
Լուսանկարը` Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը` Վահան Ազիբեկյանի
Ես Վարազդատ Ամիրաղյանն եմ Նոյեմբերյան քաղաքից: Բնավորությամբ շատ հանգիստ և համբերատար եմ:
21 տարեկան եմ, ավարտել եմ Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվել եմ Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական Պետական Ինստիտուտ` շախմատ մասնագիտությամբ: Շախմատի բնագավառում հասել եմ հաջողությունների, բայց վերջին մի քանի տարում չպարապելու հետևանքով առաջընթաց չունեցա:
2013 թվականին զորակոչվել եմ ՀՀ Զինված ուժեր, և 2015 թվականին ծառայությունս ավարտելուց հետո շարունակել եմ ուսումս:
Իմ կյանքում բանակից հետո շատ մեծ ու անսպասելի փոփոխություններ եղան: Ես դարձա Նոյեմբերյանի «Սուրբ Սարգիս» Երիտասարդաց Միության անդամ: Մեր միության և իմ նպատակն է` փորձել մարդկանց կյանքում աշխուժություն մտցնել: Մեր միությունից ես և ևս 2 հոգի Տավուշի Երիտասարդաց Միության կենտրոնական խորհրդի անդամ ենք: Մենք բոլորս ունենք Տահույսի Թեմի Առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնությունն ու շատ մեծ աջակցությունը: Եվ Սրբազան Հոր և մեր նպատակն ու ցանկությունն է, որպեսզի մեր ժողովուրդը, հատկապես սահմանամերձ գյուղերում ապրող, ստեղծվեն լավ պայմաններ, որ ժողովուրդը չկորցնի իր հավատքը, և հույսը` ապագայի հանդեպ:
Շատ կարևոր է, որպեսզի գյուղերը չդատարկվեն, և ժողովուրդը շենացնի իր գյուղը: Այդ ամենի համար փորձում ենք մի շարք բարեգործական ծրագրեր իրականացնել:
Ես ունեմ շախմատի խմբակ, ունեմ վկայական, որի համաձայն կարող եմ դպրոցներում 3 տարի աշխատել որպես շախմատի ուսուցիչ, բայց աշխատանքի եմ անցնելու սեպտեմբերից: Այժմ խմբակի պարապմունքներն անց եմ կացնում Եկեղեցուն կից Հովվատանը, որը մենք մեր քահանայի հետ մեր ուժերով ենք վերանորոգել, և այնքան հարազատ տեղ է մեզ համար, որ այն անվանում ենք «Պապոնց տուն»: Բացի այդ ես այժմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությամբ Կիրակնօրյա դպրոցում աշխատելու համար գնում եմ վերապատրաստման: Եզրափակումս անեմ` ասելով, որ այսպես իմ առօրյան շատ հագեցած է անցնում, և ես շատ ուրախ եմ, որ «փոքր» մարդ լինելով կարող եմ ինչ-որ չափով օգտակար լինել ժողովրդին:
Մտածելով այն մասին, թե ինչն է ինձ հուզում, մտքիս գալիս են մի շարք հարցեր, որոնք որ լուրջ խնդիրներ են մեր ժողովրդի համար: Բայց ես այժմ կասեմ այն խնդիրներիների մասին, որոնք որ ինձ համար ավելի առաջնային են, և ես կարող եմ ինչ-որ չափով այդ խնդիրը լուծողներից մեկը լինել:
Առաջնային խնդիրը մեր սահմանամերձ գյուղերն են, որտեղ ապրողները իրենց ընտանիքը գյուղում պահել չկարողանալով, գյուղից ընտանիքով գնում են Երևան կամ Ռուսաստան` հույս ունենալով, որ այնտեղ լավ ապագա կունենան: Գյուղից հեռացողները կրակոցներից չեն վախենում և պատրաստ են գյուղում մնալ, միայն թե մի աշխատանք ունենան, որ կարողանան ընտանիքը պահել: Բայց ցանկացած գյուղի համար կարելի է քայլեր ձեռնարկել, որից հետո արտագաղթ չի լինի, և գյուղից գնացածները հետ կվերադառնան և կշենացնեն գյուղը, դրանով էլ կհզորանա մեր հայրենիքը:
Ինձ հուզող խնդիրներից է նաև երեխաների ճիշտ դաստիարակությունը, նրանց համար հետաքրքիր առօրյա ստեղծելը, որպեսզի համակարգչի առաջ նստելու և խաղեր խաղալու կամ սոցիալական ցանցերում ժամանակ անցկացնելու փոխարեն, հագեցած կյանքով ապրեն:
Ինձ համար առաջնային խնդիր է նաև մեր ժողովրդի մի մասի մոտ մարող հավատքի հարցը: Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, և այդ ժողովուրդը պիտի իրեն պահի իսկական քրիստոնյայի պես, և սրտացավ լինի բոլորի հանդեպ: Իր պահվածքով և մտածելակերպով այնպիսին լինի, որ բոլորը իրենից օրինակ վերցնեն, ցանկանան իրեն նմանվել:

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի
Ես Գարիկ Գանջալյանն եմ, ծնվել եմ 1999թ. Տավուշի մարզի Կոթի գյուղում: Սովորում եմ Կոթիի Շ. Շահնազարյանի անվան դպրոցի 12-րդ դասարանում: Ապրում եմ ծնողներիս և քրոջս հետ: Սիրում եմ զբաղվել լուսանկարչությամբ, լուսանկարներիս հիմնական թեման Կոթի գյուղի բնաշխարհն է: Սիրում եմ զբաղվել սպորտով: Հանդիսանում եմ դպրոցի աշակերտական խորհրդի սպորտային կազմակերպիչ:
«Հայրենիքի դարպասներ» ՀԿ-ի հովանավորության շնորհիվ 2015թ. հոկտեմբերի 1-ից հաճախում եմ Դիլիջանի Թումո կենտրոն, որտեղ ուսումնասիրում եմ ռոբոտաշինություն, ֆիլմերի ստեղծում և անիմացիա: Այս տարի ավարտում եմ դպրոցը և ցանկանում եմ դառնալ պրոֆեսիոնալ լուսանկարիչ, ինչպես նաև շարունակել ուսումս բարձրագույն ուսումնական հաստատությունում:
Ապրելով սահմանամերձ Կոթի գյուղում, մանկուց ականատես եմ եղել սահմանին տիրող իրավիճակին: Չնայած իրեն բաժին ընկած ծանր ճակատագրին, Կոթին շարունակում է իր գոյությունը` կերտելով իր փառավոր պատմությունը: Դեռ մանկուց իմ սիրելի զբաղմունքներից էր լսել գյուղի մեծերի պատմությունները գյուղի մասին, նրանում ապրող ժողովրդի հերոսական արարքների մասին, որոնք ցույց են տալիս անսահման սերը դեպի հայրենի գյուղը: Երևի դա է պատճառը, որ իմ մեջ ապրում է անսահման սեր գյուղի նկատմամբ և հպարտություն, որ ես այդ հերոսական անցյալ ունեցող ժողովրդի մի մասնիկն եմ:
Ցավալի է տեսնել, թե ինչպես է տարիների ընթացքում օր-օրի ավելանում այն տների թիվը, որտեղ այլևս լույս չի վառվում: Մարդիկ լքում են հայրենի օջախները` օտարության մեջ ավելի լավ կյանք գտնելու ակնկալիքով: Սակայն չեմ կարող ասել, որ այդ մարդիկ մեղավոր են, քանի որ օր-օրի ավելացող թշնամու գնդակների թիվը և այլևս գոյատևելու ոչ մի պայման չունենալը մարդկանց ստիպում է սրտում խորը թաղել իր գյուղի հանդեպ ունեցած սերը և արցունքն աչքերին փակել տան դարպասները և հեռանալ, միևնույն ժամանակ, հոգու խորքում հույս ունենալով, որ մի օր անպայման նորից կբացվի այդ դուռը:
Չեմ կարող ասել, թե ապագայում ուր կտանի ինձ կյանքիս ուղին, սակայն մի բան հաստատ կարող եմ ասել, ինչպես ես, այնպես էլ ցանկացած ԿՈԹԵՑԻ, անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում է գտնվում, չի կարող մոռանալ իր արմատները, իր պատմությունը: Հաստատ կարող եմ ասել, որ յուրաքանչյուրի ցանկությունն է` վերջապես տեսնել իր գյուղը խաղաղության մեջ: Համոզված եմ, կգա այդ օրը, անպայման կգա:
Ահա թե ինչն է ինձ հուզում:
-Մեր դովրովը, էն վախտին, վեր թուրքի ու հայի սահմանը պաց էր,-տատիկս է պատմում,- համ թուրքերը կին մեր կեղը, համ մենք քնինք ընդեղ` առևտուր անիլ: Մենք ընդեղան պամիդոր, խիյար առնինք, իրանք էլ մեզանի՝ ալիր, ցորեն, ղրդալի: Թուրքի կնանիքը էտ ձևի պաներըմը ըլարկոտ ին: Իրանք ըտենց պաներ չին բեջարըմ, կալի մեզանի ին թանգով առնըմ: Մենք միշտ իրանցի զգույշ ինք մնըմ: Դե, թուրքը մընմա թուրք: Վեր քընինք կայարանը՝ թուրքի բազարնիքը, իրանց րեխեքը կանչին` «էրմենի», «էրմենի», ու մեզ քարերով տին…
Տատիս ասածներից հետո ավելի համոզվեցի, որ հիմա էլ ոչ մի բան չի փոխվել՝ թուրքը մնացել ա թուրք (իհարկե, չմոռանանք 1915 թվականը): Հիմա էլ էդ երեխաները մեծացել, իրենց սերունդներին էլ նույն կերպ են դաստիարակել: Ուղղակի էն ժամանակվա քարերի փոխարեն հիմա ավելի ծանր ու վտանգավոր զինտեխնիկա են օգտագործում: Նույն մարտավարությունն է, նույն ցեղը: Կարող է` շատերիդ համար դա սովորական լինի, մտածելով, որ թշնամին նույնն է, հա համամիտ եմ: Բայց մեկ ուրիշ բան է դա հեռվից տեսնել կամ իմանալ, լրիվ ուրիշ բան` և՛ իմանալ, և՛ ականատես լինել, ինչպես հիմա մենք` Ներքին Կարմիրաղբյուրցիներս ենք և իմանում, և ականատես լինում:
Ամեն օր դպրոց գնալիս, կամ գիշերը քնելիս, կրակահերթերի աղմուկը լսելիս, որոնք հաճախ հենց գյուղին են ուղղված, մտածում եմ. երանի տատս սխալված լիներ…

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի
Ես Աննա Ղարաքեշիշյանն եմ: Ապրում եմ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում: 16 տարեկան եմ: Սովորում եմ Բարեկամավանի միջնակարգ դպրոցի10-րդ դասարանում:
Սահմանամերձ այս փոքրիկ գյուղում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք դեռևս չեն գտել իրենց լուծումը, և ինձ շատ են հուզում, ուստի ես անընդհատ փորձում եմ գտնել լուծումներ, պատասխաններ:
Կարևորագույն և առաջնային խնդիրը, որը հուզում է շատ-շատերին, ինչպես նաև ինձ, գյուղի դատարկվելն է, երբ կրակոցներից, սոցիալական ծանր վիճակից մարդիկ ստիպված լքում են իրենց տները, և այսպես շարունակվելու դեպքում շատ շուտով գյուղը կարող է դասվել «մեռած» գյուղերի շարքին: Ըստ իս, ճիշտ քաղաքականության, և պետական աջակցության և ուշադրության դեպքում, խնդիրը որոշ չափով կարելի է լուծել:
Հաջորդ կարևոր խնդիրը սոցիալական ծանր վիճակն է: Չկան աշխատատեղեր, նպաստավոր պայմաններ` այգեգործության, անասնապահության համար: Գյուղը չունի ոռոգման, ինչպես նաև խմելու ջուր, տները գազաֆիկացված չեն և այլն, և այլն: Մյուս հարցը, որը ինձ ավելի շատ է հուզում, գյուղում փոքր թիվ կազմող երիտասարդության վիճակն է: Երիտասարդները չունեն իրենց ժամանցը ավելի հետաքրքիր և ճիշտ կազմակերպելու հնարավորություն, չկան ժամանցի կենտրոններ: Ես, ինչպես նաև գյուղում գտնվող իմ հասակակիցները, սիրով կմիանանք նրանց, ովքեր կփորձեն ինչ-որ չափով, ինչ-որ ձևով օգնել սահմանամերձ այս փոքրիկ գյուղերին, որոնք թեպետ փոքրիկ են, սակայն կարևոր նշանակություն ունեն երկրի սահմանների ապահովության, ամրության համար:

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի
1942 թվական… Պատերազմ… Ջուջևան… Դրսում միապաղաղ անդորրություն է տիրում: Ձյան ճերմակ փաթիլները մեղմիկ պարելով իջնում, փարվում են հողին, դարսվում իրար վրա: Ահա դատարկ ճանապարհով մի շուն է անցնում` գլխիկոր, ականջները կախ` ձյան ճերմակի վրա թողնելով հետքեր: Պատուհանին սառնամանիքը գեղեցիկ նախշագծեր է նկարել, որոնց միջով երևում է դիմացի բլրի մշուշապատ, ձյունով ծածկված անտառը: Ճարճատյունով վառվում է կրակը, հին թախտին նստել է հայրը և խոժոռ ու միևնույն ժամանակ գորովալից հայացքով նայում է որդիներին, որոնց մանկական աչքերի մեջ մի տեսակ տագնապ կա, արտառոց ինչ-որ բանի սպասում: Քիչ հեռու կանգնած մայրը օրորում է փոքր որդուն, որ բարուրից այնպես է լացում, կարծես նրա փոքրիկ սրտին ևս պաշարել է եղբայրներին համակած տագնապը:
Մոտենում է հրաժեշտի պահը. հայրը պետք է մեկնի պատերազմ, ինչպես շատ համագյուղացիներ, պետք է զենք վերցնի և պայքարի հանուն իր երկրի, հանուն իր երեք որդիների անվտանգ ապագայի: Պետք է կռվի ու հաղթի. չէ որ նա Խամսայի մելիքություններից Ջրաբերդի մելիք Տեր-Իսրայելյանների ժառանգորդն է, որ պայքարել ու պաշտպանել են իրենց հողն ու իրենց ժողովրդին, և հիմա արյունն է նրան մղում դեպի այդ հայրենանվեր գործին:
Ծանր վեր կացավ տեղից, խոր հառաչեց, մեկ-մեկ համբուրեց ավագ որդիների ճակատները, մոտեցավ փոքրիկի բարուրին: Մինչ այդ լացող որդին, տեսնելով հորը, անմիջապես լռեց և իր գեղեցիկ, խոշոր աչուկներով ուշադիր զննում էր հոր դիմագծերը, կարծես ուզում էր մտապահել այդ դեմքը: Հայրը համբուրեց փոքրիկի` բարուրից դուրս եկած փոքրիկ թաթիկը, որ հազիվ էր բռնել հոր մատը: Ապա նայեց կնոջը, որը փորձում էր թաքցնել արցունքները: Իր աչքերում էլ արցունքի մի կաթիլ խաղաց, բայց նա շրջվեց, բացեց դուռը, ևս մեկ անգամ ետ նայեց, հրաժեշտ տվեց ու հեռացավ:
Գնաց… Կռվեց… Նա ևս իր շատ զինակիցների հետ պայքարեց ու կյանքը զոհեց հանուն հայրենիքի` հերոսի անմահ անունով պսակելով իր հիշատակը: Իսկ իր որդիները մեծացան, դարձան իրենց հոր արժանի զավակները: Փոքր որդին էլ, իր հոր հիշատակը ամուր պահած սրտում, դիմագրավեց կյանքի բազում փորձություններին, աշխատեց, արարեց, ընտանիք կազմեց, թոռներ ունեցավ, որոնցից մեկն էլ ես եմ:
Այո, նա իմ պապիկն է, և ես հպարտ եմ դրանով, հպարտ եմ, որ կրում եմ նրա ազգանունը, հպարտ եմ, որ իմ երակներով հոսում է իմ նախնիների` հերոսական ոգով տոգորված արյունը, հպարտ եմ… Հպարտ եմ և միշտ կփորձեմ լինել իմ ամբողջ գերդաստանի բոլոր արժանի ներկայացուցիչների արժանի ժառանգորդն ու հետևորդը:

Լուսանկարը՝ Լիլիթ Հարությունյանի
Սա իմ դպրոցն է՝ փոքրիկ ու հարմարավետ կառույց, փոքր դասարաններով՝ փոքր գյուղի, իմ` Տավուշի մարզի Ջուջևան գյուղի համար: Երկար դասամիջոցն է. դուրս եկա դասարանից, մոտեցա միջանցքի մեծ պատուհանին, որից բացվում է բակի գողտրիկ պատկերը՝ եզրին կորացած ուռի, նրա տակ՝ նստարան: Գեղեցկություն, բայց… Մի պահ ինձ օտար զգացի և սկսեցի օտարի աչքերով դիտել կյանքիս տասնմեկ տարիների պայծառ օրրանը: Միշտ ամենաատելին ինձ համար եղել է կառույցների դատարկությունը, հատկապես կրթօջախի, իսկ հիմա աչքերիս առաջ ծավալվում է լքվածությունը, երկար միջանցքը լուռ է և դատարկ, ականջներումս հնչում է լռության ճիչը: Ահա, վերջապես, բակում երկու փոքրիկ տղա երևացին, վազվզեցին մի քիչ և շուտով էլ անհայտացան՝ կտրելով ինձ իրենց նայելու հաճույքից: Երկար դասամիջո՛ցն է, ո՞ւր են հապա այս փոքրիկ դպրոցի բոլոր անկյունները լցնող երեխաների զանգակահունչ ծիծաղները, ուսուցիչներին զայրացնող, բայց բաղձալի խառնաշփոթը, աղմուկը, ո՞ւր են երեխաները… Նրանք չկան. դպրոցում վաթսուն աշակերտ է սովորում, և այդ թիվը գնալով նվազում է: Վեց շրջանավարտին փոխարինելու է գալիս երեք մանուկ: Սերունդը կիսվում է, գյուղն է կիսվում, կիսվում է Հայաստանը:
Այս դպրոցը երբեք էլ շատ աշակերտ չի ունեցել, բայց երբ երեք-չորս տարի առաջվա իննսունը դնում ես վաթսունի կողքին, տեսնում ես երկրիդ ապագան: Կարիք չկա ողջ Հայաստանը շրջել, կարճ ու երկար ուսումնասիրություններ կատարել, համակարգի մի փոքրիկ բջջից էլ կարելի է ստանալ իրավիճակի ամբողջական պատկերը:
Ես ավարտում եմ արդեն, և իմ փոխարեն գալու է ընդամենը… Կես երեխա… Դպրոցում երեխա չկա. սա միջազգային հանրությանը ներկայացվող գեղանկարի հակառակ կողմն է, իսկ թշնամին միշտ առկա է և շատ: Հայաստանը պատմական երկար ուղի է անցել վատ ժամանակների բացարձակ գերակշռումով, սակայն ապրել, արարել ու հաղթել է: Ես չեմ հուսահատվում, որովհետև հավատում եմ հաղթանակիդ, ՀԱՅԱՍՏԱՆ:
-Երե՛մ, ցուրտ ա, վիզդ պյաց տյուս մի՛ կյա:
-Թու՛, քու տիպը կտրի…
Ամեն շաբաթ-կիրակի զարթուցիչի ձայնի փոխարեն լսում էի Ամայի (տատիկս է) ու պապիկի կռվի ձայնը ու փնթփնթում. «Էլի կռվո՞ւմ են, չեն թողնում՝ մարդ մի քիչ քնի…»: Դե, կռիվ ասելը մի քիչ կոպիտ է հնչում, որովհետև նրանք վիճում էին միմյանց լավն ուզենալու համար, բայց եթե թույլ տաք, ես դրանք կռիվ կանվանեմ:
Կռիվը հիմնականում սկսում էր Ամայը: Պապիկի վրա շատ էր բարկանում, երբ ուտում էր այն, ինչը բժիշկն էր արգելել, կամ ինչու ամբողջ գիշեր չէր քնել ու շարունակ տնով մեկ քայլել էր, և այլն:
Մի խոսքով, օրը սկսում էին իրարից նեղացած, իսկ օրվա կեսին կռիվը շարունակվում էր.
-Երե՛մ, էդ անտեր չայը հերիք ա խմես, մի քիչ կամք ունեցի, էլի… Էն Չոբանյանը քանի՞ հետ ասած կըլի, որ էդ անտերը քեզ չի կարելի…
-Թու՛, ե՞րբ ես տեսել, որ ես չայ եմ խմել, էս իրեք օր ա՝ պերանս մի կաթիլ չայ չեմ տարել:
Առավոտը՝ կռիվ, կեսօրին՝ կռիվ, բայց հենց մութն ընկնում էր, պապիկը գալիս, Ամայի մոտ նստում, հետո վեր էր կենում, գնում-գալիս, նայում Ամային ու էլի գնում-գալիս: Ամայը հասկանում էր պապիկի միտքը, բայց ոչինչ չէր ասում: Ու պապիկը ճարահատյալ ինքն էր առաջին քայլն անում.
-Հրանու՛շ, կարտի չքցե՞նք:
-Կարտերը վե՛ր կալ, արի՛…
Ու սկսում էին թղթախաղ խաղալ: Ամայը նստում էր իր «գահավորակին»՝ թախտին, իսկ պապիկը՝ Ամայի դիմաց՝ փոքրիկ աթոռի վրա: Ու այնպես էր ստացվում, որ Ամայի դիրքը ավելի բարձր էր լինում, ու պապիկի բոլոր խաղաթղթերը երևում էին: Սա էր պատճառը, որ խեղճ պապս միշտ պարտվում էր, նեղանում, թղթերը թափում ու գնում էր: Իսկ Ամայը.
-Հը՞, տարվեցիր, տրա՞ հըմար ես քըմ:
Պապիկը գլուխը տարուբերում էր, իր սովորության համաձայն մի հատ «թու՛» ասում ու հեռանում: Մի կես ժամից էլի գալիս ու Ամայի շուրջը պտտվում էր, հետո մյուս թախտին պառկում ու փորձում էր մի քիչ քնել, բայց դեռ չհաշտված՝ Ամայը էլի սկսում էր.
-Երե՛մ, քնա քու տեղըմ պառկի, հանգիստ քնի:
-Թու՛…
Ու այսպես իրարից նեղացած էլ քնում էին, հաջորդ օրն էլ այս պատմությունը կրկնվում էր:
Համարյա մի տարի է՝ այսպիսի վեճեր չեն լինում մեր տանը, ես էլ զարթուցիչի ձայնից եմ զարթնում: Չգիտեմ՝ Ամայը իրենց վեճերը կարոտել է, թե՝ չէ, բայց ես կարոտել եմ:
Այդպես է աշխարհի կարգը. կորցնում ես, հետո հասկանում, գնահատում ու կարոտում…
Ես ու հայրս հաճախ ենք զրուցում իրար հետ տարբեր թեմաներով: Սիրում եմ տարբեր հարցեր տալ ու ստանալ ինձ հուզող հարցերի պատասխանը:
Հայրս աշխատում է պայմանագրային զինծառայող: Նա 15 օր գնում է սահման պահում, 15 օր տանը լինում: Մեկ-մեկ մտածում եմ, թե ինչպես է անցնում նրանց առօրյան:
Հերթական անգամ հայրս աշխատանքից տուն եկավ, և մենք ինչպես միշտ, սկսեցինք զրուցել: Ես նրան մի քանի հարց տվեցի:
-Հայրիկ, սահմանում ինչպես է անցնում ձեր առօրյան:
Հայրս պատասխանեց.
-Դիրքերում կա ժամանցի անկյուն: Ազատ ժամանակ շաշկի, շախմատ ենք խաղում, լուրեր ենք լսում: Ճիշտ է, լարվածություն լինում է, բայց աշխատում ենք թոթափենք այդ լարվածությունը:
-Իսկ սիրո՞ւմ ես քո աշխատանքը:
-Սիրով եմ կատարում իմ պարտականությունները, որովհետև գիտակցում եմ, որ տվյալ հատվածը իմ պատասխանատվութjան տակ է: Կարևորում եմ խաղաղությունը, իմանալով, որ իմ թիկունքում իմ ընտանիքն է, իմ գյուղը:
Հայրիկիս խնդրեցի պատմել իր մանկությունից:
-Մանկությունս անցկացրել եմ շատ հետաքրքիր, անհոգ, որովհետև պայմանները ավելի նպաստավոր են եղել, կրակոցներ չեն եղել:
Հայրս ասում է, որ երբեք չի մտածել հեռանալ իր ծննդավայրից` գյուղ Ներքին Կարմիրաղբյուրից, որովհետև քաջ գիտակցելով, որ եթե որպես այս գյուղի բնակիչ թողնի իր ծննդավայրը, ապա օտար մարդ չի գա շենացնի գյուղը:
-Եթե մենք չենք գնում, դա դեռ բավական չէ: Պետք է աշխատել գյուղը դարձնել գրավիչ թե’ զբոսաշրջիկների, թե’ ապրելու համար:
Շատ հետաքրքիր զրույց ունեցա հայրիկիս հետ: Հայրս պատմում էր, թե ինչպես կարելի է գյուղը շենացնել, ինչ լավ կլինի կյանքը, եթե կրակոցները վերջանան:
Ես էլ եմ հայրիկիս պես մտածում:

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյան
«Երիտասարդներ, ովքեր ունեն ազգային մտածողություն: Երիտասարդներ, ովքեր մտածում են ոչ միայն իրենց, այլև ընդհանուրի մասին: Ապրում են աշխատելով՝ ինչ որ բան փոխել դեպի լուսավորն ու դրականը:

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյան
Այդ կորիզը հենց Նոյեմբերյանի երիտասարդաց միությունն է, որի մասին կարող է երազել ցանկացած քահանա»,- ասում է Նոյեմբերյանի տարածաշրջանի քահանա Տեր Սմբատ Աբրահամյանը:
Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գոյություն ունի կառույց, որը գտնվում էր անմխիթար վիճակում, իսկ երիտասարդներին մի այդպիսի տանիք էր անհրաժեշտ: Սիրանուշ Գոգինյանը, ով Նոյեմբերյանի երիտասարդաց միության անդամ է և տեղի կարպետագործության մանկավարժը, ավելացրեց.
-Հենց Տեր Հոր նախաձեռնությամբ, կամավոր կերպով, բոլորս միասին ձեռնամուխ եղանք վերանորոգմանը, առանց որևէ ֆինանսական աջակցության: Աղոթեցինք և սկսեցինք քանդել կիսավեր պատերը, վերակառուցել:

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյան

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյան
Այնուհետև կառույցն այնքան սիրվեց, որ բոլորս այն սկսեցինք անվանել Պապոնց տուն:
-Էդպես է, չէ՞, թոռնիկները միշտ մի առանձնակի ջերմությամբ են գնում պապոնց տուն: Բոլորը միասին հավաքվում են միշտ այնտեղ,- ավելացրեց Տեր Հայրը:
Նշենք, որ այս կառույցը տարածաշրջանում միակն է, և այսօր արդեն Պապոնց տանը գործում են կարպետագործության, շախմատի և փայտի փորագրության խմբակներ, որտեղ հաճախում է շուրջ 30 երեխա:

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյան
Խոսելով առաջիկա նպատակների մասին Տեր Հայրն ավելացրեց.
-Առաջիկայում նպատակ ունենք բացել նաև խաչքարագործության, ազգային երգ ու պարի խմբակներ: Ի վերջո, այս բոլոր դասերի կազմակերպումը կոչված է միայն մի նպատակի՝ հենց մանկուց երեխայի մեջ ձևավորել ազգային մտածողություն, ճանաչել արվեստը, և ձևավորել մարդ-մարդ հարաբերություն հանդուրժողականության միջոցով, որը իրապես կդառնա հիմքը եկեղեցու հովանու ներքո ապրելու:
Երբ լինեք Նոյեմբերյանում, այցելեք Պապոնց տուն, այստեղ ձեզ միշտ սպասում են: