Ազատ տարածք խորագրի արխիվներ

mariam tonoyan

Ինչպե՞ս դառնալ լրագրող

Հը՛ն, հետաքրքրե՞ց: Արի՛ վերլուծենք: Սկսենք պարզագույնից` մայրիկին պատկերացնելով լրագրողի դերում:

Պատկերացնենք, որ բակի երեխաների հետ կռվի ես բռնվել, երեխաներից մեկը հրել ու գցել է քեզ, ու դու քերծել ես թևդ: Այժմ տուն գնանք: Մայրիկն իսկույն նկատեց վնասվածքը, քանի որ ուշադիր էր: Նշանակում է, որ լրագրողները պետք է ուշադիր լինեն: Ապա, ինչպես և միշտ, սկսեց հարցուփորձ անել, թե ինչու ես վնասվել: Դա էլ լրագրողի հարցազրույց վերցնելն է: Եթե հանկարծ փորձես կեղծել պատմությունը, մայրիկն իսկույն կնկատի, ու քո բառը կօգտագործվի քո դեմ: Նա կջանա ճշմարտությունը կորզել: Նշանակում է` լրագրողը վերլուծում է ասված ցանկացած բառ և հարկ եղած դեպքում կարող է այն օգտագործել այլ հարցեր պարզաբանելու համար: Ինչպես մայրիկը, լրագրողը ևս փորձում է հնարավորինս ճշգրիտ տեղեկություններ հավաքել: Ճշմարտությունը լսելուց հետո մայրիկը, գտնելով, որ դու մեղավոր ես կոնֆլիկտի առաջացման մեջ, կսկսի վերլուծել, ինչպես դա կաներ լրագրողը: Մայրիկը կորոշի պատժել քեզ, որպեսզի դու այլևս այդ սխալը չկրկնես: Մայրիկը «կքաշի քո ականջը»: Այո՜, լրագրողներն էլ են կարողանում «ականջ քաշել»: Մայրիկը քո արարքի մասին կպատմի հայրիկին, որը լրագրության մեջ հանրությունն է: Իսկ հայրիկը արարքը կգնահատի յուրովի:

Է՜հ, ի՞նչ արած, այսքանով գործը դեռ չի վերջանում: Երեկոյան սուրճի սեղանի շուրջ մայրիկը զրույցի է բռնվում հարևանների հետ ու պատմում եղելությունը: Բայց մայրիկը երբեմն չափազանցնում է, երբեմն՝ որոշ բաներ թաքցնում, երբեմն էլ պատմում այնպես, ինչպես կա՝ կախված իրավիճակից:
Օ՜հ, իսկ անխուսափելին այն է, որ ի վերջո այդ բոլոր մայրիկները՝ թե՛ քո մայրիկը, թե՛ հարևանները, սկսում են նոր հարցերի տեղատարափ, որից, անկասկած, բոլոր երեխաներն են փորձում խուսափել:
Ա՜յ, թե ինչպիսի լրագրողներ են մայրիկները:

Artyom Avetisyan

Փոքրիկ ընդմիջում

Վերջին շրջանում գրածս նյութերի թվաքանակի մեջ մեծամասնություն են կազմում հարցազրույցները, և դա իմ կարծիքով նրանից է, որ մեր համայնքում շատ են նշանավոր մարդիկ, կյանքի հետաքրքիր իրադարձություններ ունեցած, ականավոր և ակնառու լիճքեցիներ: Բացի բնությունից ու տեսարժան վայրերից, հարուստ միջավայրերից ու շրջապատից, համայնքս հարուստ է նաև իր անվանի լիճքեցիներով (Տեր Շահե քահանան, Աբով Արամայիսի Ջուլիկյանը՝ «Ники ТВ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը և սեփականատերը, Վանիկ Պողոսյանը, Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և այլոք): 

Երբ առաջին հարցազրույցս իրականացրի, ինձ թվում էր, թե ամեն ինչ շատ բարդ ու դժվար է լինելու։ Մտածում էի, որ հնարավոր է այլևս հարցազրույց չանեմ, սակայն ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, ամեն ինչ փոխվեց: Երբ երկրորդը իրագործեցի, կարծիքս սկսեց քիչ-քիչ փոխվել, էլ չասեմ երրորդի, չորրորդի և մյուսների մասին։ Չխոսեմ նաև այն մասին, որ հարցազրույցների ձայնագրությունները առկա են հեռախոսիս մեջ՝ ձայնագրության տեսքով, ուղղակի այնքան երկար ձայնագրություններ են, որ միացնելիս արդեն գրառելու հավեսս փախչում է։ Բայց իրականում շատ հետաքրքիր են:

Այնքան դժվար է նստել, մտածել, մտքերն իմի բերել ու գրի առնել թղթի վրա։ Մինչդեռ, հարցազրույցն այնքան հեշտ է՝ հարց ես տալիս ու պատասխանը ստանում, ուղղակի պետք է հարցերը ճիշտ, գրագետ ու հասկանալի կազմել, որպեսզի այն ընթանա սահուն, հետաքրքիր ու բովանդակալից: Հարցազրույցը նման է ճաշի՝ որքան բանջարեղենն ու անհրաժեշտ մթերքները շատ են, այնքան համեղ ու բուրավետ է դառնում։ Որքան հարցերը շատ ու բովանդակալից են լինում, այնքան այն համով ու հոտով է դառնում: Դե ինչ, երևի սրանից հետո կրկին հարցազրույց գրեմ, ուղղակի մի փոքր սպասեք:

Բոլոր նրանց, ովքեր որոշել են լրագրող դառնալ, խորհուրդ եմ տալիս հարցազրույց գրել սովորել:

Երբ կարևոր թեմա ես վերցնում ու գտնում ես մարդկանց, որոնք իսկապես ասելիք ունեն՝ համարիր, որ ինքդ էլ ես կարևոր գործ անում…

«Սարդարապատ» պարային համույթը

 

Լուսանկարը` Անի Աճեմյանի

Օրերս հյուրընկալվեցի «Սարդարապատ» պարային համույթին: Համույթի ղեկավար Մուրադ Հակոբյանը բարձր է պահում հայի ոգին հայ ժողովրդական պարերով: Դասավանդվում է նաև աշխարհի տարբեր ժողովուրդների պարեր, դասական պար, ստեպ և այլն: 

Լուսանկարը` Անի Աճեմյանի

Վաղուց եմ ճանաչում եմ այս պարային համույթի ղեկավար Մուրադ Հակոբյանին և ծանոթ եմ ստուդիայի «oրենքներին»: Ինչու եմ ասում «օրենքնե՞ր», քանի որ ընկեր Մուրադը պարի բնագավառում ունի իր յուրօրինակ մոտեցումները և պարային լուծումները: Մեծ քույրս չորս տարեկանից հաճախում էր «Սարդարապատ» պարային համույթ, երկու տարի առաջ լրացավ նրա ուսումնառության տասնմեկ տարին: Ընկեր Մուրադն այդ ժամանակ դիպլոմներ հանձնեց ավարտողներին: Նրանք, համերգի սկսվելու պահից մինչ համերգի ավարտը, արցունքն աչքներին, բայց ժպտալով, պարում էին: Համերգից հետո, երբ խոսեցի իրենց հետ, նրանք միայն ասում էին.

-Առանց պարի, առանց ընկեր Մուրադի, ինչպե՞ս ենք ապրելու:
Ասում էին, որ շատ դժվար է կտրվել մի վայրից, ուր անցկացրել են իրենց կյանքի մեծ մասը:

Լուսանկարը` Անի Աճեմյանի

Թեև ես չեմ պարել այնտեղ, բայց այդ տասնմեկ տարիների ընթացքում եղել եմ նրանց հավատարիմ հանդիսատեսը:
Այժմ ընկեր Մուրադի հետ դասավանդում է իր որդին՝ Էդգար Հակոբյանը, որը սիրով ընդունեց ինձ և թույլատրեց նկարահանել փորձերը: Այնտեղ տիրում էր շատ ջերմ, միաժամանակ, խիստ և պարարային մթնոլորտ:

shushan stepanyan portret

Իմ վախն ու սերը

Մենք բոլորս էլ ունենք վախեր, որոնք, թվում է, թե անհնար է հաղթահարել: 

Ես էլ շատ վախեր ունեմ, բայց վախի ամենամեծ ապրումներս լինում են շուն տեսնելիս: Չնայած այն փաստին, որ անչափ շատ եմ սիրում շներ, միևնույն է, ահավոր վախենում եմ: Դեռ դպրոցի ժամանակներից ամեն օր գրեթե ուշացած էի հասնում դասի ու պատճառաբանում, որ քնած էի մնացել, մինչդեռ իրականում դպրոց գնալու ճամփին շուն էի հանդիպել, վախից ճամփաս փոխել, բռնել դպրոց տանող ամենաերկար ճանապարհը:

Երբ ընկերներով էինք դասի գնում, ոչ մի շուն չկար, իսկ երբ մենակ էի, մեկը չէր, երկուսը չէին…

Ստիպված երբեմն էլ հետ էի քայլում ու սպասում, որ մի ծանոթ մարդ գա ու միասին անցնենք շան կողքով:

Մի օր պարապմունքից տուն գալիս մի «մեծ» շուն հարձակվեց վրաս, ու ես մինչև մեր տուն վազել եմ, չնայած նրան, որ շունն ընդամենը մի փոքր քայլել էր հետևիցս: Բոլորին մի քանի օր պատմում էի, որ մի մեծ, հսկա, վախենալու շուն է վրաս հարձակվել, ու ընկերներս մտածում էին, թե լավ եմ պրծել: Մի օր միասին էինք տուն գալիս, մեկ էլ, ըհըն, նույն «մեծ» շունը, ու ես ասում եմ.

-Էրեխե՛ք, էս ա էն մեծ, գամփռ շունը, որ հարձակվել էր վրաս:

Տեսնում եմ, որ ընկերներս բարձր ծիծաղում են:

-Երբվանի՞ց տուզիկը գամփռ դառավ, լավ էլի, Շուշան:

Բոլորն ինձ ասում էին.

-Հանգիստ անցի իրա մոտով, ու ինքը քեզ վրա հաստատ չի հարձակվի: Մի վախեցիր. ինքը զգում ա:

Հետո փորձում էի այդ ձևով նույնպես: Երբ շուն էի տեսնում, «անվախ» անցնում էի կողքով ու բարձր-բարձր ասում.

- Գիտես, չէ՞, էլ չեմ վախենում քեզնից, նայի՝ կողքովդ անցնում եմ: Հո չե՞ս կծի ինձ:

Պատկերացնում եմ, որ մարդկանց մոտ ամենաքիչր գժի տպավորություն եմ թողել:

Իսկ հիմա, երբ շուն եմ տեսնում, արագ զանգում եմ մայրիկիս ու ասում.

-Մա՞մ, մի քիչ խոսա էլի, մինչև…

-Էլի՞ շուն ես տեսել:

-Հա: Օբյեկտը հենց հիմա կողքովս քայլում ա ու ինձ ա նայում: Անունը չեմ տալիս, որ գլխի չընկնի՝ իրանից ենք խոսում:

Ու այսպես ամեն անգամ:

Ինչ ասեմ, երևի կգա մի օր, որ կազատվեմ այս տեսակ ծիծաղելի, բայց շատ մեծ թվացող վախից: Ու այս ամենն ուղղակի ժպիտով կհիշեմ:

meri harutyunyan

Կռվախնձորենին

Ուզում եմ պատմել ձեզ մի պատմություն, որը հիշողությանս մեջ մնացել է մանկությունից և մինչ օրս դուրս չի գալիս: Փոքր ժամանակ ընկերություն էի անում մեր բարեկամի երեխաների հետ: Նրանք հաճախ հյուր էին գալիս մեր տուն: Օրերս շատ լավ էին անցնում ընկերներիս հետ: Մենք անվերջ խաղում էինք, զբոսնում, մեր ծռմռված դույլերով փորձում փոքրիկ առվակից ձկնիկներ բռնել: Բայց…

Ամեն առավոտ արթնանում էի կռվի ձայներից: Պարզվեց, որ կան երկու կռվարար հարևաններ, ովքեր ապրում էին կողք կողքի: Նրանց ես անվանեցի պարոն Չար և պարոն Կռվարար: Երկուսն էլ այգեպաններ էին և երկուսն էլ ունեին եդեմական այգիներ: Երկու այգիների սահմանները որոշելու համար կամ պատահմամբ՝ այգիների սահմանագլխին կար մի մեծ խնձորենի: Ասում էին, թե խնձորենին ամեն տարի առատ բերք է տալիս, ու այն դարձել էր հարևանների կռվախնձորը: Պարոն Չարը փորձում էր արագ ու ագահաբար հավաքել խնձորները: Պարոն Կռվարարը անընդհատ վիճում էր, ամեն կերպ փորձում ապացուցել, որ խնձորները պատկանում են երկուսին՝ հավասարաչափ: Եվ ամեն վեճի ժամանակ հարևաններից ոմանք խառնվում էին խոսակցությանն՝ ասելով. «Ա՛յ մարդ, ամոթ է, դե վերջացրեք»:

Տարիներ անց ես կրկին իմ բարեկամի տանն էի: Շուրջս ամեն ինչ փոխվել էր: Մրգատու ծառներն ավելի էին փարթամացել: Առաջ քայլեցի, դիմացս ինձ ու ձեզ արդեն ծանոթ հարևանների այգին: Երևի արդեն կռահեցիք: Այո՛, «Կռվախնձոր խնձորենու» մոտ:

Ա՜յ, ափսո՜ս… Խնձորենուց մնացել էր միայն չորացած կոճղը: Երևի խնձորենին ինքն էր որոշել վերջ դնել կռվարար հարևանների անվերջանալի վեճին:

hovik vanyan

«Մա~մ, Անին հանրապետական փուլում ա…»

Նստել էի, որ 17-ի համար նյութ գրեմ: Մտածում էի, թե որտեղից սկսեմ, մեկ էլ չգիտեմ ինչու, մտքովս անցավ, որ աշխարհագրության օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները պետք է որ արդեն հրապարակված լինեն: Գործս կիսատ թողեցի ու գնացի համակարգչի մոտ, որպեսզի ցուցակները ստուգեմ:

Մեր գյուղից` Դսեղի դպրոցից, երեք հոգի էինք մասնակցել մարզային փուլին` ես, 17-ի Անին ու Էլենը: Մինչև ցուցակները կգտնեի, հուսով էի, որ մեզնից գոնե մեկը անցած կլինի հանրապետական փուլ:Արդեն մկնիկը սեղմեցի ցուցակների վրա ու սկսեցի միանգամից մեր անունները փնտրել, երևի զգում էի, որ ինչ-որ մեկը պետք է անցած լինի…

-Մա~մ, Անին հանրապետական փուլում ա…

-Վայ,  ինչ լավ ա, Հով ջան: Դե, շնորհավորի Անիին:

-Հա, մամ ջան, հեսա…

Հետաքրքիրն այն էր,  որ հենց մտա ֆեյսբուք, որպեսզի Անիին շնորհավորեմ,  էջի սկզբում Անիի գրած «Փնտրելով հարազատ դեմքեր» նյութն էր, որը հենց այդ օլիմպիադայի մասին էր…

Այնքան էի ուրախացել  որ որոշեցի հենց  Անիի հաղթանակի մասին գրել:

maya harutyunyan

Անցած ձմեռ

Անցավ նաև այս ձմեռը` մեկը այն ցրտաշունչ ձմեռներից, որոնք իրենց հետ բերում են լավ հուշեր: Բայց այս մեկը, չգիտեմ՝ ինչու, ավելի լավ հուշեր բերեց: Այս ձմեռն ամեն ինչով տարբերվում էր մյուսներից: Տարբերվում էր իր գեղեցկությամբ, որով պատվել էր իմ Կոթի գյուղը: Ընդամենը մի քանի տարի առաջ, երբ խաղալու ընթացքում ձյունը դիպչում էր մեզնից մեկի երեսին, սկսում էր լացել: Այս ձմեռ ամեն ինչ ուրիշ էր, ամեն բան փոխվել էր, նաև՝ խաղի ձևը: Գուցե արդեն մեծ ենք, դրա համար էլ խաղալու ժամանակ ամեն մի չնչին բանից չենք լացում: Այս տարի ձյունն էլ էր համեմատաբար ավելի շատ եկել, այնքան շատ, որ ամբողջ դպրոցի բակը պատված էր ձյունով: 

Ճիշտ է, շատ էինք նկատողություններ ստանում, բայց դա ոչ մի նշանակություն չուներ, միևնույնն է, ամեն դասամիջոցի դուրս էինք գալիս խաղալու: Երբեմն այնպես էինք տարվում խաղով, որ նույնիսկ զանգի ձայնը չէինք լսում: Մի անգամ դպրոցի պահակը որոշել էր, որ ոչ մեկիս չպետք է դուրս թողնի: Իսկ մենք երեխաներով ուրիշ բան մտածեցինք. դե, եթե մի բան ենք դնում մտքներիս, պետք է անպայման անենք: Որոշեցինք մյուս մուտքով դուրս գալ: Դե, բնականաբար, իրագործեցինք մեր «հանճարեղ» միտքը: Զանգը հնչեց և բոլորս գնացինք դպրոցի մուտքի մոտ, հիմա էլ չէին թողնում, որ ներս մտնենք: Մեզ էլ առիթ էր պետք դասից փախչելու և խաղը շարունակելու համար:
Սիրում եմ եղանակների անփոփոխ, բայց փոփոխական կրկնությունը:

Lilit Grigoryan

Մի քիչ մանկություն ու մի քիչ էլ ամառ

Մայրս է պատմում, ես էլ ինձնից գոհ-գոհ լսում եմ: Պատմում է ու հետն էլ ավելացնում, որ մանկուց էլ ճարպիկ և ուշիմ երեխա եմ եղել: Պատմում է, ու ես էլ, իբրև թե հիշելով, իր խոսքին ինչ-որ բաներ եմ ավելացնում: Պատմում է, իսկ ես հուշերի գիրկն եմ ընկնում:

Մորաքրոջս ամառանոցում էինք: Ասում էր, թե ամռան մի շոգ օր էր: Սիրում եմ այդ ամառանոցը, չնայած որ արդեն վաճառել են: Սիրում եմ այն օրերը, որ եղել եմ ամառանոցի գրկում, եղել եմ մորաքրոջս ամուսնու ու զարմիկիս հետ: Խաղացել ենք, վազվզել, խնձոր, կեռաս, ելակ հավաքել, հեքիաթներ կարդացել, ու որ ամենակարևորն է՝ ձմերուկ կերել: Մենք սովորություն ունեինք ամեն շաբաթ ձմերուկ ուտելու, բայց՝ սառը ձմերուկ, ու կարևորը՝ քաղցր:

Մեկ տարեկան էի, գրեթե ոչ մի բառ չէի արտասանում, երևի չէի էլ հասկանում, թե ինչ են խոսում: Ինչպես միշտ, մեզ հետ տարել էինք մի ձմերուկ, բայց այդ օրը ձմերուկն այնքան էլ հեշտ չկտրվեց: Մորաքրոջս ամուսինը բոլորի առաջ պայման էր դրել. կտրել ձմերուկը այն ժամանակ, երբ ես կասեմ «էկալ, էկալ»: Հենց իր խոսքի երկրորդ վայրկյանին ես, ծծակի (սոսկա) շնորհիվ, թե ձմերուկի անունը լսելով, բարձրաձայնել եմ՝ «էկալ, էկալ»-ը:

Մերոնք ասում են, որ ես եղել եմ իրենց ուրախության պատճառը, զվարճացրել եմ իմ խոսքերով, արարքներով: Ձմերուկի հանդեպ սերս էլ երևի Սամվել «ձյաձյան»՝ մորաքրոջս ամուսինն է սերմանել իմ մեջ:

Հիմա այնպես կուզենայի լինել ամառանոցում, նստել խոտերի մեջ, ձմերուկ ուտել ու նույն պատմությունը հենց այնտեղ լսել:

Ani asryan

Թաքնված կյանքը Դարբասում

17 տարի ապրել և մեծացել եմ մի փոքրիկ գյուղում: Ժամանակի ընթացքում իմացա գյուղիս պատմությունը, ծանոթացա նրա «տանջանքներին»: Երբ տատիկներից և պապիկներից հարցնում եմ գյուղի հին օրերի մասին, հոգոց են հանում, մի փոքր հանգստանում են և պատմում այն ցավալի պատմությունը, որը բոլորի արցունքի և ցավի պատճառն է եղել: Հիմա այդ պատմությունը դրոշմվել է Դարբասի նոր սերնդի մտքում: Պահպանելու ենք այն և շարունակելու ենք մյուս սերունդներին փոխանցել:

Երկար տարիներ առաջ այս գյուղում ապրել են թուրքեր: Գյուղի անունը Դարբաս չի եղել, այլ Ըղուվերձ: Տարիների ընթացքում այստեղ բնակություն հաստատեցին հայերը՝ գյուղի առաջին հայ բնակիչները: Ապրել են համերաշխ, սակայն գյուղում տիրող հանգստությունը մշտական չէր: Գյուղը ունի գաղտնի ճանապարհներ, որոնց հուշող ուղի են հանդիսանում կամուրջները: Առաջին գլխավոր ճանապարհը տանում է Տաթև գյուղ: Մի օր գյուղի բնակիչներ՝ հայ պապիկը և թուրքը (նրանք ընկերներ էին) միասին գնում են Տաթև: Վերադառնալու ժամանակ, երբ հասնում են կամրջին, թուրքը պապիկին հրում է և կամրջից ցած նետում: Ասում են, որ ոչ ոք տեղյակ չի եղել այդ մարդասպանությունից, մտածել են՝ կամրջի անմխիթար վիճակն է եղել պատճառը: Որոշ ժամանակ է անցել, և իրականությունն իմացել են բոլորը: Անցել է երկար ժամանակ, գյուղում այլևս թուրքեր չեն բնակվել, որովհետև Եղեռնից հետո նրանց դուրս են հանել երկրից, բայց դարբասցու դատավճիռը դեռ վերջնական չէր: Բանակցություններ վարելու նպատակով գյուղի առաջին հոգևորականը գնացել է ժողովի թուրք պաշտոնյաների հետ: Նրան զգուշացրել էին, որ միայնակ գնա: Քահանան գնացել է միայնակ, բայց ինչպե՞ս կարելի էր վստահել նրանց: Ժողովի ժամանակ հոգևորականին սպանել են և դին հանձնել ընտանիքին՝ ասելով, որ նրա մոտ զենք է եղել: Գյուղը վշտով էր պատվել: Այս ամենից հետո, ողբերգական էր եկեղեցիների ավերումը: Հույսը մարում է ամեն փոքրիկ կորստից: Բայց նրանք ապրեցին այնտեղ, որտեղ ապրել է ոճրագործ թուրքը, որովհետև այս ամենի մեջ ուժ կար ապրելու, պայքարելու, գոյատևելու: Բայց տարիները փոփոխություն կատարեցին գյուղիս կյանքում:

Ահա գյուղս, իր ցավով, ուժով և ցավոտ պատմությամբ: Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ ներկայիս սերունդը: Տալիս ենք գյուղին փայլ, ժպիտ և չընկճվելու, հույսը չկորցնելու պատճառ: