Իսկական արվեստի ուժն անչափելի է։ Այն ազնվացնում ու վեհացնում է մարդկային հոգին, հարստացնում նրբին գույներով։ Ինձ համար արվեստի ամենաբարձր ու վեհ ոլորտում է երաժշտությունը, իսկական երաժշտությունը, կարճ ասած՝ դասական երաժշտությունը։ Սիրում եմ ունկնդրել տարբեր կոմպոզիտորների գործերը ու խորասուզվել նրանց ստեղծած կախարդական հնչյունների օվկիանոսում ու ամեն անգամ հասկանում եմ, որ սա է իսկական անխարդախ արվեստը, որն օգնում է իմ հոգուն թռչել դեպի վերին ոլորտներ, դեգերելու գեղեցիկի անսահման աշխարհում։
Լսում եմ Վիվալդիի նրբագեղ գործերը, Մոցարտի՝ հոգին պարուրող կախարդական նոտաները, Բեթհովենի երկինք խոյացող բողոքը, Խաչատրյանի՝ մերթ ահագնացող, մերթ համարյա խլացող հանճարեղ տարուբերումները ու անընդհատ զարմանում մարդկային երևակայության ուժից։ Կարելի՞ է արդյոք լսել ու անտարբեր մնալ, լսել ու չսարսռալ…
Այս է, ըստ իս, արվեստի անիմանալի ուժը, սրանով է այն թև տալիս մեր հոգուն ու մտքին, նրբացնում մեր լսելիքն ու ճաշակը, օգնում զանազանել ազնիվ արվեստը կեղծից։
Հաճախ եմ ցավով նկատում, որ իմ սերնդակիցների համար դասական արվեստը, այդ թվում երաժշտությունը, անհասկանալի մի լեզու է, դատարկ հնչյուն, ծաղրանքի առարկա։ Ցավալի է, որ նմանները իրենց դատարկության չափ մեծախոս են ու ինքնագոհ, սեփական անճաշակությունը պարծանքի առարկա են դարձնում։ Հույս ունեմ, որ կգա մի ժամանակ, երբ երիտասարդները կսիրեն ու կհասկանան իսկական արվեստը, ու դասական համերգների տոմսերի համար հերթեր կգոյանան…








Այն մարդը, ումից սերվել էր պապիկիս հայրը, Մշո Դրմետ գյուղում ապրող Կնարենց Արամն էր: Նա ժամանակի իրավիճակին համապատասխան ֆիդայական շարժման ներկայացուցիչ է եղել, մահացել է ինքնապաշտպանական մարտերից մեկում: Պատմում են, որ նրա դին թուրքերը բերել և դրել են գյուղի կենտրոնում, որ տեսնեն՝ ովքեր են ընտանիքի անդամները ու նրանց վնասեն, բայց ընտանիքի տղաներին և կնոջը ֆիդայի ընկերները հասկացրել են, որ պետք չէ որոշ ժամանակ մոտենալ մահացած մարմնին, և որ իրենք կփորձեն ինչ-որ ձևով դին ազատել և թաղել: Այդպես էլ անում են ընկերները: Նրա մահից հետո իր ընտանիքի անդամները, կինը` Ծովինարը և 3 տղաները` Տիգրանը, Լևոնը և Միսակը (աղջիկներ ունեցել է թե ոչ, տեղեկություն չկա) մնացել են գյուղում: Մեծ տղան` Տիգրանը, սպանվում է թուրքի գնդակից: Ծովինար տատը պատմել է, որ որդին թաքստոցից դուրս է գալիս, երբ ինչ-որ մի դավաճան՝ Արդողցի անունով մեկը, մատնել է այն մարգի տեղը, որտեղ հայ մանկահասակ տղաները թաքնվել էին: Տղաներին դուրս հանելու համար բարձր ձայնով գոռացել են, որ գյուղ ռուսներն են մտել ազատելու, և առաջիններից մեկը Տիգրանն է եղել, ով դուրս է եկել թաքստոցից և գնդակահարվել է: Այս կորուստից հետո Ծովինարը որոշում է, որ Լևոնին տալ քրդերի մոտ, որ անվտանգ լինի, ասել, որ տվել է «հոտաղ», և դրանից հետո այլևս ոչ մի լուր չի եղել նրանից:


