Բաց աչքերով

75-79 տարի առաջ, Ավագ և Սալվի Սիրունյանների 9 որդիներից 7-ը դարձան Հայրենական Մեծ պատերազմի մասնակից։ Նրանցից 2-ը ծանր վիրավորվելու պատճառով զորացրվեցին նախքան պատերազմի ավարտը, 4-ը այդպես էլ չվերադարձան կռվի դաշտից։ Հետո Պարգև Սիրունյանը, իր «Լեռնավան» գրքում գրեց. «…Եվ այդպես էլ Ավագն ու Սալվին իրենց մահկանացուն կնքեցին աչքերը բաց՝ սպասելով իրենց զավակների վերադարձին…»։

Այդ ՄԵԾ պատերազմից հետո քանի՜-քանի՜ մեծեր ու փոքրեր էլ եղան, քանի՜-քանի՜ հայրեր ու մայրեր այդպես՝ բաց աչքերով դիմավորեցին մահվանը, հանուն հայրենիքի պատերազմի բովը նետված որդիների փոխարեն…

Դա այդ զավակների և այդ ծնողների վճարած անգին վարձքն էր նրա, որ մենք այսօր ունենանք ծեր ծնողի նման «մի բուռ» դարձած մի գրկաչափ հայրենիք։

Իսկ ի՞նչ արեցինք և ի՞նչ ենք անում մենք։

Եվ միթե՞ թողնելու ենք, որ մի օր, մի վերջին Պարգև Սիրունյան իր «Հայրենիք» գրքի վերջին տողում գրի.

«…Եվ այդպես էլ Հայաստան աշխարհը կնքեց իր մահկանացուն՝ աչքերը բաց, սպասելով իր զավակների տուն վերադարձին…»

Լուսանկարում Ավագ և Սալվի Սիրունյաններն են։

janna sargsyan lori

Եթե ընտրության առաջ կանգնեք` հայրենիք կամ սեր, ընտրեք հայրենիքը

Հայրենասիրությունը փոքր աղջկա մտքում, սրտում ու հոգում ծնվեց 12-13 տարեկանում, չէ, ոչ ֆիլմերից էի ոգեշնչվել, ոչ էլ պատմության դասագրքից։

Հայրիկիս ընկերն էր էն մարդը, ում պատերազմում անցկացրած օրերն ու անցած ուղու պատմությունները նստում ու ժամերով լսում էի։

Ամեն պատմության հետ ինչ-որ մի բան էր փոխվում ներսումս, գիտակցումս, աշխարհայացքս, հայրենիքիս հանդեպ սերն էր մեծանում, քիչ-քիչ սկսում էի մտածել մեծանալու ու էդ ուղով գնալու մասին: Չէ, էդ միտքը ամենևին մանկական ցանկություն կամ հետաքրքրասիրություն չէր, այլ հստակ որոշում։

Զինվորական հագուստի հանդեպ առանձնահատուկ սեր ունեի (հիմա ավելի շատ), ու միշտ մտածել եմ, որ էդ հագուստը հենց էնպես ոչ մեկը չի կարող հագնել: Ախր, դա էնքան պարտավորեցնող քայլ է, որ ամենայն պատասխանատվությամբ պիտի մոտենաս։

Դեռահաս աղջկա մտքերը օր օրի սկսում էին ավելի հեռուն տանել, որոշումս քիչ-քիչ նպատակ էր դառնում, ու արդեն 16 տարեկանում, որպես մասնագիտություն հենց էդ ուղղությունն էի պատկերացնում, բայց հասարակությունը, ավանդույթներն ու բարքերը հաղթող դուրս եկան։

Իմ երազանքների ու նպատակների մասին առհասարակ ոչ մեկի հետ չեմ կիսվել, անգամ ծնողներիս, ու էդ դեպքն էլ բացառություն չէր: Գրեթե համոզված էի, որ որոշմանս մասին լսելուց հետո դեմ են լինելու, դե, որովհետև «ծառայությունը աղջկա խելքի բանը չի, աղջիկը պիտի իրան հարմար գործով զբաղվի»։

Անգամ համոզելն ու ամիսներով լաց լինելը էդպես էլ չօգնեցին, որ հասնեմ նպատակիս։

Բոլորն էին դեմ, բոլորը, բացի ինձնից: Ու չնայած դրան, մինչև ավարտական դասարանս, հույսս չէի կտրում, ամեն անգամ փնտրում ու գտնում էի ռազմական ինստիտուտ ընդունվելու հայտը, պահանջվող փաստաթղթերը, հանձնվող քննություններն ու էդպես ինձ հույս էի տալիս, որ մի օր կգա, ու ես էլ էնտեղի սովորողներից մեկը կդառնամ: Էդպես երազելով անցնում էին դպրոցիս վերջին տարվա ամիսները, բայց հույսիս վերջին թելն էլ կտրվեց, երբ սկսվեց Ապրիլյան պատերազմը: Էդ օրերից հետո մեր տանը վերջնական փակվեց իմ ռազմական ուղով գնալու խոսակցությունը, մտքերն ու ամեն-ամեն ինչ։

Երազանքս, տարիների ընթացքում հավաքած զինվորական հագուստի հետ փաթաթեցի ու դրեցի դարակում: Ամեն անգամ դարակս բացելուց էդ անկյունին եմ նայում, մի քիչ վերհիշում, լացում, թեթևանում ու նորից փակում։

Տարիներ հետո, երբ սկսեցի լրագրությամբ զբաղվել, նյութերիս մեծամասնությունը հենց ռազմականում սովորող ու աշխատող աղջիկների մասին գրեցի, հիմա էլ շարունակում եմ իրենց հաջողված պատմությունները տարածել ու հասարակության մի ստվար զանգվածին հասցնել, որ իրենց կարծրացած մտածելակերպը լիքը մարդկանց երազանքներն այլևս չկոտրի։

Ինձ համար հայրենասիրությունը, հայրենիքի հանդեպ սերն ու նվիրավածությունը երբեք պաթոս չի եղել: Հայրենիքը մեր սիրո կարիքն ունի, ու ես իրեն բաժին հասնող սերը անպայման տալու եմ։

Սրտեր նվաճած Արսենը

- Երազում եմ դառնալ աշխարհահռչակ նկարիչ և ճարտարապետ,- այսպես է պատասխանում 11-ամյա Արսենը այն հարցին, թե ինչ է երազում դառնալ։

Այսօր ուզում եմ գրել մի տղայի մասին, ում երազանքները հասնում են մինչև աշխարհի կենտրոն։ Արսենը ապրում է Ջերմուկ քաղաքի Կեչուտ գյուղում։ Արդեն հասցրել է սիրվել ու փոքր ինչ ճանաչված դառնալ քաղաքացիների և գյուղացիների կողմից ։

- Արսեն ջան, ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ: Կպատմե՞ս քո առաջին նկարների մասին։ 

- Ես նկարչությամբ սկսել եմ զբաղվել, երբ երեխա էի: Այդ ժամանակ հեռուստացույցով տարբեր հաղորդումներ էին ցույց տալիս, և ես փորձում էի դերասաններին նկարել։ Նկարում էի տարբեր մարդկանց, անգամ հնդկական սերիալների դերասաններին։ Հետո սկսեցի ընտանիքի անդամներիս նկարել: Զգացի, որ ստացվում է: Մայրիկս առաջինը տաղանդս նկատողներից է եղել։ Միշտ ասում է. «Եթե տաղանդ ունես, պետք է աշխատես տաղանդիդ վրա, և ո ամենակարևորը աշխատասիրությունն է: Եթե աշխատասեր չլինես, ոչնչի չես հասնի»։ Խնդրեցի ծնողներիս, որպեսզի ինձ ուղարկեն նկարչական խմբակ: Ու մինչ օրս էլ հաճախում եմ: Արդեն 5-րդ դասարանում եմ։

- Նկարչական խմբակի ուսուցիչները ի՞նչ կարծիքի էին նկարներիդ մասին։ Ի՞նչ էիր նկարում այնտեղ:

Նկարում էի կենդանիներ, մեքենաներ, մուլտֆիլմերի հերոսներ: Հետո անցա դիմանկարներին: Նկարեցի տատիկիս ու պապիկիս, ընտանիքիս մյուս անդամներին։ Մեր ուսուցիչը՝ Վարդան Մովսիսյանը, միշտ ասում է, որ մենք այնքան պիտի նկարենք, մինչև իսկական նկարիչ դառնանք:

 - Նկարչությամբ զբաղվելը դասերիդ արդյոք խանգարո՞ւմ է։

- Ոչ, հասցնում եմ ամեն բան: Պահ է գալիս, որ այլևս չեմ ցանկանում նկարչությամբ զբաղվել, բայց մայրիկիս համառության և իմ աշխատասիրության շնորհիվ հասցնում եմ։

 - Ո՞վ է միշտ քեզ ոգեշնչում։ 

- Ամենաառաջինը մայրիկս, հետո ուսուցիչներս, բարեկամներս: Երբ ուզում եմ իջնել  ընկերներիս հետ խաղալու, մայրս միշտ ասում է` նկարիր, նոր գնա: Եվ ես հենց այդպես էլ անում եմ։

- Ո՞վ է քո ամենասիրելի նկարիչը:

- Ամենասիրելի նկարիչս Մարտիրոս Սարյանի է։

 - Իսկ որոշե՞լ ես, թե ինչ մասնագետ ես դառնալու ապագայում։

- Շատ եմ ցանկանում դառնալ ճարտարապետ, բայց համ էլ փորագրող և նկարիչ:

- Իսկ բացի նկարչությունը, ուրիշ սիրելի զբաղմունք ունե՞ս։ 

- Այո, ազատ ժամանակ շատ եմ սիրում փորագրությամբ զբաղվել։

- Արսեն ջան, գիտենք, որ վերջերս կայացել է քո առաջին ցուցահանդեսը: Շատ հյուրեր ունեի՞ր։

-  Շատ լարված էի մինչև ցուցադրությունը: Մենք հրավիրատոմսեր էինք պատրաստել: Հրավիրել էինք դպրոցի ուսուցիչներին, դասարանցիներիս, գյուղապետին, քաղաքապետին, արվեստի դպրոցի ուսուցիչներին, բարեկամներիս և շատ ու շատ այլ մարդկանց։ Բոլորն էլ եկել էին։ Մինչև սկսելը շատ էի վախենում և ամաչում էի։ Գալիս նայում էին, գովասանքի խոսքեր էին ասում, ինձ լավ էի զգում: Ցանկանում էին ինձ հետ նկարվել։

- Ուրիշ ի՞նչ մրցույթների ես մասնակցել և ցուցահանդեսների:

- Երեք տարի առաջ Եղեգնաձորում մասնակցեցի նկարների ցուցադրության, արժանացել եմ պատվոգրերի և նվերների։ Իսկ անցած տարի մասնակցել եմ ցուցահանդեսի, որը կոչվում էր Artmusic և թե քանդակագործությունից, թե նկարչությունից, զբաղեցրել եմ հանրապետությունում երրորդ հորիզոնականը։

 - Արսեն ջան, քեզ մաղթում եմ մեծ հաջողություններ: Հուսով եմ, որ մեծ նվաճումներ կունենաս, և ես էլի կգրեմ քո մասին։

Իմ զենքն իմ դեղն էր

Արտյոմը` եղբայրս, 19-ը տարեկան երազող էր, ով երազում էր նվաճել աշխարհը։ Տեսակով անկոտրուն, չհանձնվող, էությամբ` արժանապատիվ ու պայքարող։ Ավարտելով բժշկական քոլեջը` 2019 թվականին զորակոչվեց բանակ, վերապատրաստվեց ԶՈւ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում` դառնալով բուժակ, կրտսեր սերժանտ։ Անմնացորդ նվիրվեց իր կոչմանը։

Երկրորդ տունը դարձավ Կուբաթլուն: Միշտ ուրախ էր, որ գնում էր զորավարժությունների` Ջաբրաիլ։ Վերջին զորավարժության ժամանակ սկսվեց պատերազմը…

Օր 1. զանգ Արտյոմից

-Մամ ջան, ինձ մոտ ամեն ինչ լավ ա, նորմալ ա չմտածեք, որ անհասանելի լինեմ: Իմացեք` կապ չկա։

Օր 2

-Մամ,  էստեղ շատ վիրավորներ կան: Իրենցով եմ զբաղված, հասկանո՞ւմ ես, մամ, էս սովորական կռիվ չի, մամ: Սովորական հիվանդներ չեն. մեկի ձեռքը չկա, մյուսի` ոտքը։(Ձայնի մեջ կար տագնապ, անհանգստություն: Լսվում էր ցավից գոռացող զինվորների ձայներ)։

Օր 3

-Մամ, ես ինձ չեմ կորցնում: Լավ ա, սենց պահերին ուղեղս հարյուրի տակ ա աշխատում: Խոսացնում եմ տղերքին, որ գիտակցությունը չկորցնեն: Հարցնում եմ` ծխո՞ւմ ես, ու սիգարետը կպցնում դնում եմ բերանը, որ ցավը մեղմեմ: Հաց եմ տալիս հիվանդներիս։ Կաթիլայինի ծայրից կտրել ձողիկ եմ սարքել, որ ջուր խմեն։

Էստեղ բոլորն ասում են` բժիշկ, ապրես, բժիշկ, դու կարաս…

Օր 4

Արտյոմը զանգեց: Չհասկացա` լացո՞ւմ էր, թե՞ ծիծաղում…

-Մամ, ես վիրավոր չեմ։ Մամ, պատկերացնո՞ւմ ես` ընկերներս չկան` Մաթևոսյանը (գումարտակի հրամանատարը) չկա, մամ…

Արտյոմի հեռախոսը դարձավ անհասանելի, բայց երեկոյան` զանգ Արտյոմից։ Արդեն իր սիրելի զորամասում էր: Լավ էր, պատմեց, որ զանգը պահի թուլություն էր. տանկի մեջ էր, ընկերոջ` Գոռի հետ, որ տանկը պայթեցրել էին, ոտքից թեթև վիրավորվել է, ինքն իրեն վիրակապել է, լուրջ բան չկա։ Պատմում էր, որ Գոռի հետ տասնյակ վիրավորների թեժ կռվի ընթացքում երկուսով առանց վախի «Ուրալ» մեքենայով Ջաբրաիլից սարերի, ձորերի միջով տեղափոխել են Կապանի հիվանդանոց։ Այնուհետև կրկին վերադարձել զորամաս։

Այդ օրերին, երբ Արտյոմը Կուբաթլուում էր, զորամասն անդադար ռմբակոծվում էր, նույնիսկ այդ պահին նա ասում էր.

-Պետք է բուժկետը կարգի բերեմ։ Արդեն ամեն ինչ կարգավորվում է։

Անդադար խնդրում էի, որ էլ ոչ մի տեղ չգնա: Հրաշքով փրկվել է: Ինքն էլ ի պատասխան հանգստացնում էր` ասելով, որ ոչ մի տեղ չի գնալու, հանգիստ լինենք, որ պատերազմը մոտ 10 օրից կավարտվի, ու հարցնում էր.

-Գալու եք, չէ՞:

Բայց իր պատերազմն ավելի շուտ ավարտվեց։ Հոկտեմբերի 15-ին, համոզված  լինելով, որ ետ է վերադառնալու, գնում է իր 7 ընկերների հետ և անմահանում։

Այդպիսին էր կրտսեր սերժանտ Արտյոմ Բաբայանը` եղբայրս, ոչինչ երբեք անավարտ չթողնող։

Ամանորն առանց ՆՐԱ

Հազարավոր հայ ընտանիքներ Ամանորն անցկացնում են առանց իրենց լույսի։ Ադրբեջանական ագրեսիան  հետ մղելու ընթացքում  հերոսաբար զոհված Մամիկոն Կասոյանը 19 տարեկան էր, Արարատի մարզի Արտաշատ քաղաքից։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Արվեստաբանության բաժինը: Ընդունվելուց անմիջապես հետո զորակոչվեց բանակ։ Թեև ազգությամբ եզդի էր՝ անսահման հետաքրքրված էր Հայոց պատմությունով։ Մամիկոնը նաև հիանալի նկարիչ էր, կարող էր ոգեշնչվել, նույնիսկ, ամենակենցաղային երևույթներից։ Մամիկոն Կասոյանի քույրը՝ Նազիկ Կասոյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ Մամիկոնն իրենց ընտանիքի միակ տղան էր։ Հերոսաբար զոհված Մամիկոն Կասոյանի քույրը մեզ հետ զրույցում պատմեց.

-Մենք երեք քույր ենք եղել, Մամիկոնիս ծնունդին շատ երկար ենք սպասել։ Երբ ծնվեց, կարծես հրեշտակ լիներ, իր բարուրի կողքից չէինք հեռանում։ Մամիկոնը խելոք էր, համեստ, տարբերվող՝ թե արտաքինով, թե խելացի դատողությամբ։ Շատ հումորով էր, կարողանում էր ցանկացած իրավիճակում վատ տրամադրությունը ցրել, բոլորին ուրախացնել։

-Ի՞նչ հետաքրքիր դրվագներ կպատմեք Մամիկոնի մանկությունից։

-Մի անգամ Մամիկոնի հետ գնացել էինք այգի՝ բալ հավաքելու, խոսում էինք, երգում էինք, կատակում էինք, և հանկարծ նկատեցի, որ խոտերի մեջ մի բան շարժվում է, բղավեցի՝ Մամիկո՜ն, զգույշ, օձը… Իսկ նա ժպտալով ասաց… (հուզվում է):

Ասաց՝ ինչ վախկոտ ես, հետո՞ ինչ, որ ինձնից մեծ ես…

-Իսկ սիրո՞ւմ էր Ամանորը:

-Այո՜, իհարկե, շատ էր սիրում։ Դեկտեմբերն իր ամենասիրելի ամիսն էր, շատ էր սիրում ամանորյա նախատոնական գովազդները։ Ամեն տարի ինքն էր տոնածառը և ամբողջ տունը զարդարում, իսկ այս տարի զարդարող չկա…

-Ինչե՞ր եք պատմելու ձեր երեխային իրենց հերոս  մորեղբոր՝ Մամիկոնի մասին։

-Ես միշտ էլ հպարտացել եմ Մամիկոնով, միշտ էլ նրան հերոս եմ համարել՝ նույնիսկ բանակ չգնացած ժամանակ։ Ընդհանրապես ասում են՝ տղաները իրենց մորեղբորն են նմանվում, ես շատ-շատ եմ ցանկանում, որ իմ տղան էլ Մամիկոնին նմանվի ՝ թեկուզ մասամբ։ Տղայիս միշտ ասում եմ, որ Մամիկոնի նման բարի, ազնիվ, խելացի պիտի լինի…

Մամիկոն Կասոյանը զոհվել է հոկտեմբերի 19-ին: Վերջին անգամ զրուցել է քրոջ հետ՝ ասելով, որ ամեն բան նորմալ է, իրեն վտանգ չի սպառնում։ Չէր ուզում, որ հարազատներն անհանգստանան…

Մեր հերոսներն անմահ են, հավերժ փառք ու խոնարհում ՆՐԱՆՑ:

zarine kirakosyan

Առանց մեր Սաքոների…

Սաքոն ա, Մոսոյի տղա  Սաքոն, հոպարի Սաքոն
2018թ․
Արցախյանում զոհված հորեղբորս մանկության ընկերը՝ Մոսոն, արդեն 26 տարի հունվարի մեկը մեր տանն էր սկսում, ընկերոջ հորն ու եղբորը մենակ չթողեց, ինքն էլ անհիշելի ժամանակներից ամսվա կեսը դիրքերում ա լինում, մինչև էսօր։ Իրեն էստեղ բոլորն են ճանաչում. հաղթանդամ, ուժեղ մարդ ա կամանդիրը, բայց ամեն անգամ հյուրասենյակում կախված հորեղբորս նկարին նայելիս, աչքերը թրջվում են դեռ։
-Հը՞ն, կամանդիր, ի°նչ կա սահմաններին, էս օրերին հո շատ չե՞ն  կրակում:
-Մի օր` լավ, մի օր` կեշ, Վարդան ջան:
-Մամիկո°ն,  լսել եմ` Գերմանիա ես քյացել, վե՞նց զատերին էտ  նեմեցնին:
-Լավն էին, հոպար:
-Հա, ասում են` լավ երկիր ա: Քյացեք, քյացեք, մենք էլ տենանք` ինչ ենք անում: Քյանք, երկու ժամից պիտի պոստ դյերեմ, ռավետը սմենափոխ ա:
Զանգ.
- Հա, իմ  հընգեր Մամիկոնին  հիշում իր, չէ՞, իրա հոր տանն եմ: Բա վե°նց դենք դյերի պոստ, վեր ճամփեքը փակ ա:
Հեռուստացույցը․
-Սիմբա, խնդրում եմ կրկնիր, «Ակունա մատատա»:
-Բայց դա ի՞նչ է նշանակում, Տիմոն:
-Անհոգ եղիր:
-էհ՜, գնացի…


2021թ․
Էս հունվարի մեկին ու երևի արդեն մյուս բոլոր, հոպարը մեր տուն  չի գա:  Ինքն էլ իր  Սաքոյի ընկերներին կսպասի, որ չպիտի իրեն մենակ թողնեն։

Իսկ ներքևինը գիտե՞ք` որ Սաքոն ա:
Իմ լավ ընկեր, Վանի լավ ընկեր, իրա մամայի ու տատիկի լավ ընկեր Սաքոն: Սաքոն ընկեր էր ծնվել,  էս աշխարհում  իրա դերը ընկեր լինելն էր։ Աշխարհը էս տեսակի վերջին ու միակ Սաքոյին  կորցրեց, սև հումորով, աշխարհին անծանոթ ուրիշ բարությամբ։

Էս նկարում Իմ կամերային նայող Սաքոն, նոր առած նոր շորերով գործի էր եկել, ասաց. -Նկարի` էջիս նկարը փոխեմ,- տվեցի ապարատը, նայեց ասաց․
- Էն ա, լավ էլ սիրուն եմ, իմանայի շուտ-շուտ նոր շորեր կառնեի…

«Նոր շորերով սիրուն նկարդ»   բոլորիս էջերում հիմա կա…

seyran soghoyan

Մենք ուղղակի «մենք» չենք

Մենք ուղղակի «մենք» չենք: Մեր «մենքը» մնացած բոլոր ազգերի «մենքերից» ամենահզորն ու ամենաուժեղն է: Բայց մեր խնդիրն այն է, որ մեր «մենքը» գնալով դառնում է «ես»՝ ամեն մեկը իր անհատական «ես»-ի մասին մտածելով։

Այս տարին իր ամեն ինչով դաս էր, որ պետք է ամեն մեկս վերցնեինք պետքականը ու օգտակարը։ Ոմանք վերցրին, ոմանք չվերցրին, ոմանք էլ ընդհանրապես չմասնակցեցին դասին։

Այս տարին ինձ համար գնահատման, սիրելու, ներելու, օգնելու, հաղթահարելու ու պայքարի տարի էր։ Հաջորդ տարուն սպասում եմ շատ ակնկալիքներով, բայց միայն չեմ սպասելու, այլ գործելու եմ, պայքարելու եմ։

Պայքար բառը շատ եմ սիրում. շատ մեծ ուժ ունի  ցանկացած պարագայում։ Վարժություններ անելիս, երբ կանգ եմ առնում, լսում եմ. «Հանձնվեցի՞ր», ու մեջս հենց պայքարն է արթնանում, ու սկսում եմ ավելի լավ անել։

Ես ու ընկերս պայքարում ենք ու պայքարելու ենք մնացած տղերքի հետ միասին։ Այս տարում շատ բաներ տեսանք, հասկացանք, ապրեցինք, կորցրեցինք, բայց ուզում եմ, որ շարունակենք ապրել՝ իրար մասին հոգ տանելով, մեկի ցավը ճիշտ պահին կիսելով, սիրելով, նվիրվելով, որովհետև մենք ուրիշ տարբերակ չունենք։

Մենք ուղղակի «մենք» չենք:

Margarita Khazaryan new

Հույսով դեպի առաջ

Ամեն նոր տարի երազանք ենք պահում,  որ այդ տարին լինի անկրկնելի, լավ իրադարձություններով լի: Եվ 2020-ը իսկապես դարձավ այն տարին, որը բոլորս էլ ցանկանում էինք, որ մնա անկրկնելի. թող այլևս երբեք իր նմանը չլինի:

Ոչ մի անգամ այսչափ ցավոտ չի եղել տարին ամփոփելը, քանի որ այս տարի, իսկապես, կորուստները ստվերում թողեցին մեր բոլոր ուրախ հիշողությունները, ձեռքբերումները: Որքա՜ն երազանքներ ունեինք այս տարվա հետ կապված: Իհա՛րկե, գուցե դրանցից որոշները կատարվեցին, բայց պատերազմը մեզ այնպիսի դաս տվեց, որ երբեք չենք կարողանալու մոռանալ: Մենք հասկացանք, որ միշտ խաղաղությունը պետք է վեր դասենք ամեն տեսակի ցանկությունից, հասկացանք, որ անձնական բոլոր երազանքները իմաստազրկվում են, երբ զավակն ես մի երկրի, որի որդիներից շատերը ուղղակի անմահանում են: Պատերազմը անջնջելի ձեռագրով բոլորիս սրտերում երեք տառ թողեց ՝ ՑԱՎ:  Ի վերջո, հասկացանք, որ եթե ուրիշ երկրներում հնարավոր է ապրել պատերազմին զուգընթաց և գոնե մի փոքր  երջանիկ լինել, ապա մեր պարագայում դա բացառվում է: Ազգայինը վեր է դարձել անձնականից, եթե ոչ բոլորի, ապա գոնե շատերի համար:

2020-ը չափից դուրս սառեցրեց մեզ ու մեր հոգիները և իր իրավահաջորդի՝ 2021-ի ուսերին մեզ բոլորիս ջերմացնելու պարտականությունը թողել: Համավարակն ու պատերազմը ձեռք ձեռքի տված մեզ մեկս մյուսից բաժանեցին, ստիպեցին վերանայել ու գնահատել կյանքը, մեր սիրելիներին: Երևի այնքան էինք արժեզրկել ամեն ինչ, որ մեզ թափ տվող ձեռքեր էին անհրաժեշտ:

Ուղղակի ցանկանում եմ լռեցնել ներսումս եղած այն տագնապը, որ գուցե այս գալիք տարին ևս մեզ ուրախացնելու առիթներ առանձնապես չտա, վախենամ, թե 2020-ը ընդամենը գովազդը լինի:

Ակնթարթորեն անցավ այս տարին, և հետ նայելով հասկանում եմ, որ մենք չհասցրեցինք ապրել: Այս տարին բոլորիս ուղղակի պարտադրեց սրտատրոփ սպասել նրա ավարտին, հուսալ, որ այլևս չենք տեսնելու այս վատ ու դժնդակ օրերը, որոնք  տեսանք այս տարի և ամբողջովին զգացինք նրա դառը համը:

Ամեն տարվա նման այս տարի չենք կարողանա երջանիկ ժպիտներով շնորհավորել իրար, այս տարի ամեն ինչն էր ուրիշ…

Տարին ավարտելու եմ մեր բոլոր հերոսներին շնորհակալություն հայտնելով ու հույսով դեպի ապագան նայելով:

2021, քեզնից շատ բան չեմ խնդրում, միայն մեր անմահացած հերոսների հոգիներին հանգստություն ու երկրիս էլ խաղաղություն բեր…

Elen Hakobyan Ararat

Ուսանողի օրագրից. Մենք ետ ենք գալու

Փոխվեցին ուսանողի օրագրի գալիք բոլոր տողերը, որոնք պիտի գրվեին, պիտի դառնային պատմություն: Որպես հասարակ ուսանող պիտի պատմեի ձեզ մի առեղծված, մի օր, մի ժամ, որն իր հետքն էր թողել կյանքումս: Բայց փոխվեց ամեն ինչ՝ իմ, քո ու նրա կյանքերը փոխվեցին, ինչքան որ հնարավոր էր:

Օրը փոխվել էր, աչքերս փակվեցին օրվա ծանր ու տխուր մտքերից։ Քնեցի նույն մտքով՝ հաղթելու ենք, ես երբեք չեմ կասկածել դրանում, ամեն օր եմ այդ մտքով քնել։ Եթե քնեի այդ գիշեր, եթե չտեսնեի այն, ինչ տեսա, եթե չլսեի, չզգայի, եթե ընկերներ չկորցնեի, եթե առաջվանը լինեի… Եվ հիմա եմ զգում, որ ես ոտքից գլուխ վրեժ եմ դարձել։ Ուզում եմ առնել բոլոր նրանց վրեժը, ովքեր չկան, բայց անզորության հանդարտ հոսանքը ինձ միշտ տապալում է այնտեղ, որտեղ կանգնում եմ։

Երբեք ու ոչ մի ազգ չի կարող ասել, որ հասկանում է մեզ, չհավատաք, չի կարող, մինչև իր տանը, իր ծննդավայրում չսպանեն իր հայրենակցին, եղբորը, հորը, սիրուն մի բանի համար միայն։ Մեր դեպքում «հանցանքը» հայ լինելն էր։ Դժվար է հայ լինելը, ու հիմա եմ հասկանում միայն, թե ինչու։

Հուսահատության մի դառը զգացում համակեց ինձ։ Զգացի՝ նորից հաղթեցինք աշխարհին, նորից վազեցինք արդարության ետևից ու նորից մենակ մնացինք, աշխարհն էլ սփոփեց մեզ, որպես պարտվող։

Ու այսօր մենակ ենք թողնում քեզ, ինչպես մենակ են թողնում տան փոքրին, բայց ում ամենից շատն են սիրում, ում ատամներով պաշտպանում են, բայց մի օր անզորությունից լքում են ու գնում, որ ավելի լավը դարձած ետ գան։ Մենք էլ թողնում ենք քեզ, քո հողի վրա ընկավ ընկերս, եղբայրս, հարազատս, գրկի՛ր նրանց, սու՛րբ պահիր նրանց արյունը ու սպասի՛ր։ Մենք ետ ենք գալու։ Չգիտեմ՝ քանի օրից, քանի տարուց, բայց գալու ենք։

Երազանքս գրկելու եմ ու ապրեմ, ամուր գրկելու եմ քեզ չտեսած, քեզ հետ չնկարված ու քեզնով չհիացած օրերս, գրկելու եմ քո գրկից եկած զինվորներին ու հոտն եմ առնելու քո, շունչդ եմ զգալու, վանքիդ «Տեր ողորմեա»-ն եմ լսելու։ Հաղթանակի ոգով, հաղթանակը ամուր բռնած, բայց պարտված, իրենց ձեռքերն եմ համբուրելու։ Ծնկելու եմ, աղոթեմ ու զգամ, որ քո վանքում եմ, զգալու եմ, որ իմն ես, որ ապրեմ։

Համբուրում եմ վանքիդ պատերը, գրկում եմ ամեն մի քարդ, փարվում եմ  բնությանդ։ Տե՛ս ինձ, զգա՛ ինձ ու ձա՛յն տուր, կանչի՛ր ինձ, ու ես կգամ։ Կթողնեմ տունս, կթողնեմ նրան, ում տեսա մի օր ու սիրեցի, կթողնեմ ամենաթանկը ու կգամ, որովհետև քեզնից թանկ էլ ոչինչ չմնաց։

Հայրենիքս, տունս, ես, երազանքներս չքացան: Հասկացա, որ դատարկ բաների մասին եմ երազել։ Հիմա ապրում եմ, որ մի օր գիրկդ գամ, որ եղբայրներիս կարոտն առնեմ, իրենց ոտնահետքերն ամենից երանելի ճանապարհին են մնացել, որ կենդանանան ու ինձ հետ քայլեն։

Ու գիտե՞ս ինչու. ես հասկացա, որ պարտական եմ, բայց ինքս էլ չգիտեմ, թե ում։ Ես պարտական եմ Նրան, նրան ում  չեմ ճանաչում ու նրան, ում հետ մի ամբողջ կյանք ապրեցի։ Ես պարտական եմ այն անջնջելի սպիով և կաղացող ոտքով երիտասարդին, ում հետ մետրոյի ամբոխի մեջ ենք։ Ես պարտական եմ այն փոքրիկ խանութի վաճառողուհուն, այն պատկառելի տարիքով և աչքերի խորը թախիծով կնոջը, ում որդին ետ չեկավ պատերազմից։ Բոլորս մնացինք պատերազմի դաշտում, մեր մարմինները ետ եկան, հոգիները, պատերազմում խաղաղություն փնտրող ու ապրելու իրավունքը շալակած, մնացին այնտեղ՝ ամպերից վերև, որտեղ աղավնիներն են ճախրում ու մարտնչում են արծիվները։

Փոխվեցին ուսանողի օրագրի գալիք բոլոր տողերը, և ուսանողն ինքն էլ փոխվեց ու գուցե փոխվեց ընդմիշտ…

Ազգիս շարունակողը ես ու դու պիտի լինենք

Հայաստան։ Երկիր, որը հազարամյակներ շարունակ մաքառել է թշանամիների դեմ` ունենալով և՛ հաղթանակներ, և՛ պարտություններ։ Երկիր, որն ունեցել է և՛ արքաներ, և՛ դավաճաններ։
Հայ։ Ազգ, որը տեսել է ցեղասպանություն։ Ազգ, ում համար հայրենիքը վեհ էր ամեն ինչից։ Ազգ, որն այսօր փորձում է ապրել, ապրել ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի վերադարձին սպասելով, բայց և գիտենալով, որ նա էլ չկա, որ նրան փնտրելիս երկինք պիտի նայի, որ պիտի ապրի այդ մեծ կարոտով։ Ազգ, որն անտանելի ցավի մեջ է։
Ու այստեղ ապրող պատանի, որը սկսել է հասկանալ կյանքի դաժանությունը։ Ով լուռ հետևում է կատարվող իրադարձություններին։
Նա, ում համար պատերազմը իր պատկերացրածը չէր, որը մի քանի նախադասությամբ գրված էր Հայոց պատմության դասագրքերում, հասկացավ, թե ինչ էր նշանակում պատերազմ, բայց այսքան վա՞ղ, բայց նա պատրա՞ստ էր այն ընկալելու, պատրա՞ստ էր կորցնելու, պատրա՞ստ էր…
Պատերազմն ազգիս մի նոր վերքն էր, որն էլի մի քանի նախադասությամբ կներկայացվի դասագրքերում, բայց մեր հոգիներում կհիշվի ամեն վայրկյանը, որ սպասում էինք ավարտի լուրին, ամեն աղոթքը, որ Աստծուց խաղաղություն էր աղերսում, ամեն անունը, որ լսելիս էլի մի մայր մնում էր անզավակ, էլի մի քույր կորցնում էր իր պահապանին, էլի մի երեխա անհայր էր դառնում ու էլի մի սեր կիսատ էր մնում…
Սա էր պատերազմը, մի հոգեվիճակ ու անտանելի ցավ մեր սրտերում։
Մենք՝ հայերս, անցել ենք երկար դարեր ու հասել այստեղ, որ հանձնվե՞նք: Չէ, հանձնվելը հայի համար չի։ Չէ՞ որ սա մեր պապերի ժառանգությունն է մեզ, ու մենք էլ պարտավոր ենք պահել այս հողերն ու հանձնել մեր որդիներին։
Մենք չպիտի կոտրվենք, ազգիս ապրող ու արարող է պետք։ Ու ազգիս շարունակողը հենց ես ու դու պիտի լինենք։