marat sirunyan

Ձնծաղիկները տուն տարեք, մեղք են…

-Անոնք ինձի շատ կնմանին…

Դեմքս հայացքի կողմը դարձրի.

- Վաճառողնե՞րը։

- Վաճառվողները…

Փողոցի մյուս կողմում վաճառականներ էին, բայց ընկերոջս հայացքը մի ծերունու վրա էր կենտրոնացած, որի դիմաց՝ փայտյա արկղի վրա, շարված էին փունջ-փունջ ձնծաղիկներ։ Ընկերս քայլերն այդ կողմ ուղղեց, ես էլ լուռ հետևեցի նրան։

- Ի՞նչ կարժեն,- ծերունուն մոտենալուն պես հարցրեց ընկերս։

- Ինչ տաս,- ցրտից սառած ձեռքերը հնամաշ վերարկուի գրպաններում տեղավորելով, խռպոտ ձայնով խոսեց ծերունին։

- Ամբողջը կառնիմ, ի՞նչ կարժեն, – կրկին հարցրեց ընկերս։

-Ինչ տաս,-պնդեց ծերունին։

- Քիչ է խեղճերուն հողեն կտրել եք, բերել հոս, կծախեք, գին ալ չե՞ք հաճե ըսել,- բարկությամբ նետեց ընկերս։

- Ձենդ տաք տեղեն գուկա,- խոժոռ դեմքի վրա հազիվ նշմարվող, խոր ընկած տխուր աչքերը մեր կողմն ուղղեց ծերունին,- առնո՞ղ ես, ա՛ռ, թե՝ չէ, թո՛ղ գնա։

Ընկերս շիկնեց՝ ամոթի՞ց, թե՞ բարկությունից, չեմ կարող ասել, բայց լռեց, գրպանից հանեց դրամապանակն ու այնտեղից հանելով երկու թղթադրամ, մեկնեց ծերունուն։

Ծերունին դժվարով վեր կացավ, վերցրեց կողքին դրված ստվարաթղթե արկղն ու հերթով սկսեց դրա մեջ փոխադրել ձնծաղիկները։ Ես ու ընկերս լուռ հետևում էինք նրան, ասես վերջինս մի ինչ-որ կարևոր ծես էր կատարում։ Հանկարծ հերթական փունջը վերցնելով կանգ առավ ու հայացքն ընկերոջս կողմն ուղղեց.

- Էս մեգ փունջը ես հեդ գվերում, փողիցդ հեդ կուդամ։

- Ինչո՞ւ,- զարմացավ ընկերս։

- Պետկ է,- շշնջաց ծերունին ու շարունակեց իր գործը։

Վերջացնելուց հետո ձեռքը տաբատի գրպանը տարավ, ապա ընկերոջս կողմն ուղղեց մի քանի մետաղադրամ։

- Հարկավոր չէ, ատ մեկ փունջը ձեզի կնվիրեմ,- ժպտաց ընկերս։

Ժպիտի պես ինչ-որ դիմախաղ հայտնվեց նաև ծերունու դեմքին։ Ասես այդպես անծանոթները հաշտություն կնքեցին։ Ես ընկերոջս փոխարեն վերցրի արկղն ու առաջ շարժվեցինք։

-Ինչի՞դ են պետք այսքան ձնծաղիկներ,- քիչ հեռանալով հարցրի ես, չնայած ընկերս կարծես թե ամենևին էլ ինձ չէր լսում։

- Նայե՜,- կանգ առավ ու ձեռքով դիմացի մայթը ցույց տվեց ընկերս։ Այնտեղ ծաղկավաճառ ծերունին էր՝ ձնծաղիկի փունջը մեջքի ետևում պահած, զրուցում էր այնտեղ էլ ինչ-որ բան վաճառող մի կնոջ հետ։

Ընկերս կարծես այլևս քիչ առաջվա մտահոգը չէր, դեմքին չարաճճի ժպիտ էր հայտնվել։ Ծերունին մեջքի հետևից հանեց թաքցրածն ու մեկնեց վաճառական կնոջը, փողոցը զնգաց կնոջ ծիծաղից, քիչ անց ծերունին ժպիտը դեմքին հեռացավ։

- Ասա՜նգ բաներ,- ուսիս կամացուկ հարվածեց ընկերս, որի դեմքից չէր հեռանում լայն ժպիտը։

Շարունակեցինք քայլել։

- Չասեցի՛ր, ինչի՞դ է պետք այսքան ձնծաղիկ։

-Ըսեցի՛… Անոնք ինձի շա՜տ կնմանին։

- Էդ ո՞նց,- առանց զարմանքս թաքցնելու հարցրի ես։

- Կյանքիդ մեջ հող ու ջրեդ զատված ապրա՞ծ ես։

- Դե՜, չէ…

- Ես ամբողջ կյանքիս մեջ ատանկ եմ ապրած՝ օտարության մեջ, զատված հող ու ջրես։ Մրսած ու անքուն քանի՜ օրեր եմ անցուցած անծանոթ քաղաքներուն մեջ, և ինծի իր տան մեջ ոչ մեկ փոքրիկ անկյուն մը տվող չի եղած։ Աս մատղաշներուն ալ պոկած են իրենց հող ու ջրեն. լավ օրից չէ, որ ըրած են, ատ ալ կհասկնամ, բայց ասոնք ալ մեղք են, գոնե տուն տանենք…

Տարիներ անց էլ ահա հիշում եմ, ինչպես՝ երեկը, նրա գոհունակ ու երջանիկ ժպիտը։ Ձմռան այդ ցուրտ օրը, որը նաև հայրենիքում իր վերջին օրն էր, այլևս չէր վերաբերվում նրան, նա կտրվել էր աշխարհից ու առանձնացել, մի ամբողջ արկղից միայն իր ձեռքում մնացած մի փունջ ձնծաղիկի հետ, որին ինքն իր տուն պիտի տաներ…

Պատմության գիրքը

2019թ., մայիս

Դպրոցական էինք, պատմության դաս էր, ինչպես միշտ Մամիկոնը բարձրաձայն վերընթերցում էր պատմության դասը։

-2016 թվականի ապրիլյան Քառօրյա պատերազմում հերոսաբար զոհվեցին Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանը, Արամ Արայիկի Աբրահամյանը, Հրաչյա Վարդանի Գալստյանը և ուրիշներ….,-հետո դադար տվեց ու շարունակեց,- Մա՜ր, էնքան կուզեի՝ պատմության գրքում հերոսների անուններ թվարկեն,  ու թվարկածների մեջ իմ անունն էլ լինի։ Երանի էդ օրը գա…

- Մամիկոն, լավ էլի, սուս մնա, դաս եմ լսում,- ասացի ես՝ մի փոքր կոպիտ ձայնով։

2020թ. սեպտեմբերի 27

«Տեսնես Մամիկոնը ո՞նց ա, Մարտունիում էլ են թեժ մարտեր, ավելի լավ ա՝ չզանգեմ. շատ վտանգավոր ա»,- շարունակ մտածում էի ես։

2020թ. հոկտեմբերի 19 

Չարաբաստիկ զանգը հնչեց, վերցրի. լացի ձայն էր։

-Խը… խփեցին… Մամիկոնին խփեցին…

«Էնքան կուզեի՝ պատմության  գրքում հերոսների անուններ թվարկեն,  ու թվարկածների մեջ իմ անունն էլ լինի»… Երանի չլսեի այս խոսքերդ, երանի չճանաչեի քեզ, չճանաչեի, որ կորուստիդ ցավը տանելի լիներ, երանի չտեսնեի աճյունդ, երանի չտեսնեի մորդ ողբը։

Նստած եմ պատուհանի մոտ, նայում եմ ուղիղ դիմացս. երկնքի կապտաթույր երանգի խորքում կիսադեմդ եմ տեսնում. այնքա՜ն խորհրդավոր է, հայացքիդ մեջ անբացատրելի լրջություն կա, աչքերիդ մեջ՝ հերոսի հայացք… Հայացքդ դեռ ոչինչ, բայց ձայնդ այնքա՜ն իրական է, այնքա՜ն կենդանի. «Էնքան կուզեի՝ պատմության գրքում հերոսների անուններ թվարկեն, ու թվարկածների մեջ իմ անունն էլ լինի։ Երանի էդ օրը գա» ….Սարսուռ անցավ մարմնովս, ափերովս ծածկեցի երեսս. ոչ… Ոչ դեմքս շոյող աստղափաթիլների անփույթ առատությունից, այլ այն սաստող ու միամիտ ձայնիցդ, որը սուր լռության մեջ ուզում է լռեցնել բութ աղմուկը, որ նորից, կրկին ու անընդհատ լսեմ. «Էնքան կուզեի պատմության գրքում հերոսների անուններ թվարկեն, ու թվարկածների մեջ…»

Անունդ թողեցիր պատմության գրքում ու ինքդ էլ պատմություն դարձար։

marine ghahramanyan

ԽՈՆԱՐՀՎԱԾ ԳԱՐՈՒՆԸ

Ու՞ր գնացին ծաղիկները,

Սուս քնած են հողի տակ։

Գարնան առաջին օրերն են։ Լուսամուտից այն կողմ մեղմ ժպտում է արևը, ծլվլում  են ծիտիկները։ Կարծես ինչ-որ բան դուրս է կանչում։ Քայլում եմ «խռոված» փողոցներով, ինչքան լայն ժպիտներ և թախծոտ, ցավով լցված, անփայլ աչքեր։ Իբրև գարուն է, բայց մի՞թե գարունը այսքան տխուր է լինում։ Արևն էլ կարծես նեղացած է, չի ժպտում, չի ջերմացնում այնպես, ինչպես առաջ էր։ Գիտե՞ք ինչից է, որովհետև երկրիս արևի փոխարեն Տղերքն են, երկրիս երկինքը Զինվորներով է լցված։ Իսկ գիտե՞ք, թե ինչի են նեղացած, որովհետև մեր հոգու գարունն է պակասում։

Զգացել ե՞ք, երբ մի լավ գործ ենք անում, սիրում հարգում միմյանց, լավ խոսքեր ասում, անգամ ձյան միջից ժպտում են մեզ արևները, երկինքն էլ ավելի է պայծառանում։ Շատ սեր ունեցեք ձեր սրտում, ժպտացեք միմյանց, ձեր օրը լցրեք միմիայն դրականով, մի կորցրեք ձեր հոգու գարունը։ Մի բուռ սեր, ժպիտներն էլ դեպ երկինք՝ Տղերքին ուղարկեք, թող նրանք էլ զգան և վայելեն գարնան առաջին օրը: Չէ՞ որ նրանք մեզ անվերջ գարուններ նվիրեցին, իսկ մենք իրենց հավերժություն ենք պարտք։ Թող միշտ գարուն լինի բոլորիս հոգիներում ու սրտերում։ Թող գարունը իր թարմ շնչով և իր գեղեցկությամբ ուրախություն պարգևի բոլորիս։

Անմահների ընկնելը վախճան չէ, այլ հավերժության սկիզբ

Այս պատերազմի ընթացքում քաջաբար զոհվել է Հովիկ Վերանյանը։ Հովիկը ծնվել է 2001 թվականի հուլիսի 13- ին։ Գագարին գյուղի խիզախ հայորդին, ավարտելով 9-րդ դասարանը, ընդունվել է քաղաք Սևանի բազմագործառության պետական քոլեջ, ծրագրավորման բաժին։ Դեռ 6 ամիս կար, որպեսզի ավարտեր քոլեջը, սակայն 2019 թվականի դեկտեմբերի 16-ին զորակոչվել է բանակ։

Հովիկի եղբորը՝ Հայկին, խնդրեցի պատմել եղբոր մասին։

- Հովս ինձ միշտ շատ ճիշտ խորհուրդներ էր տալիս, եթե մի բան սխալ էի անում, ինչպես նախատում, այնպես էլ հանգիստ բացատրում էր։ Կռվի ժամանակ եղել է Հադրութում, երբ խոսում էի հետը, իր հանգիստ տոնից ես էլ էի հանգստանում։ Հիշում եմ մի անգամ, երբ հարցրի` Հով, ի՞նչ կա, ի՞նչ ես անում, ասաց, թե` ծիտ եմ կրակում (կատակում էր, իրականում խոսքը անօդաչու թռչող սարքերի մասին էր): Հարցրի` հեչ խփե՞լ ես, ասաց` հա՜, էն էլ ինչքան։ Հոկտեմբերի 21-ին Դրախտիկ գյուղից տեղափոխվելու ճանապարհին թշնամին հարձակվել է և սկսել իրենց ուղղությամբ կրակել։ Դիմացից ընթացող երկու մեքենաները հաղթահարել են շրջափակումը ու առաջ անցել, իսկ այն մեքենան, որի մեջ Հովիկն է եղել, չի կարողացել դուրս գալ շրջափակումից։ Մեքենայի մեջ եղել է 5 հոգի։ Բոլորն էլ զոհվել են։

Հերոսի եղբայրը պատմեց նաև, որ երբ դեպքը տեղի է ունեցել, ընտանիքի անդամներին ասել են, որ վիրավոր է, սակայն հունվարի 12-ին  տեղի ունեցավ Հովիկի հոգեհանգստի արարողությունը, իսկ նախքան այդ ընտանիքի անդամները սպասում էին վիրավոր զինվորի վերադարձին և պատրաստություններ էին տեսնում, որպեսզի այլ առիթով, ուրիշ սրահում հավաքվեին՝ ուրախանալու…

Հովիկի մասին վառ հիշողություններով կիսվեց նաև իր դասընկերուհին՝ Լուսինեն:

-Հովիկին գիտեմ դեռ մանկուց։ Միասին հաճախել ենք միևնույն մանկապարտեզը, այնուհետև նաև դպրոց։ Շատ վառ ու խենթ հիշողություններ ունեմ՝ կապված Հովիկի հետ։ Անգամ չէի էլ կարող պատկերացնել, որ կողքիս ապագա հերոս է նստած։ Հիմա այնքան դժվար է հավատալ, որ էլ իրեն չեմ տեսնելու։ Ինքը ուրիշ էր, իրոք, ուրիշ։ Անգամ ծառայության ժամանակ տոն օրերին, միշտ ժամանակ էր գտնում շնորհավորելու ու մանրամասն հարցնելու՝ ո՞նց եմ, դասերս ո՞նց են, ինչո՞վ եմ զբաղված։ Նա չի մահացել, իրոք, չի մահացել։ Հակառակը` անմահացել է։ Շատ մեծ է բացը Հովի՝ մեր կյանքում, դասարանի աղջիկներով շատ կապված էինք իր հետ, որովհետև շատ ընկերական էր, հոգատար։ Հպարտ եմ` նման խիզախ ու լավ եղբայր ունենալու համար։

Դպրոցում Հովիկը իր խելացիությամբ և լավ վարքով առանձնացել է մյուսներից, այս մասին խոսեց Հովիկի դասղեկը՝ Աննա Սիմոնյանը:

-Հովիկը խելացի էր, հարգալից թե՛ ուսուցիչների, թե՛ ընկերների հանդեպ։ Բոլորին հասկանում էր կես խոսքից, կամ ընդամենը հայացքից։ Մեծ հարգանք էր վայելում ընկերների շրջապատում, բարի էր ու պատրաստակամ։ Քաջ էր ու համարձակ, սակայն այս ամենով հանդերձ, շատ համեստ էր։ Ամեն ինչ անում էր մեծ նվիրումով և այդ նվիրումով էլ իր ծաղկուն կյանքը դրեց հայրենիքի փրկության զոհասեղանին։ Աննկարագրելի էր Հովիկի կորստյան ցավը, սփոփանք է միայն այն, որ անմահների ընկնելը վախճան չէ, այլ հավերժության սկիզբ։ Բոլորիս կողմից սիրված, ազնիվ և համեստ մեր Հովիկը, մեր լուսավոր հերոսը հավերժ զինվորագրվեց Աստծո բանակին։ Հովիկ ջան, տղաս, խրոխտ հայորդի, բոլորիս սրտերում կմնաս քո լուսավոր ժպիտով, քո առաքինի կերպարով և քո անմահ սխրանքով։

Այս պատերազմում շատերը հայրենիքին նվիրաբերեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը։ Նրանք չմահացան, այլ անմահացան, իսկ անմահների ընկնելը վախճան չէ, այլ սկիզբն է հավերժության, որի մասին խոսվելու է այսօր, վաղը և հավիտյան։

marat sirunyan

Աշխարհն երկու երես ունի

Անցյալից պոկված մի բեկոր էր, եկա՜վ-եկավ ու միջնեկ թոռան խոսքերի հետ սրտին դիպավ…

-Հեպոյի Նունոն է մեռի…

«Հեպոյի՜, Հեպոյի՜ … Նունո՜, Նունո՜… Էդ ե՞պ, Նունո՜, ե՞պ հարսնըցար, էդ ե՞պ Հեպոյի՜ դառար… Էդ ե՞պ, Նունո՜, էդ ե՜պ…»,- անցյալի ձայնն էսպես արձագանքեց Եղոյի մաշված սրտում: Հոգին մղկտաց, աչքերը բոցկլտացին, պեծեր թռան ու ընկան իր պառավի շյուղաթելերի մեջ: Պառավի ձեռքերից շյուղերը վայր ընկան…

Նունո՜ն… Ո՞վ չգիտեր, թե Կարապետի տղա ծուռ Եղոն, Նունոյին ի՜նչ սիրով էր սիրե… Գյուղում էնպես տղա չէր մնացե, որ հետը Նունոյի համար կռիվ արած չեղներ… Ամենքի հետ կռվավ, ամենքին դեմ ելավ… Է, հո՞ բախտի ու կյանքի դեմ էլ կռիվ չէր տալու… Հերը մեջքը կոտրեց. մեռավ… Ինքն էլ թափառական դառավ ու քա՜նի տարի պանդխտության մեջ մնաց… Էլ Նունոյի հոր ու մոր ինչի՞ն էր պետք, թե իրենց աղջկան պահեն կճուճի մեջ, թե Եղոն գա. ի՞նչ է, Նունոն ուզո՞ղ չկար… Հեպոյին տվին.. Խեղճ, անճար Նունո, դառավ՝ Հեպո՜յի…

Պառավը մարդու միտքը հասկացավ, ջահելությունը հիշեց, խանդը բռնեց, նեղացավ, երեսը թեքեց.

-Քու Նունո, հառանց քըզի՞ գնաց, բիձա՜, հբա էդմալ իմա՞լ կեղնի…,- հեգնեց մարդուն. խռոված սիրտն ուզեց հանգստացնել:

Եղոն թարս աչքով նայեց կնկան ու դժվարով պոկվեց նստած տեղից: Գնաց, ընկած շյուղերը վերցրեց ու տվեց կնկան.

- Դու քու գորձ ըրա, Նունոն գնաց լե, քըզմե չպրձա՞վ… Գեղամեջ կէրթամ,- խռովքն ու հուզմունքը թաքցնելու համար ավելացրեց Եղոն ու դուրս ելավ:

Փոշմանեց պառավն իր չար խոսքի համար, բայց արդեն ուշ էր…

Ի՞նչ գեղամեջ, ոտքերը Հեպոյի տան կողմը քարշ տվին: Մի երկու անգամ շեմքին առաջ ու ետ արեց, վերջը՝ չմտավ…  Գերեզմանների կողմը գնաց, գնաց ու գլուխը հոր շիրմաքարին դրած լաց եղավ…

Խռոված էր՝ աշխարհից, կյանքից, հորից, Նունոյից… Լուս ու մութ էր, որ ուշքը վրեն եկավ, վեր ելավ, համբուրեց հոր քարաքանդակ պատկերն ու լուռ գնաց…

Նունոյի թաղումից մի քանի օր հետո Եղոյի պառավը երևաց գերեզմաններում… Մարդուց խռով, մեկ է, ծաղիկ էր բերել.

- Հէ՜, Եղո՜, առանց Նունո չդիմծար, ուր մո՞դ գածիր, հա՜… Է՜, բիձա՜, հբա զիս ո՞ւմ թողիր, ես վի՞ր մոդ էրթամ…

Janna Sargsyan new

Հարսանիք լեռներում

Մի օր կգաս,  շատ անսպասելի կվերցնես ճամպրուկս, հագուստի փոխարեն կտեղավորես մեր երազանքները, կբռնես ձեռքս ու կտանես քեզ հետ։

Կփրկես ինձ քաոսից, շատախոս ու կյանքի դասեր տվող բարեկամներից, ապագաս կառուցել փորձող հարազատներից ու ամեն-ամենքից։

Առանց պլանավորելու ճանապարհ կընկնենք, ու նույն ճանապարհը մեզ  կտանի ամենաբարձր լեռան գագաթը, որտեղ լինելն ինձ համար երազանք է, ու որի մասին դու լավ գիտես։

Երկար թվացող ճանապարհը կանցնենք առանց դժվարության, մանր քարերը կհայտնվեն մեր կոշիկներում, ու նույնքան մանր ցավ կառաջացնեն մեր ոտքերում, բայց լուռ կտանենք ամեն բան, որովհետև միակ նպատակը` իրար ձեռք բռնելն ու երազանքին հասնելն է։

Քիչ-քիչ քայլերը կդադարեն, կհասկանանք, որ երազանքն այլևս իրականություն է, ու մենք կանգնած ենք կողք-կողքի, ու որ այլևս հրաժեշտ չի լինելու, դու գիտես, որ ես ատում եմ հրաժեշտները։

Մեր սիրո ու երազանքի իրականացման խորհրդանիշը կլինի մատանին, չէ, ոսկյա չէ, էն սովորականներից, որ երկուսիս ձեռքերում ավելի վառ փայլ է ստանում, քան ոսկին կփայլեր։

Մենք կամուսնանանք հենց լեռներում, առանց հանդիսավոր արարողության, առանց վկաների, առանց դասական կոստյումի ու սպիտակ հարսի զգեստի։

Դե, բարձրակրունկներին ու  դասական կոշիկներին էլ  կփոխարինի երազանքի ճանապարհ անցած սպորտային կոշիկը. դու գիտես, որ բարձրակրունկները տանել չեմ կարողանում։

Հարսանյաց երկհարկանի հանդիսությունների սրահին կփոխարինի մեր ձեռքերով պատրաստած փայտե փոքրիկ խրճիթը, որ անձրևի ժամանակ միակ թաքստոցն է դառնում։

Հարսանեկան առաջին տանգոյի ժամանակ ես առաստաղից չեմ իջնի, իսկ դու քեզ տանջելով մի քանի շարժում չես սովորի, մենք կպարենք առանց հստակ շարժումների, էն երգի տակ, որը ես շատ եմ սիրում, էն երգի, որն ինձ համար սկսեցիր սիրել ու հիմա հպարտ ես, որ երկուսս էլ նույն ճաշակն ունենք։

Տաք ու բազմապիսի ուտելիքներին կփոխարինի փոքրիկ լճակից մեծ դժվարությամբ բռնած ձուկը, որը քո ձեռքերով ես պատրաստել, ու որի համն անմահական է։

Իսկ հարսանյաց տորթի փոխարեն կհամտեսենք իմ ձեռքով պատրաստած ու պայուսակի մի անկյունում թաքցրած թխվածքաբլիթները։

Մեր կյանքի ամենակարևոր օրը մենք կլինենք ամենաերջանիկը, որովհետև չենք փորձի գոհացնել հյուրերին, ստիպված չենք լինի լսել բազմատեսակ կենացներ ու էն շատախոս բարեկամի կյանքի դասերը։

Մեր հարսանիքը կլինի լեռներում ու հավերժ կմնա մեր հիշողություններում։

Եթե մի օր…

Եթե մի օր օդդ չհերիքի

Ու կյանքը դադարի քեզ քնքշորեն ժպտալ,

Եթե մի օր` չգիտեմ երբ,

Զգաս, որ քեզ կարոտող էլ չկա,

Եթե մրսես ամռան շոգին քեզ շրջապատող մարդկանց մեջ,

Եթե ջերմես ու չգտնես թրջոցը հոգատարությամբ դնող մի անուշ աղջկա,

Եթե օրերդ անցնեն,

Եթե կյանքը անցնի,

Բայց լինես դու մոռացված,

Եթե մի օր անցնես նաև դու,

Եթե շիրմաքարիդ վրայից անունդ ջնջվի

Ու մոռացվես անգամ ժամանակի կողմից,

Կհիշեմ ես քեզ:

Ու թե անգամ ծերունական թուլամտությունից միտքս մթագնի,

Դեմքերը ջնջվեն

Կառկայծի մի պահ դեմքը հուշերի միջից

Ծեր պառավին ժպտացող ջահել տղայի…

****

Թե գիշերը քունդ չտանի, կարդա այն նամակները,

Որ գրեցի ու այդպես էլ քեզ չուղարկեցի

(Որ գրեցիր ու այդպես էլ ինձ չուղարկեցիր)

Թե գիշերը քունդ չտանի, նայիր այն նկարներին,

Որ այդպես էլ մենք չունեցանք

Թե գիշերը քունդ չտանի, զանգիր այն համարին,

Որ այպես էլ անգիր չիմացար:

Թե գիշերը քունդ չտանի, գրկիր այն փափուկ բարձը,

Որ այդպես էլ մենք չկիսեցինք,

Իսկ թե գիշերը քունդ տանի`

Երազիր այն տան մասին,

Որ գուցե այսօր մերը լիներ…

Խուսափում ենք առավոտներից

Մթնեց… Էլի գիշեր է…

Ինչու՞ չի լուսանում, ինչու՞ է ինձ թվում, թե օրը չի ուզում արև ելնի։

Մենք խուսափում ենք առավոտներից։ Մենք չենք ուզում նորից լուսանա ու տեսնենք նույն դեմքերը, նույն դժգոհ մարդկանց, ովքեր չգիտես, թե ինչ են ուզում կյանքից։ Մենք խուսափում ենք առավոտներից, այո’, որովհետև գիշերը ծածկում է ամեն ինչ իր մթությամբ։ Գիշերը չի թողնում, որ ինչ որ մեկը տեսնի քո տխրությունը։ Գիշերը չի թողնում որևէ մեկին տեսնել քո արցունքները, և դու լացում ես… Երբեմն նույնիսկ այնքան ես լացում, որ թվում է, պիտի ջրազրկվես։ Էլ արցունք չկա…

Ամեն ինչ էլ տխուր է այս կյանքում, ու թե պիտի լացենք, ապա ամեն ինչի համար, որովհետև տխուր է կյանքը։

Չգիտեմ` գիշերային քամին է պատճառը, թե ուրիշ ինչ-որ բան, որ որոշեցի գրել։ Ինձ թվում է, հեռվում ինչ-որ անլցնելի կարոտ կա, որ պիտի մեկը լցնի, նա, ով հենց պատճառն է դարձել այս կարոտի։ Բոլորս ենք կարոտում…

Իսկ քամին էլի սուրում է, էլի փչում ու տանում է ամեն ինչ։ Եթե գոնե մեղմ փչեր, բոլոր վերքերը կդադարեին մրմռալ, բայց չէ’, քամին էլ մտածել գիտի (մի՞թե). մարդկանց պես թույլ տեղին է հարվածում ու…
Գիշերային այս մելամաղձոտ նոտայի վրա էլ արթնացա, չնայած դադարել եմ քնել, բայց այնուամենայնիվ, ասենք թե, արթնացա։

Քայլեցի դեպի պատուհանը։ Արևն արդեն իր շողերով պայծառացնել էր ուզում տխուր եղանակը։ Ու քամին էլ արդեն դադարում էր։ Գուցե քամին էլ գիշերը իր տեղը չի գտնում։ Գուցե նա էլ ամբողջ գիշեր մտածում է ու չի գտնում հազարավոր հարցերի պատասխանները։
Լուսանում է (ափսոս)…

Քիչ անց արևն ամբողջովին կերևա։ Գնամ, հագնեմ ժպտերեսիկի դիմակս ու դուրս գամ տնից։ Հասարակության մեջ հարիր չէ մարդուն տխուր լինել, ամոթ է։ Ինձ պես քանի՜ ու քանի՜ մարդ է զգեստապահարանից հագուստի փոխարեն օրվան հարմար դիմակ ընտրում, իսկ հագուստը կարևոր չէ, կարևորը մի բան հագնեմ ու դուրս գամ արագ, անտանելի են պատերը…

janna sargsyan lori

Դիմանկարի փորձ

Իմ գլխում, ինչպես պայուսակումս, անվերջ խառնաշփոթ է։
Առօրյա գործերն ու մտքերը, փոքր դարակում մի կերպ են տեղավորվում, ու պայուսակս դուրս են նետում իրենց շարքերից։
Էն պայուսակը, որում կարմիր շրթներկ կա, ու որը երբեք չեմ օգտագործել։

Հասարակ լինելուս հետ սկսկել եմ համակերպվել, դե հասկացել եմ, որ խանութի ցուցափեղկի գեղեցիկ բարձրակրունկները փոքրամարմին աղջկա համար չեն ստեղծվել, ու դրանց վրա մեկ րոպե կանգնելն ինձ համար տանջանք է, որ գրողի տարած վզնոցն ու մյուս զարդերը, ինձ համար ոչ թե գեղեցկությունը ընդգծելու դետալներ են, այլ ավելորդ իր, որ միշտ դարակիս վերջում են նետվում ու էդպես էլ չօգտագործված մնում։

Որ նույն շպարի միջոցները, երբեմն իրարից չեմ տարբերում, ամեն անգամ շրջապատիս «բա ինչի՞ չես շպարվում, արդեն մեծ ես, պիտի քեզ նայես» արտահայտությունը եթե մի ժամանակ անսովոր էր, հիմա արդեն սովորել եմ, անգամ չեմ էլ պատասխանում, անկեղծ, հոգնել եմ։
Ժամանակի ընթացքում սկսել եմ ինձ սիրել, քիչ-քիչ սկսում եմ հաղթահարել արտաքինիս հետ կապված բարդույթները։

Նկարներս առանց գունային փոփոխությունների ենթարկելու եմ հրապարակում,  գերհոգնած ու կիսափակ աչքերս սկսում են ինձ դուր գալ, ու միայն, նույն կիսափակ աչքերով, ուրիշների աչքերի մեջ նայելը մնում է անլուծելի խնդիր, երևի ժամանակի ընթացքում դա էլ կհաղթահարեմ։

Ես էս տեսակն եմ, ու անկեղծ, դա ինձ դուր է գալիս։
Ես չեմ փոխվել, ու չեմ փոխվելու, հանուն ինչ-որ մեկի, կամ ինչ-որ բանի։

Սիրեք ձեզ էնպիսին, ոնց կաք, թերությունները երբեմն առավելություն դարձրեք, և մի փորձեք նմանվել այլոց, հասարակությանը դուր գալու համար։

Իսկ կարմիր շրթներկը երևի մի օր կօգտագործեմ։

Elena hovhannisyan

Ծանր բառեր

Երբևէ Մովսես Խորենացու «Ողբ»-ը կարդացե՞լ եք։ Եվ ի՞նչ եք զգացել առաջին անգամ կարդալիս։

Երբ կարդացի առաջին անգամ, չզգացի այն խորն ու արմատացած ցավերը ամեն մի տողում, որ գոյություն ունեին։ Ես չէի հասկանում, ինչպես կարելի էր ողբալ մի երկրի համար, եթե միևնույն ժամանակ ասում էին, որ հենց նույն երկրի ժողովուրդը միասնական է, ազնիվ, արի, շատ փորձությունների ու դժվարությունների միջով անցած։

Անցան տարիներ, ու ես ժամանակ առ ժամանակ վերընթերցել եմ «Ողբ»-ը։ Ես հասկացել եմ, որ կան տողեր, որոնք մեր առօրյան նկարագրում են ամենաիսկական ձևով։ Ու չնայած ամենաճիշտ տողերին, որ կան «Ողբ»-ում, որոնք առավել քան արդիական են, այնուամենայնիվ ես չեմ կարող համաձայնվել, որ զինվորականները անարի են կամ զենք ատող։ Ու այս տողերը իր սրտում կժխտի յուրաքանչյուր հայ հիմա՝ պատերազմից հետո։ Մենք անզոր ենք, այո՛, բայց որքան զորեղ են նրանք: Մենք անկարող ենք, այո՛, բայց որքան փորձություններ հաղթահարեցին նրանք։ Նրանք, որ նռնակներ պայթեցրեցին իրենց ձեռքերում, այդքան արիությո՞ւն։ Նրանք, որ ընկերոջը փրկելու համար, իրենք նահատակվեցին, կյանքեր փրկեցին՝ կյանքերի գնով։ Եվ ես, այս ամենը միայն լսել եմ, լսել եմ, որ չեն ունեցել զենքեր, որ շատերը հրաշքով են փրկվել, որ բոլորը գիտակցաբար են ընկել դաշտերում, որ… բայց… եթե…

Պատերազմից հետո այլևս ոչ մեկի դեմքին չկա անկեղծ ժպիտ, իսկ իրավունքը կա՞ ժպտալու։

Մորաքրոջս ամուսինը զոհվեց կռվում… Երկար օրեր անցան, երբ կարողացա խոսել մորաքրոջս հետ, ու ի՞նչ սփոփանքի խոսք կարող էր լինել, որ կարողանար սփոփել նրան։ Չկան նման խոսքեր, որովհետև իր երեքամյա որդին սպասում է հորը, ու ամեն օր մորաքրոջս հարցնում է. «Մամ, բա պապան ե՞րբ ա դիրքերից իջնելու»: Դաժան է…

Դաժան է, երբ իմանում ես, որ զոհվել է 19-ամյա համագյուղացիդ, ու դաժան է նրա հարազատների աչքերին նայելը։ Դաժան է, երբ իմանում ես, որ զոհվել է մյուս համագյուղացիդ, ու դաժան է նրա երեխաների աչքերի մեջ նայելը: Ու թեև այս ամենին,  անչափ հպարտություն կա, որ ճանաչել ես նրանց։ Դաժան է, երբ չես ճանաչում ուսուցչուհուդ որդուն, բայց իմանում ես, որ նա հերոս է  դարձել` իր քաջությունը օրինակ դարձնելով հաջորդ սերունդներին, ու դաժան է ուսուցչուհուդ աչքերին նայելը։

Պատերազմի տասներորդ օրն էր, երբ հեռուստացույցով ընկերուհուս եղբոր անունը հայտնեցին, բայց նրանից ոչ մի լուր չկար։ Ես երբեք չեմ կարող մոռանալ այն պահը, երբ ընկերուհիս ուրախ ձայնով ասաց, որ սուտ է լուրը, ու նա հաստատ կզանգի ու հաստատ կգա… Ու դաժան է այդքանից հետո 4 ամիս անց նրա դին հողին հանձնելը։ Մյուս ընկերուհիս էլ, երբ ուշանում էր եղբոր զանգը, մեռնում ու վերակենդանանում էր, երբ լսվում էր հեռախոսի այդքան սպասված զանգը։

Շատերը չէին մտածում, որ վերջին անգամ են իրենց որդուն համբուրելու, երբ ուղարկում էին բանակ։ Ուղարկո՞ւմ էին, տանո՞ւմ էին, թե կամավոր էին գնում՝ քաջերը։

Մենք պայքարում ենք ողջ կյանքում` ինչ-որ երազանքներ իրականություն դարձնելու համար, ու դաժան է գիտակցել, որ նրանք մեզ համար, իրենց նվիրական երազանքները դաջեցին սառը հողերին։ Դաժան է գիտակցել, որ ոչ ոք, ոչ ոք չի կարողանալու ետ բերել նրանց, դաժան է գիտակցել, որ մենք ոչ ոք ենք տարօրինակ աշխարհում այս։

Այս ամենը, որ 44 օր կրծեց մեր հոգին, ու շարունակում է մաշել մեզ ու մեր սրտերը, գրվելու է դասագրքերում, դառնալու է պատմություն, որը աշակերտներին սովորեցնելու են 2-3 դասաժամում, հետո ծույլերից մի քանիսը չեն հիշելու զոհերի թիվը, ու գրքերից են արտագրելու։ Այն, ինչ կործանեց շատերին, ուղղակի մնալու է գրքերում, ու պատմելու են, կարդալու են միայն, այն, ինչ մենք զգացինք ու մինչ այժմ էլ ոչինչ չի հանում այդ վիճակից…

Մովսես Խորենացու «Ողբ»-ը կարդացել եք անշուշտ: Զգացե՞լ եք ամեն բառի ու հնչյունի ծանրությունը…