Mariam barseghyan

Սիրային գործեր (մաս 2)

-Նա 24 տարեկան էր, իսկ ես՝ 16: Հաճախ էր մեր տան մոտով անցնում, բայց ոչ մի անգամ ինձ չէր նկատում: Մի անգամ էլ, երբ էլի մեր տան մոտով անցնելիս է լինում, մի մեծ խնձոր եմ վերցնում ձեռքս ու նետում նրա վրա: Խնձորը հենց գլխին է ընկնում: Չէի մտածում, որ իմ նետած խնձորը հենց իր նշանակետին կդիպչի: Ամոթից արագ թաքնվում եմ, որ ինձ չտեսնի: Բայց պարզվում է՝ այդ ժամանակ նրա եղբայրը կողքով քայլելիս է եղել և ինձ նկատել է, նրան ասել է, որ ես եմ նետել:

Մի կողմից ամաչում էի արարքիս համար, բայց նաև ուրախ էի, որովհետև այդ դեպքից հետո սկսեց ինձ ուշադրություն դարձնել: Երբ ես 19 տարեկան էի, իրար սիրային նամակներ էինք գրում: Եղբայրներս խիստ էին, դրա համար էլ նամակներն իրար չափազանց զգույշ էինք փոխանցում: Վախենում էի, որ եթե նամակների մասին իմանան, շատ կզայրանան: Դրա համար բոլոր նամակները ստանալուց հետո այրում էի: Նամակների վրա միշտ գրում էինք Ա-ից Լ-ին և հակառակը՝ Լ-ից Ա-ին: Իրար կողքով անցնելիս՝ նամակները ծածուկ իրար էինք փոխանցում:

Ա-ի անունը Աշխարաբեկ է: Այս տարի Լ-ն և Ա-ն նշում են իրենց ամուսնության 50-ամյակը:

«Վաղահաս» Վարդավառ

-Երեխե՜ք, երեխե՜ք, ինձ չջրեք։

Մեր բակի երեխաներով որոշեցինք «ջրոցի» խաղալ։ Մեծ ոգևորությամբ էին երեխաները լցնում շշերն ու տարրաները։ Եվ վերջապես, երբ եկավ շատ սպասված ու բաղձալի իրար ջրելու պահը, ջրի շիթերին խառնվեց նաև երեխաների ուրախ, «ջրոտ» ու երջանիկ ծիծաղը։ Իսկ աշխույժ խաղի մեջ անընդհատ լսվում էր իմ ձայնը․

-Երեխե՜ք, երեխե՜ք, ինձ չջրեք, ես նկարում եմ…

«Ժայռ» ճամբարում

Հունիսի 27-29-ը Սևանի «Ժայռ» ռազմամարզական ճամբարում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջնորդությամբ իրենց ակտիվ հանգիստն էին անցկացնում ինչպես կրթահամալիրի միջին դպրոցի աշակերտները, այնպես էլ այլ դպրոցների երեխաներն ու պատանիները։ Նրանց թվում էի նաև ես:

-Ճամբարը կրում է ամենամյա բնույթ. ամեն տարի կրթահամալիրը հնարավորություն է ընձեռում դպրոցականներին մի քանի օրով կտրվել սովորական առօրյայից, համատեղել հանգիստն ու զարգացումը, ձեռք բերել ինքնուրույնություն, տարբեր հմտություններ ու նոր ընկերներ,- նշում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ, մեր խմբի պատասխանատուներից մեկը՝ Լուսինե Ներսեսյանը:

Մասնակիցների տարիքը տատանվում էր 6-17 տարեկանի սահմաններում, ու յուրաքանչյուրն ուներ իր առանձնահատկությունը. մեկն ուներ գիտելիքների լայն պաշար, մյուսը՝ բազում ունակություններ, երրորդը լավ սպորտսմեն էր։ Իսկ նրանց գիտելիքների ու ունակությունների մասին պատկերացումն արդեն հասցրել էի կազմել ճանապարհի ընթացքում՝ նրանց հետ զրուցելով։ Տեղ հասնելուն պես ճամբարային կարգուկանոնն ու կազմակերպվածությունը հաստատված էր։ Ամեն խումբն անցավ մի գործի. մեկը տեղանքին էր ծանոթանում, մյուսը՝ վրան էր տեղադրում, մի մասը հարմարվում էր իրենց հատկացված տնակում, մինչև բոլորս տեղավորվեցինք։ Տեղավորվելուց ու սնվելուց հետո, իհարկե, չէինք կարող դիմանալ կապուտաչյա գեղեցկուհու գայթակղությանը. լողալուց ու հանգստանալուց հետո անցանք գիտամարզական զբաղվածության։ Ընթերցանության ժամ էր, կարդում էինք Վախթանգ Անանյանի «Սևանի ափին» գիրքը։ Գտնվելով նույն Սևանի ափին, ընթերցելով պատմվածքները՝ ավելի էինք ընկղմվում բնության հրաշքի մեջ։ Այնուհետև հաջորդեցին մարզական ու զարգացնող խաղեր։ Իսկ մայրամուտին Սևանն ավելի գեղեցկացավ ու կանչեց իր ափի մոտ՝ հիանալու իրենով: Մերոնք սկսեցին երգել ու պարել՝ օրն ուրախ ավարտելով։

 

Հաջորդ օրը սկսվեց մարմնամարզությամբ, ապա սկսեցին պատրաստվել քայլարշավի՝ դեպի մոտակա բլուրը, որտեղից երևում է Սևանի մեծ մասն իր ողջ հմայքով:


Թեև ես ապրում եմ լեռներով շրջապատված բնակավայրում և բլուր բարձրանալն ինձ այնքան էլ յուրահատուկ չէր թվում, բարձրանալուց հետո հասկացա, որ ամեն օր ու ամեն լեռ բարձրանալիս չէ, որ նման կախարդական պատկերի ականատես կլինես ու ամեն օր չես տեսնի նման անկեղծ ոգևորությամբ լեռան գագաթը ձգտողների, որոնք թեև շտապում էին հասնել բարձունքին, միևնույնն է, չէին մոռանում միմյանց օգնելու մասին։

Քանի որ խոսեցի օգնելու մասին, չեմ կարող չնշել նաև պատասխանատուների հոգատար վերաբերմունքի մասին, որոնք այդ օրերի ընթացքում երեխաներին հետևում ու ամեն հարցով աջակցում էին այնպիսի ուշադրությամբ ու պատրաստակամությամբ, ինչպես վարվում են սեփական երեխայի, եղբոր կամ ընկերոջ հետ։
Բարձունքը հաղթահարված էր, և այնտեղից որպես պարգև բացվող գեղեցկությունը վայելելուց հետո վերադարձանք ճամբար։
Երեկոն իր հետ բերեց տեղանքին հատուկ ցուրտ, որը մենք որոշեցինք հաղթահարել խարույկի ու տաք զրույցների միջոցով:

Հաջորդ օրն արդեն վերադառնալու ժամանակն էր։ Մեր փոխարեն ակտիվ հանգիստը վայելելու հերթը կրկին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջնորդությամբ ժամանած մյուս խմբինն էր։
Կարծում եմ՝ գովելի է կրթահամալիրի այսպիսի գործունեությունը, որը հնարավորություն է ընձեռնում ծրագրերից օգտվել ոչ միայն տվյալ կրթահամալիրի, այլ նաև այլ դպրոցների աշակերտներին։ Կուզեի, որ նման նախաձեռնություններ հաճախակի լինեն նաև մարզաբնակ երեխաների համար և ավելի երկար ժամանակով, քան մեկ-երկու օրն է։ Ես այս օրերին ավելի շատ համոզվեցի, որ մեր սերունդը լավն է, մնում է միայն օգնել ու ոգևորել նրանց՝ կանգնել ճիշտ ուղու վրա ու առաջ շարժվել։

Mariam barseghyan

Սիրային գործեր

Նրա անունը Սերժ է, մականունը` Գազանիչ: Գազանիչ են ասում, որովհետև մի քիչ կոպիտ արտաքին ունի, դե, վայրի գազանի է նման: Փոքր ժամանակվանից հիշում եմ նրան՝ բարձրահասակ, լայն թիկունքով ու բեղերով տղամարդ էր: Նա տրակտոր էր վարում, և իր կնոջը հանդիպել է հենց վարելու ժամանակ:

Մի անգամ տրակտորով գնացել է իր հավանած աղջկա տուն ու ձևացրել է, թե տրակտորը փչացել է: Թակել է տան դուռը, բայց այն բացել է աղջկա քույրը, որը շատ նման է եղել նրան: Դե, Գազանիչն էլ մեկ կամ երկու անգամ էր տեսել այդ աղջկան, շփոթում է քրոջ հետ ու քրոջից ինչ-որ գործիք է ուզում, իբր մեքենան սարքելու համար է պետք: Քույրն էլ պատասխանում է.

-Էդ ինձնից չպիտի ուզես, է՜, այլ ա՛յ էն աղջկանից,- մատով ցույց է տվել իր քրոջը:

Սերժը շփոթվել է, խառնվել ու գնացել իր հավանած աղջկանից գործիքը խնդրելու: Գործիքն ուզել է և նրա հետ էլ ամուսնացել:

syuzanna kharatyan

Քանի երեխա կա ձեր բակում

Երբ փոքր էի, մեր բակում իմ հասակակիցների թիվը շատ չէր՝ մենք երեքով էինք: Դե, երեքով այդքան էլ հետաքրքիր չէր խաղալը, իսկ մեր ավագ ընկերներն էլ մեզ չէին թողնում իրենց հետ խաղալ: Եթե անգամ խաղում էինք, միշտ երկրորդական դերում էինք լինում (մեր լեզվով ասած՝ ճուտլիկ): Երբ գնում էին «բաղերը», մեզ չէին թողնում իրենց հետ գնալ, սակայն մենք գաղտնի փորձում էինք գնալ նրանց հետևից: Բնականաբար, չէր հաջողվում: Մենք էլ որոշեցինք միջոցառումներ կազմակերպել և ակտիվ գործունեությամբ զբաղվել: Մեր հարևանի տունը հարմար էր այդ գործունեության համար: Տան դիմաց մի տարածք կար, որն էլ եղավ մեր դահլիճը: Շատ զգեստներ հավաքեցինք և որոշեցինք նորաձևության մրցույթ-ցուցադրություն կազմակերպել: Հրավիրեցինք մեր բոլոր հարևաններին, իսկ մեր ավագ ընկերներին, որոնք մեզ չէին խաղացնում, նշանակեցինք ժյուրիի անդամներ (քույրս էլ էր ժյուրիի կազմում): Մրցույթում հաղթեցի ես, և ընկերներիս թվում էր, թե քույրս կապ ունի իմ հաղթանակի հետ: Հետո տարբեր համերգներ ունեցանք:

Երբ մենք մեծացանք, որոշեցինք միջոցառում կազմակերպել փոքրերի հետ և նրանց մի որոշ ժամանակով կտրել այդ «սառը» էկրաններից: Մեզ դա որոշ չափով հաջողվեց: Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում կազմակերպեցինք, իսկ վերջում ոգևորելու նպատակով նրանց պատվոգրեր բաժանեցինք:

Հիմա շատ երեխաներ այնքան են տարվել համակարգչային խաղերով, որ նույնիսկ չգիտեն, թե քանի երեխա կա իրենց բակում, մոռացել են, թե ինչ է բակային խաղը և անգամ չգիտեն, թե ինչ է նշանակում մանուկ ժամանակ մեծերի կողմից «մերժված» լինելը:

hovik vanyan dsex

Մուլտերը փոխվել են, իսկ սերը՝ ոչ

Արդեն չեմ էլ հիշում, թե քանի տարի առաջ էր, որ «Հեռուստացմփորիկներ» (տելեպուզիկներ) մուլտֆիլմը ցույց էին տալիս հեռուստացույցով: Երևի 4-5 տարեկան կլինեի: Շատ էի սիրում այդ մուլտֆիլմը, հատկապես՝ դեղին հեռուստացմփորիկին: Հաճախ, երբ ես քնած էի լինում, հայրիկս ձայնագրում էր «վիդեոյի» վրա: Այն ժամանակ հատուկ այդպիսի սարքեր կային, ճիշտն ասած, դրանց անունը չեմ հիշում, մենք ասում էինք «վիդեո»:

Հենց այդ հաստ «կասետների» վրա ունեինք նաև «Թոմն ու Ջերին», «Դե, սպասիր»-ը: Ամեն օր խնդրում էի ծնողներիս, որ միացնեն, դրանք էլ էի շատ սիրում: Դե, Թոմից ու Ջերրից Ջերիին էի շատ սիրում ու միշտ ուզում էի, որ փրկվի Թոմից: Միշտ լիաթոք ծիծաղում էի, երբ փոքրիկ մկնիկը ճարպկորեն ազատվում էր կատվից:

«Դե, սպասիր»-ը ավելի շատ էի սիրում: Այստեղ էլ միշտ նապաստակի կողմից էի: Սիրում էի, երբ նապաստակն ու գայլը հաշտվում էին, բայց ափսոս, որ դա շատ կարճ էր տևում: Մի դրվագ կա, որը երբեք չեմ մոռանա. գայլն ընկնում է հավանոց, ու աքլորը նրան մի լավ դաս է տալիս:

Հիմա էլ մեծ հաճույքով մուլտֆիլմեր եմ նայում փոքրիկ բարեկամներիս հետ, սկսած «Մաշան և արջ»-ից մինչև «Մոնիկա թոյ»-ը:

Մուլտերը փոխվել են, բայց մանուկների անհոգ հրճվանքն իրենց հերոսի նկատմամբ՝ ոչ:

Anush Jilavyan

Լուսանկարը արվե՞ստ է

Համալսարնում անգլերենի դասընթացի ժամանակ մի տեքստ էինք անցնում, որը վերնագրված էր «Լուսանկարը արվե՞ստ է, թե՞ ոչ»: Տեքստում բերված էին փաստարկներ, որ լուսանկարը միանշանակ արվեստ է և հակափաստարկներ, թե ինչու արվեստ չէ: Փաստարկները ավելի լավ էին հիմնավորված և լսարանում բոլորը համաձայնվեցին, որ լուսանկարը իրոք արվեստ է:

Ես համոզված նշեցի, որ արվեստ չէ, հիմնավորելով որ լուսանկարից կարելի է միլիոնավոր օրինակներ ստանալ, իսկ արվեստի նմուշը պետք է եզակի լինի: Բացի սա նշեցի, որ այստեղ շատ մեծ է տեխնիկայի գործոնը և ավելի քիչ՝ մարդու անմիջական դերը:

Անիմաստ փաստարկներ են: Արվեստի ամենակարևոր հատկանիշը արտահայտումն է. զգացմունքների, մտքերի, հույզերի, տպավորության: Իսկ լուսանկարը ինչի՞ համար է, եթե ոչինչ չի արտահայտում: Բացի այդ, եզակի լինելը հազիվ թե արվեստի չափանիշ լինի, որովհետև ինձ համար արվեստը հենց չափանիշներից ազատությունն է:

Իսկ տեխնիկայի հանդեպ թերահավատությունս ավելի անհիմն է: Չէ որ ցանկացած ստեղծագործություն պահանջում է գործիք, տեխնիկա՝ վրձնից սկսած հնչյուններով ավարտած:
Ժայռապատկերների մի տեսակ կա՝ կոչվում է մակարոն: Այդ պատկերները արվել են մատները ներկի մեջ թաթախելով ու պատերին միացած մատներով ուրվագծեր անելով: Արդյունքում պատկերը մակարոնի նման զոլավոր էր ստացվում: Ուզում եմ ասել, որ անգամ երբ վրձին չկա, որպես տեխնիկա միևնույն է, մի միջոց պետք է՝ պատկեր ստանալու համար:

Վերադառնամ լուսանկարչությանը. երբեմն նայում եմ ինչ որ բանի, ու աչքիս առաջ ոչ թե իրական պատկերն է, այլ դրա լուսանկարը, այդ պահին հասկանում եմ, որ մոլորակի վրա ոչ մի լուսանկարող սարք ի վիճակի չի լինի ցույց տալ տեսածս: Հետո ինձ համոզում եմ, որ մարդիկ առանց իմ լուսանկարի էլ հանգիստ ապրում են, ու առանց այդ էլ լուսանկարիչներ շատ կան: Բայց երբ այս մտքերը ավելի թույլ են լինում, քան լուսանկարելու ցանկությունս, ես փորձում եմ այդ կերպ արտահայտել զգացածս: Ու այդ պահերին ամենաքիչը ինձ հուզում է, թե լուսանկարը արվեստ է, թե ոչ:
Ցավոք, լուսանկարներիս մեծ մասը միայն ինձ համար են. պահում եմ հիշողությանս մեջ, որտեղ դրանք միշտ լավ որակով են ու ճիշտ լույսով:

 

meri antonyan

Ուսերիդ նստած պուճուր մարդուկների պես

- Էդ ինչի՞ ես հոնքերդ կիտած ման գալիս։

- Նեղացել եմ։

- Ումի՞ց։

- Բոլորից։

- Հը՜մ․․․ Մարդիկ են քեզ նեղացրել, հա՞։

- ․..

- Մարդիկ քեզ ինչքան էլ նեղացնեն, դու քո մեջի բարությունը հանկարծ չկորցնես։ Չարանալով բան դուրս չի գա, իմ փորձից եմ ասում։

- Ի՜հ, կա՞ որ… Նո՞ր եմ կորցրել…

- Հետ բե՛ր, շտա՜պ, շատ շտապ հետ բե՛ր, մենակ օգուտ կունենաս դրանից։ Ես  հետ եմ բերել բարյացակամությունս, դեն եմ գցել մարդկանց դեմ չարանալու խասյաթս, ու էսպես ավելի լավ ա, հավատա՛։

- Հա՞ որ, չէ՜ է, էսպես էլ վատ չի, ամենքի հետ իր լեզվով ես խոսում, ու գոնե հույս կա, որ կսկսեն գնահատել։

- Եսիմ է, չեմ կարծում, որ մարդկանց կարելի ա ինչ-որ բան սովորացնել։ Չեն տեսնի, արածդ էլ չեն սկսի գնահատել, կդառնաս չար ու վատ մարդ։ Դրանից քեզ օգուտ չկա։

- Իսկ ես ուզում եմ սովորել, ասենք, անտարբերություն, անբարյացկամություն, երախտամոռություն… Դե՜… Շա՜տ բաներ կան սովորելու։

- Ավելի լավ չի՞ լինի, որ դու հոգումդ, էն ամենա-ամենախորքերում հանգիստ լինես, իմանաս, որ դու միշտ բարի ես եղել, հերն էլ անիծած, թե չեն գնահատել, մեղքն իրանց վիզը։

- Մեղքն իրանց վի՞զը, հա՜-հա, միամի՜տ։ Դու ջուր տաս, խմեն, հագենան, ամեն անգամ բաժակը գլխիդ ջարդեն։ Դրանում էլ ի՞նչ լավ։

- Իսկ գոնե իմանալու համար, որ դու վատ բան չես արել, երևի արժի, հը՞ն, ի՞նչ կասես։

- Ու ի՞նչ ա էդ տալու։ Ու ինչի՞ պիտի էդ բարությունը միշտ ինչ-որ բան զոհելու հաշվին լինի։

- Պետք չի ինչ-որ բան զոհել, կարելի ա բարի լինել էնքան ժամանակ, քանի դեռ քո բարությունը քեզ նեղություն չի տալիս, քանի դեռ բարություն անելը քեզնից անձնազոհություն չի պահանջում։ Քանի դեռ դու կարող ես ժպտալ մարդկանց՝ դրանով իսկ քո ներսում ուրախանալով, քանի դեռ կարող ես մարդկանց արած մի փոքր բանի համար քաղաքավարի շնորհակալություն հայտնել ու իրոք շնորհակալ լինել։ Համենայն դեպս՝ էդպես ավելի լավ կլինի, քան չարությունից ներսը կրծելը, մարդկանց ամեն մի կոպիտ վարմունք երկար ժամանակ հիշելը։ Շրջապատում ամեն ապաշնորհ գործողության կողքով կարելի ա անցնել` ներողամիտ հայացք ձգելով, ինքդ քեզ համոզելով, որ մարդիկ վատը չեն, որ կա՛մ պատշաճ դաստիարակություն չունեն, կա՛մ էլ՝ կյանքում ինչ-որ բան էլ իրենց է ստիպել չարանալ էնպես, ինչպես հիմա դու՝ ինքդ քեզ։

- Դե չեմ նստի ու մտածեմ, թե ում ինչ վատություն անեմ, բայց էլ ամեն մեկին օգնության չեմ հասնի, ամենքի դեմ սուփրես չեմ փռի, որ հոգիս էլ գինու վերջին կաթիլների հետ քամեն ու, սրտները հովացած, ասեն՝ օխա՜շ։ Չէ՜, հոգնել եմ…

- Մարդիկ քեզ շատ են նեղացրել, հա՜…

Mariam barseghyan

Այլ աչքերով

Ես ապրում եմ Լոռու մարզում՝ քաղաք Վանաձորում: Ամեն ինչի մեջ տեսնում եմ գեղեցիկը, և եթե հարցնես ինձ՝ ինչպիսին է իմ մարզը, ես կասեմ, որ նման հիասքանչ վայր աշխարհի վրա չկա: Իրականում այդպես էլ կա. Լոռու մարզն ունի դրախտային բնություն, բարձր լեռներ, պատմամշակութային կոթողներ և այն ամենը, ինչը հարկավոր է ինձ այն հիասքանչ համարելու համար:

Բայց երբեմն փորձում եմ իրերին նայել այնպես, ինչպես դրանք կտեսնեին ուրիշները: Օրինակ՝ երբ Լոռու մարզին նայում ես շինարարի աչքերով, տեսնում ես, որ նա այստեղ աշխատանք չունի, իսկ եթե ունի, ապա քիչ է վարձատրվում: Իր ընտանիքին ֆինանսապես լիարժեք ապահովելու միակ միջոցը արտագնա աշխատանքն է: Այս խնդիրը կա ամեն տեղ, բայց Լոռու մարզում արտագնա աշխատանքի մեկնողների ցուցանիշը ամենաբարձրերից մեկն է: Եթե շարունակես նայել այդ նույն շինարարի աչքերով, ապա կտեսնես, որ նա համաձայնում է աշխատել այլ մարզերում՝ ցանկացած աշխատավարձի դիմաց, կտեսնես, որ նա մի քանի տեղ արդեն դիմել է աշխատանքի համար, բայց նրան ասել են, որ տեղ չկա:

Եթե նայես Լոռու մարզին Երևանից Վանաձոր գնացող վարորդի աչքերով, ապա կզգաս, թե ինչ մեծ բավականություն է նա ստանում, երբ արդեն դուրս է գալիս Լոռու մարզից: Կզգաս, թե ինչպես են նրա ձեռքերը համեմատաբար թուլանում և լարվածությունն անցնում է: Կնկատես, որ ղեկը նրա ձեռքերում ավելի քիչ է կտրուկ շարժումներ կատարում: Իսկ գիտե՞ս՝ ինչու է այդպես: Պատճառն այն է, որ Լոռու մարզում մի փոսը շրջանցելու համար պետք է մեկ ուրիշ փոսի մեջ ընկնես: Եվ ցավալին այն է, որ ճանապարհները այդպիսին են Լոռու մարզի մարզկենտրոնում, Հայաստանի Հանրապետության երրորդ քաղաքում՝ Վանաձորում: Շարունակելով նայել վարորդի աչքերով, կտեսնես, որ Վանաձորում վարելն էլ մի բան չէ, մանավանդ, եթե նոր ես սովորում: Դե, բացատրի՛ր, ինչպե՞ս վարորդը հասկանա՝ պետք է անցնի, թե ճանապարհ տա հետիոտնին, եթե քաղաքի կենտրոնական փողոցներում լուսակիր էլ չկա: Լուսակիրների բացակայության մասին բողոք կարող ես տեսնել յուրաքանչյուր վանաձորցու աչքերում: Դե լավ, չափազանցրի, աչքերում չես տեսնի, բայց եթե հարցնես, հաստատ կբողոքի:

Եթե մեր մարզին նայես Վանաձորի Դիմաց թաղամասում ապրող տնային տնտեսուհու աչքերով, ապա կտեսնես, թե ինչպես է նա ամեն անգամ ծորակին մոտենալիս զայրանում, որ էլի ստիպված պետք է ջուր տաքացնի սպասքը լվանալու համար, քանի որ ջուրը շուրջօրյա չէ: Եվ նման զայրույթ կտեսնես Լոռու մարզի շատ քաղաքներում և գյուղերում:

Եթե մի օր գաս Լոռու մարզ, գնա գյուղ Արջուտ: Այնտեղ կարող ես տեսնել Լոռու մարզի և ընդհանրապես՝ ամբողջ Հայաստանի բոլոր խնդիրները: Կտեսնես թե՛ աշխատանքի, թե՛ արտագաղթի, թե՛ ջրի, գազի, թե՛ ճանապարհի և այլ խնդիրները: Եվ եթե գնաս այնտեղ, մեծ դժվարությամբ կգտնես բնակելի տներ և մշակված հողամասեր: Նույնը կտեսնես այլ գյուղերում նույնպես:

Երկրի զարգացման համար պետք է ծաղկեն նրա քաղաքներն ու գյուղերը: Իսկ մարզը չի կարող ծաղկել, եթե նրա խնդիրները այդպես էլ լուծում չեն ստանում: