hovik vanyan dsex

Մի ավտոբուս՝ լի հայերով

Գիշերվա ժամը երկուսն էր: Քունս տանում էր, ես ո՞ր օրվա էդքան դիմացողն էի, ժամը 11-ն անցավ՝ պետք ա քնեմ: Արդեն գլխիս տեղը հարմարեցրել էի ավտոբուսի չոր պատուհանին, որ քնեմ ու… Էլ չեմ հիշում ինչ եղավ, երևի իսկապես քնել էի:

ՌԴ-ից, ավելի ճիշտ՝ Սարատովից, պետք է հասնեինք Հայաստան: Շուրջ երկու օր: Առաջին անգամ էի ավտոբուսով այդքան երկար ճանապարհ անցնելու: Չգիտեմ՝ ինչքան էի քնել, երբ արթնացա ինչ-որ մեկի բարձր խռռոցից՝ վերջին շարքի երրորդ նստարանին նստած մարդն էր: Էլ այդպես էլ քունս չտարավ: Չգիտեի՝ ինչ անեմ: Հիշեցի բարեկամիս թխած խաչապուրու մասին ու ընկա տոպրակի մեջ, որ գտնեմ: Արդեն փշուրներն էի մաքրում վրայիցս, երբ մի բարձր դմփոց լսեցի: Պարզվեց, որ ավտոբուսը կանգնել էր, ու պետք է անիվը փչեին, բայց ինչպես ասում են՝ ունքը հանելու տեղը տվեցին աչքն էլ հանեցին: Էնքան էին փչել, որ ակը չէր դիմացել ու պայթել էր:

Չէինք էլ հասկանում, թե ինչպես է ժամանակն անցնում: Արդեն մտերմացել էինք ավտոբուսի ժողովրդով, ու ով ինչ գիտեր՝ պատմում էր: Ամենահամով ուղևորն էլ Արտաշեսն էր՝ ութ ամսական: Շատ էի զարմացել, թե ոնց էր խելոք մնում այդ երեխան՝ մի ծպտուն չէր հանում, մենք էլ հերթով պահում էինք փոքրիկ մարդուկին: Ընթացքում երևի բոլորն էլ քնում էին, էլի վեր կենում… Հաշվեցի բոլոր մարդկանց, վարորդներին էլ հաշված` քառասուն հոգի էինք, երկու աղջիկները կարծես ռուսներ լինեին, մի տղա կար՝ վրացահայ, իսկ մյուսներս հայեր էինք՝ Հայաստանի բոլոր մարզերից: Վրացահայ տղան՝ Դավիթը, մեր տրամադրությունը միշտ բարձր էր պահում, շատ հումորով ու սրամիտ տղա էր: Իմացանք, որ էշին էլ վրացերեն ասում են «վիռո»: Մի տատիկ էլ կար՝ ասող-խոսող, շատ հավեսով էր, արդեն ուզում էինք ամուսնացնել, էն էլ փեսացուն ամաչկոտ պապիկ էր. դեմքն արդեն կարմրել էր:

Խոսում էինք դեսից-դենից, եթե ճանապարհն ավելի երկարեր, միգուցե բարեկամներ էլ դառնայինք վերջում: Ափսոս, այդ երկու օրը կարճ տևեց, ու արդեն հրաժեշտի պահն էր:

Երբ կարդում եք Հայաստանից Ռուսաստան, կամ հակառակ ուղղությամբ մեկնող ավտոբուսների մասին, հիշեք, որ ավտոբուսի մեջ քառասուն, գուցե ավելի, գուցե պակաս կյանքեր են, որ ճանապարհի ընթացքում միահյուսվում են իրար:

Inesa Zohrabyan aragacotn

Պատահականություններ չեն լինում

Ապրիլ ամսին ես մի նոր ընտանիք ձեռք բերեցի՝ «TEDxKids@Yerevan»-ի անձնակազմն ու խոսնակները: «TEDxKids@Yerevan»-ի նպատակն է ծառայել որպես հարթակ երիտասարդ սերնդի համար, որպեսզի նա բարձրաձայնի իրեն հուզող և հետաքրքրող խնդիրներն ու հարցերը, ինչպես նաև պատմի իր յուրահատուկ հաջողությունների, հայտնագործությունների, ուսումնասիրությունների ու պատմությունների մասին: Ես էլ, հաղթահարելով երկու փուլերը, դարձա խոսնակ: Իմ թեման անտեսանելի երևույթների մասին էր: Ես խոսում էի հիմնականում այն մասին, որ պատահականություններ չկան մեր կյանքում, և բերում էի գիտականորեն ապացուցված փաստեր, որոնք համեմատում էի մեր առօրյա ու մշտական գործողությունների՝ շնչելու և աչքերը թարթելու հետ: Վերջում հանգում էի այն եզրակացության, որ կան բաներ, որ մեր մի մասն են կազմում, բայց շատ քիչ բան գիտենք դրանց մասին, կան բաներ, որ էլի մեր մի մասն են, բայց դրանց մասին նույնիսկ չգիտենք էլ, ու 3-րդը, որ չգիտենք էլ, որ չգիտենք: Տեքստի, ելույթի նախապատրաստական աշխատանքների համար սպասում էի շաբաթ օրերին, որպեսզի իմ ընկերների՝ Ռուբինայի և Ալլենի հետ նստեմ տաքսի և գնամ Թումո: Ես այնտեղ ձեռք բերեցի շատ ընկերներ՝ ամեն մարզից ամենաքիչը երկու հոգի: Նրանք դարձան իմ լավագույն ընկերները: Այսպես, գրեթե 3 ամիս միասին էինք:

Հունիս 28-ը մեր հանդիպման վերջին օրն էր, միջոցառման օրը: Բոլորն անթերի ելույթ ունեցան, մեր ոգևորվածությունը շատ մեծ էր՝ 3 ամսվա աշխատանքը պետք է ցուցադրեինք և հանդիսատեսին հասցնեինք այն խնդիրները, գաղափարները, որոնք բոլորին են հուզում ու հետաքրքրում: Եվ ահա, ամեն ինչ ավարտվեց: Գրկախառնություններ, նկարներ: Իհարկե, մենք էլի կտեսնվենք, չնայած հեռավոր մարզերից էլ են մեր ընկերները: Հաճախ են հարցնում, թե ինձ ինչ տվեց «TEDxKids@Yerevan2017»-ը, ու ես կատակով ասում եմ, որ ամենափոքր բանը ամեն շաբաթ ընկերներով մի սեղանի շուրջ նստելը և պիցա ուտելն է, իսկ եթե կատակը մի կողմ դնենք, ապա այն ինձ տվեց շատ-շատ ընկերներ, լավ շրջապատ, անմոռանալի պահեր ու հիշողություններ, մեծ փորձ, 300 հոգու առաջ խոսելու ու քո ուսումնասիրությունը նրանց հետ կիսելու հնարավորություն, գեղեցիկ խոսելու հմտություններ, ժեստեր օգտագործելու հմտություններ, անփոխարինելի գիտելիքներ, շատ մարդկանց ոգեշնչման աղբյուր հանդիսանալու փորձ, փոփոխություններ ինքս իմ մեջ, ինքնաբացահայտման հնարավորություն ու էլի շատ բաներ, որոնք ես դեռ չեմ պարզել ու ապագայում կհասկանամ:

Astghik Hunanyan vayots dzor

Կախարդական արկղ կամ հենց ինքը՝ դպրոցը

Ամառ է, շոգ: Քայլում եմ փողոցով՝ մայթերը եզերած խանութների, շենքերի, ավտոմեքենաների թափանցիկ ու կիսաթափանցիկ պատուհանների ու դռների վրա արտացոլանքս որսալով: Ահա, սա ես եմ, նիհար, մկան հայացքով, մի երկու քայլ այն կողմ էլի ես եմ, էլի ես (արդեն՝ զարմացած մկան հայացքով), էլի, 5, 6, 10, 15… Այստեղ մի բան այն չէ, շուտ-շուտ սկսեցին աչքերս ինձ գտնել՝ իրար հետևից շարված պատուհանների վրա: Մինչ ես «անջատված» կարագացնեի քայլերս, և նույն արագությամբ էլ ինձ կհետևեին պատուհանների վրա ծեփված արտացոլանքս ու ասֆալտին փարված ստվերս, աչքերս էլի բան հասցրեցին որսալ՝ «Եղեգնաձորի ավագ դպրոց» գրությամբ ցուցանակը: Մեր դպրոցին եմ հասել:

Բայց մեկ է՝ մի բան իսկապես այն չէ, չէ, ոչինչ էլ նորմալ չէ, կարծես աչքիս սովոր տեսարանը թերի է, կիսատ, չէ՞ր հասցրել նկարիչն այդ օրվա համար նախատեսված կտավը ավարտին հասցնել ինչ է: Է՜, էլի սկսեցի փիլիսոփայել, էս ինչ եմ խոսում, ուղղակի դպրոցի բակում վազող, կռվող ու հաշտվող, դպրոցի ճաղերից փախչելու ելք փնտրող, բրդուճի մեծությամբ իրար զարմացնել ջանող աշակերտները չկան: Կապույտ գլխարկով, կարճ հասակով ու հաղթողի հայացքով դպրոցի պահակ, մեր ասած՝ «բանտապահ», Երազ տատը չկա, չկա դասղեկիս ավտոմեքենան, որ միշտ նույն տեղը կայանված հլու-հնազանդ տիրուհուն է սպասում: Ախր, այստեղ մի ամբողջ կյանք է բացակա, մի ոգի, որը սև ու սպիտակ այս պատկերը կգունավորի: Դու էլ հիմա դպրոցի մոտով անցնելիս նույն սառնությունն ու դատարկությունը չե՞ս զգում, երբեք չեմ սիրել ամառային արձակուրդները:

Եթե ինձ մի քանի տարի առաջ հարցնեին՝ սիրում եմ դպրոցը, թե ոչ, ես կասեի. «Այո, իհարկե, բայց առանց ուսուցիչների», կամ միգուցե երկար մտածելուց հետո ավելի հարմար պատասխան գտնեի. «Այո, այնքան եմ սիրում, որ նրան մեծ հաճույքով ջերմություն կհաղորդեի, ուղղակի մի դույլ բենզին, լուցկի ու համարձակություն է պետք»: Վերջում էլ մի հրեշավոր վհուկի քահ-քահ ծիծաղով կծիծաղեի: Եթե ինձ մի քանի տարի առաջ հարցնեին, թե որ դասն եմ առավել սիրում, ես առանց երկար-բարակ մտածելու կպատասխանեի՝ վերջինը:

Եթե ինձ մի քանի տարի առաջ ասեին, որ դպրոցն իմ երկրորդ տունն է, ես կասեի. «Դե, ես իմ տունը ծախում եմ ու «խոպան» գնամ»: Եթե ինձ հարցնեին, թե ի՞նչ է դպրոցը, ես լաց կլինեի՝ հիշելով առավոտները մի կերպ արթնանալս, ուշացած դասի գնալս ու ճամփին ուղեղս լարելով՝ բազմաթիվ պատճառաբանություններ փնտրելս, կհիշեի այն հիմար զանգը, այն չէ, որ դասի ավարտն էր ազդարարում, այլ այն զանգը, որը կարծես աշակերտներին շղթայում էր, տանում նստեցնում դասի, այն զանգը, որին հաջորդում էին «Բարև ձեզ, երեխաներ, նստեք ու հանեք գրքերը» բառերը, ես այդ բառերն էլ էի ատում: Հատ առ հատ կհիշեի սինուս-կոսինուսախառը երազները, որ երկրաչափության դասին քնելիս էի տեսնում:

Իսկ հիմա եթե հարցնեն, թե ինչ է դպրոցը, ես մի բան կպատասխանեմ. «Դպրոցն առանց չարություն անող աշակերտների, առանց անժպիտ ու կոպիտ ուսուցիչների նույնն է, ինչ մարդն առանց երիկամների. աղքատ է»: Դե, լավ, կատակեցի, աշակերտներն ու ուսուցիչները դպրոցի սիրտն ու երակներն են, մեկը մյուսի հետ կապված, առանց մեկը մյուսի՝ անհնար:

Վերջերս շատ եմ սկսել սիրել դպրոցս, ազնիվ խոսք, չնայած՝ միայն դպրոցը չէ, որ նոր եմ սկսել արժեվորել: Ես սիրում եմ դպրոցի եռուզեռը, «ձանձրալի» ու ամեն օր կրկնվող առօրյան, մի՞թե կախարդանք չէ. դեռ շատ փոքր հասակում ընկնում ես մի դատարկ սենյակ, որը քեզ նման ու միևնույն ժամանակ, քեզնից շատ անգամ տարբեր երեխաների հետ 12 տարի սիրով ու ընկերությամբ ես պատում: 12 տարի կիսում եք մի դասասենյակ, մի գրատախտակ, մի ժամացույց, մի նստարան և, որ ամենակարևորն է՝ մի «շտրիխ»: Միասին 12 տարի չարություն եք անում, կռվում, հաշտվում, դասերից առանց պատճառի փախնում ու միասին էլ ինչ-որ էքստրահիմար պատճառներ մոգոնում, միասին եք գրում բոլոր ստուգողականները, իրար արագ-արագ էջերն եք ասում՝ թե որ հարցը որտեղից պետք է արտագրել, միասին եք ուտում այն մի տուփ աղի ձողիկը, կամ այն մի տուփ չիփսը, որը ձեզնից մեկն է առնում բուֆետից: Միասին եք դասի ժամանակ արագ-արագ գրում տնայինները, որ «երկուս» չստանաք, միասին եք շատ պատահաբար կոտրում սեղաններն ու աթոռները, շատ անգամ՝ նաև պատն ու պատուհանները: Իսկ հետո միասին եք լսում վերջին՝ լավ, թե վատ զանգն ու միասին էլ լքում դպրոցը՝ փոքր մանչուկներից հասուն մարդկանց վերածված (չէ, լավ, մեզանից շատերը նույն «ջրիկը», չարաճճին ու մանկամիտն են մնում՝ հետո ինչ, որ մեծահասակների կյանք են մտել): Լքում են՝ գիտելիքներով ու անթիվ-անհամար հուշերով զինված:

Երբեք չեմ սիրել ամառային արձակուրդները…

valentinaChilingaryan

Լուսնի լույսով

Լուսինը երկնքում արդեն երևում էր, երբ դուրս եկա դասից ու նստեցի առաջին պատահած տաքսին:

-Ազա՞տ եք:

-Իհարկե, ո՞ւր ենք գնում:

-«Սասունցի Դավիթ» կայարան:

Ողջ ճանապարհին նայում էի երկրի ամենամերձավոր արբանյակին՝ լուսնին, որն այդ օրն արտասովոր գեղեցիկ էր: Տեսնես՝ այսօր ի՞նչ է թաքցնում լուսինն իր հակառակ կողմում: Մտորումներս կշարունակվեին, եթե վարորդը չսկսեր բողոքել:

-Մեկը լիներ էդ Սուրենյանի ձեռքից պուլտը վերցներ: Այ մարդ, խաշեց: Չի կարելի, չէ: Իրեն ի՞նչ կա, հիմա օդափոխիչը միացրել, նստել՝ եղանակն ա փոխում:

-Պապի ջան, դե Սուրենյանը ի՞նչ մեղք ունի: Եղանակն ինչպես փոփոխվում է, այդպես մեկնաբանում է,- ծիծաղելով պատասխանեցի ես:

-Յա, լավ ա ասիր: Թե չէ՝ չգիտեինք: Էդ դուք «շուստրի» քանի՞ քույր եք:

-Մի քանի:

-Լավ, էս շոգը հերիք չէր, հիմա էլ «Հոլին»: Էն «Հելոինն» ու «Սուրբ Վալենտինը» «դորդուբեշ արեցինք», հիմա էլ «Հոլի»: Սենց, որ գնա, հայկական տոները կվերանան:

-Չեն վերանա, պապի՛կ ջան: Ես էլ եմ դեմ «Հելոուինին», բայց եկեք «Սուրբ Վալենտինին» մի՛ քննադատեք: Սիրում եմ այդ տոնը:

-Յա, էդ ինչի՞ որ: Մեր Սուրբ Սարգիսը թողած, «խալխի» տոնն ես սիրո՞ւմ:

-Ես «խալխի» տոները չեմ սիրում ու դեմ եմ, որ նշվում են մեր երկրում: Բայց ես ծնվել եմ «Սուրբ Վալենտինի» մոտակա օրը: Ճիշտ է, անունս Վալենտին չէ, բայց Վալենտինա են դրել միայն այդ պատճառով:

-Հիմա որ «Սուրբ Սարգսին» ծնվեիր, անունդ Սաքո էին դնելո՞ւ,- կատակեց պապիկը:

-Պապի ջան, որ վերածնվեմ «Սուրբ Սարգսին» տղայի կերպարով, կորոշենք: Հնարավոր է, ինչի՞ չէ:

-Ասում էիր, դուք տենց «շուստրի» քանի՞ քույր եք:

-Ասացի, պապի ջան: Մի քանի: Մի քանի:

-Է՜հ, «խակ» ես, քո տարիքին էի, երբ «Սուրբ Վալենտինի» օրը եղնիկիս գտա:

-Ու չամուսնացաք, չէ՞, որովհետև դեմ էիք «Սուրբ Վալենտինին»:

-Ամուսնացանք: Որ սերը գալիս ա, չի հարցնում, թե որ օրն եք ծանոթացել: Սրտին չես հրամայի: Գիտե՞ս ինչ լավ բան ա սերը:

-Չէ հա, էս կյանքում ավելի կարևոր բաներ կան: Ի՞նչ սեր: Դրա տեղը, որ համալսարան ընդունվեիք, տարիներով սովորեիք, հիմա տաքսու վարորդ չէիք լինի, չէ՞,- փորձեցի սրամտել ես:

-Տո, գիտե՞ս, ես ռուսաստաններն ինչ բիզնեսներ եմ ունեցել: Էնքան համալսարաններ եմ ավարտել, որ էսօր, եթե հաշվես, չես վերջացնի: Հո ես ողջ կյանքս պապի չե՞մ եղել: Սերը լավ բան ա, եթե փոխադարձ ա: Հանկարծ միակողմանի չսիրես, թե չէ շատ կտանջվես: Մարալիս միակողմանի էի սիրում, բայց հետո եղնիկիս գտա: Փառք Աստծո, 4 երեխա, 7 թոռ ունեմ:

-Աստված պահի:

-Ապրես, բալի՛կ ջան: Քեզ էլ թող Աստված ժպիտ նվիրի: Թե չէ, հո դա էլ փողով չի:

-Է՜հ, պապի ջան: Ես ժպիտ ունեմ, ուղղակի, որ սկզբից սկսեցիք բողոքել երկրից, ժպիտս մոռացա լուսնի վրա:

-Հասանք,- վերջապես ժպտաց պապիկը:

-Շնորհակալ եմ, շա՜տ: Վերցրեք:

-Չէ, էդ պահի մոտդ, մի քիչ էլ վրան կավելացնես, կգնաս լուսին՝ ժպիտդ բերելու:

Ժպտացի: Գումարը դրեցի նստատեղին ու լուռ դուրս եկա:

Ա՜խ, ինչ լավն են մեր պապիկները, անգամ եթե բողոքում են:

anush mkrtchyan

Նամակ «թշնամի» ընկերոջս

Բարև: Կյանքումս երկրորդ անգամ եմ նամակ գրում մեկին, ում չեմ ճանաչում: Առաջինը զորամաս էի ուղարկել՝ զինվորի, մինչև հիմա պատասխանի եմ սպասում:

Մորս չեմ ասել նամակի մասին: Նա միշտ պնդում է, որ դու, քո եղբայրը, հարևանիդ աղջիկը, դուք բոլորդ իմ թշնամիներն եք՝ անկախ ամեն ինչից: Երևի, ճիշտ է: Քո մայրն էլ, երևի, ինձ է թշնամի համարում: Նա էլ է ճիշտ: Ուրեմն մենք հավասար ենք:

Արի՛ անկեղծ խոսենք: Մի ժամանակ ես ատում էի քեզ, գուցե դու այդ ժամանակ ծնված էլ չէիր, բայց քո ազգի ամեն չծնված երեխա արդեն թշնամի է: Դու էլ երևի ինձ ես մի ժամանակ թշնամի համարել, ուրեմն մենք նորից հավասար ենք:

Մենք, գուցե նույն նախասիրություններն ունենք: Միայն չասես, որ պարապ ժամանակ դու էլ ես The Beatles-ի «Imagine»-ը լսում: Մայրս կհամոզի ինձ այլևս չլսել այդ երգը:

Ինչևէ: Ես ուզում էի ասել, որ կուզեի ընկերանալ քեզ հետ: Ցանկալի կլինի, որ իմ հասակին լինես, ես ինձնից բարձրահասակների հետ շփվել չեմ սիրում:

Հավատա, ես չեմ ուզում քեզ ատել: Ես պատմություն եմ պարապում, պատմական գրքեր եմ կարդում, ու դրանից հետո քեզ չատելը մեծ կամքի ուժ է պահանջում:

Ես չեմ սիրում անցյալով ապրել, բայց անցյալը մոռանալը չարիք եմ համարում: Եթե երբևէ մենք ընկերներ լինենք, կնախըտրեմ խոսել աստղագիտությունից, այդպես մենք էլի հավասար կլինենք:

Ես չեմ ուզում քեզ «թշնամի» կոչել, եթե անգամ դու ինձ այդպես ես համարում: Քո և իմ եղբայրները հիմա, երևի իրար են կրակում: Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, որ քո եղբոր համար ցավում եմ ավելի, քան՝ իմ, բայց ես ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր չուզելով են կրակում: Այս դեպքում ես հավասարապես ցավում եմ թե՛ քո, և թե՛ իմ եղբոր համար:

Ես ամեն օր ապրում եմ՝ հավատալով, որ մայրս սխալ է: Որ մի օր մենք ընկերներ կլինենք, որ մեր եղբայրները ստիպված չեն լինի կրակել իրար:

Աշակերտների կրթվելու հնարավորությունները Գավառի տարածաշրջանում

Օրերս մասնակցեցի «ՀՀ մարզերի երիտասարդներն ունեն որակյալ կրթություն ստանալու բոլոր հնարավորությունները» թեմայով բանավեճին: Թեման առիթ դարձավ գնահատելու Գավառում կրթություն ստանալու մեր հնարավորությունները: Խոսքն այս դեպքում ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մասին է: Բանավեճի ընթացքում մեր թիմը, որն ուներ «Համաձայն ենք» դիրքորոշումը, բերեց բազմաթիվ փաստեր, որոնք ցանկանում եմ ներկայացնել այստեղ:

Կարծում եմ, որ Գավառի տարածաշրջանում կան այնպիսի հնարավորություններ, որոնք թույլ են տալիս մեր աշակերտներին մրցունակ լինել մայրաքաղաքում սովորող աշակերտների հետ: Իհարկե, մայրաքաղաքում կան այնպիսի դպրոցներ, որոնք, կարծում եմ, դուրս են մրցակցությունից՝ իրենց ունեցած նյութական և մասնագիտական հնարավորություններով: Դրանց թվին կարելի է դասել «Այբ» և «Ֆիզմաթ» դպրոցները, «Քվանտ» վարժարանը, Ֆրանսիական քոլեջը և այլն: Բայց հանրակրթական դպրոցների տված գիտելիքի առումով, կարծում եմ, մեր տարածաշրջանը չի զիջում մայրաքաղաքին:

Եթե կրթության որակի մասին դատենք համապետական մրցույթների արդյունքներով, ապա կարող ենք փաստել, որ մարզերի երեխաները նույնպես հաճախակի հաջողություններ են գրանցում: Այդպիսի մրցույթներից են՝ «Կենգուրու», «Մեղու», «Ռուսական արջուկ», «Պատանի մաթեմաթիկոս» և այլ մրցույթները: Օրինակ՝ այս տարի «Մեղու» մրցույթի 4-րդ դասարանի 5 հաղթողներից 4-ը մարզերից են, որոնցից մեկը՝ Գավառի համար 4 հիմնական դպրոցից: Այս մրցույթներում Գավառի տարածաշրջանից ունեինք «Հատուկ մրցանակի» և «Լավագույն արդյունքի» արժանացած բազմաթիվ աշակերտներ:

Իհարկե, նշված մրցույթներում բարձր արդյունքներ ապահովելը միգուցե բավարար չէ կրթության որակի մասին դատելու համար, բայց դա էական նշանակություն ունի: 

Իսկ ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները մեր քաղաքում բազմաթիվ են: Ես և իմ հասակակից շատ երեխաներ մասնակցում ենք նմանատիպ դասընթացների: Մասնավորապես, Գավառում 2008թ.-ից Գեղարքունիքի և Ֆրանսիայի Իզերի մարզի համագործակցության շրջանակներում ամռան ամիսներին դպրոցակաների համար անցկացվում են ֆրանսերենի անվճար դասընթացներ: Դասընթացավարները «Ֆրանս Ֆորմասիոն Ինթերնեյշնել» կազմակերպության Եվրոպայում վերապատրաստված երիտասարդ մասնագետներն են:

2014-2016թթ. Գավառում իրականացվել են անգլերենի անվճար դասընթացներ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Գավառում աշակերտների համար բազմաթիվ դասընթացներ են կազմակերպվում «Վորլդ Վիժն Հայաստան» Գավառի ՏԾ-ի նախաձեռնությամբ կամ աջակցությամբ: Դրանք ընդգրկում են «Շահերի պաշտպանություն», «Նորարարություն և ստեղծարարություն», «Բանավիճելու հմտություններ» թեմաները և ոչ միայն:

Իսկ առցանց ուսուցման հնարավորությունները հասանելի են բոլորին: Այս նպատակով ինքս օգտվում եմ edx.org և coursera.org կայքերից:

Ամփոփելով՝ ասեմ, որ մեր տարածաշրջանում կան կրթվելու բազմաթիվ հնարավորություններ: Դրանցից օգտվելու համար անհրաժեշտ են ընդամենը ցանկություն ու աշխատասիրություն:

Լեռնանիստ ջան

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Իսկ ես գյուղում եմ ծնվել: Լեռնանիստ գյուղում: Ինչո՞ւ էսպես սկսեցի: Դե, որովհետև գրեթե բոլորը գիտեն, թե բնիկ հրազդանցի եմ: Իսկ ես իմ հոգում հպարտ գյուղացի եմ: Դժվար թե լսած լինեք մեր գյուղի մասին: Չորս տարեկան էի, երբ տեղափոխվել ենք Հրազդան: Այսինքն՝ ես չորս տարվա կյանք եմ ապրել մեր գյուղում, շնչել գյուղիս մաքուր օդն ու խաղացել թփերի մեջ: Ծնողներս երկուսն էլ ծնվել են այս գյուղում, ու ինձ էլ է բախտ վիճակվել ծնվել այստեղ:

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Մեր գյուղը գտնվում է Կոտայքի մարզում՝ Հրազդան քաղաքից ոչ հեռու: Լուսավոր գյուղ է, մեր բոլոր գյուղապետերը կարծես թե քաղաք են դարձրել գյուղը: Պապիկս էլ է որոշ ժամանակ գյուղապետ եղել: Ասում են՝ հրաշալի գյուղապետ էր, շատ-շատ էր մտածում գյուղացիների կյանքի մասին: Ես չեմ էլ կասկածում: Գյուղի փողոցների մեծ մասը ասֆալտապատ է, ցերեկային լույսեր կան: Ամեն բան այնքան գեղեցիկ է:

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Սիրում եմ օրերս այստեղ անցկացնել, եթե ունենում եմ այդ օրերի մեջ ազատ ժամանակ: Մայրիկիս առաջարկում եմ, և հայրիկի հետ նրա ունեցած կարճ հեռախոսազրույցից հետո՝ ընտանիքով ուղևորվում ենք մեր սիրելի բնակավայրը: Հատկապես՝ ամռանը, մեր գյուղում կատարյալ հանգստություն է, երբ դուրս ես գալիս տան բակ, այգում՝ ծառերի վրա, տեսնում ես քաղցր, հասած պտուղներ, քաղում, նստում խոտերին, ու չես ցանկանում այլևս տուն բարձրանալ:

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը` Լիլիթ Գրիգորյանի

Մեր գյուղում ամեն քայլափոխի հանդիպած յուրաքանչյուր բան գեղեցիկ է, լուսանկարելու արժանի, աչք է շոյում, մաքուր է, մինչդեռ մեր քաղաքում քայլում ենք կեղտոտ փողոցներով: Մեր գյուղում կա անփոխարինելի երկինք, որը նույնը չէ Հրազդանում: Կա թթվածին, ոչ թե գործարանային թափոններով լի օդ: Կան անմեղ, բարի աչքեր: Կա կյանք, ոչ թե գոյատևում:
Ես սկսել եմ գյուղիս բացահայտումը:

Քառասուն տարի անց

Հուլիսի 15-ին՝ քառասուն տարի անց, Սիսիանի գեղատեսիլ բնության գրկում էին հավաքվել Գորիսի Գյուղտեխնիկումի ուսանողները, որոնցից մեկը իմ մայրիկն էր:
Ես նույնպես գնացել էի հավաքույթին, և հանցագործություն կլիներ նրանց չնկարելը: Երբ տեղ հասանք, շատերն արդեն տեղում էին, իսկ բացականերն էլ՝ ներելի: Տարիները շատ էին փոխել բոլորին, անգամ իրար ճանաչել դժվարանում էին, իսկ ճանաչելուն պես ողջագուրվում:
Սեղանի շուրջ նստեցին և սկսեցին հիշել ուսանողական տարիները. կատակում էին, ծիծաղում, պարում էին: Վաթսունն անց մարդիկ իրենց նորից երիտասարդ էին զգում: Իրար կենաց էին խմում, ասմունքում, շատ ուրախ էին իրար տեսնելու համար, անգամ ասում էին, որ հավաքույթի մասին լսելուն պես մի կողմ են թողել բոլոր գործերն ու սկսել են րոպեները հաշվել, թե երբ են հանդիպելու:
-Շատ եք փոխվել, ուրիշ տեղ տեսնեինք, չէինք ճանաչի:
Այս խոսքերը հաճախ էի լսում նրանց շուրթերից: Հոգով երիտասարդները նույնիսկ տանգո պարեցին մեկմեկու հետ: Ասես նույն քսան տարեկան տղաներն ու աղջիկները լինեին՝ անհոգ և ուրախ: Ուրախության արցունքներ էլ հայտնվեցին նրանց աչքերին, արտասվեցին, հետո իրար արցունք սրբեցին:
Հերթը հասավ տորթին, որի վրա գրություն կար. «Գորիսի Գյուղտեխնիկում, քառասնամյակ, բարով տեսանք»: Տորթն էլ համտեսեցին, եկավ բաժանման ժամանակը: Բայց այս անգամ նրանք իրար հրաժեշտ տվեցին նորից հանդիպելու ակնկալիքով…

tina maqoyan

Իսկ դուք հիշո՞ւմ եք

Տեսնելով մեր բակի երեխաներին՝ ակամա հիշում եմ ինձ այդ տարիքում, հիշում եմ մեր խենթությունները, ու գիտե՞ք ինչ. տարիներն անցել են, իսկ խենթություններն ու մանկական խաղերը նույնն են մնացել։ Համաձայն չեմ այն կարծիքի հետ, թե հիմա երեխաները տարված են համացանցով ու համակարգչային խաղերով։

Աղջիկներ, իսկ դուք նո՞ւյնպես ճակատի մազափունջ եք կտրել ինքերդ ձեզ։

Դուք նո՞ւյնպես քնած եք ձևացել, որպեսզի հայրիկը տանի և պառկեցնի մահճակալին։

Դուք նո՞ւյնպես ընկերներով նույն երաժշտությունը միաժամանակ միացրել եք երկու հեռախոսներով։

Դնչիկը չե՞ն ցավեցրել վերարկուի շղթան քաշելիս, որն, ի դեպ, թթու երկաթի համ ունի։

Իսկ հիշո՞ւմ եք, երբ փոքր էինք, հինգ թերթիկ ունեցող յասաման էինք ուտում ու երազանք պահում։

Իսկ հիշո՞ւմ եք, երբ փոքր էինք, ձեռնոցներ ունեինք, որոնք թելով իրար էին միանում։

Իսկ ինչպե՞ս էինք սենյակներում աթոռներից և վերմակներից տնակներ սարքում։

Իսկ ո՞վ է փոքր ժամանակ օղաբլիթը անցկացրել մատին, իսկ հետո հենց մատի վրայից կրծել։

Իսկ դուք նո՞ւյնպես գրքից տետրի մեջ ինչ-որ բան արտագրելիս փորձել եք մեկ տողի վրա ավելի շատ բառեր տեղավորել, քան գրքում է։

Իսկ հիշո՞ւմ եք, գլուխը լվանալիս մազերով զվարճալի սանրվածքներ էինք անում։

Իսկ հիշո՞ւմ եք, երբ բակում խանութ-խանութ էինք խաղում, տերևները գումարի դեր էին խաղում։

Որևէ մեկը մանկության տարիներին հավատո՞ւմ էր, որ խաղալիքները գիշերը կենդանանում են։

Իսկ դուք նո՞ւյնպես փոքր ժամանակ, երբ ձեր գլխավերևով անցնում էին, վախենում էիք, որ չեք մեծանա և խնդրում էիք, որ նորից հետ անցնեն։

Իսկ հիշո՞ւմ եք, երբ որևէ խաղալիք էինք վերցնում մեզ հետ քնելու, մտածում էինք, որ մյուսները կնեղանան, և վերցնում էինք բոլորին։

Իսկ դուք նո՞ւյնպես գոռացել եք պատշգամբից և արագ իջել ներքև, որ ձեզ չնկատեն։

Հիշո՞ւմ եք, ընկերները մեզ ասում էին՝ ջուր բեր խմելու, իսկ մենք պատասխանում էինք. «Եթե գնամ տուն, էլ չեն թողնի դուրս իջնեմ»։

Իսկ դուք նո՞ւյնպես փոքր ժամանակ սրիչով սրում էիք ոչ միայն մատիտները, այլ նաև գրիչներն ու ֆլոմաստերները։

Իսկ դուք նո՞ւյնպես ժպտում էիք, քանի դեռ կարդում էիք սա։

Ani avetisyan

Կարգավիճակը՝ ուսանող

Բանավոր քննությունիցս ուղիղ 10 րոպե առաջ սկսեցի մտածել՝ ի՞նչ վատ կլինի, որ արվեստաբան դառնամ։ Դե հա, նախորդ երկու քննություններդ հանձնել ես բավականին լավ, իսկ վերջինից առաջ մոռանում ես՝ ընդհանրապես ինչ ես անում համալսարանում, առավել ևս, եթե քիչ առաջ՝ բախտի բերմամբ, թե պատահմամբ, հայտնվել էիր անգլերենի բանավոր քննության լսարանում։ Դե արի ու պատկերացրու, թե ինչ է սպասվում քեզ մի սենյակ այն կողմ։

-Մամ, բա որ կտրվե՞մ։
Հա, հաստատ կտրվելու եմ։ Գիտեմ՝ վատ հարցեր են լինելու։
Լավ, Անի, հանգիստ, շնչի՛ր։ Տե՛ս, հանձնաժողովն ինչ լավն ա, ինչ հանգիստ են, ուրախ։ Մի վախեցիր, էլի։
Ես 15-րդն եմ. լա՞վ է, թե՞ վատ։ Ինչ լինում է՝ լինի։ Մնաց սպասեմ։
Մինչ իմ՝ լսարանում հայտնվելը, քննությունը հանձնել ու դուրս էին եկել երևի չորս-հինգ հոգի, ես էլ աշխարհի բոլոր հնարավոր թեմաներով արդեն ծանրաբեռնել էի գլուխս։ Ախր, հաստատ գիտեմ՝ լինելու են էնպիսի հարցեր, որոնք չեմ պատրաստել, միշտ էլ էդպես է լինում։
Չերկարացնեմ։ Սրանք ընդամենը մեկ հազարերորդ մասն էին այն բոլոր մտքերի, որոնք հասցրել էին անցնել գլխովս. Որդան Կարմիրի «Քայլ արա»-ից մինչև CNN-ի լրատվական թողարկումները, ֆուտբոլ, թենիս, Ջոնի Դեփ, կիտ-կատ, խոնավ անձեռոցիկ, տետրերս, թերթեր…
Ահա, եկավ կազմակերպիչն ու, գիտեմ, իմ անունը պիտի կարդա։ Հաշվել էի։ Անձնագիրս ու անցաթուղթս ձեռքիս մեջ ամուր պահած՝ մոտեցա բաղձալի, բայց չգիտեմ ինչու՝ հենց նոր ճռճռալ սկսած դռանը, որից այն կողմ մոտ մեկ տասնյակ դիմորդներ սպասում էին իրենց հերթին, ինչպես ասում են, այնտեղ նրանց ապագան էր որոշվում։ Բայց, դա չափազանցված է։ Դեռ ոչ ոք լսարանից անբավարար գնահատականով դուրս չէր եկել։

Վերջ։ Լսարանում եմ։ Թերթիկիս համապատասխան սեղանի մոտ ազատ տեղ չկա, նստում եմ մյուս խմբի մոտ։ Էլի չգիտեմ՝ լա՞վ է, թե՞ վատ։ Տոմսն արդեն ձեռքումս է։ Հարցերը կարդացել եմ, մեկ-մեկ էլ նշումներ եմ անում։ Չնայած, ի՞նչ մեղքս թաքցնեմ, մի քանի րոպե հետո նշումներս հոդված դառնալու բոլոր շանսերն ունեին։ Մյուս դիմորդների գնահատականները լսում էի, պատասխաններն էլ։ Մտքում շարադրում էի իմ պատասխանը։ 15 րոպե ժամանակ ունեմ, կհասցնե՞մ։ Լավ, մի բան կանեմ։ Եթե 18-ից ցածր լինի՝ բողոքարկելու եմ։ Պիտի, պիտի անվճար ընդունվեմ։ Չէ, անհույս է։ Անի՛, շնչիր։
Քիչ այն կողմ Լաուրան էր պատասխանում։ Թղթերս մի կողմ եմ տանում ու լսում։ Գիտի՝ ինչ է ասում։ Ու ուրախանում եմ, որ 17-ի հետ հեռու կամ մոտ «ազգակցական» կապ ունեցողներն այսքան լավ գիտեն, թե ինչ են ուզում և ինչու։ Վստահ էի, որ բարձր կստանա։ Ուրիշ տարբերակ չուներ։
Արդեն մեկ ժամ կլինի, ինչ նստած եմ։ Չէ, պատասխանս արդեն պատրաստ է։ Տեղս սիրով զիջում եմ անհամբերներին ու լսում նրանց պատասխանները։ Իսկ եթե լուրջ՝ գնալով ավելի համարձակ էի դառնում։ Մի քիչ էլ ու կգնամ, կպատասխանեմ։
Նստում եմ, տոմսս տալիս քննողներին, բացում նշումներս ու սկսում։ Մինչ այդ մեր սեղանից հեռու կանգնած հանձնաժողովի նախագահը գալիս ու կանգնում է կողքիս։ Դե հա, լարվում եմ, բայց վստահ-վստահ ասում այն, ինչ նախապես մտածել էի։ Ոնց որ ստացվում է։ Խոսքիս կեսից նայում եմ ապագա դասախոսիս՝ գլխով է անում։ Հա, հաստատ սխալ բաներ չեմ ասել։ Նախագահն էլ չի դժգոհում։ Բախտս բերեց։
Ինձ քիչ թվացած 15 րոպեն, փաստորեն, կբավարեր երեք տոմս պատասխանելու համար։

Ու… Վերջին հարցի կեսից, երբ դեռ նոր ուզում էի պատմել իմ պատկերացրած ռադիոհաղորդման մասին, լսում եմ երազանքներիս արտահայտությունը.

-Պարոն Զաքարյան, 20 ստացող ունենք։

Հա՞։ Ե՞ս։ Չէ, ինչ-որ բան այնպես չի։ Հիմա հանձնաժողովի նախագահը հաստատ կմերժի։ Հաստատ։ Բա ես պիտի բողոքարկեի։

Չէ, չէ։ Իզուր չէր, որ շատերի համար խիստ թվացող հանձնաժողովի նախագահը լավ տպավորություն էր թողել։ Հաստատ գիտեր, որ 20 պիտի ստանամ՝ անվճար լինելու համար։ Բայց որտեղի՞ց։ Է՜, ի՞նչ եմ խոսում։

Փաստորեն, արդեն ուսանող եմ, հա՞։ Զգույշ, աստիճանները, ընկա՛ր, կամաց։ Ճանապարհին էլ հիշեցի, թե միասնականից ուշանալուս պատճառով ոնց էի «ծանոթով» արտագրող դիմորդի տպավորություն թողել։ Հիմա էլ նույնը կլինի էլի, երևի։

Չէ, առանց վնասվածքների տուն հասա։ Ամենադժվարը ամսի 15-ին սպասելն էր։ Մինչև անունս չկարդայի ցուցակում, չէի հավատա, որ էլ աշակերտ ու դիմորդ երևույթների հետ ոչ մի ընդհանուր կապ չունեմ։