Մտքերից աքսորված՝ փորձում էի գրադարակը դասավորել ու շտապ դուրս գալ բավականին ցուրտ սենյակից: Հանկարծ աղջկական մի զրնգուն ծիծաղ անցավ ապակու միջով ու, լիովին չհասած ականջիս, սառեց՝ կախվելով օդում: Ինձ թվաց՝ ինչ-որ մեկը ձնագնդիկով հարվածեց ապակուս, ասես հեգնելու համար լռությունը։ Միգուցե ցանկանում էր իր ստեղծած ձայնը կախել հիշողությունի՞ցս: Բացեցի պատուհանը, բայց ի զարմանս ինձ՝ ոչ ոք չկար, վազեցի դեպի դուռը: Ձյունը մեծ թափով շարունակում էր գալ, բայց, ճեղքելով ամեն խոչընդոտ, հայացքս հնարավորություն տվեց նկատել նրանց՝ իմ մտերիմ ընկերներին՝ Հեղինեին, Անուշին ու նրանց փոքր քույրիկ Նորային։ Ձյունը նրանց էության հետ մենամարտում հաղթել էր:
-Չե՞ս ուզում ավելի մոտենալ ձմռանը․․․
Վազեցի, վերցրի վերարկուս ու դուրս թռա:
Մի լավ ձների մեջ գլորվելուց հետո մենք ամուր գրկեցինք իրար, պատկերացրեցինք, թե պետք է թռչենք մի շատ բարձր տեղից և անխոս ընկանք ձյան վրա (ստում եմ՝ դա այնքան էր անխոս չէր): Եթե դուք երբևէ թողել եք, որ դրսի եղանակը մտնի ձեր աշխարհ, ապա նկարագրելու կարիք այևս չկա: Ճիշտ է, երեկո էր, բայց սկսեցինք քայլել, հասանք մոտ երկու ոտնաչափ բարձրություն ունեցող պատին (ամբողջ ամառ նստում էինք այդ պատի վրա ու ճանապարհում արևին): Զգույշ բարձրացանք ու, անտեսելով սառնությունը, նստեցինք այնտեղ: Որոշ ժամանակ անց, երբ արդեն պատկերացրել էինք ձյունը Աֆրիկայում, ցուրտը նեղեց, ու ցած իջանք։ Ձյունը մաղվում էր, հետո թվում էր, թե այն մաղող մաղը պատռվել էր, և դա հրաշալի էր: Վաղվա նոր հանդիպումը պայմանավորվելուց հետո, նրանք հեռացան ու ասես ձյան հետ մաղվեցին: Եթե մեկն էլ ինձ հայացքով ուղեկցեր, հավանաբար կասեր.
-Այդ խելառը, երկար ժամանակ չէր ուզում անհետանալ…



Մի ընտանիքի երկու տարբեր բևեռներ՝ ես և քույրս, և արվեստի մի ոլորտ՝ նկարչությունը: Եթե քույրս պատկերը նկարում է վրձնով, հատ-հատ, գծանկարելով, ավելի դանդաղ, ապա ես դա անում եմ ֆոտոխցիկի կոճակի մի հպումով՝ թեև ունենում եմ նույն էմոցիան, ինչ քույրս՝ վրձնով նկարելիս:
Երբ հասկացա, որ ինձ հարազատ է լուսանկարչությունը, սկսեցի ամեն մի երևույթի նայել այլ աչքերով և տեսածս մի այլ ձևով ընկալելով՝ լուսանկարել: Սկզբից չէր ստացվում, բայց հետո ֆոտոխցիկս տեսնում էր այն, ինչը գեղեցիկ է և ինչը յուրահատուկ է: Լուսանկարներում արտացոլում էի բնության գեղեցկությունը: Բայց որքան շատ պատկերներ էի սկսում լուսանկարել, այնքան ավելի էի հասկանում, որ լուսանկարչությունը շատ ու շատ բարդ է: Պետք է լուսանկարել այնպիսի երևույթներ, որոնք տեսնելիս մարդկանց մոտ կառաջանա մի այլ, առանձնահատուկ զգացմունք: Լուսանկարչությունը ինձ համար արվեստի այն ոլորտն է, որտեղ շարունակում եմ փնտրել ինձ և կարծես թե գտնում եմ այդտեղ դրսևորվելու իմ ուղին: Արվեստն այդ կերպ է արտացոլվում իմ մեջ:
Քույրիկիս նկարները, թեև դեռ այնքան էլ հաջողված չեն, բայց կարծում եմ, նա դեռ նկարելու է եզակի և տարբերվող նկարներ: Չէ՞ որ նա արվեստի հետ է: