Հարցազրույց հայրիկիս՝ Ժորիկ Հովհաննիսյանի հետ
Շուտով կգա իմ ամենասիրած եղանակը՝ ձմեռը: Ես շատ եմ սիրում տարվա այս եղանակը, քանի որ այն անմիջականորեն կապված է իմ հայրիկի հետ: Հայրիկս արդեն երկար ժամանակ է, ինչ մեկնում է Մոսկվա՝ արտագնա աշխատանքի, և ես միայն ձմռանը կարող եմ տեսնել նրան: Երբ ես փոքր էի, մայրիկս ինձ ասում էր, որ երբ աշուն գա, ծառերի տերևները դեղնեն և ընկնեն ծառից, և երբ առաջին ձյունը գա, հայրիկը կգա: Եվ ես հետևում էի, թե ինչպես են ծառերի տերևները դեղնում և ընկնում ծառից, բայց միշտ ծառի վրա մի քանի տերև մնում էին, և ես դրանից շատ էի բարկանում: Հետո ձյուն էր գալիս. ես ուրախությունից ցատկոտում էի և ուրախությունս տատիկիս հետ կիսում: Սակայն դեռ չհասցրած կարոտս առնել՝ հայրիկս նորից գնում էր, և ես կրկին պետք է սպասեի, որ այդ ձյունը հալվեր, հաջորդ ձյունը գար…
Իսկ հայրիկիս հետ այս անգամ ես որոշեցի զրուցել ոչ մանկական թեմաներից:
-Հայրիկ, ինչպե՞ս որոշեցիր ընտրել քո մասնագիտությունը:
-Շատ փոքր տարիքում՝ մոտավորապես երևի 5 տարեկան էի, անընդհատ հեռուստացույցով նայում էի հայտնի նկարիչների կտավներ, որոնք ինձ շատ էին դուր գալիս, այդպես ես որոշեցի զբաղվել նկարչությամբ:
Մեր գյուղում կար մի վայր, որտեղ ես օրվա մեծ մասն էի անցկացնում: Այդ վայրը մենք, անվանում էինք «Խաչեր», քանի որ այնտեղ կան շատ գեղեցիկ խաչքարեր: Ես այնտեղ նստում էի մի մեծ քարի վրա և սկսում էի նկարել այդ խաչքարերը: Սկզբում այդքան էլ լավ չէր ստացվում, բայց հետագայում, կարելի է ասել, որ ես կատարելագործվեցի:
-Ի՞նչ ես ավելի շատ սիրում նկարել:
-Ես շատ եմ սիրում բնություն նկարել: Ծառեր, բույսեր, կենդանիներ և այլն: Սակայն չեմ կարողանում մարդկանց նկարել, քանի որ իմ պատկերացումներում նրանք այդքան էլ լավ չեն ստացվում:
-Իսկ բացի նկարչությունից էլ ինչո՞վ ես սիրում զբաղվել:
-Բացի նկարչությունից ինձ հատաքրքրում է դիզայներությունը: Շատ հետաքրքիր է, երբ որոշում ես, թե սենյակում ի՞նչ տեղ կարող է զբաղեցնել այս կամ այն իրը:
-Ինչո՞ւ չշարունակեցիր քո մասնագիտությամբ:
-Դե~, երկար ժամանակ աչքաթող անելով իմ սիրած զբաղմունքը, մատնվեցի անգործության: Այստեղ աշխատանք չգտնելու պատճառով ստիպված եղա մեկնել արտասահման և հիմա շինարարությամբ եմ զբաղվում: Ես կարողանում եմ շատ գեղեցիկ շենքեր, կառույցներ, տներ վերանորոգել:
-Իսկ ամբողջ տարվա ընթացքում քանի՞ անգամ ես Հայաստան վերադառնում:
-Ցավոք սրտի, ես միայն ձմռանն եմ գործերս վերջացնում և, հետևաբար, միայն ձմռանն եմ գալիս Հայաստան:
-Իսկ օտարության մեջ գտնվելով՝ ի՞նչ դժվարություններ ես հաղթահարում:
-Իրականում շինարարի գործը այդքան էլ հեշտ չի, բայց իմ ամենամեծ դժվարությունը հարազատներիցս և երեխաներիցս հեռու գտնվելու փաստն է:
-Իսկ ինչպե՞ս են նրանք համակերպվում:
-Անկեղծ ասած, մեր բաժանումները շատ դժվար են լինում, բայց հիմա նրանք արդեն մեծ են և հասկանում են իմ գործի բնույթը:
-Իսկ ի՞նչ ես կարծում, նկարչությամբ զբաղվող մարդիկ մեծ եկամուտ ունենո՞ւմ են:
-Մեր երկրում մի փոքր դժվար է ապրելը, դրա համար մարդիկ հիմա ավելի շահութաբեր գործ են փնտրում:
-Ի՞նչ խորհուրդ կտաս երիտասարդությանը մասնագիտության ընտրության հարցում:
-Ամեն մարդ պետք է նպատակ ունենա և ընտրի իրեն հոգեհարազատ մասնագիտություն` հաշվի առնելով իր նախասիրությունները և հմտություները: Պետք է լսի իր սրտի ձայնը և գնա իր երազանքի հետևից:
Հիմա արդեն շատ մեծ եմ և հասկանում եմ, որ երբ հայրիկս գործերը վերջացնի, այն ժամանակ էլ կգա… Թեև մինչև հիմա սպասում եմ տերևների դեղնելուն, թափվելուն և ձյան գալուն: Ահա այդ պահերը կրկին մոտենում են, և շատ քիչ է մնացել: Բայց ես այս անգամ չեմ ուզում մտածել հայրիկիս գնալու մասին, այլ ուզում եմ մտածել, թե ինչպես ամբողջ ընտանիքով պետք է նշենք Ամանորը…