Հայ լինելը պատիվ է, սյունեցի լինելը՝ հպարտություն

Այդ օրը եկեղեցու զանգերը կերկեր էին, բոթաբեր: Լուրը ցնցեց ամբողջ գյուղը, մանկան ճիչը լռեց, կիրակնօրյա դպրոցում երգի ու պարի խմբակներից լսվող երաժշտությունը քարացավ, կենտրոնում հավաքված մարդիկ անզորությունից համրացան: Բոթը տնից տուն մտավ, քաղաքից քաղաք, երկրից երկիր: «Սիսիանից վեց զոհ կա, Մարտակերտում անօդաչու սարքն ընկել է Սիսիանի ավտոբուսներից մեկի վրա»,-գրվեց համացանցում:

Վեց զոհից երկուսը մեր գյուղից էին` Դարբասից: Մեկը մեր գյուղի գյուղապետը, ում «մարդ-լեգենդ» էին կոչում, նախկին ազատամարտիկն ու զինվորականը, որ լուրը լսելուն պես հասել էր Երկրապահ կամավորականների միություն և սկսել հավաքագրումը:

Մայիս Միրզոյան, դու պետք է նշեիր քո 60-ամյակը, դու նոր էիր վիրահատվել` սրտի բարդ վիրահատություն էիր տարել, քեզ էին սպասում ընտանիքդ, ծեր ծնողներդ և ողջ Դարբասը: Բայց, ինչպես ասում են, զորական մարդու ճակատագիրը ինքն է դարբնում: Դու քո մահը ընդունեցիր թշնամու նենգ զարկից, գնում էիր ոգևորությամբ, բայց մտահոգ էիր, լուռ: Գուցե ներքին ձա՞յնն էր այդպես թելադրում: Քեզ հետ էր համագյուղացիդ`Սեթոն (Սեդրակ Ասրյանը), քո կրտսեր ընկերը ու զինակիցը: Սեթոն հպարտանում էր քեզնով, ժպիտը երեսին, միշտ ուրախ: Որտեղ Սեթոն, այնտեղ ծիծաղ էր ու խնդություն: Նրա աղջիկն ու տղան 2 տարի մեր դպրոցում էին սովորում: Տղան մեր դասարանից էր: Հիշում եմ, երբ տեսնում էր մեզ, ժպտալով հարցնում էր. «Խոխեք, հո՞ւնց եք, ա, իմ կեղի խոխեքը ուրիշ են, ուրիշ… Արևնիդ կծեմ, տհենց»:

Բանաստեղծություններ էր գրում, կարդում գյուղամիջում, ակրոստիքոսներ նվիրում ընկերներին: Եկեղեցու բացման օրը կանգնել էր ջրով լի տակառի վրա ու պարում էր, պարում…

Ի՞նչ իմանար Ապունց Սեթոն, որ ինքը հայտնի է դառնալու ոչ թե իր գրած բանաստեղծություններով, սրամտությամբ, դիպուկ հումորով և իր մասին հյուսված անեկդոտներով, այլ հերոսի մահով: Ի՞նչ իմանար, որ ինքը հանգչելու է Սիսիանի զոհվածների պանթեոնում, որ իր մահը ողջ Սիսիանն է սգալու, որ ինքը 44 տարեկան հասակում ձուլվելու է այն հողին, որի համար պայքարել էր: Սիսիան-Ղարաբաղ ճանապարհին բոլորին այնքան է ծիծաղեցրել, որ չեն էլ զգացել, որ գնում են անմահանալու, գնում են հավիտենություն, գնում են հերոսանալու…

Ափսոս, հազար ափսոս.

Մայիս Միրզոյան

Սեդրակ Ասրյան

Արմեն Բեգլարյան

Դավիթ Սարգսյան

Եղիշ Նիկալյան

Սերգեյ Դանղյան

Թող լույս իջնի ձեր գերեզմաներին, թող չկրակված փամփուշտները օդ արձակվեն, և թշնամուն հիշեցնեն, որ հերոսների մարմիններով, նույնիսկ այրված, Սիսիանի հողը նորից ամրացավ:

Սոսե Զաքարյան

***

«Արի է նա, ով իր մեջ սպանել է իր կաշվի համար դողացող անասունը»:

Ոմանք հիշեցին, ոմանք ոչ, ոմանք էլ միգուցե չէին լսել այս արտահայտությունը: Հերոս Նժդեհի մտքերից է: Արի՛ է, այո՛, արի՛ է մեր ազգը, հա՛յ ազգը: Վերջին դեպքերը ևս մեկ անգամ ապացուցեցին ամբողջ աշխարհին, որ հայն անպարտ է՝ պատրաստ միշտ ետ շպրտելու մայր հողն անպատվող ցանկացած վայրենու:

Դեռ մի քանի օր առաջ ես չգիտեի, թե ինչ է նշանակում պատերազմ: Իհարկե, շատերը կմտածեն, թե այդ ինչպես մի քանի օրում հասկացա այս բառի ողջ իմաստը, եթե պատերազմական դեպքերը կատարվում են ինձանից շատ հեռու: Մեծ ցավով պատմեմ, թե ինչու ապրիլյան երազային օրը վերածվեց մռայլ իրականության:

Բավականին ծանր օր էի ունեցել: Երեկոյան ընկերուհուս հետ իջա եկեղեցի՝ մտածելով, թե միգուցե այնտեղ հանգստություն գտնեմ. սխալվում էի: Չգիտեմ էլ ինչու, եկեղեցում ինչ-որ բան ինձ ավելի էր սեղմում և ցավեցնում, ու ակամա մի քանի արցունք գլորվեցին իմ աչքերից: Ժամերգությունը վերջանալուն պես մենք դուրս եկանք եկեղեցուց, և այն, ինչ ես տեսա, սարսափ առաջացրեց իմ մեջ: Ընկերուհիներս լաց էին լինում. ոչ, դրանք սովորական արցունքներ չէին, դրանք կորուստ էին մատնանշում: Չհասկացա, թե ինչպես մի ակնթարթում հասա նրանց մոտ և հարցրի, թե ինչ է պատահել: «Գյուղից զոհեր կան». երեք բառ ու լռություն: Իրականում այդ լռությունը միայն իմ մեջ էր, որովհետև բոլորը ամեն կողմից հարցնում էին, թե ովքեր են զոհվել:

Ոչինչ չէի զգում, նույնիսկ այն, որ արցունքները հեղեղի նման հոսում են այտերիս վրայով. զգում էի միայն այդ սուր ցավը, որը այդպես խոցեց սիրտս ու հոգիս: Ինչ որ բան էր կանգնել կոկորդիս և չէր ուզում տեղից շարժվել: Չէի հասկանում, թե որտեղ եմ և ինչ է կատարվում շուրջս: Առանց գիտակցելու երեխաների հետևից մտա եկեղեցի: Ուշքի եկա միայն այն ժամանակ, երբ տեսա, որ ընկերներս լավ չեն. հասկացա, որ իրավունք չունեմ թուլանալու, պետք է օգնեի նրանց: Ցավս կրկնակի անգամ մեծացավ, երբ տեսա այն տասնութ տարեկան երիտասարդին, ում բոլոր ընկերները սահմանին կանգնած էին, և ով ամեն վայրկյան զանգի էր սպասում: Նա թուլացած հենվել էր պատին՝ գլուխն առած ձեռքերում և չգիտեր ինչպես զանգել ընկերոջը և ասել, որ նրա հորեղբայրը զոհվել է վայրենի ազերու արձակած ռումբի պայթյունից:

Այլևս անիմաստ է շարունակելը: Զոհվեցին քաջերը, զոհվեցին հանուն ինձ, հանուն քեզ և հանուն նրանց: Արի էին՝ Նժդեհի պատկերացրած այն հերոսի նման, ով սպանել էր իր մեջ իր կաշվի համար դողացող անասունին: Ասում են, որ վերջին վայրկյաններին Աշոտ Մինասյանը ասել էր, որ անօդաչու թռչող սարքը նկարում է իրենց, իսկ նրանք հպարտորեն պատասխանել էին. «Թո՛ղ թշնամին տեսնի մեզ և պատրաստվի վատագույնին»: Նույն Աշոտ Մինասյանն է ոչնչացրել այդ սարքը, ափսոս, արդեն ուշ էր: Հիմա էլ իմ հետևում ընտանիքիս անդամները պատմում են հերոսների թաղման արարողության մասին. այդպես էլ իմ մեջ այնքան ուժ չգտա մասնակցելու դրան, չնայած բոլոր ընկերներս գնացել էին: Որքան երկար եմ մտածում, այնքան շատ եմ հպարտանում, որ հայ եմ: Մենք պատերազմ չենք ուզում, մենք զոհեր չենք ուզում, մենք խաղաղ ազգ ենք, բայց երբ ինչ-որ մեկը փորձում է բռնի տիրանալ մեր տարիներով պահած և շենացրած մայր հողին, մենք կարող ենք դառնալ այն կատաղած գազանը, ով պատրաստ է ամեն ինչի՝ հանուն ընտանիքի, հանուն ազգի, հանուն հայրենիքի: Ինչպես որ խոսքս սկսեցի, այնպես էլ ուզում եմ ավարտել հզոր ռազմիկի խոսքերով:

«Նա, ով ընդունում է Աստծոյ գոյութիւնը, ընդունում է նաեւ իր պարտականութիւնը հանդէպ գերագոյն իրականութեանց` ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹԻՒՆ»:

Մերի Համբարձումյան

***

«Անմահ անուններ մեր ձորերում»

Մեր գյուղապետը` Մայիս Երջանիկի Միրզոյանը, ծնվել է 1956 թ. մայիսի 1-ին Սիսիանի շրջանի Դարբաս գյուղում: Նախնական կրթությունը ստացել է Դարբասի միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի  թիվ 9 տեխնիկական ուսումնարանում: 1974 թ. մեկնել է խորհրդային բանակ, իսկ արդեն 1993 թվականին, հայոց բանակի կազմավորվելուց հետո, ծառայության է անցել ՀՀ ՊՆ  զորամասի պայմանագրային վաշտում, որպես դասակի հրամանատար, ստանալով ավագ լեյտենանտի կոչում:

1993 թվականի մարտի 31-ին Քելբաջարի ազատագրման ժամանակ Վակունիս գյուղի համար մղվող պայքարում վիրավորվել է: Ղարաբաղի ազատագրական շարժման բոլոր մարտերին մասնակցելու համար պարգևատրվել է կառավարական մի շարք մեդալներով: 1996 թ. ստացել է կապիտանի կոչում, իսկ արդեն թոշակի անցնելիս ուներ փոխգնդապետի կոչում: Նա նաև ԵԿՄ-ի Սիսիանի բաժանմունքի նախագահն էր: Երբ 2012 թ մեր գյուղում տեղի ունեցան գյուղապետի ընտրություններ, նա ընտրվեց որպես գյուղապետ:

Սա մի փոքրիկ կենսագրական տեղեկություն է մեր գյուղապետի մասին, որից կարծում եմ կարելի է եզրակացնել, որ նա իսկապես հայրենասեր մարդ է եղել: Բացի այդ նա բարի ու կենսախինդ մարդ էր:
Հիշում եմ, երբ երեխաներով միջոցառումներ էինք կազմակերպում, նա մասնակցում էր, իսկ մենք`երեխաներս, շատ էինք ոգևորվում, երբ նա ներկա էր լինում: Նա երբեք չէր մերժում մեր խնդրանքները և միշտ օգնում էր մեզ: Մինչև հիմա հիշում եմ նրա բարի դեմքը և այն ժպիտը, որ անպակաս էր նրա դեմքից…

Ապրիլի 5-ն էր: Սովորական առօրյա: Դպրոց, տուն, պարապմունքներ: Այդ օրերը լարված էին, բոլորս էլ գիտեինք հակառակորդի առաջխաղացման մասին և անհանգիստ էինք, թեև չէինք վախենում ու անգամ մենք`աղջիկներս, պատրաստ էինք գնալ սահման, եթե դրա կարիքը լիներ: Ապրիլի 4-ին կամավորական խմբեր էին գնացել սահման, գնացել էին նաև մեր գյուղապետը և նաև մեր համագյուղացիներից մեկը: Ոչ մեկիս մտքով էլ չէր անցնում, որ այդ օրը կլսենք մի շատ ցավալի լուր:  Տանն էիք, երբ հանկարծ մայրիկիս հեռախոսը զանգեց: Մայրիկիս խոսակցությունից կարելի էր ենթադրել, որ մի բան այնպես չէ: Երբ նրան հարցրեցի, թե ինչ էր պատահել, նա փորձեց ինձ այնպես ասել, որ տատիկը չլսի, քանի որ դեռ լուրերը ճշտված չէին:  Բայց տատիկս լսեց: Ադրբեջանցիները պայթեցրել էին ավտոբուսը, որի մեջ եղել էին մի խումբ կամավորներ, այդ թվում նաև գյուղապետը և մեր համագյուղացիներից Սեդրակ Ասրյանը: Երկուսն էլ զոհվել էին:
Մի պահ մենք բոլորս քարացել էինք, չէինք ուզում հավատալ, իսկ մի քանի րոպե անց ես գրկել էի տատիկիս և լաց էի լինում: Շատ տխուր օր էր:
Հաջորդ օրը գնացի դպրոց: Երբ մտա դասարան, բոլորը լուռ էին, ոչ ոք չէր խոսում, միայն տխուր նայում էինք իրար: Մի պահ ինձ թվաց, թե մենք իրար այնքան շատ բան ասացինք, միայն իրար աչքերի նայելով: Հազիվ էինք մեզ զսպում, որ լաց չլինենք: Ամեն ինչ այնքան տխուր էր…
Այն մարդիկ, ովքեր այդ օրը զոհվեցին, հավերժ կմնան մեր հիշողության մեջ իբրև ազնիվ և հայրենիքին նվիրված մարդիկ: Նրանց կյանքի գնով ենք մենք ապրում, և նրանց արյունը մեր մեջ է: Հանուն նրանց թափած արյան մենք պահպանելու ենք մեր հայրենիքը և միշտ հավատարիմ ենք մնալու նրան:

Սոնա Զաքարյան

davit alexanyan

Արագիլներն են գարուն բերում

«Մի ժամանակ կարծում էի` արագիլներն են գարուն բերում: Կանգնում էի մեր բակում, ցեխոտ մատներով սուլում ու ողջունում էի նրանց գալուստը: Ամեն գարնան սկզբին ուղիղ քաղաքի վերևում Աֆրիկայից, թե մի այլ տեղից, գալիս էին արագիլներն ու պտտվում: Սկզբում պտույտների շրջանը մեծ էր: Կկոցում էի աչքերս` գտնելու նրանց ամպերի ճերմակ փրփուրների մեջ: Հետո շրջանը փոքրանում էր… Ասես ներքևից մեկը անընդհատ փաթաթում, կարճացնում էր նրանց ոտքերից կապված թելը: Եվ այս անգամ նրանք պտտվում էին լայն բնի շուրջը: 

Երբ արդեն կանգնում էին տանիքին, թվում էր` նրանք ոտքեր չունեն: Ոտքերը կարմիր էին, տանիքը` նույնպես: Մայր արագիլը երկար կտուցով կսմթում էր ինքն իրեն, հարդարում գզգզված, կեղտից փոշոտված փետուրները: Իսկ արուն գործարար տղամարդկային հայացքով զննում էր շրջապատը` որևէ փոփոխություն չի՞ եղել ձմեռվա ընթացքում: Այդ օրվանից ճերմակում էին ծիրանենիները, կարճահասակ բալենիները, հետո դեղձենիներն էին ներկոտվում նուրբ, թափանցիկ ծաղիկներով:

Այդ օրվանից հարևան աղջիկները կարմիր, դեղին, կապույտ գոգնոցները սպիտակ ոտքերի արանքներում խճճելով դաշտ էին գնում բանջար քաղելու, իսկ ողջ գիշերները տանիքն էին ճանկռում մըռմըռ կատուները: Եվ մեր խաղերն էին սկսվում, գարնանային խաղերը:

Այսպես էր գարունը գալիս: Արագիլներն էին բերում»:
Ռուբեն Հովսեփյան «Արագիլները վերադարձան»

Այս հիանալի գարունը Բաղանիսում չի լինում: Գարուն, որը լինում է Արարատ լեռան ստորոտում գտնվող մի փոքրիկ գյուղում՝ Լուսառատում, որտեղ բնակվում է հորաքույրս: Ես գարնան առաջին 2-3 օրը անց եմ կացրել այնտեղ: Ես նստած թշնամու դիրքերից 100 մետր հեռավորության վրա հետևում էի անասուններին և մտածում էի, թե ինչ նյութ կարելի է գրել և հանկարծ հիշեցի այն 3 օրը, որ անց էի կացրել Լուսառատում ու գրեցի այս նյութը:

Ես նոր եմ հասկանում գարնան գալը:

anushmkrtchyan

Հայրս

1988-1990-ին մի շարք հայրենասեր տղաներ մեկնում են Ղարաբաղ: Նրանք գնում են  հանուն հայրենիքի, հանուն իրենց  մայրերի ու քույրերի, հանուն մեր խաղաղ օրվա մարտնչելու թշնամու դեմ: Այդ  տղաների  թվում էր նաև հայրս: 17 տարեկան մի երիտասարդ, ով մյուսների նման գնում էր կռիվ, լավ իմանալով, որ  դա  կարող է ճակատագրական լինել:

«Արծիվ 19». ահա այսպես էր կոչվում այն ջոկատը, ուր  կռվել  է  հայրս: Տարիներ  շարունակ  կռվի  դաշտն էր հորս տունը, կռվի  դաշտի տղաները՝ ընտանիքը: Տարիներ շարունակ նա պայքարում էր  իր  ընկերների  կողքին, որ  այսօր մենք  ապրենք  անկախ երկրում: Մի երիտասարդ  էր նա, ով հասուն տղամարդ դարձավ կռվի դաշտում: Հազար ու մի փորձությունների միջով ստիպված եղավ անցնել, հազար ու մի ընկերներ կորցրեց ու գտավ կռվի դաշտում: Պատմում էր, թե քանի սոված գիշերներ են ստիպված եղել անցկացնել, բայց դրանից  զգոնությունը երբեք չի պակասել: Պատմում էր, թե քանի անգամ են ստիպված եղել դեմ առ դեմ դուրս գալ թշնամուն:

Անկեղծ ասած, էլ չեմ հիշում, թե ինչեր էր պատմում, որովհետև փոքր էի, երբ կորցրի նրան: Ափսոսում եմ, որ հնարավորություն չունեմ ավելին իմանալու այդ տարիներից: Երբ փոքր էի, երբեք չէի մտածի, որ կգա մի օր, որ կցանականամ իմանալ կռվի տարիների մասին: Այսօր, երբ ուզում եմ ամեն ինչ իմանալ, ցավոք, չունեմ այդ  հնարավորությունը: Բայց մի բան լավ գիտեմ:

Հայրս իսկական հայ էր: Նա չվախեցավ ո՛չ թշնամու գնդակից և ոչ էլ թշնամուց: Նա հպարտորեն վերադարձավ տուն: Այսօր ես հպարտ եմ, որ նրա դուստրն եմ:

Ցավոք,  մինչ օրս, Ղարաբաղում կռիվները շարունակվում են: Վերջին օրերին, երբ կարդում էի Ղարաբաղի դեպքերի մասին, ամբողջ մարմնով  դողում էի: Ափսոսում եմ բոլոր այն զինվորների համար, ովքեր զոհվեցին հանուն հայրենիքի:

Երբ լսում էի, որ կամավորների խմբեր են բարձրանում դիրքեր, և որ նախկին ազատամարտիկները նորից համախմբվում են, հասկանում էի, որ ազգս մի նվիրյալ է կորցրել:

Հասկանում եմ, որ եթե հայրս ողջ լիներ, այսօր մեր տղաների կողքին կլիներ: Ցավը մեծ է, ու ափսոսում եմ, որ  սահմանին կանգնած զինվորներ են  զոհվում: Բայց հասկանում եմ նաև, որ հայրենիքը պահողը հենց  նրանք են, և հպարտորեն ուզում եմ նայել երկինք ու ասել.

-Պա՛պ ջան, քո գործը շարունակողներ կան…

Առանց աշխատանքի չեմ պատկերացնում իմ կյանքը

Հարցազրույց տատիկիս` Գայանե Ղուկասյանի հետ

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

 

-Տատ, երբ փոքր էիր, ի՞նչ էիր ուզում դառնալ:

-Երբ փոքր էի, ուզում էի դառնալ բժիշկ, ուզում էի դառնալ ուսուցչուհի: Քո տարիքում արդեն ուզում էի դառնալ բուժքույր:

-Իսկ ինչո՞ւ որոշեցիր բուժքույր դառնալ:

- Սիրում էի մարդկանց օգնել:

-Փոքր ժամանակ ինչպե՞ս և որտե՞ղ էիր սովորում:

-Սովորում էի Դանիել Վարուժանի անվան համար 89 դպրոցում: Լավ էի սովորում:

-Ո՞ ր առարկաներն էիր սիրում:

-Պատմություն, աշխարհագրություն, հայոց լեզու:

-Որտե՞ղ շարունակեցիր քո կրթությունը:

-Շարունակեցի Բժշկական ուսումնարանում, բուժքույրական բաժնում:

-Ես գիտեմ, որ քո երկու քույրերն էլ են բուժքույր, իսկ դու ինչո՞ւ որոշեցիր բուժքույր դառնալ:

-Սիրում էի այդ մասնագիտությունը:

-Որտե՞ղ ես աշխատել:

-Սկզբում աշխատել եմ Մալաթիայի հիվանդանոցում՝ դիմածնոտային բաժնում, հետո 8-րդ բուժմիավորումում՝ տեղամասում, հետո աչքի կլինիկայում, դրանից հետո աշխատել եմ Աշոցքում, դրանից հետո աշխատել եմ Համալսարանական կլինիկայի աչքի բաժնում:

-Քեզ ավելի շատ ո՞ր աշխատանքը դուր եկավ` դիմածնոտայի՞ն բուժքույրի, թե՞ ակնաբուժական, և ինչո՞ւ:

-Ակնաբուժական: Երեխաների հետ եմ աշխատում, դրա համար էլ սիրեցի:

-Հիշո՞ւմ ես քո աշխատանքային առաջին օրը: Այդ ժամանակ քեզ ինչպե՞ս էիր զգում և քանի՞ տարեկան էիր:

-1968թ. հունիսն էր: Այդ ժամանակ 19 տարեկան էի: Ինձ ոչ շատ վստահ էի զգում: Հերթապահում էի, իմ առաջին հերթապահությունն էր, բայց ինձ օգնեց իմ ավագ բուժքույրը, որի հետ հերթապահ էի:

-Երկա՞ր ես աշխատել:

-48 տարի է` աշխատում եմ:

-Իսկ ինչպե՞ս ես սովորել օգտվել բժշկական սարքերից:

-Սարքերից օգտվել սովորեցրել են բժիշկը, մասնագետները:

-Ինչ-որ բան սովորե՞լ ես քեզնից ավելի փորձառու աշխատողներից:

-Նրանք ինձ սովորեցրին խնամքով վերաբերվել հիվանդին: Միշտ հիվանդը ճիշտ է, եթե սխալ էլ լինի, պետք է չհակաճառել:

-Մի հետաքրքիր դեպք պատմիր, որ պատահել է քո աշխատանքի տարիներին:

-Տնտեսական ճգնաժամի տարիներն էին: Մի երեխայի տեսողությունը ստուգում էի, ասացի` նկարները ասա: Ինքը չէր ասում, վատ էր ասում, հետո ինձ ասաց. «Մի բարկացի: Որ գնամ գյուղ, քեզ համար հաց կբերեմ»: Հաց չկար այդ տարիներին…

-Դու թոշակի ես անցել, բայց դեռ աշխատում ես: Պատկերացնո՞ւմ ես քո կյանքը առանց աշխատանքի, սիրո՞ւմ ես քո աշխատանքը:

-Առանց աշխատանքի չեմ պատկերացնում իմ կյանքը, բայց ստիպված եմ լինելու պատկերացնել:

 

mariam varzhapetyan

Մի շերեփ ապուրի օրհնությունը

Ամեն անգամ դպրոցից հոգնած տուն մտնելիս տեսնում եմ մորս հոգատար ու բարի դեմքը, ով  գեղեցիկ ժպիտով ինձ ուղեկցում է մինչև խոհանոց՝ ճաշի սեղանի մոտ, որտեղ միշտ կգտնեմ ինձ համար սիրելի ու համեղ կերակուրներ: Ու բարի ախորժակ մաղթելով մայրս գնում է իր գործերին: Բայց լինում են բացառություններ, երբ ինչ-որ հարցերով կամ գործերով տանից դուրս է գալիս, և ես ստիպված եմ լինում ինքնասպասարկմամբ զբաղվել:  

Եվ ահա մի այդպիսի օր:

Դասից եկա տուն, ու մայրս տանը չէր, ավելին՝ տանը ոչ ոք չկար: Համոզվելով, որ տանը մենակ եմ, առաջինը, որ արեցի, եղավ խոհանոցում ուտելիք փնտրելս: Ցավոք, ոչինչ չգտա պատրաստած ու սկզբում բարկացած, հետո հոգնած ու անհավես նստեցի այն հույսով, որ ուր որ է` մեկը կգա, ու մի բան կպատրաստի, որ ուտեմ: Նստեցի, նստեցի ու մի քառորդ ժամից հասկացա, որ սովը նեղում է: Վեր կացա ու որոշեցի մի բան պատրաստել ուտելու:

Ճիշտ է, ճաշ եփելու համար այնքան էլ հավես չունեի, բայց սկսեցի քիչ-քիչ պատրաստելը: Կաթսան գտա, դրեցի կրակին ու որտեղից ձեռքս ինչ ընկավ, լցրեցի մեջը: Մի կես ժամից տարօրինակ ճաշս պատրաստ էր: Լցրեցի, սովից լեզուս դուրս գցած շան նման պատրաստվում էի ուտել, երբ…

Թըխկ, թըխկ. դռան ձայնն էր: Մտքիս մեջ բարկացած ասացի.«Վըխք, տեսնիս` ո՞վ է, որ հացս հարամ էրեց»:

Ու գդալը ձեռքիցս գցելով՝ գնացի տեսնելու, թե ով է: Երբ արդեն հասնում էի դռանը, գոռացի.

-Ո՞վ է:

Ձայն չկա: Նայում եմ` մարդ էլ չկա: Եվս մի անգամ էլ գոռացի ավելի բարձր ու բարկացած.

-Ո՞վ է:

Էլի ոչ մի ձայն: Զարմացած ու զայրացած, մի քիչ էլ վախեցած գնացի ճաշս ուտելու: Գդալն արդեն հասցնում էի բերանիս, երբ նորից կրկնվեց նույնը: Իրավիճակը այնպիսին էր, որ թվաց, թե մեկը հետս կատակել է ուզում: Էլի գոռացի. «Ո՞վ է, ի՜յա, վա՜աաայ», ու գնացի դեպի դուռը: Պատասխանի փոխարեն դռան երկու հարվածի ձայն լսեցի միայն: Բարկությունից դողալով կամ չգիտեմ, գուցե վախից, այնպես գոռացի, որ երբ տեսա վախեցած հյուրիս, ես էլ իր վախենալուց ավելի վախեցա:

Մի խեղճ կին էր, մոտ 80 տարեկան, արտահայտիչ կուզով, ճեփ-ճերմակ մազերով, որոնք լաչակի տակից ցից-ցից դուրս էին եկել ու, ճիշտն ասեմ, շատն էլ դրանից վախեցա: Կուզը տնկած անձայն կանգնել էր դիմացս ու նայում էր վրաս:

-Բարև,- հարցական դեմք ընդունելով, որով նաև հարցնում էի, թե դու ո՞վ ես: Բարևս անպատասխան մնաց: Գլուխը կախելով քթի տակ խոսեց, ասելով.

-Մեռնի՛մ ջանիդ, բաժակըմ ջուր կուդա՞ս:

Ասացի` սպասի, հիմա կբերեմ: Ջուրը ձեռքիս հետ եկա, նայեմ` նստել է դռան մոտ, աստիճանների վրա: Դուրսն էլ զզվելի շոգ էր, տեսա քրտնած էր, ջուրը տվեցի, վերցրեց խմեց: Խմեց ու կզկռտված մնաց: Սպասում էի գնար, որ ես էլ ներս գնայի, հացս ուտեի: Մի 5 րոպե նյարդերիս հաշվին մնալուց հետո, տեսա, որ ուզում էր գնար, ու դարձա` տուն մտնեմ, բայց չգիտեմ ինչու, սիրտս ճմլվեց մի անծանոթ զգացումով: Չգիտեմ, դա խի՞ղճ էր, թե՞ սով, թե երկուսը միասին, բայց վատ բան էր: Իսկույն դարձա հետ ու գոռացի.

-Տա՛տ, ա՛րի գնանք` հաց ուտենք:

Նախքան դա ասեմ, որ խուլի տպավորություն էր թողել մոտս, ինչ-որ խոսել էի հետը, չէր լսել ու չէր պատասխանել, բայց հենց լսեց ասածս, միանգամից կուզը ուղղելով դարձավ հետ  ու արագ-արագ առաջ եկավ:

Շատ չերկարացնեմ, վերջը հասանք խոհանոց: Ճաշս սառել էր, տաքացրի, արդեն երկուսիս էլ լցրի ու նստեցի, որ ուտենք: Անձայն կերանք, կյանքումս առաջին անգամն էր, որ ուտելու ժամանակ պահպանվեց «ուտելու ժամանակ չեն խոսում» պատվիրանը: Երբ վերջացրինք, սեղանից մինչև դուռը ճանապարհելիս օրհնանք տվեց: Բարի տատիկը օրհնեց ինձ ասելով.

-Բալա՛ ջան, սիրտդ միշտ ըդպես լեն մնա, ձեռդ էլ ըդպես դալար, ապրի՛ս, երկար արև՛ ունենաս:

Ասացի. «Ապրե՛ս, տա՛տ ջան», ու ճանապարհեցի գնաց…

Ու այդ օրն էլ, ճաշն էլ, տատիկն էլ, օրհնանքն էլ միշտ կմնան իմ հիշողության մեջ:

Միայն թե անընդհատ մտածում եմ. Ծեր տատն ինչո՞ւ էր դրսում, ո՞ւմ տատն էր, ինչո՞ւ ոչ ոք չուներ…

seryoja baboyan

Մինչև անձրևը վերջանա

Եղանակները տաքացել էին։ Տատիկս առավոտից երեկո աշխատում էր այգում։ Բայց այսօր առավոտից երեկո անձրև է տեղում, տատիկս էլ տանից ոչ մի րոպե չի բացակայել։ Զգում եմ, որ մի բան այն չէ։ Տատիկիցս հարցրի, թե ի՞նչ է պատահել։

-Ախ, էդ անձրևը ընչի՞ էկավ, է… Հիմա էն մովերը դարսել-պրծել էինք, Սերոժ ջան։

-Հա, ի՞նչ անենք, մի օր էլ գործ մի արա։

-Չէ, է… Կմնա` կթացանա, մինչև չորանա՜․․․

-Հա լավ, ոչինչ, տատի։

Այդ խոսակցությունից շատ չանցած մեր հարևանը եկավ մեր տուն։ Նա էլ նկատեց, որ տատիկը անհանգիստ է։

-Ի՞նչի էլե, չըլի՞ էսօր չես էչե բախչադ։

Տատիկիս մայրը գյուղում աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, և բոլորը նրան այդպես էին ճանաչում։ Այդ պահին հարևանը դիմեց ինձ։

-Հեկտորի աղջիկն ա, է, մի օր գործ չանի` կհիվանդանա։

Դե իհարկե, նա կատակեց, բայց դա համապատասխանում է իրականությանը։ Տատիկս ասում է. «Երբ գործ չեմ անում, մի տեսակ անհանգստություն, գլխացավ ու հոգնածություն եմ զգում»։

-Ինչ արած, տատ, սպասիր մինչև անձրևը վերջանա, գետինն էլ չորանա։

Հ․Գ․ Նյութը գրելուց հետո անձրևը վերջացավ, բայց սկսվեց ձյունը։

sona saribekyan

Ծերացումի արցունքները

Դե, ինչպես գիտեք ես Պատանի թղթակիցների ցանցի անդամ եմ  և նյութ էի ուղարկել «Տատս ու պապս» վերնագրով, որը Վարդուհի տատիս ու Լևոն պապիս մասին էր: Ուղարկելուց մի քանի օր հետո կայքում տեսա իմ նկարը ու նյութը և շատ ուրախացա: Կանչեցի մայրիկիս ու հայտնեցի, որ տեղադրել են, մայրս նույնպես շատ ուրախացավ:

Հաջորդ առավոտյան սովորականի պես գնացի դպրոց: Բոլոր ընկերներս ոգևորված սպասում էին ինձ, և ունեին մի շարք հարցեր իմ համար պահած:

Դասերս ավարտելուց  հետո գնացի տուն, ու մայրս տեղեկացրեց, որ  գնալու ենք Ոսկեպար՝ տատիս ու պապիս տուն:

Տատիս ծննդյան օրն էր: Տատս շատ ուրախացավ մեզ տեսնելով:

Ես ու քեռուս կինը սեղան գցեցինք, քեռին գնաց խորոված անելու: Նստեցինք սեղանի շուրջ, զրուցում էինք, ու հանկարծ մայրս հայտնեց տատիս նյութի մասին:

Բոլորը ուրախացան ու շնորհավորանքներ հղեցին ինձ, չէ՞ որ դա իմ առաջին աշխատանքն էր, որը տեղ էր գտել 17.am-ում:

Հարազատներս ոգևորված պահանջում էին, որ կարդամ իրենց համար:

Սկսեցի կարդալ:

«Գարնանային արևոտ օր էր…»,- ամեն նախադասությունը ավարտելուց հետո տատս խորը շունչ էր քաշում ու արտաբերում:

-Հա՛, դուզ ա:

«Կոկոլի առաջ երևաց տատս՝սպիտակ մազերի երկար հյուսով,- շարունակում էի կարդալ, ու մի պահ բոլորս լռեցինք ու ակամա նայեցինք տատիս մազերին: Էլ չկար այդ երկար սպիտակ հյուսը: Դրա փոխարեն կարճ սանրվածք էր, որը նույնիսկ ուսերին չի հասնում:

Շարունակում եմ կարդալ: Բոլորը լուռ են, միայն տատս ու պապս անընդհատ նշում են գրածիս ճիշտ լինելու փաստը:

«Հիմա արդեն մեկ տարի է անցել: Չնայած տատս ու պապս մեկ տարով էլ են ծերացել, բայց այն նույն խանդավառությամբ ու ոգևորությամբ էլ պատրաստվում են այս տարվա մեծ ուղևորությանը՝ դեպի Չալտաշ, այն փոքրիկ կոկոլը, Պոպոզ խաշը, որտեղ շատ ու շատ ուրախ ու տխուր օրեր են անցկացրել միասին»,- կարդալով նյութի վերջին տողերը, մի պահ հետ շրջվեցի ու տեսա տատիս՝ մաքրում էր արցունքները:

Արտասվում էր ու հասկանում, որ մի տարով էլ է ծերացել, ու արդեն հետևում են այդ ուրախ ու տխուր օրերը:

Դուք մենակ չեք

Ծանր օրեր ապրեցինք: Հայոց աշխարհը փոթորկված է, սակայն հայ ժողովուրդը ոտքի է կանգնել: Անհրաժեշտ է օգնություն:

Մենք էլ` Վայոց Ձոր մարզի բնակիչներս մեծից փոքր մի բռունցք դարձանք: Թիկունքում գտնվող ժողովուրդը անմիջապես խմբավորվեց և ուղևորվեց Արցախ օգնության: Յուրաքանչյուր ոք պարտավորված էր զգում օգնություն ցուցաբերել մարտում գտնվող զինվորներին: Եվ այդ իսկ պատճառով «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն Վայոց Ձորի թեմի հետ միասին կազմակերպեց օգնության հավաք՝ սահմանում գտնվող և մեզ պաշտպան կանգնած հերոսների համար: Օգնությանը միացավ նաև Վայոց Ձորի ակտիվ և սրտացավ բնակչությունը:

Այդ լարված իրավիճակում փորձելով իմ օգնությունը ցուցաբերել, ինձ խորհուրդ տվեցին փոքրիկ բարեմաղթանքներ գրել և գցել արկղերի մեջ: Անկեղծ ասած, ինձ թեթևացած զգացի այդ իրավիճակում թեկուզ փոքրիկ օգնություն ցույց տալու համար:

Ես կարծում եմ, որ մեր հերոսները շա՜տ կուրախանան:

Հ.Գ. Դուխներդ չգցեք, դուք մենակ չեք:

Անհնարին երազանք

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Այսօր  գրականության  ժամին  խորասուզված Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններն» էի կարդում, ու  հանկարծ մտքովս  անցավ  ուսուցչուհուս հարցնել, թե ի՞նչ նորություն կուզենար, որ լիներ մեր գյուղում: Ու նա ասաց, որ կցանկանար անվանի դերասաններ գային մեր գյուղ` Կալավան, ու զրուցեին մեզ հետ իրենց դերասանական արվեստի մասին: Պատմեին կինոյից կամ թատրոնից: Ու վերջում ասաց` գոնե տարին մեկ անգամ: 

Ես սկսեցի մտածել ու երազել այդ մասին: Մտքովս անցան մեր դպրոցի երեխաները՝ Դիանան ու Էդուարդը, որոնք լավ դերասանական տվյալներ ունեն ու մեծ հաջողությամբ կարող են տաղանդավոր դերասաններ դառնալ: Պատկերացրեցի, թե ինչպես կզրուցեին անվանի դերասանների հետ, որոշ խորհուրդներ կստանային: Նույնիսկ կարող էինք փոքրիկ ֆիլմ նկարել մեր գյուղի մասին: Իսկ հետո սթափվեցի ու հասկացա, որ դա ընդամենը երազանք է, իրականությունից շատ հեռու:

Ղուշիկ տատը

Լուսանկարը՝ Դավիթ Չիլինգարյանի

Լուսանկարը՝ Դավիթ Չիլինգարյանի

Ղուշիկ տատը մեր գյուղի՝ Ջուջեւանի «խորհրդարանի» նախագահն է: Ղուշիկ՝ մի քիչ զարմանալի անուն է, չէ՞: Նրա իրական անունը Վարդանուշ է, բայց նրան ընկերուհիները Ղուշիկ են ասում, քանի որ նա երիտասարդ ժամանակ գեղեցիկ է եղել, և ամուսինը նրան համեմատել է ղուշի (աղավնի) հետ, և այդպես էլ նրա անունը մնացել է Ղուշիկ: 

Ղուշիկ տատը գյուղում շատ հայտնի է: Նա գիտի և՛ գյուղի, և՛ Հայաստանի, և՛ աշխարհի բոլոր նորությունները: Նրանց տունը շատ մոտ է մեր տանը: Եվ եթե ինձ ինչ-որ բան է հետաքրքրում, ես նրան եմ դիմում: Հաճախ նաև նստում եմ մեր պատշգամբում և լսում նրան: Մի անգամ նա ինձ պատմեց, որ Սուրբ Սարգսի օրը  իրեն տվել են աղի բլիթ, որպեսզի ուտի և երազ տեսնի: Երբ առավոտյան արթնացել է, ասել է.

-Աղչի, էդ աղի բլիթը կերա, էրազումս մի խումբ իշան (ավանակ) զռռալով էկան, անց կացան առաջովս…

Նրա մշտական «նստավայրը» իրենց պատշգամբում գտնվող թախտն է, որի շուրջը հավաքվում են գյուղի տատիկներն ու սկսում են զրուցել: Նրանք զրուցում են ամեն ինչի մասին: Քննարկում են գյուղում ապրող յուրաքանչյուր ընտանիքի մասին: Քննարկում են սահմանին տիրող իրավիճակը: Ինչպես սիրում են ասել, մեր գյուղացիները` «պարապ ժըղովուրդ»:

-Բա իմացա՞ր, Շավաշը եդ էկավ:

-Հա, իմացա, եկել էր ինձ տենող, ջահելացել էր:

-Էնա տղեն կգա` հետը կտանի, թէ չէ, մընըմ ա ստի, ի՞նչ անի:

-Գուլգազն էլ մեռավ:

-Հա… Նա էլ գնաց:

-Ասին` ուզըմ են բասեինը սարքեն, հա՞:

-Հա, արդեն սարքըմ են:

-Էրեկ ջրերը կտրել էին, տանը մի կաթիլ ջուր չկար: Էրեխին ասի, գնաց նավիցը բերուց:

-Օ, բա իմացա՞ր, Ղարաբաղ ինչ ա կատարվըմ: Հավաքնին սկսել ա: Էրեկ տելևիզրն ասավ:

-Հա, հա, իմացա, էս ո՞նց տի ըլի:

Եվ խփում է ծնկներին:

-Ես ի՞նչ գիդեմ, թե ասա` ի՞նչ եք ուզում էս խեղճ ժողովրդիցը: Մեր գեղիցը ահագին էրեխա կա ընդի:

Եվ այսպես շարունակ: Դե, ինչ անենք, ես է Ղուշիկ տատի «մասնագիտությունը»:

Մենակ թե քննարկելու թեման թող պարզ բաներ լինեն. ջուրը, հարևանի ջահելանալը, լողավազանը…