tatev aghazaryan

Խորհրդավոր ամիս և խորհրդավոր օր

Ես ծնվել եմ ապրիլի 23-ին: Խորհրդավոր ամիս և խորհրդավոր օր: Ապրիլին տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ և կան կարևոր օրեր: Նշեմ դրանցից մի քանիսը.

1. Ապրիլի 1՝ կատակների և սրամտության օր,

2. Ապրիլի 2՝ մանկական գրքի միջազգային օր,

3. Ապրիլի 8՝ գնչուների համաշխարհային օր,

4. Ապրիլի 12՝ ավիացիայի և տիեզերագնացության համաշխարհային օր,

5. Ապրիլի 15՝ Կորեայի ազգային տոն՝ Արևի օր,

6. Ապրիլի 25՝ ֆաշիզմից Իտալիայի ազատագրման օր:

Տեսնում եք` ինչ շատ են: Վերջապես անդրադառնամ իմ ծննդյան օրվան: 1915 թվականին թուրքերը կատարած ցեղասպանությանը զոհ գնացին մեկուկես միլիոն անմեղ հայեր: Ասում են, թե մեկը մահանում է, մյուսը՝ ծնվում:

Կարծում եմ, որ ես ծնվել եմ նրանցից ինչ-որ մեկի փոխարեն: Եվ իմ ճակատագրի էջերում գուցե գրված են նաև հենց այդ մեկի նպատակները, իղձերը, երազանքները…

Ավելի փոքր ժամանակ մտածում էի, թե ինչ վատ օր եմ ծնվել: Սակայն հիմա կարծում եմ, որ ծնվել եմ շատ խորհրդավոր օր: Մենք ընտանիքով միշտ ամեն տարվա ապրիլի 23-ին ջահերով գնում ենք երթի և մեր հարգանքի տուրքը մատուցում անմեղ զոհերի հիշատակին:

Հ.Գ. Ցավոք սրտի, ապրիլին ավելացավ ևս մեկը` քառօրյա պատերազմի դաժան օրերը: Եվ ևս մեկ անգամ մեր թշնամին հասկացավ, որ հայի ոգին անպարտ է…

davit alexanyan

Չոբան Նաջոն

Նաջոն ապրում էր Նոյեմբերյանում: Նաջոյի մասին ոչինչ չգիտեմ, բացի այս դեպքը, որ ինձ պատմել է հայրս: Ես սովորականի պես նստած նյութ էի գրում, երբ հայրս ասաց.

-Խի՞ չես չոբան Նաջոյի մասին գրում:

-Պապ, չոբան Նաջոն ո՞վ ա,- հարցրեցի ես:

Հայրս սկսեց ինձ պատմել Նաջոյի մասին: Էս չոբան Նաջոն ամեն գարնան իր ոչխարները բարձրացնում է սարը: Մի անգամ սարի վրայով Երևանից-Թբիլիսի թռչելիս է լինում մի ուղղաթիռ: Ես չոբան Նաջոն տեսնելով ուղղաթիռը՝ գլխի գլխարկը հանում է, գոռում և ձեռքով անում: Էս օդաչուներից մեկը նկատում է Նաջոյին ու ասում.

-Տղերք, եկեք իջնենք, տեսնենք` ի՞նչ ա ասում:

Իջնում են օդաչուները, և էդ պահին Նաջոն մի գառ է մորթում, հյուրասիրում տղաներին: Նստում են հացը ուտում պրծնում, տղաներից մեկը ասում է.

-Նաջո ջան, դու մեզ կանչեցիր, հյուրասիրեցիր, մի բան ասա` քեզ համար անենք:

Նաջոն ասում է.

-Տղերք ջեն, սաղ կյանքիս մեջ ուզեցել եմ ուղղաթիռով Նոյեմբերյանի դաշտըմը վեր գամ:

-Դե նստի, տանենք,- ասում են տղերքը: Գալիս են դաշտում իջնում, և ամբողջ Նոյեմբերյանի շրջանը խառնվում է իրար: Միլպետ, մարզպետ գալիս են Նոյեմբերյան: Մեկ էլ տեսնում են` Նաջոն ա իջնում ուղղաթիռից: Էս էլ մեր չոբան Նաջոն:

ani jilavyan

Հրադադար

-Ասում են` փոքր եք: Լավ, կզանգեմ հետո,- լսվեց դասարանի տղաներից մեկի ձայնը, ով ներս մտավ: Մինչ նա հեռախոսն անջատում էր, բոլորս նայում էինք իրեն:

-Ի՞նչ ա եղել:

-Մի քանի ընկերներիս հետ գնացել էի, որ կամավոր գրվենք, չեն թողնում, ասում են՝ փոքր եք,- զայրացած ասաց նա:

-Համ էլ ասում էին, որ տեղ չկա…

-Հա, կամավորները շատ են…

Ամեն մեկը սկսեց կիսվել իր ունեցած լուրով:

-Վատն էն ա, որ հաստատ ոչ մի բան չենք իմանում…,-խոսեց ևս մեկը:

Զանգը տվեց, և լռություն տիրեց, բայց ոչ սովորական, այլ` ծանր ու անսովոր լռություն: Եղանակն անգամ մռայլ էր, ինչպես մարդկանց դեմքերը այս օրերին: Եվ այդ մռայլությունը միանգամայն բնական է, չէ՞ որ բոլորիս մտքում միայն պատերազմի մասին մտքերն են, որոնց ոչինչ չի փոխարինում: Եվ բոլորս թարմ ու դրական լուրեր լսելու հույսեր ենք փայփայում: Ինձ համար այնքան դժվար է լուրեր լսելը՝ և՛ ցանկանում եմ ինֆորմացված լինել, և՛ չեմ ուզում տեսնել ռմբակոծված մեր հողերն ու լսել զոհվածների մասին: Համացանցում էլ լուրերին հետևելը հեշտ չէ, քանի որ դրանք շատ են, և անհասկանալի է, թե դրանցից որոնք են հավաստի, որոնք՝ ոչ…
Հրադադար է հիմա, և այս պահին միայն ցանկանում եմ, որ խաղաղություն լինի, մեր զինվորները այլևս չլինեն նմանատիպ իրավիճակում, այլևս զոհ չունենանք և այս հրադադարը մշտական լինի:

mariam gharagyozyan

Ժպիտով սկսվող բոլոր բառերը քոնն են

Ա՜խ այդ ժպիտը, այդ  անուղղելի՛ն, որով ժպտալիս
Քո եղած-չեղած պակասներն ես դու մոռանալ տալիս…
Պ. Սևակ

Նայում եմ այս երիտասարդին ու հասկանում, որ մենք կյանքում ոչ մի բանից հիասթափվելու ու մեզ անզոր զգալու իրավունք չունեք… Եկեք նայենք մեր հերոսին… Նա հազիվ 20 տարեկան լինի և արդեն զրկված է 2 ոտքից… Իսկ այդ տարիքում մարդիկ նոր-նոր պլաններ են մշակում ապագայի համար, նպատակներ դնում իրենց առաջ: Առաջին հայացքից թվում էր, թե նա պետք է, որ հիասթափվեր ամեն ինչից. կյանքը կիմաստազրկվեր և ոչ մի նշանակություն չէր ունենա նրա համար: Երիտասարդ, ում կյանքը նոր էր սկսվել, և ահա կյանքի դաժան հարվածը… Բայց արի ու տես, որ  դա չի խանգարում լինել նրան հոգեպես լիարժեք և առողջ: Նա ժպտում է անկեղծ ժպիտով, ուրեմն, դժվարությունը հաղթահարված է: Նա հաղթեց կյանքի հարվածին և պատրաստ է շարունակել, կռվել, լինել ընկերների ու հայրենիքի կողքին: Նա կշարունակի ապրել և իրագործել իր նպատակները` ունենալ ընտանիք, դաստիարակել իր նման հերոսներ, բոլորին օրինակ ծառայել և առաջ գնալ:  Ժպտացող այս երիտասարդը դարձավ բոլորիս սիրելին ու օրինակելի հերոսներից մեկը:

Որոշ ժամանակ հետո նա էլի կկանգնի, կքայլի և մեծ հպարտությամբ կհիշի ու կպատմի կատարվածը, մարմնով սարսուռ կանցնի, միգուցե մի փոքր էլ ցավ կզգա, բայց գլուխը բարձր կպահի ու հպարտ: Չէ որ ինքը մնաց անկոտրում, ուժեղ, դիմացկուն ու վեհ: Օրինակ եղավ շատերիս համար: Թշնամու առաջ գլուխ չխոնարհողը, գլուխը չի կախի նման անցողիկ ցավերի առաջ: Հերոսը պատվով դուրս եկավ այս կռվից:

Իմ քաջ զինվոր, չեմ կարողանում աչքս կտրել նկարիցդ, արևի նման պայծառ դեմքիցդ: Քեզ հետ միասին ժպտում եմ անդադար:  Մի ձգող բան կա, որը ստիպում է անընդհատ աչքիս առաջ ունենալ քո նկարը… Կամք ու լավատեսություն կա քո մեջ,  ահա թե ինչն է ստիպում նայել…

Շնորհակալ եմ քեզ անչափ կյանքիս համար, որը դու պաշտպանեցիր քեզ ցավ պատճառելով ու ծանր հարվածը քո վրա վերցնելով…  Ժպիտդ թույլ չի տալիս ցավել կատարվածի համար, քանի որ  այն ավելի ուժեղ է: Ժպիտովդ արհամարհում ես ցավը, ուրեմն, գնում ենք առաջ ու նշում երկրորդ ծնունդդ, կյանքիդ նոր սկիզբը:

Հերոս ջան, ախր ո՞նց չհպարտանամ քեզանով, երբ ես էլ  քո նման Տավուշցի եմ…

Միշտ մնա այդպես արևոտ դեմքով  ու վարակիր բոլորիս ուժեղ կամքով ու լավատեսությամբ:  Ընտանիքիդ համբերություն եմ ցանկանում, քեզ` առողջություն…

Շնորհակալ եմ, որ իսկական հայ զինվոր ես, հերոս ես ու Ժպտերես, Ժպտուն, ժպտադեմ… ժպիտով սկսվող ու ժպիտ պատճառող բոլոր բառերը քոնն են…

Նարե Շարմազանովա

Վեր կաց, եղբայր իմ, երգս կիսեմ քեզ հետ…

Երբ փոքր էի, ծնողներս պատմում էին մեր զինվորների, նրանց սխրանքների մասին: Ասում էին, որ ինչքան էլ ցավոտ լինի ֆիզիկական բաժանումը և կարոտը, պետք է հպարտանալ նրանով և հասկանալ, որ նա զոհվել է այն հույսով, որ կփայփայենք մեր հայրենիքը: Միշտ ցավել եմ դիրքերում մահացող ամեն մի զինվորի համար, բայց երբեք չեմ պատկերացրել` ինչ են զգում նրանց հարազատները:  

Համացանցը փորփրելիս գտա կրկին հերոս Ադամի մասին պատմող նյութերը, որը ընդամենը քսաներկու տարեկան հասակում զոհվել էր հանուն հայրենիքի:

Նայում էի նրա նկարին և ինչքան շատ էի նայում, այնքան ավելի էի սուզվում նրա վառ ցայտուն աչքերի և անմեղ, բարի ժպիտի մեջ: Կարծես իմ ու Ադամի մեջ ինչ-որ կապ կար, և մենք կարողանում էինք հաղորդակցվել, չնայած նրան, որ ինքը արդեն չկար: Տարօրինակ է հնչում, չափազանց տարօրինակ…

Ինչքան անբացատրելի էր ինձ համար այն կորստի զգացումը, որը ապրում էին նրա հարազատները, նույնչափ անբացատրելի էր նրա կերպարը: Ներկայիս իրականության մեջ, դաժան իրականության մեջ,  մարդիկ գոյատևում են իրար դավաճանելով, մեկը մյուսին վատություն անելով և դրանից շահ գտնելով:

Ինձ համար լիովին անհասկանալի էր, հարցը պտտվում էր գլխիս մեջ և հանգիստ չէր տալիս: Ինչպե՞ս կարող է մարդը զոհել իր կյանքը, իր անկատար թողնել երազանքները, նպատակները, հանուն իր ազգի:

Ես ուղղակի կարկամել եմ: Ադամի և նրա նման հերոսները զոհվում են, որպեսզի մենք գնահատենք այն, ինչ ունենք: Գնահատենք այն խաղաղ Հայաստանը, որտեղ ապրում ենք: Գնահատենք Հայաստանի ամեն մի մասնիկը, և հասկանանք, որ դա ուղղակի հող չէ կամ ուղղակի հայրենիք չէ: Մենք դարերով պայքարել ենք և շարունակում ենք պայքարել մեր երկրի անդորրի համար, և Ադամի նման քաջերը շարունակում են զոհել իրենց կյանքը հուսալով, որ մենք կգնահատենք մեր հայրենիքի ամեն մի ոստը, ամեն մի շյուղը…

Եվ երբ այդ ամենը հասկացա, կրկին մի անըմբռնելի զգացմունք արթնացավ մեջս: Որևէ կապ չունենալով Ադամի հետ, սկսեցի սիրել նրան և հպարտանալ նրանով: Այնպես, ինչպես ոչ մեկով չէի հպարտացել: Սակայն դա տևեց գեթ մի պահ և ես կրկին հիշեցի, որ Ադամը այլևս չկա…

Այդ պահին մայրիկս մտավ սենյակ և առանց որևէ նախաբանի ասաց.

-Նա երկնքում է և Հիսուսի մոտ է: Վայելում է իր փառքը, նա անմահացել է…

-Անմահացե՞լ է…

Այդ պահին ակամայից հիշեցի Վարդան Մամիկոնյանի վսեմ խոսքը.

«Մահ չիմացյալ` մահ, մահ իմացյալ` անմահություն…»

 

Աչքիս առջև բացվեց մի տեսարան: Տեսնում եմ Ադամին. նա իր վառ ցայտուն աչքերով և անմեղ բարի ժպիտով նայում է ինձ:  Մենք հանդիպում ենք երկնքում: Իսկ ես,  ինչքան հնարավոր է, ամուր գրկում եմ նրան և բաց չեմ թողնում…

«Վեր կաց, եղբայր իմ, նոր օրն է արթնացել…

Վեր կաց, եղբայր իմ, նոր կյանքն է շունչ առել…»

«Ալքիմիկոսը»

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Ասում են, որ մարդիկ ձևավորվում են իրենց իսկ կարդացած գրքերով, և պետք է հարյուր գիրք կարդաս, որ ընտրես լավագույն տասը:

Այս գիրքն այն հազվագյուտներից է, որը կարդալիս կարողանում ես ճանաչել ինքդ քեզ, և կյանքի համար կարևոր խորհուրդներ վերցնել: Ինձ ասում էին, որ ես չեմ հասկանա, բայց կարդացի և ձեզ էլ առաջարկում եմ անպայման ընթերցել: Գուցե, հիմա մեկ ուրիշ ձևով հասկանաք, իսկ տարիներ հետո մեկ այլ կերպ, բայց, հավատացեք, այդպես ավելի հետաքրքիր կլինի` կտեսնեք ձեր մտածելակերպի փոփոխությունը:

Դե ինչ, ներկայացնում եմ հանճարեղ Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» գիրքը:

Սա մի պատմություն է կյանքի, հովվի, մարդկային երազանքների, ճակատագրի, սեփական առասպելի և այն իրագործելու մասին: Եթե դուք ունեք երազանք, և այն ձեզ անիրականանալի է թվում, կարդացեք, և վստահեցնում եմ` կփոխեք ձեր կարծիքը: Այնքան եմ ուզում պատմել սյուժեն, բայց քանի որ ինքս չեմ սիրում, երբ ինձ պատմում են` կզսպեմ ինձ: Բայց մի քանի խորիմաստ մտքեր, որոնց վերաբերյալ արժե խորհել, կառանձնացնեմ:

–Ի՞նչ է Սեփական առասպելը,- հարցրեց տղան:

–Դա այն է, ինչ միշտ ցանկացել ես անել: Երբ մարդ մուտք է գործում երիտասարդություն, գիտի, թե որն է իր Սեփական առասպելը: Այդ շրջանում ամեն ինչ պարզ է ու հնարավոր, և մարդը չի վախենում երազել և ցանկանալ այն ամենը, ինչ կուզենար կյանքում: Սակայն ժամանակն անցնում է, ու ինչ-որ խորհրդավոր ուժ փորձում է ապացուցել` Սեփական առասպելն իրականացնելու անհնարինությունը:

Կանխազգացումն այն արագ ցատկերն են, որ հոգին կատարում է կյանքի համաշխարհային հոսանքի մեջ, որտեղ բոլոր մարդկանց պատմությունները միահյուսված են, ու հնարավոր է ամեն բան իմանալ, որովհետև ամեն ինչ գրված է:

Գաղտնիքը ներկայի մեջ է, եթե ուշադիր հետևես ներկային, կկարողանաս լավացնել այն: Իսկ եթե ներկադ լավը լինի` ապագադ նույնպես լավը կլինի: Մոռացիր ապագայիդ մասին ու կյանքիդ յուրաքանչյուր օրն ապրիր Օրենքի պատվիրաններով ու հավատա, որ Աստված պահապան կլինի զավակներիդ: Ամեն բացվող օր իր մեջ հավերժություն է կրում:

Երկրագնդի վրա յուրաքանչյուր մարդ իր գանձն ունի:

Երջանիկ է այն մարդը, ով Աստծուն իր մեջ է պահում: Երջանկություն կարելի է գտնել չնչին բաների մեջ:

Երբ ամենամեծ գանձերը մեր առաջ են, երբեք չենք նկատում: Որովհետև մարդիկ չեն հավատում գանձերին:

Անկախ նրանից, թե մարդ ինչով է զբաղվում, նա Երկրի վրա կատարում է Աշխարհի Պատմության գլխավոր դերը:

Կարծում եմ, ձեզ էլ հետաքրքրեցին հեղինակի մտքերը: Մի մտածեք, վերցրեք գիրքն ու փորձեք ընկալել: Ինչպես ասում էր տատիկս.

-Ինչ էլ հասկանաք, էլը քյարա:

sona zaqaryan

Նամակ ինձ քառասունհինգ տարեկան հասակում

Բարև, գեղեցիկ մայրիկ: Դու արդեն քառասունհինգամյա կին ես: Ինչ արագ անցան կյանքիդ քառասունհինգ տարիները: Հուսով եմ, որ շատ ուրախ տարիներ ես անցկացրել, և այդ տարիները լի են եղել ուրախ ու հաճելի պահերով: Ինչ արագ է անցնում ժամանակը: Աչքդ թարթեցիր և ահա արդեն քառասունհինգ տարեկան ես: Ինչ արած, ի՞նչ կարող ենք անել ժամանակի դեմ: Այն գալիս է ու չի ուզում գոնե մեկ վայրկյան նստել մեր կողքին, զրուցել ու թեյ խմել, այլ միանգամից անհետանում է: 

Գիտե՞ս ինչ եմ մտածում: Դու հիմա երևի շատ երեխաներ ունես: Նրանք վազվզում են շուրջդ և չեն թողնում, որ մի փոքր հանգստանաս: Բայց մի՛ բարկացիր նրանց վրա, չէ՞ որ փոքր ժամանակ դու էլ ես այդպիսին եղել, դու էլ ես բարկացրել մայրիկիդ ու նա ասել է. «Գիտես դու չե՞ս մեծանալու, քո երեխաներն էլ են քեզ բարկացնելու, ի՞նչ ես անելու»: Դու էլ լացակումած պատասխանում էիր. «Ես իմ երեխաների վրա չեմ բարկանալու»:

Հիշո՞ւմ ես՝ ինչպես էիր կռվում եղբորդ հետ, նեղանում էիք իրարից, բայց երկար նեղացած մնալ չէիք կարողանում: Հիմա եղբայրդ էլ է մեծ մարդ դարձել: Նրան անպայման կբարևես: Ես գիտեմ, որ հայրենիքիդ արժանի մարդ ես դարձել ու ինչով որ կարողացել ես, օգնել ես նրան: Հետաքրքիր է, կարողանո՞ւմ ես արդյոք երեխաներիդ համար համեղ ճաշ պատրաստել, ինչպես մայրիկդ էր պատրաստում: Դեռ երգում ես ու պարո՞ւմ: Համոզված եմ, որ կիրակի օրերին եկեղեցի ես գնում ու մասնակցում Սուրբ պատարագին: Մի խախտիր այդ սովորությունը ու անպայման այցելիր եկեղեցի: Երեխաներիդ հետ գնա: Հոգևոր սնունդը շատ կարևոր է մարդու համար: Հուսով եմ, որ հիմա էլ ես շարունակում ստեղծագործել: Տասնհինգ տարեկանում այնքան եռանդով էիր ստեղծագործում: Նյութեր էիր գրում, շարադրություններ ու բանաստեղծություններ: Հարազատներդ ուրախանում էին քո հաջողություններով, իսկ դու դրանից ավելի էիր ոգևորվում:

Կյանքը շատ կարճ է, և այդ կարճ ժամանակում մարդ փորձում է հասնել իր առջև դրված նպատակներին: Գիտեմ, դու իրագործել ես նպատակներդ: Ապրիր խաղաղ ու երջանիկ՝ շրջապատված քո հարազատներով: Մեկ-մեկ հիշիր պատանեկությունդ, ընկերներներիդ ու ձեր խենթությունները: Հիշի՛ր անցյալդ և ապրիր ներկայով:

Խնդրում եմ, այս տողերը կարդալիս չհուզվես և լաց չլինես: Գրկի՛ր երեխաներիդ և ուղղակի ասա, որ իրենց շատ ես սիրում: Դա այն բառն է, որ մենք իրար ուշ-ուշ ենք ասում…

Շատ բան ունեմ քեզ ասելու, բայց այսքանով երևի սահմանափակվեմ: Գիտեմ, որ կարոտել ես ինձ՝ տասնհինգամյա աղջնակիս: Կարոտդ երեխաներիցդ առ: Դու նրանց աչքերում էլ կտեսնես այն նույն փայլը, որը ժամանակին իմ աչքերում էր…

Սիրով` քո պատանեկության լավագույն հուշերի աղջնակ

sara harutyunyan

Նոր Հաճն

Հավանաբար գիտեք Հրազդանի կիրճի գողտրիկ վայրերից մեկի՝ Նոր Հաճնի մասին: Այն քաղաքի, ուր ժամանակին աշխուժություն  ու եռուզեռ էր  տիրում, ուր տեղափոխվում էին Հայաստանի տարբեր մարզերից՝ չընկրկելով դժվարություններից. չէ՞ որ հենց այստեղ հնարավոր էր աշխատանք գտնել, ապրել`փոքրիշատե ապահովված և բարեկեցիկ կյանքով:

Արդեն  վաթսուներկու տարի է, ինչ անշուք ու փոշոտ կիրճի եզրին ծնունդ է առել Նոր Հաճնը, որի հիմնադրումը  կապված էր Արզնիի տեխնիկական ճշգրիտ քարերի գործարանի, կամ, ինչպես հայտնի է այսօր, «Սապֆիր» արտադրական միավորման ստեղծման  հետ: Հենց այդ իրադարձության շնորհիվ է, որ նախկին «Սիլավոյի» տեղում հիմա կանգնած  է  Նոր Հաճնը՝ ուրույն և ինքնատիպ մի բնակավայր, որն իր տանիքի տակ  տասներկու հազար հայի է պահում: Այն կարճ ժամանակում դարձավ մեր պետության  արդյունաբերական կենտրոններից մեկը և իր պատվավոր տեղը գրավեց զարգացող ու բարգավաճող քաղաքների կողքին: Սկսած 70-ականներից  Նոր Հաճնի այցեքարտը դարձավ  ադամանդագործությունը: Առաջին և   նախկինում ամենախոշոր գործարանը «Շողակ»-ն էր, ուր աշխատում էր նաև հայրս: Այդ ժամանակաշրջանը, կարելի է ասել, Հաճնի վերելքի տարիներն էին: Նոր Հաճնի  բնակարաններն ավելի թանկ արժեին, քան  մայրաքաղաք Երևանինը: Հենց այդ ժամանակ՝ տասներկու տարի առաջ, մեր ընտանիքը տեղափոխվեց ինձ համար կարճ ժամանակում թանկ ու հարազատ  դարձած Հաճն:

Ի՞նչն էր իմ մեջ տպավորվել: Կզարմանաք, բայց առաջինը ինձ գրավեց հենց քաղաքի անունը: «Ինչո՞ւ Նոր Հաճն»,- մտածում էի ես և փորձում   գտնել հարցիս պատասխանը: Ասեմ, որ  փոքր  ինչ  զարմացած,  բայց նաև հպարտ էի, որ իմ քաղաքը պատմական  Կիլիկիայի 1920-ական թթ.-ի կոտորածներից փրկված հաճնեցիների խնդրանքով է վերանվանվել Նոր Հաճն: Ու քանի որ փոքր էի ու շատ բան  չէի հասկանում, կարծում էի, թե ես հենց Կիլիկիայում էլ  ապրում եմ: Գուցե ծիծաղելի է, բայց չեք պատկերացնի, թե ինչ հպարտ էի: Այդ ժամանակ դեռ  վեց տարեկան էի:

Ամեն ինչ հրաշալի էր, և  թվում էր, թե ոչինչ չի կարող  խանգարել` անկախացումից հետո փոքր-ինչ շունչ առնող ժողովրդի խաղաղ կյանքին:Եվ ո՞վ կարող էր մտածել, որ այդ հանգստությանը հաջորդելու է փոթորիկը, և որ կարող են գործերը կտրուկ վատանալ… Իրար հետևից փակվեցին արդյունաբերական գործարանները՝ փշուր-փշուր անելով հաճնեցիների հույսերը: 2008 թ.-ին լուծարված «Շողակն»-ը  ամենածանր հարվածն էր  Հաճնի համար`  աշխատանքից զրկվեց բնակչության կեսը: Հուսահատություն, գործազրկություն, աղքատություն, ծանր հոգսեր. ահա թե ինչ տարածվեց Հաճնում` համաճարակի արագությամբ: Աշխատանք չունենալու պատճառով մարդիկ  բռնեցին արտագաղթի ճանապարհը: Քաղաքը միանգամից դատարկվեց… Ցավն այն է, որ արտագաղթը դեռ շարունակվում է: Բնակիչների  մի մասը տեղափոխվեց  Ռուսաստանի Դաշնություն,  նույնիսկ Աֆրիկա գնացողներ եղան` աշխատելու և ծայրը ծայրին հասցնելու համար: Թանկարժեք քարերի մշակմամբ հայտնի  Հաճնի վարպետները  ցաքուցրիվ եղան ՝ զարգացնելով օտար երկրների տնտեսությունը:

Այսքանից հետո մտածում եմ՝ էլ ի՞նչ լուսավոր հեռանկարներ: Բայց երբ տեսնում եմ ինձ պես պատանիների, դեռահասների, որոնք հետաքրքրվում և ակտիվ գործունեություն են ծավալում մշակույթի տարբեր բնագավառներում, մարող  հույսս կամաց-կամաց արթնանում է. ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ` մտածում եմ ես…

Հիմա մեր քաղաքում գործում է «Հաճն» պարային անսամբլը, որն ստեղծվել է 2010 թ.-ի մարտի 10-ին: Իր ստեղծման օրվանից այն շարունակում է նորանոր բարձունքներ նվաճել և հաղթանակներ ունենալ: Խումբը համերգներով հանդես է եկել Վրաստանում և այլ երկրներում: Պարախմբի  սաներն իրենց  գեղեցիկ պարով զարդարում են նաև համաքաղաքային տոնական միջոցառումները:

Մշակույթի տանը հարակից գործում է արվեստի դպրոցը տարբեր մասնաճյուղերով՝ կերպարվեստի և երաժշտության, որտեղ հմտանում և փորձ են ձեռք բերում Հաճնի ապագան կերտողները: Քաղաքի ուսումնատենչ երիտասարդներին, սակայն, պակասում է քաղաքային գրադարանը, որ  փակվել է տարիներ առաջ`  վերանորոգման պատրվակով և երբևէ բացվելու հույսով: Մենք՝ երիտասարդներս, չենք կարողանում բավարարել մեր հետաքրքրությունները, գտնել մեզ հուզող հարցերի պատասխանը:

Ահա այսպիսին է իմ քաղաքը, իմ Հաճնը: 

մարթա մինասյան սյունիք

Արդյո՞ք նամակս կարդացիր

Ես միշտ հավատացել եմ, որ այս աշխարհում ամեն բան հնարավոր է, բայց այն, ինչ հիմա ձեզ կպատմեմ, ինձ շատ էր ցնցել: Ես հիմա 45 տարեկան եմ և ապրում եմ երրորդ հազարամյակում: Հիմա տեխնիկայի զարգացման շնորհիվ ստեղծվել են ժամանակի մեքենաներ և հնարավորություն կա կապվել անցյալի հետ: Ես մի օր մտածեցի իմ ապրած կյանքի մասին, և իմ մի քանի արարքների համար շատ փոշմանել եմ: Ահա որոշել եմ այդ սխալներս ուղղելու համար օգտվել ժամանակի մեքենայից և նամակ ուղարկել 2016 թվականում ապրող 14-ամյա  Մարթային, ով իմ անցյալն է: Ես դիմեցի «Ժամանակի հետ խաղ» գործակալությանը ու մեծ դժվարությամբ նրանք ինձ թույլ տվեցին այդ նամակն ուղարկել: Ես այդ նամակը հիմա ձեզ կներկայացնեմ.

«Սիրելի Մարթա Մինասյան, ես քեզ նամակ եմ գրում ապագայից ու ցանկանում եմ, որ դու հետևես իմ նամակում գրված խորհուրդներին ու անպայման կատարես իմ խնդրանքները: Ես կցանկանայի, որ դու չկրկնես այն սխալները, որոնք ես եմ արել քո տարիքում: Չդադարես պայքարել հանուն գիտելիքի և, սովորությանդ համաձայն, ամեն ինչում առաջինը լինելուն, քանի որ ես իզուր ժամանակ վատնեցի դատարկ մտքերի վրա, իսկ սխալս վերականգնելու համար ուշ սթափվեցի: Նաև կցանկանայի ասել, որ շարունակես չնկատել ուրիշների անիմաստ խոսքերը: Դու պիտի օրդ  իսկական ընկերների հետ անցկացնես ու միշտ ինչ-որ միջոցառումներ կազմակերպես, որպեսզի քո երազած հետաքրքիր կյանքով ապրես: Եթե քո կյանքում հիասթափություններ լինեն, չհուսահատվես կամ վատ չզգաս, քանի որ դրանք անցողիկ են:

Նաև մի քանի խնդրանք ունեմ: Ես քո տարիքում իմ խաղալիքները աղբանոց գցեցի ու հիմա մանկությունից ոչ մի հուշ գրեթե չունեմ, խնդրում եմ, պահպանիր այդ խաղալիքները: Նաև շարունակիր լրացնել քո «Հնարավորությունների ու երազանքների տետրը» ու քայլեր ձեռնարկիր, որ այդտեղ գրված յուրաքանչյուր գրառումն իրականանա: Հավատա, որ դրանք կկատարվեն, քանի որ ես ինքս դրանցից  մի քանիսը իրականացրել եմ:

Համոզված եմ, որ չես զարմանա, եթե ասեմ, որ մեր օրերում շրջակա միջավայրի աղտոտման պատճառով շատ սննդամթերքներ ոչ պիտանի են, ու մենք` ապագայի մարդիկս, դժվարությամբ ենք որակյալ սնունդ ուտում: Կարոտով հիշում եմ մեր գյուղի միրգն ու բանջարեղենը:

Նաև իմ խնդրանքն է`  պահպանես քո ընտանիքում ու սերնդեսերունդ փոխանցես հայկական խոհանոցի բոլոր գաղտնիքները, քանի որ հիմա  այն համը չունի հայկական խոհանոցը, ինչ առաջ էր:

Սիրելի Մարթա, մոռացա նշել, որ դու պետք է շարունակես ուսումնասիրել անգլերեն լեզուն ու պետք է շատ աշխատես, քանի որ իմ ալարկոտության հետևանքով ես լավ չաշխատեցի և, հետևաբար, չկարողացա մեկնել ԱՄՆ` ուսում ստանալու:

Դու միշտ պետք է հիշես, որ քո ընկերները, որոնց դու կհանդիպես, միշտ քեզ աջակցելու են, և կարող ես առանց վախի վստահել նրանց:

Դու, երևի, թե հիմա զարմացած, բայց ավելի շատ ուրախ ես, որ այս նամակը քեզ հասել է: Հիշիր իմ խորհուրդներն ու մի կրկնիր իմ սխալները, թե չէ կստացվի, որ ես իզուր եմ խախտել ապագայի ու անցյալի օրենքները:

Դու հիմա հաստատ համոզված ես, որ քեզ գրել է քո ապագան. մենք երկուսս էլ սիրում ենք օրենքները որոշակի կերպով խախտել ու առաջ գնալ, դրանով մենք առաջինն ենք»:

Ջվալը

-Ջվալը քցե, եկել ա էլի:
Անցած ամառն էր: Մոսկվայից եկած ընկերս առանց ուսապարկի, կամ ավելի ճիշտ, «ռյուկզակի», տնից դուրս չէր գալիս: Ու երբ մենք՝ (ու մասնավորապես ես) «քաղաքակրթությունից հեռու բարբարոսներս», ծաղրում էինք նրան, ասելով. «Էդ ջվալը (ջվալը մեր բարբառով մեշոկն ա, իսկ այ, մեշոկի գրական անվանումը չեմ կարողանում հիշել) իզուր ես հագե: Մեկ ա, բանջարի չենք գնալու»,- ես չէի էլ պատկերացնում, որ «ջվալը» շա՜տ կարևոր բան ա: Ու հիմա ես ամենուր «ջվալով եմ ֆռֆռում»:
ՉԷ:  Ջվալս ոչ ադամանդազարդ ա ու, ցավոք, նաև մեջը «մի փեշ» փող չեմ պահում: Ուղղակի դրա մեջ միշտ կա ամենապետքականը: Ամենապետքականը, գոնե ինձ համար: Ու էն մարդիկ, ովքեր ինձ հարցնում են, թե ինչու եմ միշտ «սումկաս» մեջքիս ման գալի, ուշադիր եղեք, ձեր բոլոր հարցերի պատասխանն էստեղ ա:
Նախ, նկարագրեմ իմ «ջվալը»: Ջվալը շատ դիպուկ բնութագիր ա իմ ուսապարկի դեպքում, որովհետև լա՜վ մաշած ա: Ռեմենները պահող բոլոր պլաստմասե մասերը վաղուց ջարդված են: Նրանց փոխարինում է «դգուն» կոչվող հանգույցը: Տարողությունը լրիվ չեմ ստուգել, բայց «ջվալիս» մեջ միշտ էլ ամեն ինչի տեղ կա: Գույնը՝ զզվելի գորշ-կանաչավուն: Արտադրողը՝ անհայտ: «Վազքը» մի քանի տարվա: Իսկ հիմա գլխավորը՝ հերթով թվարկում եմ իրերը որոնք միշտ ուսապարկիս մեջ են:
«Մանանայից» ժառանգություն մնացած նոթատետր՝ 2 հատ: Պահում եմ միշտ մոտս, եթե նույնիսկ ուսապարկս մոտս չի: Եթե դու ուզում ես մտքերդ տալ թղթին, «Մանանայի» նոթատետրից հարմար բան չես գտնի:
Մատիտ գծագրական՝ 1 հատ: Պահում եմ մոտս, որովհետև … Որովհետև… Բայց մի րոպե: Էս մատիտը, ճիշտն ասած, իմը չի, ու չգիտեմ որտեղից ա հայտնվել իմ «գանձարանում»: Եթե դու մի տարի առաջ գծագրական մատիտ ես կորցրել, ամենայն հավանականությամբ, քո մատիտը ինձ մոտ ա: Դպրոցում կուզեք՝ կտամ:
Հանրահաշվի բանաձևեր թերթիկների վրա՝ 7 հատ: Ոչ մի հետաքրքիր բան: «Կոմպլեկտի» մեջ ա շտեմարանի ու հանրի տետրի հետ:
Հանրահաշվի փոքր շտեմարան՝ 1 հատ: Կազմը պոկած ա, տեղը արջուկով տետրի կազմ ա: Արտադրությունը 1995 թվականի: 100 ու մի քանի թերթ: Առանց նկարների: «Կոմպլեկտի» միջից:
Հանրահաշվի տետր՝ 2 հատ: Նորից` «Կոմպլեկտից»: Մեկը` կիսատ, մյուսը՝ նոր: Ոչ մի արտառոց բան: Քառակուսի վանդակներով ուղղանկյուն տետր: Կազմին «Լամբորջինիի» նկար:
Կապույտ գրիչ՝ 2 հատ: Իմ հավերժական պրոբլեմը, որովհետև անընդհատ կորցնում եմ գրիչներս: Այ, օրինակ, էս նյութը գրելու համար գնացի խանութ ու գրիչ առա, որովհետև գրիչներս դպրոցում կորցրել եմ:
Ականջակալ՝ մի քանի հատ: Ավելի շուտ լարերի կծիկ: Բան, առանց որի ուղղակի հնարավոր չի: Օրինակ, ես բացի «ջվալիս» պարունակությունից գրպանումս մի 2 հատ ականջակալ ունեմ, «նա վսյակիյ սլուչիյ»:
Դեղին Գույնի նոթատետր` 1 հատ: Չգիտեմ` ինչի համար: Թերթերին համարներ, անուններ, ստորագրություններ, նկարներ: Չգիտեմ ինչ ա, բայց լավ բան ա:
Ըհը, կարծես թե վերջ: Ու ասեմ. «ջվալը» շատ պետքական բան ա: Ամեն պահի էլ կարաս գնաս բանջարի:

Հ. Գ. Վերընթերցելիս հիշեցի, որ «մեշոկը» պարկն ա, բայց հավես չունեմ ուղղելու՝ թող մնա:

Խմբագրության կողմից - Ջվալիդ համար «Մանանան» նոր նոթատետր կուղարկի: