Ազատ տարածք խորագրի արխիվներ

seda mkhitaryan

«Նոր Վանաձոր» ուսանողական նախաձեռնություն

«Նոր Վանաձորը» Վանաձորի պետական համալսարանի մի խումբ ուսանողների նախաձեռնությունն է։ Ուսանողական խումբը ստեղծվել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Նախաձեռնության անդամ, ուսանողուհի Լուսէ Բաբախանյանի խոսքով խմբի գլխավոր նպատակը քաղաքում առկա խնդիրների բացահայտումն է։ Նույնանուն ֆեյսբուքյան էջում խմբի անդամները պատմում են այն խնդիրների մասին, որոնք հանդիպում են իրենց ճանապարհին։ Լուսանկարներ, տեսանյութեր, սրանք այն գլխավոր միջոցներն են, որոնցով ուսանողները արձագանքում են խնդիրներին։ «Նոր Վանաձոր» նախաձեռնության անդամները սակայն չեն սահմանափակվում միայն խնդիրների բարձրաձայնմամբ, այլ նաև փորձում են աջակցել դրանց լուծմանը։ «Մենք պահում ենք կապը երիտասարդության և քաղաքապետարանի միջև։ Մենք հրավիրում ենք համայնքապետարանի ուշադրությունը մեր քաղաքի խնդիրների վրա»։ Երիտասարդները հաճախ անձամբ մոտենում են համայնքապետարանի աշխատակիցներին, խոսում, պատմում խնդրի մասին։ Լուսէն ասում է, որ իրենց բազմաթիվ նկարներից և հորդորներից հետո աղբահանությունը ավելի լավ է սկսել իրականացվել։ Բացի խնդրի մասին խոսելը` խումբը նաև իրականացնում է սեփական ակցիաները։ Նրանք կազմակերպում են շաբաթօրյակներ։ Խմբի գլխավոր նպատակներից մեկը քաղաքի գետերի հուների մաքրումն է։ «Տանձուտ գետի երկայնքով տեղադրված աղբամանները բաց են և քամին ու կենդանիները աղբը տարածում են, լցնում գետի մեջ, արդյունքում ունենում ենք աղտոտված գետ»։ Խմբի անդամները նախատեսում են ամռան ընթացքում մաքրել գետի շրջակայքը։

«Նոր Վանաձորի» ուղղվածությունը միայն բնապահպանական չէ։ Նրանց ջանքերով ցանկապատվել է Դիմաց թաղամասի գրադարանը։ «Գրադարանը օպտիմալացվել էր, և տարածքը անբարեկարգ էր, մարդիկ գողանում էին գրքերը»։

Այսպիսով նախաձեռնությունը շարունակելու է իր աշխատանքը` նպաստելով ավելի մաքուր, բարեկարգ ու նոր Վանաձոր ունենալուն։

seda mkhitaryan

Զրույցներ Լուսնի հետ

Ուզում եմ այսօր քեզ պատմել մարդկանց մասին։ Մեր մոլորակում լիքը մարդ կա։ Շատ, չես էլ պատկերացնի՝ ինչքան։ Նրանք ամեն անգամ քեզ նայում են ներքևից, բայց բոլորը չէ, որ նայում են։ Մի մասի համար դու ուղղակի կետ ես երկնքում։ Լավ, տես այն աղջկան՝ երկար մազերով։ Նա այն տեսակի մարդկանցից է, որոնք եթե տեսնեն, որ ինչ-որ բան ընկավ գետնին, անմիջապես կմոտենան ու կվերցնեն։

Իսկ նա, տես, հենց այդ «նրբանկատի» կողքին։ Կարճ մազերով է ու առանց շպարի, նա այն տեսակից է, որ միշտ նկատում է ընկածը, մտածում, որ կարելի է վերցնել, բայց, այնուամենայնիվ, ալարում է։

Հենց երթուղայինում մեր դիմաց նստածին տեսնո՞ւմ ես։ Նա էլ այն տեսակի աղջիկներից էր, որոնց եղունգները միշտ կարճ կտրված են ու չներկված։ Նրանցից, որոնք միշտ շտապում են և ուշանում սովորաբար։ Այն տեսակներից, որոնք միշտ մեծ, իրենցից մեծ ուսապարկով են, որը լցված է ինչով ասես՝ պիտանի ու անպետք, ինչով ասես։ Նրանցից, որոնք միշտ ունեն տափակ կոշիկներ, անհասկանալի մազեր։ Նրանք զբաղվում են որևէ կարևոր գործով, մի բանով, որը օգուտ է բերում շատերին։ Այս աղջկան ամեն օր էլ տեսնում եմ։ Իսկ այնտեղ՝ անկյունում նստածին տեսնո՞ւմ ես։ Նայիր՝ ինչպիսի աչքեր ունի։ Նա այն տեսակի մարդկանցից է, որ լուռ նստում են անկյունում, դիտում բոլորին, ամեն ինչ։ Ու նրանք գիտեն ամեն ինչի մասին՝ ում հագին ինչ կա, ով ինչպես է քայլում, ով քանի անգամ նայեց իրեն ու ինչպես։ Այո, նրա նմանները քիչ են, բայց, այնուամենայնիվ, կան։ Իսկ այս կինը, ի՞նչ կասես նրա մասին։ Դե հա, արտաքինը, իհարկե, սովորական է, տեսակն էլ, իմիջիայլոց, շատ սովորական է ու տարածված։

Նա այն տեսակի կանանցից է, որոնք անմիջապես ձգում են հոնքերը, երբ ամուսինը ձեռքը տանում է գրպանը կամ փորձում լավություն անել բարեկամներից որևէ մեկին։ Հա, նրանց ընտանիքում միշտ էլ էդպիսի վեճեր լինում են։

Այն տղային տեսնո՞ւմ ես։ Դասի է շտապում։ Նա սաստիկ այսօրվա տեսակ է։ Խոսում է՝ գիտի, թե չէ, ասում է, կարևորը՝ ձայնը լսվի։ Կապ չկա նախադասությունների մեջ, բառերի։ Այսօր իրոք կա պահանջը նրա նմանների։ Մարդկանց մեծամասնությունը սիրում է այս տեսակին։ Սիրում է ու մեծարում։ Նրա հետ փորձում են ընկերանալ, նրա կողքին շատ երևալ։ Բայց եթե խորանում են, հասկանում են, որ դատարկ էր, իսկ դատարկությունը երբեք բառերով չի լցվում։

Իսկ այս աղջիկը։ Տե՛ս, այնտեղ, մի քիչ թմբլիկ։ Անցնում է փողոցը, նայի՛ր։ Նրան ճանաչում եմ։ Գիտես ինչպիսին է. նա միշտ աղմկում է քայլելիս, խոսելիս, ամեն ինչ անելիս աղմկում է։ Հարց է տալիս, ու սեփական աղմուկից հարցը չի լսվում։ Նրա ներկայությամբ լռություն լինել չի կարող։ Ու նրա մեջ լավ բան գտնել կարելի է միայն սրտում։ Չհղկված է, բայց բարի սիրտ ունի։ Առհասարակ, սրտի որակը երբեք արտաքինից չես հասկանում։

Այն երեխա՞ն։ Հա իրոք, մեղք է, պայուսակը իրենից մեծ է։ Բայց դու մորը նայիր։ Նա այն մայրիկներից է, որոնք փորձում են իրենց երեխային հետ չպահել ոչնչից։ Որոնք «երեխաս գնում է պարի» ասելու փոխարեն ասում են՝ մենք գնում ենք պարի, և իրոք, նա միշտ երեխայի հետ է։ Նա առավոտյան միշտ ջրով լի շիշը մտցնում է երեխայի պայուսակի կողքի գրպանը՝ էլ ավելի ծանրացնելով այդ պայուսակը։ Տես այս մարդուն, որ նստեց մեքենան, նա էլ գիտե՞ս ինչպիսին է… Հեյ, ո՞ւր ես գնում, բայց ես դեռ չէի ավարտել…

anna  andreasyan

Մեր բակի հերոսները

Ամառը: Այն տարվա չորս եղանակներից մեկն է: Բայց միայն այսքա՞նը: Իհարկե ոչ: Ամառը մի ամբողջ երևույթ է, որի մասին մտածելիս ոչ միայն պատկերացնում ես տարվա ինչ-որ ժամանակահատված, այլ գործողությունների մի ամբողջ շարան: Բնականաբար, ամեն մեկիս համար ամռան կերպարանքը տարբեր է: Ոմանց համար ամառը ասոցացվում է հանգստանալու գնալու հետ, ոմանց համար (հիմնականում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվողների)՝ աշխատանքի եռուն շրջանի, մյուսների համար՝ տանը նստելու ու ոչինչ չանելու ժամանակաշրջանն է, մի ժիր ու աշխույժ խմբի համար էլ բակային խաղերի երանելի երեք ամիսներն են:

Հասկանալի է, որ այս վերջին խմբի ներկայացուցիչները երեխաներն են: Միանգամից առաջ անցնեմ ու ասեմ, որ մեր փողոցի երեխաները դեռ հին ու բարի ժամանակների ձևով են խաղում՝ օրվա մեծ մասը դրսում են: Հաճելի է ուղղակի նստել բակում ու հետևել նրանց խաղին: Երեխաների խաղը՝ մեկ-մեկ ընդմիջող կռիվներով, կենդանություն է հաղորդում այլ ժամանակ հանգիստ ու անաղմուկ շրջապատին: Երևի հենց այդ աղմուկն է մեծերին տներից դուրս հանում՝ հարևանների հետ զրուցելու: Երեխաները իրենց համար վազվզում ու խաղում են, մեծերը (այս դեպքում՝ կանայք) աշխարհում գոյութուն ունեցող և նույնիսկ դեռևս չբացահայտված թեմաներն են մեկ առ մեկ քննարկում: Այս ամենի էպիկենտրոնը հենց մեր տան դիմաց է: Հետևաբար, ես էլ դրա մի մասն եմ կազմում: Բայց ես սովորաբար այդ երկու մեծ խմբերից ոչ մեկին էլ չեմ պատկանում, այլ մի երրորդ խմբի անդամ եմ, որի միակ ներկայացուցիչը ես եմ այդտեղ: Ինձ համար մի առանձին տեղ նստում եմ ու սկսում եմ դիտել շուրջս կատարվող երևույթները: Այսօր էլ, ինչպես տեսնում ես, սիրելի՛ ընթերցող, քեզ հրավիրել եմ, որ իմ երրորդ խմբում մենակ չլինեմ, այլ միասին դիտենք, տեսնենք՝ ինչ է կատարվում:

Մեր բակի դիմաց՝ ավազի կույտի հենց կողքը, քարերով ու փայտով հարմարեցված տեղում են հավաքվում մեծերը: Նայիր այն երկու տատիկներին, որ փայտերը իրենց կողքին հենած՝ նստել զրուցում են, նրանցից մեկը իմ տատիկն է, մյուսը՝ մեր հարևանը: Երկու եղբայրների կանայք են: Իրար դեռ մանկությունից են ճանաչում, մի գյուղում են մեծացել: Այնպես որ, բացի ներկայի անցուդարձը քննարկելուց, շատ հիշելու բան ունեն ու կարող են անվերջ զրուցել՝ առանց խոսելու նյութի սղության: Մի քիչ հետո նրանց կմիանան ավելի երիտասարդները, ու խոսակցությունը նոր հուն կստանա:

Իսկ ավազի կույտի վրա նստած տղաները Էդմոնն ու Առնակն են, մորաքրոջ տղաներ են, երկուսն էլ 6 տարեկան են, իրենց համար ինչ-որ բան են կառուցում, հետո՝ քանդում: Մի քիչ էլ որ սպասես, կտեսնես, թե ինչպես են հանկարծ անհամաձայնության գալիս ու կռվում: Բայց լուրջ մի ընդունիր, երկու րոպե հետո նորից կհաշտվեն ու կշարունակեն իրենց շինարարական աշխատանքները:

Ավազից մի քիչ այն կողմ տեսնո՞ւմ ես այն երկու աղջիկներին: Լիլիթն ու Նարեն են, շուտով երկուսի 8 տարեկանն էլ կլրանա: Լիլիթը Էդմոնի քույրն է, Նարեն՝ Առնակի: Հիմա կմտածես՝ մեր փողոցում բոլորը իրար բարեկամ են: Այդպես է, որ կա: Լավ, շարունակենք դիտել, թե այդ երկուսը ինչով են զբաղված: Նորից ճամբար են պլանավորում՝ նման այն տասնյակ ճամբարներին, որ պլանավորվել էին մինչև այդ, բայց այդպես էլ չեն իրագործվել: Մի տեսակ իմ մանկությունը հիշեցի, մեր ճամբարներն էլ երբեք իրականություն չէին դառնում: Երևի մանկական ճամբարի էությունը հենց այն է, որ այն միայն պլանավորելով է սահմանափակվում:

Իրենց բակից հենց նոր դարպասից զգուշությամբ բռնվելով դուրս եկավ Իսահակը: Նա Լիլիթի ու Էդմոնի կրտսեր եղբայրն է: Մեկ տարեկան ու մի քանի ամսեկան է: Հիմա կսկսի խառնվել բոլորի գործերին: Հետաքրքիր է, չէ՞, ինքը մյուս երեխաներին հանգիստ չի տալիս ու փորձում է նրանց հետ խաղալ, ես էլ՝ իրեն: Իսահակը, կարելի է ասել, ինչ-որ չափով պատկանում է իմ երրորդ խմբին: Նրա հետ սկսում ենք զբոսնել ու միասին ուսումնասիրել, թե ով ինչով է զբաղված: Դե, մեկ-մեկ էլ միջամտում ենք, մենակ դիտելով հո՞ չէ:

Տես է, արդեն ուշ է, բոլորը գնացին տուն: Բայց մի անհանգստացիր, այս մի օրով չվերջացավ, դու դեռ էլի շատ առիթներ կունենաս կարդալու մեր բակի բնակիչների ու նրանց անցուդարձի մասին:

Երևակայության, էմպիրիզմի ու հաց ուտելու մասին

Հա, ասեմ, որ վերջում հաղթեց «սև կողմը»․ սոված մնացի:

Գիշերվա երեք, հեռախոս, Ցոյ ու չքնելու տրամադրություն: Եթե միջին վիճակագրական դեռահաս/պատանի/երիտասարդ ես, այսինքն՝ մարդկության կեսը, ուրեմն հաստատ քնում ես 3-ից հետո, զարթնում «ինչքան ուշ լինի, էնքան թույն» տրամադրությամբ: Ու հեչ հարց չեք տվել` օրինակ` ինչի՞, երբ ուզում եմ քնել, ուղեղս ինչքան ուժ ունի միացնում է երևակայությունը, մի քիչ էմոցիա ու կրեատիվություն խառնում, ու գնաց` ժամերով մտածել, մտածել ամեն ինչի մասին, շատ հաճախ աբսուրդի հասնող բաների մասին:

Միշտ գիշերով ցանկացած բան, երևույթ ու վերջապես` մարդ արարած (շատ վատ ա հնչում, բայց չմոռանանք` գիշերվա 3-ն ա, ուղեղս երևակայելով ա զբաղված) մի այլ կարգի ուրիշ են, խորհրդավոր: Սրա պատճառը ես այսպես եմ բացատրում. գիշերով քեզ տեսանելին/հասանելին շատ քիչ է: Միշտ փորձում ես մտնել մութ սենյակ ու միանգամից լուսավորել, եթե հնարավոր չէ, լարում ես տեսողությունդ… Մեր դեպքում լուսավորողը երևակայությունն է, որը ընկնում է անհասանելիի հետևից, ստեղծում սեփականը, խտացնում գույները: Նույնիսկ իրար վրա շպրտած շորերս են մթության մեջ արվեստի գործ հիշեցնում` մեկ արջ է, մեկ՝ նստած մարդ, բայց չէ, ոնց որ…

Երևակայությունը ստեղծում է մեր ցանկալին, հետո հակառակը՝ պայքարում ենք տհաճի դեմ…

Գիտե՞ք՝ դրա վատ կողմը որն է, եթե այո, բաց ենք թողնում այս պարբերությունը: Եթե շարունակում ես կարդալ, էլ չեմ երկարացնում, ասեմ. ես որոշ չափով դասական էմպիրիզմի (գիտելիքը գալիս է փորձից) «հետևորդ» եմ: Երբ մենք նոր բանի ենք հանդիպում, մեր ուղեղը, երևակայությունը միանգամից դրան արձագանքում են նախկինում ձեռք բերած փորձից ելնելով: Այսինքն ալգորիթմի նման, էլի: Բայց կյանքը ծրագրված չէ, անընդհատ նոր փոփոխականներ են առաջանում, իսկ մեր ուղեղը շարունակում է ենթադրություններ անել նախկինի վրա հիմնվելով: Շատ դեպքերում հենց դա էլ մեզ ստիպում է նորը չսկսել, չփորձել ու սխալ կարծիք կազմել…

Ուղեղս արդեն հոգնեց լուրջ բաների մասին մտածելուց, արդեն անսահմանության ժամանակն է, բայց մինչ դա հաց ուտել, թե չուտելու մասին էպիկ պայքար կա…

razmikGasparyan

Միասնական քննություններ

Դե ինչ, ավարտվեցին նաև միասնական քննությունները: Երևի թե այս շրջանը կյանքիդ կարևոր իրադարձությունների մեջ առաջիններից է: Ըստ իս՝ ամենաբարդ, դժվար ու սթրեսային փուլերից մեկն է սա: Մենակ դիմորդները կհասկանան մեկը մյուսին, որովհետև ապրումները, որ ունենում ենք, հնարավոր չէ պատկերացնել, եթե այդ ամենի միջով չես անցնում:

Քանի որ արդեն փորձ ունեմ, փորձեմ կիսվել փորձովս ու ինչ-որ կերպ օգնել մյուսներին։ Չեմ ուզում խոսել էն մասին, թե ինչու միջազգայնագետը ու պատմաբանը նույն մակարդակի պատմության քննություն պիտի տան, թե ինչու պիտի դիմորդին հենց առաջին առաջադրանքից «կոտրեն» և այլն:

Երբ սկսում էի պարապել քննությունների համար, մի չափանիշ էի ընտրել՝ 20: Ըստ իս՝ դա ամենակարևորներից մեկն է: Միշտ ասում էի՝ եթե մարդը կարող է ամենաբարձրին ձգտել, ինչո՞ւ ցածրի համար պատրաստվի: Էստեղ բայց կա՝ կարևոր կետ: Ձգտիր ամենաբարձրին՝ սպասելով նաև ցածրը։ Երևի վերջինին էդքան էլ ուշադրություն չէի դարձրել, բայց էդքան էլ ծանր չտարա ակնկալվածից մի քիչ ցածր ստանալս: Բոլորն ասում են, որ համալսարանում նույնիսկ ուշադրություն չեն էլ դարձնում քննությանը ստացած գնահատականներին, ու դու էլ շատ չանցած՝ մոռանում ես դրա մասին։ Կապրենք, կտեսնենք:

Պարապելու ընթացքում լինելու են շատ ու շատ հիասթափությունների, սեփական ուժերին չհավատալու, անկարող զգալու պահեր, բայց բոլորն էլ անցողիկ են, կարևորը կենտրոնանալը ու լավ պատրաստվելն է:

Ամենակարևոր 2-րդ կետը երևի չլարվելն է: Գիտեմ՝ անհնարին բան եմ ասում, բայց լարվելը քննության ժամանակ գլխավոր թշնամիդ է (վերջիվերջո, սեփական փորձից եմ ասում): Դժվար է, երբ 1-2 տարի պարապում ես ու պիտի պարապածդ օգտագործելով՝ ցույց տաս, թե ինչի ու ինչքանի ես պատրաստվել: Շատերի վախերից մեկն էլ հենց այն է, թե ուրիշները կմտածեն, թե էդքան պարապելով ցածր է ստացել: Ուրիշնե՞րն են քննություն տալիս, ուրիշնե՞րն են ունենում այն ապրումները, որոնց միջով անցնում ես… Չէ: Իսկ եթե չէ, ուրեմն կարելի է նույնիսկ թքած ունենալ ուրիշների չարախոսությունների վրա: Թքած ունենալ ասացի, հիշեցի: Թքած ունեցեք նաև քննասենյակում գտնվող էն մարդկանց հայացքների վրա, ովքեր շրջելով, դիմորդների «գլխին կանգնելով», «մուննաթ սփռելով», նկատողություններ արձանագրելով շրջում են: Մտածեք՝ նրանք գոյություն չունեն, կտրվեք ամեն ինչից, կենտրոնացեք թեստի վրա, հանգիստ գրեք: Ինչպես ուսուցչուհիս էր ասում՝ նայեք ձեր շուրջը, պատկերացրեք՝ ձեր սիրած երաժշտությունը ձեր ականջներում է, ու մի լարվեք: Ի դեպ, օգնեց: Նստած պատկերացնում էի, որ շարքերով երգում են Bohemian rhapsody-ն:

Վերջիվերջո, ամեն ինչից զատ, անկախ գնահատակններից, հիասթափությունից, ուրախությունից, սթրեսից, էլի ուրախությունից՝ ինձ համար ամենակարևորը էն մարդիկ էին, որոնց հանդիպեցի էս շրջանում, որոնք հավատում էին ուժերիս ու իմ փոքր հաջողությունների համար ինձնից ավելի շատ էին ուրախանում: Առանձնապես ուզում եմ նշել պատմությանս խմբի «7 հրաշալիքներին», որոնցից մի քանիսը դարձան ամբողջ կյանքի ընկերներ:

Միշտ ու ամենուր՝ թեկուզ և վատ բաներից, քաղեք օգտակարը ու հաճելին ու հենց դրանք էլ դարձրեք ձերը:

 

BarCampEVN19

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

- BarCamp-ը Հայաստանում Tech and Media ամենասպասված միջոցառումներից մեկն է, և ես ՝  որպես տեխնոլոգիական բուհի ուսանող և այդ ոլորտի ապագա ներկայացուցիչ, կարծում եմ, որ սա լավ առիթ է հաստատել նոր ծանոթություններ, ձեռք բերել գաղափարակից ընկերներ, լսել հետաքրքիր speech-եր ու մասնակցել ինֆորմատիվ workshop-երի։ Բացի այդ, սա լավ կամավորական աշխատանքի փորձ կլինի և հնարավորություն՝  թույն միջոցառման մի մասը դառնալ․․․

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Մի քանի շաբաթ առաջ ա՜յ, այս տեքստով դիմեցի BarCampEVN19-ի կամավորական թիմում ընդգրկվելու համար։ Եվ հիմա՛, ես այստեղ եմ, որպեսզի լուծեմ Big Hall-ում ունեցած ձեր բոլոր խնդիրները, ուղղորդեմ՝ եթե հանկարծ մոլորվեք տարածքում, և վերջապես վայելեմ Հայաստանի ամենաթույն իրադարձության մի մասնիկը լինելս։ Հիմա իմ առաքելությունն եմ համարում այնպես անել, որ այս օրը բաց թողած բոլոր ընթերցողներս գոնե մի քիչ ափսոսան։ Կարճ ասած, հիմա այստեղ «թույն» բառի գործածման ճշտությունը պետք է ապացուցեմ։

Ուրեմն օրը սկսեցինք նախապատրաստական աշխատանքներից, արդեն ժամը 10։00-ից Registration-ում աշխատող կամավորների առաջ մեծ հերթ կար։ Բայց այդտեղ աշխատող կամավորները, արդեն նախորդ տարիներով կոփված էին և պատրաստ էին առաջիկա մի քանի ժամվա ընթացքում սպասվող փորձություններին։

Դե ինչպես երևի արդեն հասկացաք, իմ աշխատանքային տիրույթը Big Hall-ն է։ Այս, ինչպես նաև մնացած 6 ավելի փոքր սենյակները նախատեսված են խոսնակների ելույթների համար։ Այսօր Big Hall-ում ավելի քան 10 ելույթ լսեցի և պետք է նշեմ, որ դրանք բոլորը խիստ տարբերվում էին միմյանցից, կարծում եմ սա կարևոր առանձնահատկություններից մեկն է։ Նույնիսկ նույն սենյակում 7 ժամ նստելու ընթացքում չես հասցնում ձանձրանալ։ Դրան իհարկե նպաստում է ելույթների դինամիկ փոփոխությունները, spiker-ների և լսարանի հետադարձ կապը, որը թույլ է տալիս լսողին ներգրավված լինել ելույթի ամբողջ ընթացքում և նոր գիտելիքներ ստանալուց բացի՝ կիսվել նաև սեփականով։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Բոլոր ելույթների մասին խոսել չեմ կարող, բայց մի քանիսը հաստատ պետք է առանձնացնեմ։

Եթե մտածում եք, որ BarCamp-ը միայն IT-ի մասին է, և դուք որպես այլ ոլորտի մասնագետ այստեղ ոչինչ չեք սովորի, ուրեմն մտափոխվելու ժամանակն է։ Big Hall-ի երկրորդ խոսնակը Անաստասիա Կալաշնիկովան էր, ով մասնագիտությամբ հոգեբան է և մեզ պատմեց թիմային աշխատանքի վրա՝ այդ թիմում ընդգրկված մասնակիցների հոգեկան, ֆիզիկական վիճակի ազդեցության մասին։ Օրինակ՝ գերհոգնածությունը, փաստորեն մեծ ազդեցություն է թողնում ինչպես թիմային աշխատանքի, այնպես էլ՝ ոչ օբյեկտիվ սեփական անձը գնահատելու վրա։

- Ընկերներիցս մեկը օրինակ՝ վերջերս բողոքում էր, որ շաբաթ օրը քնել է և չի աշխատել։ Նա դա վերագրում էր իր ալարկոտությանը և ոչ պրոֆեսիոնալիզմին։ Այդպես շատերն են անում․․․

Իսկ այ, IT և Media ոլորտների մասնագետներին հաստատ կհետաքրքրեին PM (product management)-ի և Digital Marketing-ի մասին topic-ները։

Մի քիչ PM-ի մասին․

-Իրականում product manager-ի աշխատանքը շատ մեծ skill-եր է պահանջում, բայց երբ որ հարցնում են, օրինակ, ինչպես եք գնահատում PM-ին, հաճախ այնպիսի խոսակցություն է տեղի ունենում, որ PM-ը պետք է պատասխանատու լինի և այլն, այսինքն soft skills-ների մասին են խոսում։ Մարդիկ հաճախ չեն գիտակցում, թե ինչ ակնկալիքներ պետք է ունենան տվյալ մասնագետից․․․

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Այստեղ պարզեցինք նաև, որ product management-ի ու project management-ի նմանությունը միայն PM հապավման մեջ է կայանում։ Այսինքն, սրանք երկու տարբեր գործառույթներ իրականացանող մասնագիտություններ են։ Ու սրանից հետո իրենք լիքը հետաքրքիր ինֆորմացիա են տալիս, որոնք ձեզ հետ չեմ կիսի, միայն կասեմ, որ եթե ուզում ես լավ PM լինել, պետք է լավ product-ի հետ աշխատես․․․

Վերևում գրված բազմակետերի տեղում recording-ս առաջ եմ տալիս, որ մի երկու բառ էլ «Digital Marketing»-ի մասին պատմեմ։ Ուրեմն այստեղ Լիլիթը ասում է, որ շատ կարևոր է՝ թե ինչ լսարանի համար ես աշխատում և այն content-ը, որը մատուցում ես լսարանին․

-Առաջ, երբ ինֆորմացիայի տարածումը հիմնականում թերթերի միջոցով էր տեղի ունենում, առանձնապես երկխոսություն լսարանի հետ ստեղծելու հնարավորություն չկար։ Իսկ հիմա յուրաքանչյուր բովանդակություն, որը դուք ստեղծում եք ձեր թերթի կամ բրենդի համար, պետք է անպայման երկխոսություն ստեղծեք լսարանի հետ և հստակ իմանաք` ով է ձեր լսարանը․․․

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

BarCamp-ին նաև այլ երկրների ներկայացուցիչներ կային, օրինակ, խոսնակներ՝ IBM-ից, Yandex-ից և այլն։ Big Hall-ում օրը վերջացրեց Տիգրան Մկրտչյանը, խոսեց Facebook-ում ճիշտ և օգտատերերի համար գրավիչ հոլովակներ ստեղծելու գաղտնիքների մասին։

Եթե գոնե մի քիչ հասցրեցիք մտովի BarCamp-ի մի մասնիկը դառնալ, ուրեմն նյութս ինչ-որ բան արժեր։

Օրը, երբ արևն ամենաերկարն է շողում…

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Այսօր տարվա ամենաերկար օրն է: Նշանակում է՝ այսօր արևն ամենաերկարն ու գուցե նաև ամենապայծառն է շողալու: Գիտե՞ք, երբ փոքր էի, այս օրն առանձնահատուկ ջերմությամբ էի սիրում ու չեմ էլ հիշում, թե ինչու: Հիմա մտածում եմ՝ պատճառը հավանաբար այն էր, որ այս օրը դրսում շատ երկար էր լույս լինում, ինչը նշանակում էր, որ երկար կարող եմ մնալ բակում ու խաղալ ընկերներիս հետ:

Հիմա ամենայն հավանականությամբ արդեն էլ փոքր չեմ (թե՞ եմ), և դրսի մթնելն ու չմթնելն այնքան էլ կապ չունեն տուն վերադառնալուս հետ, բայց առանձնահատուկ ու գուցե նաև տարօրինակ սերս տարվա ամենաերկար օրվա հանդեպ ոչ մի տեղ չի անհետացել:  Դե՜, սերը որն է, ուղղակի իմ աչքերում մի տեսակ ուրիշ է տարվա ամենաերկար օրը: Մի տեսակ քայլերս էլ են այդ օրը երկարում, մտքերս էլ քայլերիս նման շատանում ու խճճվում են, իսկ հայացքս սովորականից ավելի շատ է դեպի երկինք հառվում: Երևի տրամաբանական է, ի վերջո, երկնքի ամենապայծառ լուսատուն այդ օրը սովորականից  ավելի երկար է լույս արձակում: Իսկ չէ՞ որ լույսերը մեր կյանքում չափազանց կարևոր են: Չէ՞ որ մեր կյանքի լուսավոր կետերն են մեզ ապրեցնում հենց՝ անկախ նրանից՝ դրանք հարազատ մարդի՞կ են, սպասված իրադարձություննե՞ր, թե՞ երբևէ չմոռացվող հիշողություններ: Մեր կյանքի լուսավոր կետերը մեզ ապրեցնում են, քանի որ խավարում երկար գոյատևելն անտանելի է ու անմարդկային: Խավարում դեպի լույս տանող դռները փնտրելն ու գտնելն է անգամ անհնար, մինչդեռ այդ դռները մեզ օդի ու ջրի նման են պետք:

Մեզ դեպի լուսավոր ճանապարհներ տանող դռներ են պետք, որպեսզի լուսավոր կետեր դառնանք մեկս մյուսիս կյանքում ու ապրեցնենք իրար՝ շարունակ խամրեցնելու փոխարեն… Եվ ուրեմն, թո՛ղ տարվա ամենաերկար օրը դեպի լույս տանող ճանապարհներ բացի յուրաքանչյուրիս կյանքում՝ անվերադարձ փակելով բոլոր էն դռները, որոնցից այն կողմ անտանելի ու անմարդկային խավարն է …

anahit baghshetsyan

Հավես Հայաստան

Ես կրկին, նորից, էլի ու ևս մեկ անգամ օտար օդանավակայանում նստած սպասում եմ այն ինքնաթիռին, որը դեպի Հայաստան է մեկնելու։ Նստած եմ տասնյակ հայերի հետ օդանավակայանի մի անկյունում։ Ոմանք երկար դադարից հետո են վերադառնում Հայաստան, ոմանք մի քանի օր չեն եղել տանը, շատերը առաջին անգամ են այցելելու։ Իսկ ես այս անգամ Հայաստան եմ վերադառնալու փոքր-ինչ ավելի երկար բացակայությունից հետո։ Հետ եմ վերադառնալու այն զգացումով, որ Հայաստանը մի քանի քայլ առաջ է գնացել առանց ինձ։ Այս մտքերով տարված լսեցի կողքիս նստած ընտանիքի խոսակցությունը․

  • Մա՛մ, իսկ  Հայաստանը ո՞նցն ա։ Հավե՞ս ա Հայաստանում,- հարցնողը փոքրիկ տղա էր, հինգ կամ վեց տարեկան, հարցից արդեն պարզ էր, որ Հայաստանում առաջին անգամ էր լինելու։
  • Հայաստանը մեր հայրենիքն ա, բալե՛ս։ Գնանք, կարծում եմ շատ բան փոխված կլինի, հավես կլինի,- մոր դեմքին թեթև ժպիտ հայտնվեց։
  • Խի՞ ես խաբում երեխուն։  Անկապ երկիր ա Հայաստանը, տղե՛ս։ Հաստա՛տ բան էլ փոխված չի լինելու։ Հավես չի լինում Հայաստանում, – հայրը պատասխանեց։ Այն տղամարդկանցից էր, որոնց դեմքին երեք վայրկյան նայելը բավարար է ազգությունը որոշելու համար։
  • Պա՛պ, հավե՞ս չի Հայաստանում։
  • Չէ՛,- չոր էր  ու կոպիտ, դրանից էլ փոքրիկի աչքերի փայլը կարծես անհետ կորավ։

Եթե փոքրիկն իմանար, թե ինչքան հավես ակնթարթներ են ամեն օր լցնում Հայաստանը, երևի թե չէր հավատա այդ չոր ու սաստող պատասխանին, աչքերի փայլն էլ հաստատ հետ կվերադառնար։ Ախր, Հայաստանում ամեն-ամեն ինչն է հավես՝ զով առավոտները և շոգ կեսօրները, մարդաշատ փողոցները, դպրոց գնացող երեխաներն ու երեկոյան ժամերին փողոցների լռությունը խլացնող համերգները։ Հայաստանում նույնիսկ մարդիկ են հավես։ Նրանք միշտ պատրաստ են քեզ օգնել, անկախ նրանից` ծանոթ եք, թե անծանոթ, հայ ես, թե գերմանացի, մանուկ ես, թե պատանի։ Հայաստանում նույնիսկ մետրոն ու օդանավակայանն են հավես։ Հավես են պոնչիկանոցի քաղցր պոնչիկներն ու ծորակից եկող սառը ջուրը։ Ու նույնիսկ եթե տարիներով Հայաստանում ոչ մի բան չփոխվի, Հայաստանը միևնույնն է, ամենահավես երկիրը կմնա։