Hasmik Miqayelyan

Արդեն որոշել եմ

Սերը դեպի երաժշտությունն իմ մեջ արթնացել է մանկապարտեզի տարիներից: Հիշում եմ, երբ մանկապարտեզի երգի ուսուցչուհին նստում էր իր դաշնամուր առջև և սկսում նվագել, ես ուշադրությամբ նայում էի նրա ձեռքերին և նույն շարժումները կատարում էի տանը սեղանի վրա:

Այդ տարի երջանկությանս չափ չկար: Վերջապես կատարվելու էր իմ վաղեմի երազանքը. այդ տարի ես պետք է ընդունվեի Համլետ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժին իմ շատ սիրելի ուսուցչուհի ընկեր Չքոլյանի մոտ: Նա մինչ այժմ էլ ուսուցանում է ինձ:

Մեր երաժշտական դպրոցում գործում են ժողովրդական և դասական երաժշտության բաժիններ: Սովորեցնում են նաև երգ և կիթառ: Ամեն տարվա վերջում հաշվետու համերգ է տեղի ունենում, իսկ տարվա ընթացքում՝ դասարանական համերգներ:

Երաժշտական դպրոցում սովորեցի յոթը տարի: Անցած տարի ավարտեցի: Ամեն ինչ սովորականի պես էր: Կարծես չէինք գիտակցում, որ սա ավարտական միջոցառում է, այլ ոչ թե սովորական տարեվերջյան համերգ: Ամեն ինչ շատ լավ էր միչև այն պահը, երբ միացրին «Վերջին զանգ» կոչվող երգը: Բոլորիս աչքերից միանգամից հոսեցին արցունքներ: Ես երբեք չէի արտասվել այս տարիքում: Չէի հասկանում, թե ինչ էր կատարվում ինձ հետ: Ու հենց այդ պահին որոշեցի, որ ես երաժշտական դպրոց գնալու եմ նաև մյուս տարի, քանի դեռ ունեմ այդ հնարավորությունը: Ես զգացել եմ, որ երաժշտությունը իմ կյանքի մի մասն է դարձել: Հենց այդ պատճառով էլ շարունակելու եմ ուսումս այս ուղղությամբ: Չգիտեմ՝ ինչ են որոշել մյուսները, բայց ես ընդունվելու եմ երաժշտական ուսումնարան, հետո կտեսնենք՝ գուցեև կոնսերվատորիա:

hripsime baloyan

Անարդար է

Արդեն շատերը տեղյակ կլինեն Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի մասին: Շատերն էլ հասցրել են դիտել, բացի` գյումրեցիներից, որովհետեւ Գյումրին ստիպված է սպասել այնքան, մինչեւ այդ ֆիլմը Գյումրիի կինոթատրոնում էլ ցուցադրվի:

Այսպես անարդար է: Չէ որ նկարահանումները եղել են Գյումրիում եւ վերջապես թեման սերտ կապ ունի հենց Գյումրու հետ: Ֆիլմում եղած ցավը միայն գյումրեցին կարող է հասկանալ, զգալ, վերապրել, որովհետեւ իմ քաղաքն ու իմ քաղաքի մարդիկ են ականատես եղել այդ ամենին և առաջնայինը հենց իմ քաղաքում պետք է ցուցադրվեր, հետագայում ՀՀ- ի մյուս մարզերում:

Ինչո՞ւ պետք է երևանցիները կամ այլ մարզի բնակիչները գյումրեցիներից շուտ դիտեն ֆիլմը և ոչ միայն այս ֆիլմը, ընդհանրապես ամեն բան միայն վերջում է հասնում Գյումրի: ՉԷ որ ոչ բոլորն են հնարավորություն ունենում գնալ հասնել այնտեղ, որտեղ ֆիլմերը ավելի վաղ են ցուցադրվում: Նույնիսկ ՌԴ գտնվող հայերը, և ոչ միայն հայերը, արդեն հասցրել են դիտել «Երկրաշարժ» ֆիլմը, իսկ մենք գյումրեցիներով ինչպես միշտ, լուռ և համբերատար սպասում ենք:

Անբացատրելի զգացողություն է, երբ գովազդների ժամանակ ներկայացվում է ֆիլմը, ներքևում գրվում, թե որտեղ, երբ կարող ենք դիտել, իսկ այդ որտեղների մեջ Գյումրու անունը չկա…

Ու երբ ֆիլմը վերջապես դիտեն գյումրեցիները, խոստանում եմ նրանց տպավորությունների մասին գրել ձեզ: Արդյո՞ սա իրենց ապրած երկրաշարժն էր:

aharon sahakyan

Դու կլինես միշտ մեր կողքին

Լուսանկարում Դավիթն է` մեր օրերի հերոսը, ով ապրիլյան պատերազմում քաջաբար զոհվեց: Նա մեր համագյուղացին էր, ապրում էր Զոլաքար գյուղում, մեր դպրոցի սանը, մեր ավագ ընկերը, ումից մենք դեռ շատ բան ունեինք սովորելու: 

Դավիթը կենսուրախ, կյանքով լեցուն երիտասարդ էր: Ընտանիքի կրտսեր զավակն էր, բոլորի կողմից սիրված: Դպրոցական տարիներին աչքի էր ընկել իր խելացիությամբ:

Ուներ բազմաթիվ երազանքներ ու նպատակներ, որոնք ծրագրել էր իրականացնել զորացրվելուց հետո: Սակայն չհասցրեց, բազում երազանքներ մնացին անկատար: Չհասցրեց բոլորել նաև իր կյանքի 19-րդ գարունը:

Ծառայության էր մեկնել Լեռնային Ղարաբաղ: Դավիթը տանկիստ էր: 2016թ-ի մարտի 30-ն է: Դավիթը զանգել էր մորը` տիկին Մարինեին: Երկար զրուցել էին, շատ ուրախ էր: Ասել էր, որ իրենց տասը օրով զորավարժությունների են տանում, և եթե հանկարծ չկարողանա զանգել, թող չանհանգստանան:

Ինչ իմանար մայրը, որ վերջին անգամ էր լսում որդու ձայնը:

Երբ պատերազմական գործողություններն սկսեցին, ծնողներն անհանգիստ էին, լուր չունեին որդուց: Սակայն առավել անհանգիստ էր մայրը: Նա կարծես զգում էր, որ տեղի էր ունենալու անդառնալին:

Եվ ցավոք, այդ գույժը չուշացավ: Այդ չարաբաստիկ օրը չարաղետ ականը չշրջանցեց նաև Դավիթենց տանկը: Զոհվեց ողջ անձնակազմը:

Բայց մեզ համար Դավիթը շարունակում է ապրել: Եվ իրավ է ասված, որ մարդն ապրում է, քանի դեռ նրան հիշում են: Իսկ մենք նրան կհիշենք միշտ:

Այսօր Զոլաքար գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկը, որտեղ սովորում են 10-րդ դասարանցիները, կրում է Դավիթ Հայրապետյանի անունը:

maya harutyunyan

Կողպված դռները էլի բացվելու են

Իմ համայնքը` Կոթին, տարբերվում է իր գեղեցիկ բնությամբ և իր քաջ ու սահմանապահ բնակիչներով: Եթե փորձենք ձևաբանորեն վերլուծել, կարող ենք ասել, որ համայնք բառը հասարակ, իրանիշ գոյական է: Բայց գոյական լինելը երևի այդ բառի ամենանվազ հատկանիշն է: Համայնքն ինձ համար ձևաբանորեն վերլուծություն ունի, բայց երևի բառերով չկարողանամ նկարագրել, թե ինչ է ամեն անգամ կատարվում ներսումս համայնք բառը, համայնքիս անունը լսելիս: Ու երևի համարձակվեմ շեղվել ձևաբանական կանոններից, ասելով, որ համայնք բառն ամենևին էլ հասարակ գոյական չէ: Այն հատուկ է, համենայն դեպս ինձ համար՝ ամենահատուկը: Աշխարհում չի կարող լինել գեթ մեկը, ով սրտի խորքում գոնե մի քիչ սեր չունենա պահված իր համայնքի համար: Բոլորս էլ անկախ ամեն ինչից սիրում ենք մեր համայնքը, սիրում ենք մի ուրիշ սիրով, անկախ նրանից այն լա՞վն է, թե՞ ոչ: Բոլոր համայնքներում էլ կան լավ ու վատ կողմեր: Սիրում եմ Կոթիիս անկրկնելի բնությունը, բարի բնակիչներին, ժպտուն աչուկներով փոքրիկներին ու առհասարակ, սիրում իմ համայնքը իր բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ: 

Միակ բանը, որ չեմ սիրում իմ համայնքում, բնակչության օր օրի պակասող թիվն է: Երևի հեռացողներն իրենք էլ դա չեն սիրում: Իսկ այդ քայլին գնում են կարիքից դրդված, գուցե լավ ապագայի հույսո՞վ: Ինչ-որ տեղ նրանց էլ կարելի է հասկանալ: Աշխատատեղեր չկան, իսկ ընտանիքը պահել է պետք: Մարդիկ հեռանում են, ծանր կողպեքներ դնելով տան դռներին, երբեմն՝ ընդմիշտ: Ու գուցե նրանք ընդմիշտ կորցնում են այն սերն ու քնքշանքը, որ պարուրում են իրենց հոգիները հարազատ համայնքում:

Ուզում եմ, մի օր բոլոր հեռացածներին տեսնել ծանր կողպեքները դռների վրայից հանելիս, ժպտալ նրանց ու հիշեցնել, որ ամեն ինչ լավ է լինում, երբ հավատում ես դրան: Ես հավատում եմ, որ կողպված դռներն էլի բացվելու են…

mane antonyan

Անվերնագիր

(Այնտեղ, որտեղ կա գեղեցիկ վերնագիր, ոչ միշտ կա հոգի)

Որտեղ կա մարդ, այնտեղ կա բաժանում…

Ասում են, պատասխանատու ես նրանց համար, ում «ընտելացրել» ես քեզ։ Պատասխանատու ես… Բայց ո՞ւմ առաջ, խղճի՞դ… Քո խիղճը երբեք քեզ պատասխանատվության չի ենթարկի. մարդը միշտ մոռանում է խղճի վրա ծանրացած հիշողությունները։

Ձմռան ցուրտ առավոտ էր։ Հաստ վերարկուների մեջ փաթաթված ու դողացող մարդկիկ շտապում էին Աստված գիտի, թե ուր… Ես էլ սովորականի նման դասի էի շտապում։ Գլխումս մի երաժշտություն էր պտտվում, հենց այդ երաժշտության տակտով էլ քայլում էի. ասես զինվորական մարշ լիներ։

Մտքերով ընկած հասա մի կանգառի, միայն ես էի ու մի զինվորական։ Երևի զինվորն էլ էր մրսում, բայց զինվորականին վայել զգաստությամբ էր կանգնած, ու այնպիսի տպավորություն էր, թե ցուրտն իրեն «ձեռք չի տալիս»։

Չգիտեմ որտեղից մի փոքր կատվի ձագ հայտնվեց, այնքան փոքր ու «համով» էր, որ ուզում էի գրկել (այսուհետ նրան կանվանեմ Փափուկ)։ Չնայած, որ իմ կանգառը չէր, ու կանգնել-մնալու համար էլ «նպաստավոր պայմաններ» չկային, մեկ է, մնացի տեղումս ու սկսեցի հետևել Փափուկին։ Փափուկը առանց վախենալու մոտեցավ մեր «ծանոթ» զինվորին և սկսեց ոտքերի շուրջը պտտվել, մի քիչ խաղաց ու վերջում էլ զինվորի ոտքերի վրա հարմարվեց։ Զինվորը սկզբում ուզում էր մի կողմ տանել նրան, հետո «քարե սիրտը» հալվեց, որոշեց խեղճ Փափուկին չնեղացնել։

Մի քանի րոպե էլ չէր անցել, մեկ էլ մի ավտոմեքենա կանգնեց. զինվորի հետևից էին եկել։ Նա զգուշությամբ Փափուկին մի կողմ տարավ, ու ձեռքի պայուսակը տեղավորեց մեքենայի մեջ, իսկ կամակոր Փափուկը ուշքի գալով մոտեցավ նրան ու ճանկերով կպավ շալվարից։ Զինվորը վերջին անգամ շոյեց Փափուկի գլուխը, ժպտաց ու իջացրեց նրան ցած։

Երբ մեքենան գնաց, ձագուկը նստեց ու սկսեց թախծոտ հայացքով նայել դեպի հեռուն՝ այն ճանապարհի երկայնքով, որով գնացել էր իր բարեկամը։

Վատն այն է, որ կյանքում էլ կան «զինվորներ» ու «փափուկներ»… Փափուկները կապվում են զինվորների հետ, իսկ զինվորները թողնում ու գնում են։ Փափուկներին էլ մնում է միայն նստել ու սպասել «բարեկամներին»։

Ու ընդհանրապես, կյանքում մենք շատ բարեկամների ենք սպասում, ովքեր չեն գալիս, իսկ մենք հույս ենք ունենում ու մեզ խաբում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու…

Albina

Ձմռան մի օր

Ալբինա, այ Ալբինա, Ալբինաաա՜…

Ու մոտավորապես այսպես հինգ րոպե ես լսում եմ, թե ինչպես է մայրիկս ինձ կանչում, որ արթնանամ ու գնամ դպրոց, բայց չեմ ցանկանում վեր կենալ անկողնուցս: Բայց դե արթնանում ու գնում եմ դպրոց: Ես տանից դպրոց պետք է գնամ 8:30-ին, բայց արթնանում եմ 8:20-ին, և ունենում եմ ընդամենը 10 րոպե` պատրաստվելու համար: Դուրս եմ գալիս ու արագ- արագ քայլում դպրոց, որ չուշանամ մարզանքից: Գնում հասնում եմ դպրոցի բակ և արագ մտածում մի պատճառ, որ կոշիկ չփոխեմ, մտնում եմ դպրոց.

-Բարև, Գոհար տատի:

-Բարև, Ալվինա (նա ինձ Ալվինա է ասում):

-Գոհար տատի, ի՞նչ կլինի` ես էսօր չփոխեմ:

-Է~, դե լավ էլի, Ալվինա, ամեն օր նույնն ես ասում:

-Լավ էլի, Գոհար տատի, դրսում չոր ա, կոշիկներս էլ մաքուր են:

-Լավ է, անցի, Ալվինա,- ասում է և մի տեսակ նայելով ինձ, ժպտում:

Բարձրանում եմ դասարան, որտեղ ինձ է սպասում իմ նստարանը և տաք վառարանը: Կանգնում եմ վառարանի մոտ, տաքանում, և հանկարծ լսվում է «էլի մարդ կա՞ դասարաններում» ծանոթ ձայնը: Եվ ես հիշում եմ, որ պետք է իջնել առաջին հարկ` երգելու բոլոր երեխաների հետ միասին: Երգում ենք, բարձրանում դասարան և նստում դասի:

Առաջին ժամին գալիս է ընկեր Հովհաննիսյանը և սկսում ենք հանրահաշվի դասը.

-Երեխաներ, այսօրվա մեր թեման է` «Սինուս, կոսինուս, տանգես, կոտանգես»:

Տեսնում է մեր բոլորի թթված դեմքերը, բայց մեծ սիրով շարունակում է բացատրել դասը: Արդեն երկար դասամիջոցն էր, իսկ դասարանը մի քիչ ցրտել էր, որովհետև փայտը անվերջ չէր, ու այստեղ սկսվում է մեր կռիվը, թե ով պետք է իջնի արհեստանոց և Լևիկ պապիկից փայտ խնդրի: Հիմնականում դրանով զբաղվում են տղաները, բայց երբ նրանք դեռ զանգի ձայնը չլսած դուրս են վազում դասարանից, ստիպված մենք՝ աղջիկներով, պետք է հետևենք վառարանին: Իջնում ենք արհեստանոց.

-Լևիկ պապի, փայտ կտա՞ս:

-Վայ, ոնց չեմ տա, եկեք-եկեք: Ինչքան պետք ա` տարեք, բայց նայեք, հա, էլ մյուս դասամիջոցներին չգաք:

-Ապրես, Լևիկ պապի, հաստատ չենք գա:

Վերցնում ենք փայտը, վազում դասարան և փայտը դնում եմ վառարանի մեջ.

-Ալբինա, փայտը տենց չեն դնում,- հուշում են դասընկերներս:

-Թեք դիր, որ լավ վառվի,-ասում է Ադելիկը:

Ես գնում եմ մի կողմ, նրանք վառում են վառարանը, և հնչում է զանգը: Մենք անցնում ենք դասին:

Աշխարհի ամենալավ դպրոցը իմ դպրոցն է, Գոհար տատիկով, Լևիկ պապիկով և իմ սիրելի ուսուցիչներով:

Միայն թե կգա՞ մի օր, որ վառարանների փոխարեն մենք էլ ունենանք ջեռուցման համակարգ:

Nelli Khachatryan

Գեղեցիկը

-Գեղեցիկ եք:

-Շնորհակալություն:

Հըմ… Շնորհակալությո՞ւն, իսկ ես կարծում եմ, որ բնությունը պետք է կարմրի ու ասի շնորհակալություն քո փոխարեն, մի քիչ էլ, հնարավոր է, պլաստիկ վիրաբույժը: Ինչքանո՞վ ենք պատասխանատու մեր արտաքինի համար, ինչո՞ւ ենք շնորհակալություն հայտնում այնպես, կարծես մենք ենք մեզ քանդակել:

Բայց չէ… Վիճիր ինձ հետ, մարդու սանրվածքը, ոճը, ֆիզիկական մարզվածությունը և նույնիսկ շպարը մարդուն կարող են գեղեցիկ դարձնել, չէ՞… Հա… Թե՞` չէ… Եսիմ:

-Ես մենակ սիրուն աղջիկներին եմ տրանսպորտում տեղ զիջում,- ասաց մի տղա: Դու տղա ես, կարդում ես, ժպտում ու քեզ բռնացնում այն մտքի վրա, որ ՝ դու էլ:

Բոլորս՝ դասը անգիր արած աշակերտի նման, ասում ենք, որ ամենակարևորը «հոգու գեղեցկությունն է», ու այդ նույն դասը անգիր արած աշակերտի նման, ում երբ ընդհատում են, մոռանում է, թե որտեղից պետք է շարունակեր և ինչ ասեր, մենք էլ մոռանում ենք «հոգևոր գեղեցկության» մասին, երբ հանդիպում ենք արտաքին գեղեցկության: Միանգամայն բնական է: Ես էլ եմ այդպիսին: Ափսոս հոգու տրանսպորտներ չկան, որ տղաները տեղ զիջեին հոգով գեղեցիկ աղջիկներին:

-Դուռը բացում եմ, որ աղջիկները անցնեն, ով պետք չէ՝ հարյուր անգամ շնորհակալություն ա ասում, ով պետք ա՝ չի ասում,- ասաց տղա ընկերներիցս մեկը:

Հիմա ուզում եմ նրան ասել, որ աղջիկներին, դե նրանց էլի, ով պետք է շնորհակալություն հայտներ, բայց չեն ասում, երևի հաճախ են զիջում, հոգնել են շնորհակալություն ասել, իսկ «ով պետք չէ»-ների համար փոքրիկ ուշադրությունն էլ ուրախալի է:

Կարդում ու մտածում ես, երբ դուռը բացում են, շնորհակալություն հայտնե՞ս, թե՞՝ ոչ… Երևի ուզում ես նաև վերհիշել, թե քանի անգամ են քեզ տրանսպորտում տեղ զիջել…

meri antonyan

Բողոքի ակցիա

Նախօրոք ներողություն եմ խնդրում բոլորիցդ, եթե նյութիս որևէ մասը ինչ-որ կերպ կվիրավորի որևէ մեկին։ Ինչպես Վահեն էր ասում. «Նախ զգուշացնեմ, որ այս նյութը կարող է շատ երկար ստացվել: Ինքս էլ չգիտեմ դեռ: Այսինքն, եթե դու հավես չունես ու համոզված չես, որ կկարողանաս մինչև վերջ կարդալ, ավելի լավ ա` մի սկսիր: Փակիր էջը ու կբացես, երբ մի քիչ ազատ ժամանակ ունենաս և ուզես մի հետաքրքիր բան իմանալ»:

Գրելիս ուղղակի կերպով նկատի չեմ ունեցել կոնկրետ անձանց, հավատացեք՝ բոլոր նյութերի հեղինակներին անուն առ անուն չեմ մտապահել։ Միայն ուզում եմ կիսվել ամեն օր կայքի հոդվածները կարդալուց հետո ունեցած տպավորություններովս։ Գիտակցում եմ, որ շատերն են իրենց մեջ «ընդվզելու» ասածներիս դեմ, բայց ուզում եմ նշել, որ սա լրիվ իմ անձնական կարծիքն է ու դիտարկումների արդյունքը։ Իհարկե՝ կարծիքս մի օր առավոտյան հետս չարթնացավ ու որոշեց, որ պիտի լինի իմ կարծիքը։ Բավական ժամանակ եմ հետևել ձեր բոլոր նյութերին, անխտիր կարդացել բոլորը, ուզեցել եմ մի որևէ կերպ արտահայտել մտածածս, բայց անտեղի եմ համարել ամեն հոդվածից հետո ընդամենը 1-2 «հաստափոր» նախադասություններով հոդվածներ գրելը։

Էդ հարցերն էնքան են ինձ մտահոգել, որ նույնիսկ ցանկացել եմ «Մանանա» թիմին առաջարկել, որ կայքում հնարավորության դեպքում ամեն նյութի տակ տեղ հատկացվի ընթերցողի մեկնաբանությունների համար։ Կարճ ասած՝ հենց էնպես չեմ կարծիք կազմել, էս էլ չեմ գրում ուղղակի հոդված ունենալու համար։ Մի խոսքով, նախաբանի համար այսքանը, անցնենք բուն թեմային։

Երևի արդեն հասկացաք, որ ասելիք ունեմ կայքում տեղադրվող, նույն ինքը՝ ձեր գրած նյութերի բովանդակության վերաբերյալ։ Զգուշացում. հնարավոր են սրտաբուխ շեղումներ գրական հայերենից։

Հարգելի՛ 17.am-ի ժողովուրդ, ինձ արդեն խիստ անհանգստացնում են նախաքննական բողոքները։ Ամենաշատը խառնվում եմ իրար, որ դրանցից սկսում են բողոքել իններորդ դասարանցիները։ Ամենից շատ հանդիպում եմ այնպիսի մտքերի, որ դպրոցում ինչ-որ միջոցառման համար ընտրել են միայն եզակիների, ու նրանց մեջ եղել եք նաև դուք, որովհետև լավ սովորող, օրինակելի աշակերտ եք, ուրախանում եմ ձեզ համար, ու մեկ էլ հոդված եք գրում, թե ինչքան եք փշաքաղվում քննության մասին լսելիս։ Բա եթե դպրոցի օրինակելիները վախենում-դողդողում են, ի՞նչ են անելու մյուսները։ Վերջապես, ի՞նչ կապ ունի՝ քննությունը գրավո՞ր, թե՞ բանավոր կլինի։ Սրա հետ իմ մեջ ասոցացվում են նաև ավագ դպրոց գնալուց առաջ ձեզ քայքայող վախերը։ Գիտեք, ես ավագ դպրոցի նման մի դպրոց տեղափոխվել եմ յոթերորդ դասարանում, ձեզնից երկու տարով փոքր եմ եղել։ Իմ նախկին դպրոցից հետո շատ ծանր գրաֆիկ էր ինձ համար ստեղծվել, որովհետև խորացված ուսուցմամբ դպրոց էի գնացել, էնտեղ մենք հա՛մ ընդունվելիս, համ էլ ամեն տարվա վերջում էինք քննություններ հանձնում, ընդ որում՝ մեր քննություններն ուղղակի թեստեր չէին, քաշում էինք հարցատոմսն ու երկու տեսական հարց էինք շարադրում, երկու հատ էլ խնդիր լուծում, ու մեր ժամանակ կարևորը ոչ թե հարցաթերթիկի մեջ ճիշտ պատասխանը նշելն էր, այլ ստուգվում էր խնդրի լուծման ամբողջ ընթացքը։ Բայց չեմ հիշում, որ երբևէ նյութերիցս որևէ մեկում տրտնջալով հիշատակած լինեմ էս օրերը։ Բայց հարցն ավելի շատ ձեր վախենալը չի, այլ՝ թե ի՞նչ նպատակով եք գրում նմանատիպ հոդվածներ։ Ձեր ցանկացած հոդվածից հետո ես փորձում եմ գտնել մի բան, որ ինձ համար նորություն էր, ես սովորեցի, մի միտք, որ ինձ դուր եկավ ու համարեցի էդ պահին «գրչի հրաշալի լուծում», որ հիացա ձեր նկարագրողական արվեստով։ Ձեր նմանատիպ հոդվածներում էդպիսի բաներ չկան։ Ձեր հոդվածները կարդում են մարդիկ, ովքեր անցել են կյանքի էդ փուլը, ու մարդիկ, ովքեր նոր պիտի հասնեն դրան։ Ովքեր արդեն հանձնել են էդ քննությունները, վաղուց գիտեն, որ դրանք դատարկ բաներ են, ու ձեր հոդվածները մի քիչ էլ քմծիծաղով են կարդում: Ով էլ դեռ չի հասել, պետք չի հոգեբանորեն ներազդել իրենց վրա, իրենք գուցե ուզում են իրենց կյանքի էդ փուլը դիմավորել մարտականորեն տրամադրված, նախօրոք ներշնչել պետք չի։

Հիմա չեմ բացառում ձեր էս միտքը. «Ես ուղղակի օգտվում եմ իմ իրավունքից և ազատ արտահայտում եմ իմ կարծիքը, պետքդ չի՝ մի կարդա»։ Լավ, բայց դուք չեք գնում, չէ՞, փողոցում պատահական մեկին կանգնեցնում ու սկսում ձեր կարծիքն արտահայտել ինչ-որ թեմայի շուրջ, որի հետ էդ մարդը կապ չունի։ Դրա համար պետք է հասկանալ, թե որտեղ, երբ և ում մոտ է պետք կարծիք արտահայտել, ու արդյո՞ք ձեր կարծիքը կարող է օգտակար լինել դիմացինի համար։ Իրականում շատ մտահոգիչ է, որ դեռ այդ տարիքում, ընդամենը իններորդ դասարանի քննությունների համար, արդեն նվնվում եք, որովհետև իրական կյանքում նվնվալու ավելի շատ տեղեր են լինելու, ու նման տրամադրվածությամբ դուք ուղղակի կկործանվեք մի թեթև բարդությունից։

Կամ սերիալներին վատաբանող հոդվածները… Ոչ մեկին էլ դուր չի գալիս, որ իրենց շրջապատում շատ են սերիալասերները, բոլոր խոսակցությունները դրան են ուղղված։ Մի անգամ կարդացինք դրա վերաբերյալ նյութ, ուրախացանք, որ ժամանակակից երիտասարդության մեջ մարդիկ կան, որ այլ են շատերից ու քննադատաբար են մոտենում ազգուտակով սերիալադիտումներին, հետո էլ՝ սերիալաքննարկումներին, բայց էդ նույն բովանդակությամբ ու նույն մտքերով հոդվածներից մի հատը, կամ՝ ամենաշատը երկու հատը, հերիք էին։ Մի որևէ նյութ գրելուց առաջ ես մի քանի օր մտքերս հետս տանում-բերում եմ, մեջս հազար տակ շուռ եմ տալիս, որ մի քիչ ամբողջանա, բայց հենց որ կայքում կարդում եմ մոտավոր նույն գաղափարն արտահայտող մի որևէ հոդված կամ մի նախադասություն, վերջ, էդ նյութը միանգամից գնում է մտքիս Recycle Bin: Ու կապ չունի՝ ինչքան մայրս կասի, որ ես դա կարող եմ յուրովի ներկայացնել, որ իմ մտքերը կարող են ուրիշ լինել, նման նյութ չեմ գրի։ Իսկ եթե հանկարծ նյութն արդեն ուղարկած լինեմ, մեկ էլ կայքում տեղադրվի նույնիմաստ մի բան, հետո նոր՝ իմը (ի միջի այլոց, արդեն երկու անգամ պատահել է), ինձ շատ վատ կզգամ, որ կարդացողը կմտածի, թե գաղափարներ եմ «թխել»։

Շատ եմ սիրում գիրք կարդալ ու շատ եմ ափսոսում, որ հիմա ժամանակս չի հերիքում ընթերցանության համար։ Հոդվածների հեղինակներից շատերը, ովքեր հատկապես դեմ են արտահայտվում համակարգիչներին ու հեռախոսներին և իրենց հոդվածներում վերամբարձ տոնով են խոսում գրքի մասին, կքարկոծեին ինձ, եթե մի օր կողքս լինեին։ Վերոնշյալ մարդկանց համար ուզում եմ նշել, որ համակարգիչները չէին ստեղծվի, եթե դրանց անհրաժեշտությունը չլիներ, իսկ համակարգիչն ի վնաս ծառայեցնելու մեղավորությունը միայն դրանից օգտվել չկարողացողներինն է։ Եթե դուք համակարգիչը կօգտագործեք միայն խաղերի, ընկերների հետ շփման ու սոց. ցանցերում նկարներ տեղադրելու, մեկնաբանություններում ընկերուհիներին քծնելու, երաժշտություն լսելու, ֆիլմ կամ հենց սերիալ դիտելու համար, ես համակարգիչս կօգտագործեմ շատ մասնագիտական գրքեր կուտակելու համար, որոնք ցավոք, մեր սուտ ընթերցասերների մեղքով Հայաստանում չեն տպագրվում կամ առհասարակ նույնիսկ չեն ներկրվում, որովհետև մի քանի, կամ առավելագույնը՝ հարյուր օրինակից ավել չեն վաճառվում, իսկ գրադարանները չեն էլ փորձում էդ գրքերը ձեռք բերել, որովհետև բավականին թանկ են, մասնավորապես՝ իմ ուզած գրքերի գները կարող են անցնել տասը հազար դրամի սահմանը։

Եթե Դուք գիրք կարդալով հինգ հարյուր էջից մի պարբերություն ձերը կդարձնեք, ես ձեզնից արագ իմ ձևերով ավելի շատ ինֆորմացիա կյուրացնեմ։ Այնուամենայնիվ՝ շատ հաճախ եմ գրքի պակաս զգում, բայց պետք եկածներն էլեկտրոնային տարբերակից դուրս չեմ գտնում, ես ստիպված եմ լինում օգտվել համակարգչից, բայց գոնե օգնության համար շնորհակալ եմ լինում։ Հեռախոսս էլ բարի նպատակներով եմ օգտագործում. հիմա կան շատ լավ հարթակներ ու հավելվածներ, որոնցով կարողանում եմ ցանկացած բան սովորել։ Ամեն անգամ համակարգիչը միացնելիս մի բան սովորելու կամ ժամանակն սպանելու ընտրությունը ձերն է, նույն իրավունքն էլ ունեն մյուսները: Դուք եղեք ռացիոնալ օգտագործողներ, մյուսներին էլ թողեք ընտրության իրենց իրավունքը։

Խոսեմ մի փոքր այլ բանից։ Երբ որ որևէ մեկը կարդում է որևէ հոդված, ակնկալում է սկզբից տեսնել հոդվածի գրման նախադրյալները, նախապատմությունը կամ շարժառիթները, հետո ծանոթանալ բուն պատմությանը, բայց ամենավերջում, անկախ նախորդ մասերից, ուզում է կարդալ եզրակացությունը։ Այսինքն՝ ընթերցողն ուզում է տեսնել նախնական որևէ պրոբլեմ, զարգացման ընթացքը, իսկ վերջում՝ ձեր լուծումը կամ որոշումը պրոբլեմը վերացնելու համար։ Ընթերցողի համար ամենակարևորը ձեր եզրակացությունն է, որ նման է առակի բարոյախրատական մասին։ Հոդվածներ եմ հանդիպել, որ չեմ հասկացել՝ որտեղ սկսվեց ու որտեղ վերջացավ, կարդացել եմ ու մտքումս ասել` «հետո՞»։ Այսինքն որոշ հոդվածներում անավարտություն է եղել։ Իսկ իմ կարծիքով, հենց ավարտական մասն է ամենաշատը բացահայտում հեղինակի էությունը, դիրքորոշումը, մտածելակերպը։ Եթե պահպանվի հոդվածի ճիշտ կառուցվածքը, ամեն դեպքում հոդվածը սահուն կկարդացվի, կընկալվի որպես պրոֆեսիոնալ գրվածք։

Կարճ ասած՝ ախպոր պես, մի՛ արեք էդպես։ Թե չէ՝ ես էլ կսկսեմ համալսարանում ամեն անելիքիս մասին գրել, ու մի կիսամյակում կստացվի տասնհինգ հատ հոդված քննությունների մասին, ութ հատ` լաբորատոր աշխատանքների, երկու հատ` կուրսայինների, հինգ-վեց հատ էլ՝ ստուգարքներս ստանալու պատմություններ։ Իսկ որ պատկերացում կազմեք, թե ինչքան անհետաքրքիր կլինի դրանք ձեզ համար, ներկայացնեմ մի լաբորատորի պատմության մի հատված. «Իմացա, որ պետք է գրեմ ֆունկցիաների վերաբեռնավորման ամենաբարձր մակարդակից մի հատ խնդիր… Գրելուց հետո, որ կոմպիլյացիա արեցի, սխալ տվեց, պարզվեց՝ մի տեղ մի հատ ստից կետ-ստորակետ էի մոռացել, մի հատ բլոկ չէի փակել ու main-ի return-ը մոռացել էի։ Դրանք որ ուղղեցի, աշխատանքի ընթացքում exception գցեց, իբր թե զանգվածի սահմանից դուրս էր եկել ինդեքսը։ Էդ էլ ուղղեցի, սիրուն աշխատացրեցի, կոնսոլային պատուհանը նկարեցի, լաբորատորս տպեցի, հանձնեցի, ու լավ եղավ»։

Լավ չի, չէ՞։ Գիտեմ։

Որ չմտածեք, թե ես ամեն ինչ շատ լավ եմ անում, ուզում եմ մի քիչ էլ անկեղծանալ իմ վատ հոդվածների մասին։ Մինչև հիմա գրածս հոդվածներից ունեմ երկու ամենաչսիրածներս, որոնցից մեկն առաջին հոդվածս է՝ «Կարևորը ճիշտ ընտրությունն է» վերնագրով, որ մասնագիտական ընտրության մասին է։ Գրել եմ ավելի քան մի տարի առաջ, իսկ էդ ժամանակ դեռ կարգին պատկերացում էլ չունեի 17.am-ի մասին։ Այս տարի կարդալուց շատ ուժեղ ամաչեցի, որ ես դա գրել եմ, որովհետև երևի էն ժամանակ էլ դա դիտվել է որպես շաբլոն նյութ, որի մասին գրել են ավարտական դասարանների բոլոր աշակերտները, Բայց ես չգիտեի դրա մասին, ու եթե հիմա ինչ-որ մեկն ինձ դիմի իմ վերոնշյալ մտքերով, ես հաստատ կհասկանամ իրեն… Իրոք, կարևորը ճիշտ ընտրությունն է, միայն թե այս անգամ՝ նյութի լավ թեմայի ու ներկայացման ձևի ընտրությունը։

Որպես վերջաբան՝ ուզում եմ ներողություն խնդրել բոլոր վիրավորված անձանցից. ես չէի ուզում։ Կներեք, որ ինձ իրավունք վերապահեցի քննադատել ձեր հոդվածները, առավել ևս՝ ինչ-որ խորհուրդներ տալ։ Ես էլ լավ չեմ գրում, դուք էլ ինձ ուղղություն, խորհուրդներ տվեք, քննադատեք, ես շատ կուրախանամ։ Կրկնակի կուրախանամ, եթե ինձ նման «նորեկներից» որևէ մեկը, կարդալով բողոքս, պատկերացնի, թե ինչ բնույթի հոդվածները չեն վայելի լայն շրջանակների հետաքրքրությունն ու համակրանքը, ու մի տարուց հետո էլ իրեն ինձ նման վատ չզգա։

Այսքան երկար գրեցի, որովհետև վաղուց շատ բան ունեի ասելու, ուզեցի բոլորը հիշել, միանգամից ասել, որ էլ երկրորդ անգամ նման բան գրելու առիթ չունենամ, որ հանգիստ խղճով գնամ իմ անշառ հոդվածները գրելու, հուսալով, որ ամեն օր կասեմ, որ «էսօր 17.am-ում լավ հոդվածների օր էր»։

Երկու կարծիք դարձյալ նույն թեմայով՝ սերիալներ

Նախորդ հրապարակումներում մեր թղթակիցները իրենց վրդովվմունքն էին հայտնել սերիալների, հատկապես եթեր հեռարձակվող «Մերժվածը» սերիալի վերաբերյալ: Սակայն քննադատությունը միարժեք չընդունվեց: Ձեզ ենք ներկայացնում ևս երկու կարծիք:

Անիմաստ անհանգստություն

hasmik givargizyanՎերջերս թողարկվող «Մերժվածը» հեռուստասերիալը դարձել է քննադատությունների և քննարկումների առարկա: Այդ սերիալը դիտում են մեծ թե փոքր՝ անկախ սեռից: Այդ սերիալը ես նայել եմ կեսից: Մի քանի սերիա բաց եմ թողել սկզբում, մի քանիսը` մեջտեղում: Դպրոցում, փողոցում, տանը, ամենուր հիշատակվում է այդ սերիալը: Սկզբում ես այն նայում էի, քանի որ անելու ավելի հետաքրքիր բան չկար, բայց հետո, երբ տեսա, թե ինչ ոգևորությամբ է տատիկս նայում այդ սերիալը, հարցրեցի նրան, թե ի՞նչ կա դրա մեջ, որ նա այդպես ոգևորվում ու տխրում է հերոսների հետ միասին:

-Միշտ էլ հայ տենցի. փող ունեցողը չունեցողի տեղն էլի որոշել: Խեղճ, խելոք աղջիկի, բայց վա՞վ ինչ անի, որ էն պառավը սաղին խառնել իրար:

Հետո սկսեցի ավելի ուշադիր նայել այն, ոչ թե նրա համար, որ տարված էի, այլ նրա համար, որ փորձում էի զուգահեռներ տանել իրական կյանքի ու այդ սերիալի միջև:

Ես շատ երկար փնտրեցի համացանցում, ու այդպես էլ չկարողացա գտնել, թե իրականում քանի սերիայից է բաղկացած այդ սերիալը: Նշանակում է` այդքան ծանր տանել այն փաստը, որ այն ունի մոտավորապես 1500 սերիա, կարծում եմ դեռևս անիմաստ է: Ու ընդհանրապես մի բան հասկացա: Հիմա այդ սերիալը քննադատողներն ավելի շատ են, քան նայողներն ու ընկալողները: Երևի, մեր պես բամբասկոտ ազգի համար վաղուց խոսելու թեմա չէր ստեղծվել:

Բայց չէ՞ որ կարելի է պարզապես հարմարվել այն մտքի հետ, որ այն դուր է գալիս մարդկանց մեծամասնությանը:

Հասմիկ Գիվարգիզյան

***

Իչայով տարվածները

marine ghahramanyanՓողոցում, ավտոբուսներում, դպրոցներում, տանը, մի խոսքով, ամենուր, քննարկում են Իչայի և Տապուի արարքները: Ինչը ճիշտ արեցին, ինչը` սխալ, ով ինչի է արժանի, և այդպես շարունակ: Անգամ փոքր երեխաներն էլ են մեծ հաճույքով, առանց հոգնելու նստում նայում են, հետո էլ նմանակումներ անում:

Նույնիսկ դիտողների մեծ մասը, մանավանդ մեծահասակները, շատ դեպքերում հուզվում էլ են: Դե, դպրոցականների մասին էլ չասեմ: Երբ լսում են երաժշտության ձայնը, անմիջապես դասերը, ամեն ինչ թողնում, վազում են նայելու. հանկարծ մի սերիա բաց չթողնեն, որպեսզի հաջորդ օրը դպրոցում խոսելու թեմա ունենան:

Հեռուստասերիալն իր բնույթով դաստիարակչական հեռուստասերիալ է` հատկապես երեխաների համար: Սերիալը սովորեցնում է սուտ չխոսել, անկեղծ լավ մարդ լինել և ամենակարևորը` սովորեցնում է կյանքում ճիշտ ապրել:

Էհ, եթե չլիներ այս հեռուստասերիալը, տեսնես մարդկանց խոսելու թեման ի՞նչը կլիներ:

Մարինե Ղահրամանյան

Իմ գյուտարար ընկերը

Հարցազրույց դասընկերոջս՝ Էրիկ Թաթոյանի հետ:

Լուսանկարը՝ Տարոն Խլղաթյանի

Լուսանկարը՝ Տարոն Խլղաթյանի

Իմ դասընկերը՝ Էրիկ Թաթոյանը, ապրում է Մարտունի քաղաքում: Նա գյուտարար է: Նա պատրաստում է տարբեր տեսակի սարքեր: Լավ է սովորում: Սիրում է հատկապես ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա առարկաները:

-Էրիկ ի՞նչ հետաքրքրություններ ունես:

-Սիրում եմ գյուտեր անել, զբաղվել սպորտով, ֆուտբոլ խաղալ և այլն:

-Ե՞րբ ես սկսել զբաղվել գյուտարարությամբ: Ի՞նչը պատճառ եղավ:

-7-րդ դասարանում, երբ առաջին անգամ անցանք ֆիզիկա: Այս առարկան ինձ շատ դուր եկավ, և ես սկսեցի զբաղվել գյուտերով իմ ուսուցչի օգնությամբ:

-Ո՞րն է քո առաջին գյուտը, և ով առաջինը իմացավ քո գյուտի մասին:

-Ես առաջին անգամ պատրաստեցի էլեկտրական մեքենա և նվիրեցի քրոջս, հետևաբար առաջինը հենց նա էլ իմացավ:

-Ի՞նչ գյուտեր ես արել մինչ այժմ:

-Էլեկտրական մեքենան, էլեկտրական շոկերը, հեռակառավարվող ուղղաթիռը, պենոպլաստ կտրող սարք և փոշեկուլ:

Լուսանկարը՝ Տարոն Խլղաթյանի

Լուսանկարը՝ Տարոն Խլղաթյանի

-Դրանք որևէ տեղ ցուցադրե՞լ ես և ի՞նչ արձագանք են ունեցել:

-Այո ցուցադրել եմ և «Զանգակ» հեռուստաընկերությունը նկարել է իմ սարքերը:

-Հիմա ի՞նչ երազանքներ ունես ի՞նչ գյուտեր ես ուզում անել:

-Հիմա աշխատում եմ անօդաչու թռչող սարք պատրաստելու վրա, որպեսզի օգտակար լինեմ հայրենիքի պաշտպանությանը:

-Իսկ ի՞նչ ես ուզում դառնալ ապագայում:

-Ես ուզում եմ դառնալ ֆիզիկոս և զբաղվել միջուկային ֆիզիկայով, որովհետև Հայաստանը միջուկային ֆիզիկայի կարիք է զգում:

-Իսկ ծնողներդ ի՞նչ կարծիքի են քո ընտրած մասնագիտության վերաբերյալ:

-Ծնողներս համակարծիք են իմ որոշման հետ, որովհետև նրանք հարգում են իմ որոշումները:

Հարցազրույցը վարեց՝ Տարոն Խլղաթյանը