Դեռ մեկ տարին չի բոլորել այն օրից, երբ գնացինք Բյուրականի աստղադիտարան, բայց հիշողություններն իմ մեջ վառ են այնպես, ինչպես այդ օրն էր:
Ստույգ չեմ հիշում օրը, բայց սեպտեմբեր ամիսն էր: Դպրոցում ասացին, որ պիտի գնանք Բյուրականի աստղադիտարան, և ցանկացողները կարող են դիմել դպրոցի փոխտնօրենին: Դե, մեր դասարանում բոլորս ենք հետաքրքրասեր և բոլորս միաբերան ասացինք, որ ցանկանում ենք մասնակցել:
Պատկերացնո՞ւմ եք իմ ուրախությունը` մի աղջկա, ով աստղերին դիտելիս մոռանում է ամեն ինչ…Ու հանկարծ, հնարավորություն է ընձեռվում գնալ և ավելի մոտիկից տեսնել բնության այդ հրաշալի պարգևը:
Եկավ բոլորիս կողմից սպասված երազանքի` աստղերը մոտիկից դիտելու, նրանց հիասքանչ փայլն ու գեղեցկությունը տեսնելու օրը: Շուտ ավարտեցինք դասերը, և պատրաստվեցինք ճանապարհորդելու: Դպրոցի բակում կանգնած էին երկու մեծ ավտոբուսներ: Հանկարծ լսվեց.
-Երեխե՛ք, դե արագ բարձրացեք մեքենաները:
Մինչև Բյուրական հասնելը, նախ պիտի այցելեինք «Բրաբիոն» ծաղկի սրահ` դիտելու այնտեղի զարմանալի բույսերն ու հրաշալի ծաղիկները: Անծանոթ ու զարմանալի բույսեր տեսնելուց և նրանց մասին տեղեկություններ ստանալուց հետո, շարժվեցինք դեպի Բյուրական:
Ժամը հինգի մոտերքն էր, երբ հասանք աստղադիտարան` մի հրաշալի վայր: Մինչև մութն ընկնելը, երբ կկարողանայինք դիտել աստղերը, ժամանակ կար: Գնացինք Վիկտոր Համբարձումյանի արձանի մոտ, ցանկացանք մտնել թանգարան, բայց, ցավոք, ուշացել էինք` դռները փակ էին:
Ծանոթացանք տեղանքին, իմացանք շատ և շատ տեղեկություններ, գնացինք ամենամեծ աստղադիտակի մոտ, բարձրացանք և տեսանք այն դիտակը, որով կատարվել են փորձեր, և որով դիտել է անձամբ ինքը` Վիկտոր Համբարձումյանը:
Երբ մթնեց, մեր ուրախությունն ավելի ու ավելի կրկնապատկվեց: Դուրս էր եկել նաև լուսինն, ու մենք ոգևորված բացականչում էինք.
-Վա~յ, երեխե~ք, ինչ լավ ա, լուսինն էլ կտեսնենք:
-Շա~տ լավ ա, մեր բախտից էր, հաստա՛տ, երեխեք:
Հետո չհասկացանք` ինչ կատարվեց: Մի քանի րոպեում դուրս եկան գորշ ամպերը, պատեցին ամբողջ աստղազարդ երկինքն ու լուսինը: Բոլորիս տրամադրությունն ընկավ, ու սկսեցինք դժգոհել: Այնքան ոգևորված էինք սպասել այդ օրվան:
Հասնել աստղադիտարան և չդիտել աստղերը, անհավատալի էր, ոչ-ոք չէր ցանկանում համակերպվել այդ մտքի հետ: Վերադարձանք դեպի ավտոբուսները, տխուր և անտրամադիր, բայց եկավ մեր տնօրենն ու ասաց.
-Երեխաներ, շատ եք տխրել, չէ՞, հիմա մի բան կասեմ կուրախանաք: Այստեղ մեզ ասացին, որ շուտով ամպերը կցրվեն: Ուղղակի պետք է կես ժամ սպասենք:
Ի~նչ ուրախություն: Կես ժամն այնքան արագ անցավ: Մենք երգում էինք, կատակում, մինչև կանցնեին րոպեները:
Ահա արդեն պատրաստվում էինք դիտելու աստղերը: Քանի որ շատ էինք, բաժանվել էինք երկու խմբի և ներս մտանք խումբ-խումբ: Այնքան հաճելի էր դիտել մի փայլող երկնային մարմնի, որը քեզ հանգստացնում է, և ինչպես բոլորն էին ասում, դիտել մի մեծ «պանրի»`լուսնին: Դիտելու ընթացքում մոռացել էինք ամեն ինչ:
Շատ լավ օր էր: Երբ վերադարձանք տուն, ամբողջ գիշեր, աչքիս առաջ, միայն այդ երկու հիասքանչ տեսարանն էր: