anna nikoghosyan

Մի ՖԼԵՔՍ-իկի պատմություն

Ամեն ինչ սկսվել էր մանկությունիցս։ Տատիկիս երազանքն էր` ինձ անգլերեն խոսելիս տեսներ։ Մեծ երազանքներ չուներ։ Իր չնչին հիվանդության թոշակով անգամ ինքնաթիռիս տոմսը գնելու համար քաղաք հասնելն էր դժվար։ Մի փոքրիկ ընտանիք, որն ապրում էր Լոր գյուղում` Աստծո հույսը սրտում։ Տատիկս մի լավ խոսք ուներ` Աստված մեծ է: Ասելով ման էր գալիս։ Ե՞ս: Ես չէի ուզում անգլերեն սովորել, որովհետև ամեն անգամ տխրում էի, երբ հայերենիս ակցենտը չէր թողնում լիարժեք անգլերեն խոսել։ Բայց ամեն ինչ մի նոր սկիզբ պետք է ունենար, երբ մոտ երկու տարի առաջ մտերիմ ընկերուհիս որոշեց անգլերեն պարապել։ Ե՞ս: Ես դեռ բանասերի կոչման մասին էի մտածում։ Իսկ երբ ասաց պարապելու մասին, չգիտեմ ինչ կատարվեց։ Ուղեղս մի պահ դադարեց մտածել, կամ երևի շատ ավելին մտածեց, ու հասկացա, որ նա միայնակ չի գնալու պարապմունքի։ Սիրում էինք վիճել, շատ էինք սիրում։ Եվ շատ էինք սիրում միմյանց։ Եվ դա այն ճակատագրական օրն էր, երբ ուսուցչուհիս ասաց, թե մի բան կա մեզ համար։ Լսել էի ՖԼԵՔՍ-ի մասին, ու միանգամից մտքիս դա եկավ, հարցրեցի։ Սկսեց ծիծաղել ու ասաց, որ ժամանակից առաջ պետք չէ ընկնել։ Անցան ամիսներ։ Անգլերենս քիչ թե շատ բարելավվում էր։ Արդեն բանասերի «կոչումը» ստացած, մտածում էր թարգմանչուհու կոչման մասին։ Այնքան մեծ էր իմ ու տատիկիս երազանքը, որ արդեն ամբողջ ընտանիքս իմ երազանքն ուներ…

Եկավ շատ սպասված պահը, երբ ուսուցչուհիս ասաց, որ ՖԼԵՔՍ-ի փուլն է լինելու մյուս օրը։ Ինչ-որ տարօրինակ զգացում ունեի։ Չէի պատկերացնում` ինչ է լինելու։ Չէի ուզում երազել, կամ, ավելի ճիշտ, վախենում էի երազել։ Տատիկս չէր վախենում։ Մայրս սրտի խորքում մի հույս ուներ, իսկ պապիկիս քմծիծաղախառն ժպիտի տակ ինչ-֊որ տարօրինակ բան էր թաքնված։

Առավոտյան տունը լարված էր։ Չէինք գտնում անձնագիրս։ Ավտոբուսից կուշանայի, բայց տատիկիս` Աստված մեծ է-֊ն, ինձ այս անգամ էլ հուսախաբ չարեց։ Գնում էի նույն քարքարոտ ճանապարհով։ Գնում էի առանց որևէ բան մտածելու։ Ուղղակի հետևում էի սրտիս։

Վախվորած հայացքով մտա դասարան: Դողացող ձեռքով գրիչս զգույշ տանում էի թղթի վրայով այնպես, որ չշփոթեմ անունս ու ազգանունս։ Բոլորի աչքերում ինչ֊-որ հույսի֊ կտոր էի տեսնում ու շարունակում մտքումս կրկնել մեկ տատիկիս խոսքերը, մեկ էլ իմ… Կլինի այնպես, ինչպես ճիշտ է։ Իսկ ճիշտն ու սխալը որոշում է Աստված։ Դեռահասի մտքի երևակայությունս հասավ գագաթնակետին, երբ կալանավորի պես պետք է ձեռքերս բարձրացնեի ժամանակը վերջանալուն զուգընթաց։ Սկսվեց բուռն քննարկումը` հեշտ էր, դժվար… Իմացողի համար հեշտ է և նմանատիպ ծեծված արտահայտություններ։

Ե՞ս: Ես շտապում էի։ Դպրոցից դուրս եկա առանց մտածելու ինչ-որ բանի մասին։ Սկսեցի պլանավորածիս պես գնալ այս խանութից մյուս խանութը։ Եվ այդ պահին էր, որ չգիտեի` ճի՞շտ եմ լսում, թե լսում եմ այն խոսքերը, որոնք կուզեի լսել։ Առաջին փուլը հաղթահարված էր։

Հաղթահարված էր և երկրորդ փուլը։ Ընտանիքս փոքրիկ հույս ուներ: Հաճախ էի դաս անում ընտանիքիս ներկայությամբ։ Հաճախ ձևացնում էի, թե գիրք եմ կարդում, երբ նկատում էի տատիկիս, մայրիկիս ու պապիկիս խորհրդավոր ժպտացողը դեմքերը, երբ նայում էին ինձ։ Տատիկս համառորեն պինդ էր պահում երազանքը։ Պահում էր ապահով տեղ` Աստծո ձեռքում։ Սիրում էր քայլել։ Քայլերը, սակայն, միշտ նույն տեղն էին տանում, որտեղ գյուղի ամեն բնակիչ իր սրտի երազանքն էր ուղղում Աստծուն։ Գնում էր գրեթե ամեն օր։ Անկախ եղանակի տրամադրությունից, տատիկս միշտ ուրախ էր։

Ի՞նչ Ամերիկա, տատ: Ախր փոքրիկ ընտանիքի համար մեծ երազանքներ չեն կարող լինել։ Վախենում էի, շատ էի վախենում այդ հիվանդ կնոջ երազանքը կիսատ թողնել։ Միշտ նախատում էի, որ մեծ երազանքներ ունի մի աղջկա համար, ով պետք է շուտով մտածեր համալսարանի վարձի մասին։ Տատիկս չէր ուզում հավատալ խոսքերիս, որ Ամերիկան ինձ նմանների համար չի։ Միշտ հետևում էր` Աստված մեծ է պատասխանը։

Ո՞նց պետք է նայեմ սրտի վիրահատություններ տարած այդ կնոջ բարի աչքերին, երբ երազանքը չկատարվի։ Արդեն մեղավոր էի զգում ինձ։ Այնուամենայնիվ։ Գրեթե ամեն օր նույն թեման էր տանը։ Դարձել էինք «ՖԼԵՔՍի գերիները»։ Իսկ ես այնպես չէի ուզում դրան հաջորդեր «Կոտրված սրտերը»…

Փուլերի մասին մանրամասն կպատմեմ հետո, իսկ հիմա տատիկիս ու իմ երազանքի թղթերը շտապ պետք է հասցնեմ Երևան։ Մի քանի ժամ էր մնացել, որ ավատվի վերջնաժամկետը, և սիրտս սկսում էր ավելի ու ավելի արագ բաբախել։ Ինչևէ։ Անցավ Ամանորը։ Թե քանիսն իմ երազանքից պահեցին, դա էլ Աստված գիտի։ Գուցե տատիկս էլ էր նույն երազանքը պահել, չգիտեմ…

Սպասված հեռախոսազանգը այդքան էլ սպասված չէր մարտ ամսին, ու անսպասելի ուրախությանս արցունքները տատիս սպասված երազանքի կատարման նշանն էր։ Արցունքներս չէին թողնում խոսել, իսկ խոսելու կարիք չկար, քանի որ ամեն ինչ պարզ էր։ Արցունքներիս հետևեցին տատիս, մորս արցունքները ու պապիկիս թաց աչքերը։ Մի փոքր ընտանիք մեծ ուրախության մեջ էր։

Կյանքումս առաջին անգամ էի զգում, թէ ինչ են ուրախության արցունքները։

Ani asryan

Արամը

1988 թվական, դեկտեմբերի 7, Գյումրի, Սպիտակ:

Հարցազրույց այն մարդու հետ, ում ընտանիքը ևս դարձել է այդ ցավը կրողը:

-Բարև, Քրիստափոր պապի, ինչպե՞ս ես: Կոլյա պապին եկե՞լ ա Արամի գերեզման: (Քրիստափոր պապին Արամի հորեղբայրն է):

-Լավ եմ, բալաս, տու լավ իլես: Տատին հո՞ւնց ա: Հա շուտ են եկալ քացալ:

-Ես էլ ուզում էի խոսել իր հետ: Պապի ջան, Արամի մասին մի փոքր կպատմե՞ս, պատմիր նրա մանկության մասին:

-Հա, հո՞ւնց չեմ պատմի: Ծնվալ ա 1966 թվականի մայիսի 25-ին, շատ ինք ուրախացալ, շատ-շատ, Արամս ուրիշ էր, ուրիշ:-Որտե՞ղ է դպրոց գնացել:

-Արամս Սիսիանըմ ա սվերալ: Ստե սվերավ պրծավ, Կոլյան տարավ Լենինական: Ունդունիլ տվանք Սիսիանի Տրիկոտաժի ֆաբրիկա, եդավ ուրան շատ գովացին: Մի թուղթ տվան, ասան` տարեք թող Երևան սվերի, էս խոխան շատ խելացի ա: Սվերիլի հետ միաժամանակ աշխատըմ էր: Արամիս վեր պիտի տանինք Գյումրի, էտ վախտ ուրա տնօրենը եկավ, ասեց` Արամ ջան, գնա սովորի, կվերադառնաս ու իմ տեղը կնստես: Հա, թենց պաներ:

-Արամին շա՞տ էիր սիրում:

-Է~, բալաս, էնքան շատ եմ սիրալ, ինքը ինձ հունց տեսնմ էր, ասմ էր. «Մեծ պապի, օգնելու բան կա՞»:

-Իսկ Արամի երազանքների մասին գիտեի՞ք:

-Է~, Արամս երազմ էր կար, իրա աշխատանքի վայրմ տնօրեն նստեր, սիրած ալ ուներ: Հա, մի գոզալ աղջիկ: Բայց Արամիս Գյումրի քինալը խորտակեց ուրան: Առաջի երկու տարին Գյումրիում ճանաչվեց ուրա խելքավ, բայց երրորդ տարին չտեսավ խոխաս:

-Որտե՞ղ է եղել Արամը երկրաշարժի ժամանակ:

-Արամս զաչոտնին հանձնալ ա, համլսարանան տուս եկալ: Համալսարանի առաջին սպասալ ա ընկերուհուն: Ընկերուհու մհար թոխտա կիրալ, վեր տանի քննության վախտ տա ուրան: Հունց երկրաշարժը զգացալ ա, քացալ ա սիրածին փրկի, ընդանա եդը երկուսավ մնացալ են փլատկի տակ:

-Իսկ փրկել հնարավոր չէ՞ր:

-Հնարավոր էր: Մունք, որ լիսանք երկրաշարժի մասին, Կոլյան տանան տուս եկավ, քաց Լենինական, հսալա, մինալ լիսալ ա Արամիս սասը. «Պապա~, օգնի, պապա, փրկեք ինձ»: Պանելների տակին էր մնացալ խոխաս: Մինչև խոխիս հանալ են, էլ չկար: Արամս, ա~խ, Արամս ուրիշ էր:

-Իսկ ընկերուհին փրկվե՞ց:

-Չէ, երկուսն ալ մահացան: Արամս Կոլյի մինուճարն էր, բայց իրա մահից 2 տարի հետո Աստված մեզ երջանկացրեց նորից`Դավիթս ծնվեց:

Գերեզմանի ճամփան սառցակալել էր, բայց այդ սառույցը ոչինչ էր նրանց սառած սրտի համար:

Ani asryan

Կարոտ

Կարոտ բառի բացատրությունն էլ կա: Հաճախ գիտակցում ենք, որ շուտով կարոտելու ենք: Ես այսօր արդեն իմ կարոտի մասին եմ մտածում:

Գյո’ւղս, ուզում եմ այսօր զրույց անեմ քեզ հետ: Ա՜խ, գիտես, որ շուտով կավարտեմ դպրոցը ու կգնամ: Քեզ պետք է թողնեմ: Չեմ լսում գետակ, բարձր կարկաչիր, ձայնդ չեմ լսում: Անտառի բարդիները սոսափում են, ճյուղերը` օրորում: Դե’, խոսիր իմ գյուղ, թող կարոտս առնեմ ու նոր գնամ: Կարոտելու եմ ամեն րոպեն, երբ քայլում էի քո ճանապարհով, երազանքներիս մասին էի մտածում, ապագայի պլաններ կազմում: Այսօր այն պահն է, որ նստել եմ քո գետի ափին ու մտորում եմ: Դպրո՜ց, որքան հիշողություն` կապված քեզ հետ: Կհիշեմ բոլոր ընկերներիս, նրանց հետ կատարած սխրանքները և արկածները: Դպրոցը իմ տունն է, իմ հենասյունը և ապագայի հիմք դնողը: Կհիշեմ անգին ուսուցիչներիս: Կհիշեմ տնօրենի դասերը, միշտ ժպիտը դեմքներիս մտնում ենք դասարան:

Կհիշեմ բոլորի հետ անցկացրած թանկ պահերը, ընկեր Վարդանյանի դասերը:

Ընկեր Սանթրյանը միշտ լուրջ է մոտենում բոլոր հարցերին, դա երևի հաշվարկներից է: Բայց այդ լրջությունից էլ ջերմություն է արձակվում:  Չեմ կարող մոռանալ իմ ռուսաց լեզվի թանկագին ուսուցչին: Նա յուրահատուկ մոտեցում ունի բոլոր հարցերում: Կարողանում է արեգակի օգնությամբ ժամը ասել: Սիրում եմ նրա հետ անցկացրած ամեն րոպեն: Հա մոռացա, դե իրեն էլ ավելի շատ եմ սիրում: Ես նրա հետ քննարկում եմ ինձ հուզող բոլոր հարցերը: Իմ ուսուցչուհին`ընկեր Ասատրյանը, դասավանդում է ֆիզիկա: Առաջին իսկ հնարավորության դեպքում ձեզ կծանոթացնեմ նրա հետ:

Դպրոց, որտեղ անցել են կյանքիս 11 յուրօրինակ տարիները: Գյուղս, սա հիշողություն չէ, այլ մի ողջ կյանք` ամփոփված քո գրկում:

Հրդեհը լափեց ամեն ինչ

11:30 էր, երբ անջատեցի համակարգիչս ու պառկեցի քնելու, բայց քունս չէր տանում: Մտածում էի, թե ինչի մասին կարելի է նյութ գրել ու չէի էլ պատկերացնում, որ նյութի միտքը մոտ մեկ ժամից ինքը իրեն կգա, բայց աչքերս փակվեցին ու քնեցի:

12:30 էր, երբ սենյակս լուսավորվեց կրակի բոցից ու լսեցի այրվող խոտի ձայնը, վեր թռա տեղիցս ու տեսա, որ մեր հարևան Պայծառ տատիկի խոտը, որ գտնվում էր գոմի տանիքում, ամբողջությամբ այրվում է: Միանգամից բարձր ձայնով կանչեցի մերոնց, որ նրանք էլ արթնանան: Բոլորս վախեցած էինք ու չգիտեինք` ինչ անել, ու ընդամենը հինգ րոպե հետո գյուղի մեծ մասը արդեն կրակի մոտ էր: Առաջին բանը, որ արեցի արթնանալուց հետո, փրկարարներին զանգելն ու տեղեկացնելն էր: Մինչև փրկարարների գալը գյուղացիները փորձեցին հանգցնել կրակը, որովհետև վտանգը մեծ էր, որ կանցնի նաև դեպի մեր տան կողմը: Բայց դա էլ բարդ գործ էր, քանի որ հարևաններից ոչ մեկի բակում ջուր չկար. ջուրը դույլերով, կաթսաներով, շշերով և ով ինչով կարող էր, բերում էր գյուղի աղբյուրից: Ահավոր պահ էր, երբ աչքիդ առաջ վառվում էր քո ամբողջ մի տարվա աշխատանքը, երբ բարձր ձայնով կանչում էր տատիկը. «Ա՜յ, անջատեք, անջատեք կրակը»: Բայց ամենավատը դա չէր: Կրակը տեսնելով, Պայծառ տատը արագ դուրս էր եկել տնից, այնտեղ թողնելով իր քրոջը՝ Սաթո տատին, ու վախենում էր նրա համար, իսկ կրակը անընդհատ տարածվում էր: Չէին կարող Սաթո տատին էլ դուրս հանել տնից, որովհետև վառված փայտերը ընկնում էի դրսից տուն տանող ճանապարհի վրա:

1:50, երբ վերջապես ժամանեցին հրշեջները, կրակը մարեցին, բայց արդեն ուշ էր. ամբողջ խոտը վառվել ու վերածվել էր մոխրի:

Թե ինչ էր զգում այդ ժամանակ Պայծառ տատը, անհնար է բացատրել, բայց որ ցավը մեծ էր, դա պարզ երևում էր իր ծածուկ, բայց միաժամանակ պարզ երևացող արցունքներից:

Լուսանկարը՝ Հասմիկ Գիվարգիզյանի
Վայոց Ձորի մարզ, գ. Մալիշկա

Չորրորդ եղանակը

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի մարզերում եւ Երեւանում մեր թղթակիցները նկարել են ձմեռային օրվա իրենց հանդիպած ամենավառ պահը։

Lusine atanesyan

Պարի փորձ

Ամեն ուրբաթ օրվա պես, ես, Լիլիթը, Անին և Նարեն ժամը 15:30 հավաքվեցինք գյուղի մշակույթի տան դահլիճում: Մենք պարի պարապմունքների ենք ուրբաթ և կիրակի օրերին, և այդ ուրբաթը բացառություն չէր: 

Պարապմունքը վերջացավ: Մենք արդեն վերադառնում էինք տուն, երբ ընկեր Իսկանդարյանը (նա մեր պարի ուսուցիչն է) ասաց, որ հաջորդ օրը պետք է գնանք Սիսիան, քանի որ գալու են նաև Տոլորս գյուղի երեխաները (դե, ընկեր Իսկանդարյանը այնտեղ էլ խումբ ունի), որպեսզի միասին պարի փորձ անենք: Առավոտյան մենք հավաքվեցինք և շտապեցինք հասնել ավտոբուսին: Ավտոբուսը, ինչպես միշտ, լիքն էր կանգնած մարդկանցով, հետևաբար մենք էլ կանգնեցինք: Մի կերպ հասանք Սիսիան: Կանգառից մինչև մշակույթի տուն (դա այն տեղն է, որտեղ անցնում են պարապմունքները) մտածում էինք, թե ինչպես կանցնի օրը, երեխաները ինչպիսին կլինեն:

Հասանք տեղ: Ամեն ինչ շատ լավ էր, պարեցինք, ուրախացանք, ընդմիջում արեցինք, իսկ հետո ընկեր Իսկանդարյանը մեզ մի քանի աճպարարական հնարքներ ցույց տվեց: Ամենահետաքրքիրն այն հնարքն էր, որի ժամանակ լուցկին պետք է մի ափսեից թռչեր մյուս ափսեի մեջ: Հնարքը իրականացնելու համար օգնական էր պետք, և ընտրվեց Տոլորս գյուղի երեխաներից Անին: Հնարքը այդքան էլ «կախարդական» չէր, և լուցկին էլ չէր թռչելու: Անին պետք է աներ այն, ինչը անում էր ընկեր Իսկանդարյանը: Նա ձեռքով շոշափում էր ափսեի հակառակ կողմը և ձեռքը քսում դեմքին, նույնը անում էր նաև Անին, սակայն Անիի դեմքը սևանում էր: Մեզ սկսբում հանձնարարություն տրվեց՝ չծիծաղել և նրան ոչինչ չասել, սակայն դա այնպիսի տեսարան էր, որ հնարավոր չէր չծիծաղել: Վերջապես հնարքը վերջացավ, Անին էլ իրեն տեսավ հայելու մեջ, և չիմացանք՝ տխրե՞ց, թե՞ ոչ, ու ընկեր Իսկանդարյանը մեզ ասաց, թե ինչպես սևացավ Անիի դեմքը: Պարզվում է, որ երկրորդ ափսեի տակ սկզբից էլ սև է եղել: Նախօրոք ընկեր Իսկանդարյանը վառած մոմով սևացրել էր:

Ժամանակը այնքան արագ անցավ, որ մենք չնկատեցինք, թե ինչպես դարձավ ժամը 14:45: Մեզ մնաց էլ էր ընդամենը 15 րոպե ավտոբուսին հասնելու համար: Արագ փոխեցինք մեր հագուստները և վազեցինք կանգառ: Ավտոբուսը արդեն շարժվում էր, երբ հասանք կանգառ: Ավտոբուսում այս անգամ էլ տեղ չկար: Մի կերպ հասանք գյուղ: Երբ փորձեցինք իջնել, դուռը չբացվեց : Մոտ 30-40 րոպե մնացինք ավտոբուսում, մինչև կարողացան բացել դուռը: Մի քանի երեխաների պատուհանով իջեցրին, մինչ կբացեին դուռը, իսկ երբ բացեցին, կանգնած մարդկանցից մեկը ցանկացավ պոկել այն պաստառը, որի վրա գրված էր, որ կանգնած մարդկանց տեղափոխումը արգելված է, բայց չգիտես ինչու՝ չարեց: Իջանք ավտոբուսից, վճարեցինք գումարը և տան ճանապարհին կերանք Սիսիանից գնած էկլերները, որոնք այնքան էլ լավ վիճակում չէին արդեն:

Վերադարձանք տուն սովորականի պես, կարծես թե ոչինչ չէր եղել:

sona zaqaryan

Անգլերեն, ժպիտներ և ուրախ առօրյա

Հինգշաբթի օրը շաբաթվա իմ ամենասիրելի ու սպասված օրերից մեկն է: Հետաքրքրե՞ց, թե ինչու: Այդ օրը մեր «English club»-ի օրն է: Հիմա կասեք, թե ինչու եմ այսքան շատ սպասում այդ օրվան, չէ՞ որ սովորական անգլերենի պարապմունք է: Բայց այն ինձ համար այդքան էլ սովորական պարապմունք չէ: Դա ինձ համար այն օրն է, երբ ես ուրախանում ու լիցքաթափվում եմ, համադրելով նաև գիտելիքը: Դա այն օրն է, երբ ստանում եմ շատ ժպիտներ ու ինքս էլ եմ ժպտում: Դա այն օրն է, երբ մի սովորական «hello»-ն մեծ տոն է դառնում: 

Երևի հիմա մտածում եք, է, ինչեր եմ գրում, ու չեք կարողանում հասկանալ: Լավ, հիմա կբացեմ փակագծերը: «English club»-ը , «hello»-ն և մնացած բաները կապված են մեր ամերիկուհի կամավորի հետ: Նրա անունը Ալիա է: Մենք նրան դիմում ենք` միսս Ալիա: Նա ամենաժպտերես ամերիկուհիներից է: Դե, ոնց որ հայերն են ասում` ջիգյարով: Գյուղում բոլորը նրան շա~տ են սիրում, հատկապես երեխաները: Մենք բոլորս շատ ենք գնահատոմ այն, որ նա կտրել, անցել է հսկա օվկիանոսը և եկել հասել մեր փոքրիկ Դարբաս գյուղ, որպեսզի սովորի ու սովորեցնի:

Բոլորիս օրը նրա հետ շատ ուրախ ու հագեցած է անցնում: Երբ մտնում է դպրոց, երեխաները հավաքվում են նրա շուրջը և մեկը մեկից բարձր «hello» գոչում: Ի~նչ մեծ երջանկություն է այդ փոքրիկ «hello»-ն նրանց համար: Միսս Ալիան հետաքրքիր պարապմունքներ է կազմակերպում թե փոքրերի, և թե մեզ` մեծերիս համար: Դրանց նպատակը ոչ միայն անգլերեն սովորելն է, այլև ամերիկյան բազմազան մշակույթի հետ ծանոթացումը: Պարապմունքները հաճելի ու ընկերներական մթնոլորտում են անցնում: Համատեղում ենք հաճելին օգտակարի հետ:

Միսս Ալիան շատ է սիրում գյուղը, գյուղի մարդկանց և իհարկե հայկական մշակույթը: Շատ ուրախալի է, երբ օտարերկրացիները հետաքրքրվում են հայկական մշակույթով, իսկ այդ մշակույթը նրանց ներկայացնելը կրկնակի ուրախություն է: Այնպես է ստացվում, որ թե’ մենք, թե’ միսս Ալիան սովորողի և սովորեցնողի դերերում ենք, որը իսկապես շատ հետաքրքիր է:

Անգամ տատիկներն ու պապիկներն են ուզում սովորել, ինչու չէ, նաև ապացուցել, որ իրենք էլ պակաս լեզու չգիտեն: Մի անգամ մի զվարճալի դեպք պատահեց: Ես ու միսս Ալիան քայլում էինք ու ճանապարհին հանդիպեցինք Սամո պապիկին: Միսս Ալիան, իր սովորության համաձայն, ջերմ ժպիտով բարևեց նրան, դե Սամո պապիկն էլ ժպիտով պատասխանեց ու ավելացրեց.

-Как жизнь?

Միսս Ալիան, ոչինչ չհասկացավ և ժպտաց:Ես էլ նրան բացատրեցի, որ պապիկը ռուսերեն էր պատասխանում, և թե ինչ է նշանակում այդ արտահայտությունը: Տատիկներն ու պապիկներն էլ իրենց իմացած ռուսերենով են հպարտանում, և երբ մենք անգլերեն խոսում ենք, ու նրանք ոչինչ չեն հասկանում, այսպես են ասում.

-Երկու անգլերան տառ են գիդըմ, մտածըմ են` էտա, վեր կա, էն վախտը, հո՞վ էր մեզ նման ռուսերան գիդըմ, գերմաներեն ալ էինք սվերըմ:

Մենք էլ նրանցից չենք նեղանում, այլ ընդհակառակը ժպտում ենք և փորձում նրանց էլ սովորեցնել:

Ա’յ, այսպիսի դրական ու հետաքրքիր փոփոխություններ են մեր կյանք մտցվում կամավորների շնորհիվ: Հուսով եմ, որ նրանց գործունեությունը շարունակական կլինի, քանի որ այն շատ հետաքրքիր է ու ողջունելի: Գյուղում ապրող երեխաները շատ խելացի են և արժանի են մեծ հաջողությունների հասնելու:

Դե ինչ, եկեք բոլորս սովորենք, ժպտանք ու մեր ժպիտներով ջերմացնենք շրջապատը, իսկ ջերմության կարիք մենք հաստատ ունենք, չէ՞ որ շուտով ձմեռ է:

shushan stepanyan portret

Ես սիրում եմ քեզ. իսկական սերը չի կարող մեռնել

Թևերս երկնքում են, ու սիրտս գրկել է աշխարհը տխուր: Արևի շողերն եմ կարծես գողացել ու լույս եմ դարձել: Ու գիտե՞ս, թե ոնց, թե այդ երբ եղավ, որ երկինք հասա, որ սավառնում եմ: Ա՜խ, դու չգիտես: Ու հավանաբար քեզ դա բնավ չի էլ հուզում: Բայց որոշեցի հենց հիմա ասել, որովհետև ուզում եմ կիսվել ինձ թևեր տված ու երկինք հասցրած գաղտնիքով բոլորի հետ, որ բոլորն էլ այսուհետ ճախրեն ինձ նման, ապրեն արևի շողեր ու երկնքի գույներ: Գաղտնիքս մեկն է. ես սիրում եմ քեզ:

Ու հիմա նրանք միասին են իրենց վերագտած, ապրված ու անեղծ սիրո ամպերի գրկում:

Երբ տեսան իրար, մի ամբողջ դարձան, ու տիեզերում մի նոր սեր հյուսվեց նրանց անունով: Եվ այնքան սիրուն էր սերը նրանց, այնքան գույներ, այնքան մաքուր հույզեր ու ապրումներ…

Բայց մի մուգ գույնով բաժանում եկավ, ու ՄԵԿ-ը մայր մտավ՝ ծածկելով երկինքը կարոտի, ափսոսանքի, հեռացումի աղոտ աստղերով: Մեկը դարձավ երկու, երկու զատ աշխարհ, որտեղ ո՛չ արև մնաց և ո՛չ էլ երկինք…

Կանգ ա՛ռ, ժամանակ, մենակ մնալուց ես շատ եմ հոգնել. ես իմ սերն եմ կորցրել: Կանգ ա՛ռ ու սպասիր այնքան ժամանակ, մինչև որ նորից հետ բերեմ նրան: Մնա ու սպասիր, որ ապրեմ նորից, նրանով ապրեմ, որ նորից թռչեմ: Մնա, որ զուր չանցնես, որ ափսոսանքով ես քեզ չհիշեմ: Մնա ու օգնիր, որ գտնեմ նրան. կիսատ եմ այսպես:

Լսեց աղոթքը վազող ժամանակն ու կանգ առավ. սպասեց, սպասեց, մինչև որ մի օր կարոտից խեղդված օրն էլ չհամբերեց, գնաց ու տարավ երկուսին այնտեղ, ուր հանդիպել էին:

Ու գտա ես քեզ, թեպետ չէի էլ կորցրել, պարզապես դու կողքիս չէիր: Կորցնում են լոկ այն դեպքում, երբ սիրտն էլ չի սիրում, երբ մոռանում է ու չի էլ հիշում: Ու գտա ես քեզ, ու շատ եմ խնդրում, որ էլ չգնաս, որ կողքիս մնաս, որ արևի շողը նորից գողանամ ու լույսդ դառնամ: Դու մնա կողքիս ու էլ չգնաս:

Իմացիր դու միշտ՝ իսկական սերը չի կարող մեռնել. հենց երկնքում եմ մեր սերը ձուլել, ու հենց աստղերն են մեզ ճամփա բացել: Ես սիրում եմ քեզ:

Albina

Ձմռան մի օր

Ալբինա, այ Ալբինա, Ալբինաաա՜…

Ու մոտավորապես այսպես հինգ րոպե ես լսում եմ, թե ինչպես է մայրիկս ինձ կանչում, որ արթնանամ ու գնամ դպրոց, բայց չեմ ցանկանում վեր կենալ անկողնուցս: Բայց դե արթնանում ու գնում եմ դպրոց: Ես տանից դպրոց պետք է գնամ 8:30-ին, բայց արթնանում եմ 8:20-ին, և ունենում եմ ընդամենը 10 րոպե` պատրաստվելու համար: Դուրս եմ գալիս ու արագ- արագ քայլում դպրոց, որ չուշանամ մարզանքից: Գնում հասնում եմ դպրոցի բակ և արագ մտածում մի պատճառ, որ կոշիկ չփոխեմ, մտնում եմ դպրոց.

-Բարև, Գոհար տատի:

-Բարև, Ալվինա (նա ինձ Ալվինա է ասում):

-Գոհար տատի, ի՞նչ կլինի` ես էսօր չփոխեմ:

-Է~, դե լավ էլի, Ալվինա, ամեն օր նույնն ես ասում:

-Լավ էլի, Գոհար տատի, դրսում չոր ա, կոշիկներս էլ մաքուր են:

-Լավ է, անցի, Ալվինա,- ասում է և մի տեսակ նայելով ինձ, ժպտում:

Բարձրանում եմ դասարան, որտեղ ինձ է սպասում իմ նստարանը և տաք վառարանը: Կանգնում եմ վառարանի մոտ, տաքանում, և հանկարծ լսվում է «էլի մարդ կա՞ դասարաններում» ծանոթ ձայնը: Եվ ես հիշում եմ, որ պետք է իջնել առաջին հարկ` երգելու բոլոր երեխաների հետ միասին: Երգում ենք, բարձրանում դասարան և նստում դասի:

Առաջին ժամին գալիս է ընկեր Հովհաննիսյանը և սկսում ենք հանրահաշվի դասը.

-Երեխաներ, այսօրվա մեր թեման է` «Սինուս, կոսինուս, տանգես, կոտանգես»:

Տեսնում է մեր բոլորի թթված դեմքերը, բայց մեծ սիրով շարունակում է բացատրել դասը: Արդեն երկար դասամիջոցն էր, իսկ դասարանը մի քիչ ցրտել էր, որովհետև փայտը անվերջ չէր, ու այստեղ սկսվում է մեր կռիվը, թե ով պետք է իջնի արհեստանոց և Լևիկ պապիկից փայտ խնդրի: Հիմնականում դրանով զբաղվում են տղաները, բայց երբ նրանք դեռ զանգի ձայնը չլսած դուրս են վազում դասարանից, ստիպված մենք՝ աղջիկներով, պետք է հետևենք վառարանին: Իջնում ենք արհեստանոց.

-Լևիկ պապի, փայտ կտա՞ս:

-Վայ, ոնց չեմ տա, եկեք-եկեք: Ինչքան պետք ա` տարեք, բայց նայեք, հա, էլ մյուս դասամիջոցներին չգաք:

-Ապրես, Լևիկ պապի, հաստատ չենք գա:

Վերցնում ենք փայտը, վազում դասարան և փայտը դնում եմ վառարանի մեջ.

-Ալբինա, փայտը տենց չեն դնում,- հուշում են դասընկերներս:

-Թեք դիր, որ լավ վառվի,-ասում է Ադելիկը:

Ես գնում եմ մի կողմ, նրանք վառում են վառարանը, և հնչում է զանգը: Մենք անցնում ենք դասին:

Աշխարհի ամենալավ դպրոցը իմ դպրոցն է, Գոհար տատիկով, Լևիկ պապիկով և իմ սիրելի ուսուցիչներով:

Միայն թե կգա՞ մի օր, որ վառարանների փոխարեն մենք էլ ունենանք ջեռուցման համակարգ:

nina arsutamyan portret

Գորայք գյուղի ամենամեծ երազանքը

 

Լուսանկարը՝ Նինա Առուստամյանի

Լուսանկարը՝ Նինա Առուստամյանի

Այսօրվա պես հիշում եմ. 2014 թվականի ապրիլն էր, ամսի 10-ը:  Ամբողջ գիշեր անձրև էր եկել: Դե, ես էլ չէի կարող այդքան ուժեղ անձրևի ձայնի տակ քնել: Լուսադեմին միայն կտրվեց, և ես կարողացա քնել: 

-Նի՜նա, արթնացիր, հետդ կիջեցնես նաև ռեզինե սապոգներդ,- գոռաց մայրս:

-Վա՜յ, մամ, էլի, էլի ռեզինե սապոգներ:

Դե, ես գիտեի չէ՞, ինչ էր ասելու մայրս, քանի որ ամբողջ գիշեր հորդառատ անձրև էր եկել: Ես վերցրեցի իմ, եղբորս և քրոջս այդ անտանելի ռետինե «սապոգները»: Բայց անքան ցավոտ էր այդ վայրկյանները, քանի որ պետք է հագնել, գնալ դպրոց, կանգնել հերթի, որպեսզի մնացած երեխաներն էլ լվանան իրենց ցեխոտ «սապոգները»: Հետո պետք է մի ժամ ձեռքերս  շփեմ իրար, քանի որ երկար ժամանակ մնալով սառը ջրի տակ կապտում են, և պետք է հետո տաքացնել, որ կարողանաս գրիչ բռնել:

Խորը շունչ քաշեցի և սկսեցի մայրիկիս հետ խոսել.

-Է՜հ , մամա, ընենց կցանկանայի, որ մի օր արթնանամ, նայեմ պատուհանից և տեսնեմ, որ կարող եմ  դասի գնալ առանց այդ ռեզինե սապոգների:

-Նինա ջան, ո՞վ չի ցանկանա,-մայրս խորը հոգոց հանեց, հետո նայեց դուրս և շարունակեց,-վերցրե՞լ ես քո մյուս կոշիկները, որ դպրոցում փոխես:

Քմծիծաղ տալով պատասխանեցի.

-Բա առանց դրանց:

Ես հագնվեցի, վերցրեցի կոշիկներս և գնացի այդ երկար ու ցեխոտ ճանապարհով դեպի դպրոց:

Դե, ինչպես  կասեն մեր համագյուղացիները, ես մինչև վիզս ցեխ էի: Գնացի աղբյուրի մոտ, որպեսզի լվանամ «սապոգները», սակայն այնքան շատ էին երեխաները, որ նույնիսկ «ասեղ գցելու» տեղ չկար: Դե, ես սպասեցի: Սպասեցի այնքան, որքան պետք էր: Դրանից հետո 15 րոպե և գուցե ավելի,  լվացի: Մաքրեցի շատ մաքուր: Սակայն դրանից հետո աղբյուրից մի փոքր վերև ձյուն կար, դեռ չէր հալվել, ոտքերս քսեցի ձյան վրա, որպեսզի ավելի մաքուր լինի, քանի որ եթե  այդպես մտնեմ դպրոց, հաստատ մեր  դպրոցի հատակը կեղտոտվեր, իսկ ես չեմ սիրում, որ դպրոցը կեղտոտվում է:

15 րոպե սառը ջրի մեջ մնալուց հետո  ինչքան  ձեռքերս շփում էի իրար,  մեկ է, չէր տաքանում: Թեև ձեռքերս տաք ձեռնոցի մեջ էին, ամբողջ օրը չտաքացան:

Եկավ տուն գնալու ժամանակը: Ես հասա տուն, դե, կրկին մեր բակի աղբյուրի մոտ էլ լվացի իմ անտանելի ցեխոտ «ռեզինե սապոգները»: Լացակումած մտա տուն, պայուսակս դրեցի բազմոցի վրա, նստեցի: Տանը միայն ես և մայրիկս էինք: Մայսր զգաց, որ աչքերս լցրել էի:

-Նինա, ի՞նչ է պատահել:

-Այ մամա, էլ չեմ կարում: Ձեռքերս սառում ա, չեմ կարողանում տաքացնել: Տնից գնում եմ դպրոց, եսիմ ինչքան մնում եմ դուրսը, սառը ջրով լվանում եմ, դրանից հետո էլ չի տաքանում: Ես էլ եմ ուզում հարթ ճանապարհներ, որ էլ ռեզինե սապոգներով դպրոց չգնամ:

-Հավատա, մի օր կլինի:

Լռեցի: Բարձրացա  իմ սենյակ, նայեցի պատուհանից դուրս և մտածեցի` տեսնես  իսկապե՞ս կլինի մի օր, որ  ես դուրս գամ փողոց, հագս չլինեն «ռեզինե սապոգներ», իսկ ձեռքումս էլ  մի տոպրակ՝ մեջը կոշիկ:

Անցել է արդեն երկու տարի, բայց մեր գյուղի բոլոր մարդիկ թե աշխատանքի, թե դպրոց  կարողանում են գնալ միայն «ռեզինե սապոգներով»:

Երազանքս է, որ Գորայք գյուղի գոնե մյուս սերունդները դասի գնան հարթ և ասֆալտապատ ճանապարհով:

Երազանք…  Որ  հույս ունեմ մի օր կիրականանա: Ես անհամբեր կսպասեմ: