրում  բակի  խաղերը,  չկան  ակտիվ  գոռում-գոչյունները:  Արդեն  անցել են  այն  ժամանակները,  երբ,  ինչպես  մեծերն  էին  պատմում,  հավաքվում  էին ,  խաղում  աշխարհի  հայտնի-անհայտ  խաղերը,  հնարում  նորերը,  ջերմ  զրուցում,  անում  մանկական  չարաճճիություններ,  վազում,  թռչկոտում,  բռնում  ու  փախչում, վիճում ու  հաշտվում:  Երջանիկ  էին: Մոռանում  էին   ժամանակի,  տան  ու  անգամ  Երկրի  գոյության  մասին: Ու  երբ  տուն  էին  կանչում՝ վաղուց  մթնել  էր,  չէին  ցանկանում   գնալ. Ախր,  ինչպե՞ս  կտրվեն  ընկերներից:
Կարոտի,  ափսոսանքի, գուցե  զայրույթի  մի  ճիչ  հավաքվել  է ,  կարծում  եմ  ոչ  միայն  իմ,  նաև  շատ  այլ  իմ  հասակակիցների  կոկորդում:

Դո’ւրս  եկեք, խաղացե’ք  ու  վայելե’ք  մանկությունը.  մանկության  գնացքը  շարժվում  է  շատ  արագ:

emma tovmasyan

Ուրիշ հեքիաթ էր

Բոլոր երեխաներն էլ յուրօրինակ են ու յուրօրինակ մտքեր են ունենում: Նրանց երևակայած աշխարհը հեռու է մեծերի պատկերացումներից: Այդ աշխարհում ամեն ինչ այլ է` մի քիչ տարբեր: 

Փոքր տարիքում ես էլ իմ հեքիաթային աշխարհն էի ստեղծել: Գուցե շատերն են նման պատկերացումներ ունեցել, ոմանք էլ` հնարավոր է, հիմա ծիծաղեն, բայց դա իմն էր, իմ աշխարհը:
Այդ աշխարհում ես շատ էի սիրում նայել ինքնաթիռներին, ու ինձ թվում էր, թե այնտեղ` երկնքում, նույն երթևեկության կանոններն են գործում, ինչպես այստեղ` մեքենաների դեպքում: Կարծում էի, թե ինքնաթիռները կանգնում են կարմիր լույսի տակ, իսկ սխալ երթևեկելու դեպքում, ոստիկանները կանգնեցնում են նրանց: Բայց երբ մեծացա, պարզեցի, որ այդպես չէ:
Երբ փոքր էի, երազում էի փոքրիկ մարդուկ ունենալ` մատիս չափ փոքր, որի մասին որևէ մեկը չպետք է իմանար: Նրա հետ կխոսեի, կխաղայի, ու նա ինձ կհասկանար: Մեծացա ու կրկին հասկացա, որ դա անիրական ու երեխայական երազանք էր:
Երբ նայում էի լուսնին` գեր կնոջ դեմք էի տեսնում, մի տեսակ ջղային կնոջ, որն անընդհատ ինձ էր նայում ու միշտ հետևում էր մեր մեքենային: Ուր գնայինք, նա քայլում էր մեզ հավասար: Գուցե դա է պատճառը, որ այժմ, մի տեսակ, խուսափում եմ լուսնին նայել: Դե արի′ ու մտածի′ր, որ դա ընդամենը պատկերացում էր:
Նայում էի ամպերին, ու յուրաքանչյուր ամպ, մի երկիր էր թվում ինձ: Դրանց մեջ փորձում էի գտնել արտերկրում ապրող մորաքրոջս… Բայց այդպես էլ չէի գտնում:
Երբ փոքր էի… Փոքր էի, ու լավ էր: Ապրում էի իմ ստեղծած աշխարհում, ու ամեն ինչ հենց այնպես էր, ինչպես կար: Իսկ հիմա հասկացել եմ, որ ամպը ամպ է, որ ինքնաթիռը կարմիր լուսի տակ չի կանգնում, և լուսինն էլ գեր կին չէ, որն ինձ վրա, չգիտես ինչու, բարկացած էր նայում:
Փոքր էի, ու լավ էր… Պարզ էր, ուրիշ էր, հեքիաթ էր…

Violeta Mkrtchyan

Դեռ շատ ամառներ կգան ու կգնան

-Ծ′ո, տեսնի՞ս գը: Էս տարի մե նորմալ եղանակ չերեց, հելնեինք մայլա` ֆռֆռայինք,-ասում է գյումրեցի եղբայրս`հորաքրոջս տղան: Ասեմ, որ նա շատ հումորով է, և կոպիտ:

Անցյալ տարի` ամռանը, ես էի գնացել իրենց տուն մեկ շաբաթով` «մըթոմ թե» հանգստանալու: Ամեն Աստծո առավոտ հայտնվում էր  ու սկսում իր դաժան մեթոդներով, «զոռով», ինձ քնից  հանել: Անգամ ջուր էր լցնում գլխիս, այն էլ`սառը: Այսպես, յոթ «անմոռանալի» օր  անցկացրի նրանց տանը, չհաշված  «վատ» օրերը: Այս տարի նրա հերթն էր:

Եղբայրս  եկավ մեր տուն, բայց ոչ թե յոթ օրով, այլ մեկ ամսով: Ու ամեն Աստծո առավոտ սկսվեց նույնը` մի խոսքով «կյանքս ուտում» է: Ամբողջ օրը` ոտքը ոտքին գցած, փնթփնթում է  ծերունու պես.

-Թե խի՞ գուքամ ըստե: Ըսա` մեր մոտ հըմի արև կեներ, թե չէ` ըսիգ ի՞նչ է, անձրև, արև, նորից անձրև, կայծակ, ու ըդպես շարունակ: Նորմալ պագոդա չի էնե: Շատ չեմ ուզե բողոքվիմ, մաման, օր իմացավ, ընձի պրյամո մարշրուտկով տուն կկանչե:

«Ըսոնք ընձի կըսե»… է,  շեղվեցինք: Այս ամենն ինձ ասում է` մտածելով, որ ոչ մեկին չեմ ասի, բայց տեղյակ չէ, որ արդեն նյութ եմ գրում իր մասին:

Ի դեպ, ասեմ, որ ես էլ եմ արմատներով Գյումրիից և  շատ ուրախ եմ դրա համար: Ուրախ եմ, որովհետև գյումրեցիները հումորով և զվարճասեր մարդիկ են, ինչպես ես:

Տեսնի՞ք գը, ոտքից գլուխ քաշել եմ Գյումրվա ջահելներին: Կարծես  բոլոր գաղտնիքներս բացահայտվում են: Դե որ պատմություններ գրեմ, հավանաբար, շատ գաղտնիքներ կբացահայտվեն:

Լավ… Բայց եթե ավելի լուրջ, այս տարի շատ ցուրտ ամառ էր: Հիմա էլ` սարսափելի շոգ: «Խառը-խուռը» եղանակ, ու չհասցրինք նորմալ վայելել ամառը:

Ոչինչ, դեռ շատ ամառներ կգան ու կգնան, և մենք կհասցնենք իսկապես վայելել արձակուրդը թե Երևանում, թե Գյումրիում, թե Արագածոտնում: