Իմ էջը խորագրի արխիվներ

Vardik Barxudaryan

Կարոտի տողեր

Տատ…

Կարոտել եմ քեզ անչափ։ Չեմ կարող կյանքում սիրել մեկին այնքան շատ, որքան քեզ եմ սիրում։ Երանի հիմա ինձ հետ լինեիր: Ես կգրկեի քեզ ամուր, որ լրացնեի բաց թողած ամեն մի օրս, որոնք դարձան շաբաթներ, ամիսներ ու հիմա տարիներ է անցել այն օրից, երբ իմացա, որ չկաս…

Փոքր էի, բայց հոգուս ցավն այնքան մեծ էր, որ կարողացավ ժամանակին ինձ մեծացնել, ու ես դարձա «մեծ մարդ»։ Սկսեցի հասկանալ, թե ինչու մարդու մահվան լուրը լսելուց լացում են բոլորը։ Ես դա հասկացա, քանի որ հոգիս ծվատվում էր արդեն քո մասին նույն լուրը լսելիս։ Ուզում էի գոռալ, ուզում էի գոռալ բոլորի վրա, բայց ո՞վ կարող էր քեզ ետ բերել։ Նրանցից և ոչ ոք քեզ նորից չէր կարող ապրեցնել։ Մինչև հիմա էլ ինձ հետ ես, դու կաս ու կլինես միշտ։ Ասում են, որ կարևոր մարդիկ սրտում են լինում ու եթե նրանք կան քո սրտում, ապա նրանք չեն կարող մեռած համարվել։ Դու կաս իմ սրտում, կաս դեռ վաղուց, երբ առաջին անգամ ինձ գիրկդ առար։

Ցավս մեղմել չի լինի, տատ, որովհետև չկա ոչինչ, որ ինձ կսփոփի ու մոռացնել կտա քո կորուստը։ Դու չես կարող մոռացվել։ Դու ապրում ես…

Ամեն անգամ դպրոցից տուն գալիս թվում է, թե բակում նստարանին նստած ես լինելու, քո ցավը հեռուներում թաքցնելով ժպտալու ես, վազելու եմ, գրկելու եմ քեզ ամուր ու միանգամից պատմելու եմ դպրոցում իմ օրվա մասին։ Ու այնքա՜ն հարցեր եմ տալու, որոնց պատասխաններն անգամ ինքդ չես բացահայտել։ Բայց իմ հարցերը շատ էին, ինչպես բոլոր երեխաների հարցերն են։ Իսկ հիմա իմ հարցերը պատասխաններ չունեն։ Առաջ գոնե դրանց համար մի պատասխան լինում էր, որ դադարեի խոսել անվերջ, իսկ հիմա ես լուռ եմ, բայց շատ են հարցերս։

Ես կարոտում եմ, իմ տատ, կարոտում եմ անսահման, բայց չես գալիս, առաջվա նման չես գալիս, երբ լացիս ձայնը լսում ես, չես գալիս, երբ ինչ-որ տեղս ցավում է, չես գալիս ու չես երգում քո անուշ ձայնով այն գեղեցիկ օրորոցայինները, որ քնեմ։ Չես բռնում ձեռքս, որ քայլենք միասին մեր գյուղի նեղլիկ ճանապարհներով։ Ես հիմա էլ պատրաստ եմ քեզ ասել.«Ես էլ եմ գալիս, տատ…»։ Ու կարևոր չէ, թե ուր կտանես ինձ, ես կգամ քեզ հետ, ինձ ոչինչ չի մնացել անելու, չունեմ ոչինչ որ բաց եմ թողել։

Իմ ամենաանկեղծ ընկեր, ես կարոտում եմ քեզ, բայց չեմ կարողանում գրկել։ Ու էլի իմ հարցարանից տալիս եմ հերթական հարցը` ինչու՞…

Պայքարելու մասին

Հետաքրքիր բան է երևակայությունը, նաև՝ տարօրինակ։ Մի օր զվարթ պատկերներ է ստեղծում, մեկ այլ օր էլ թափառում է իր իսկ ստեղծած մառախլապատ աշխարհում։

Ես բարդ բնավորության տեր մարդ եմ, սովորաբար դժգոհ և ունքակախ։ Ինձ զարմացնելն այնքա՜ն բարդ է դարձել, որ վերջերս այլևս ոչ մեկին չի հաջողում անել դա, դե՜, բացառություն է սեփական երևակայությունս։ Վերջինս միշտ ինձ հետ է, բնական է, միշտ գործում է ու հավիտենական զրուցակիցս է։ Մինչ այսօր հիշում եմ անցած տարվա հունվար ամսվա ճամփորդությունս դեպի Ջրվեժ, որի ընթացքում ինքս ինձ համար նոր աշխարհ բացահայտեցի։ Այդ նոր աշխարհը երևակայությանս մեջ էր, դրա թաքնված անկյուններից մեկն էր։

Հունվար ամիսն էր․․․ Ամենուր ձյան ճերմակ շերտ էր նստած։ Քոլեջի երեխաներով և ուսուցիչներով սահնակ քշեցինք, ձնագնդի խաղացինք, բայց դեռ առույգ էինք ու հեռանալ չէինք ուզում, սակայն արդեն վերադարձի ժամն էր հասել։ Չէինք կամենում հեռանալ, դրա համար էլ դանդաղ էինք քայլում այն ճանապարհով, որ դեպի ավտոբուսն էր տանում։ Դեռ 2019 թ-ի թախծալի իրադարձությունների տակ էի, դեռ նեղված էի ու առանձնացա բոլորից։ Միայնակ մտքերիս մեջ՝ հայացքս գետնին ուղղեցի․ ամենուր ձյուն էր, իմ սիրելի եղանակն էր։ Եվ հանկարծ հասկացա, որ ես ներկայում չեմ, այլ մեկ այլ աշխարհում եմ սավառնում։ Երկինքը նուրբ կարմիր երանգով էր պատված, շուրջ բոլորս ծաղիկներ էին՝ տարբեր-տարբեր, ու զեփյուռն էր մեղմ երգ երգում։ Ապշեցի ու զարմացա․ այն երևակայական աշխարհում, ուր միշտ մռայլ ու անձրևոտ եղանակն էր տիրում, ուր դժկամ բողոքներն էին անվերջ հնչում, արև ծագեց, ու ծաղիկներ բուսնեցին։ Եվ հասկացա, որ երջանիկ ու անհոգ եմ, քանի որ ապրում եմ, քանի որ ծնվել եմ։

Ու հիմա 2021 թիվն է։ 2020-ը սարսափելի տարի էր: Նորից անմխիթար վիճակում էի, բայց մեկ է, նույնն եմ։ Շուրջս հնարավորություններով ու փորձություններով լի հսկա աշխարհն է, այն երախը բաց ինձ է սպասում, որ փշրի ոսկորներս, ճզմի ջիլերս, կուլ տա ու հանգիստ շունչ քաշի… Բայց ես հիմա մեծ եմ, էլ ավելի համառ եմ և ընդունում եմ նրա մարտահրավերը։ Ես պատրաստ եմ դիմակայել նրան ու թե ընկնեմ, ապա վայրկյաններ անց ոտքի կկանգնեմ:

Gohar Petrosyan

Թռչունները թռչում են տարբեր ուղղություններով

Գիտեմ, որ թռչունները թռչում են տարբեր ուղղություններով
Հուսով եմ` կրկին կտեսնեմ քեզ…

Ամեն անգամ, երբ լսում եմ այս երգը՝ աչքիս առաջ դու ես երևում: Բառերը ճիշտ են ընտրված, որ լսելիս կարող եմ զգալ ամեն տողը, որովհետեւ իրոք ուզում եմ հավատալ, որ օրերից մի օր կտեսնեմ քեզ:
Չնայած, առանց երգն էլ լսելու, միևնույն է, միշտ քո մասին եմ մտածում, պարզապես երգը ներսս իրոք տակնուվրա է անում: Քեզ կորցնելու ժամանակ շատ պատահաբար լսեցի ու դարձրի բացակայությանդ ամեն վայրկյանը հիշեցնող խորհրդանիշ, որ գոնե քարացած տեսակս մի փոքր թուլանա այն լսելիս, որ կոկորդիս խեղդող քարը մեկ-մեկ կոտրեմ ու չմոռանամ արցունքները այնպես սրբելու մասին, որ որևէ մեկը անքնությունից զատ այլ բան չկարծի:

Չգիտեմ էլ, թե այսօր ամսի քանիսն է, գիտեմ միայն ամիսը, ու գիտեմ, որ շուտով ծննդյանդ օրն է: Ծանր գրաֆիկս է անհանգստացնում, մտածում եմ մի բան անեմ, որ գոնե այդ օրը կարողանամ կողքիդ լինել: Գիտեմ, որ չես նեղանում քեզ մոտ հաճախ գալ չկարողանալու համար: Դե գիտես, թե ինչ ծանր ու աշխատանքային է անցնում օրս:

Երբ տուն էի գալիս, տեսնում էի ուրախությունդ ու չէի ցանկանում հետ գնալ: Բայց թե գնում էլ էի, որքան էլ որ տխրում էիր՝ ցույց չէիր տալիս, որովհետև հավատում էիր ինձ: Հավատում էիր, որ կարող եմ, որ հասնելու եմ երազանքիս, որ ամեն անգամ մի նոր հպարտանալու առիթ էիր ունենալու: Ես էլ ուժերիցս ավելին էի անում՝ քեզ ուրախություն պարգևելու համար: Բայց հիմա, պարզապես ուզում եմ թողնել ամեն բան, գալ ու նստել կողքիդ: Եվ կներես ինձ, թե որոշեմ վառել ծխախոտս:

Ոչ մի նոր բան չկա: Ամեն օրս տարբեր է ու նման անցածին իր միօրինակությամբ ու անիմաստությամբ, որովհետև չեմ էլ մտածում ապագայի մասին: Ժամանակս կանգնեց մի քանի ամիս առաջ:

Կանգնեցրիր… Ներիր, թե այսքան կոտրված ու աշխարհից հիասթափվածի պես եմ խոսում: Չնայած, այդպես էլ կա: Ժամանակն էլ չի փոխի, որովհետև չես գալու ու չի մոռացվելու գնալդ, չլինելուդ ամեն օրվա ցավն ու արցունքները սրբել չմոռանալը:
Չգիտեմ էլ ինչ գրեմ, դատարկվել են բառերս: Ուզում եմ ասել, որ կարոտել եմ: Երգն էլ, այնքան տխուր է: Ու դու չես լսի ու չես էլ կարդա հերթական նամակս: Ոչինչ, ես չեմ նեղանում քեզնից, ինչպես դու ինձնից՝ շիրիմիդ չայցելելու համար:

Գիտեմ, որ թռչունները թռչում են տարբեր ուղղություններով,
Հուսով եմ`  կրկին կտեսնեմ քեզ…

marat sirunyan

Տե՛ր հայր, սամի՛

Իր նորանշանակ տիրացուի հետ հարսանքատեղից ետ էր դառնում մշեցոնց գյուղի, օսկերչու թաղի Տեր Դանելը։ Շատ էին անցել, թե քիչ, երբ տիրացուն կանգնեցրեց լծկան եզներին կցված սայլը, ու դարձավ Տեր հոր կողմը։
-Տեր հայր, զիմ սիրդ ուր տեղ չի գդնա, գուզիմ հիմնամ՝ իմա՞լ կեղնի, որ ծեսի վախտ համեն բան ես կենիմ, դու մեգ-էրգու աղոթք կսիս ու գպրձնաս, բայց սեղանու վրա հմնուց պադվավոր տեղ քումն ի, ու զիս տեղ չկա։

Բանն այն էր, որ ամեն ծեսի ժամանակ խեղճ տիրացուն ամբողջ օրը ման էր գալիս Տեր հոր ետևից, կատարում նրա ասածները, շարականներ երգում ու աղոթք կարդում ինչքան ասես, բայց երբ սեղան նստելու ժամանակն էր գալիս, Տեր Դանելը մոռանում էր նրան, և քանի որ տիրացուն իրավունք չուներ առանց Տեր հոր թույլտվության սեղան նստել, այդպես մինչև վերջ մնում էր ոտքի վրա, դատարկ փորով։

- Էս ի՞նճ կսիս, տղա՜, զիմ հե՞դ ոդ գմեգնիս, մեղք է, լա՜ո, Աստվաձ չի ներե։

- Թե որ Աստվաձ քզի ներեց, ընձի լե գներե ու գներե,- բարկացած նետեց տիրացուն ու հանելով եզների սամին սկսեց ծեծել Տեր հորը։
- Վա՜յ, կսպանիս, թո՜ղ, լա՜ո, իդրաց հեդո դու լը զիմ հեդ սեղան գնստիս,- հարվածների տարափի տակ մի կերպ աղերսեց Տեր Դանելը։
- Դը իշե՛, Տեր հայր, թը դու քու խոսկ լը չհիշիս, իդը սամին քու միտք պահե։

Հերթական հարսանիքն էր, նորից ճոխ սեղանների ամենապատվավոր տեղերից մեկը Տեր Դանելինն էր, իսկ նա կրկին մոռացել էր տիրացուին էլ, իր խոստումն էլ… Թեժ կերուխում էր, երբ Տեր հոր կողքին կատաղությունից փայլող աչքերով հայտնվեց տիրացուն ու կամացուկ շշնջաց ականջին.

- Տո՛ Տեր հա՞յր, սամի՜…
-Վա՜յ, տե՛ր օրշնած, ծամի՜,- վեր թռչելով պատվիրեց Տեր հայրը՝ մտաբերելով նախորդ անգամ գլխին եկածը…

Հ.Գ.- Պատմության դեպքերն ու դեմքերը վերցված են պապիս՝ Գրիշա Այվազյանի պատմություններից։

janna sargsyan lori

Բարև, ինձ քո մի մասնիկը չհամարող աշխարհ

Բարև, ինձ քո մի մասնիկը չհամարող աշխարհ։

Իմ ու քո ճամփաները երբեք չեն հատվում, պատճառը, երևի, քեզ հակառակվելն ու տարբեր լինելն է։

Բոլորից տարբերվել ինձ դու ես սովորեցրել։

Դու ինձ մենակ թողեցիր էս ամբոխի մեջ, իսկ որպես նվեր` խիղճ տվեցիր, որ արդար լինեմ, ու քեզ երբեք չդատեմ։

Դու ինձ ոտքեր տվեցիր, որ ամուր կանգնեմ, բայց թևերս փորձեցիր կոտրել, որ էդ ցավից ծնկեմ ու ծնկած ապրեմ, քո ենթական լինեմ, բայց չստացվեց, դրա համար էլ դու ինձ քո մի մասնիկը չհամարեցիր։

Ինձ միտք ու արդարություն տվեցիր, իսկ հետո, քո աշխարհի մարդկանց անարդար դարձրիր ու թողեցիր, որ ես մենակ պայքարեմ ու հանձնվեմ, բայց չհանձնվեցի, դրա համար էլ քո մի մասնիկը չդարձա։

Դու ինձ սիրտ տվեցիր, որ սիրեմ, իսկ հետո, սրտիս համար, քո մեծ աշխարհից, ընտրեցիր մեկին, ով անհասանելի էր, անիրական։ Դու ուզեցիր սիրտս կոտրել, բայց չստացվեց, դրա համար էլ, ես քո մի մասնիկը չդարձա։

Հիմա, ես ու դու հավերժ պայքարի մեջ ենք: Էս պայքարում ես կամ հաղթող եմ, կամ պարտվող։ Եթե անգամ պարտվեմ, հիշիր, որ ինձ մինչև վերջ հանդուրժելու ես, ու համակերպվելու իմ տարբեր լինելու հետ, որովհետև ես երբեք քո մի մասնիկը չեմ լինելու։

milena movsesyan

Ինձ հեքիաթ պատմեք

Ինձ հեքիաթ պատմեք: Ամենից լուսավոր հեքիաթը հիշեք՝ առանց բացասական կերպարների, վախեցնող դեպքերի, չար հերոսների ու փորձությունների, առանց մութ անտառների ու կորած երեխաների: Եթե չգիտեք աշխարհի ամենախաղաղ վայրի ու հանդարտ սյուժեի մասին, ուրեմն հեքիաթը հորինեք հենց սկզբից: Հնարեք ամենասուտ ու մտացածին աշխարհն ինձ համար: Իսկ հետո ցածր, հանդարտ ձայնով սկսեք պատմել…

Պատմեք ինձ խաղաղ ծովերի, լուսավոր անտառների, բարձր լեռների ու գրավիչ մայրամուտների մասին: Համոզեք, որ այդ աշխարհի կենդանիների բոլոր տեսակները անվտանգ են, որ անգամ առյուծն է նուրբ ու հոգատար։ Ասեք, որ այնտեղ չեն լսվում տագնապի ազդանշաններ` ո՛չ բնական աղետների, ո՛չ հեռախոսի զանգերի և ո՛չ էլ շտապօգնության մեքենաների: Այնտեղ թող շշնջան միայն չարաճճի ալիքները, մեղմ շոյող քամին, բազմերանգ տերևներն ու թռչունները:

Հավաստիացրեք, որ ոտքս ուր էլ դնեմ՝ փայլփլուն ծաղիկներ կբացվեն։ Թե բարձր ժայռից ցած նետվեմ, քամին ինձ դանդաղ ներքև կիջեցնի։ Իսկ եթե սուզվեմ ծովի խորքերը, ջուրը ինձ արագ վերև կհանի։ Ու ես այս հրաշքներով հիացած, գլուխս կորցրած ժամանակի և իրական կյանքի մասին շուտ կմոռանամ։

Ինձ մենակ թողեք այդ անիրական վայրում: Խնդրում եմ, թող այդ հեքիաթում ինձանից բացի ուրիշ հերոսներ չլինեն: Որպեսզի ես ընկերներ ձեռք չբերեմ, չմտերմանամ շատ մարդկանց հետ, որպեսզի հետո ստիպված չլինեմ նրանց կորցնել, հրաժեշտ տալ ու էլ չտեսնել:

Զրկեք ինձ մտածելու, վերլուծելու և հետևություններ անելու կարողությունից: Անջատեք իմ գիտակցությունը, զգացմունքներն ու հույզերը: Թող արցունքներս թափվեն, խառնվեն ծովին, բայց թույլ մի տվեք, որ ներսս ցավի: Թող ես լինեմ այդ հեքիաթի ամենաթույլ ու ենթարկվող հերոսուհին: Հոգնել եմ ներկայիս ուժեղ կերպարից: Ուզում եմ վերջապես ընկնել ու ջանք չթափել կանգնելու համար․․․

Երբ ես վերջապես թիթեռի հետևից վազելով կհասնեմ աշխարհը ձեր հորինած, խնդրում եմ, ինձ այնտեղ կողպեք։ Էլ ոչ մի դեպքում դուռը չբացեք․․․

Gohar Petrosyan

Անուրջ տանիքում

Կգա այն օրը, երբ մեր դաշտերում
Ձեռքդ բռնած կքայլեմ հանգիստ,
Եվ մանկությանս խենթ քամին կրկին
Ետ կգա իր հետ ծաղկի բույրերով։

Կնստեմ կանաչ ծառի շվաքում,
Լուռ կհետևեմ քո աշխատանքին,
Ու ծաղիկներից պսակ գործելով
Ուրախ կվազեմ` կարոտ քո գրկին։

Կգրկես ինձ քո ամուր ձեռքերով,
Կասես` գեղեցիկ է պսակը իմ,
Ու քո խոսքերով հոգիս լցնելով`
Թևեր կտաս իմ երազանքին։

Դաշտերում անհոգ կվազեմ անվերջ
Ու կմոռանամ տունդարձի մասին,
Քանզի ողջ կյանքում ուր էլ որ լինեմ`
Միայն քեզ հետ է տունը իմ։

Արևի շողերը դեմքիս կընկնեն,
Ու կփակվեն աչքերս հոգնած,
Մթին գրկումդ ինձ տուն տանելով`
Մանկությունս կարծես հեքիաթ կթվա։

Բայց խավարներում հոգիդ կորցնելով
Քայլում եմ մութը ներսումս պահած,
Մնաց ինձ միայն դաշտերի քամին`
Մանկության բույրը իր մեջ հավաքած։

Եկան ու անցան օրերը այն հին,
Երբ քո գրկում էի տուն դառնում քնած,
Ու այն խենթ քամին` դաշտի բույրերով
Կմնա լոկ հուշ իմ երազանքին։

Ու մենակ, դատարկ տանիքում նստած
Կսպասեմ երկնքից ընկնող աստղին,
Որ քեզ այնտեղից իր գրկում պահած
Բերի ու թողնի հավերժ իմ կողքին։

shushanik papazyan

«Խոհանոցային զրույցներ»

Շաբաթվա սկզբին էի որոշել գրել, բայց հետո մտափոխվեցի՝  շաբաթվա կտրվածքով ավելի շատ պատմելու բաներ կլինեն։

Ինչպես տեսնում եմ՝ չեմ սխալվել։ Առավոտյան բժշկուհիս էր զանգել։ Անհանգստացա, որովհետև արթնացրեց ինձ։
Միշտ հետս էդպես է լինում՝ միանգամից վատ բաներ եմ սկսում երևակայել։
«Կարո՞ղ է արդեն մեռնելս եկել է, ես տեղյակ չեմ»,- մտածեցի ու պատասխանեցի զանգին։ Կեսօրին ծիծաղս եկավ  առավոտվա կատարվածի վրա: Պարզվեց զանգել է, որ իրենց տուն հրավիրի։ Ավելացրեց, որ կարծում է, թե լավ աղջիկ եմ ու պիտի անպայման իր որդու հետ ծանոթանամ։
Ես էլ համաձայնեցի, որ երկար չխոսենք։
Կեսօրից հետո մտածում էի՝ ես համաձայնեցի որ լա՞վ աղջիկ եմ, թե՞ որ ուզում եմ ծանոթանալ ևս մեկ անհաջողակի հետ։

Պիտի ինձ զբաղեցնեի մինչև խոհանոց գնալս ու ճաշելս։ Գիտե՞ս՝ լինում է, որ օրս կեսօրից է սկսվում։
Ոչ հաճելի է, ոչ էլ տհաճ ՝ արթնանում եմ, էլի։
Խոհանոցում միշտ մայրս է լինում՝ ինձնից ու մնացած բոլոր կանանցից շատ։
Մենք գրեթե միշտ զրուցում ենք խոհանոցում, ու երբ մայրս ուզում է վիրավորել ինձ, ասում է. «Իսկը հորդ ես նման»։
Սովորաբար նման դեպքում չեմ հակաճառում՝ հայրս իսկական «ծիտ է» ու հետևաբար` ես էլ։ Ի՞նչ վատ է որ։

Շաբաթվա սկզբում ընկերոջիցս բաժանվեցի։ Ավելի ճիշտ, չգիտեր, որ ինքն իմ ընկերն է։ Պարզվեց ինչ-որ կարճահասակ մեկի հետ է։ Առաջին բանը, որ եղավ այս շաբաթ իր` իմ ցանկալի փեսացուների ցուցակից դուրս թռչելն էր։
Ճաշին ոսպով ինչ-որ ապուր էր։ Երևում էր, որ մայրս կարգին ջանք էր թափել։ Ստիպված եղա ամբողջությամբ դատարկել իմ բաժինը, որովհետև նոր խոսակցության տրամադրություն չունեի։
Ինչպես միշտ, վերջում կրկին գալու էր այն եզրակացության, որ ինձ մի կարգին տղամարդ է պետք։

Հաջորդ օրերին ձյուն էր տեղում։ Մայրս ասաց, որ լավ կլինի տանից դուրս չգամ՝ սառելու եմ։
Հետո հիշեցի բժշկուհուս. հա, էլի, իսկական լավ աղջիկ եմ։ Լսեցի մորս ու ոչ մի տեղ չգնացի։
Հանդիպում էինք կրկին  խոհանոցում։ Չորեքշաբթի երեկոյան կրկին ապուր էր ընթրիքի սեղանին։
Առհասարակ քեզ մի բան ասեմ ՝ մայրս սովորություն է ունեցել լսելու տատիս։
Տատս էլ ձմռանը միշտ ասում էր, թե խոհանոցում միշտ տաք ինչ-որ բան պիտի եփված լինի, որ երեխեքի եղած-չեղածը տաքանա։
Մեկ-մեկ զայրանում եմ մորս հնազանդության վրա։ Չնայած կարգին անհնազանդություն է ունեցել ժամանակին։
Ինձ հաճախ է ասում, թե իրեն էլ եմ նման։ Բայց հիմա իմ անհնազանդության ձեռքը կրակն է ընկել։
Ոնց հասկանում եմ, սպասում է, որ «կրքերը հանդարտվեն»։

Երբեմն ինձ թվում է, թե ես ինչ-որ սխալներ եմ թույլ տալիս ու ամեն բան սկսվում է այնտեղից, թե ինչպիսինն եմ ես։
Ես գրեթե ոչինչ չեմ անում, բայց ամեն գիշեր արթնանում են մահճակալիս տակ թաքնված հրեշներն ու խաղում են մազերիս հետ։
Չեմ ստի, եթե ասեմ, որ հիմա ամենաշատն ուզում եմ, որ դա տեղի չունենա։
Ես գիշերով հիմար երազներ եմ տեսնում, որոնք իրականում պատահել են ինձ հետ, ու սարսափում եմ, որովհետև դրանք նորից կրկնվում են։
Ես երբևէ չեմ հարցրել, թե հրեշներն ինձնից ինչ են ուզում։ Բայց խոհանոցային զրույցներում բորբոքվում ու հարցնում եմ, թե ինչ է իրենց ուզածն ինձնից։

Շաբաթվա վերջին ցանկալի փեսացուների նոր ցուցակ գրեցի։ Չէի ասի, թե ուզում եմ ամուսնանալ։ Երբեմն սիրտս կարգին, տեղը-տեղին ժամադրություն է ուզում։ Կարծեմ հինգշաբթի երեկոյին էր։ Մայրս ասում է, որ իր կյանքի միակ տղամարդն իր կողքին չէ։ Չգիտես ոնց է ստացվում, բայց ես շաբաթական երկու անգամ կորցնում եմ իմ կյանքի միակ տղամարդուն։
Ուզում եմ ասել, որ մայրս ճիշտ է՝ ես գաղափար չունեմ, թե ինչ եմ անում կյանքիս հետ։

Երեկոյան բացահայտեցի, որ մայրս օրագրություններս է գտել։ Ոնց հասկացա, նաև կարգին տնտղել է։
Առավոտյան խոհանոցային խոսակցություն ունեցանք։ Ասաց, որ առողջականիս հետևեմ, իսկ երազները հիմար բաներ են։ Պետք  է կարգին բան մտածել, դրանից ազատվելու համար։

Ես հաճախ եմ մտածում, որ այսօրն ինձ սպանեց, բայց շարունակում եմ առավոտյան արթնանալ, գնալ խոհանոց ու նախաճաշել։

Շաբաթվա վերջը գրեթե ոչինչ չբերեց։

Ես առավոտյան իմ սուրճը սառը պատշգամբում վայելում էի, մայրս էլ բողոքում էր, որ պատերազմից հետո ամեն ինչ թանկացել է։ Մենք խոսում էինք իմ երազների մասին, ավելի ճիշտ ես ջրին էի պատմում, որ չքվեին վարդագույն աչքերով հրեշները։ Հիշում եմ, որ մայրս լսում էր։ Տատիս պես, երբ կծկվում էի տատիս  ոտքերի մոտ ու պատմում, որ մեր բակում ոսկիներ կան՝ առավոտյան վաղ պիտի արթնանամ, որ գնամ գտնեմ։

Հաջորդ օրը մորս հարցրի ՝ տատը տեսնես գիտի՞, որ ոչ մի ոսկի էլ չգտա մինչև հիմա։ Որ գտածս միայն հողոտ գդալներ են եղել ու դրանցով սրա-նրա սիրտն եմ փորփրել ու ինձ համար տեղ չեմ գտել։
Գիտե՞ս, նման դեպքերում, երբ ես անկապ փիլիսոփայում եմ, մայրս ասում է ՝ լավ կլինի։
Ճիշտը որ ասեմ, ես էլ ամեն անգամ հրեշների հետ քոռ դանակով կռվելիս ինքս ինձ համոզում եմ, որ մայրս ճիշտ է՝ լավ կլինի, ու եթե աչքերս փակեմ, հետո բացեմ՝ հրեշները կգնան, ու ես նորից խոհանոցում կլինեմ։

Elina Yerkanyan

Ճեղքեր

Եթե չների քեզ առավոտը

երկնային ձայնի հուշումներն լսելով

քո ձեռքն եմ բռնում արտացոլանքում:

ամուր, կարծես մի թել հյուսելով.

թեթև տա՛ր քարկապը կախյալ զգացմունքում

 

ու ստվերը՝ պոկած սենյակի անկյունից,

քեզնից կտանեմ անտեր մի հեռու:

կարծես թե գժվում եմ այն խուսափումից,

որ մթության մեջ կդառնաս դու ուրու:

 

մարդկանց հայացքները լքված փողոցում,

որ վաղուց պղծվել է նրանց մեղքերով

անվտանգություն անկեղծ չեն սուլում:

«Արի՛ վազենք բոբիկ ապակու վրայով»:

 

դու, չես մտածում քո հոգու մասին,

չես զգում նույնիսկ այդ ճիչը արյան:

բայց հիշիր քո սիրուց տանջվող անհասին:

Ես վախենում եմ ամեն մի վայրկյան

 

սարսափում եմ ես ամեն լուսաբաց

փնտրել քեզ մահվան սև ծալքերի մեջ:

հույս ունենալով, որ արևի դիմաց

կյանքիդ կրակը կվառվի անշեջ:

 

Ճեղքեր

Եվ հոգնած մարդկանց եսասիրությունից

մաշված երկնքից իջնում է նա ցած:

ոչ մեկ չի բացի իր սիրտը անբիծ

մի անհայտ ստվերավոր պատկերի դիմաց:

 

բոլորն էլ ջարդվում են այս աշխարհում:

դրա հետ հաշտվում են կամ մնում լքված:

բայց մի բանն է բոլորին միավորում:

երբեք էլ հետ չեն գա մասնիկները կոտրած

 

ի ծնե մենք փորձում ենք դատարկ ճեղքերում

տեղավորել սիրալիր մեզ մարդկանց:

ու խցկու՛մ ենք, խցկու՛մ ենք, խցկու՛մ ու խցկու՛մ:

բայց ի վերջո միայն ճմրթում ենք նրանց:

 

ասում են, որ մենք մինչև կյանքի վերջ

փորձում ենք լցնել այդ բացերն մնացած:

ու էլ կարևոր չի մեր համար էլ հեչ

որ ճեղքերն այդ քանդում են մեզ մի օր հանկարծ…

 

Համահունչ

օրեր կան հիշում եմ հայացքը քո լուրջ:

եվ լուրջ այնքանով, որ չէիր հավատում:

հանկարծ գիտակցում եմ, որ իրականում

երբեք մենք չենք եղել քո հետ համահունչ:

 

հոգումդ շեփոր էիր նվագում գաղտնի,

բայց ձևացնում էիր զորեղ մի թմբուկ:

իսկ երբ հեռացա ես կեսօրին,

հանեցիր դիմակը դեմքից քո փափուկ:

 

հաճախ թվում է, թե մտքիս մեջ

քո տան ճանապարհն եմ վերստին անցնում:

բայց արդյո՞ք արժի միայն կռիվ եվ վեճ

վերածել մի բանի, որին չեմ դիմանում:

 

մենք շնչում էինք քեզ հետ տարբեր օդերով

ես երկրային՝ դու անվեհեր:

բայց չափից շատ խղճուկ է

հաշված օրերով մոռանալ զգացունքը այդ՝ կոչված սեր:

 

Շնչահեղձ

ցորենակար երակներդ համբուրեմ աննկատ,

որ կորչեն մտքիդ կասկածները թյուր:

ուզում եմ թողնել, հեռանալ անընդհատ.

այստեղ միշտ զգացել եմ ինձ ինչպես հյուր:

 

ինչքան համոզես, որ քեզ չլքեմ՝

հետևի մուտքի դուռն թողնելով կիսաբաց,

ես հեռանում եմ շնչահեղձ՝

վերջին բառն անգամ մինչև վերջ չասած:

Շաբաթ իրիկնամուտ

Դառնությունը կամաց ավելանում է։
Իսկ մութն սկսվում։
Գիշերը հիմա պիտի սկսվի։
Իսկ մենք հեռու ենք։
Դառնությունը դուրս է գալիս
Իր սահմաններից,
Որ վերջույթներդ են։
Մութն սկսվում է։
Էլի առանց քեզ։
Ես ու մութն ընկած ենք
Այսուհետ։
Ընկած ենք մենք
Ու դառնանում են,
Գետնին տրորված,
Դեղին երազները նրա։
Աստղերը, սեր իմ,
Մթան ոտքի տակ,
Ընկան ջրափոսն ու խորտակվեցին։
Գոնե աստղերը եթե մնային
Դառնությունը քիչ կլիներ
Մի քիչ։
Աստղերը դեղին`
Երազները մթի։
Ոտնակոխ եղան մթի ոտքերով։
Ու դառնությամբ իմ։

***
Ինձնից դեռ մնացել է մի քիչ
Այդ քիչը առ թևերիդ մեջ,
Լայն թևերով փրկիր ինչ կա։
Մնացածը այրվեց այնտեղ`
Սիրո դահիճ հնոցի մեջ։
Դու ինձ նետեցիր դրա մեջ։
Մոխիր դարձա ու մոխրագույն,
Քամին տարավ մոխիրները,
Մոխրագույնը ցրվեց օդում,
Բայց վհատվել պետք չէ, դահի՛ճ,
Ինձնից դեռ մնացել է մի քիչ։

***
Ես անընդհատ գողանում եմ,
Ինքս ինձնից գողանում եմ
Ինձ։
Ես անընդհատ գողանում եմ,
Ինքս ինձնից գողանում եմ
Տալիս քեզ։
Ես անընդհատ գողանում եմ,
Ինձնից քեզ եմ գողանում
Ու տալիս քեզ մոռացության ճիրաններին։
Հետո պայքարում ճիրանների դեմ,
Նրանցից գողանում քեզ
Ու տալիս ինձ։
Սա կրկնվող ու չընդհատվող
Պայքար է լուռ։
Սա չավարտվող ու չսկսվող
Պայքար է սուտ։
Սա պայքար է։
Իմ ու իմ միջև
Հանուն քեզ։

***
Չգիտեմ ինչու գուցե օրենք է։
Գուցե կյանքը այս
Դանդաղ չի անցնում։
Գուցե կյանքում այս
Դանդաղ չեն անցնում։
Գուցե կյանքում այս
Ցածր չեն խոսում։
Չգիտեմ ինչու, գուցե օրենք է։
Գուցե կյանքը այս
Ինձ նմաններին չի կարող տանել։
Գուցե կյանքը այս պետք է անտեսել։
Փախիր, կյանքը այս ունի օրենքներ։
Դու չկաս այնտեղ։
Չգիտեմ ինչու, գուցե օրենք է։

***
Այսօր դու իրական ես։
Այնքան պարզ, տեսանելի։
Երբեմն էլ դառնում ես
Անտեսանելի քամի։

Այս պահին դու այստեղ ես,
Մոտ ես ու շատ իրական։
Գնալ հիմա կարող ես,
Քամու մեջ հույսեր չկան։

Քամու մեջ հույսեր չկան
Քամին ուժ է ու շարժում,
Քամու հետ հույսեր չկան։
Քամու պես ցավ չես զգում։

Քամու պես անցնում ես լուռ։
Քամու հետ անցնում արագ։
Ինձ թողնում ես լոկ սարսուռ,
Հուզմունք, դավեր ու կրակ։

***
Հիմա ավելի քան երբևէ
Ունեմ կենարար կարիքը քո։
Հիմա ավելի քան երբևէ
Ունեմ տխուր, կիսատ երեկո։

Հիմա արդեն, գուցե էլ երբեք
Ուզում եմ անկեղծ լինել քեզ հետ։
Հիմա արդեն, գուցե էլ երբեք
Ուզում եմ դանդաղ խոսել քեզ հետ։

Հիմա` գուցե արդեն շատ վաղուց,
Ես վճարել եմ գինը սիրո։
Հիմա` գուցե արդեն շատ վաղուց,
Ես զգացել եմ ցավը սիրո։

Հիմա, ու երևի թե ընդմիշտ
Տեսնելիս քեզ հեռու կվազեմ,
Հիմա, ու երևի թե ընդմիշտ
Ինքս ինձ ու քեզ էլ կխաբեմ։

***
Սարսափը այս գուցե չքվի։
Ուրվականը գուցե կորչի։
Խավարը այս գուցե ցնդի։
Ցերեկը այս գուցե մթնի։
Կյանքը այս գուցե պարտվի։
Բայց սերը քո, որ լույսն է իմ,
Չի ստվերվի։