aharon sahakyan

Անավարտ էքսկուրսիան

Ավարտին էր մոտենում ուսումնական տարին: Ամիսներ շարունակ որոշել և պլանավորել էինք մեր տարեվերջյան էքսկուրսիան` նույնիսկ ծնողների հոգսը թեթևացնելու համար, դեռևս սեպտեմբերից գումար էինք տնտեսել: Եվ ահա մոտեցել էր սպասված պահը: Հաջորդ օրն առավոտյան պետք է մեկնեինք: Ամեն ինչ պատրաստ էր: Եվ հանկարծ…

«Ո´չ մի շրջագայություն, դուք ձեզ լավ չեք պահել, այդ պատճառով էլ զրկված եք ուղևորությունից»:

Տնօրենն էր` ընկեր Մարգարյանը: Չեմ ստի, մենք իսկապես վերջերս մի փոքր ակտիվացել ենք, բայց դե դա մեզ մեր ուղևորությունից զրկելու պատճառ չէր: Եվ քանի որ մենք 21-րդ դարի սերունդ ենք, հետևաբար գերազանց գիտենք մեր և´ իրավունքները, և´ պարտականությունները: Ճիշտ է պարտականությունների հարցում երբեմն փորձում ենք անտեղյակ ձևանալ, բայց դե իրավունքները…

Գիտենք նաև, որ «Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի և ժամանացի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք»:

Համ էլ եթե անկեղծ լինեմ մյուս դասարանների հետ համեմատած մենք «հրեշտակ» ենք: Եվ հետո էլ, ի՞նչ էինք արել որ: Ուղղակի մեր տնօրինությունը սովոր է, որ մենք միշտ աչքի ընկնենք դրական կողմերով և երբ մի փոքրիկ չարաճճիություն ենք անում, վերջ, չեն կարողանում անտարբեր անցնել:

Ինչևէ, անսպասելի հայտարարությունը դասարանում իսկական քաոս էր առաջացրել, բոլորն իրար էին մեղադրում, բուռն քննարկում էր սկսվել, ամեն մեկն իր հերթին փորձում էր լուծում առաջարկել: Մենք նեղված, հիասթափված, ինչու չէ, մի քիչ էլ զայրացած էինք: Հիմա կասեք՝ մի էքսկուրսիայի եղածն ի՞նչ է, որ այսպես իրար եք խառնվել, բայց ո´չ , ախր մենք տրամադրվել էինք:

Այնուամենայնիվ, որոշեցինք գնալ տնօրենի մոտ, մեր սխալի համար ներողություն խնդրել և հույս ունեինք, որ նա մեզ կընդառաջեր: Ինչպես որոշել էինք , այնպես էլ եղավ: Ընկեր Մարգարյանը հասկացավ մեզ, հարգեց մեր իրավունքները և կրկին հնարավորություն տվեց:

Առավոտյան մեկնեցինք Նորավանք: Ամեն ինչ հիանալի էր, մեզանից շատերն առաջին անգամ էին տեսնում այդ չքնաղ վանական համալիրը: Քանի որ քանակով բավականին շատ էինք, այդ պատճառով վերցրել էինք երկու տրանսպորտային միջոց: Պետք է նշեմ, որ մեր խմբի վարորդի հարցում բախտներս իսկապես բերել էր, շատ համբերատար, ընկերական և երեխաներին հասկացող անձնավորություն էր: Բայց նույնը մյուս խմբի վարորդի մասին ասել չեմ կարող: Ավելի ճիշտ, կարծիքս փոխվեց այն պահին, երբ օրվա երկրորդ կեսին եկավ, թե հերիք է, հավաքվե´ք, պետք է վերադառնանք, ես գործեր ունեմ:

Ա´յ քեզ բա~ն, գործեր ունեիր՝ չգայիր: Եվ հետո էլ` սա էլ է քո գործը, բարի եղիր մի գործդ ավարտիր, նոր անցիր մյուսին: Համ էլ, մենք քեզ ամբողջ օրվա համար ենք վճարել: Բայց ոչ, նրա հետ լեզու գտնել չէր լինում, նա իրենն էր պնդում: Երեխաներին էլ այլ բան չէր մնում անելու, քան հետևել նրան և շրջագայությունը կիսատ թողած վերադառնալ տուն:

Հետո իմացա, որ էս մեր վարորդը , ինչպես Գագիկ Շամշյանը կասեր, ճանապարհին իրեն Շումախերի տեղն է դրել այսինքն` գերազանցել է արագությունը, իսկ մեր ճանապարհային ոստիկաններին էլ ի՞նչ է պետք, իհարկե նման առիթ: Խեղճին տուգանել էին, նրա տրամադրությունն էլ ընկել էր, էլ մեզ հետ հավե՞ս ուներ:

 

milena baghdasaryan

Դիպլոմը թևե՞ր է տալիս

-Մի՛լ, որոշել եմ աշխատել, օգնել մամայենց:

-Սո՛ն… Բայց դու…

-Դիպլոմ չունե՞մ: Մի՜լ, ես գիտելիք ունեմ: Ընտիր գիտելիք: Ու անպայման գործ գտնելու եմ, հաստատ որպես թարգմանիչ կվերցնեն ինձ:

Ընկերուհիս՝ ինքնուս լեզվաբան Սոնան, ծնողների ֆինանսական վատ վիճակի պատճառով որոշեց չդիմել համալսարան և լրացնել դրա բացը՝ դառնալով իր իսկ դասախոսն ու դեկանը: Ընկերներից վերցրած տասնյակ հիանալի գրքերի, համացանցում առկա հազարավոր աղբյուրների և քրտնաջան աշխատանքի շնորհիվ երեք տարում յուրացրեց գերմաներենի բոլոր առանձնահատկություններն ու բարդությունները:

-Մի՜լ, մրցույթում գերմաներենի ֆակուլտետի էրեխեքից բարձր եմ ստացել,- մի անգամ գրեթե թռչկոտելով ասաց ընկերուհիս: Այդ օրվա հաղթանակն առաջինն էր, բայց ոչ վերջինը:

Հաղթանակաները նրան ավելի ոգևորեցին, և արդեն հաստատակամ մղվեց աշխատանք փնտրելու երկարուձիգ գործին:

-Հը՞ն, ի՞նչ եղավ:

-Չէ՛, Մի՛լ, դիպլոմ չունեի, երևի վստահություն չներշնչեցի: Մի երկու տեղ էլ մտա, ասացին՝ կզանգեն: Կզանգե՜ն, բա չէ՜:

Իրեն սփոփելու համար քմծիծաղ տվեց, բայց արցունքները, քմծիծաղի ստվերից դուրս գալով, հայտնվեցին Սոնայի այտերին:

-Ախր, գոնե հնարավորություն տային, քննեին, ստիպեին հարցաշարը լրացնել, ինձ հետ գերմաներեն խոսեին: Կանեի, Մի՛լ, ամեն ինչ կանեի, շատերից լավ կանեի: Բայց մտածում են՝ նույնիսկ բակալավր չի ավարտել, դրանից ի՞նչ լեզվաբան: Բայց ախր, դիպլոմ շատերն ունեն, գիտելիք՝ քչերը:

Եվ իրոք, ի՞նչ առասպելական ուժ ունի այդ դիպլոմը, որ իր ներկայությամբ վառում է լուսացույցի կանաչը, իսկ բացակայությամբ՝ անանցանելի է դարձնում բոլոր լայն ու նեղ փողոցները: Իսկ գուցե առանց բարձրագույն կրթության և վկայականի է՞լ է հնարավոր լավ մասնագետ դառնալ, գուցե և ավելի ստեղծարար, հնարավոր կաղապարներից էլ դուրս: Գուցե փորձե՞նք և աշխատանքի ընդունելիս պահանջենք ոչ թե թուղթ, այլ կիրառելի գիտելիք, ու ստուգենք համապատասխան հմտություննե՞րը:

Եվ ո՞վ գիտե, գուցե այդժամ ունենանք ավելի հաջողակ հիմնարկներ, ստեղծարար աշխատակիցներ, ուսանող, ով կսովորի ոչ թե վկայականի ու համալսարանի, այլ իր և իր գիտելիքի համար, և, ի վերջո, համալսարան, որը կձգտի տալ ավելի որակյալ կրթություն, մնայուն և կիրառելի գիտելիք ու կպատրաստի մրցունակ ուսանողներ:

Եկեք փորձե՛նք:

Ժեստերի լեզու, Armenian sign languages, One step ahead

Իսկ դուք գիտեք, որ մեր մոլորակի վրա մարդիկ բարևում են շուրջ 7000 տարբեր լեզուներով, սակայն դրանց կողքին կա ևս մեկը՝ ժեստերի լեզուն, որը լիարժեք լեզվաբանական համակարգ է ու աշխարհում ապրող 70.000.000 լսողության խանգարումներ ունեցող մարդկանց մայրենի լեզուն է համարվում: Մեր One Step Ahead թիմը Արագածոտն մարզի Կարբիի միջնակարգ դպրոցից, ստեղծել է երկլեզու կրթական հավելված, որի միջոցով յուրաքանչյուր ոք, առանց տարիքային սահմանափակման, կարող է սովորել «Հայերեն ժեստերի լեզուն»: Եվ մենք հավատում ենք, որ այն կարևորագույն միջոց կդառնա հասարակության մեջ լսող և չլսող անձանց փոխադարձ ինտեգրմանը: Հավելվածը ստեղծելու գաղափարը վերջնականապես նպատակ դարձավ, երբ մեր թիմով մասնակցեցինք ՄԱԿ –ի հայաստանյան գրասենյակում կայացած սեմինարին, որտեղ ներկայացվեցին ՄԱԿ –ի Կայուն զարգացման նպատակներից բխող խնդիրները: Արդեն մեր դիմաց ունենալով լուրջ նպատակ, խնդրին ավելի մոտիկից ծանոթանալու և պրոֆեսիոնալ լուծում տալու համար այցելեցինք Երևանում լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր, ուր ջերմ ու հյուրընկալ ընդունելությունը, դպրոցի սաների հետ անմիջական շփումը, նրանց տաղանդը երգելու, նկարչության, գորգագործության, վարսահարդարության, կար ու ձևի, կոշկագործության, դիմահարդարման և այլ մասնագիտություններում հուզեցին, զարմացրին և հիացրին մեզ, ևս մեկ անգամ ապացուցելով, որ ֆիզիկական տկարությունը դատավճիռ չէ, որ յուրաքանչյուրն ինքն է կերտում իր ճակատագիրը, իսկ նրանց ինտեգրումը հասարակության մեջ արդեն մեր՝ լսող հասարակության խնդիրն է, որին էլ փորձել ենք հնարավորինս պրոֆեսիոնալ և մատչելի լուծումներ գտնել մեր ծրագրում:

Հայաստանում մեր կողքին ապրում են շուրջ 3500 լսողության խանգարում ունեցողներ, որոնց միակ հաղորդակցման միջոցը դա ժեստերի լեզուն է, և քանի որ հանրակրթական ուսումնական հաստատություններում չի ուսուցանվում այն որպես առարկա, հասարակությունն ավտոմատ կերպով (իր կամքից անկախ) մեկուսացնում է այդ խնդիրը ունեցողներից…

Մեր՝ Armenian Sign Language հավելվածով մենք լուծումներ ենք առաջարկում այդ խնդրին: Ծրագիրը բավականին պարզ և մատչելի կառուցվածք ունի, նախատեսված է հայերեն և անգլերեն լեզուներով օգտագործողների համար: Առանձին կոճակներով տարբերակված են թեմաները: Թվերը և այբուբենը ներկայացված են իրենց համապատասխան ժեստերի նկարներով, մյուս ժեստերը ցուցադրվում են տեսանյութերով` հայերեն և անգլերեն անվանումներով, նաև նկարներով: Հավելվածի միջոցով ձեռք բերված գիտելիքների ստուգման համար առանձնացված է խաղ կոճակը, որը ճիշտ պատասխանների համար միավորներ տալով ստուգում է հայերեն ժեստերի իմացությունը:

-Ծրագրի ստեղծման ընթացքում մենք ձեռք բերեցինք ոչ միայն նոր գիտելիքներ՝ ծրագրավորման, մարկետինգի, բիզնեսի բնագավառներում, այլ նաև նոր ընկերներ: Լինելով տարբեր դասարանների աշակերտներ, մենք դարձանք մեկ ընդհանուր ընտանիքի անդամներ՝ անցնելով այս ճանապարհը լի հուզումնալից, հետաքրքիր, զվարճալի և սիրով լի պահերով:

Ներբեռնելով Armenian Sign_Language_App –ը հեռախոսների մեջ, քայլ անենք առաջ և աշխարհը դարձնենք ավելի բարի և լուսավոր, առավել ընկալելի ու գունեղ:

Արզականի արվեստի դպրոցը

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Կոտայքի մարզի Արզական գյուղի հիմնախնդիրներից մեկն եմ ուզում ներկայացնել այսօր: Արզականի արվեստի դպրոցը, որն այսօր ունի բոլորիս օգնության կարիքը: Արզականի արվեստի դպրոցը մշակույթի միակ հաստատությունն է գյուղում: Ճիշտ է, բարվոք չեն պայմանները, բայց դա երեխաներին չի խանգարում, որպեսզի ունենան մեծ հաջողություններ և տարբեր ասպարեզներում հնչեցնեն «Արզականի արվեստի դպրոց» անունը: Ես նույնպես դպրոցի շրջանավարտ եմ, և գիտեմ, թե ինչ մեծ ազդեցություն է թողնում դպրոցը երեխաների վրա:

Ահա մի քանի հարցազրույց դպրոցի մանկավարժների հետ:

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Էլադա Պետրոսյանի

Արզականի արվեստի դպրոցի տնօրեն Թամարա Խաչատրյան

-Կպատմե՞ք դպրոցի սկզբնավորման մասին:

-Դպրոցը բացվել է 1995 թվականին և արդեն 20-22 տարվա պատմություն ունի, որպես Ալափարսի երաժշտական դպրոցի մասնաճյուղ է բացվել, իսկ 1997 թվականից արդեն ինքնուրույն արվեստի դպրոց է և հենց կոչվում էԱրզականի արվեստի դպրոց:

-Ընդհանուր առմամբ ի՞նչ վիճակում է գտնվում դպրոցը:

-Եթե շենքային պայմանները նկատի ունեք, ապա բոլորիս հայտնի է, և անզեն աչքով բոլորն են տեսնում, որ դպրոցն անմխիթար վիճակում է, ընդհանուր հիմնանորոգման կարիք ունի ողջ շենքը, դասասենյակները փոքր ինչ վերանորոգվել են, և գույքի հարցն ենք լուծել ու աշխատում ենք: Կարևորը որակը ապահովել, մինչև որ հնարավոր լինի շենքը վերանորոգել: Իհարկե վերջինս մեզանից կախված չէ, դա մեծ գումարների հետ է կապված: Եվ համայնքապետն է ուշադրություն դարձնում, և մենք ենք անընդհատ հիշեցնում, փորձում հովանավորներ գտնել, սակայն առայժմ ոչինչ տեղից չի շարժվում:

-Իսկ ի՞նչ բաժիններ ունի դպրոցը:

-Արվեստի դպրոցն այժմ ունի կերպարվեստի բաժին, պարարվեստի, դաշնամուրային, ասեղնագործության, հարվածային գործիքների, որի մեջ դհոլն է մտնում, այսքանը:

Իհարկե, ցանկալի է վոկալի բաժին ունենալ նաև: Շատ երեխաներ ունենք գյուղից, որոնք հաճախում են Չարենցավանի արվեստի դպրոց կամ երաժշտական դպրոց՝ հենց վոկալ բաժնի համար: Դրա համար ցանկալի կլինի հենց մեր գյուղում ունենալ, մեր դպրոցում բացել բաժինը, ինչն առայժմ հնարավոր չէ: Ուզում ենք բացել նաև դուդուկի բաժին, ժողովրդական գործիքների բաժին ունենալ, որն անհրաժեշտություն է՝ հիմա արդեն ծրագրով, բայց դա էլ բյուջեի հետ կապված խնդիր է:

-Իսկ աշակերտների թիվը բավարա՞ր է:

-Այո, կարելի է ասել բավարար է, գնալով շատանում է երեխաների քանակը: 93 երեխա հիմա ունենք, 10 երեխա դուրս եկան, շենքային պայմանների պատճառով. ձմռանը հիվանդանում էին, չէին գալիս:

-Համերգային ծրագրերով հաճա՞խ եք հանդես գալիս:

-Ունենում ենք շատ համերգային ծրագրեր, ոմասնակցում ենք բոլոր տոնակատարություններին: Արվեստի դպրոցը դահլիճ չունի, օգտվում ենք հանրակարթական դպրոցի դահլիճից: Փոքրիկ միջոցառումներ հենց դասասենյակում ենք փորձում անցկացնել՝ գրական, երաժշտական ցերեկույթներ ենք անցկացնում դասարաններում, խմբակային համերգներ՝ հենց դասասենյակներում: Երեխաները ցույց են տալ իրենց սովորածը, որպեսզի թե իրենք, թե ծնողները պատկերացնեն, թե ինչպես են աշխատել:

-Ունե՞ք սաներ, որոնք հաջողությունների են հասել արվեստի դպրոցի շնորհիվ:

-Մեր աշակերտները մասնակցել են հանրապետական մրցույթների, փառատոների: Այս տարի մեր աշակերտները պատվով ներկայացրել են և՛ Արզականը, և՛ արվեստի դպրոցը, վերադարձել հաղթանակներով: Նշեմ, որ պարարվեստի բաժինն ենք առաջին անգամ ներկայացրել հանրապետական փառատոնին և 3-4-րդ տեղեր ենք ունեցել: Դա մեզ համար մեծ պատիվ է ու մեծ ձեռքբերում, որովհետև «Արտ-Մյուզիք» հանրապետական մրցույթի շրջանակներում շուրջ 200 երեխաներ էին մասնակցում՝տարբեր շրջաններից ու մարզերից, և 3-րդ տեղ զբաղեցնելը, առաջին իսկ մասնակցությունից, դա արդեն իսկ հաջողություն է մեզ համար:

Հիմա «Եվրոպան հանուն խաղաղության» փառատոն է հայտարարված: Կերպարվեստի բաժնի սաները մասնակցելու են այդ փառատոնին:

-Իսկ առջևում ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

-Առջևում նոր բաժինների բացվելու ակնկալիքներն ունենք, նաև բարելավել, շենքային պայմանները: Իսկ ուսումնական առումով ասեմ, որ նոր փառատոներ ունենք, որին պետք է մասնակցեն մեր աշակերտները:

-Ինչ-որ բան կա՞, որ կցանկանայիք ավելացնել:

-Կցանկանայի, որ արժանավայել պայմաններում մեր դպրոցը դասավանդումներն իրականացներ, իսկապես ունենայինք և՛ շենքային, և՛ գույքային բարվոք պայմաններ, շատ լավ կահավորված դասասենյակներ: Ակնկալիքներ ունենք ու շատ լավ աշակերտներ էլ ունենք, որոնք մեծ հաջողությունների կհասնեն:

Արզականի արվեստի դպրոցի պարուսույց Հովհաննես Մինասյան

-Քանի՞ տարի է, ինչ աշխատում եք Արզականի արվեստի դպրոցում:

-6 տարի է արդեն:

-Ի՞նչ ոճի պարեր կարող են սովորել դպրոցի երեխաները:

-Բնականաբար, եթե արվեստի դպրոց է, մեզ մոտ կլինի և՛ դասական, և՛ հայկական, և՛ ժողովրդական, և՛ ժամանակակից, և՛ պարահանդեսային:

-Իսկ ինչո՞ւ է աղջիկների թիվը գերակշռում տղաների թվին:

-Տղաները քիչ են, տղաների նախասիրություններն ուրիշ են՝ կարատե, սպորտ, իսկ աղջիկները մեծ ցանկություն ունեն պարել սովորելու: Նույնիսկ իմ պատանեկության տարիներին էլ. մեր անսամբլում էլ 16 տղա էր, 22 աղջիկ: Էն ժամանակ էլ հազվագյուտ էիր տեսնում, որ տղաների թիվը հավասար լիներ՝ ասենք՝ 4 աղջիկ, 1 տղա, կամ՝ 2 աղջիկ 1 տղա: Տղաները «աղջկական» գործ են համարել և հիմա էլ համարում են պարելը:

-Ունե՞ք խնդիրներ, որոնք առաջնային են:

-Շա՜տ… Օրինակ, հայելիներ չկան, դասասենյակը շատ փոքր է, հենափայտերը հենափայտ չեն, դահլիճ չունենք, դաշնամուր նորմալ չկա և ամենակարևորը՝ եթե այս հարցազրույցը մի քանի հովանավորներ տեսնեն և մեզ աջակցեն, որպեսզի մենք ունենանք տարազներ, շատ շնորհակալ կլինենք:

Արզականի արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի ուսուցիչ Արամ Ենգիբարյան

-Որպես երիտասարդ սերընդի ներկայացուցիչ, հե՞շտ է աշխատել երեխաների հետ:

-Ընդհանուր առմամբ, այո: Մի քիչ երեխայից էլ է գալիս, մի քիչ էլ ինձնից: Հեշտ է հատկապես շատ փոքրերի կամ ավելի լուրջ հետաքրքրություն ունեցող երեխաների հետ, քան, ասենք, պասիվ երեխաների հետ:

Երեխաները դեռ նկարիչներ չեն, բայց շատ շնորհալի են: Կան երեխաներ, որ կարող են հետագայում շարունակել լուրջ զբաղվել նկարչությամբ:

-Հաճա՞խ են կազմակերպվում ցուցահանդեսներ:

-Երեխաների աշխատանքներով՝ հաճախ: Եվ ունենում ենք այ այսպիսի հաջողություններ (մատնացույց է անում պատվոգրերը և մեդալները):

Բայց մեզ նույնպես աշխատելու բավարար պայմաններ են պակասում. Սենյակը փոքր է, նկարելու առարկաներըծ չկան, օրինակ՝ գիպսից տերևներ, գիպսից գլուխներ մարդկանց և այլն: Երեխաները գալիս հասնում են նրան, որ պիտի արդեն դեմք նկարեն, բայց չկան այդ առարկաները, որ նայեն, նկարեն:

Արզականի արվեստի դպրոցի երգչախմբի ղեկավար Հերմինե Ավետիսյան

-Ի՞նչ հաջողությունների ունի երգչախումբը:

-Փառատոների այս տարի առաջին անգամ ենք մասնակցել և ունենք դափնեկրի կոչում, չնայած նշեմ, որ մեր սաները հիմնականում երաժշտականի երեխաները չեն, ամենակարևոր փաստն է դա, նկարչությունից հաճախող, պարարվեստից հաճախող երեխաներն են, գրեթե 6-7 աշակերտ են ընդամենը երաժշտականի սան, բայց ունենք լավ արդյունքներ:

-Ինչ ստեղծագործություններ են երգացանկում:

-Բաժինը այնպիսին է, որ հիմնականում դասականի, կլասիկայի վրա է հիմնվում, բայց մենք ունենք նաև ժամանակակից ստեղծագործություններ, միջոցառումների ժամանակ փորձում ենք էստրադա էլ օգտագործել:

-Ի՞նչ ծրագրեր ունի երգչախումբը: 

-Մեծ ծրագրեր, բայց ամեն բան սկսվում է վերանորոգումից: Չես կարող աշխատել և մեծ արդյունք ստանալ, երբ դասաժամին քամին պատուհանից դեպի դուռ է փչում, դռնից՝ պատուհան, երեխաները մրսում են, բացակայում են, երաժշտական գործիք չունենք, երեխաները, սոլֆեջիոի որոշակի ինտերվալներ կան, չեն երգում, որը ազդում է երեխաների լսողության վրա:

Արզականի արվեստի դպրոցի ասեղնագործության բաժնի ուսուցչուհի Արմինե Ասատրյան

-Ինչպե՞ս են երեխաները ընտրում ասեղնագործության բաժինը:

-Անցած տարիների համեմատ, կարելի է ասել, այդքան շահագրգռված չեն, բայց շատ լավ երեխաներ շատ ունենք:

-Այս բաժնում ի՞նչ կարող են սովորել երեխաները:

-Չենք ուզում, որ մեր դարերով եկած ասեղնագործությունը անհետանա, դրա համար ուզում ենք անպայման երեխաները հաճախեն, տեսնեն, կարողանան ասեղնագործել, հմտանան թե՛ հայկական ժայնակագործության, Մարաշի, Այնթապի ասեղնագործության մեջ:

-Ձեր աշխատանքային տարիների ընթացքում դեպք եղե՞լ է, երբ տղաները հետաքրքրվեն այս արվեստով:

-Ոչ, բայց ես ուսանող տարիներին լավ վարպետներ եմ տեսել, որոնք տղամարդիկ են եղել, զարմացած եմ մնացել: Ու հիմա էլ կան շատ լավ տղամարդ վարպետներ:

-Իսկ ի՞նչ խնդիրներ ունեք, որոնք առաջնային են:

-Դե մեր բաժնում խնդիրներ չկան, երեխաներն են բերում իրենք իրենց կտորները, թելերը:

Ես զրուցեցի համարյա բոլոր ուսուցիչների հետ: Տեսա աշխատանքները, հիշեցի նաև իմ հաճախած տարիները, ինչ է առհասարակ տալիս արվեստի դպրոցը երեխային, և կարող եմ միանալ նրանց և ասել՝ Արզականի արվեստի դպրոցը անհրաժեշտ է մեր գյուղի երեխաներին, ուստի պետք են հովանավորներ, շահագրգիռ կառույցներ, որպեսզի իսկապես դպրոց հաճախող, արվեստի հետ շփվող երեխան հնարավորություն ունենա բացահայտելու և զարգացնելու իր շնորհները:

arusyak grboyan charencavan

Հանգած «Արևիկը»

-Էրեխեք, էկեք գնանք այգի զբոսնելու:

-Էնտեղ ի՞նչ կա որ, անիմաստ ա գնալը:

Ամեն անգամ ընկերներիս այս խոսքերը լսելուց մտատանջությունների մեջ էի ընկնում: Ինչո՞ւ է մեր քաղաքի՝ Չարենցավանի միակ այգին դարձել «ոչինչ» բոլորի համար, ինչո՞ւ ոչ ոք չի ցանկանում զբոսնել կամ պարզապես ուրախ ժամանց անցացնել այնտեղ: Այդ «այգի» կոչվածը պարզապես տարածք է զբաղեցնում մեր փոքրիկ քաղաքում:

Այս մտքերով տարված ցանկացա գնալ ու տեսնել, թե ինչ է կատարվում մեր մոռացված այգում: Դեռ ներս չմտած՝ հենց առաջին տպավորությունս այնպիսին էր, որ այստեղ շատ վաղուց ոչ ոք չի եղել: Մոռացված մի տարածք, որտեղ բոլոր կարուսելները սպասում են մի շնչավոր էակի, մի փոքրիկ երեխայի, ով կգա ու իր դրական լիցքերով ու մանկական ծիծաղով կշարժի այս գունաթափված երկաթները:

Երբ ես փոքր էի, իմ ամենասիրելի կարուսելը «Արևիկն» էր: Ամեն անգամ «Արևիկը» նստելով այնպիսի հիասքանչ տպավորություն էի ստանում, որոնք մինչև օրս չեմ մոռանում: Իմ սիրած կարուսելը, որ միշտ ժպտում էր բոլոր երեխաներին իր պայծառ արևային շողերով, այսօր տխուր էր, կարծես կորցրել էր փայլն ու իրեն անպետք էր զգում:

Խորանալով այգու մեջ՝ ավելի ու ավելի եմ հուսալքվում: Կարուսելներն ու նստարանները իրենց սառնությունով կարծես շրջապատում են ինձ, ու փախչելու ցանկություն է առաջանում: Այգու կենտրոնում գտնվող շատրվանից ջրի փոխարեն տխրություն ու բացասական տրամադրություն է ցայտում: Այգու բեմահարթակի փոշու շերտը վաղուց չի ցրվել երեխաների ուրախ պարերից:

Ցանկություն առաջացավ փոխել մեր այգին, նոր կյանք ու շունչ հաղորդել նրան:

Ընկերներիս հետ կիսեցի մտքերս: Պարզվեց՝ նրանք նույնպես մտածում էին այդ մասին: Իսկ ի՞նչ անել, ինչի՞ց սկսել, չէ՞ որ մենք ընկերներով շատ չնչին բան կարող էինք փոխել:

Շուտով այս խոսակցությունը մոռացվեց: Անցավ մեկ տարի: Իմ սիրելի ուսուցիչներից մեկի առաջարկով հաճախեցինք մասնագիտական կողմնորոշման կենտրոն: Այնտեղ մեզ ներկայացնում էին, թե ինչպես պետք է մեր առջև դնենք խնդիր ու ամեն ինչ անենք՝ այդ խնդրի լուծմանը հասնելու համար: Պարզվեց՝ կենտրոնի ընկերներս մտահգված են եղել ու քաղաքապետարան են դիմել այգու հարցով, սակայն ոչինչ չի ստացվել: Որոշեցինք ուսուցչի հետ միասին վերականգնել այգին: Մշակել ենք այգու վերակենդանացման ծրագիրը, իսկ մեզ հետ համագործակցող երեխաների քանակը գնալով ավելանում է, և մենք համոզված ենք, որ մեկ ամսում կկարողանանք նոր կյանք հաղորդել մեր մոռացված այգուն:

Astghik Hunanyan vayots dzor

Էլի սեզոնը եկա՞վ

Ամեն անգամ, երբ նայում եմ աճող մրգերին ու հատապտուղներին, աչքիս առաջ է գալիս նրանց ապագան՝ մայրիկի կողմից համեղ կոմպոտ դառնալու դժվար, բայց հետաքրքիր գործընթացը…

Լավ, կատակեցի, դրա մեջ ոչ մի հետաքրքրություն էլ չկա: Ինչևէ, դա նշանակում է, որ ամառ է:

Առավոտյան շատ շուտ արթնանալ, լվանալ տարաները՝ 1 լիտրանոց, 2 լիտրանոց, 3 լիտրանոց, մաքրել, կեղևազրկել, կտրատել մրգերը, ժամերով նստել կրակի կողքին ու հետևել, թե ինչպես են մեծ կաթսայի մեջ իրար բախվում ջրի ու շաքարի մոլեկուլները, թե ինչպես են պղպջակները անսպասելի բարձրանում արդեն պատրաստ շաքարաջրի մակերևույթ ու անսպասելի էլ պայթում, հետո կտրտած մրգերը սիրուն տեղավորել տարաների մեջ, դե, բնականաբար, մի քանի հատն էլ՝ ստամոքսում, ու կամաց-կամաց նրանց վրա ավելացնել տաքությունից թշշացող շաքարաջուրը, «զակատ» անել տարաներն ու ու շարել նկուղի դարակներին, մինչև ձմեռ…

Ինչ ինձ հիշում եմ, ամեն տարի ամռանն ու աշնանը մայրիկն այս գործողություններն է կրկնում՝ նույն հերթականությամբ, ու ինչքան էլ զարմանալի է՝ մեծ սիրով: Կարծում եմ, կռահեցիք, թե ինչ ճակատագրի են արժանանալու սովորական մրգերը՝ ամենասովորական շաքարաջրում: Ամեն տարի, երբ աճում են մրգերն ու հատապտուղները (եթե իհարկե, կարկուտը չի կործանում նրանց ապագան), մայրիկը վերցնում է նույն դույլերը, և իհարկե, իր օգնականին՝ եղբորս, ով իր հերթին վերցնում է իրենից կրկնապատիկ անգամ բարձր սանդուղքը, և ուղևորվում են այգի՝ պապիկի մշակած պտուղները քաղելու: Դե անկեղծ ասած, փոքր ժամանակ ես էլ էի գնում նրանց հետ, ես էլ էի մագլցում ծառն ու ագահորեն պոկում մրգերը, օգնում էի տարաները փրփրաջրել ու պարզաջրել, մինչ մայրիկս կտրատում էր մրգերը՝ դեղձը, տանձը ու խնձորը, բալը, սերկևիլը և, իհարկե ծիրանը, ա՜խ ծիրանը… Միրգ, որը արդեն քանի տարի է, հալածվում է կարկուտի կողմից, շատ քչերն են փրկվում (դե ո՞վ է գժվել ծիրանի կոմպոտ պատրաստել, երբ անգամ համը տեսնելու համար չկա): Դե լավ, ինչևէ, ու՞ր հասանք…

Տերևներից առանձնացնում էր հատապտուղները՝ հոնը, կարմիր ու սև հաղարջը (որոնցից միշտ թթվաշ կոմպոտ է ստացվում, ինչքան էլ շաքար ավելացնենք), մոշը, ազնվամորին:

Դա մի ժամանակ էր, երբ ես քնելու հետ սեր չունեի: Հիմա ես ուղղակի ուշ եմ արթնանում, երբ արդեն գործի կեսն արված է լինում, և ինձ վրա մնում է էլ ավելի բարդ ու պատասխանատու գործ՝ աշխատողներին սուրճ մատուցելը: Դե, ըստ մայրիկի, ամեն իրեն հարգող տնային տնտեսուհի պետք է տիրապետի սուրճ եփելու արվեստին: Ես էլ պակաս չեմ տիրապետում, ուղղակի մի խնդիր կա. ընկնում եմ մտքերով ու մոռանում, որ սուրճ կա դրված գազօջախին: Դե արի ու արագ հիշիր, թե քաղցր սուրճն ում պետք է տաս, կամ որ բաժակի մեջ է լցված, դառը՝ որ: Արագ հասցրու մայրիկին, տատիկին ու հարևանուհիներին, ովքեր սիրում են օգնել իրար կոմպոտ եփելու հարցում ու օգնելու ժամանակ էլ մի լավ բամբասել: Իսկ հետո արագ վազիր խոհանոց ու սրբիր գազօջախը, որ ոչ ոք չնկատի, որ անփութություն ես արել:

Դե լավ, էլի ինչևէ, շեղվեցի… Այդ ամենից սփոփվելու մի միջոց կա. ուղղակի պետք է հիշել, որ ցուրտ ձմեռը, բացի ջրից, նաև խմելու ես օգտակար ու տնական հյութ՝ կոմպոտ, ուտելու նրա հյութեղ «հատիկները»:

seda mkhitaryan

Կարդալը լավ բան է

Կարդալը լավ բան է, այդպես չե՞ք կարծում: Օրինակ ես դրանում համոզվել եմ։ Եթե մի քանի տարի առաջ ինձ ինչ-որ մեկը ասեր, որ առանց մի քանի թերթ կարդալու քունը չի տանում, գուցե ծիծաղեի, իսկ հիմա…

Դե, հենց նոր փակեցի գիրքը ու պատրաստվում եմ քնել։ Կարդալու բան շատ կա, կարդացողներն են քիչ, հա, ու մեկ էլ ժամանակը: Շտեմարանից հետո էլի ինչ-որ գիրք բացել կարդալը դժվար է, մանավանդ, երբ լույսը բացվելուն քիչ է մնացել… Բայց այնուամենայնիվ կարելի է։ Եթե ավարտական դասարանում չես, ապա ոչ թե կարելի է, այլ պարտադիր, այո, պարտադիր, որովհետև մարդու զարգացման, աշխարհայացքի ձևավորման ամենակարևոր գործոններից մեկը հենց ընթերցանությունն է (մի տեսակ գիտական ստացվեց)…

Տատիկիս ասածներից էլի հիշեմ․ «Էն ժամանակ էնքան գիրք կարդացող կար, մի գրքի հըմար հերթ էր, մինը, որ պրծներ, արդեն գիդեր՝ հաջորդը ով տի կարդալ: Հըմի ո՞ւր ա, գիրք կարդացող չկա..»։

Իսկապես չկա, բայց ինչո՞ւ… Երևի լավ գրքեր չկան կամ զբաղմունքի այլ ձևեր կան: Չէ, ինձ թվում է, պատճառն այլ է: Անկեղծանամ՝ չգիտեմ էլ պատճառը, բայց այն, որ դա ինձ անհանգստացնում է, փաստ է։

Ուզում եմ, որ հիմա էլ գրադարաններում հերթ լինի գրքերի համար, ուզում եմ, որ գիրք կարդան ոչ թե էդ մասին սոցկայքերում գրելու՝ այլ պարզապես կարդալու համար: Ուզում եմ, որ արժեվորենք գիրքը ու հասկանանք դրա կարևորությունը: Ուզում եմ, որ շատանան այն մարդիկ, ովքեր սիրում են կարդալ: Եվ վերջապես, ուզում եմ, որ մարդու համար ամենաթանկ նվերը լինի գիրքը, ոչ թե նրա համար, որ հիմա մոդայիկ է, այլ, որովհետև ԳԻՐՔ է…

Հ. Գ. Կիսվեք կարծիքներով՝ փորձենք հասկանալ գրքից հեռանալու պատճառները:

Գայանեի աշխարհը

Փոքր հասակից ճանաչում էի Գայանե Ավդալյանին որպես լավ երգչուհի և կիթառահար: Եվ այժմ, երբ պատանի թղթակից եմ, որոշեցի առիթը բաց չթողնել և հարցազրույց անել Գայանեի հետ: 

Լուսանկարը՝ Նաիրա Դավթյանի

Լուսանկարը՝ Նաիրա Դավթյանի

-Գայանե, պատմիր քո մասին:

-Ծնվել եմ 1995 թվականին Երևան քաղաքում, սակայն արմատներս ձգվում են դեպի Արագածոտնի մարզ, գյուղ Արագած: Ծնողներս, տատիկս, պապիկս էդտեղից են: Փոքր տարիքում հաճախել եմ «Արևիկ» անսամբլ, երաժշտական դպրոց: Հետաքրքիր մանկություն եմ ունեցել:

-Ե՞րբ ես սկսել երգել:

-Երգել սկսեմ եմ դեռ 2-3 տարեկանից: Առաջին քայերս կատարել եմ «Արևիկ» անսամբլում: Դրանից հետո ընդունվեցի Սարաջյանի անվան երաժշտական դպրոց: Արդեն հասուն տարիքում նաև ավարտեցի երգի պետական թատրոնը և սկսեցի կիթառ նվագել սովորել, դաշնամուր, ավելի մեծ տարիքում շրթհարմոն: Ինձ թվում է ծնողներիս ուղղորդմամբ երաժշտական ճամապարհը ընտրեցի, որը հետագայում դարձավ սիրելի զբաղմունք:

-Ո՞վ կամ ի՞նչն է ոգեշնչում այդ գործում:

-Ա՜յ, շատ բան կարող եմ թվարկել, որոնք ոգեշնչում են: Սկզբում ոգեշնչում է ինչ-որ մուսա, որպեսզի ստեղծագործեմ: Հետո արդեն ոգեշնչում են մարդկանց ծափահարությունները, ովքեր գտնվում են համերգային դահլիճում: Ոգեշնչում է նաև մարդկանց կարծիքը: Շատ բան է ոգեշնչում:

-Ձեր ընտանիքի անդամներից ո՞վ է երգով զբաղվել, ումի՞ց ես ժառանգել երգելու շնորհը:

-Մայրիկս ու հայրիկս երգում են: Մայրիկս փոքր տարիքում պարել է տեղի մշակութային տներից մեկում, իրենց մոտ՝ Ապարանում, և նաև շատ լավ երգել է: Հայրիկս էլ է շատ լավ երգում, եղբայրս նույնպես երգում է: Ոչ ոք չունի երաժշտական կրթություն, բայց սիրում են երգել: Կարծում եմ, իրենցից է փոխանցվել:

-Քո երգացանկում ունե՞ս հեղինակային երգեր:

-Այո՛, ստեղծագործում եմ, ունեմ իմ երգացանկում երկու-երեք հեղինակային երգ՝ «Երևանին», «Ձոն զինվորին» և «Լուսաբացի աղջիկը: Հիմնականում «Համասիա» խմբի հետ եմ ելույթ ունենում:

-Բացի երգելուց, էլ ինչո՞վ ես զբաղվում:

-Մասնագիտությամբ լրագրող եմ: Այս տարի ավարտում եմ ԵՊՀ-ի լրագրության ֆակուլտետը: Բացի երգելուց գրեթե ամեն ինչով զբաղվում եմ: Ինձ շատ հետաքրքրող ոլորտներ կան, որտեղ ամեն կերպ ես փորձում եմ ոչ միայն այդ հետաքրքրությունը սպառել, այլ նաև ինչ որ նոր բան քաղել, սովորել: Գրքեր եմ շատ կարդում: Լուսանկարչություն եմ սիրում շատ: Հայկական տարազների, հին զարդերի ուսումնասիրությամբ եմ զբաղվում:

Դեռ 14-15 տարեկանից ստեղծագործում եմ, առանձնապես մտադրություն չկար գիրք գրելու, սակայն մի օր հասկացա, որ իմ գործերը ուզում եմ, ր մարդկանց էլ հասանելի լինեն, և հրատարակեցի «Մոլորակին երիցուկներ» գիրքը: Բանաստեղծությունների և արձակ ստեղծագործությունների ժողովածու է: Գիրքը վաճառքի ենթակա չէ: Միայն նվիրում եմ, և այն օրագրի պես կարծես լինի: Հենց սկզբում գրում եմ, որ կարող ես նույնիսկ փոխել վերնագիրը, եթե այն քեզ դուր չի գա, որովհետև սա իմ ու քո տիրույթն է, իմ ու քո օրագիրը:

-Ունե՞ս սկզբունքներ, որոնցով առաջնորդվում ես:

-Թերևս առաջին սկզբունքը. երբեք և ոչ մի պարագայում կարևոր որոշումներից հետ չկանգնել: Սկզբունք է նաև հանուն ինչ-որ բանի չդավաճանելը: Այսինքն, ունեմ «որդեգրած» «կարելիներ» և «չի կարելիներ», որոնց հավատարիմ եմ:

narine gabrielyan

Պարզ մի բանաձև

Սովորական դպրոցական մի օր էր։ Հասարակագիտության ժամին, ինչպես միշտ, դասղեկի հետ բանավիճում էինք: Այս անգամ էլ բանավեճի առարկան էին բարությունը և երջանկությունը: Ուսուցչուհին առաջարկեց բոլորիս հիշել մեր կյանքից մի այնպիսի դեպք, որ ըստ մեզ, բարություն է, և որից մենք հոգևոր բավարարվածություն ենք զգացել: Բոլորս ներկայացրինք մեր պատմությունները: Վերջում, ինչպես միշտ, ներկայացավ մեր ուսուցչուին.

-Երեկո էր։ Դե ես, ինչպես միշտ, նստած էի և սպասում էի Տաթևիս գալուն։ Հեռախոսս զանգեց` Տաթևս էր։ Վերելակներից վախենում է՝ ինձ զանգում էր, որ դիմավորեմ։

-Մա՛մ, մա՛մ, արի ինձ տար` հասել եմ։

Իջա, տեսնեմ՝ Տաթևս մուտքում չի: Դուրս եկա` ճանապարհի մյուս կողմում գտնվող կոշկակարանոցի դիմաց կանգնած էր։ Նորից զանգեցի.

-Տաթ, ինչի՞ ես կանգնել, արի՝ գնանք տուն։

-Մա՜մ, արի, էլի՜։

Տաթևի արտասվախառը ձայնը լսելով միանգամից վազեցի կոշկակարանոցի մոտ, ու ինչ տեսնեմ. մի փոքրիկ՝ խուճուճ մազերով, 5-6 տարեկան, նստել էր կոշկակարանոցի տանիքին և չկարողանալով իջնել` վախից լացում էր, Տաթևս էլ հետը։

Չգիտեինք՝ ինչ անել, որ փոքրիկին իջեցնենք։ Որոշեցինք քարեր դնել, որ կարողանանք հասնել իրեն և գրկել։ Քարերը դրեցինք, և փոքրիկին ասացի.

-Տղաս, ոտքդ զգույշ դիր քարին, ես քեզ կգրկեմ։

Ոտքը դրեց քարին, գրկեցի ու իջեցրեցինք տանիքից։ Չհասցրեցինք հարցնել, թե ո՞վ է, որտե՞ղ է ապրում, ովքե՞ր են ծնողները՝ վազելով գնաց, մնացինք ես ու Տաթևս։

Ճիշտ է, մեզ չտեսան ու չիմացան մեր արածի մասին, բայց մեր արածից էնպես էինք երջանկացել։

Երբ պատմությունը լսեցի, մի բան ներսումս շարժվեց: Հասկացա, որ մարդուն երջանկության համար հարկավոր չի ոչ գումար, ոչ էլ ուրիշ մի բան՝ պարզ մարդկային բարությունն ու հոգատարությունը բավական են մարդուն երջանկացնելու համար։

Nane Eghiazaryan

Ավտոբուսում

Ժամը ութին հինգ է պակաս: Ավտոբուս եմ նստում ինձ ծանոթ ու անծանոթ մարդկանց հետ: Երկուշաբթի է, և գրեթե բոլորը նայում են ինձ և իրենց մեջ հարց են տալիս, թե  ինչու այս աղջիկը հիմա դպրոցում չէ… Ոմանք միգուցե հիշում են, որ տարեվերջ է, և ավելի են զարմանում. չէ՞  որ եկել է կիսամյակայինների ժամանակը: Ավտոբուսը վերջապես շարժվեց: Հետևում նստել էին տղամարդիկ, իսկ դիմացս՝ կանայք: Ասում են, որ կանայք բամբասկոտ են, բայց եթե այդ արտահայտությունը լսած չլինեի, դա կվերագրեի տղամարդկանց:

(Ավտոբուսի կանգառում կանգնած մարդկանցից մեկը՝ Իքս, իմ հետևում նստած մարդիկ՝ Իգրեկ, Զեթ)

-Տեսա՞ր՝ նոր ում հետ էի խոսում:

-Ո՞ւմ:

-Իքսն էր, սկսել էր էլի գլուխ գովել:

-Ի՞նչ էր ասում, որ…

-Ասում էր՝ թե բա գիտեմ, չէ՞, որ բոլորին բանջարի տեղերը ինքն է ցույց տվել, որ դու ու ինքը միշտ իրար հետ եք գնացել, ու երբ իրա իմացած տեղերը իմացել ես, էլ իրա հետ չես գնում:

-Պա՜հ, ինքն ա սովորեցրել հա՞… Բա չասի՞ր՝ դու ո՞ւր էիր, երբ Իգրեկը գնում էր բանջարի: Ինչ ա՝ մի անգամ իրար հետ տեղ ենք գնացել, ինքը աջ ա գնացել, ես՝ ձախ: Հետո կանչել ա, թե՝ ստեղ լավն ա բանջարը: Գնացել եմ, ուրեմն, ինքն ա, հա՞, սաղ տեղերը ինձ ցույց տվել:

-Հա, բա… Ասում ա, թե՝ մի հատ լավ տեղ գիտեմ, որ քարի տակ լիքն ա, գնում եմ ընդեղ:

-Հա բա, կիմանա, բա ի՞նչ կանի: Էրեկ էր տեղերը հարցնում: Վա՜յ Իքս, Իքս…

-Լավ, էդ հեչ, պատմի տենամ՝ էրեկ հլը դա՞շտն էիր, որ անձրևը եկավ:

-Հա, հլը դաշտն էի: Լավ էր, մի հատ տեղ գտա, մտա, էնքան էլ չթրջվեցի: Դու ասա, ի՞նչ արիր:

-Ես էրեկ էն անձրևին հլը քաղում էի, ասիմ՝ գնամ ծածկի տակ, էն էլ տեղը հեռու էր, մինչև հասա՝ կտրվեց: Ոտից գլուխ ջուր էի էղել…

Մի քանի րոպե, ի զարմանս ինձ, ավտոբուսում լռություն տիրեց, հետո Զեթը նորից շարունակեց:

-Գիտե՞ս չէ, կաթիլային եմ քաշել:

-Հա բա, ճիշտ ես արել: Շուտվանից պիտի քաշեիր, ծառերդ ափսոս են:

-Հա, իմ խելքն ասա: Էնքան լավ ա, ծառերիս խոնավությունը միշտ պահում ա…

Էլի մի քանի րոպե լռությունից հետո Զեթը տագնապի մեջ ասաց.

-Էս քո իջնելու տեղը չի՞:

-Հա է, լավ էր հիշեցրիր… էստեղ կանգնի, էլի,- ավտոբուսը կանգնեց, Իգրեկը մոտեցավ վարորդին, վճարեց, հետո ամբողջ ավտոբուսով մեկ գոռաց,- դե հաջող, գնացի քաղելու:

Ավտոբուսը շարժվեց: Իգրեկն սկսեց բարձրանալ մոտակա սարը, և երբ կորավ իմ տեսադաշտից, Զեթը նույնպես իջավ ու անհետացավ:

Այդ օրը ես Ջերմուկից գնում էի Եղեգնաձոր, ու ճանապարհին էլի մարդիկ իջան ու բարձրացան: Ավտոբուսների մեջ երկար ժամանակ իրար չտեսած մարդիկ հանդիպում են, մյուսները պարզում, որ ամեն անգամ իրար ավտոբուսում են միայն հանդիպում, մյուսները նոր են ծանոթանում ու խոստանում, որ անպայման պիտի միմյանց այցելեն: Ամեն անգամ, կապ չունի, թե ուր ճանապարհորդելիս, մարդիկ լսում են տարբեր զրույցներ, տարբեր կարծիքներ ու հանդիպում տարբեր ծիծաղաշարժ դեպքերի: Երբեմն նույնիսկ այնպիսի բաներ ես լսում, որ ուզում ես բոլորին պատմել:

Եթե գոնե մեր ճանապարհորդություններից կեսը կարողանայինք գրի առնել, պահել մեր հիշողություններում, ինչքան շատ բան կունենայինք հետագայում պատմելու մեր ծանոթներին: Ավա՜ղ, դրանք երբեմն չքանում են, թաքնվում մեր հիշողության անկյուններում, ու երբ ուզում ենք հիշել, չենք կարողանում: