Արդեն մի քանի րոպե էր, ինչ մենք ավտոմեքենայով իջնում էինք քարքարոտ ճանապարհով: Այդ ավտոմեքենայում մեր նկարահանող խումբն էր՝ Կարենիսի ճանապարհին: Մեր կողքով անցնող ավտոմեքենայի վարորդին հարցրինք գյուղի եկեղեցու մասին, բայց նա չգիտեր, թե որտեղ է այն գտնվում: Հետո գյուղացիներին հարցուփորձ անելով տեղեկացանք, որ Կարենիսում երկու եկեղեցի կա: Մեր ֆիլմը պետք է լիներ այդ եկեղեցիներից մեկի` Սբ.Մատթեոս և Թադեոս եկեղեցու մասին, որը ավելի հին էր և գտնվում էր ձորում: Եկեղեցին կառուցվել էր V դարում և վերջերս ձևափոխվել էր գյուղացիների կողմից: 
Ճանապարհին հանդիպող բոլոր մարդկանց հարցնում էինք, թե որտեղ է եկեղեցին: Վերջապես տեղ հասանք: Ճանապարհին մի տատիկ էր նստած:Մենք պատրաստեցինք ֆոտոապարատները, տեսախցիկները: Իսկ մինչ մեր ղեկավարը մեզ բացատրում էր, թե ինչպես նկարենք, մեր թիմից մեկը մոտեցավ այդ տատիկին և հարցուփորձ արեց: Պարզվեց, որ այդ տատիկի տունը գտնվում է եկեղեցու կողքին: Նա այդ պահին հաց էր թխում, իսկ մենք, սպասելով մինչև նա վերջացնի իր գործը և գա, եկեղեցին էինք նկարում: Մինչ տատիկը կգար, նրան փոխարինում էր թոռնիկը՝ Էմման: Էմմայի հետ մտանք եկեղեցի: Նա պատմեց, որ եկեղեցին կիսաքանդ է եղել, քարերը թափվել են, բայց մի ամերիկացի երազ է տեսել, որ պետք է վերանորոգի այդ եկեղեցին և սկսել է աշխատանքները: Կիսատ թողնելով վերանորոգումը՝ գնացել է, իսկ աշխատանքը շարունակել է իրենց գյուղի գյուղապետը:
-Բայց պատերը սխալ են սարքած, պետք չէր ցեմենտով շաղախել և մետաղյա ամրաձողեր օգտագործել,- պատմում էր ճարտարապետ Էմման:
Նա շատ մանրամասներ պատմեց, ասաց, որ եկեղեցի շատ մարդիկ են գալիս, իսկ իր տատիկը մոմ է վաճառում: Մեր նկարելու ընթացքում էլ մարդիկ եկան, մոմ վառեցին: Շուտով եկավ նաև 80-ամյա Արմիկ տատիկը:
Արմիկ տատիկը պատմեց, որ այդ եկեղեցին շատ է սիրում: Իսկ Էմման ասել էր, որ Արմիկ տատիկն է եկեղեցու պահապանը. ինչպես կարողանում է, խնամում է եկեղեցին, մաքրում է, ամեն կիրակի գալիս աղոթում, խունկ ծխում: Շատ աստվածավախ է:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյան
-Հա, աստվածավախ եմ, բա ինչ եմ,- հաստատեց Արմիկ տատիկը,- գալիս եմ, աղոթում եմ, էս օրերին աղոթում եմ խաղաղության համար, որ երկրում խաղաղություն լինի:
Տատիկն ասում էր, որ իր աղոթքները տեղ են հասնում: Երբ իրեն վատ է զգում, գալիս նստում է եկեղեցու ներսում, աղոթում է, և ամեն ինչ իր տեղն է ընկնում:
-Երկու թոռս էլ գնացել էին բանակ,- պատմում է Արմիկ տատիկը,- ամեն օր աղոթում էի, և նրանք անվնաս վերադարձան:
Եկեղեցին կրում էր Մատթեոս առաքյալի անունը, սակայն ժողովուրդը եկեղեցին անվանում էր Թադեոս առաքյալի անունով: Արմիկ տատիկն ասում էր, որ ցուցանակի վրա եկեղեցու անունը սխալ է գրված:
Երիտասարդ ժամանակ էլ է Արմիկ տատիկը հավատացել Աստծուն և գնացել եկեղեցի:
-Էն ժամանակ քաղաքի աղջիկ էի, Սուրբ Սարգիսին էի հավատում:
Տատիկն ուներ նաև մի թուղթ, որի վրա գրել էր իր աղոթքները, որովհետև անգիր չէր հիշում:
Մենք եկեղեցում մոմ վառեցինք և գնացինք Արմիկ տատիկենց այգի, որտեղ 300 տարեկան կաղնի տեսանք: Տատիկը մեզ հյուրասիրեց իր նոր թխած հացը:
-Հացից փորձեք, էրեխեք ջան, էսօր չհասցրի ճաշ եփեմ:
Հացը համտեսելուց և մի քիչ զրուցելուց հետո մենք շնորհակալություն հայտնեցինք և ճանապարհ ընկանք` արդեն ընթրիքից ուշացած:









Դասընթացը վերաբերում էր օպերատրությանը և ֆիլմեր ու տեսանյութեր նկարելուն: Սկզբում ծանոթացանք տեսախցիկի հետ: Հետո բացահայտեցինք որակյալ տեսագրություններ անելու գաղտնիքները: Օրինակ՝ դուք գիտե՞ք, որ տեսանյութի մեկ վայրկյանը հիմնականում ներառում է քսանհինգից-քսանվեց ֆոտո: Կամ, որ որակյալ վիդեո ստանալու համար պետք է օբյեկտը «նշանառության» տակ պահել ամենաքիչը տասը վայրկյան: Չմտածեք, թե մենք խոսում էինք միայն օպերատրության մասին, չէ որ թե՛ ֆոտոն, թե՛ տեսանյութերը և թե՛ լրագրությունը սերտ կապված են միմյանց: Երբեմն պարոն Դավիթն օգտագործում էր աշխատանքային տերմիններ: Երեխաներից ոմանք հասկանում էին, ոմանք նայում իրար երեսի ու թոթվում ուսերը: Սակայն մեր ոչ մի շարժում չէր վրիպում տիկին Ռուզանի աչքից: Նա ընդհատում էր դասն ու ասում.
Դասընթացը նման չէր սովորական, դպրոցներում անցկացվող դասերին, քանի որ բոլորը միջամտում էին, բերում էին իրենց օրինակները, զուգահեռներ էին անցկացվում ֆոտոյի և վիդեոյի միջև: Մասնագետներից յուրաքանչյուրը իր իսկ օրինակով փորձում էր ավելի հասանելի դաձնել մեր ստացած տեղեկությունները: Վերջում մեր գիտելիքները ամրապնդեցինք փորձով: Երեխաներից մի քանիսը պարոն Դավիթի օգնությամբ նկարահանեցին մեր բանավեճերն ու քննարկումները: Երեխաներն ասում են, որ սկզբում պարոն Դավիթն անընդհատ ուղղումներ էր անում, իսկ վերջում ասաց, որ համեմատաբար լավ է ստացվում: Գրեթե անցանք ևս մեկ փուլ, որն ավելացրեց մեր հետաքրքրությունները ֆիլմերի ու դրանց նկարահնման ընթացքի նկատմամբ:
Ուռա՜, լույսը բացվեց, զարթուցիչը զնգաց և գրեթե բոլորս գնացինք մարզասրահ: Գնացինք և օգտվեցինք մարզասրահի բոլոր բարիքներից: Բնականաբար, գտնվեցին մի քանիսը, որ ավելի շուտ գնացին մարզասրահ և հասցրին մարզվելու հետ մեկտեղ նաև կատակել ու զվարճանալ: Այնուհետև առօրյա գործեր մինչ նախաճաշը՝ լվացվել, հագնվել, նաև սիրունանալ: Եկավ նախաճաշի ժամը: Բոլորս 17.am-ի շապիկները հագած գնացինք ուտելու, ինչպես միշտ սկսեցինք զրուցել մյուս մասնակիցների հետ, կատակներ անել: Շատերը ուտում են այն, ինչ սիրում են, իսկ ոմանք էլ՝ կալորիաներն են հաշվում: Նստում ենք մեծ ու փոքր սեղանների շուրջը, փնտրում մարդկանց, ովքեր կնստեն մեր սեղանի մոտ՝ ազատ աթոռներին, բայց խումբը մեծանում է և շուտով սկսում ենք աթոռներ ավելացնել: Իսկ ճաշարանի մեծ հայելու մոտով անցնելիս միշտ նկարվում ենք կամ ծուռ մազերը ուղղում:
Նախաճաշից հետո գնացինք սենյակ, զանգեցինք տնեցիներին, մի քանի բառ ասացինք և իջանք քննարկումների սենյակ, որտեղ սկսվեց բազմաբովանդակ վարպետության դաս Սլավոնական համալսարանի դասախոս և RAU-TV-ի օպերատոր Դավիթ Թորոսյանի հետ: Բավականին ինֆորմացիա ստացանք. թե ինչպես նկարահանել ֆիլմ, օգտվել եռոտանուց և տեսախցիկից: Այնուհետև դասախոսություն, թե ինչպես նյութի թեմա ընտրել, ինչպես զարգացնել գաղափարները:
-Տիկին Ռուզան, գնացինք մի պապիկի տուն, մի երեխա ասեց, որ տանը չի, մեկ ուրիշը՝ թե գնացել է ուրիշ երկիր, մյուսն էլ ասաց, որ ուրիշ աշխարհում ա:




