narek babayan

Իմ առաջին ֆիլմը

Միշտ երազել եմ նկարահանել սեփական ֆիլմս։ Նույնիսկ եթե այն տևեր 1-2 րոպե, նույնիսկ եթե վատը լիներ, բայց լիներ իմը։ Ֆիլմ նկարահանելու պրոցեսում ես ինձ պատկերացրել եմ ռեժիսորի, օպերատորի, անգամ բեմի բանվորի, բայց ոչ սցենարիստի դերում։ Երևի դա նրանից է, որ ես չեմ սիրում ինչ-որ բան հորինել։ Բայց միշտ, թարսի պես, ամենալավը դա է ստացվում։

«Մանանա» կենտրոնի շնորհիվ ես նկարահանեցի առաջին ֆիլմս։ Դա տեղի ունեցավ մոտավորապես այսպես։ «Մանանայի» անցկացրած գործնական դասընթացից  ընդամենը 1-2 օր էր անցել, և այդ դրական էներգիան իմ միջից դեռ դուրս չէր եկել։ Ես նստած մտածում էի, թէ ինչպես շնորհակալությունս հայտնեմ «Մանանային» այդ հրաշալի օրերի համար։ Քանի-որ առաջիկայում ամանոր էր, ես չկարողացա ավելի ինքնատիպ բան մտածել, քան ամանորյա փոքր ֆիլմի շնորհիվ հայտնել իմ շնորհակալությունը։

Դե իհարկե, ոչինչ չէր կարող հարթ ընթանալ: Գրավորների պատճառով ես չկարողացա հանդիպել դասընթացի մասնակիցներից ոչ մեկի հետ։ Հասա տուն ու միանգամից գրեցի Վահեին՝ մեր միջից ամենամեծին։ Համաձայնություն ստանալուց հետո գրեցի Սերոժին: Նա ինձ ասաց, որ նկարահանումները կարող ենք անցկացնել իրենց տանը։ Հաջորդ օրը հանդիպեցի աղջիկների հետ, որից հետո սկսեցի գրել այդ ֆիլմի սցենարը։ Սցենարը պատրաստ էր. մենք ունեինք մի տեսախցիկ ու մի կերպ հայթայթած շտատիվ։

Սկսեցինք նկարահանումները։ Դե, քանի-որ Սերոժն էր լուծել նկարահանման վայրի ու մնացած սարքավորման խնդիրը, նա դարձավ մեր փոքրիկ ստեղծագործության պրոդյուսերը։ Վահեն՝ ռեժիսորը, իսկ ես, դե իհարկե, արդեն նշել եմ, որ սցենարիստն էի։

Նկարահանումները տևեցին 6 ժամ, ավարտեցինք ժամը 20։00-ին, բոլոր նյութերն ինձ հետ վերցրեցի, որ տանը սկսեմ մոնտաժ անել։ Բայց այստեղ նույպես բախտս չբերեց։ Պարզվեց, որ ներբեռնելու ժամանակ ֆայլերը վնասվել էին, և ոչ մի մոնտաժ էլ չէր լինի անել։ Արդեն ուշ էր, և ես չէի կարող գնալ Սերոժենց` նկարների հետևից։ Հաջորդ օրը սկսեցի մոնտաժել և ավարտեցի գիշերը 4-ին։ Համենայնդեպս, ես էի այդպես մտածում։ Առավոտյան մեր պրոդյուսերն ու ռեժիսորը եկան մեր տուն։ Մենք վերջնական տեսք էինք տալիս ֆիլմին, երբ տեղի ունեցավ մի սարսափելի բան։ Գյուղի լույսերն անջատվեցին:

Ուղղակի փորձեք պատկերացնել։ 6 ժամ նկարահանում, մի էդքան էլ մոնտաժ, ու էդ ամեն ինչը մի վայրկյանում ջուրն է ընկնում։ Ես արդեն պատրասվում էի համակարգիչիս մկնիկը ստեղնաշարից պոկել, երբ լույսերը միացան։ Պահպանված մի քանի ֆայլի շնորհիվ ես մի ժամում կարողացա վերականգնել այդ ամենը։ Արդեն ուրախացած «հիշել» հրամանն  էինք տալիս և այդ պահին հասկացանք, որ վատ որակով ենք սարքել։

Հենց այդ վիճակում էլ ուղարկեցինք «Մանանա», մտածելով որ չեն տեղադրի կայքում: Բայց նրանք մեզ շատ գովեցին ու խնդրեցին ուղարկել ֆիլմի որակյալ տարբերակը: Մենք ավելի ոգևորված շարունակեցինք աշխատանքը: Ֆիլմը տեղադրվեց կայքում: Տեսնեիք` ինչ ոգևորություն էր:

Հիմա, երբ արդեն շատ ֆիլմերի վրա եմ աշխատել, մեկ է, միշտ ոգևորված հիշում եմ իմ առաջին ֆիլմի աշխատանքները:

Հ․Գ․ Շատ շնորհակալություն Սերոժի տանեցիներին, որոնք մեզ «մուննաթով» հետևելու փոխարեն համեղ ալադիներ և հյութ հյուրասիրեցին:

Ասում եմ` չկրկնե՞նք:

zabel arustamyan-2

Ծնողներիս կամքով

Դեռ դպրոց չէի գնում, բայց մայրս ու հայրս արդեն որոշել էին, որ իրենց մեծ աղջիկը պետք է ընդունվի տնտեսագիտական համալսարան՝ ստանա տնտեսագետի որակավորում և… Եվ ես էլ, նրանք էլ չգիտեինք, թե ավարտելուց հետո ինչ պետք է լիներ:

Սկզբում ես էլ էի ոգևոված, թե ապագա տնտեսագետ եմ, լավ աշխատանք կունենամ, բայց էս սիրուն հեքիաթս մի քանի տարի տևեց ու վերջացավ ոնց որ սկսել էր: Հասկացա, որ էդ էդքան էլ տենց չի: Էդ տնտեսագետն ու լավ աշխատանքը ինձ համար չեն, ես չեմ կարողանա մի ամբողջ աշխատանքային օր ինչ-որ գրասենյակում կամ բանկում 8 ժամ նստել, աշխատել: Էդ աշխատանքը ինձ համար չի: Ես ազատ եմ, ես չեմ կարողանա իմ ազատությանը մի ամբողջ կյանք վանդակում պահել:

10-րդ դասարանում էի, փորձում էի մորս ու հորս համոզել, որ փոխեն որոշումը, որ իրենց աղջիկը դառնա լրագրող, բայց չէ, ինչի՞ մասին էր խոսքը: Ամեն ինչ ապարդյուն էր, էս փորձն էլ ուղղակի չստացվեց…

Հետո փորձում էի համոզել, որ գոնե թույլ տան դառնալ էքսկուրսավար, բայց` չէ:

Վերջում հայրս բարկացավ` ասելով.

-Կամ կգնաս ժող, կամ էլ մի հատ կովկիթի վեդրոյա` կառնենք, կմնաս գյուղում:

Ավելի վատ բան էդ պահին չկար, քան գյուղում մնալը:

Ավարտեցի դպրոցս: Ինչպես բոլորը, ես էլ գնացի ու լրացրեցի հայտը, ու էլի սրտովս չէր, չէի ուզում, բայց հայրս արդեն որոշել էր:

Եկան քննությունները՝ երեք քննություն, բոլորին էլ գնացի էն սրտով, որ բարձր ստանալուց հետո ստիպված կսովորեմ էդ համալսարանում: Էդ մտքով էլ գնացի ու էդքան էլ լավ չհանձնեցի քննություններս, բայց էլի ու էլի ուզածիս չհասա:

Հիմա ստիպված պիտի գնամ ու սովորեմ միայն ու միայն նրա համար, որ կատարեմ հորս ու մորս երազանքը:

Դասերն սկսել են, առայժմ չգիտեմ ինչպես կլինի, միգուցե և հարմարվե՞մ:

tatev aghazaryan

Հոգեվերլուծության ներածություն

-Բարև ձեզ:

-Վայ, բարև  Տաթև ջան: Ո՞նց ես, լավ անցա՞վ ճամբարը:

-Շատ լավ էր: Ինձ ինչ-որ  հոգեբանական գիրք տվեք:

-Հիմա ես քեզ ի՞նչ գիրք տամ, մի րոպե սպասի…

Ու հենց մի րոպե հետո իմ ձեռքում հայտնվեց  Զիգմունդ Ֆրոյդի «Հոգեվերլուծության ներածություն» գիրքը: Հանդիպածս առաջին գիրքն էր, ում հեղինակը ամեն ինչ անում է, որպեսզի չընթերցեմ: Ներկայացնելով, հոգեվերլուծության բարդ կողմերը, շատ ու շատ դժվարություններ, ասելով.

«…Եթե ի վիճակի եք հաղթահարել դրանց ազդեցությունը, ապա մենք կշարունակենք մեր հանդիպումները»:

Իհարկե, ես չկոտրվեցի այլ հակառակը, ավելի ոգևորվեցի ու անցա գործի: Առաջին դասախոսությունը սխալ գործողություններն էին: Իսկ հետո անցանք երազներին, որոնց ես շատ լուրջ էի վերաբերվում, բայց ուսումնասիրելուց հետո փոխեցի կարծիքս: Այսպիսով, ես հասկացա, որ երազն այն եղանակն է, որով հոգին պատասխանում է քնած ժամանակ ազդող գրգռիչներին, և այն ոչ թե կրկնօրինակում, այլ վերամշակում է գրգռիչը:

Ու այստեղ ինձ նորից հետ էր պահում գիրքը շարունակել.  «Ես ձեզ այստեղ չեմ հրավիրել ձեր աչքերին թոզ փչելու կամ ձեզնից ինչ-որ բան թաքցնելու նպատակով… Հենց այն, որ դուք սկսնակներ եք, ես կցանկանայի մեր գիտությունը ներկայացնել այնպես, ինչպես կա՝ իր անհարթություններով ու դժվարություններով, իր հավանականություններով ու կասկածներով, և եթե որևէ մեկին շատ հոգնեցուցիչ ու անորոշ է թվում, նա մեզ հետ առաջ գնալու կարիք չունի»:

Ոմանք իմանալով, թե ինչ գիրք եմ կարդում, ասում են. «Էդ ի՞նչ գիրք ես կարդում: Շատ բարդ ա, պե՞տք ա քեզ», ու շատ այլ մեկնաբանություններ:

Ինչ խոսք, բարդ էր: Մեկ պարագրաֆը մի քանի անգամ կարդում էի, որպեսզի հասկանայի, թե ինչի՞ հանգեց այդ ամբողջը, քանի որ Ֆրոյդը խոսում էր մի  թեմայի մասին, առաջարկում դրա լուծման իր մեթոդը, ասում դրա բոլոր  հնարավոր փաստերը, խոսելով շատ երկար, վերջում ասում էր. «Դուք կարող եք ինձ նկատել տալ, որ ես կրկին ներմուծում եմ մի նոր ենթադրություն և մեծ չափով կասկածի տակ եմ դնում իմ մեթոդի հավանականությունը»: Երևի թե դուք էլ խճճվեցիք իմ պես:

Եվ վերջում, ես ամեն մի նոր դասախոսությունը սկսում էի կարդալ մե՜ծ ոգևորությամբ, հիմա կմտածեք` ինչո՞ւ,  քանի որ նա այսպես էր սկսում.  «Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, օրերից մի օր հայտնաբերվեց…» :

Երանի թե նա տեսներ, որ իր այս բարդ դասախոսությունները կարդում է ընդամենը 15  տարեկան մի աղջնակ, ու ինքն էլ դրանից ոգևորվեր:

narek Stepanyan

Փոխվել եմ

Չորս օրեր գեղեցիկ և ուրախ օրեր, որոնք անմոռանալի կմնան իմ սրտում և հիշողություններում: Սկսեցի սիրել «Մանանա» կենտրոնը այն վայրկյանից, երբ ներս մտա: Սիրեցի բոլոր ուսուցիչներին հավասարաչափ, քանի որ նրանք ընկերական էին մեզ հետ, և ինձ թվում էր, որ նրանք ոչ թե ուսուցիչներ են, այլ ավագ ընկերներ:

Շատ սիրեցի ֆոտո բաժինը և սովորեցի շատ բաներ ֆոտոյի մասին և հիմա ֆոտո անելը իսկական հաճույք է:

Մինչ «Մանանա» գալը ինձ միայն հետաքրքրում էին համակարգչային խաղերը և դպրոցական դասերս: «Մանանան» ինձ համար բացեց մի մեծ հեքիաթային աշխարհ, որն անծանոթ է, բայց և անչափ հետաքրքիր, և ինձ ամբողջովին կլանում է: Ես ձեռք բերեցի նոր հետաքրքիր ընկերներ, որոնցից սովորում էի ինչ-որ նոր բան, ուրախանում նրանց հաջողություններով:

Եվ հիմա իմ մեջ մի անհագ կարոտ և ցանկություն առաջացավ նորից հանդիպել ընկերներիս և նորից մասնակցել «Մանանայի» դասերին:

karine nahapetyan

Հազար գույներով

Կոկոլա, պստիկ Մաշ. այս երկու մականունները իմ մանկության ձայներն են:

Անկախ ամեն ինչից, ես ու քույրս` Նարինեն, ում մականունը Կոկոլա էր, իսկ իմը` պստիկ Մաշ, որը ես ժառանգել էի հայրիկիցս, երբ լսում էինք մեր մականունները, արդեն գիտեինք, որ մի քանի րոպեից ամբողջ թաղը դղրդալու է մեր խաղերի ձայներից… Ու բացարձակ կապ չունի, որ տատին հերթական անգամ ասելու էր.
-Աղջի՛, խասկցա էլի, խալխին էլ ճիժ կա, ո՞րն ա ծեր օրին, էսա-էնդա կխաղան, կտառնան սև տռճե:
Եթե ամառվա ծաղկուն շրջանին մտնեիք մեր թաղ, ապա կարող էիք հաշվել, թե քանի հատ տերև կա ծառերի վրա: Դե, դժվար ժամանակներ էին, իսկ մեզ` անհոգներիս, փող էր պետք: Եվ մենք մտածում էինք, որ կարող ենք այդ փողերով գնել ամեն ինչ, ամեն ինչ…
Մի դեպք պատմեմ:
Քույրս մի բույսի տեսակից, որին մենք «կոռոթիկ» էինք անվանում, ձեթանման, կանաչ հեղուկ էր ստացել. կտրտել էր, ջուր ավելացրել, տրորել և, «վուալյա»՝ ձեթ: Մեր աչքից դա չվրիպեց: Մեր հարևանի երեխաներից մեկի տան բակը դարձրինք ձեթի արտադրամաս: Սկսվեցին մեր տաժանակիր աշխատանքները: Մոռացել էինք ամեն տեսակի խաղ և զբաղմունք: Գործով էինք տարված: Մեր մայրիկներն էլ, տեսնելով մեզ, գալիս ու ասում էին.
-Տանը ձեթ չկա, կտա՞ք մեզ ձեր ձեթից:
-Ձեզ ձրի էլ կտանք,- ոգևորված պատասխանում էինք մենք:
Հետո սկսում էին մեզ գովել, գովել, գովել…
Մենք հավատում էինք, գրողը տանի, հավատում էինք՝  կուրորեն, անշահախնդիր:

Իսկ հիմա, մեզ ամեն ինչ թվում է անիրական ու սուտ: Փորձեք այժմյան ձեր ես-ը համեմատել` տարիներ առաջ մանկական մաքուր թրթիռով լցված ձեր նախկին ես-ի հետ: Համոզված եմ ` չեք ճանաչի իրեն, նա ձեզ կթվա մուլտֆիլմի հերոս, անիրական կերպար:
Հիշում եմ, տարիներ առաջ փոքր շուն ունեինք: Ամբողջ օրը նրան, մի կտորի մեջ փաթաթած, ման էի տալիս թաղով: Իսկ հիմա, ես մի գրամ սեր էլ չեմ տածում կենդանիների, մասնավորապես, շների հանդեպ:
Առաջ սիրում էի ամառը, իսկ հիմա ատում եմ այն, սիրում եմ ձմեռը, ցուրտը: Եվ էլի շատ ու շատ լավ ու վատ հատկանիշներ մեզ թողել ու հեռացել են: Երբեմն մեզ շատ հեռվից նայում են, հիշեցնում, որ եղել են: Եղել են:
Իսկ հիմա դուրս եմ գալիս թաղ, նայում եմ աջ, ձախ… Աստված իմ, մարդ չկա, ոչ ոք  չկա… Երանի եմ տալիս այն չեղած ասֆալտին, որ հեռավոր իր շերտերում դեռևս պահպանում է մեր ոտնահետքերը, ձայները, վերքերը…
Հախվերդյանն էր ասում. «Իսկ մանկությունը մի թռչուն է՝ թելով կապված մեր սրտերից, թելը պոկվում է, նա թռչում է ու հեռանում է մեզանից»:
Մանկության թելը վերջնականապես պոկվում է մեր սրտերից այն ժամանակ, երբ մեր մականունների փոխարեն մեզ սկսում են դիմել մեր իսկական անուններով:
-Նարինե, Կարինե…

Sargis Melkonyan

Տե՛ս, աստղ ընկավ…

«Տե՛ս, աստղ ընկավ: Շուտ, շուտ երազանք պահիր, անպայման կկատարվի»:

Ձեր աչքերի առաջով էլ մաշված ժապավենի պես անցան հայտնի մուլտֆիլմի կադրերը, որը երևի թե բոլորիս մանկության ամենասիրելի մուլտֆիլմերից է, ու չնայած հասուն տարիքին, դեռևս պահպանում է իր մանկական թարմությունը, հերոսների միամտությունը ու անկեղծությունը:

-Այնքան եմ սիրում էս մուլտը, ինչի՞ մենակ էս. «Պինգվինաշենը», «Հայելին», «Նաղաշն ու լավաշը»… Լավ կլինի, որ դուք էլ նայեք,- մայրիկս էր ասում մեզ փոքր ժամանակ:

Ու չուզելով, բայց նայում էինք ու էլի էինք նայում:

-Լավ էլի, էլի նայենք, մամ, հա՞…

-Չէ, էսօրվա համար հերիք ա, աչքերդ կվնասվեն…

Իսկ ո՞ր երեխան է այսօր հայկական մուլտֆիլմեր նայում… Գրեթե ոչ ոք: Ո՞ր երեխային հարցնես, կասի` Մաշան եմ նայում: Ես բան չունեմ ասելու, ցանկացած երեխայի կգրավի գունային առատությունը, ձայնի ճոխությունը… Ես ինքս էլ  երբեմն նայում եմ «Մաշան և Արջը» մուլտֆիլմը: Բայց ո՞ր ծնողը կցանկանա, որ իր երեխան մեծանա ալարկոտ ու չափազանց չարաճճի: Վերջիվերջո երեխաներն ընդօրինակում են բոլորին, և դեռ փոքր տարիքից պետք է իրենց իդեալն ունենան աչքի առաջ: Իմ կարծիքով ծնողներից էլ է գալիս, որ երեխաները չեն նայում հայկական մուլտֆիլմեր: Ու վստահաբար կասեմ, որ եթե մայրս մեզ համար չմիացներ «Գտնված երազը», ես երևի չէի սիրահարվի էս մուլտֆիլմին ու չէի դառնա նրա երկրպագուն…

Մնում է հուսալ, որ հայ ծնողները իրենց երեխաների համար կցուցադրեն հայկական մուլտֆիլմեր: Շատ եմ ցավում, որ այսօր հայկական մուլտեր համարյա չեն ստեղծվում: Եվ իմ սիրած մուլտերի շարքը չի ավելանում…

Վա՜յ, աստղ ընկավ: Շուտ երազանք պահեմ, հուսամ, որ այս ցանկությունս անպայման կկատարվի…

lusine atanesyan-2

Գյուղական խանութի հոգսերը

Հարցազրույց Ռոզա տատիկիս հետ

Գյուղերում շատ վայրեր չկան, ուր մարդիկ են հավաքվում: Բայց խանութ ամեն գյուղում երևի կա, մեր գյուղում էլ` Անգեղակոթում: Որոշեցի  հարցազրույց անցկացնել խանութպանների մասին: Միանգամից հիշեցի, որ իմ մորեղբայրը խանութ ունի, և այնտեղ հիմնականում աշխատում է իմ տատիկը, իսկ տատիկին հարմար չլինելու դեպքում, մորեղբայրն է լինում խանութում: Մտածեցի,  որ տատիկի հետ հարցազրույց անցկացնելը ավելի ճիշտ է: Գնացի խանութ և պատմեցի այդ մասին տատիկին, նա միանգամից համաձայնվեց, ու մենք սկսեցինք:

-Տատ, ինչպե՞ս առաջացավ խանութ բացելու գաղափարը:

-Մեր կյանքը բարելավելու համար մենք որոշեցինք բացել մի փոքրիկ: Բացի այդ, կարելի է ասել, որ ես երազել եմ ունենալ իմ սեփական խանութը, ու միանգամից համաձայնվեցի:

-Իսկ սկզբում դժվա՞ր էր:

-Սկզբում շատ դժվար էր, մինչև ընտելացա, երկար ժամանակ պահանջվեց:

-Քանի՞ տարի է, որ խանութ ունեք:

-Մենք արդեն 10 տարի է, ինչ բացել ենք խանութը, բայց այդ 10 տարիները շատ արագ անցան: Սկզբում խանութը բացել էինք ուրիշ տեղ, իսկ հետո տեղափոխեցին մեկ ուրիշ վայր: Առաջին տեղում ավելի հարմար էր, քան այստեղ: Անցուդարձը ավելի շատ էր, հիմնականում մարդիկ խանութի մոտ էին հավաքվում, որովհետև խանութը գյուղի մեջտեղում էր, և գործը առաջ էր գնում:

-Իսկ ինչո՞ւ տեղափոխվեցիք:

-Փոքր էր տարածքը:

-Տատ, տարվա ո՞ր եղանակին է առևտուրը ավելի լավ և ինչո՞ւ:

-Ամռանը, որովհետև  սկսվում են գյուղատնտեսական աշխատանքները:

-Տատ, երբևէ պատահե՞լ է, որ շփոթել ես ապրանքների անունները կամ գները:

-Հենց երևի ծիծաղելի և, միևնույն ժամանակ, տհաճ այդպիսի դեպքերն են եղել: Ես սկզբում խառնում էի գները, և մարդկանց թվում էր թե մենք իրենց խաբում ենք:

-Գիտեմ, որ մարդիկ ձեզնից շատ են պարտքով ապրանք վերցնում:

-Դա, այսպես ասած, մեր թուլությունն է, չենք ուզում պարտքով աշխատել, բայց չենք էլ կարող: Մենք մտնում ենք մարդկանց դրության մեջ, հասկանալով, որ այդ պահին չունեն գումար, սակայն իրենց անհրաժեշտ է այդ ապրանքը, տալիս ենք և ընկնում կրակը, սպասելով այն օրվան, թե  երբ կվերադարձնեն պարտքը:

-Իսկ ինչպե՞ս են փակում պարտքը:

-Հիմնականում փոխանակում ենք անում: Փոխանակում ենք ապրանքը ցորենի, գարու, պանրի հետ:

-Տատ, իսկ ո՞ր ապրանքն է գյուղում ամենաշատը վաճառվում և երբ:

-Ամենաշատը վաճառվում է դիզվառելանյութը, մանավանդ ամռանը:

Գյուղի խանութն ուրիշ է. այստեղ գալիս են իրար տեսնելու, զրուցելու, հոգսերից պատմելու: Ավելի շատ, ոնց որ մի տեղ լինի, որտեղ և քեզ կլսեն, և նեղ օրը կօգնեն: Տատիկս չի պատմում, բայց ես տեսել եմ նրա բազմաթիվ «պարտքով տետրերը», որոնք դեռ սպասում են, թե երբ են փակելու…

Երանի մի օր այդ տետրերը վերանան, ու մարդիկ ստիպված չլինեն պարտքով առևտուր անել:

luiza ohanyan

Քաղաքից քաղաք էլ կյանքը տարբեր է

Ճի՛շտ է, ես ապրում եմ քաղաքում, սակայն ի գիտություն գյուղաբնակների, ես նույնպես ունեմ ինձ հուզող հարցեր, որոնց պատասխանը դեռ անհայտ է:

Գյուղում բնակվող ցանկացած մարդ մտածում է, որ քաղաքում բնակվող յուրաքանչյուր մարդու պահանջները լիովին բավարարված են: Սակայն դա այդպես չէ: Չկան ժամանցի հետաքրքիր վայրեր, որտեղ կարող ես լիարժեք հանգստանալ, այդ իսկ պատճառով ամեն օր ստիպված կրկնում եմ նույն խոսքերը.

–Սոնա, գնդակդ վերցրու` իջնենք բակ:

Մի քիչ երևի զարմացաք, որովհետև անմիջապես մտածեցիք, որ խոսքը Երևանի մասին է: Բայց Երևանից բացի Հայաստանում ուրիշ քաղաքներ էլ կան: Օրինակ, ես ապրում եմ Սիսիան քաղաքում:

Եթե Երևանում ապրեի, ես կարող էի ասել, որ գնում ենք սրճարան կամ այլ հետաքրքիր վայր: Քաղաքում հաճախակի չեն կազմակերպվում միջոցառումներ, չեն կառուցվում հետաքրքիր զբոսայգիներ, փոխարենը կառուցվում են խանութներ, բանկեր: Ես շատ կցանկանայի ամառն ապրել գյուղում, այցելել հարազատներիս, սակայն ծնողներիս զբաղվածության պատճառով, կարելի է ասել, մոռացել եմ գյուղը:

Գյուղը ինձ համար հանգստի լավագույն վայրն է, որտեղ չկա աղմուկ, մեքենաների ձայներ, փոխարենը կա մաքուր օդ, գեղեցիկ բնություն, որտեղ կգտնես քո արմատները, թանկագին պատմություններ ծնողներիդ մանկությունից ու լիքը սեր:

tatev arustamyan1

Պարտվածները

Արդեն երկու տարի է Սյունիքի մարզի Գորայք գյուղի երիտասարդներով արշավ ենք կազմակերպում դեպի լեռներ․․․

Գյուղից ոչ շատ հեռու կա մոտ 3000 մ բարձրություն ունեցող լեռ: Բնակիչները «Փիրդաղի» են կոչում (թարգմանաբար նշանակում է` Իշխանաց լեռ)։ Սարի գագաթին մի փոքրիկ մատուռ կա, եթե իհարկե, կարելի է այդպես կոչել։ Մարդիկ հավատով շարել են քարերն իրար վրա, ու վայրը դարձել է ուխտատեղի (սրբավայր)։ Հաճախ Սրբասար ենք անվանում։ Բարձրության վրա աշխարհի գույները թափանցիկ են ու պարզ, հավատն՝ անչափելի։ Մենք` մոտ 10 հոգանոց խմբով, այս տարի էլի բարձրացանք․․․
Հետդարձի ճանապարհին սառնորակ աղբյուր էր քչքչալով հոսում։ Էս տարի չկար։ Մխիթարի աղբյուրն էր։ Չկա՛ր։ Աղբյուրի ջուրը կտրվել էր վերանորոգման աշխատանքների ժամանակ։
Գիտե՞ք, հազարավոր մարդիկ իրենց սիրտն են հովացրել էդ աղբյուրի զուլալ ու սառը ջրով, իսկ հիմա աղբյուրը չկա։
Ասում են՝ Մխիթարը վարպետ զուռնաչի է եղել, կինը՝ գեղանի Մանյակը, պարում էր ամուսնու նվագի տակ։ Գյուղի մեծերը հիշում են նրան՝ ծաղկազարդ ու թեթև շալը ուսերին։ Գյուղի բոլոր զինվորներին աղբյուրի մոտից են ճանապարհել՝ երգով ու պարով։
Գյուղում հիշում են նաև Մխիթարին․նրա անվամբ աղբյուր են կոչել։
Կտրել են աղբյուրի կյանքը, բայց որ երբեք մարդկանց հիշողությունների անվերջ շղթան։ Երբե՛ք։
Հայաստանում քիչ չեն Մխիթարի աղբյուրները, պատմամշակութային հուշարձաններն ու հնի ու նորի պայքարում պարտված շենքերը․․․

Hripsime Vardanyan

Սիրտս ձեզ հետ

-Հո~ք, գիտես չէ՞, էս ամառ ուզում ենք գալ ձեր տուն, բայց մամային պետք ա համոզեք:

-Էկեք, մեռնեմ ձեզ, դուք եկեք Իջևան` մենք ձեզ կդիմավորենք:

Ու էսպես, ինչպես միշտ, էլի մայրիկիս համոզելու հարցում օգնության եկավ հայրիկս: Շատ չարչարվելուց հետո, մենք կարողացանք մայրիկին վստահեցնել, որ մեզ հետ ճանապարհին ոչինչ չի պատահի, և ինչպես մենք ենք ասում. «Մենք արդեն մեծ ենք, գլուխ կհանենք»:

Մոտենում է օրը, երբ պետք է մեկնեմ ինձ համար նոր բացահայտվող մի աշխարհ: Ոչ մի անգամ չլինելով Տավուշի մարզում, ես փոքրիկ երեխայի նման` մեծ ու կլոր աչքերով նայում եմ ավտոբուսի պատուհանից դուրս: Սարեր, առվակներ, անտառներ. ինձ համար նորություն է Տավուշի բնությունը:

Մոտենում ենք Իջևանին: Ավտոբուսը կանգ է առնում մի հին խանութի մոտ, որի վրա հին ու ժանգոտած տառերով գրված է` «Магазин»: Իջնում եմ ավտոբուսից, նայում շուրջս, հայացքով փնտրում եմ ծանոթ դեմք: Հա~, տեսա, Վանուհին է` հորաքրոջս աղջիկը:

-Հըն, էրեխեք, ո՞նց հասաք,- հարցրեց նա:

-Ուղղակի անմոռանալի ճանապարհ էր,- հիացած պատասխանեցի ես:

Գյուղ գնալու ճանապարհին մեքենայի պատուհանից տեսնում եմ մոտեցող ճանապարհային նշանը, այն սպասումներով, որ դրա վրա գրված կլինի գյուղի անունը, սակայն գրված է` «Ադրբեջանի սահման», և հետո նոր` «Այգեհովիտ»:

Վերջապես հասանք` հինգ փոխադրամիջոց փոխելուց հետո, հոգնածություն եմ զգում: Ու այդ պահին տեսնում եմ հորաքրոջս` ժպիտը դեմքին սպասում է մեզ.

-Հո~ք: (Գրկախառնություններ, համբույրներ, էլի գրկախառնություններ, էլի համբույրներ): Արդեն ուշ երեկո է: Նստած ենք դրսում ու հիանում ենք պատշգամբից բացվող տեսարանով:

Առավոտ: Գնում եմ դուրս, տեսնում եմ, որ հորաքույրս ինչ-որ տեղ է գնում:

-Հոք, ո՞ւր:

-Գնում եմ ֆերմա:

-Սպասի, ես էլ եմ գալիս:

-Գնացինք:

Ճանապարհին պատմում է, որ պահում է խոզեր, նապաստակներ, բայց նախկինում ունեցել է նաև կովեր, որոնց պահել է ինքը, մշակել բավականին մեծ տարածք: Հիմա տանը մեծ պապ ունեն, ով խնամքի կարիք ունի, դրա համար էլ չի հասցնւմ: Հասել ենք բլրակի ամենաբարձր հատվածին: Ինձ ցույց է տալիս սարերի այն հատվածը և լճակը, որ գտնվում է շատ մոտ և որ Ադրբեջանի հողերում է: Պատմում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին գյուղում ոչ մի լույս չէր վառվում, քանի որ շատ հեշտությամբ կարող էին նշան բռնել բնակավայրի վրա:

Հետ վերադառնալուց հորաքույրս զանգում է ինչ-որ մեկին:

-Գոհա՞ր, կոֆե դիր` գալիս ենք: Արտաշատից հյուրեր ունենք:

Գնում ենք Գոհարենց տուն: Հորաքույրս, բա թե`

-Գիտե՞ս, էս մեր Հռիփսիմեն մեր գյուղը նկարել ա, որ հոդված գրի: Ու էդպես 17.am-ը հասավ Այգեհովիտ:

Վերադառնում ենք տուն, նախաճաշ պատրաստում, իջնում այգի` թութ, խնձոր, մորի հավաքում: Հագեցած են անցնում օրերս:

Հիմա ավտոբուսում եմ: Պատուհանից երևում է հին, ժանգոտած Магазин-ը: Շարժվում ենք: Ավտոբուսը քիչ-քիչ հեռանում է: Մի տեսակ տխուր եմ:

Կանգնեցրեք ավտոբուսը, ես իջնում եմ: