nina arustamyan

Ամենադժվար արվեստը

Երբ փոքր էի` 5-6 տարեկան, միշտ երազել եմ, որ հենց մեծանամ՝ դառնամ  մեծ  աղջիկ,  կունենամ մեծ շրջապատ, բայց որ այդ շրջապատում լինի մեկը, ում ես կկարողանամ վստահել: Անցան տարիներ… Երկար ու ձիգ տարիներ, բայց անկախ տարիքից, միշտ երազանքս նույնն է եղել:

Մի օր մայրիկիս՝ Նելլիի հետ, նստած թեյ էինք  խմում և սկսեցինք խոսել շրջապատից.

-Նինա, ի՜մ աղջիկ, իմ սիրո՜ւն աղջիկ, հեսա կմեծանաս և շրջապատ կունենաս, լիքը ընկերուհիներ:

-Հա՞, մամ, բայց ես կարա՞մ շփվեմ մարդկանց հետ:

Որ անկեղծ ասեմ` սկզբից մի փոքր շփոթվեցի.

-Հա, խի՞ չես կարա, լավ էլ կարաս:

Մայրիկիս հետ զրուցելուց մեծ բավականություն ստացա: Արդեն մտքումս պատկերացրեցի շրջապատս, ապագա ընկեր-ընկերուհիներիս, և իհարկե, այն մարդուն, ով իսկապես կդառնար այն մարդը, ում ես կվստահեի:

Զրույցից հետո տնից դուրս եկա փողոց: Փողոցը լիքն էր երեխաներով, և պատահաբար նկատեցի դասընկերուհուս՝ Անուշին, ով այդ ժամանակ եղել էր մտերիմ ընկերուհիս, բայց հետո էլ չկարողացա իրեն վստահել: Աչքերս կիսաթաց ներս մտա տուն.

-Մա՜մ, այ մա՜մ, ախր, մի հատ տես` իրանք խաղում են, Անուշն էլ ա իրանց հետ: Խի՞ չի եկել ինձ էլ կանչի:

Մայրս լռեց… Լռեցի նաև ես: Սուսիկ-փուսիկ նստեցի սեղանի մոտ, բացեցի գիրքս, հետո բացեցի տետրս և սկսեցի արտագրություն անել:

Անցան տարիներ: Այս անգամ արդեն մեծ եմ: Ինչպես տատս է ասում.

-Թոռանս խելքը պան ա կտրում:

Այդ տարի գնացինք ճամբար: Մեզ հետ նաև մի աղջիկ եկավ, անունը՝ Իրինա: Ծանոթացանք, շփվեցինք: Քույրս նույնպես ծանոթացավ: Ճամբարում միասին անցկացրեցինք 10 օր: Կյանքիս ամենալավ օրերից էին: Ավարտվեցին ճամբարային օրերը: Վերադարձանք տուն: Անցավ երկու տարի: Այնքան բան փոխվեց այդ երկու տարիների ընթացքում: Ես սկսեցի վստահել Իրինային: Ես այնպես էի վստահում, ինչպես քույրը քրոջը կվստահի, բայց…

Բայց ինքը հիմնականում վստահում էր քույրիկիս: Իսկ ես փոքրիկ երեխայի պես խանդում էի քույրիկիս: Բայց այդ երկու տարիների ընթացքում անընդհատ վիճում էինք: Անցավ մեկ տարի: Այդ տարի նույնպես վիճեցինք, բայց  չհաշտվեցինք: Այդ վեճից հետո մենք ուղղակի մնացինք իբրև ծանոթներ: Ու երբ իրեն կամ իր նկարներն եմ տեսնում, բառեր չեմ կարողանում ասել: Դե, իհարկե, բառերիս փոխարեն արցունքներս են  գալի՜ս ու գալի՜ս:

2016 թվականի փետրվարն էր… Մեր  գյուղից մի աղջկա՝ Լիլիթի հետ սկսեցի խոսել-կիսվել: Լիլիթը դարձավ իմ ամենամտերիմ ընկերուհին, ում կարողանում էի վտահել: Ես եթե մեկին պետք է վստահեմ, ապա վստահում եմ իմ ամբողջ հոգով ու սրտով: Անցավ կես տարի, այս անգամ, ի զարմանս ինձ, չվիճեցինք, ուղղակի, երբ ինչ որ բան էի գրում, չէր պատասխանում: Իսկ հիմա էլի այս մեծ աշխարում մնացի մենակ:

Հիմա նստած սենյակումս ականջակալներս ականջներիս  լսում եմ բարձր երաժշտություն: Եվ անկեղծ ասած,  կարոտում եմ իմ երեք ընկերուհիներին`  Անուշին, Իրինային և Լիլիթին, ովքեր հիմա ուղղակի դարձել են ծանոթներ:

Ինչպես ընկերներ գտնել` սովորել եմ, բայց դեռ չեմ սովորել պահպանել ընկերությունը:

Lusine Poghosyan

Այն աշխարհը, որ ես եմ ստեղծել

Ողջույն: Ես Լուսինե Զաքարյանն եմ, ապրում եմ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Սովորում եմ ՎՊՀ հենակետային վարժարանի 11-րդ դասարանում ՝պատմական  հոսքում: Սովորել եմ նաև դրամատիկական ստուդիայում:

Չեմ սիրում շատ խոսել իմ մասին և չգիտեմ էլ՝ ինչ ասեմ, կփորձեմ ուղղակի պատմել իմ երևակայական աշխարհի մասին:

Ինձ հետաքրքրում են արվեստի բոլոր ճյուղերը: Հաճախ ինձ թվում է, որ իմ ապրելու միակ արդարացումը արվեստն է: Որևէ արվեստով զբաղվելը՝ կապ չունի՝ լավ, թե վատ, սեփական հոգին զարգացնելու ճամփա է: Երգել ցնցուղ ընդունելիս, պարել ռադիոյի տակ, պատմություններ պատմել, գրել բանաստեղծություններ՝ թեկուզ  ամենաանտաղանդ բանաստեղծութունը: Փոխարենը` ստանալ հսկայական պարգև ՝ մի բան ստեղծած լինելու պարգևը:

Իրերը, ինչպես որ կան, ինձ բոլորովին չեն գոհացնում: Այս աշխարհն անտանելի է, հետևաբար ես ստեղծել եմ մի այլ աշխարհ հեռու տիեզերքում՝ թաթախված արվեստի, կրքի և երազանքների մեջ: Տիեզերքում՝ մի տեղ հեռվում, նայում եմ, թե ինչպես են մոլորակները պտտվում: Ինձ Փարաջանով երևակայելով՝ փորձում եմ սիմվոլներ տեղադրել այստեղ ու այնտեղ: Ձգվելով հազարավոր քաղաքներից, շենքերից, ծառերից ու մարդկանցից  այն կողմ ՝  ստեղծել մի այլ աշխարհ: Այստեղ են իմ կարդացած գրքերի կերպարները, ֆիլմերի  հերոսները և նրանց հանճարեղ հեղինակները: Ահա այն թափառաշրջիկը, ով երազում է գեղեցիկ սիրո և արկածների մասին: Եվ դրա հետ մեկտեղ նա պատրաստ է մայթից վերցնելու ծխախոտի մնացորդը, կամ երեխայի ձեռքից խլելու կոնֆետը: Երևի թե հասկացաք՝ Չապլինյան հանճարեղ կերպարն է:

Լսվում է Բախի  սիմֆոնիան, և ինչ-որ Քամյուական մթնոլորտ է ստեղծվել: Ու ինչպես ասում էր նա՝ անկում դեպի վեր: Եվ հանկարծ վերադառնում եմ սենյակ: Սուրճը արդեն սառել էր, իսկ երաժշտությունը՝ վաղուց ավարտվել:

Ու այդ ակնթարթում մի հարց է ինձ համակում ՝ ո՞վ եմ ես: Հը՜մ, սենյակում փակված մի այլմոլորակային:

Iza Astsatryan

Անգույն մանկությունն ու կարուսելները

Ես Իզա Ասծատրյանն եմ, ու Հալիձորի հենց մեջտեղից, անարատ հալիձորցի: Ինչպես բոլոր տան փոքրերին, ինձ նույնպես գրավել է քույրերիս և նրանց ընկերների հավաքույթներին ականջ դնելը: Դե, բնական է, արգելված պտուղը միշտ էլ քաղցր է լինում, իսկ ինձ համար իսկապես քաղցր էր: Տղաների թեման մի կերպ ավարտելուց հետո բանը հասավ մասնագիտական կողմնորոշմանը: Մեկ էլ հանկարծ աղջիկներից մեկը ասաց, որ ուզում է լրագրող դառնալ…

«Վա՜խ, ինչ սիրուն ա հնչում` լրագրող, ես էլ եմ ուզում»:

Ու էս պահից անպոչ գդալի պես մեջ մտա, ստացա հարցերիս պատասխանները ու այդ պահից որոշեցի, որ հենց լրագրող եմ դառնալու… Դե, իհարկե 5 տարեկանում դեռ չէի գիտակցում իմ ընտրած մասնագիտության լրջությունը: Ժամանակի ընթացքում շփվելով լրագրողների հետ, մասնակցելով տարբեր դասընթացների, որոնք առնչվում էին լրագրությանը, հասկացա` էս է, որ կա, իմն ա… Ու 5-ամյա աղջնակի երազանքը իր հետ մեծանալով դարձավ նպատակ ու խոստումնալից ապագայի սկիզբ… Հիմա ամեն ինչի լրագրողի տեսանկյունից եմ նայում: Այ, օրինակ, հենց այս պատմությունը:
2014թ. էր, գնում էի մեր գյուղի խանութներից մեկը, հանկարծ ճանապարհին ձայներ լսեցի, որոշեցի կանգ առնել` պարզելու, թե ի՞նչ ձայներ են: Կանգ առա թե չէ, տեսնեմ` ի՞նչ… Հերթական անգամ երեխաներից մեկը ընկել էր մանկապարտեզի կարուսելներից: Ինչո՞ւ են ամեն անգամ երեխաները ընկնում կարուսելներից, բարդ է պատասխան գտնել: Ամբողջ Հալիձորով մեկ լսվում էր այդ երեխայի ձայնը: Որոշեցի մոտենալ նրանց, որովհետև շա՜տ էր հետաքրքրում, թե ինչո՞ւ է ամեն օր նույն «կինոն» մանկապարտեզում: Մոտեցա…

-Բարև ձեզ, անկեղծ ասած, մի հարցով եմ ուզում դիմել, կարելի՞ է:
-Բարև, այո, բայց արագ, ժամանակ չունենք:
-Ինչո՞ւ են ամեն օր երեխաները ընկնում մանկապարտեզի կարուսելներից:
-Ասեմ, մանկապարտեզի կարուսելները գտնվում են շատ վատ վիճակում, ուստի ամեն օր նույն պատմությունն է:
-Լավ, շնորհակալություն,- ասացի և հեռացա…

Անցավ 2 օր: Գնացի մանկապարտեզ (հա, ի դեպ, էլի նույն «կինոն» էր)… Գնացի մանկապարտեզ, տեսա կարուսելները, բայց ոչ մի բան այն չէր… Կարծես 2 օր առաջվա կարուսելները չլինեին: Որոշեցի ուսումնասիրել կարուսելները, պարզելու ողջ եղելությունը… Պարզվում է` երեխան ոչ մի մեղք չունի, մեղավորը հենց կարուսելներն են, որոնք գտնվում են շատ վատ վիճակում: Չնայած դժվար է դրանց կարուսել անվանել, դրանք մետաղյա ջարդոն են:

Իսկ երեխաների մանկությունը պետք է գունավոր լիներ…

mushegh kyurekhyan

Նոր խոսք նոր ընտանիքում, կամ ինչպես դարձա «Մանանայի» անդամ

Շատերը ինձ հարցնում են, թե ինչպե՞ս եմ դարձել «Մանանա» կենտրոնի անդամ, ես էլ որոշեցի պատմել այդ մասին:

Երկուհազար տասնչորս թվականի գարնանն էր, լավ հիշում եմ, գարուն էր, քանի որ հաշվում էի, թե երբ է գալու այդ երկար սպասված գարնանային մեկշաբաթյա արձակուրդը: Ինֆորմատիկայի դասն էր, սովորականի պես դասը անցնում էր`բոլորս համակարգիչների մոտ նստած կատարում էինք գործնական աշխատանքը (հա՜, հա՜, հա՜, գործնական աշխատա՞նք, եթե մենք այդ ժամանակ գործնական էինք անում, ուրեմն Անգլիայի մայրաքաղաքը պետք է որ Փարիզը լինի, կամ խաղ էինք խաղում կամ ինտերնետում ինչ որ թեստեր էինք անցնում` իհարկե, գործնական աշխատանքի պատուհանը ծալած, երբ ուսուցիչը գալիս էր` արագ բացում էինք), իսկ ուսուցիչը նստած էր իր տեղում, երբեմն աչքի տակով` իրեն հատուկ հայացքով, նայում էր մեզ ու նորից թեքվում մատյանին: Հանկարծ լսեցի անունս,  գլուխս բարձրացրի ու նայում եմ ընկերներիս` փնտրելով, թե ով է կանչում:

-Մուշե′ղ, քեզ հետ եմ, չե՞ս լսում ,- ասաց ուսուցչուհիս` ընկեր Մարգարյանը:

Տեղից դուրս եկա` արագ ծալելով խաղի պատուհանը ու մտածելով, որ դաս կհարցնի: Գնացի ու կանգնեցի կողքին (այո′, այո′  նա ունի այդպիսի սովորություն, կարող է ցանկացած պահի դաս հարցնել, ընդհատել մեկին և մյուսին ասել` շարունակիր կամ գրավորի ժամանակ դաս հարցնել, բացառությամբ կիսամյակային ամփոփիչի), բայց չգիտեմ, հուրախություն ինձ, թե  բախտի բերմամբ, ասաց, որ նստեմ իր դիմաց: Ակնոցը հանելով ու ուսերը ձգելով` ասաց.
-Երևանից Եղեգնաձոր է եկել մանկապատանեկան կենտրոններից մեկը, ու երկուշաբթի օրվանից մեկշաբաթյա դասեր են լինելու: Դպրոցից երեք աշակերտ պետք է մասնակցեն, ես մտածում եմ, որ մեկը դու պիտի լինես, դա քո տեղն է, պետք է անպայման գնաս, քեզ համար արդեն ասել եմ տնօրենին, զանգը տա` կգնանք տնօրենի մոտ:
-Լա′վ, հասկացա′, ավելի ճիշտ, կիսատ հասկացա, ի՞նչ դասընթաց է,- քմծիծաղ տալով ասացի ես:
-Այդքան էլ լավ չեմ հիշում, բայց ոնց որ ռեժիսուրայի վերաբերյալ է:
-Լա′վ, կգնամ:

Հնչեց զանգը, դուրս եկանք դասարանից: Ես գնացի ու կանգնեցի տնօրենի սենյակի մոտ`սպասելով ընկեր Մարգարյանին: Մինչ ուսուցիչը կգար, ես մտածում էի, որ ինչ լավ է, մի շաբաթ դասի չեմ գա ու բացակա չեմ ստանա`մոռանալով, որ հաջորդ շաբաթ գարնանային արձակուրդներն են:
Լուսինեն աստիճանները բարձրանալով` ասաց ինձ , որ Եղեգնաձորում դասընթացի պետք  գնանք, իմ անունը գրել ա:
-Մարգարյանի՞ ասած դասընթացն ա,- զարմացա ես:
-Չէ′, Մարգարյանը ի՞նչ կապ ունի:

Բայց ինչպես պարզվեց տասը րոպե հետո, խոսքը նույն դասընթացի մասին էր:

Եկավ գարնանային արձակուրդը ` իր հետ բերելով երկար սպասված տաքսին, որը մեզ տարավ Եղեգնաձոր: Ուշացած ներս մտանք, ներկայացանք ու նստեցինք առաջին սեղանի մոտ:

-Նորից ներկայանամ, ես «Մանանա» կենտրոնի տնօրենն եմ` ինձ կարող եք դիմել տիկին Ռուզան, պարոն Արան` «Մանանայի» կինոստուդիայի  ղեկավարը, Լիլիթն ու Սիսակը` ֆոտոստուդիայի և անիմացիայի ղեկավարները:
Դիտեցինք կինոստուդիայի սաների կողմից պատրաստած մի քանի ֆիլմ, հետո բաժանվեցինք երեք խմբի` ըստ տարիքի: Գայանեն մեզ բաժանեց «Խաբարբզիկ» ամսագրերը: Հաջորդ օրը ժուռնալիստիկայի դասին տիկին Ռուզանին ասացի, որ «Խաբարբզիկի» համարներից այս մեկը շատ եմ հավանել, տիկին Ռուզանն էլ ասաց.
-Հավանել ես, որովհետև մենակ էդ ես կարդացել:
Ճիշտն ասած, այդ համարը խորությամբ էի ուսումնասիրել, մնացածը կարդացել էի միայն նրանք, որոնց վերնագիրը դուրս եկել էր:

Օրերը անցնում էին աննկատ, քանի որ այնքան հետաքրքիր էր դասընթացը: Միշտ մտածել եմ, որ եթե ուզում ես նյութը ավելի լավ տպավորվի, պետք է գործնական քայլեր անես, իսկ «Մանանայում» ամեն ինչը գործնական է` թե ֆոտոն, դուրս էինք գալիս նկարելու, լրագրությունը, անընդհատ նյութեր էինք գրում, իսկ մի օր, երբ Երևանից եկան Մանանայի մյուս աշխատակիցները` Մանեն ու Նորայրը, վերջինս ինձ վստահեց իր իսկ պրոֆեսիոնալ ֆոտոխցիկը, որ նկարեմ, իսկ Սիսակի ու Հովնանի հետ մուլտ նկարեցինք:

Հիշում եմ նաև, որ սպասում էինք ժամը մեկին, որովհետև այդ ժամանակ տիկին Ռուզանը գալիս էր ու կիսաերգելով ասում էր` «lunch time»… Այնքան չէինք սպասում ուտելուն, ինչքան այդ «երգին»:
Այսօրվա պես հիշում եմ տիկին Ռուզանի խոսքը, որ ասաց առաջին օրը. «Դուք այսուհետ դառնում եք «Մանանայի» մեր մեծ ընտանիքի անդամ ու պիտի ձեր խոսքը ասեք ձեր իսկ գրելու, նկարելու կամ մտածելու ոճով»:

Անցավ որոշ ժամանակ, «Մանանայի» դասընթացն ավարտվել էր: Սովորական օր էր իր սովորական, բայց շոգ երեկոյով: Լսեցի հեռախոսիս զանգի ձայնը, վերցրի. Լիլիթն էր «Մանանայից» ,ասաց, որ մի քանի օրից «17.am» կայքի շնորհանդեսն է, և ինձ հրավիրում են բացմանը: Միանգամից համաձայնեցի, քանի որ ուզում էի տեսնել մյուս մանանայեցիներին (չգիտեմ «Մանանան» ինքը ինչպես, բայց ես այդպես եմ անվանում «Մանանայի» թղթակիցներին): Մարզից մի քանի թղթակիցներով գնացինք բացմանը, և Երևանում Լուսինեն ասաց, որ իմ գրած նյութերից մեկը արդեն տեղադրված է 17.am-ում`Վայոց ձոր խորագրի տակ: Ուրախացա, հասնելով տուն առաջինը նայել եմ` որ նյութն է, ու տեսա, որ դա  դասընթացի երկրորդ օրվա գրածս էր`«Ինչ անել աղբի հետ»: Հիմա եմ միայն հասկանում, որ վերնագիրը կապ չունի նյութի հետ, վերնագրում ասում եմ ինչ անել, իսկ հոդվածում ներկայացնում եմ Վայքի աղբահանության իրականացման գործընթացը: Այնտեղ հանդիպեցինք մյուս թղթակիցներին, որոնց անունները կարդացել էինք «Խաբարբզիկում»: Այդ օրը նաև ստացանք «Խաբարբզիկի» նոր համարը, այն մյուսներից տարբերվում էր նրանով, որ կար նոր էջ` նոր խորագրով. «Մեր մարզային թղթակիցները / Վայոց ձորի մարզ»:
Այն օրվանից, ինչ «Մանանան» եկավ Վայոց ձոր, մինչ այսօր աշխատում եմ «Մանանայի» ու «17-ի» հետ:

Ահա այսպես դարձա «Մանանա» կենտրոնի սան:
«Ի՞նչ տվեց «Մանանան» քեզ». ևս մեկ հարց, որը էլի տվել են:
«Մանանան» նախ ինձ տվեց ազատ արտահայտման իրավունք, շնորհիվ «Մանանայի» կարողացա մտքերս ավելի  համակարգված դարձնել: «Մանանայի» կազմակերպած մեդիա ճամբարի շնորհիվ էր, որ մեկ շաբաթ շփվեցի ու ընկերացա մյուս թղթակիցների հետ, նաև գտա ապագա կուրսեցիներիս` Միլենային, Սոսեին, Աստղիկին: Հա, մոռացա ամենակարևորը` «Մանանայի» շնորհիվ է, որ ընտրեցի ապագա մասնագիտությունս` լրագրող: Կարելի է ասել` նրանք դարձան իմ ոգեշնչման աղբույրը: Մի օր, երբ եկել էի Երևան,  նաև գնացի «Մանանա», նվեր ստացա  տիկին Ռուզանի հեղինակային «Դրախտից հյուսիս-արևելք» հրապարակախոսական գիրքը:

Ինչքան էլ անցնի, գրքի մակագրությունը կհիշեմ.«Մո′ւշ ջան, ապագա լրագրող, քեզ բարի երթ եմ մաղթում: Բարձր պահես լրագրողի պատիվը»: Կհիշեմ, քանի որ տիկին Ռուզանը առաջիններից էր, ով իմ մեջ տեսավ լրագրողի, խոստանում եմ, որ բարձր կպահեմ: Բայց կարևորը միայն այն չէ, թե ինչ տվեց ինձ «Մանանան», այլ նաև այն, թե ես ի՞նչ տվեցի «Մանանային»: Եթե ինձ հարցնեք, ապա կասեմ, որ իմ կարծիքով, դեռ ես չեմ տվել այն, ինչ ստացել եմ, բայց դեռ կհասցնեմ, արդեն որպես լրագրող:

Իսկ ո՞վ է եղել քո ոգեշնչման աղբյուրը կամ ի՞նչպես եղավ, որ դարձար մանանայեցի, ի՞նչ տվեց քեզ «Մանանան» կամ ի՞նչ տվեցիր դու նրան, գուցե պատմե՞ս, կիսվե՞ս այդ մասին:
-Հե՜յ, մանանայեցի′, քե′զ հետ եմ, սիրով կսպասեմ հոդվածիդ:

ani ghulinyan

Պատուհանագոգի գրքերը

Առաջ ես չէի հասկանում, թե ինչու են մարդիկ գիրք կարդում, ժամեր, օրեր անցկացնում գրքերը` թերթելով ու աչքերը ցավեցնելով: Չէ որ կյանքը շարունակվում է, և այնքան շատ բան կա անելու, հաստափոր գիրքը կարդալու փոխարեն կարելի է  մեկուկես ժամանոց ֆիլմը դիտել կամ կարդալ կրճատումներով տարբերակը…
Ամենամոտ ընկերուհիս շատ էր կարդում, հետո գալիս էր կարդացածը ինձ պատմում: Սկսեցի հետաքրքրվել նրա կարդացած գրքերով: Նախկինում միայն Ժյուլ Վեռն էի կարդացել, ու էլի դպրոցական ծրագրի որոշ հեղինակների:
Առաջին գիրքը, որ կարդացի առանց դպրոցում հանձնարարելու, իմ ցանկությամբ, «Գևորգ Մարզպետունին» էր: Շատ հավանեցի, շարունակեցի հայոց պատմավեպերի ընթերցանությունը: Հետո  պապիս  խորհրդով սկսեցի  կարդալ համաշխարհային գրականության դասականներին` Դյումա, Ռեմարկ ու Քամյու:
Հիմա սկսել եմ ավելի շատ կարդալ, ազատ ժամանակս միշտ դրան եմ հատկացնում, ինչ մեղքս թաքցնեմ, երբեմն դասերի ժամանակ էլ եմ կարդում, հետո դասի մասին ուսուցիչների տված հարցերին պատասխանելու փոխարեն ասում եմ. «Կներեք, էլ չի՞ կրկնվի»:

Ուզում եմ լրացնել չկարդացած տարիներիս բացը, ափսոսում եմ կորցրած տարիների համար:
Գրքեր կարդալուց հետո իմ մեջ մեծ փոփոխություններ եմ նկատում, խոսակցականս ավելի է բացվել, բառապաշարս զարգացել, ու երևի ավելի հասուն եմ դարձել:
Իմ պատուհանագոգին միշտ գրքեր կան, այն գրքերը, որոնք կարդում եմ, կարդացել եմ կամ նախատեսում եմ կարդալ: Գիտեմ, որ երբեք չեմ հասցնի բոլոր լավ գրքերը կարդալ` ժամանակը թույլ չի տա, բայց գիտեմ նաև, որ մինչև վերջին օրը կշարունակեմ պայքարել ժամանակի հետ, ու իմ պատուհանագոգի գրքերը երբեք չեն պակասի:

Ինչպես տիեզերագնացը՝ փոքրիկ պատուհանից

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Իմ մանկության հիշողությունից դեռևս չէր ջնջվել այդ տեսարանը։ Միշտ հիշել եմ այդ անվասայլակով մարդուն, ով փոփքորն էր վաճառում Ստեփանավանի փողոցներում։ Փոքր ժամանակ պապիկս շատ էր իմ ու եղբորս համար այդ պապիկից գնում։ Բայց որոշ ժամանակ անց նա այլևս չէր երևում։ Ես հաճախ էի պապիս հարցեր տալիս նրա մասին, թե ինչո՞ւ այլևս չի երևում, ինչո՞ւ փոփքորն չի վաճառում, ո՞ւր գնաց, և միշտ էլ նույն պատախանները ստանալով՝ նորից ու նորից հարցնում էի։

Պարզվեց, որ նրա երկրորդ ոտքը նունպես անդամահատել էին, և քանի որ նա միայնակ էր ապրում քաղաքի շենքերից մեկի չորրորդ հարկում, տանից այլևս չէր կարողանում դուրս գալ։ Հիմա կմտածեք, թե ո՞ւր է նրա ընտանիքը, արդյոք ունի՞ նա ընտանիք, ո՞ւր են նրա բարեկամները, ընկերները։ Այս բոլոր հարցերի պատասխանները կգտնեք նրա հետ իմ ունեցած զրույցը կարդալուց հետո։

Մի օր պապիկս առաջարկեց նրանից հարցազրույց վերցնել, և եթե հնարավոր է` նաև ֆիլմ նկարահանել։ Ես հավանություն տվի պապիս առաջարկին։ Օգոստոսի չորսին՝ չորեքշաբթի օրը ես ու պապիկս որոշեցինք այցելել նրան։

Ինչպես ասացի, նրա տունը չորրորդ հարկում էր։ Մոտեցանք դռանը, զանգը տվեցինք։ Ներսից մի ձայն ասաց, որ դուռը բաց է, և որ մենք կարող ենք ներս մտնել։

-Բարև Ձեզ։

-Բարև, բարև Վիգեն ջան։ Ներս եկեք, նստեք։ Էս մեծ թոռնիկդ ա՞, էս ինչքա՞ն ա մեծացել։ Ո՞ր դասարան ես, ազիզ ջան։

-Տասնմեկ։

-Հա՜։ Խաղող փորձեք։ Շատ ժամանակ չգիտեմ ինչ անեմ, ֆռռում-ֆռռում, խալադելնիկը բացում մի բան ուտում, ֆռռում- ֆռռում․․․ Անգործությունից չգիտեմ ինչ անեմ։ (Դադար)։ Լսում եմ Ձեզ։ Հիմա պետք ա սաղ հարցերին պատասխանեմ։ Ես Գագիկ Մկրտչյանն եմ, ծնվել եմ 1955թ․-ին։

-Տատիկի տարիքին ա, էլի,- ասում է պապիկս։

-Հա, տատիկդ ինձանից մի ամսով մեծ ա, էտ էլ ասեմ։

-Ո՞րտեղ եք սովորել։

-Ստեփանավանում։ Սկզբից ընտանիքի ոչ ապահով պայմաններից ելնելով սովորել եմ գիշերօթիկում՝ առաջին դասարանից մինչև ութը։ Իններորդ և տասներորդ դասարանները սովորել եմ առաջին դպրոցում։ Ամենաշատը պատմությունն ու ռուսաց լեզուն եմ սիրել։ Չեմ հիշում, վեցերորդ թե յոթերորդ դասարան էի, մի դասատու ունեի․ որ դաս էր բացատրում, բերանս բաց արած լսում էի, էնքան լավ էր բացատրում։ Տենց ռուսերենը շատ եմ սիրել։ Մի պատմության դասատու էլ ունեինք, էլի հարգում էի, չնայած խմող էր։ Գալիս էր, գիրքը փակում, թե պատմի, ես պատմում էի, ինքը արդեն քնած էր։ (Ծիծաղում ենք):

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն ընդունվելու համար մի քանի անգամ քննությունների եմ գնացել։ Մի անգամ Վանաձորում` պատմական, մի անգամ էլ Երևանում` իրավաբանական։ Երկու անգամն էլ երկու միավոր պակաս եմ ստացել ու չեմ ընդունվել։ Ջղայնացել եմ, 1973-ին գնացել եմ բանակ։ Երեք տարի եմ ծառայել։

-Երեք տարի՞։

-Հա, մարսկոյ, մարյակ։ Հետո էնտեղից միանգամից Տուապսե եմ գնացել։ Էնտեղ հանդիպել եմ ապագա կնոջս, սիրահարվել, վերցրել ու փախցրել եմ։

-Ո՞նց հանդիպեցիք ձեր կնոջը։

-Ուրեմն, ասեմ, աղջիկ ջան։ Նավի վրա էի ծառայում։ Հիվանդացա։ Գնացի Տուապսե ու էնտեղ էլ հանդիպեցի։ Մի քանի անգամ ասին` մածուն մերել սովորացրա։ Էնտեղի հայերից էին, բայց չգիտեին։ Սովորացրի, բայց տենց էլ չսովորին։ Էդպես ա եղել։ Փախցրեցի բերեցի էստեղ, կես տարի մնացինք ու 77 թ.-ին գնացինք նորից Տուապսե։ Ընտանիք կազմեցի, երկու աղջիկ ունեցա, իմ հալալ քրտինքով տուն դրեցի։

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

-Իսկ Տուապսեում ի՞նչ եք աշխատել։

-Տարբեր տեղեր եմ աշխատել։ Առևտրի ցանցում եմ աշխատել, կաթի գործարանում, հետո սկսեցի ողջ Ռուսաստանով շրջել, գործարքներ կնքել և այլն։ Ասեմ, որ ինձ ոչ ոք չի օգնել։ Երկու տարեկան էի, երբ հայրս ու մայրս բաժանվեցին։ Դրա համար մամաս ինձ ստիպված գիշերօթիկ տվեց։ Շատ ծանր մանկություն եմ ունեցել, ճիշտն ասած, բայց երբեք չեմ ընկճվել։

Հետագայում մեր կյանքը հարթ չընթացավ։ Մի օր էլ բաժանվեցինք։ Դե, ընտանիք ա, քսան տարի ապրեցինք` ձանձրացանք երևի։ Թե իմ մեղքով, թե իրա մեղքով։ Ընտանիքը մութ անտառ ա, շատ դժվար ա ասել` ոնց եղավ, ինչ եղավ։ 1996 թվին եկա Հայաստան։ Էստեղ էլ` ինչ, 98թ-ին պապիկիդ մոտ պահակ աշխատեցի։ Հետո ուզում էի էլի գնալ, բայց հիվանդություն ի հայտ եկավ, և ոտքերս էլ սենց եղան։ Սկզբից ոտքիս մատները կտրեցին, ու էդպես աստիճանաբար 2002թ-ին ամբողջ ոտքս կտրեցին։ Բացի էդ, էնտեղ էլ տուն չկար։ Ինչ-որ պատճառով գրավի տակ էին դրել և զրկվել տնից։ Հիմա էլ տեսնում ես, աղջիկ ջան, ապրում եմ, էլի, ծանր պայմաններում, բայց ապրում եմ։ Հիմա ես կարամ շեշտեմ, որ միակ մարդը, որ ինձ օգնել ա, Վիգենն ա` պապիկդ։ Միակ մարդը քաղաքում, ով իմ ամենադժվար պահերին կողքիս ա եղել։ Մի քանի անգամ էլ քաղաքապետն ա օգնել՝ Միքայել Ղարաքեշիշյանը։ Իսկ ընդհանրապես թոշակը` ի՞նչ։ Երեսուներկու հազար թոշակով մի՞թե կարելի ա ապրել։ Ասում են` դեղերը անվճար են, բայց էդ դեղերը էն դեղերը չեն, որոնք պիտանի են հիվանդի համար։ Դժվար ա։

-Ձեր կյանքում եղե՞լ ա մի էնպիսի դեպք, որ դուք մինչև հիմա չեք մոռացել։

-Ես կարամ հիշեմ միայն մի դեպք։ Էդ ժամանակ 9-րդ դասարան էի։ Շատ լավ դեպք ա։ Դե բոլորը մամա-պապա ունեին, ես պապա չունեի։ Իմացա, որ հերս Ռոստովում ա։ Թողեցի ու գնացի հորս գտնելու, որ հորս մորս հետ միացնեմ։ Հարցուփորձով ա, ինչով ա, մի կերպ գտա տունը։ Գնացի, հերս տանը չէր, կինն էր։ Ասավ թե` աշխատանքի ա։ Էնքան էլ ցուրտ էր, փետրվարն էր։ Չկարողացա գտնել։ Բայց շատ էի ուզում գտնել-բերել։ Ճիշտ ա, հերս ինձ համար ոչ մի բան չի արել, բայց ծնողը մնում ա ծնող։ Մի երկու տարի հետո, երևի իմացել էր, որ գնացել եմ, ինքը եկավ։ Դա արդեն 73 թիվն էր, բանակ գնալուց առաջ։ Բերեցի մեր տուն։ Մերս եկավ դուռը թխկթխկացրեց։ Բացեցի, ասավ` ո՞վ կա տանը, ասեցի․«Ամուսինդ ա, բերել եմ, որ միանաք»… Թողեց հետ գնաց։ Ու էդպես էլ չստացվեց։ Երբեք չեմ մոռանա։ Ես էլ աղջիկներ ունեմ, բայց իրենք շատ սառն են, դա սխալ ա։ Մեկ-մեկ զանգում են, ասում եմ` հա, ներել եմ, բայց ինքս ինձ խաբում եմ։ Սենց ասում եմ, բայց սիրտս լաց ա լինում։

(Այս խոսքերն ասելիս նրա դեղնած աչքերում փայլ նկատեցի, արցունքի մի շողացող փայլ):

-Աշխարհին նայում ա էս բալկոնի բացվածքից,-ասում է պապս։

-Էս չորս տարի ա` տնից դուրս չեմ եկել։

-Շատ դժվա ա,- ասում է պապիկս,-բայց դե էս մարդու մեջ էնքան ուժ ու հավատ կա, որ պայքարում ա, դժվարությունները հաղթահարում ա, հաճախ էլ ինքն ա օգնում ուրիշներին,-այս ասելով պապս ցույց տվեց պահարանի գլխին դարսված ստվարաթղթե արկղիկները, որոնք դատարկ էին, և օգտագործվում էր ձմեռը տունը տաքացնելու համար։

-Օգնություն չի, աղջիկ ջան։ Բա մի անգամ հոքրիս աղջիկը եկավ ասավ․«Գագո, էս լավ էլ ապրում էս, էլի», ասի․«Հա, օգնություն ա, չեմ հասցնում` հանեմ օգտագործեմ»: Բայց հետո ասի, որ կարդոններ են։

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

-Հիմա ճիշտ ա, կյանքդ փոխել չես կարա, բայց էս պահին ի՞նչ կուզեիր, որ լիներ,- հարցնում է պապիկս։

-Կուզենայի ամենամոտ բարեկամների ու ընկերների մեջ արթնանար մարդկությունը։

-Այսինքն, բարի վերաբերմունք կուզենայի՞ր քեզ շրջապատող աշխարհից,-ասում է պապիկս։

-Բարի վերաբերմունք, դա ա մնում կյանքում։ Շատ կուզեի թոռնիկներիս տեսնեի, նրանցով շրջապատված լինեի, նրանց ճղոցը լսեի, բայց ո՞ւր ա, չկա։

-Էս աշխարհի մարդկության մասին ի՞նչ ես մտածում,-կրկին հարցնում է պապիկս։

-Մարդկություն չկա։ Այլասերված են բոլորը։ Կորել ա մարդկությունը։ Չկա։ Էսքան ժամանակ ես եմ ինձ համար պայմաններ ստեղծել, գոնե որոշ չափով բարվոք ապրելու համար։ Գոնե որ առաջին հարկում լինեի` լավ կլիներ։ Չնայած էս բոլորին, գոհ եմ իմ կյանքից, հետաքրքիր կյանք եմ ունեցել, ճիշտ ա, բարդություններով ու խնդիրներով։ Փառք Աստծուն, հիմա առողջ եմ, կամ, ապրում եմ՝ ունենալով մի երկու հոգի՝ լավ մարդիկ, բարեկամներ, և դա ինձ շունչ ա տալիս, հույս ա տալիս։

-Պատկերացրա, որ մի տիեզերանավի մեջ տիեզերքով գնում ես։

-Է՜, Սուքիասյան ջան։ Կարելի ա և այդպես մտածել։ Ինչպես տիեզերագնացն ա իր փոքրիկ պատուհանից տիեզերքին նայում, այնպես էլ ես եմ իմ պատշգամբից նայում աշխարհին։

araqs aharonyan kotayk

Եվ նորից ընթերցանության մասին

Բոլորս էլ հաճախ ենք տեսնում ավագ սերնդի շատ ներկայացուցիչների, ովքեր անընդհատ ասում են, թե երիտասարդությունը` 21-րդ դարի երիտասարդությունը, կարդալ չի սիրում: Իհարկե, ես ևս կարծում եմ, որ դեռ նրանց երիտասարդության տարիներին կարդացող երիտասարդության թիվը շատ ավելի է եղել, բայց, միևնույն ժամանակ, սխալ է նման կերպ խոսել մերօրյա երիտասարդության մասին: Անհերքելի փաստ է, որ կարդացող երիտասարդությունը ընդհանուրի փոքրամասնությունն է, բայց նույնքան անհերքելի փաստ է նաև այն, որ նրանք քիչ չեն:

Ո՞րն է խնդիրը: Ավագ սերունդը` հարցին ի պատասխան, միանշանակ կնշի, որ խնդիրը համակարգիչն է, հեռախոսը, ինտերնետը… Իհարկե, նրանք ճիշտ են, քանի որ դրանք իսկապես դարձել են երիտասարդության ստվար հատվածի առօրյայի անբաժանելի մասը, և օրվա մեծ մասը նրանք անց են կացնում վիրտուալ «կյանքում»: Բայց հենց այստեղ չեմ կարող չխոսել նույն այդ համակարգչի ու ինտերնետի օգտակարության մասին:

Առհասարակ, ամեն բան ունի իր և’ լավ, և’ վատ կողմերը, նայած թե որ կողմից ենք նայում դրան: Այս դեպքում, անշուշտ, պետք է նշեմ, որ ինտերնետն ու այս սարքավորումները ինձ շատ են օգնում, անասելի շատ: Այստեղ պետք է հետ գնամ արդեն սկզբում արծարծված թեմային` ընթերցանությանը: Գրեթե բոլոր գրքերը, որոնք կարդացել եմ, կարդացել եմ ինտերնետի միջոցով, քանի որ գրքեր «հայթայթելը» փոքր ինչ դժվար է, հաճախ անհնար, քանի որ կան գրքեր, որոնք դեռևս միայն համացանցում են հասանելի:

Ասում են՝ մի՞թե գիրքն ու ընթերցանության այդ ձևն ու այդ էկրանը կարող են համեմատվել։ Իհարկե, ոչ, բայց չլինելուց լավ է։

Այստեղ է թաքնված խնդրի «պոչը»։ Ավագ սերնդի երիտասարդության տարիներին ընթերցանությունը աչք զարնող էր։ Եթե կարդում էիր, պետք է ձեռքիդ գիրք լիներ։ Այդ իսկ պատճառով, այսօր տեսնելով մեր՝ 21-րդ դարի երիտասարդների ձեռքերում ոչ թե գիրք, այլ ինչ-որ էկրան, թերահավատորեն են մոտենում, չմտածելով, որ այդ գիրքը հենց դրանում է, ու որ մենք կարող ենք ուղղակի բեռնել (գրեթե) ցանկացած գիրք և կարդալ։

Մեր երիտասարդության մեջ ոչ միայն քիչ չեն կարդացողները, այլ նաև՝ գրողները (իհարկե, խոսքը իրենց այդպիսիների շարքին դասող ինքնահռչակների մասին չէ)։ Այո՛, շատ լավ գրող սերունդ ունենք, և շատ ուրախ եմ, որ նրանց հետ ապրում եմ նույն ժամանակաշրջանում և կողքից լուռ, բայց ուշադրությամբ հետևում գրականության մեջ իսկապես մնայուն արժեքներ դարձող գործերի ստեղծմանը։

Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է ընդհանուրին ուղղել «փողը»։ Հասկանում եմ մեր մեծերի մտահոգությունները, ընդունում նրանց կարծիքը, հարգում նրանց մտածելակերպը, պարզապես ցանկանում եմ ասել՝ քիչ չեն մեր ընթերցասեր երիտասարդները, և հենց նրանք են մեր ապագայի կերտողներն ու անցյալի գանձերը հավատարիմ պահող-պահպանողները։

Եվ մի բան էլ. այո, գիրք կարդալը հենց գրքով շատ հաճելի է, իսկ դուք` մեծահասակներդ, որ պատասխանատու եք գրահրատարակչության համար, քանի՞ այդպիսի գիրք եք հրատարակում տարվա մեջ:

Ani avetisyan

Այն ամենաիրականը, որ ապրում է յուրաքանչյուրիս մեջ…

Դե, օգնիր ինձ կոտրել այս ապակին, չե՞ս տեսնում՝ խանգարում է…

Գիտե՞ք ինչ ապակի է դա: Չէ՞: Հիմա ասեմ:

Կարդացե՞լ ես «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը», եթե՝ոչ, անպայման կարդա: Չէ, նա ասածս ապակու հետ կապ չունի, բայց, երևի ունի: Մի քիչ: Գիտե՞ս՝ ով էր նա:

Նա բոլորի նման մեկն էր, հա՛, բոլորի նման, այնպես, ինչպես մենք ենք հիմա նման իրար: Մի ժամանակ նա էլ չէր ուզում տարբերվել մյուսներից, որովհետև Երամից տարբերվող մարդիկ տեղ չունեն այնտեղ: Մեզ մոտ էլ այդպես է, չէ՞: Ցավոք՝ այո…

Շուրջդ նայիր, այս կյանքում ասես ամեն բան նախապես մշակված լինի. նույն առավոտները, նույն կեսօրը, նույն մայրամուտը: Իսկ հիմա, հիմա փակիր աչքերդ ու փորձիր ներաշխարհդ տեսնել, տեսա՞ր: Այնտեղ ոչ մի արևածագ ու մայրամուտ չի կրկնվում, այ, եթե փորձեիր այն դարձնել իրական, հրաշալի կլիներ, չէ՞: Եթե աշխարհում ամեն մեկն ապրեր այնպես, ինչպես ինքը կուզեր, այն կյանքով, որ իր  համար էր գծված, ոչ թե այնպես, ինչպես ուրիշներն են ապրում, ինչպես այդ ուրիշներն են ուզում:

Մենք ծնվում ենք, դպրոց գնում, ավարտում, մասնագիտություն ընտրում… Եվ այս ամենն այնքան դանդաղ, այնքան անտարբեր, ասես այդպես էլ պետք է լիներ: Բայց պատկերացրու, որ մեր կյանքում գոնե մի քիչ թռիչք լիներ: Չէ՞ որ հենց դա է կյանքը, իրականը: Ու այդ թռիչքին պատրաստ  մեկն ապրում է մեր մեջ, մեզանից յուրաքանչյուրի մեջ: Ուղղակի պիտի գտնենք նրան, օգնենք դուրս գալ այս ապակեպատ վանդակից ու թռչել: Հա՜, թեկուզ Երամը մեզ չընդունի, չհասկանա:

Թռչե՜լ: Բարձր ու առանց ներքև նայելու: Անմահական է: Մի քիչ էլ անմահություն:

Դե, հիմա, վերցրու մի իր, կամ թեկուզ ձեռքերով՝  կոտրիր այդ ապակին, դուրս բեր քո իրական ես-ն ու թող նա ապրի այնպես, ինչպես պիտի ապրեր:

Հենց նա է աշխարհում ամենից իրականը, նա, ով չի ուզում նմանվել մյուսներին: Ու նա  կա մեր մեջ: Գտնել է պետք:

«Հավատա նրան, ինչ-որ անում ես, արա այն, ինչին հավատում ես»:

Հարցազրույց նախկին ուսուցիչ Ռոբերտ Եղյանի հետ

Լուսանկարը՝ Սյուզաննա Քոսյանի

Լուսանկարը՝ Սյուզաննա Քոսյանի

-Խնդրում եմ ներկայացեք:
-Ռոբերտ Եղյան, երկար տարիների մանկավարժ. մոտ 36 տարվա ստաժ ունեմ: Իհարկե, ինձ համարում եմ ոչ այն ուսուցիչներից, որ մենակ ստաժն է հաշվում ու դրանով պարծենում: Յուրաքանչյուր աշակերտիս փողոցով անցնելիս ժպիտով բարևելը մի մեծ պարգև է ինձ համար: Համենայնդեպս, ինձ թվում է, որ աշակերտներիս, որոնց ես շատ-շատ եմ սիրում, իրենք էլ գիտեն դա, իրոք մի բան տվել եմ և ինչ-որ հետք նրանց մի զգալի մասի կյանքում անպայման թողել եմ, ու դա ինձ շատ-շատ ուրախացնում է: Բայց, ցավոք սրտի, անցյալ տարի ես ստիպված լքեցի դպրոցը, որովհետև զգացի այս համակարգի հետ այլևս չեմ կարող, ժողովրդի լեզվով ասած, «յոլա գնալ»: Ինձ ասում են` ոչ թե աշակերտին գիտելիք տուր, այլ վարժեցված շնիկ սարքիր, որ նա թեստեր լրացնի. դա իմը չէ:

Իսկ հատկապես պատմությունը էն առարկան է, որ հիմա ամբողջությամբ ծանրաբեռնել են անիմաստ թվերով, փաստերով, և ինձ էլ պարտադրում են, որ ես դա աշակերտից պահանջեմ: Դա իմը չէ, և դրա համար ես դուրս եկա:

Եվ նույնիսկ մի էսպիսի համեմատություն արեցի: Երբ 2002 թվի մայիսի 9-ին իմ աշակերտներից 6 հոգի, որոնք Ղարաբաղում կռվել էին, Շուշիի ազատագրման տասնամյակի օրը ինձ հրավիրեցին երեկույթի, և բոլորը հատուկ իմ կենացը խմեցին այն արտահայտությամբ, որ իրենց այս դաստիարակության գործում ամենամեծ դերը ես եմ խաղացել: Դա ինձ համար ամենամեծ գնահատականն էր, և ինձ համար այդ երեխաները, որոնցից ոչ մեկը գերազանցիկ չէր, գտնում են, որ ես անհամեմատ ավելին եմ տվել իրենց, քան էն 5 պոկողները, գերազանց պոկողները, որոնք հետո թքած ունեն թե՛ հայոց պատմության վրա, թե՛ ընդհանրապես հայ ժողովրդի վրա:

Ես երկար ժամանակ պայքարեցի, որ ինչ-որ բան փոխեմ, բայց զգացի, որ անիմաստ է, և դրա համար… Գուցե ես էի սխալ, սխալ էի իմ մոտեցումներով, դրա համար դուրս եկա:

-Իսկ ինչպե՞ս ընտրեցիք մանկավարժի մասնագիտությունը:
-Մի ծիծաղելի պատճառով: Ուրեմն համալսարանում մենք մանկավարժության քննություն էինք հանձնում, իսկ իմ դասախոսը քարացած հայացքների տեր անձնավորություն էր, չնայած հանրապետության մեջ ճանաչված մասնագետ էր: Քննության ժամանակ իրար հետ վիճեցինք, և նա ինձ ասաց, որ ինձնից ընդհանրապես մանկավարժ դուրս չի գա: Մեր ամբողջ կուրսում միակ 3-ը ես ստացա: Ամբողջ կուրսը 4 ու 5 ստացավ: Նույնիսկ ինչ-որ տեղ ամոթ էլ էր, բայց ես դրանից ինձ վատ չէի զգում: Երբ պրակտիկայի գնացի Երևանի դպրոցներից մեկը, այնտեղ զգացի, որ այնուամենայնիվ ես երեխաներին ավելի շատ բան կարող եմ տալ: Համալսարանից անմիջապես հետո ես աշխատել եմ նաև Պոլիտեխնիկական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում (այն ժամանակ Կիրովականի մասնաճյուղ էր) և զուգահեռաբար աշխատում էի նաև դպրոցում: Զգացի, որ այդ ինստիտուտում աշխատելը սուտ պատիվ է: Ես պիտի աշխատեի այնտեղ, որտեղ կարող էի ավելի շատ օգուտ տալ, և դրա համար ընտրեցի դպրոցը ու չեմ ափսոսում:

-Արդյոք դժվա՞ր էր երեխաների հետ լեզու գտնել:
-Գիտեք, այ իմ բնավորությունը այնպիսին է, որ ես ինքս եմ միշտ ձգտում դժվարությունների, և այդ դժվարությունները հաղթահարելը ինձ շատ ավելի մեծ բավականություն է պատճառում: Հիշո՞ւմ ես Գորկու «Բազեի երգը»: Իմ ամենասիրած ստեղծագործությունն է… Ես բազեի կյանքն եմ միշտ սիրել, օձի կյանքը չեմ սիրել, որ քարանձավում, խոնավության մեջ, մթության մեջ հանգի՜ստ հաշտ ու խաղաղ ապրում է: Ի դեպ, ասեմ, ես ավելի շատ սիրել եմ հենց դժվար դասարանների հետ գործ ունենալը: Այն դժվար երեխաների, որոնք զգացել եմ` ուղեղ ունեն, պարզապես չեն աշխատում, մի քիչ տղայություն են ուզում անել, այդպիսի տղաների հետ, այդպիսի դասարանների հետ ես ավելի հաճույքով եմ աշխատել: Հենց տեսել եմ նման մարդիկ կան, ասել եմ` նրանց պետք է նվաճեմ: Նվաճել ոչ թե ժողովի ժամանակ նրանց արժանապատվությանը կպնելով, այլ նրանց սիրտը նվաճելով: Մեծ մասամբ դա ինձ հաջողվել է:

-Ես ինքս էլ եղել եմ ձեր աշակերտը և գիտեմ, թե ինչքան անմիջական կարող եք շփվել աշակերտի հետ և, դրա հետ մեկտեղ, շատ խիստ լինել: Ինչպե՞ս է դա ձեզ հաջողվում:
-Անմիջական շփումը, ես համոզվել եմ, գալիս է նրանից, որ ես միշտ ուզում եմ աշակերտների հետ անկեղծ լինել: Երբեք այնպես չի եղել, որ երեսին մի բան ասեմ, հետևից մի ուրիշ բան: Դասարանում մի բան ասեմ, դրսում` ուրիշ բան: Նրանք գիտեն` ես ինչպիսին կյանքում եմ, այնպես էլ դասարանում եմ: Անգամ իմ խոսակցականը դրսում նույնն է, ինչ դասարանում: Չեմ լարվում, որ գրական խոսեմ, փառք Աստծո, մաքուր հայերենով եմ խոսում, բայց ինչ-որ լարվածոթյուն, որ լրիվ մաքուր գրական խոսեմ, երբեք նման բան չի եղել: Ուսուցիչը ոչ թե պետք է լինի հոգեբան, այլ պարտավոր է և պարտադիր է, որ լինի: Վերջին հաշվով մեր և բժշկի սխալը ճակատագրական է: Բժշկի սխալը ֆիզիկապես կարող է հիվանդին սպանել, իսկ ուսուցչի սխալը հոգեպես կսպանի:

-Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինեն ուսուցիչաշակերտ հարաբերությունները:
-Անկեղծ, պահանջկոտ: Վերջին հաշվով, այսպիսի մի բան` ուսուցչի և աշակերտի միջև կա որոշակի սահման, սահմանագիծ, բայց այդ սահմանագիծը միայն ուսուցիչը պետք է խախտի, և իրեն այնպես պահի, որ աշակերտը իմանա, որ ուսուցիչը խախտեց, բայց ինքը երբեք չխախտի: Օրինակ` մինչև վերջին դասարանը, նախկինում 10-րդ դասարան էր, հիմա` 12-րդ դասարան, աշակերտներից պահանջում էի ու շատ խիստ էի պահանջում, ոչ մի ներում-բեկում չկար: Վերջում, երբ արդեն տեսնում էի` իմ առարկայի գծով չեն գնում, համենայնդեպս, շատ երևույթների առաջ աչք էի փակում: Դարն է այդպիսին դարձել. երեխաները այստեղից այնտեղ են վազում, մի պարապմունքից մյուս պարապմունքը, և ոչինչ չեն հասցնում: Ի՞նչ իմաստ ունի, որ օրինակ, բժշկական ինստիտուտ գնացող երեխային անընդհատ պարտադրեմ, որ նա պատմություն սովորի: Հա, մինչև վերջին դասարանը, անկախ ամեն ինչից, իր ազգի պատմությունն է` պետք է սովորի, բայց վերջում ես մի փոքր բաց էի թողնում: Էլի իմ մանկավարժի կոչումը երբեք չէի մոռանում` ինչով հնարավոր է աշակերտներին միշտ օգնել եմ խորհուրդներով, խրատներով: Ամենակարևորը` ինձ շատ ուրախացնում է, որ իմ աշակերտներից շատերը ինձ ասել են, որ` այս ձեր խոսքը ես միշտ հիշել եմ, և իմ կյանքում շատ օգուտ է տվել ինձ, դա արդեն շատ մեծ բան է:

-Ինչպիսի՞ քայլերի եք դիմել, որպեսզի աշակերտին հետաքրքիր լիներ ձեր դասին նստելը:
-Ուրեմն, վերջերս, որ թեստեր էին տվել տնօրինության կողմից, այնքան հիմար հարցեր կային, այնքան հիմար, որ ես ասացի` դրանց պատասխանը նույնիսկ ես չգիտեմ: Ի՞նչ պարտադիր է, թե աշակերտը իմանա` այսինչ բանը ամսի 24-ի՞ն է եղել, 25-ի՞ն, 26-ի՞ն թե՞ 27-ին: Թող նա էությունը իմանա, մեկնաբանությունը իմանա, դա ինձ համար ավելի կարևոր է: Եվ այսպիսի մի բան. oրինակ, ինձ քննադատել են այն բանի համար, որ այսօր աշակերտակենտրոն ուսուցում է գնում, բայց էլի ես եմ դասերի ժամանակ ավելի շատ խոսում: Երբ ինձ ասացին` ուսուցիչը շատ չպետք է խոսի, ես ասացի,որ չպետք է խոսի այն ուսուցիչը, ով խոսելու բան չունի, իսկ ով որ խոսելու բան ունի, թող նա շատ խոսի: Եվ եթե ուսուցիչը կարողանում է աշակերտին գրավել, իր խոսքը աշակերտին հասցնել, դրանից լավ բան այս աշխարհում չկա: Իմ հայ գրականության ուսուցչուհին, որի հիշատակի առաջ ես գլուխ եմ խոնարհում,նրա ամեն մի բառը, նախադասությունը իմ ուղեղում և սրտում տպվում էր: Եվ նա ինչքան շատ էր խոսում, ես ինձ ավելի երջանիկ էի զգում, որովհետև նա է ինձ շատ բան տվել:

-Պատմեք մի փոքր ձեր երիտասարդ տարիների մասին: Նաև` ձեր նախասիրությունների, թե՛ հիմա, թե՛ երիտասարդ տարիներին:
-Եթե ես նորից լինեի երիտասարդ, այսինքն, հիմա էլ երիտասարդ եմ. ընդամենը մի շաբաթ առաջ 3-րդ անգամ 20 տարեկան դարձա, ես էլի կվայելեի իմ երիտասարդությունը, կապրեի այնպես, ինչպես ապրել եմ: Իմ երիտասարդությունը շատ հագեցած է եղել. Խաղաղ օվկիանոսից մինչեւ Եվրոպա որպես ուսանող շրջել եմ: Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում եղել եմ, լավ սովորել եմ: Երևանում սովորելով, ինչ հյուրախաղեր գալիս էին, լիներ թատրոն, օպերա, թե ռոք երգիչ-երգչուհիներ, միշտ օգտվում էի: Ճիշտն ասած, ծնողներիցս թաքուն նաև երաժշտական դպրոցում պահակ էի աշխատում, 82 ռուբլի աշխատավարձ էի ստանում: Այդ 82 ռուբլի աշխատավարձը միայն իմ կարիքների վրա էի ծախսում: Կարիքներ ասելով ոչ թե ինչ-որ ռեստորաններում ուտել-խմելու էի գնում, այլ տոմսեր էի առնում: 4 ամառային արձակուրդ եմ ունեցել, 4-ն էլ անց եմ կացրել ուսանողական շինարարական ջոկատներում:
Նախասիրություններս այնքան շատ են, որ ես ինքս մեկ-մեկ խճճվում եմ, թե որին նախապատվություն տամ: Դեռ երեխա ժամանակ ուզում էի երաժիշտ դառնալ, բայց մատներս փչացան, ու ես չկարողացա այդ ուղղությամբ շարունակել: Բայց սերը երաժշտության հանդեպ պահպանվեց մինչ օրս: Լսում եմ ամենատարբեր երաժշտական ուղղություններ բացի ռաբիզից ու ռեպից: Դասական երաժշտություն, մեր գուսանական երաժշտությունը: Երևանում սովորելու ժամանակ ես օպերայի թատրոնի աբոնեմենտ էի ձեռք բերել և մշտապես այցելում էի: Նույնիսկ ինձ այնքան լավ էին ճանաչում, որ եթե շատ լավ հյուրախաղեր էին լինում, ինձ համար տոմս պահում էին, որովհետև գիտեին. անպայման գնալու եմ:

Մեր քաղաքում լավ գիտեն, թե ռոք երաժշտության ինչ սիրահար եմ: Ունեմ ձայնասկավառակների շատ մեծ հավաքածու, ընդ որում, մոտ չորս հազար, իսկ դա կազմում է մոտավոր մի 600-700 հազար երգ, առանձին երգիչ-երգչուհիների խմբերի ամբողջական հավաքածուներ: Մշտապես լսում եմ: Մեր տանը երաժշտությունը երբեք չի լռում : Լռում է այն ժամանակ, երբ քնած ենք լինում: Դեռ ուսանողական տարիներից հավաքել եմ մետաղադրամների հավաքածու, շատ հարուստ հավաքածու ունեմ` 150 երկրների մոտ 10 հազար մետաղադրամ: Դրանք ինձ համար մի ուրիշ աշխարհ են: Երբ հոգնած եմ լինում կամ նյարդային վիճակում, մի որևէ տուփ բացում եմ և տվյալ երկրի մետաղադրամները նայում եմ, մեկը մաքրում եմ, մեկը ուղղում եմ…

Ուսանող ժամանակ Պոլիտեխնիկ ինստիտուտում ստեղծեցի ուսանողական թատրոն, որը կոչվում էր «Միայնակ տղամարդկանց թատրոն»: Անդրկովկասում միակ ուսանողական թատրոնն էր, որը ժողովրդականի կոչում ստացավ, և այդ թատրոնում հիմնականում իմ գրած պիեսներն էին բեմադրվում: Դրանցից մեկը` «Այս խելակորույս, բայց հիասքանչ աշխարհն» էր: Հիմա էլ շարունակում եմ սցենարներ գրել և պիեսներ գրել: Ազատ ժամանակս դրա վրա եմ ծախսում: Վերջին մի քանի տարվա ընթացքում զբաղվում եմ այգեգործությամբ: Հրաշալի այգի եմ մշակում, բոլոր տեսնողներն են զարմանում, որ ոնց կարող է պատմության մասնագետը նման այգի մշակի: Շատ սիրում եմ սպորտը, հատկապես ֆուտբոլը:
Այս քառօրյա պատերազմը, երբ տեղի ունեցավ, ես անմիջապես գնացի կամավորագրվեցի, բայց ստացվեց այնպես, որ ինձ ուղարկեցին Ղարաբաղ, երբ պատերազմը վերջացել էր: Ես մնացի մի քանի օր Ղարաբաղում, մեր դիրքերում, մեր զինվորների կողքին կանգնեցի: Հերոսությամբ աչքի չեմ ընկել, բայց երբ հրաժեշտի ժամանակ մեր զինվորները, (նրանց ցավը տանեմ,այդ ինչ տղաներ էին, ես իրոք հիացած էի), բոլորը ինձ փաթաթվում էին, թե` հոպար, էլի կգաս, արդեն դա ցույց էր տալիս, որ իմ գնալը իզուր չի անցել:

Լուսանկարը՝ Սյուզաննա Քոսյանի

Լուսանկարը՝ Սյուզաննա Քոսյանի

-Երիտասարդներին ի՞նչ խորհուրդ կտաք մասնագիտության ընտրության հարցում:
-Ծեծված խոսք է, բայց ճշմարիտ է՝ վատ մասնագիտություն չկա, կա վատ մասնագետ: Ամեն ժամանակվա երիտասարդություն իր շատ լավ կողմերն ունի և թերությունները: Եթե որևէ մեկը փորձի երիտասարդության մասին վատը խոսի, նշանակում է, որ այդ մարդը արդեն ծերացել է: Ոչ թե այդ վախն է իմ մեջ խոսում, որ ես հանկարծ վատը չխոսեմ, ո´չ, պարզապես ես լավ գիտեմ մի բան, լավ եմ հիշում, երբ ես էի երիտասարդ, հորս հետ անընդհատ վիճաբանում էինք: Հայրեր և որդիներ հակամարտությունը միշտ էլ եղել է, և նորմալ մարդը, իսկ ուսոցիչը առավել ևս, պետք է հասկանա, որ դա կա: Երիտասարդները որոշ բաների ուրիշ աչքերով են նայում, քան ես, ու ես պետք է հաշտվեմ իրենց հետ, ոչ թե իրենց ստիպեմ շարժվեն իմ ձևով:

Դպրոցում աշակերտների շփման իմ հաջողությոնները գալիս են նրանից, որ ես միշտ մտածել եմ` գուցե հենց իրենք են ճիշտ, ես եմ սխալ: Սիրեք ձեր մասնագիտությունը և կտեսնեք` ինչքան հաջողությունների կհասնեք:
Հավատա նրան, ինչ-որ անում ես,արա այն, ինչին հավատում ես:
-Ինչպե՞ս եք նայում այն հանգամանքին, որ ծնողները իրենց երեխային խանգարում են մասնագիտություն ընտրելու հարցում:
-Շատ վատ, որովհետև ես նկատել եմ մի բան, որ հիմնականում ծնողներն են փչացնում իրենց երեխաներին: Ընդ որում, հոգեկան տրավմա են պատճառում, երբ ծնողը ինքն է որոշում, թե իր երեխան ինչ դառնա,ինչ ուղղությամբ գնա, դա շատ ցավալի է: Եթե երեխան իհարկե սրտանց է ուզում սովորել, բայց հարկադրված է ծնողի կամքը կատարել, արդեն այդ երեխայի համար ողբերգություն է: Բայց եթե երեխայի համար ընդհանրապես ոչ մի նշանակություն չունի. Այնքան, որ գնա որևէ թղթի կտոր, որը դիպլոմ է կոչվում, ստանա, այդ ժամանակ ծնողներն ինչ-որ թելադրում են, նման երեխան որևէ հոգեկան տրավմա չի ստանա: Բայց բոլոր դեպքերում, երեխային պետք է լայն հնարավորություն տրվի, որ նա ինքը իրեն դրսևորի: Իմ ընտանիքում այդպես է, ու ես շատ ուրախ եմ, որ ընթացքում չեմ սխալվել:

-Ձեր ընտանիքում որևէ մեկը ընտրե՞լ է ձեր մասնագիտությունը:
-Ոչ: Ուսուցչի մասնագիտությունը վատ մասնագիտություն չէ, բայց ես էլ չէի ցանկանա, որ ընտրեին: Նրանք երկուսն էլ գերադասեցին մտնել տնտեսագիտության ասպարեզ: Մեծ տղաս այսօրվա դրությամբ փայլուն տիրապետում է ֆրանսերենին, արաբերենին, թուրքերենին: Հիմա արտասահմանում է աշխատում: Իհարկե, նրա տեղը Հայաստանում է, գալու է: Համենայնդեպս կարողանում է իր գործազուրկ հորը պահել:

-Ձեր մանկավարժության տարիներին դասի ընթացքում ի՞նչ տպավորիչ միջադեպ կպատմեք:
-7-րդ դասարանում մի աշակերտուհի կար: Ոչ մի անգամ ես նրա ձայնը չէի լսել: Անընդհատ գլխով էր անում: Ու հիմնականում չէր սովորում: Մի օր հարցրեցի, թե` սովորե՞լ ես դասդ, գլխով այո արեց: Ասացի` արի գրատախտակի մոտ: Ուրախությունից ներքուստ արդեն պատրաստվում էի հրճվել, որ վերջապես այս երեխայի ձայնը լսելու էի: Եկավ ու հենց առաջին նստարանի դիմաց կանգնեց, լավ թափով տղա էր նստած այնտեղ, ինչ-որ բան ասաց աղջկան: Սա էլ, առանց ձայն հանելու, դիմացի գիրքը վերցրեց ու մի հատ լավ հավեսով տղայի գլխին տվեց: Դասարանը ծիծաղեց: Հետո 3-րդ շարքի մի ուրիշ տղա էլի բան ասաց, էլի աղջիկը գիրքը վերցրեց ու սուսուփուս գնաց, նրա գլխին էլ խփեց: Զարմացած նայեցի: Ու կատակով ասացի` սպասի, ես էլ մի քիչ հեռու կանգնեմ, որ նոր պատմես: Դասարանը ծիծաղեց: Էս երեխեն էլ սկսենց լաց լինել: Ասում եմ` ինչի՞ ես լացում, երկու «զառլամա» տղու գլուխ ջարդեցիր: Փոխանակ քիթդ վեր բարձրացնես, դու ես լացում:

-Նորից սեպտեմբեր է, ի՞նչ կմաղթեք աշակերտներին և ուսուցիչներին:
-Ես եղել եմ Բելառուսի դպրոցներում: Դասեր եմ լսել: Դուրս գալուց հետո ասել եմ` մեր հայ միջակ երեխան նրանց գերազանցիկներին մի հազար տակ կծալեր, գրպանը կդներ, որովհետև մեր երեխաները շատ մտածող և տրամաբանող երեխաներ են: Ու երբ չեն սովորում, ես մեծ ցավ եմ ապրում: Ախր, ձեր ուղեղի պես ուղեղ ունեցող երեխաներ փողոցներում թափած չեն: Սովորեք, ձեր գիտելիքը ձերն է լինելու:

Ցանկանում եմ գնահատականի պաշտամունքը վերանա մեր դպրոցից: Գնահատականի պաշտամունքը ուղղակի կործանում է տաղանդավոր լավ երեխաներին: Ծնողները ուզում են իրենց երեխան գրազանցիկ լինի, որովհետև հարևանի բալիկը գերազանցիկ է: Գիտելիքի վրա թքած ունեն: Մաղթում եմ, որ երեխաները գան դպրոց գիտելիք ստանալու համար:

Եվ ուսուցիչներն էլ ամեն ինչ անեն, որ այդ գիտելիքը տան: Ուսուցիչներին մաղթում եմ համբերություն, որովհետև այնուամենայնիվ այսօրվա մեր իշխանությունները պարզապես ստորաբար վարվեցին ուսուցչի հետ, խաբեցին ուսուցչին ամենակեղտոտ ձևով, աշխատավարձից սկսած մինչև ծրագրային տարբեր մոտեցումներով: Այսօրվա դրությամբ մեր հասարակության ամենախոցելի և ամենախեղճ խավը ուսուցիչներն են դարձել: Համոզված եմ, ուսուցչի աշխատավարձը այս պահին 50%-ով որ կրճատես ու ասես` պիտի աշխատես, կասի` հա, դե պիտի գանք, աշխատենք: Բա որ այսօրվա եղածի՞ց էլ կտրեն:

Մաղթում եմ նաև մի փոքր էլ ըմբոստ բնավորություն, որովհետև մարդը ինչքան խեղճ ու կրակ մնա, այնքան խոցելի է լինելու:

Կարոն

Լուսանկարը՝ Արմինե Սահակյանի

Լուսանկարը՝ Արմինե Սահակյանի

Երջանկությունն այն բառն է, որը բոլորը գոնե մեկ անգամ արտասանել են, բայց եթե յուրաքանչյուրիս հարցնեն, թե ինչ է երջանկությունը, հնչած պատասխանները կտարբերվեն միմյանցից։ Ամեն մեկս յուրովի ենք պատկերացնում երջանկություն ասվածը, և շատ քչերն են կարողանում այս կյանքում ստեղծել կամ էլ գտնել այն։

…Անքուն գիշերներս մի առավելություն ունեն: Երբ քնած է ողջ գյուղը, ես արթուն եմ, արթուն եմ ու վազում բարձրանում եմ սարը։ Մեր գյուղի արևածագը կրակոտ է, ու ոչ մի տեղ երբեք արևն այդքան սիրով չի բացվում։ Նկարոտ, ոչ մի ֆիլմում երբեք չեղած մի տեսարան է, երբ աղջամուղջի մեջ ցրվում է մութն ու տրվում արևին, ընդունում արևի լույսը ու հավատում նրա այն խոստմանը, թե եկող օրը ամեն ինչ փոխելու է, թե գյուղացու առօրյան մի քիչ թեթևանալու է։

Տատը չի սիրում, երբ արթնանում է ու ինձ տանը չի գտնում, հենց այդ պատճառով էլ հենց գյուղն արթնանում է, շտապում եմ իջնել սարից ու տուն գնալ։ Մի անգամ էլ գյուղի միջով քայլելիս տեսա, որ ինչ-որ մարդիկ իրերով էին լցնում վերջերս վաճառված տունը. մեր նոր հարևաններն արդեն ժամանել էին։ Մտա տուն, ու տատը ձայն տվեց.

-Բալես, արի, շուտ արա, արի ինձ ու Արև տատին կոֆե դիր։

Ամեն առավոտ սուրճ եփելիս ուզած, թե չուզած ծանոթանում էի գյուղի բոլոր թարմ նորություններին, որովհետև դրանք տատիս պատմելը համարվում էր մեր հարևան Արև տատի կարևոր պարտականություններից մեկը, որով էլ միշտ սկսում էր նա իր օրը։

-Բա չիմացա՞ր, էն Օնոյենց Պետրոսի տունը երևանցի մի դոկտոր ա առել։ Ասում են` Երևանում մեծ հիվանդանոցում ա աշխատում, կենտրոնում էլ տուն ունի։ Մենակ մի բան չեմ կարում հասկանամ, դա մեր գյուղումը ի՞նչ ա կորցրել, որ էդ քաղքի կյանքը թողել, էկել ա էստեղ ապրելու։ Մի տեսակ լավ հոտ չեմ առնում ես էս պատմությունից։

-Հա էլի, Արև ջան, ո՞վ ա իր օրում լսել, որ մարդ քաղաքը թողնի, գա գյուղում ապրի։ Համ էլ` կարող ա չի ապրելու, դաչայի տեղ ա բանացնում։

-Էդ մեկը չեմ իմանում, բայց գիտեմ, որ էսօր էլ ունեցած-չունեցածն են բերել, ձեր տուն գալուց տեսա։

-Հա, ես էլ էի նկատել, որ էդ տան դուռը բաց ա։

Արդեն պարզ էր, որ այսօրվա գլխավոր սենսացիան մեր նոր հարևանն էր, ով բոլորի շրջանում մեծ զարմանք էր առաջացրել մեր գյուղ տեղափոխվելով։ Ու չեմ թաքցնի, որ ինձ էլ շատ էր հետաքրքրում, թե ով էր այդքան բարձր գին վճարել Պետրոսի հին ու կիսաքանդ տան համար, որը ոչ մի առանձնահատուկ գրավող բան չուներ իր մեջ։

Մեր գյուղը բարձրադիր է համարվում ու մենք այստեղ ավելի մոտ ենք արևին, քան քաղաքի մարդիկ։ Ցերեկները արևը խանձում է մաշկդ, իսկ գիշերները սարից եկած քամին ստիպում մինչև ոսկորներդ մրսել։ Հենց դրա համար էլ պաշտում եմ երեկոները, երբ արևն արդեն թուլանում է ու թաքնվում սարերի ետևում, բայց հողը դեռ պահում է իր մեջ արևի շողերն ու տաքություն տալիս։ Քամու տված սառնությունն էլ տանելի է դառնւմ, նույնիսկ հաճելի է, թե ինչպես է խաղում մազերիդ հետ ու պարել ստիպում ողջ բնությանը։ Մեր գյուղում ես վայելում եմ բոլոր երեկոները՝ լցված խենթ քամով ու արևի մարած ջերմությամբ։

Խորհրդավոր հարևանները մի քանի շաբաթ էր, ինչ եկել էին: Այդպիսի մի հրաշք երեկո էր, ես էլ բարձրացել էի տան կտուրն ու համակված էի երջանկության զգացումով, երբ ընկնում ես երազանքների գիրկն ու ամեն ինչ աչքիդ ավելի սիրուն է թվում։ Նկատեցի հանկարծ, թե Պետրոսի տունը, որն արդեն վաղուց էլ Պետրոսին չէր պատկանում, ինչքան էր փոխվել՝ այգին մաքուր էր, գեղեցիկ ու հազվագյուտ ծաղիկներ էին հայտնվել, տունը կարգի էր բերված: Ամեն դեպքում դրսից շատ էր գեղեցկացել, իսկ հենց տան դիմաց դրված էր մի մեծ ճոճանակ։ Զարմացած մտածում էի, թե ինչպես էր այդ կիսաքանդ տունը փոքրիկ ու թաքուն մի անկյուն դարձել,  երբ տեսա մեկը մեր տան կողմն է գալիս։ Մինչ կհասցնեի իջնել կտուրից, տատս արդեն դուրս էր եկել տանից:

-Բարև Ձեզ։ Ես Ձեր նոր հարևանն եմ, անունս Կարո է,- մեծ խանդավառությամբ ու լայն ժպիտով հարևանության առաջին փորձերն արեց բժիշկ Կարոն։

-Բարով ես եկել մեր գյուղ, տղա ջան, ես էլ Արշալույս տատն եմ, համեցի, – տատս մի քիչ շփոթված պատասխանեց անսպասելի հյուրին: Ես էլ ուշադիր զննում էի այն տարօրինակ մարդուն, ով հանդգնել էր թողնել քաղաք կոչվածն ու դեմքով շրջվել դեպի գյուղը։ Ժպտերես էր, մորուքով ու սև հագնված, բայց սևը նրան չէր պղտորում, այլ ավելի խորհրդավոր, խորը ու միաժամանակ հասարակ դարձնում։

Բժիշկը անչափ հումորով էր ու շատախոս. չնկատեցինք էլ, թե սուրճի սեղանի շուրջ տարածվող զրույցն ինչպես մի քանի ժամ տևեց, նրա հետ անհնար էր ձանձրանալ։ Տեսա, որ նրա ձեռքերին վերքեր կային, ու չգիտեմ էլ ինչու միանգամից ենթադրեցի, որ բակն ու տունը ինքն իր ձեռքերով էր կարգի գցել, ճոճանակն էլ անձամբ նորոգել։ Ուզեցի հարցնել, թե ով է սարքել ճոճանակն ու նոր շունչ տվել այն կիսաքանդ տանը, բայց չհամարձակվեցի ընդհատել տատիկ-պապիկի ու հյուրի զրույցը։ Նա խոսում էր, ու ես զգում էի, թե ինչպես էին նրա արտաբերած հնչյուններն ինձ համակում։ Ինչ-որ չբացահայտված, ոչ ոքի կողմից չհասկացված մի երանգ տեսա ես նրա էության նկարի մեջ։ Նա մարդ էր, ում ոչ բոլորը պիտի հասկանային, ու շատերը պիտի քննադատեին, պիտի տարօրինակ մարդու տեղ դնեին ու նույնիսկ վախենային նրանից, մինչդեռ նա պարզապես իրական էր, առանց կեղծիքների, առանց պատնեշների, նա մարդ էր, ով ամեն օր սեփական ձեռքերով կերտում էր սեփական երջանկությունը։

Այդ օրվան հաջորդող բոլոր երեկոներին, երբ բարձրանում էի կտուր, տեսնում էի, թե ինչպես էր ինքն իր ձեռքով մշակում հողը, տնկում տնկիներն ու ջրելիս սեր փոխանցում հողին։ Ընդամենը մեկ ամիս էր անցել, բայց տխուր ու մռայլ այգին աննման գույներով ներկվել էր ու մեր կտուրից նայելիս մի հրաշալի նկարի տեսք էր ստացել։ Նայում էի գյուղի բոլոր  տնամերձ հողերին, ուր գույները խամրած էին, տանջանքի ու երբեք չվերջացող բողոքի ամպը չէր վերանում, հողը բերք չէր տալիս, ոսկի հասկ չէր երկնում, իսկ Կարոն, Կարոն կյանք էր տվել մեռած, սառած հողին։ Ոչ մի ամպ չկար նրա տան բոլորն, ու արևի շողերը ջերմացնում էին ամեն մի սերմը։ Ես տեսնում էի, ես զգում էի այն երջանկությունը, որ օդի հետ Կարոյի հողամասից գալիս հասնում էր ինձ։ Հոտոտում էի ու զգում, թե ինչքան բարի, անհոգ ու թեթև է դարձել մեր գյուղի օդը։

Նստում էր Կարոն իր իսկ սարքած ճոճանակին, սուրճի բաժակը ձեռքին նայում էր այգուն, մեկ-մեկ գլուխը հետ գցում ու կարծես վերանում էր այս աշխարհից։ Կարոն երջանիկ էր, երջանիկ ինչպես ոչ ոք, ու հենց Կարոն էր, որ ստիպեց ինձ մտորել, թե ինչպես կարող է մարդ գտնել իր երջանկությունն այնտեղ, որտեղից բոլորը ցանկանում են փախչել, ազատվել, ուր ամպերը չեն ցրվում, ու վառ գարունը երբեք չի բացվում։ Կարոյի գարունը չէր ավարտվում, նա ձմեռ չուներ։ Կարոն մարդ էր, ով չէր թողնում իր սրտի ծաղիկները թոշնեին։

Կարոյին գյուղում տարօրինակ մարդ էին համարում, ու քչերն էին շփվում նրա հետ։ Նա ուրիշ էր, իրոք որ նման չէր ոչ ոքի։ Կարոն ստեղծել էր մի բան, որը բոլորը փնտրում են ողջ կյանքում, ու շատերն էլ մեռնում են առանց գտնելու։ Կարոն ազատ էր, դրա համար էլ կապանքներով աշխարհում մարդիկ նրան չէին տեսնում, չէին ընդունում։

Ես երբեք չտվեցի Կարոյին սկզբից ևեթ բոլոր գյուղացիներին տանջող այն հարցը, թե ինչու էր այդ տղան թողել ամեն ինչ, առել ընտանիքն ու տեղափոխվել գյուղ։ Չտվեցի, որովհետև տեսա, զգացի այդ հարցի պատասխանը։ Կարոն հոգով, տեսակով մարդ էր, ով չէր փնտրում երջանկություն, այլ քարը քարի վրա դնելով կերտում, քանդակում էր սեփական երջանկությունը։ Նա չէր վազում երջանկության հետևից, նա ստեղծում էր երջանկություն այնտեղ, ուր ոչ ոք երբեք չէր էլ փորձել փնտրել։ Քաղաքի փոշուց աղմուկից հեռու նա գտել էր մի վայր, ուր կարելի էր հանգստանալ, թոթափել վախերը, գցել տան հետևով վազով առվակն ու հանգստանալ, մի պահ երջանկանալ։

Նա գտել էր ու ադամանդի պես փայլեցնում էր այն, ինչը մենք բոլորս տրորում էինք խիստ բարկությամբ ու երազանքներ կառուցում քաղաքի մասին, ուր մարդիկ միայն վազում են երջանկության հետևից ու երբեք չեն փորձում ստեղծել այն։