Իմ վիճակագրական տվյալներով յուրաքանչյուր հինգերորդ գյուղացի իր կյանքում գոնե մեկ անգամ ասում է նման բան: Ես էլ բացառություն չեմ, բայց մերը ոչ թե առաջին հեռուստացույցն էր, այլ համակարգիչը: Մեծ հորեղբայրս` Վովա պապան էր Ռուսաստանից բերել, երբ ես նոր էի ծնվել: Կարելի է ասել` հպարտանալու տեղ ունեմ, որ ես ու գյուղի առաջին համակարգիչը իրար հետ ենք «մեծացել», կամ էլ, ով գիտի, միգուցե ինքը պիտի հպարտանա, ինչևէ:
Ասում եմ` առաջին, բայց ո՞ւմ է պետք ունենալ առաջինը ու տանջվել դրա ձեռքից կամ էլ տանջել խեղճին: Իրոք որ խեղճ. մեր տանը տասնհինգ հոգի ենք, որից տասներկուսը օգտվում են համակարգչից: Եթե օրն ունի քսանչորս ժամ, որից մարդը միջինում ութ ժամը քնած է, ապա մնում է տասնվեց ժամ: Այդ տասնվեց ժամից վեցը Վովա պապան էր համակարգչի առաջ, մյուսներս էլ` առնվազն մեկական ժամ: Փաստորեն օրական մեկ հոգի մնում էր առանց համակարգչի: Իսկ այդ մեկը հաճախ ես էի լինում. դե, տան փոքրն եմ, իսկ փոքրը միշտ պետք է հարգի ու զիջի մեծերին: Այս չգրված օրենքը ստեղծողը երևի չի իմացել, որ ես օրերից մի օր սկսելու եմ նյութեր գրել, և այդ անտեր համակարգիչը ինձ շատ է պետք գալու:
Ու այստեղ հարց է առաջանում. ե՞ս եմ խեղճը, թե՞ համակարգիչը:
Մեր ձեռքից նա շատ շուտ «ծերացավ»: Ամեն անգամ, երբ հոսանքի լարը դեպի վարդակն էի տանում, աղոթում էի, որ բարեհաջող միանա: Ասում են` եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաս, սարեր տեղահան կանես: Ինչ է, ես այդքան հավատ չունեի՞… Թեև մեկ-մեկ հավատս գործում էր, բայց միացնելուց հետո էլ պետք էր մեկ անգամ էլ աղոթել, որ չանջատվեր, ու ամբողջ գրածս ջուրը չընկներ: Սա դեռ մի կողմ. մեկ էլ կտեսնեի` Վովա պապան «վեր կաց» սարսափելի բառերը շուրթերին ու ոչ մի առարկություն չընդունող աչքերի արտահայտությամբ գլխիս վերևը կանգնած է: Ես դեռ հեչ, իմ նյութն էլ մի կողմ. թե Վովա պապան ինչ էր անում, չգիտեմ, բայց որ իրենից հետո համակարգիչը գործադուլ էր անում, դա փաստ է:
Այսպես դիմացավ տասնութ տարի ու… Ողորմի, մի օր էլ անջատվեց ու այլևս չմիացավ:
Բայց կյանքում անփոխարինելի ոչինչ չկա. մենք գնեցինք նորը` ավելի հզոր ու զարգացած: Իսկ ես կարոտում էի նրան. չէ որ նրա դիմաց եմ առաջին քայլերս արել, նրանով եմ գրել առաջին նյութերս: Այդպես է, միշտ էլ կարոտում ենք հինը, անցած-գնացածը, Սայաթ-Նովան էլ ասում էր. «Էրեգ լավ էր, քանց վուր էսօր…»:
Նոր համակարգիչը լուծեց բոլոր խնդիրները, բացի Վովա պապայի անսպասելի այցերից: Սակայն անլուծելի խնդիր չկա. մի գեղեցիկ օր` Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի մրցանակաբաշխության ժամանակ, ես ստացա իմ անձնական թաբլեթը, անձնական (կրկնում եմ հատուկ Վովա պապայի համար): Հիմա դրանով առաջին նյութս եմ գրում, ու թվում է, թե ուր որ է՝ կլսեմ.
-Վեր կաց…
Մոռացիր, Աստղիկ, այդ ամենն անցյալում է, ժամանակն է, որ առաջ նայես: Գուցե մի օր էլ դու թոռներիդ մոտ գլուխ գովես, թե իրենց տատն է գյուղի առաջին թաբլեթ ունեցողը…







«Լավագույն գյուղական բնանկարների համար»
Երևի ճիշտ կլինի՝ սկսեմ սկզբից: Երբեք չեմ պատմել, թե ինչպես ենք ես և նյութերս հայտնվել 17.am-ում: Համարյա երկու տարի առաջ էր. մեր դպրոցը վերանորոգել էին, բացումն էր: Մեզ՝ աշակերտներիս, ասացին, որ գնանք շախմատի սենյակ: Բոլորը գնացին, իսկ ես մի քիչ ուշացա, չեմ հիշում՝ ինչ պատճառով: Ուշացած հասա շախմատի սենյակ: Դուռը կիսաբաց էր. ճեղքից ներս նայեցի, տեսա ահագին մարդ ու ահագին տեսախցիկ: Անկեղծ ասած՝ ամաչում էի ներս մտնել: Անգամ արդեն հետ էի դառնում, բայց մի անհասկանալի ներքին ուժ ինձ ձգեց ներս: Երբ ներս մտա, ֆիլմերի մասին էին խոսում: Հետո մեզ թերթեր բաժանեցին, հանձնարարեցին «Ինչն է ինձ հուզում» թեմայով ինչ-որ բան գրել: Դա իմ առաջին նյութը պետք է լիներ: Այնքան ոգևորվեցի. արագ էի գրում, որ հասցնեմ գրել կյանքիս տարիների կուտակվածը: Մի քիչ էլ ջղայնացած էի գրում, դա էլ չեմ հիշում՝ ինչու: Անկեղծ էի գրում, «է»-ի փոխարեն՝ «ա»: Հետո՝ երբ վերջացրի, բոլոր սխալներն ուղղեցի ու նյութս հանձնեցի: Հետո մի քիչ էլ ֆոտոներից ու ֆիլմերից խոսեցինք ու գնացինք տուն: Գնացի տուն ու նամակ գրեցի 17.am-ին, որ ուզում եմ թղթակցել: Հաջորդ օրը նյութս տպագրել էին: Դրանից էլ ավելի ոգևորվեցի:
Ճամբարից հետո էլ շարունակում եմ գրել: Հիմնականում գրում եմ սահմանի, իմ առօրյայի, տատիկիս պատմած պատմությունների մասին: Բայց, անկեղծ ասած, երբ գրում էի, չէի մտածում, որ իմ նյութերը կկարդան, նույնիսկ կսկսեն սիրել: Ամեն նյութից հետո արձագանքները տարբեր են լինում՝ թե՛ դրական, թե՛ բացասական: Բայց այդ երկու կարծիքներն էլ ինձ ստիպում էին ավելի պարտավորված գրել: