Anush Jilavyan

Սևան մեդիա ճամբար. Երազանքի մարտիկները

Ավարտվեց մեր ստեղծած հեքիաթը, հեռու` իրական աշխարհից, կտրված այն իրականությունից, որտեղ քչերն են հավատում հրաշքների, որտեղ քչերն են հավատում իրենք իրենց: Մենք ապրեցինք 7 օր մեր իսկ երազանքների աշխարհում, ապրեցինք, ստեղծագործեցինք, վայելեցինք յուրաքանչյուր պահը: Մենք մեծ քայլերով գնում էինք մեր երազանքներին ընդառաջ, մենք` պատանի լրագրողներ, լուսանկարիչներ, ռեժիսորներ, օպերատորներ էինք, մենք երազանքի մարտիկներ էինք: Մենք մեզ կարևոր էինք զգում, մարդիկ, ում աշխատելը, ստեղծագործելը կարևոր էր: Մարդիկ, ովքեր մի մեծ ընտանիքի անդամ են, ու այդ ընտանիքը կոչվում է «Մանանա»: Մենք ինքներս էինք աշխատում, զգում էինք պատասխանատվություն` կատարելու ստանձնած պարտականությունը, ու հաճույք, որ ունենք ստեղծագործելու հնարավորություն:

Ամեն ինչ հեքիաթային էր, որովհետև մերն էր. մերն էր Սևանը, մերն էր նրա միայնակ ափը իր վայրի գեղեցկությամբ, մերն էր այն դահլիճը, որտեղ ստեղծագործում էինք, որի պատերը ներծծվել էին ներշնչանքով, երազանքներով: Սենյակը այնքան յուրահատուկ էր երեկոյան, երբ մենք օրը ամփոփում էինք. մի խումբ սեղանի շուրջ նստած աշխատում էր օրագրի վերջնական տեսքի վրա, մյուսները միայնակ նստած հոդվածներ էին գրում… Աչքիս առաջ նրանց մտածկոտ դեմքերն են: Դուք տեսե՞լ եք պատանու, ով պայքարում է մտքերի քաոսի դեմ, փորձում ընտրել ամենահարմար բառը, գրում, հետո արագ մռայլվում ու ջնջում, հետո պայծառանում, երբ գտնում է փնտրած բառը կամ միտքը, ոգևորվում հեծանիվ հայտնագործելու չափ կարևոր գյուտից, որն իրենն է ու պակաս կարևոր չէ:

Ես տեսել եմ այս ամենը 7 օր, ապրել եմ նրանց հետ նույն զգացողությունները: Այդ սենյակում մենք ՄԵԾ մարդիկ էինք, մենք մեր իրականության հերոսներն էինք, մեր յուրաքանչյուրի գաղափարը, առաջարկը կարևոր էր: Մենք սովորեցինք լինել պատասխանատու նախ ինքներս մեր առաջ: Մենք թիմ էինք ու ամբողջություն, որտեղ յուրաքանչյուրը իր դերն ու պարտականությունը ուներ:

Հուշերը շատ են, դրանք կփայփայեմ, որ կարոտի պահերին գան մխիթարելու ու ժպիտ պատճառելու: Այս ամենը դարձել է իմ մասնիկը:

Ես ինձ հետ բերել եմ Անուշի նրբությունը, նրա երազանքը ծաղրածու դառնալու, ես նրա իսկ ջերմությամբ ու նրբությամբ կպահեմ այն, հույսով, որ կհասնի ու կգտնի իր երազը:

Կգրկեմ ու կպահեմ Շուշանին, նրա հետ անցկացրած ամեն պահը, նրա հետ «Քո աչքերը» երգելը ու երազելը:

Իմն է դարձել Արտյոմի ժպիտը ու Սուրենի աչքերի փայլը ու էլի շատ ու շատ հուշեր ու պահեր, որոնք խտացած կարոտ են դարձել ու արցունքերի տեսքով ուզում են դուրս գալ:

Ես 7 օր վայելեցի անկեղծություն ու մաքրություն, կարծես ինչ որ պահի նյութական աշխարհ չկար: Կար միայն այն մաքրությունը, որ երեխաները բերել էին իրենց հետ այն միջավայրից, որտեղ սովորական է մարդկայինը, ջերմը, իսկ ես անհագ շնչում էի այդ, որովհետև մեծ քաղաքում ես վաղուց մոռացել էի պարզությունը:

Ես ուզում եմ նորից գրկել յուրաքանչյուրին ու ասել, որ մենք կհանդիպենք նորից, ու դուք հասած կլինեք ձեր երազանքներին կամ գուցե գտած լինեք նորերը:

Կուզեի ասել, որ երազեն անվերջ ու չվախենան իրենց երազներից: Կասեի, որ ամեն ինչ նոր միայն սկսում է, ոչինչ չի ավարտվել…

Նրանցից ոչ ոք չգիտի, թե ինչքան կարևոր դասեր են տվել ինձ, դասեր, որոնք ես երբեք չէի ստանա ուրիշ միջավայրում և ուրիշ մարդկանցից…

Առաջին անգամ կյանքում ես հասկանում եմ, որ «կարոտ» բառը չի կարողանում արտահայտել զգացածս, քիչ է, շատ քիչ…

Sargis Melkonyan

Դպրո՞ց, էլի՞…

Աշնանային արձակուրդներն ավարտվեցին: Ես արդեն պատկերացնում եմ, որ ամեն առավոտ պիտի արթնանամ ու գնամ դպրոց: Դպրոցում էլի նույն հակամարտությունը…

Դասն ավարտվեց: Զանգը հնչեց: Ուսուցչուհին ինչ-որ բան է բացատրում: Բոլորն անջատված նայում են նրա դեմքին: Երեխեքից մեկը վազելով դուրս է գնում: Մեկ էլ ականջների թմբկաթաղանթը պայթեցնող տոնով…

-Ո՞ւր ես վազում, հետ արի, զանգը քո համար ա՞, չե՞ս տեսնում` բան եմ բացատրում, նստիր, լսիր, որ ի բան սովորես…

Ու այդ պահին բոլորը վեր են թռչում:

Չորս րոպե անց ուսուցչուհին դեռ բան է բացատրում, բայց ոչ ոք չի համարձակվում դուռը բաց անել: Զանգը կրկին հնչում է, գալիս է մյուս ուսուցչուհին:

-Ընկեր (այստեղ կարող է լինել ձեր ազգանունը), կլինի՞ երկու րոպե դասամիջոց անենք:

-Ոչ, զանգը հնչել է, դասը սկսվել է, բացեք գրքերը:

-Հա, բայց…

-Ձայն չլսեմ…

45 րոպե հետո:

-Զանգն ուսուցչի համար է…

Հաջորդ օրը նույն ուսուցչուհու դասից երկու րոպե ուշացանք: Դուռը բացեցինք ու մտանք դասարան:

-Զանգն ո՞ւմ համար է:

-Ուսուցչի…

Էհ, նորից առանց դասամիջոց…

Դե լավ, մեր ուսուցիչները շատ լավն են, մեզ շատ են սիրում… Դրա համար էլ չեն ուզում դասամիջոցին մեզնից բաժանվել:

mariam tonoyan

Սևան մեդիա ճամբար. Փոփոխություններ

Գիշերային լռության մեջ հանկարծ` «թը՛խկ»: Վախեցած վեր թռա, շուրջս նայեցի: Գիրքս էր, որ բարձիս տակից սահելով ցած էր ընկել: Գետնից վեր բարձրացրի ու սկսեցի բնազդաբար թերթել էջերը` քնաթաթախ ու կիսախուփ աչքերս ծուլորեն թարթելով: Հետո համարձակորեն բացեցի աչքերս, նստեցի մահճակալիս, փաթաթվելով տաք վերմակիս մեջ, սկսեցի դողալ ու ամբողջ մարմնով ցնցվել: Բացեցի գիրքս ու սկսեցի ընթերցել հեռախոսի լույսի ներքո, չէ՞ որ մրսում էի, և դժվար էր մինչև լույսի անջատիչը հասնելը: Գիրքն օգնեց: Հանգստացած` կարծես նոր էի քուն մտել, երբ էլի` «շը՛խկ»: Այս անգա՞մ ինչ էր: «Հա՜,- մտածեցի,- վերևում էրեխեքը հլը քնած չեն: Երևի «Մաֆիա» են խաղում»:

Ափսոս… Հուսահատված հիշեցի, որ էլ ճամբարում չեմ: Հայացքս մի կետի հառած սկսեցի մտածել ճամբարային օրերի, հետաքրքիր դեպքերի մասին: Հիշեցի, որ առաջին օրը, անծանոթ միջավայր մտնելով, բոլորս անհամարձակ ու կաշկանդված էինք, բայց աստիճանաբար սկսեցինք սովորել նոր մթնոլորտին ու քիչ-քիչ հետաքրքիր դարձող ընկերական շրջապատին: Հիշում էի ճաշարանի ցուրտ ու միաժամանակ հաճելի ճամփան, ճաշարանում թեյին սպասող ընկերներիս, հիշողությանս մեջ հետք թողած ցանկալի դիմագծեր, աշխատանքային լարվածություն, օրվա վերջին հոգնած, բայց աշխույժ խաղեր կազմակերպող «Մանանայի» անձնակազմին, միմյանց ժպտացող դեմքեր… Ամեն ինչ ոգեշնչող էր, հուսալի, ընկերական:

Գիշերային մթության մեջ իմ առջև կարծես պատկերվում էին դեմքեր ու դեպքեր, որոնք ստիպում էին ինձ ժպտալ, ինչպես ես եմ սովորաբար ասում` ապրել:

Հիշարժան էր ամեն օրվա մաս կազմող «Մաֆիա» խաղը: Չնայած նրան, որ խաղալ չգիտեի և այդպես էլ չսովորեցի, բայց այնուամենայնիվ լրջորեն ու սևեռված հետևում էի խաղի ընթացքին: Աչքերիս առաջ սկսեցին պատկերվել վերջին երեք օրերը` ամենատպավորիչ ու հուզական պատկերներով:

Տեսնում էի երեկոյան մի սենյակում հավաքված, մինչև կեսգիշեր հաղթանակի համար պայքարող ընկերներիս, Թամարայի, Արտյոմի, Անգելինայի ու Էրիկի անկեղծ արցունքները, որոնք չնայած թաքուն էին, բայց նկատելի, առաջին օրվա հետ համեմատած ավելի մտերիմ շփումը, Անիի տպավորիչ պատմության ու տարեթվերի իմացությունը, որն ինձ հիացրել էր:

Ճամբարը սովորեցրեց լինել միասնական, մտածել ոչ միայն քո, այլև շրջապատի մասին, լինել հոգատար, կազմակերպված, ընկերասեր, օգնության ձեռք մեկնող, տեղեկացված… Անկասկած փոփոխությունը մեր մեջ մեծ էր: Ես լինելով ինքնամփոփ ու կաշկանդվող բնավորությամբ մարդ, գտա վերջապես մարդկանց մի խումբ, ովքեր դրդեցին զերծ մնալ բարդույթներից, հարթել խոչընդոտները ինքս ինձ հետ:

Ո՛չ, միայն ես չեմ, որ փոխվեցի: Առաջին օրերին օրակարգի մեզ համար ծիծաղելի թվացող հատվածը` «Հրաժեշտ, լացուկոծ, հեռացող ավտոբուս», ի զարմանս մեզ, իրականացավ: Մենք կապվեցինք միմյանց անտեսանելի շղթաներով, սակայն հրաժեշտն ու արցունքներն անխուսափելի էին:

sona mkhitaryan

Այ մարդ, էլի՞ ֆուտբոլ

Հա, ես կամ, ես գոյություն ունեմ ու ես չեմ սիրում ֆուտբոլ: Չեմ ասում` ախր, ի՞նչ կա դրա մեջ սիրելու, որովհետև շուրջբոլորս ֆուտբոլի երկրպագուներ են: Հայրս նույնպես: Ինձ թվում է, ծանոթ իրավիճակ է, երբ քնած ես, ու մեկ էլ հայրիկդ բարձր բացականչում է.

-Ջա՜ն, գո՜լ… Այ էդպես, ցավդ տանեմ… Ո՜ւխ:

Մեկը` իմ հայրը, միշտ էմոցիաներով լի է ֆուտբոլ նայելիս: Երբ նա ֆուտբոլ է նայում` ես, մայրս գնում-փակվում ենք սենյակում մինչև ավարտվի, ու հանգիստ մի բան նայենք: Սենյակում մի զբաղմունք գտնում եմ, ու մեկ էլ.

-Սոն, արի մի հատ կոֆե դիր… Հա՞:

-Եկա, պապ:

Մեր դիմացի հարևանների ամբողջ ընտանիքը ֆուտբոլի մոլի երկրպագու են: Երանի եմ տալիս, որ գոնե մի օր ֆուտբոլ չլինի: Ասեք ինչու`բացատրեմ:

Իմ սենյակի պատուհանի և իրենց սենյակի միջև ընդամենը 6 մետր հեռավորություն է: Ի դեպ ասեմ, հայր ու որդի հյուրասենյակում են նայում, իսկ մի քանի հոգի էլ` ննջարանում: Ու շարունակ բուռն բացականչություններ. «Վայ, էս ի՞նչ խաղ ա», «Պապի, կտենաս, որ Ռեալը կրվելու ա»… Ու այս ամենը շատ բարձր տոնով:

Ես նաև ֆուտբոլի մեկնաբանի ձայնն եմ լսում, որովհետև հեռուստացույցի ձայնը շատ բարձր են միացնում: Դեռ սա քիչ չէ, հաջորդ օրն էլ այդ նույն հարևանները հորս հետ նստում ու խաղն են քննարկում: Ես էլ ասում եմ. «Այ մարդ, էլի՞ ֆուտբոլ»:

Ֆուտբոլի մոլի երկրպագուներից մեկը «Մանանայից» Անին է` Մայիսյանից: Մեսսիով վզնոցով ման էր գալիս ճամբարային օրերին:

Ֆուտբոլի ամենատարածված հարցերից.

-Բարսա՞ ես, թե՞ Ռեալ:

Հարցը տալիս են ու կողքից ասում.

-Ասա` Բարսա, ասա, դե ասա…

Ախր, ո՞նց բացատրեմ, որ ես ֆուտբոլի երկրպագու չեմ, չեմ սիրում: Ընկերական շրջապատով հավես կլինի նստել նայել, քննարկել, բայց ինչ մնում է ամեն խաղին հետևելուն կամ որևէ թիմի երկրպագելուն` ես էդ գործում չկամ:

Tamara galstyan

Քանի դեռ աշխատանք չկա, գնալու եմ

Հարցազրույց հայրիկիս` Սուրեն Գալստյանի հետ

-Հայրիկ մի քանի բառով ներկայացրու քեզ:

-Ես Սուրենն եմ Գալստյան, ծնվել եմ Արաքսավան գյուղում, իսկ հիմա ժամանակավորապես ապրում եմ Մրգավետ գյուղում:

-Քանի՞ տարի է, ինչ գնում ես արտագնա աշխատանքի:

-Երկու տարի, սակայն այն շարունակական է լինելու:

-Ի՞նչ կա արտերկրում, որ այստեղ չկա:

-Ամեն ինչ: Այնտեղ ավելի շատ գումար ենք աշխատում, քան այստեղ: Ճիշտ է, այստեղ աշխատանք կա, սակայն գումարն է քիչ, իսկ Ռուսաստանում այպես չի որ շատ գումար ենք աշխատում, բայց էստեղից լավ է:

-Ի՞նչ աշխատանքներ ես այնտեղ կատարում: 

-Շինարարություն, ասֆալտի գործ: Շատ դժվար գործեր են, բայց ստիպված ընտանիքս պահելու համար պետք է կատարեմ: Ամենավատն այն է, որ կատարածս աշխատանքը չի համապատասխանում ստացածս գումարին, շատ եմ աշխատում, սակայն քիչ եմ ստանում:

-Ի՞նչ հետաքրքիր դեպք կպատմես աշխատանքիդ հետ կապված:

-Մի ուզբեկ տղա կար, որի անունը Աբդուլա էր, բայց մենք Աբո էինք ասում, գրեթե ոչ մի հայերեն բառ չգիտեր, բայց վերջում այնպես լավ էր խոսում հայերեն, որ կասեիր` հայ ա: Դե, պարապությունից օրվա վերջում հանգստի ժամին հայերեն էինք պարապում հետը: Մի խոհարար կար, որը շատ վատ կին էր, ջան չէր անում հաց սարքեր` ուտեինք, անպայման պիտի հիշեցնեինք, որ հաց սարքեր, թե չէ սոված կմնայինք: Հաց ուտելուց էլ էնպես էր նայում, ախորժակս փակվում էր:

Մի անգամ էլ հաստոցի վրա բլոկ էինք խփում, մեր տղեքից մեկի ոտքերը մնացին տակը: Բժիշկ կանչեցինք, սրսկեցին, լավ է, ոչ մի վտանգավոր բան չեղավ, մի քանի օրից անցավ:

-Հայրիկ, քո աշխատած գումարը բավարարո՞ւմ է ընտանիքի կարիքները հոգալու համար:

-Իհարկե ոչ, միայն յոլա ենք գնում: Աստված մեծ է, ամեն ինչ լավ կլինի: Հուսով եմ, կգա այն օրը, այնքան գումար աշխատեմ, որ բավարարի ընտանիքիս կարիքները հոգալու համար:

Գնում եմ արտագնա աշխատանքի, որ մեր հոգսերը թեթևացնեմ, բայց ծախսերը շատ են, դրա համար ամեն տարի պիտի գնամ, որ կարողանամ մի բան գոնե հետ քցել: Ու ամենակարևորը, գումար բերեմ, որ տունը սարքեմ, կասեի` առաջին պատճառը դա է:

-Գնալո՞ւ ես մյուս տարի:

-Անպայման: Բա մնամ, ի՞նչ անեմ: Եկել եմ ձմեռը հանգստանամ, որ էլի գնամ:

-Իսկ այստեղ ի՞նչ աշխատանքներ ես կատարում: 

-Դե գյուղացի եմ, պիտի հողագործությամբ զբաղվեմ, բայց քանի որ չունեմ իմ սեփական հողը, ուրիշի ջերմոցներն եմ մշակում, մինչև իմ սեփականը կունենամ: Ամեն առավոտ ինին գնում եմ, յոթին գալիս եմ, մի կտոր հաց եմ ուտում, քնում եմ: Էլի նույնը ամեն օր, մեջն էլ բան չկա, եղածը` մի քանի հազար դրամ:

-Ի՞նչ կմաղթես ինձ:

-Առողջ լինես ամենակարևորը, որ կարողանաս լավ սովորել ու լավ մարդ դառնաս: Լավ սովորի, որ իմ պես մի քանի հազար դրամ չաշխատես:

arevik avetisyan portret

Ազատության մարտիկները

Հարցազրույց հորեղբորս՝ Արմեն Ավետիսյանի հետ, պապիկիս՝ Սերգո Ավետիսյանի մասին

-Հորեղբայր, կպատմե՞ս, թե ինչպես է անցել քո մանկությունը Սերգո պապիկի հետ:

-Հաճելի, ուրախ, հիշողություններով ու տպավորություններով լի մանկություն եմ ունեցել հորս հետ: Ամենից լավ հիշում եմ, թե ինչպես էր հայրս ամեն ամառ մեզ տանում Սևանա լիճ, այնտեղ շա՜տ ուրախ էր անցնում: Վրան էինք կապում, քնում էինք այնտեղ և մնում մինչև օրվա վերջ:

-Գիտեմ, որ Սերգո պապիկը մասնակցել է Արցախյան ազատամարտին, իսկ կասե՞ս`որտե՞ղ է կռվել:

-Իմ հայրը գնացել է Մարտակերտ, Ասկերան, Ջաբրայիլ, էլ ո՞ր մեկն ասեմ:

-Իսկ դու քանի՞ տարեկան էիր, որ Սերգո պապիկը գնաց կռիվ:

-10-13 տարեկան երեխա էի: Հայրս շա՜տ խիստ, քաջ, ուժեղ կամքի տեր, հպարտ, նախաձեռնող, սեփական որոշումներում վստահ և, միաժամանակ, շատ բարի անձնավորություն էր:

-Պապիկը ե՞րբ որոշեց, որ պետք է գնա կռիվ:

-Երբ լսեց պատերազմ է, որոշեց, որ պետք է մասնակցի իր հայրենիքի պաշտպանությանը: 1989 թիվն էր:

-Ի՞նչ ապրումներ ունեիր, որ պապիկը գնաց կռիվ:

-Հպարտ էի, որ նրան զենք-զրահով էի տեսնում, որ երբ դուրս էի գալիս տնից, բոլորը մատնանշում էին՝ ասելով. «Սերգոյի տղան ա»,- ու ես դրանից ինձ լավ էի զգում:

-Իսկ ի՞նչ կասես նրա վերադառնալու և անհետ կորելու մասին:

-Նա ամիսը մեկ անգամ գալիս էր տուն, կիսվում իր տպավորություններով, պատմում, թե ինչպես են ոչնչացրել թշնամու տանկերը և այլ հրետանիներ: Հետո մեզ պատմել են, որ պայթյուն է եղել, և այդ ժամանակ հայրս անհետացել է:

-Դժվար չէ՞ր առանց հոր մեծանալը:

-Իհարկե դժվար էր, որովհետև միշտ զգում էի հորս կարիքը ամեն հարցում, ամեն տարիքում:

-Ո՞վ էր խնամում ձեզ պապիկի անհետ կորելուց հետո:

-Մեզ խնամում էին մեր հարազատները, հորաքույրներս, պապիկս և ուրիշ հարազատներ, որոնց շատ շնորհակալ եմ:

-Դու քո երեխաներին պատմո՞ւմ ես պապիկի սխրագործությունների մասին:

-Դե իհարկե, պատմում եմ, որ նրանք լավ ճանաչեն իրենց հերոս պապին: Բայց իմ պատմելուց երևի նրանք ոչինչ չհասկանան: Դե Սերգոն կհասկանա և պետք է հասկանա, քանի որ կրում է նրա անունը, իսկ փոքր երեխաս դժվար հասկանա, քանի որ դեռ ընդամենը 2 տարեկան է, բայց ես անպայման նրան էլ կպատմեմ, երբ մեծանա:

-Իսկ պապիկը որտե՞ղ է գնացել դպրոց:

-Մեր գյուղում՝ Գեղարքունիքի մարզիԿարմիրգյուղում: Լավ է սովորել: Դպրոցում նրան բոլորը սիրել են, պատմում էր, որ անգամ նրա դասի չգնալու համար իր դասղեկը եկել է մեր տուն, համոզել է, բայց չի կարողացել տանել դպրոց, բայց դե նա հաջորդ օրը ինքնակամ գնացել է:

-Ամենից լավ ի՞նչ էր կարողանում անել նա:

-Հայրս վերանորոգում էր մեր գյուղի մարդկանց փչացած հեռուստացույցները, կռվի դաշտում նաև տանկ է վերանորոգել:

-Մի քիչ պատմիր պապիկի մեդալների մասին:

-Հայրս ունի շատ մեդալներ, որոնք ես պահում եմ աչքի լույսի պես: Մեր գյուղի թիվ 1 դպրոցում կազմակերպել էին միջոցառում նվիրված հորս և եկել էին, որ մեզ հրավիրեն այդ միջոցառմանը: Մենք չմերժեցինք, գնացինք: Նրանք կազմակերպել էին նաև ցուցահանդես, որտեղ ցուցադրվում էին հորս մեդալները և նրա լուսանկարը, որը ես էի նվիրել նրանց, և այդ լուսանկարը այժմ փակցված է դպրոցի մի անկյունում, որը նվիրված է հենց հորս:

-Իսկ ինչո՞ւ ես որդուդ անունը հենց Սերգո դրել, որպեսզի նա է՞լ հորդ պես լինի:

-Որդուս անունը Սերգո եմ դրել, որպեզսի նա շարունակի հորս կիսատ թողածը, և նրա անունը միշտ անմար մնա և փոխանցվի նրա սերունդներին:

-Ի՞նչ ես կարծում, որդիդ նմա՞ն է պապիկին:

-Դե իհարկե, նման է, քանի որ նա էլ է հորս նման առույգ, ուժեղ և նպատակասլաց:

-Եթե հնարավորություն լիներ կյանքումդ մի բան փոխել, դու ի՞նչ կանեիր:

-Ես կցանկանայի հետ բերել հորս և մորս, քանի որ նրանք իմ կյանքում շատ թանկ մարդիկ են եղել և շարունակում են մնալ թանկ:

Seyran Soghoyan

Սևան մեդիա ճամբար. Ես էլ ընտրվեցի

Ահա և եկավ ֆիլմերի գաղափարների որոշման պահը: Բոլորը հավաքվել էին ու արագ-արագ իրենց գաղափարներն էին առաջարկում: Դե իհարկե, կային շատ լավ ու միաժամանակ շատ վատ գաղափարներ, բայց դրանք էլ մշակվեցին ու սկսվեցին նկարահանումները: Բոլորս անհամբեր սպասում էինք, թե ովքեր էին լինելու ֆիլմերի հերոսները: Պետք է ձևավորվեր դերասանական խումբ:

Արդեն գիտեք, որ սոցիալական գովազդներ էինք նկարահանում վիրտուալ և իրական կյանքի մասին:

Կանչում էինք լավ «սելֆի» անող աղջիկների, որոնք պետք է ցուցաբերեին իրենց տաղանդները տեսախցիկի առաջ: Բոլորն էլ լավ էին «սելֆի» անում, բայց ոչ ընկեր Արայի չափ: Բայց ի վերջո ընտրվեց Զարուհին, և նկարահանող խումբը անցավ գործի: Զարուհին անցավ բազում-բազում փորձությունների միջով` ընկնել գետնին, առավել ևս ձյան մեջ:

Առաջարկվեց նկարահանել ֆիլմ սիրահարների մասին, որոնք շփվում էին իրար հետ համացանցով, սակայն իրական կյանքում իրար չէին էլ նկատում: Պետք էր ընդամենը մեկ տղա ու աղջիկ: Սիրահար աղջկա դերում ընտրվեց գեղեցկուհի Շուշանը, որը պարզվեց դերասանական տաղանդ ունի: Ես էլ ընտրվեցի սիրահար տղայի դերում և շատ ուրախացա: Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել նկարահանող թիմի և Շուշանի հետ: Ամեն-ինչ շատ հետաքրքիր էր: Առաջին անգամ տեսախցիկի առաջ, դա ուղղակի գերագույն հաճույք էր:

Sona Tumanyan

Նորից քննություններ

Անգլերենի դասաժամն էր, երբ ինչ-որ թերթ ձեռքին ներս մտավ տնօրենը.

-Երեխանե՛ր, ԳԹԿ-ի կողմից տրվելու են արտաքին գնահատականը ստուգող քննական թեստեր:

-Էլի՛ քննություններ,- բացականչեցինք մենք:

Առարկաներն ընտրովի էին. կային նաև պարտադիր` բնագիտական կամ լեզուներ: Մեր դասարանում կա տասնինը աշակերտ, որոնցից տասնվեցն ընտրեցին լեզու եւ գրականություն, մեկը` պատմություն, իսկ ես ու Հասմիկը հանրահաշիվ, քանի որ երկուսս էլ շատ ենք սիրում այդ առարկան:

Բնագիտականից ընտրեցի ֆիզիկա, բայց ցավոք, ոչ ոք չընտրեց այդ առարկան, մնացի մենակ: Եկավ հանրահաշվի ժամը, և մենք ուսուցչուհուն պատմեցինք նոր քննության մասին: Նա ասաց, որ շատ բարդ քննական թեստեր են, պիտի շատ պատրաստվենք: Այսպես ասած, վախը գցեց մեջներս: Ասաց նաև, որ արտագրելը բացառվում է: Հույսներս պետք է դնենք միայն ինքներս մեզ վրա:

Էլի՛ քննություններ, էլի՛ պարապմունքներ, նորից սկսվեց ուսումնական քառորդը:

Բոլորիս հաջողություն:

Պապիկս ու իր այգին

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Երբ հինգ տարեկան էի, նստում էի պապիկիս ծնկներին, ու նա ինձ հեքիաթ էր պատմում: Ես էլ մինչև վերջ չէի կարողանում լսել, քանի որ պապուս ձայնը այնքա՜ն եթերային էր, որ կեսից ինձ թվում էր, թե հեքիաթում եմ գտնվում: Փակում էի աչքերս, ու ահա` պապուս պատմած հեքիաթում էի հայտնվում: Իմ մանկության ընկերը պապիկս է եղել: Մայրս պատմում է, որ երբ սկսում էի լաց լինել, պապիկս ինձ իր գիրկն էր առնում; Այդ ժաամանակ հայացքս ուղղում էի նրան, նայում դեմքին, ժպտում, ձայնս կտրում էի, փակում աչքերս ու քնում:

Հիմա, երբ արդեն մեծ աղջիկ եմ` ոնց որ պապիկս է սիրում ասել, էլ պապուս պատմած հեքիաթները չեմ լսում, փոխարենը լսում եմ նրա խորհուրդները: Չկա մի օր, որ ինձ խորհուրդ չտա. «Իմ բալիկ, լավ կսովորես, որ մեր ազգի համար լավ մարդ դառնաս: Պետք է լավ սովորես, որ աշխարհ ման գաս, աշխարհ տեսնես: Դա իմ երազանքն է եղել, և ուզում եմ, որ հենց իրականացնես»:

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Պապուս խորհուրդները ու ցանկությունները շատ են: Նրա ցանկություններից մեկն է, որ իր այգին գեղեցիկ լինի ու շատ բերք տա: Ամեն օր արթնանում է ժամը յոթին ու գնում այգի` իր երազանքն իրականացնելու: Աշխատում է, ծառեր տնկում, տնկած ծառերը ջրում, նստում է, վայելում այգու մաքուր օդը ու տուն վերադառնում: Մի բանից է բողոքում` եղանակից: Ամեն օր եղանակի տեսություն է նայում, որ իմանա` իր այգին ինչպես խնամի: Երբ կարկուտ է գալիս, տխրում է ու պատուհանից դուրս նայում: Երևի մտքում իր այգին է պատկերացնում ու նեղսրտում, որ իր ամբողջ տարվա աշխատանքը ջուրն է ընկնում:

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Պապուս այգու բերքը ամենահամեղն ու ամենաօգտակարն է: Ես ամենաշատը մոշն եմ սիրում ու բալը: Բայց չեմ սիրում, երբ պապիկս է քաղում ու տուն բերում` ավելի համեղ է դառնում, երբ քո ձեռքով ես քաղում և ուտում:

Թեպետ դասերը խանգարում են շուտ-շուտ այգի գնալ, բայց գնալու դեպքում պապիկիս օգնում եմ` այգու բերքն եմ հավաքում: Հետո նստում ենք պապ ու թոռ, ուտում այգու բարիքները ու սկսում երկա~ր զրույց անել: Այնքան լավ է նման պապիկ ունենալը:

Anahit Ghazakhetsyan

Միայն թե ոչ զուգահեռ

Ես, օրինակ, պատերին ու դեղնավուն թղթերին գրել ու գծել եմ սիրում, բայց դու կարող ես սովորական թուղթ վերցնել: Ուրեմն, վերցրու ու զուգահեռներ գծիր (հետն էլ աշխարհի ամենատխուր նկարը կտեսնես): Գծիր ու հավատա, որ աշխարհում ապրում են զուգահեռի կյանք վարող մարդիկ: Թե՞ դու էլ ես նրանցից:

Հետո ընկիր երկրաչափական ցանկացած պատկերի հետևից, իրար կողքի, իրար տակ, էստեղ-էնտեղ գծիր եռանկյուն, քառանկյուն, շեղանկյուն ու սեղան: Իրենց պետքն էլ չի, որ հեռու են: Այ, տես՝ մեկը չորս հատված ունի, մյուսը` երեք, տես, որ մենակության անհնարինություն կա:

Անկյունագծեր ու կիսորդներ են տարվում, բարձրություններ իջեցվում, խնդիրները՝ լուծումներ, x-երն ու y-ները՝ արժեքներ ստանում, իսկ մենք պատերին, գետիններին՝ կավիճով, տետրերում ու հուշատետրերում գրիչներով գծված, մեր արժեքն իմացող, բայց դրան բանի տեղ չդնող զուգահեռներ ենք մնում: Ո՞ւմ է պետք. էդպես էլ ուրիշ համաստեղություն կհասնենք ձգվելով, բայց հատման ընդհանուր կետ չենք գտնի: Երևի, էլի:

Ինձ թվում էր՝ ես սկսվում, իսկ ավելի ճիշտ, շարունակվում եմ քո վերջից, բայց դա հեչ էլ այդպես չէ: Որովհետև մեր կյանքը տարբերվում է երկրաչափությունից նրանով, որ դու հեռու ես ու ոչ միայն տարածության մեջ:

Հետո, խնդրում եմ, թե ձեռքիդ ռետին կա, վերցրու ու ջնջիր էս բոլոր անկապությունները: Ջնջիր իմ ու նրա, մյուսի ու էն մյուսի զուգահեռ կյանքերը: Ու չափսոսաս: Կամ էլ մեկիս ջնջիր ու ուղղահայաց իջեցրու: Մնում է՝ ջնջվենք: Ռետինի կարիք լինի, ձայն տուր:

Թքած` լուծվելու կարիք զգացող բոլոր խնդիրների ու երկրաչափական կանոնների վրա:

«Հայր մեր, որ երկնքում ես, կամ էլ չգիտեմ՝ որտեղ, ամեն դեպքում ինչքան գիտեմ՝ ձայնը հավասարաչափ է տարածվում, այսինքն՝ կլսես, ուրեմն՝ թող վերանա աշխարհի երեսից զուգահեռությունը»:

«Թող լինի»-ն ներքևի վանդակի զուգահեռներից մեկն է ասում:

Կողքերից «ամեն»-ներ եմ լսում, կամ էլ՝ դու էլ ես լսում:

Ու մեկ էլ, թե հնարավոր է, թող ռետինը ջնջի մեզ: Սա մտքումս եմ ասում, բայց գիտեմ, որ մյուս զուգահեռներն էլ համաձայն կլինեն ու էլի «ամեն» կասեն:

Ինչքան էլ ճակատագրին չհավատամ, վերագծիր:

Որովհետև ես ամեն օր ձեռքս մեկնում եմ նրան ու թեկուզ մատներիս ծայրով չեմ կպչում:

Բայց գիտեմ, որ էդպես պետք չէ: Գիտեմ: Սկիզբ դիր էսքան ժամանակվա վերջին: Ռետինդ ո՞ւր է… Ռետինդ:

Ու գիտես՝ մեր մտքով էնքան բան է անցել, մեր իրականության համար էնքան խելագար բաներ ենք արել: Այ, օրինակ, դու հաշվե՞լ ես՝ աշխարհում քանի կայսրություն է փլուզվել, ու քանի երկրներ են դադարել գոյություն ունենալ: Ու տեսե՞լ ես՝ իրենց տեղերը հեչ էլ դատարկ չեն մնացել: Մեր տեղն էլ դատարկ չի մնա:

Հեչ չմտածես: