Յասամանե դիմանկարը

Երբ փոքր էի, սովորություն ունեի պառկել տատիկիս գիրկն ու լսել անսահման բարի ձայնով պատմած նրա հեքիաթները։ Ամենից շատ յասամանե դիմանկարն էի սիրում, բայց դա հեքիաթ չէր։

Աղոտ եմ հիշում, թե ինչ էր պատմում, բայց երբեք չեմ մոռանա պատմելու ընթացքում ժպիտից առաջացած փոսիկները։ Չէ, կներեք դա ժպիտից չէր, ես էլ չգիտեմ` ինչից էր, բայց տատիկիս յուրահատուկ էր դարձնում։ Երևի կյանքի դժվարություններից էր։ Եվ չնայած այդ ամենին ու նրա ծնկների սաստիկ ցավին, երբեք չդադարեց իր գրկում պառկած թոռնուհուն հեքիաթներ պատմել։ Տատիկս էլ իմ հեքիաթն էր, առեղծվածներով լի հեքիաթը։ Դա երևի միակ հեքիաթն էր, որ կուզեի անվերջ շարունակվեր։

Բայց ամեն հեքիաթ իր վերջն ունի. մեկը` լավ, մեկը` վատ։ Իմ հեքիաթն այդպես էլ անավարտ մնաց, թողեցի մանկությանս գունավոր էջերում ու համարձակություն չունեցա շարունակելու: Ախր, գլխավոր հերոսուհիս հետս չէր գալու, իսկ դժբախտ վերջաբանը ինձ համար չէր։ Երևի ես էլ կորցնելուց հետո հասկացա, թե ինչ կարևոր էր նա իմ կյանքում։ Ու մենք բոլորս էլ կորցնելուց հետո ենք արժևորում մեր ունեցածը։

Չգիտեմ էլ, հիմա թոռնիկներին հետաքրքրո՞ւմ են տատիկների հեքիաթները։ Երևի չէ։ Հիմա համացանցը ամեն ինչ կարգավորում է։ Խաղեր, երգեր, հեքիաթներ, գրքեր։ Ամեն ինչ պարփակված է փոքրիկ սարքի մեջ ու մեզ ստիպում է մոռանալ իսկական մարդկային շփումը։ Հիմա բարեկամներին էլ կարող ես մեկ զանգով տեսնել, հարցնել` ինչպես են, և ամեն ինչ իդեալական կլինի։ Ժամանակի ընթացքում սկսում ենք մոռանալ իրական երջանկությունը, դե հա, քիչ-քիչ ռոբոտներ ենք դառնում։ Իսկ ես, ես կպատմեմ յասամանե դիմանկարը բոլորին, որը պատմում էր աղջկան կորցրած ծերունու մասին, ով մինչև վերջին շունչը յասամանից աղջկա դիմանկարն էր պատրաստում։ Ցավոք, վերջում ծաղիկները թոշնել էին, ինչպես ծերունու տանջանքից թառամած դեմքը։ Իսկ տատիկիս միշտ կպահեմ իմ հեքիաթում, հեռախոսներից ու ամեն ինչից զատ` իմ մանկության պայծառ էջերում, իր մեղմ ձայնով և դեմքին հայտնված տարբերվող փոսիկներով։

Astxik Arushanyan

Սերուկները tik tok-ից

Արդեն մի քանի տարի է, ինչ tik tok հավելվածը լայն տարածում ունի ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծերի շրջանում։ Tik tok-ը հարթակ է, որտեղ մարդիկ կարող են դրսևորել իրենց յուրովի, ինչու չէ, նաև ճանաչում ունենալ։ Այսօրվա իմ հարցազրույցը տեղի կունենա tik tok-ում բավականին մեծ լսարան ունեցող երկվորյակ քույրերի` Լաուրայի և Մելանյայի հետ։

- Ձեզնից ո՞վ է մեծը, և եղել են դեպքեր, երբ  դուք շահարկել եք այդ փաստը։

Լաուրա. – Մեծը ես եմ, ընդամենը 5 րոպեով։ Երբեմն եղել են դեպքեր, երբ երեսով եմ տվել, շահարկել եմ  բայց ոչ միշտ, երևի փոքր ժամանակ այդքան չէի շահարկում, ինչ հիմա` մեծ տարիքում։ Ավելի ճիշտ, սկսել եմ շահարկել կատակելով, խոսքի մեջ։

- Երբևէ եղե՞լ են դեպքեր, երբ  բարեկամները շփոթել են, և եթե այո, կպատմե՞ք որևէ զավեշտալի դեպք։

Մելանյա.- Բնականաբար նման դեպքեր շատ են պատահել, ասեմ ավելին, նույնիսկ հայրիկն է շփոթում։ Եղել է դեպք, երբ հայրիկը ինձ շփոթելով Լաուրայի հետ, անընդհատ իր նշանածից էր հարցնում, և միայն վերջում իմացավ, որ ես Լաուրան չեմ։ Իրականում մեր ծնողները մեզ չեն շփոթում, միայն վերջերս հայրիկն է սկսել շփոթել։ Դպրոցական տարիներին ընդհանրապես չեն տարբերել։

-Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ մի քույրը մյուսի փոխարեն դասի գնա, կամ ինչ որ գործ անի։

Մելանյա. – Մեկ մեկ եղել է, երբ քրոջս փոխարեն ինչ որ գործ եմ արել, վերջում նոր ասել եմ դրա մասին։ Իսկ դպրոցի հետ կապված նման դեպքեր չեն եղել։ Անկեղծ ասած, էությամբ շատ անկեղծ մարդիկ ենք:

Լաուրա. – Միայն մի դեպք պատմեմ: 2-րդ թե 3-րդ դասարանում, չեմ հիշում, փորձեցինք մեր դասվարին խաբել, և իհարկե դա ստացվեց։ Փոխեցինք մազակալները և կոշիկները ու ներկայացանք դասի։ Ու քանի որ քույրս ավելի լավ էր սովորում, քան ես, իմ փոխարեն նա բարձր գնահատական ստացավ, իսկ ես նրա փոխարեն ցածր։ Ամեն բան շատ լավ էր ընթացել, մինչև որ դասընկերները չմատնեցին, ու երկուսս էլ 2 ստացանք:

- Իսկ կա՞ն բնավորության գծեր, որ երկուսիդ մոտ էլ նույնն է։

Մելանյա. – Երկուսս էլ նեղացկոտ ենք, շատ նուրբ սիրտ ունենք, հուզվողինչու չէ, նաև  համառ ու հպարտ ենք։ Հորոսկոպով առյուծ ենք և դրա հետ ենք կապում բնավորության գծերը, բայց նաև էնպես չի, որ շատ ենք հավատում, ուղղակի «առյուծական» բնավորություն ունենք։

- Ինչպե՞ս ստեղծվեց tik tok հավելվածում հոլովակ նկարելու գաղափարը։

Լաուրա. – Հավելվածը բացել ենք հունվարի 7-ին  Մելանյայի ցանկությամբ։ Քանի որ փոքրն է և շատ աշխույժ, անընդհատ ասում էր` բեր բացենք tik tok, բայց քանի որ մի փոքր փակ բնավորություն ունեմ, չէի ցանկանում գրանցվել։ Ուղղակի զբաղվելու համար էինք հոլովակներ նկարում։ Հոլովակը ընթացքում ունեցավ 2.300.000 դիտում, որի շնորհիվ ունեցանք թե հայ և թե օտարերկրացի հետևորդներ։ Հոլովակում ներկայացված էր քույրերի սերն ու կապվածությունը իրար նկատմամբ։

- Ինչու՞ Tarmela- twins: Ինչո՞վ է պայմանավորված հետևորդների «բարուկներ» անվանումը։

Լաուրա. -Երբ հավելվածը բացեցինք, անունը արդեն Մելանյան որոշել էր, և ինձ նույնպես դուր եկավ։ Իսկ հետևորդներին «բարուկներ» անվանելը իմ միտքն էր։

-Tik tok հավելվածում այն մարդիկ, ովքեր բավականին հայտնի են, ունեն մի հոծ բազմություն, ովքեր անընդհատ չարախոսում և վատաբանում են։ Եղե՞լ է այնպիսի օր, երբ պարզապես ուզեցել եք հեռանալ։

Մելանյա. – Այդպիսի դեպք դեռևս չի եղել։ Կառանձնացնեմ մի դեպք, երբ ուզեցել ենք հեռանալ մեր ցանկությամբ։ Եկավ ժամանակ, երևի բոլոր տիկտոկերների մոտ դա եղել է: Պատերազմն էր, որ ստիպեց բոլորիս ուղղակիորեն սիրտ ու հոգի չունենալ հոլովակ նկարելու։ Մենակ այս դեպքն էր։

- Նշեցիք պատերազմի մասին, կուզեի իմանալ ի՞նչ փոխվեց ձեր կյանքում պատերազմից առաջ և պատերազմից հետո։

Մելանյա. – Պատերազմից առաջ կենսուրախ էինք, իսկ պատերազմից հետո կյանքը բառիս բուն իմաստով մեռնում է։

Լաուրա. – Պատերազմից հետո սկսեցինք մտածել, որ այս կյանքը, եթե իրենք նվիրեցին մեզ իրենց կյանքով, ուրեմն մենք այնպես պետք է ապրենք, որ նրանք վերևից տեսնելիս հպարտանան։ Մենք ինքներս մեր մեջ հպարտանանք, որ իզուր չենք ապրում, կանք, գոյություն ունենք։ Պիտի ապրենք այնպես, որ չափսոսանք մեր ապրած կյանքը։

- Եվ վերջապես, եթե հնարավորություն ունենայիք փոխել ինչ որ բան, ո՞րը կլիներ դա։ 

Լաուրա. – Մարդկանց մեջ նկատել եմ շատ չարություն մեկը մյուսի հանդեպ։ Կցանկանայի դառնային ավելի բարի, կամեցող։

Մելանյա. – Ուզում եմ, որ ամեն մարդ իր կյանքով ապրի և ոչ ոքի չհետաքրքրի, ով ինչպես է ապրում, ինչ է անում առհասարակ։ Շատ քննադատող ազգ ունենք։ Հենց  tik tok-ում շատ եմ նկատել, որ մեկը մյուսին անընդհատ կծում է, վիրավորում։ Դա տգեղ է դիտել։ Իսկ երբ գիտակցում ես, որ նա քո ազգից է, ավելի ես վատ զգում։

Կյանքը պատերազմի օրերին

2020թ. Սեպտեմբերի 27։ Առաջին հայացքից սա էլ պետք է մնացած օրերի նման լիներ, բայց չէ` պատերազմ էր։ Մի ողջ հայ ժողովուրդ հեռուստացույցների առաջ գամված լուրի էին սպասում։ Ոմանք ցավով կարդում էին զոհվածների անունները, մտքում աղոթք մրմնջում, որ հանկարծ իրենց եղբոր կամ որդու անունները չկարդան։ Ոմանք էլ հեռախոսները ցած չէին դնում` ամեն վայրկյան զինվորի զանգի էին սպասում, ու կապ չունի, որ դա մի քանի վայրկյան էր լինելու։ Ես էլ բացառություն չէի։ Եղբորս զանգին էի սպասում։ Չնայած այդ ամենին, թիկունքը ամուր էր։ Արվեց ամեն ինչ հողը պահելու համար։ Տղաները, որոնցից շատերը պատմության դասերին ներկա չէին եղել, այսօր դարձան մեր պատմության շարունակողը։ Տղաները կռվեցին հանուն հողի։ Չէ, կներեք, դա լոկ հող չէր, դա մենք էինք, մեր պատմությունը, մեր զոհված տղաները։

Ավարտվեց պատերազմը, տվեցինք հողերը, շարունակեցինք ապրել ու հաշտվել մեր կորցրածի հետ։ Շարունակեցինք ապրել, ոչ միայն մեր կյանքը, այլ նաև 5000 երիտասարդներին, ովքեր զոհվեցին հանուն մեզ։ Շարունակեցինք ապրել` գնահատելով մեր կյանքը, որ անիմաստ վատնում էինք, առանց ինչ որ նպատակի ձգտելու։

Ինչպես բոլորին, պատերազմն ինձ էլ փոխեց։ Սկսեցի վախենալ կորցնելուց։ Ու հա, ինչից որ շատն ես վախենում, կատարվում է։ Կորցրեցի դպրոցիս ու դասարանիս լուսավոր տղային` հերոս Արտակին։ Մի ժամանակ, երբ դասարանիս մասին էի խոսում, միայն ժպիտ էր դեմքիս, իսկ հիմա արցունքներս հազիվ եմ զսպում։

Ցավոք, միայն կորցնելուց հասկացա, թե ինչ մեծ դեր ունեն մարդիկ մեր կյանքում։ Պատերազմը ստիպեց ինձ սիրել, գնահատել շուրջս կատարվող ամեն մի մանրուք։ Բայց նաև ստիպեց ատել։ Ատել մարդկանց, ովքեր չսովորեցին ճիշտ սգալ իրենց վիշտը, չսովորեցին, որ Եռաբլուրը եկեղեցու նման սուրբ է և այնտեղ ասված ամեն վիրավորանք ոճիրից էլ սարսափելի է։ Ատեցի նրանց, ովքեր և պատերազմից առաջ, և պատերազմի ընթացքում նույն սրիկան էին և շարունակում են նույնը մնալ։

Իսկ եղբայրս, ով դեռ ծառայում է և կշարունակի ծառայել, հպարտ է, որ հայոց բանակի զինվոր է։ Իսկ մենք պետք է ապրենք արժանապատիվ հանուն 5000 և ավել զինվորների, հանուն նրանց չապրած կյանքի։

elena zakaryan

Պելեն, ֆուտբոլը և իմ երազանքը

Երեկ երեկոյան հոգնած և ձանձրացած որոշեցի մի ֆիլմ դիտել։

-Երդվում եմ, քո մեջ ամեն ինչ կփոխվի, երբ դիտես այդ ֆիլմը,- ոգևորված պատմում էր ընկերուհիս։

-Ամեն տեսարան, ամեն խոսք, ամեն ինչ այնքա՜ն գեղեցիկ ու խորիմաստ է այդ ֆիլմում,- շարունակում էր նա։

Ֆիլմի անունն էր ՝ «Պելե․ լեգենդի ծնունդը»։ Անունն արդեն իսկ ասում է ամեն ինչ։ Այո, ֆիլմը պատմում է ֆուտբոլի լեգենդի կյանքի ու դժվարությունների մասին։ Այդ ֆիլմը նայելը իրական երջանկություն էր և հաճույք: Ֆիլմի ամեն տեսարան կարծես մի բան էր փոխում հոգումս։ Այդ ֆիլմն ուղղակի Պելեի մասին չէր։ Այն Պելեի կյանքի, դժվարությունների ու հաղթանակների միջոցով պատմում էր երազանքների ու նպատակների մասին։ Այդ ֆիլմը իրոք ինչ-որ բան փոխեց իմ մեջ։

Առավոտյան նորից հանդիպեցի ընկերուհուս․

-Հը՞ն, նայեցի՞ր ֆիլմը,- միանգամից հարցրեց նա։

-Հա՜,  շատ լավն էր,- ասացի ես։

-Միայն այդքա՞նը․ դեռ ոչ ոք այդպես չէր ասել այդ ֆիլմը դիտելուց հետո։

-Դե իրականում սովորեցի ամենակարևոր բանը՝ այն,  որ եթե դու ունես  երազանքներ, պետք է ամեն գնով հասնես դրանց։

Պելեն ամեն ինչ արեց,  որպեսզի հասնի իր երազանքին։ Նա գիտեր, որ շատ դժվար է լինելու, բայց չվախեցավ դժվարություններից։ Նրան բոլորը ծաղրում էին ու ասում «Դու ոչնչի չես հասնի», բայց նա ուրիշներին չէր լսում։ Նա քայլում էր, ընկնում, բայց նորից վեր կենում ու քայլում ավելի հմուտ։

Եվ ի վերջո, երազանքները իրականանում են, եթե միայն պայքարենք դրանց հասնելու համար։

Ուլգյուրը՝ Մոմիկի ծննդավայր

Հայաստանի գեղեցկագույն վայրերից մեկում՝ Վայոց ձորի Աղավնաձոր գյուղից 5 կմ հյուսիս-արևմուտքում է գտնվում միջնադարի հայ հայտնի քանդակագործ, ճարտարապետ, մանրանկարիչ Մոմիկի ծննդավայրը՝ Ուլգյուրը։ Ըստ հնագույն պատմության՝ Աղավնաձորը նախկինում քարավանատուն է եղել, արդեն միջնադարում դարձել է գյուղատեղի, իսկ ավելի ուշ բնակեցվել Խոյից, Սալմաստից ու Վանից գաղթած բնակիչներով։

Ուլգյուրում, որը նախկինում ունեցել է նաև Ժամիդուզ անվանումը, գտնվում է տարածաշրջանի պատմամշակութային ամենակարևոր կոթողներից մեկը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի-մատուռը։ Այն կառուցել է Մոմիկը՝ 13-14-րդ դարերում։ Մատուռում երկու վիշապակոթողներն են, որոնք վերածվել են խաչքարի։ Այս կոթողներից մեկին փորագրված են արձանագրություններ, որոնց հիման վրա հետագայում կազմվել է Մոմիկի տոհմածառը։
Եկեղեցու գերեզմանատանը հայտնաբերվել են  Մոմիկի ծնողների՝  Գրիգորի և Ավթայի, եղբոր՝ Գոհարտուռի, հարսի՝ Խերիկի, նրանց զավակներ Խլաթի և Խազի ու այլ ազգականների տապանաքարերը։
Սուրբ Աստվածածին մատուռը վերակառուցվել է խորհրդային տարիներին, իսկ մյուս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցուց պահպանվել են միայն հիմնապատերը։

Մոմիկի ծննդյան հստակ տարեթիվը, ցավոք, անհայտ է։ Բայց անհերքելի է, որ նա ծնվել է 13-րդ դարում։ Ապրել է Երիցակ վարպետի հետ մի գյուղում՝ շատ աղքատ։
Ենթադրվում է, որ Մոմիկն իր գործունեությունն սկսել է Կիլիկիայում։ Հայտնի դարձել է Կեռաս թագուհու պատվերով մի Ավետարան ծաղկելու շնորհիվ։ Եղել է Օրբելյան տան նկարիչ-ճարտարապետը։ Ստեփանոս Օրբելյանն ասել է. «Եթե քարը նրա կամքին ենթարկվում է մոմիկի պես, ապա եկեք նրան տանք Մոմիկ մականունը»։

Մոմիկի գործերից պահպանվել են ձեռագիր ավետարաններ, գրքեր։ Նա կառուցել է Նորավանքի, Արենիի եկեղեցիները։ Նրան են վերագրվում նաև Եղեգիսի Զորաց, Տաթևի Սուրբ Գրիգոր եկեղեցիները։

Ըստ ավանդազրույցի՝ Մոմիկը սիրահարված է եղել Սյունյաց իշխանի գեղեցիկ դստերը։ Իշխանը խոստացել է դստերը կնության տալ այն պայմանով, եթե Մոմիկը սեղմ ժամկետում կառուցի հոյակերտ, դեռևս նմանը չունեցող մի տաճար։ Երբ ճարտարապետը վանքի կառուցումը հասցրել է ավարտին, ծառան իշխանի հրամանով գմբեթի վրայից հրել ու ցած է գցել նրան։ Այսպիսով, 1333-ին է վախճանվել Մոմիկը, իր ընկած վայրում էլ այժմ հանգչում է։

Իսկ վարպետի ծննդավայր Ուլգյուրը այժմ էլ կանգուն է՝ հայտնի վայոցձորյան յուրահատուկ բնության անկրկնելի հմայքով, հայաստանյան լեռնոտ դիրքով և հավերժ սուրբ մնացող ուխտատեղի Մոմիկի կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցի-մատուռով։

«Եղեգնաձոր» կամավորական ջոկատի հրամանատարը. Հրայր Խաչատրյան

Պատերազմում երկու մեծ կորուստ կա՝ հողն ու մարդկային կյանքը։ Բայց հողն անդարձ չեն կորցնում, աշխարհում անվերադարձ կորցնում են միայն մարդուն։  Նրանք չեն մահանում, այլ դառնում են հերոս, նրանք՝ հայրենիքի համար ծնվածները, հայրենիքով ապրողներն ու հանուն հայրենիքի զոհվածները։

Նրանցից է Հրայր Սուրիկի Խաչատրյանը, ով ծնվել է 1980թ. օգոստոսի 30-ին, ՀՀ Վայոց Ձոր մարզի Աղավնաձոր գյուղում։  Սովորել է Աղավնաձորի միջնակարգ դպրոցում։ 1998թ.-ին զորակոչվել է զինվորական ծառայության։ Կոչումով կրտսեր սերժանտ էր։ 2000թ.֊ին ավարտել է ծառայությունը։ Ընտանիքը պահելու համար Հրայրը  մեկնել է արտագնա աշխատանքի։ 2008թ.-ին վերադարձել և ամուսնացել է. ունի երեք երեխա՝ երկու դուստր և մեկ որդի. Միլենան, Էլենն ու Դանիելը։

Հրայրը կյանքի իմաստը գտել էր ընտանիքի մեջ, իսկ կյանքի գաղափարը հայրենասիրությունն էր։ Նրանց տանն ամեն օրը լցված էր մարտական տարբեր ֆիլմերով, և ամեն պատմության մեջ հայրենիքն անպակաս էր։

Հենց այդ գաղափարին հավատարիմ մնալով էլ առաջիններից էր, ով կամավորագրվեց 2020թ. Արցախյան հայրենական պատերազմին։
«Եղեգնաձոր» ջոկատի հրամանատար Հրայրն իր ջոկատով պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, մեկնեց Իշխանաձոր։ Տուն զանգելիս ասում էր՝ ինքը լավ է, երեխեքն են մեղք, որ 18 տարեկանում կյանքը հայրենիքին են տալիս։
Մի գիշեր նկատել է՝ տղաներից մեկը մրսում է, տարածքով անցել, զինվորական բաճկոն է գտել, բերել-հագցրել տղային։

Հրայրի քաջության ու հայրենասիրության մասին վկայում են նրա մարտական ընկերները։ Նրանք պատմում են, որ ամեն անգամ արկի ձայն լսելիս Հրայրը հրում էր ժամկետային զինծառայողներին, որ հասցնեն պառկել։ Շատ բարձր էր Հրայրի ոգին, ասում էր՝ հայրենիքն ընտանիքից է սկսվում, եկել ենք մեր ընտանիքները պահենք։

Իշխանաձորից բացի Հրայրը եղել է Հադրութում, հետո՝ Ջաբրայիլում։

Հայրենիքի համար սեփական կյանքը զոհասեղանին դրած Հրայրը՝ գերակտիվ ու ճարպիկ զինվորը, հոգատար հրամանատարը նույն այդ հայրենիքի համար էլ անմահացավ։
2020թ. հոկտեմբերի 10-ին, Արցախյան պատերազմում հանուն հայրենիքի զոհվեց «Եղեգնաձոր» կամավորական ջոկատի հրամանատար Հրայր Խաչատրյանը՝ շատերին հայտնի Հրոն։ Նա հերոսաբար ընկավ Ջաբրայիլում։

Էմմա մայրիկը հիմա միայն որդու նկարներով ու հուշերով է ապրում.

-Հրայրը շատ ճարպիկ էր, մատներից ոսկի էր թափվում։ Տղան՝ Դանիելը, լրիվ ինքն է, ամեն ինչով է նման՝ շարժուձևով, խոսելով, բնավորությամբ։ Հրայրս էլ իր հորն էր նման՝ համեստ ու աշխատասեր։ Հիմա երկուսն էլ չկան։ Մեծ շրջապատ ուներ Հրայրը՝ իր ընկերներով, իր ընտանիքով էր ապրում։ Մեր հարևանների տղան էր՝ բոլորի նկատմամբ սրտացավ ու հոգատար։
Օգոստոսի 30-ին Հրայրիս 40 տարին էր լրանում, 28-ի գիշերը եկավ իմ տուն, մինչև առավոտ սուրճ խմեցինք ու զրուցեցինք։ Ինչ երբեք չէր կերել, էդ օրը կերավ։
Սեպտեմբերի 27-ն էր, զանգեցին, Հրայրի հեռախոսահամարը հարցրին, ասացի։ Ինչ իմանայի՝ ուր է գնալու…
Մի քանի օր Հրայրի հետ կապ չկար։ Հոկտեմբերի 6-ին պատահաբար իմացա՝ Հրայրը պատերազմի ամենաթեժ կետերից մեկում է։ Ինձնից գաղտնի էր գնացել։
Հոկտեմբերի 10-ին գնացի աշխատանքի։ Բացի ինձնից բոլորը գիտեին, որ զոհվել է Հրայրը։ Բայց կարծես կանխազգում էի. սուրճի ժամին սուրճը դուրս չեկավ, հացի ժամին՝ հացը։  Ինձ ասացին՝ վիրավոր է, հասա տուն ու իմացա, որ զոհված հերոսի մայր եմ…
Հրայրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 12-ին, աղջկա՝ Միլենայի ծնունդն էր, տղայիս գրպանից գտած հեռախոսը նվիրեցի աղջկան…

Ինձ փորձեցին մխիթարել մի կտոր դրոշով, մի ձեռք շորով, Հրոյիս գրպանից հանած մի տուփ սիգարետով ու մի փոքր նկարով։ Բայց դրանք չեն մխիթարում, ո՛չ մի բան չի մխիթարում։
Հրայր չի ծնվել դեռ…

Ծննդավայր Աղավնաձորում է հանգչում Հրայրը։ Հայրական տնից քիչ ներքև, կողքին էլ ծածանվում է եռագույնը։
Տիկին Էմման մենակ է ապրում։ Ինքն իր հետ խոսում է, ինքն իր հետ էլ հիշում, որովհետև նա, ում հետ պիտի զրուցեր, հյուրասենյակի դաշնամուրի վրա խնամքով դրված նկարից է ժպտում միայն…

Հավե՜րժ փառք Հրայրի լուսավոր հիշատակին…

Ծնունդդ շնորհավոր, մեր հերոս Կարեն

Էսօր 20 կդառնայիր… Կզանգեինք, կշնորհավորեինք տարեդարձդ, կմաղթեինք բարի վերադարձ, կլսեիր էն ամենը, ինչ սովորաբար մաղթում են զինվորին: Օմարից էստեղ կլսվեին ուրախ ձայնիդ պարզ հնչյունները, զրնգուն ծիծաղդ կլսվեր` մեզ ծանոթ ու հարազատ ծիծաղդ։ Քեզ լավագույնը կմաղթեինք և կսպասեինք, անվերջ կսպասեինք, որ գաս… Պատերազմը վերապրած հերոս ունենալու հպարտությունից հեռավորությունն էլ չէր խանգարի ժպիտներ տալ քեզ ու քո ժպիտը պատկերացնել… Քեզ նվերներ կուղարկեինք առաջին պատահած մեկի հետ, ով մոտդ կգար:

Հիմա քո շիրիմին ենք գալիս, Կարեն ջան, օծանելիքի կամ ժամացույցի փոխարեն քեզ ծաղիկներ ենք բերում: Իսկ ինչպե՞ս ժամացույց բերենք, երբ կյանքիդ ժամանակը մոտ 3 ամիս է, կանգնել է` հավերժի կանգառով… Ինձ համար անտանելի է քո մասին այսպես գրելը, անտանելի է ծնունդդ շնորհավորելիս գործածել շիրիմ գոյականը, գրել ենթադրական եղանակով, անցյալով…
Հիմա եկել եմ քեզ մոտ, քեզ ծաղիկներ եմ բերել` թարմ վարդեր, մուգ կարմիր, անուշաբույր, չբացված… Ծնկել ու արտասվում եմ, ծնկել ու ափսոսանքով հիշում եմ դպրոցական երջանիկ տարիների պատմությունները, որ էդ նույն տարիների մեջ մտքներովս անգամ չէր անցնի, որ լավագույններից մեկն էդպես էլ 20 չի դառնա, որովհետև գրողի տարած պատերազմը նրան 19-ում կտաներ մեզանից…

Չգիտեմ` միամի՞տ էինք, թե պատմության դասերին էինք պաթոսով վերաբերվում, որ չէինք մտածում մեր օրերի պատերազմի ու պատերազմում բոլոր ժամանակների ընկեր կորցնելու մասին: Հիմա էլ միամիտ լինեինք, չհավատայինք ու չիմանայինք` ինչ բան է պատերազմը, ընկեր կորցնելը…
 Եկել եմ ասեմ` մենք քեզ հավերժ սպասում ենք, մենք երբեք չենք բուժվելու քո բացակայության ցավից, մենք քեզ բացակա չենք էլ դնելու… Քո հիշատակը վառ կմնա դարեր ու դարեր, քեզ կփնտրենք երկինքների մեջ, կխոնարհվենք ամեն անգամ` երկնքին նայելիս:

Շնորհավոր հերոսական ծնունդդ, մեր հին, բայց երբեք չհնացող ընկեր: Շնորհավոր 20-րդ չապրածդ տարեդարձը… 
Մեզնից ոչ մեկը չի կարող ապրել նաև քո փոխարեն, որովհետև ոչ մեկս  քո փոխարեն չանմահացավ: Մինչև վերջ երդմանդ հավատարիմ մնացիր` չխնայել կյանքը հանուն հայրենիքի: Ուր էր, թե հանուն հայրենիքի ապրեիր…
Պատկերացնում եմ` աչքերդ փակելիս էլ հաստատ ժպտացել ես, էն քո լայն ժպիտով: Հիմա բոլոր ժպիտները դեմքներիս սառել են, և միայն արցունքներն են, որ անվերջ սահում են, ու ամեն կաթիլի մեջ մի հիշողություն կա, մի կիսատ կյանքի ու չապրած տարիների պատմություն…

Հայրենիքի համար զոհվածներն հրեշտակներ են: Նրանք չեն երևում, բայց միշտ մեզ հետ են: Դու էլ ես մեզ հետ։ Քո աթոռը, նստարանը, տեղը, ափսեն ու բաժակը միշտ քոնն են` նույն տեղում դրված…

Ծնունդդ շնորհավոր, հավերժ ժպտացող, հավերժ անկեղծ ու հավերժ ներկա Կարեն: Երկնային արքայության մեջ լինես: 
Խաղաղ ննջիր իմ հերոս ընկեր, դասընկեր, եղբայր…

Սրտեր նվաճած Արսենը

- Երազում եմ դառնալ աշխարհահռչակ նկարիչ և ճարտարապետ,- այսպես է պատասխանում 11-ամյա Արսենը այն հարցին, թե ինչ է երազում դառնալ։

Այսօր ուզում եմ գրել մի տղայի մասին, ում երազանքները հասնում են մինչև աշխարհի կենտրոն։ Արսենը ապրում է Ջերմուկ քաղաքի Կեչուտ գյուղում։ Արդեն հասցրել է սիրվել ու փոքր ինչ ճանաչված դառնալ քաղաքացիների և գյուղացիների կողմից ։

- Արսեն ջան, ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ: Կպատմե՞ս քո առաջին նկարների մասին։ 

- Ես նկարչությամբ սկսել եմ զբաղվել, երբ երեխա էի: Այդ ժամանակ հեռուստացույցով տարբեր հաղորդումներ էին ցույց տալիս, և ես փորձում էի դերասաններին նկարել։ Նկարում էի տարբեր մարդկանց, անգամ հնդկական սերիալների դերասաններին։ Հետո սկսեցի ընտանիքի անդամներիս նկարել: Զգացի, որ ստացվում է: Մայրիկս առաջինը տաղանդս նկատողներից է եղել։ Միշտ ասում է. «Եթե տաղանդ ունես, պետք է աշխատես տաղանդիդ վրա, և ո ամենակարևորը աշխատասիրությունն է: Եթե աշխատասեր չլինես, ոչնչի չես հասնի»։ Խնդրեցի ծնողներիս, որպեսզի ինձ ուղարկեն նկարչական խմբակ: Ու մինչ օրս էլ հաճախում եմ: Արդեն 5-րդ դասարանում եմ։

- Նկարչական խմբակի ուսուցիչները ի՞նչ կարծիքի էին նկարներիդ մասին։ Ի՞նչ էիր նկարում այնտեղ:

Նկարում էի կենդանիներ, մեքենաներ, մուլտֆիլմերի հերոսներ: Հետո անցա դիմանկարներին: Նկարեցի տատիկիս ու պապիկիս, ընտանիքիս մյուս անդամներին։ Մեր ուսուցիչը՝ Վարդան Մովսիսյանը, միշտ ասում է, որ մենք այնքան պիտի նկարենք, մինչև իսկական նկարիչ դառնանք:

 - Նկարչությամբ զբաղվելը դասերիդ արդյոք խանգարո՞ւմ է։

- Ոչ, հասցնում եմ ամեն բան: Պահ է գալիս, որ այլևս չեմ ցանկանում նկարչությամբ զբաղվել, բայց մայրիկիս համառության և իմ աշխատասիրության շնորհիվ հասցնում եմ։

 - Ո՞վ է միշտ քեզ ոգեշնչում։ 

- Ամենաառաջինը մայրիկս, հետո ուսուցիչներս, բարեկամներս: Երբ ուզում եմ իջնել  ընկերներիս հետ խաղալու, մայրս միշտ ասում է` նկարիր, նոր գնա: Եվ ես հենց այդպես էլ անում եմ։

- Ո՞վ է քո ամենասիրելի նկարիչը:

- Ամենասիրելի նկարիչս Մարտիրոս Սարյանի է։

 - Իսկ որոշե՞լ ես, թե ինչ մասնագետ ես դառնալու ապագայում։

- Շատ եմ ցանկանում դառնալ ճարտարապետ, բայց համ էլ փորագրող և նկարիչ:

- Իսկ բացի նկարչությունը, ուրիշ սիրելի զբաղմունք ունե՞ս։ 

- Այո, ազատ ժամանակ շատ եմ սիրում փորագրությամբ զբաղվել։

- Արսեն ջան, գիտենք, որ վերջերս կայացել է քո առաջին ցուցահանդեսը: Շատ հյուրեր ունեի՞ր։

-  Շատ լարված էի մինչև ցուցադրությունը: Մենք հրավիրատոմսեր էինք պատրաստել: Հրավիրել էինք դպրոցի ուսուցիչներին, դասարանցիներիս, գյուղապետին, քաղաքապետին, արվեստի դպրոցի ուսուցիչներին, բարեկամներիս և շատ ու շատ այլ մարդկանց։ Բոլորն էլ եկել էին։ Մինչև սկսելը շատ էի վախենում և ամաչում էի։ Գալիս նայում էին, գովասանքի խոսքեր էին ասում, ինձ լավ էի զգում: Ցանկանում էին ինձ հետ նկարվել։

- Ուրիշ ի՞նչ մրցույթների ես մասնակցել և ցուցահանդեսների:

- Երեք տարի առաջ Եղեգնաձորում մասնակցեցի նկարների ցուցադրության, արժանացել եմ պատվոգրերի և նվերների։ Իսկ անցած տարի մասնակցել եմ ցուցահանդեսի, որը կոչվում էր Artmusic և թե քանդակագործությունից, թե նկարչությունից, զբաղեցրել եմ հանրապետությունում երրորդ հորիզոնականը։

 - Արսեն ջան, քեզ մաղթում եմ մեծ հաջողություններ: Հուսով եմ, որ մեծ նվաճումներ կունենաս, և ես էլի կգրեմ քո մասին։

Սև աչքերով անթերի տղան. Վահե Խաչատրյան

Պատերազմի օրերն էին։ Երկինքը հարստացավ, մենք աղքատ մնացինք…

Նկարի սևաչյա, հպարտ կեցվածքով ինքնավստահ կանգնած տղան Վահե Խաչատրյանն է։ Ծնվել է 2000թ. սեպտեմբերի 25-ին, ՀՀ Վայոց ձոր մարզի Աղավնաձոր գյուղում։ 10 տարի սովորել է Աղավնաձորի Գրիգոր Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում, զուգահեռ հաճախել Մուրադ Սարգսյանի անվան արվեստի դպրոցի դհոլի բաժին։ Այնուհետև տեղափոխվել է Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ։ 2 տարի այնտեղ սովորելուց հետո ընդունվել է Ոստիկանական ակադեմիա, 4 ամիս սովորել այնտեղ և 2019 թվականի հունվարի 10-ին զորակոչվել բանակ՝ ծառայելու հայրենիքին։

Սկզբում ծառայել է Հոկտեմբերյանում։ 6 ամիս անց ծառայությունը շարունակել Կուբաթլուում՝ Որոտանում։

Վահեի ընկերներն ու բարեկամները նրան բնորոշում են որպես հումորով, չափազանց աշխույժ, նպատակասլաց և կյանքով լեցուն մարդու։

2020 թվականի սեպտեմբերի 25-ին՝ Վահեի ծննդյան օրը, նրան և զինակից ընկերներին տագնապի հրամանով բարձրացնում են Ջեբրայիլի դիրքեր։ Վահեն կոչումով սերժանտ էր, դասակի հրամանատարի տեղակալ, տանկի հրամանատար։ Միաժամանակ երեք տանկ էր կառավարում։

Սեպտեմբերի 27-ին համապատասխան դիրքերը զբաղեցնելուց հետո առաջ գնալու հրաման են ստացել։ Վահեն 6 օր անվերապահորեն կռվել ու ոչինչ չի խնայել հայրենիքի սահմանները պաշտպանելու համար։ Փրկել է 2 վիրավոր ընկերների կյանքը, ոչնչացրել թշնամու 5 տանկ ու մեծ թվով կենդանի ուժ։

Վահեի զինակից ընկերներն ու հրամանատարները պատմում են, որ հոկտեմբերի 2-ին, երբ Վահեն ընկերոջ հետ խրամատում տեղակայված իր տանկով առաջ է շարժվել, թշնամին խոցել է տանկը, և հայրենիքի սուրբ պաշտպանության համար զոհվել է 20-ամյա Վահե Հրանտի Խաչատրյանը։

Վահեն տան ավագ որդին էր։ Մայրը՝ Կարինեն, վերջին անգամ որդու հետ խոսել է սեպտեմբերի 30-ին:

- Վահեի մասին կարելի է անվերջ պատմել։ Նա իր 20 տարվա կյանքում ավելի շատ բան է արել, քան այն մարդիկ, ովքեր ապրում են ու չգիտեն, թե ինչի համար են ապրում։ Պարտադիր չէ ինքը զոհվեր, որ դառնար հերոս։ Նա ինձ համար հերոս եղել է, կա և կլինի։ Զգացողություն է, թե հիմա պիտի զանգի ու ինչ-որ բան ասի։ Երբ Վահեին ճանապարհում էինք բանակ, ստիպեց խոստանալ, որ երկու տարի չեմ լացելու…
Վահեն ամեն բան ծրագրում էր բոլորիս համար։ Չգիտեմ՝ սրանից հետո քանի տարի պիտի ապրեմ, որ իր պլանները կարողանամ կյանքի կոչել։ Վահեի բացը երբեք ոչ ոք չի կարող լրացնել։ Նրա զոհվելուց հետո ընկերոջ՝ Դավիթի հետ եմ շատ կապվել։ Մտածում եմ կզանգի ու կասի՝ Վահեն կա…
Ժամերով խոսում էր հետս, երբ հերթապահ էր լինում։ Անթիվ էին Վահեի երազանքները։
Ամսի 2-ին անտանելի զգացողություն ունեի: Ասացի՝ Վահեիս ինչ-որ բան եղավ։ Փաստորեն չսխալվեցի…

Իսկ Վահեի հայրը՝ Հրանտը, պայմանագրային զինծառայող է, դիրքերում է լսել որդու զոհվելու մասին.

- Վերջին անգամ որդուս անցած նոյեմբերին եմ գրկել, ափսոս, որ հիմա միայն հիշողություններն ու նկարներն են մնացել… Եթե միայն հնարավորություն ունենայի մոտենալ տանկին, մի բան գտնեի, թեկուզ Վահեի իրերից…

Ստյոպան՝ փոքր եղբայրը, Վահեի մասին թեպետ չի պատմում, բայց աչքերն ամեն ինչ ասում են անտակ կարոտի, ջերմագին հիշողությունների ու հպարտության մասին:

Վահեի ծառայակից ընկերը՝ Դավիթ Իկիլիկյանը, մեկ տարի է, ինչ ճանաչում էր Վահեին-.

- Շատերը կերազեին Վահեի նման լինել։ Չափազանց հոգատար և ընկերասեր էր։ Շատ շուտ ընկերներ դարձանք։ Հատկապես պատերազմի ժամանակ ընկերների կյանքը գերադասեց սեփական կյանքից։ Ճիշտ է, մենք էլ չէինք վախենում, բայց մեջներիցս ամենից շատը չէր վախենում Վահեն։ Ծնունդը ճանապարհին նշեցինք։ Մոմերը խորովածի վրա էինք շարել։
Վահեն փայլուն էր տիրապետում իր զինվորական մասնագիտությանը։ Երկուսս էլ տանկիստ էինք։ Միշտ վիճում էինք տեխնիկայի մասին խոսելիս։ Արդյունքում լավ մասնագետներ դարձանք։ Իմ ընկեր Վահեին հարգում էին բոլորը՝ զինվորից մինչև հրամանատար:
Սեպտեմբերի 30-ին ես ու մեր մյուս ընկերը՝ Հարութը, վիրավորվեցինք։ Վահեն մեզ երկուսիս ձեռքերի վրա՝ գրկած հասցրեց հոսպիտալ տեղափոխող մեքենային։ Վերջին անգամ այդ օրն եմ տեսել Վահեին։ Հոկտեմբերի 2-ն էր, հիվանդանոցից կապնվեցի տղաների հետ, ասացին՝ Վահեն չկա… Չէի կարողանում հավատալ։ Հոկտեմբերի 15-ին, երբ արդեն ապաքինվել էի, վերադարձա ծառայությունս շարունակելու։ Ոչ մեր դիրքերը կային, ոչ մեր Վահեն…

-Վահեն անթերի էր, իր նման անթերի էլ, առանց հետք թողնելու՝ գնաց…

Խոնարհում և հավե՛րժ փառք Վահեի հիշատակին…

20201211_195412

Հավերժ  ներկա  ընկերոջս

Կարենի մասին գրել էի, կհիշեք: Քարվաճառում ծառայող զինվորն էր, Օմարի պահապանը: Գրել էի, որ հանուն հայրենիքի` անմահացավ, իսկ նրա սխրանքի մասին կպատմեմ հիմա:

Հոկտեմբերի 10-ին` առաջին հրադադարից ժամեր առաջ, Կարենին ու ընկերներին խրամատից իջեցնում են թաքստոց` հանգստանալու: Կարենը տղաների համար հաց է պատրաստում, տանում թաքստոց: Հակառակորդը  նորից հարձակվում է: Թշնամու արձակած առաջին ռումբն ընկնում է թաքստոցի վրա, բայց չի պայթում: Կարենը զինվորներին դուրս է բերում թաքստոցից, իսկ երբ երկրորդ ռումբը պայթում է, Կարենը չի հասցնում դուրս գալ…

Եվ, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, Արցախյան հայրենական պատերազմում, փրկելով 11 զինակից ընկերների կյանքը, հայրենիքի պաշտպանության համար զոհվում է 19-ամյա հետախույզ-հեռաչափորդ Կարեն Մովսեսի Կարապետյանը…

Ուզում եմ ասել, որ դու լավագույններից էիր, որին երբևէ ճանաչել եմ: Մարդ ինչպես կարող էր էնքան անկեղծ լինել, որքան դու էիր… Երկինքն ամենաներին է տանում, որովհետև երկրում հողն անգամ չի դիմանում նրանց հզորությանը…

Դու սահմանին և երկնքում հաղթել ես, իսկ մենք ամեն օր պարտվում ենք թիկունքում` երկրի վրա:

Մենք կանք ու մի օր երևի չլինենք, դու կաս ու միշտ լինելու ես…

Հիմա, կապույտի մեջ, դու հանգիստ ու խաղաղ ես, իսկ մենք սև ու սպիտակ կյանքում, մի տեսակ սևի մեջ ենք մնացել… Ապրելու բանաձևը կորցրած` չգիտենք ոնց տանենք սեփական գոյությունը մեր, որ համակերպվենք քո ու ձեր ֆիզիկական բացակայությանը:

Դու հայրենիքին նվիրեցիր ամենաթանկը` կյանքդ` հանուն մեր կյանքի…

Իմ աչքերով պատերազմը քո դեմքն ունի: Ասում են պատերազմ, աչքիս առաջ դու ես գալիս` միշտ լայն ժպիտով և հպարտ, բայց ոչ երբեք գոռոզ կեցվածքով…

Գիտեմ, իմ գրածներն էդպես էլ պատասխան չեն ստանալու, բայց գիտեմ նաև, որ դու երկնքից հսկում ես աշխարհը:

Քո մասին պիտի միշտ գրեմ, որ քեզ սերունդներ ճանաչեն: Իմ հավերժ ներկա ընկեր…