Բյուրականյան մեդիա ճամբար. առանց քննարկումների (օր 6)

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Այս օրը տարբերվեց մեր մյուս օրերից, որովհետև չսկսվեց քննարկմամբ, ինչպես մյուս բոլոր օրերը: Մենք բոլորս արդեն գիտեինք, թե ով ինչ պիտի անի: Նկարահանող խմբերը պատրաստ էին և գիտեին իրենց գնալու կոնկրետ ժամը: Խմբերը չորսն էին, որոնց մենք կարճ անվանումներ էինք տվել: Աստղագետներ՝ այսինքն, նրանք, ովքեր գնում էին Բյուրականի երիտասարդ աստղագետներին նկարելու: Այս խմբի մեջ էին մտնում Լուսինեն, Մանեն, Հովնանը, մեր սերբ ընկեր Աթիլան և ես: Առաջնորդում էր մեզ տիկին Ռուզանը: Երկրորդ խումբը երևանցիներն էին՝ նրանք, ովքեր գնալու էին Երևան` նկարելու հայ-սերբական բարեկամության մասին ֆիլմը: Այս խմբի անդամներն էին` սերբերի ղեկավար Միլիցան, սերբ Դավիդը, Շուշանիկը և Դիանան: Երրորդ խմբին անվանում էինք ձիավորներ: Վարսերը, Ծովինարը, Դավիթը, Դուշանը և նորից Հովնանը ճանապարհվելու էին «Այրուձի»: Չորրորդ խմբին անվանում էին գյուղ, որովհետև Սիրանը, Նելլին, Սիսակը և Մուշը գնալու էին Բյուրական գյուղ՝ շարունակելու գյուղի մասին ֆիլմի նկարահանումները: Սա նկարահանումների վերջին օրն էր, դրա համար էլ բոլորը փորձում էին հնարավորինս շատ օգտագործել այս մեկ օրվա ժամերը, ավելի շատ բան նկարելու համար: Նկարահանումները երևի բոլորիս ամենասիրելի աշխատանքն է, որովհետև ավելի հետաքրքիր բան, քան նոր հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալը, նրանց հարցեր տալը և նկարելը, երևի թե չկա: Այս օրն ավարտվեց բարձր տրամադրությամբ և մի քիչ հոգնածությամբ: Բայց հոգնել չի կարելի, քանի որ հաջորդ օրվանից պետք է սկսվի ամենածանր փուլը՝ ֆիլմերի մոնտաժը:

Բյուրականյան մեդիա ճամբար. խոհափիլիսոփայական

Լուսանկարը՝Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը՝Հովնան Բաղդասարյանի

Աստղերը նման են ադամանդների: Ադամանդներ, որոնք ավելի են գեղեցկացնում երկինքը: Տիեզերքը նմանվում է հանքի, որտեղ թաքնվում, պաշտպանվում են աստղերը: 

Ամեն մեկն ունի իր պատմությունը: Ծնվում են, լուսավորում՝ ապրում ու խամրում՝ մահանում:

Աստղերի ծնվելու պատմությունը տիեզերքում կատարվող իրադարձություններից  ամենագեղեցիկն է:

«Նրանք առաջանում են մշտապես: Նախասկզբնական նյութը տիեզերական տարածության մեջ գազի և փոշու ամպն է: Հենց որ այդ նյութերի քանակը սկսում է շատանալ, նրանց միատեղ առաջացած ձգողության ուժն արագացնում է այդ գործընթացը: Այդպիսի գոյացության կենտրոնում գազը սեղմվում և դառնում է ավելի ու ավելի տաք, և, ի վերջո, նրա ջերմաստիճանն ու ճնշումն այնքան են մեծանում, որ սկսվում է միջուկային սինթեզը` ջրածնի ատոմների միավորումը: Սինթեզի սկիզբը համարվում է նոր աստղի ծնունդը: Հաճախ բազմաթիվ նոր աստղեր ծնվում են միմյանց մոտ՝ «հսկայական ամպում»: Այդ ժամանակ նրանք առաջացնում են աստղերի ընտանիքներ, որոնց անվանում են աստղակույտեր»:

Համացանցում գտա աստղերի ծագման մասին այս պատմությունը, և ինձ միանգամից գրավեց: Նրանք առաջանում են ընդամենը գազից ու փոշուց… Ինչո՞ւ համացանցից, որովհետև պիտի նկարահնումներ կատարեինք Բյուրականի աստղադիտարանում, ու ես որոշել էի նախապատրաստվել:

Ի՜նչ հետաքրքիր է…

Առաջացան… Հիմա ժամանակը եկել է, որ ապրեն: Նրանք ապրում են, և ապրելու հետ մեկտեղ նաև մեզ են լուսավորում, չնայած առկայծող թույլ լույսով, բայց նրանք դա անում են:

Աստղերը հավերժ չեն: Ի վերջո, դրանց միջուկում ջրածնային պաշարը սպառվում է:

«Եթե դու որոշակի ժամանակ սնունդ չես գնում, քո սառնարանը դատարկվում է ՝ պաշարը սպառվում է: Ես փորձեցի ուղղակի համեմատության մեջ դնել »: Իսկ հիմա շարունակեմ … Այդ ժամանակ աստղի չափերը փոխվում են, և այն աստիճանաբար մահանում է: Հին աստղերը փքվում են՝ փոխարկվելով Կարմիր հսկաների, որոնք իրենց շիկացած գազի մի մասը ցրում են տարածության մեջ՝ հսկա, մշուշե օղակների տեսքով, և աստիճանաբար սառչում: Երբ մարդ երկար ժամանակ ֆիզիկական աշխատանք է կատարում, նա քրտնում է: Այդ քրտինքի գոլորշիանալը ոչ-ոք չի տեսնում , բայց ինձ թվում է, որ այդ քրտինքն էլ է օղակների տեսքով ցրվում: Քրտնքի գոլորշիանալուց հետո մարդ սառչում է, ավելի ճիշտ սկզբնական ջերմաստիճանը իջնում է:

Աստղերը մահացան… Բայց նրանք այնքան շատ են, որ նրանց կորուստը չի զգացվում:

Միշտ երազել եմ մոտիկից տեսնել աստղերը: Կարելի է ասել ես հասա իմ երազանքին: Տեսա նրանց և վստահ եմ, որ նրանք էլ ինձ տեսան: Այնպես էին փայլում, շողում ասես փոքրիկ երեխա լինեին, որին կոնֆետ են տվել:

Ես սիրում եմ երևակայել, երազել… Այստեղ էլ իմ երևակայությունը գործի անցավ : «Նրանք ինձ ձեռքով են անում, ժպտում են իրենց փոքրիկ բերաններով, թարթում են իրենց փոքրիկ թարթիչները»:

Բյուրականյան մեդիա ճամբար. «Այրուձի» հեծյալ ակումբ

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Մարդը երջանիկ կարող է համարվել, եթե իր կյանքը լի է հետաքրքիր բացահայտումներով, երբ ամեն օր ինքը մի նոր բան է սովորում, ավելի է ճանաչում աշխարհը, որտեղ ապրում է: Ես երջանիկ եմ համարում ինձ, որովհետև ես կարողացա երկու օրում բացահայտել մի հրաշալի աշխարհ, որը մարդկային աշխարհից հետո ամենահետաքրքիրը կարող է համարվել: Ես բացահայտեցի ձիերի աշխարհը: «Այրուձի» հեծյալ ակումբի մասին շատերը գիտեն, այդ թվում նաև ես, բայց ուղղակի իմանալն ու այնտեղ լինելը միանագամայն տարբեր են:

Ձիերին պաշտում եմ. նրանց հետ կապված բազում հետաքրքիր ու անմոռանալի հիշողություններ ունեմ: Ինձ համար ուղղակի ամենամեծ ուրախությունը կարող էր լինել կրկին ձիերի հետ շփվելն ու հեծնելը: Իմ այս մեծ ցանկությունը չէր կարող ազդեցություն չունենալ իմ ընտրության վրա, թե որ ֆիլմի աշխատանքային թիմում ներգրավվեմ: Երկու օրվա նկարահանումները անմոռանալի էին: Ծիծաղելի  կարող է թվալ, բայց շատ էի կարոտել ձիերին  կամ  էլ երևի կարոտել էի իմ մանկության այն անմոռանալի հատվածները, որոնց մի կարևոր մասը կապված է ձիերի հետ:  Բայց հիմա այդ մասին չեմ պատրաստվում խոսել: Նյութը գրելիս կարևոր համարեցի ուղղակի առանձնացնել այն ամենը, ինչ տեսա «Այրուձիում»:

Բնականաբար կսկսեմ այն մարդուց, ով այդ ակումբի ոգին է: Քեռի Գագիկին` Գագիկ Փարադյանին, գիտեն բոլոր նրանք, ովքեր երբևէ եղել են այնտեղ: Բարի, հոգատար, խիստ ու բոլորին հարազատ Քեռին իշխում է իր տան, իր այգու, իր ձիերի վրա: Իր ձիերը ամենահարազատը նրան են համարում, քանի որ միայն Քեռին է ընդունակ հասկանալ իրենց տրամադրությունը, ցավը, հոգնածությունը, կամակորությունները: Քեռին շփվող մարդ է: Ինքը բոլորին հարազատ է համարում, բոլորն էլ՝ իրեն: Ակումբի կոլորիտը ինքն է պահպանում իր հումորներով: «Ես աշխարհին հումորով եմ նայում»,-ասում է նա: Քեռին ոչ միայն բոլորի սիրելի Քեռին է, այլ նաև հրաշալի հայր է, պապիկ ու ամուսին, ուսուցիչ ու ընկեր…ու մարդ, հրաշալի ուրախ մարդ: Սա ես ինձ համար պարզել եմ ընդամենը նրան իր շուրջը գտնվող մարդկանց հետ շփվելիս տեսնելուց: Քեռու և ձիերի ընկերությունը տեսնելուց հետո վստահ եմ, որ եթե մի քանի օրով նա բացակայի ակումբից, ձիերը կտխրեն, իրոք, կտխրեն, որովհետև իրենցից կպակասի հասկացված լինելու զգացողության ամենօրյա չափաբաժինը: Ինձ թվում է՝ մենք՝ մարդիկս, նախանձելու տեղ ունենք, քանի որ ձիերը այս աշխարհում մարդ էակի կողմից ավելի հասկացված են, քան մեզնից յուրաքանչյուրը: Ասացեք, որ կա նման բան:

Հիմա ուզում եմ խոսել այն մասին, թե ակումբն ինչ է տալիս մարդկանց, երեխաներին: Ես այժմ ուղղակի ներկայացնելու եմ իմ տեսածը: «Այրուձիում» բնության ու մարդկանց ներդաշնակություն է, փոխադարձ սեր, հանդուրժողականություն, խաղաղություն: Եթե հավատայի, որ որևէ կատարյալ բան գոյություն ունի, ապա դա կլիներ այստեղի օդը՝ լի երանելի հանգստությամբ: Այստեղ ամենակենդանատյաց մարդն անգամ իրեն մեղավոր կզգա այս կենդանիների առաջ, որոնք անշահախնդրորեն պատրաստ են օգնել երեխաներին առողջ լինել ու ավելի լավը դառնալ: Կենդանիների հետ ընկերությունը այն ճանապարհներից մեկն է, որը կարող է մարդու մեջ արթուն պահել մարդկայինը: Այստեղ երեխաներին սովորեցնում են մարդ ու ընկեր լինել, լինել հոգատար ու սրտացավ: Այստեղ թաքնված է հաշտ ապրելու գաղտնիքը:

Չմոռանամ ասել՝ երեկ ես նորից ձի նստեցի:

Իսկ վերջում գրեմ մեկ նախադասություն, որ Քեռին ասաց երեկ: Նրա ասածի շուրջ մտածել է պետք:

«Չեմ հասկանում մարդկանց. միս են ուտում, հետո սկսում են խղճալ ձիուն»: Այսօր արդեն սկսել ենք ֆիլմի մոնտաժային աշխատանքները: Հուսով եմ, մեր ֆիլմով կկարողանանք ձեզ փոխանցել «Այրուձի» ակումբի մթնոլորտը:

Բյուրականյան մեդիա ճամբար. հարսը

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

… Մեր մեքենան դանդաղ մոտենում էր եզդիների վրաններին: Զգում էի, որ  ամեն մի անիվի պտույտի  հետ սպասումն ու անհամբերությունը ավելանում էին մեջս: Ա՜խ, Արագածը՝ գույների, մշակույթների, կենցաղների, անգամ քաղաքակրթությունների  այդ յուրօրինակ խառնուրդը որքա՜ն էր հրապուրել մեզ…         

Մենք կանգ առանք վրանների մոտ և եռանդով ու ոգևորությամբ դուրս թռանք մեքենայից. առաջին անգամ էի լինում եզդիների յայլայում: Շրջակայքն ամբողջությամբ թաղված էր լռության մեջ, ու թվում էր՝ կյանքն այստեղ ավելի դանդաղ ռիթմով էր ընթանում: Դեռևս հեռվից նշմարվում էին բրդերի փոքր դեզերը, լվացքի բազմագույն պարանները, իսկ վրանից ելնող վառարանի ծուխն ու շների հաչոցն ամբողջացնում էին պատկերը:  Քիչ հեռվում վազվզում էին եզդի երեխաները՝ կիսաքրջոտ, փնթի ու անխնամ հագնված. երևում էր, որ ընդհանուր տեսարանի մեջ նրանք այնքան էլ կարևոր դետալ չէին ներկայացնում իրենց գոյությամբ: Քիչ այն կողմ արածում էին ոչխարնեը, և կարծես կյանքն այստեղ ներկայացվում էր  նրանց ու նրանց հարմարավետության համար ստեղծված գոյության ձև…

Մեր խմբի ղեկավարը մոտեցավ յայլայի առաջնորդին, որը, հեռվից նկատելով մեքենայի մոտենալը, կազմ ու պատրաստ սպասում էր մեզ:

-Բարև ձեզ: Մենք «Մանանա» կենտրոնից ենք, որը զբաղվում է երեխաներին ու պատանիներին մեդիա կրթություն տալով: Արդյոք դեմ չէի՞ք լինի, եթե մի քիչ նկարեինք: Մեզ այնքան շատ է հետաքրքրում ձեր մշակույթն ու կենցաղը….

Առաջնորդը համաձայնություն տվեց, որ նկարենք շրջակայքը, երեխաներին, ոչխարները, բայց ոչ իրենց և վրանի ներսը:

Մենք ոգևորված վազվզում էինք այս ու այն կողմ, ֆոտոներ անում. ամեն ինչ նոր էր մեզ համար, էկզոտիկ: Նույնիսկ շներն այստեղ մի տեսակ ուրիշ էին մեզ համար, խորհրդավոր և անսովոր մեծ: Փոքրիկ Արծիվը վազվզում էր այս ու այն կողմ և պատմում իրենց ոչխարների մասին, ոգևորված ցույց տալիս շրջակայքը. երևի մենք էլ էկզոտիկ էինք նրա համար:

Արդեն չէի կարողանում զսպել էնտուզիազմս ու հետաքրքրությունս: Ինձ հետաքրքրող ամեն ինչ արդեն նկարել էի շրջակայքում: Ներքին մի մղումով, իբր շատ պատահական, բայց արագ ու կազմակերպված՝ վազեցի վրանի ներսը: Գիտեի, որ պիտի հանդիմանանքի արժանանամ, բայց լրագրողի հետաքրքրասիրությունը հաղթեց մարդու քաղաքավարությանը. Ախր, շատ էի ուզում ներսում մի քանի ֆոտո անել:

-Հարսին չնկարեք,-հաստատ ու վախեցած ճչաց սկեսուրը,- ինչ գիտեմ, ինչ ժուռնալներում եք տպելու…

Իսկ սկեսուրի սկեսուրը, որի գրկին նստած էր մոտ մի տարեկան երեխա, խիստ ու նահապետական հայացքով  հաստատեց հարսի ասածը:

Ես զարմացած սկսեցի շուրջս նայել. ի՞նչ հարս:  Վրանում միայն մի աղջիկ կար՝ մոտ տասնհինգ տարեկան: Մի անկյուն քաշված՝ լվանում էր հատակին դրված տաշտի միջի ամանները: Վրանի մթությունն  էլ ավելի էր շեշտում կերպարի խեղճությունը: Աղոտ լույսի մեջ երևում էին միայն վտիտ մարմինն ու անորոշ հայացքը. կենցաղն անխնա էր գտնվել աղջկա նկատմամբ:

Ուզեցի խոսել հետը, բայց հայացքը հառեց սկեսուրի դեմքին, հետո անխոս կախեց գլուխն ու շարունակեց լվանալ ափսեները: Ես դուրս եկա վրանից: Սկեսուրների խիստ հայացքը ջերմացավ իմ մի ժպիտից ու ջերմ վերաբերմունքից: Հարցրի, թե քանի՞ տարեկան է հարսը: Սկզբից շփոթվեց հետո ասաց՝ տասնյոթ: Մի տեսակ չհավատացի, որովհետև տասնյոթ տարեկանի նման չէր, և առանձնապես մարմինն էլ լավ ձևավորված չէր, իսկ երբ իմացա, որ փոքրիկ երեխան նրանն է… Չէ, դուք կարող եք պատկերացնել իմ ապշանքը, որ համարյա նրա տարեկիցն եմ, և ում ուղեղը  լցված է միայն «չարաճճիությունների» և արկածների  մասին մտքերով…

… Մենք հեռացանք՝ գոհ մեր աշխատանքից և կյանքի մասին տարբեր ըմբռնումներով՝ այդպես էլ  չտարբերելով էկզոտիկայի և կենցաղի սահմանները: Նրանք էլ…

Բյուրականյան մեդիա ճամբար. Եզդիները (օր 5)

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լույսը նոր էր բացվում,  երբ ականջիս լսելի եղան հերախոսազանգի ձայներ: Մի պահ ինձ թվաց` երազում եմ: Հետո այդ տանջող ձայնը, որն ինձ ստիպում էր արթնանալ, իսկ ես պայքարում էի քնելու  համար՝ շարունակվեց: Անկողնում կես քնած, կես արթուն՝ տհաճ տրամադրությամբ շուռումուռ եմ գալիս, փնտրում հեռախոսս, փորձում արթնանալ: Չի ստացվում: Արևը պատուհանից ընկնում է աչքերիս մեջ, դրսից լսվում են դաշտ շտապող գյուղացիների մեքենաների ձայները: Եվ այս ամենը ինձ թվում է հավերժական մի պատրանք երազի և իրականության միջև: Սա ձգվեց մոտ երկու րոպե: Հեռախոսս  գտնելով հասկանում եմ,  որ զանգն ինձ չի հասցեագրված: Լսվում է Արշակի ձայնը, որի մեջ զգացվում է ինչ-որ դառնություն: Հեռախոսին պատասխանելուց վայրկյաններ անց տեսնում եմ Արշակի մռայլ դեմքը, նա կիսաքուն անցնում է կողքովս, չնկատելով որ արթուն եմ, գնում է դեպի դուռը, և այն արհամարհանքով բացելով, շտապում անկողին, նորից  չնկատելով ինձ: Անհամբերությամբ նայում եմ դեպի դուռը, ինքս ինձ վարկածներ առաջարկելով, թե ինչու բացեց դուռը: Այս ամենից շատ չանցած բացվում է դուռը, ներս մտնողը Դավիթն էր: Բոլորս արթնացել ենք, բացի Սուրենից: Նա գիշերը ուշ էր քնել՝աշխատում էր ինչ-որ «անմահ» գործի վրա: Արթնանալով ցույց է տալիս ինձ իր չքնելու արդյունքը և հարցնում իմ կարծիքը: Ահա  և բոլորս՝ ես, Սուրենը, Արշակը և Դավիթը  պատրաստ ենք նախաճաշի: 

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Այսօր մեզ շատ հետաքրքիր և միաժամանակ ծանր օր է սպասվում: Արդեն քննարկել ենք բոլոր գաղափարները, ընտրել լավագույն հինգը, մի քիչ դժվարությամբ բաժանվել  թիմերի, և ժամանակն է գործի անցնելու: Գաղափարները տարբեր են՝ մեկը մյուսից հետաքրքիր և իմաստալից, ինչը իր հերթին դժվարացնում է ստեղծել լավագույն հնգյակ մոտ քսանհինգ գաղափարներից: Այսպիսով ամեն ինչ պատրաստ է:

Նախաճաշից հետո հավաքվեցինք վերջին  քննարկմանը, որի ժամանակ մնում էր միայն ուշադրությամբ հետևել խորհուրդներին և մտապահել: Քննարկման բուն  պահին, երբ բոլորս համակ ուշադրությամբ լսում էինք և մտածում, հանկարծ լսեցի տիկին Ռուզանի ձայնը և նկատեցի, որ սարսափած հայացքով փորձում է ինչ-որ բանից պաշտպանվել: Անկեղծ ասած, սկզբից չհասկացա, թե ինչ է կատարվում, մինչև որ տեսա կողքս՝ բազմոցին ընկած մի թռչնի: Թռչնակը սխալմամբ մտել էր հյուրանոցի նախասրահ:

Վերջապես ճամփա ընկանք ամենքս մեր թիմով՝ տարբեր ուղղություններով: Մենք  գնում  էինք եզդիների մոտ, ովքեր իրենց հոտերն առած բարձրացել էին  Արագածի արոտավայրերը: Չնայած նրան, որ ես փոքրիշատե ծանոթացել էի եզդիների պատմությանը և լրիվ պատկերացնում էի իմ անելիքը, մի փոքր հուզվում էի: Ճանապարհը իրականում երկար էր, բայց ես չնկատեցի, թե ինչպես անցավ, որովհետև մտածում էի անելիքներիս մասին:

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Եզդիներն իրանալեզու ժողովուրդ են, ովքեր ապրում են Թուրքիայում, Իրաքում, Իրանում, Հայաստանում և այլ վայրերում: Կրոնը Շարֆադին է, որի հիմքում ընկած է միաստվածության գաղափարը: Նրանց աստվածը գերբնական ուժով օժտված Խուդեն է, ով համարվում է  տիեզերքի արարիչը: Նրանց ուխտագնացության միակ վայրը  Շեյխ Ադիի գերեզմանն ու դամբարանն է, որը գտնվում է Իրաքում: 2012 թվականին Արմավիրի մարզում բացվեց «Զիարատ» եզդիական տաճարը: Դա առաջին  եզդիական տաճարն է իրենց հայրենիքից դուրս: Ամեն տարի սեպտեմբերին աշխարհի եզդիները գալիս են Հայաստան, իրենց պաշտամունքը մատուցում: Եզդիների ամուսնությունները սովորաբար կատարվում է նույն հասարակական շերտի՝ կաստայի շրջանում: Եզդի աղջիկներն ամուսնանում են մինչև 17 տարեկանը: Եզդի ժողովուրդն  ունի արիական ծագում և, լինելով արևապաշտ, համարվում է աշխարհի ամենահին ազգերից մեկը: Իրենց մասին ունեն գիրք` «Մենք եզդի ենք» վերնագրով:

Մեր առաջին կանգառը եղավ մեզ արդեն ծանոթ մի եզդի ընտանիքի մոտ: Նրանց հետ մենք ծանոթացել ենք օրեր առաջ, երբ իջնում էինք Արագածի գագաթից, իսկ «Մանանայի» ավագ սերնդի ներկայացուցիչները եղել են այստեղ մոտ ինը տարի առաջ և հրատարակել են նրանց մասին ալմանախ: Իջնելով մեքենայից, մոտենում եմ նրանց և ողջունում, մինչ մնացածը իջեցնում են տեխնիկան: Ընտանիքը միանգամից ճանաչում  է մեզ և այնպիսի տպավորություն ստեղծում, կարծես սպասում էին մեզ: Հենց հաջորդ պահին ես հասկանում եմ, որ դա այդքան էլ այդպես չէ, երբ չարչարված հայացքով, բայց առույգ ու կոշտ ձայնով մի երիտասարդ զգուշացնում է, որ իրենց չնկարենք:  Մենք մտածում ենք, որ իրենց ալմանախը ցույց տալուց հետո նրանք կփոխեն իրենց միտքը: Գիրքը  ցույց ենք տալիս: Բնականաբար ուրախանում են և տարբեր հարցեր տալիս, գտնում իրենց բարեկամներին և ծիծաղում: Բայց երիտասարդը չի փոխում իր միտքը: Հետաքրքիրն այն էր, որ միայն երիտասարդը գիտեր իրենց տաճարի մասին և պատմեց, թե ինչպես են ամեն տարի  գնում և զոհ մատուցում իրենց աստծուն: Հնարավորինս շատ տեղեկություններ հավաքելուց հետո գնում ենք հարևան ընտանիքի մոտ: Այդ ժամանակ նրանք զբաղված էին ոչխար կթելով, դա հետաքրքիր մի տեսարան էր: Այստեղ մենք ծանոթացանք մեր փոքրիկ ընկերոջ՝ Աշոտի հետ, ով ցանկացավ մեզ ցույց տալ իրենց ոչխարներին: Նկարանահանումները շարունակվեց ևս մի քանի րոպե, և մենք որոշեցինք հետ վերադառնալ հյուրանոց:

Բյուրականյան մեդիա ճամբար. գիշերային այցելություն աստղադիտարան

Լուսանկարը՝ Մուշեղ Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մուշեղ Բաղդասարյանի

Այն, ինչ կարելի է տեսնել աստղադիտարանից, աննկարագրելի է, որովհետև դու տեսնում ես աստղերն ավելի փայլուն, ժպիտով ու ջերմությամբ: Առաջին անգամ կապույտը դառնում է ծիրանագույն ու կարծես ապացուցում, որ արևը միակ ջերմացնողը չէ: Հետո աստղերը քեզ նկատում են ու ավելի պայծառ շողալով ասես ձեռքով անում: Այնտեղ կարծես բարձրանում ու ճախրում ես աստղերին մոտիկ, լսում նրանց խոսակցությունը, տեսնում, թե ինչպես են ժպտում, ու ակամայից դու էլ ես ժպտում: Եվ ցանկություն է առաջանում մի քիչ աստղ հավաքել ու պահել ապակե անոթի մեջ։

Ամեն ինչ շատ հետաքրքիր է, այնքան, որ եթե կարողանաս, ամեն ինչ կթողնես ու հենց այդ պահին աստղագետ կդառնաս։ Դիտակով նայում ես աստղերին ու մտածում, որ նրանց կողքին մի չերևացող մոլորակում հնարավոր է ինչ-որ մեկն էլ քեզ է նայում ու հիանում արևով նույն կերպ, երևի մտածում, որ արեգակնային համակարգում մոլորակներ կամ կյանք չկա: Ինչ-որ մի տեղ մտածում են նույնը: Հաստատ մտածում են: Երևի հնարավոր լիներ հանդիպե՞լ նրանց…

Բյուրականյան մեդիա ճամբար. Նկարահանումների մեկնարկը տրված է (օր 4)

Շատ հաճախ, երբ ես ինչ-որ իրադարձության մեծ նշանակություն եմ տալիս, մեծ ոգևորություն եմ ցուցաբերում, դրանք չեն իրականանում, կամ փոփոխվում են…

Փոխվեց նախօրոք ծրագրված ևս մեկ իրադարձություն: Ես պետք է գնայի եզդիների յայլաները  նկարահանելու, բայց քնելուց առաջ ինձ իմ սենյակակիցները տեղեկացրեցին, որ փոխվել է որոշումը: Տիկին Ռուզանն ասաց, քանի որ Մանեն այսօր վատառողջ է, թող այնտեղ չգնա:

Չեմ  կարող ասել, որ  նեղվեցի: Բայց  չկարողացա պատկերացնել , թե ի՞նչ թեմա եմ  նկարելու:

Լույսը բացվեց…Առաջին անգամ էր, որ պարզ երևաց Արարատը: Իՙր ճերմակ գագաթով, իՙր հպարտ  կեցվածքով…Հայի հպարտությունը…

Իմացա, որ ես աշխատելու եմ  «Գյուղի երիտասարդության առօրյան» թեմայի շրջանակներում: Շատ ուրախացա, քանի որ աշխատելու էի ընդունակ, ընկերասեր մարդկանց հետ:

Աշխատանքները սկսվեցին: Պետք է նկարահանեինք երիտասարդների, որոնք աշխատում էին օդերևութաբանական կայանում, իսկ օրվա մյուս հատվածն էլ զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով: Սակայն այս թեման էլ փոփոխվեց, քանի որ տղաներից մեկի հորը հիվանդանոց էին տեղափոխել: Անկեղծ ասած, ուրիշ պայմանավորվածություն չկար, սակայն նկարահանումը պետք է սկսեինք:

-Ոչինչ, կիջնենք գյուղամեջ, ու այնտեղ կցրվենք տարբեր ուղղություններով, – ասաց Սիսակը:

-Բա որ չթողնե՞ն նկարել, բա որ կոպտե՞ն:

-Մենք ձեր կողքին ենք, համ էլ բյուրականցիները շատ բաց ու հյուրընկալ մարդիկ են:

Մեքենան կանգնեց գյուղամիջում: Աղբյուր-հուշարձանի մոտ երեք պապիկ էին նստած:

-Բարի լույս, ինչպե՞ս եք: Մենք Երևանից ենք, այս պատանիներն էլ պատանի ռեժիսորներ են, որոշել են ձեր գյուղի մասին ֆիլմ նկարել: Ի՞նչ խորհուրդ կտաք,- նրանց մոտեցավ տիկին Ռուզանը:

-Երևանի՞ց եք, ասում եք` կինո՞ եք նկարում… Մեր եկեղեցիները, ձորը նկարեք, սիրուն բան շատ կա,- ոգևորվեցին պապիկները:

-Էդ էլ կնկարեն, բայց երեխեքը ուզում են մարդկանց մասին նկարել:

-Եկեք` տանեմ իմ արհեստանոց,- ասաց պապիկներից մեկը, հետո իմացանք, որ անունը Կոլյա պապիկ է,- ես էստեղից մի 500 մետր վերև եմ ապրում,- տուրիստներ էլ են գալիս նայում: Ես երաժշտական գործիքներ եմ սարքում: Դարբնոց էլ ունենք:

-Գնացինք, ոգևորվեցինք մենք ու առաջ ընկանք:

Ճանապարհին տարբեր դարպասներից հետաքրքրասեր երեխեք էին ծիկրակում, հետո դուրս էին գալիս ու մեզ ժպտում:

Այնքան հետաքրքիր է  գյուղական մարդկանց մտածելակերպը: Ոմանց նկարելիս դու արժանանում ես հարգանքի, իսկ ոմանց…

- Ամերիկացիներ են եկել,- բղավում էին երեխեքը ու զարմացած մեզ նայում:

Այս օրվա ընթացքում ամենաշատ լսվող նախադասություններից  մեկն էր: Որպես պատասխան.

- Չէ, հաՙյ ենք, Հայաստանից ենք:

Մինչ մեր մի խումբը երաժշտական գործիքների վարպետ Կոլյա Թորոսյանին էին նկարահանում, մյուս խումբս էլ որոշեցինք, որ պետք է նկարենք, թե ինչպես են երեխաները խաղում գնդակով: Խնդրեցինք նրանց, որ իրենք խաղան և պատկերացնեն, որ մենք այդտեղ չենք:

Նկարելիս մենք չէինք խոսում, որպեսզի մեր ձայնը  չլսվի:

- Ես ինչի՞  չեն իրենց հետ թարգմանիչ բերել,- էլի հարցնում էին իրար:

Թարգմանի՞չ…Շատ հետաքրքիր է, իմ  ինչի՞ն է պետք թարգմանիչը, երբ ես գիտեմ  իմ մայրենի լեզուն` մտածում էի ես:

Ավարտեցինք փոքրիկների խաղի նկարահանումը:

-Շնորհակալ եմ երեխաներ,- ասացի ես, և արդեն պատրաստվում  էի հեռանալ, երբ ականջիս հասավ…

-Վա՜յ, հա՞յ են : Ինչ ամոթ ա,- գյուղի հարսներից մեկի շուրթերից լսեցի այս խոսքերը:

Վաղն էլ ենք նկարահանելու: Արդեն չենք ամաչում մոտենալ անծանոթ մարդկանց, ծանոթանալ, խոսել, թույլտվություն խնդրել…

Իսկ Բյուրական գյուղի բնակիչներն իսկապես շատ մարդամոտ ու բացսիրտ են:

Pixilation կամ կենդանի կերպարներ ապագա մուլտի մեջ

Լուսանկարը՝ Վարսեր Զաքարյանի

Լուսանկարը՝ Վարսեր Զաքարյանի

Կարելի է ասել լույսը բացվելու հետ մեկտեղ, ինձ համար մի նոր հասկացության բացահայտում եղավ: Բառ, որին ես ծանոթ չէի:

Քննարկումների ժամանակ ես չէի հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Ինձ համար այդ բառի նշանակությունը ասես մի գաղտնիքներով լի սնդուկ լիներ, որ ինչքան էլ  փորձում եմ  բացել, ծանոթանալ պարունակության հետ, չեմ կարողանում:

Հարցնում էի երեխաներին, նրանք ինձ բացատրում էին, որ դա լուսանկարներից կազմված անիմացիա է: Բայց  ես, էլի չէի կարողանում պատկերացնել, չէի կարողանում հասկանալ…

Եվ ահա եկավ այն երկար սպասված պահը, երբ ես վերջապես կկարողանամ պատկերացում կազմել  այդ բառի մեջ թաքնված մի ողջ հետաքրքիր ու անակնկալներով լի աշխարհի մասին:

Ես մի փոքր ուշացա քննարկումից՝թե ինչի մասին ենք նկարելու pixilation-ը:

Լուսանկարը՝ Վարսեր Զաքարյանի

Լուսանկարը՝ Վարսեր Զաքարյանի

Երեխաները արդեն գիտեին, թե ովքեր են մասնակցելու: Նրանք սկսեցին կամաց-կամաց զբաղեցնել իրենց «դիրքերը»,  երբ Սիսակը ինձ ասաց.

-Մանե, ինչի՞ ես նստել, արի դու էլ մասնակցի:

Ես փորձում էի ամեն կերպ հրաժարվել, չմասնակցել, բայց չստացվեց… Ես վեր կացա «պարտված մարտիկի» նման և միացա ընկերներիս: Մենք ապագա մուլտ հերոսի կերպարներն էինք և փորձում էինք ընդունել այն դիրքերը և լուսանկարվել, որոնք հետո իրար միացնելով, պիտի ստացվեր շարժում ու կյանք տար մեր ֆիլմին:

Ինձ ամեն ինչ այնքան շատ է դուր եկել… Ես ստեղծեցի իմ աշխարհը, ու հիմա կարող եմ ասել, թե ինչ է pixilation-ը:

Վարպետության դաս Քշիշտոֆ Զանուսսիից

Լուսանկարը՝ Սիրան Մանուկյանի

Լուսանկարը՝ Սիրան Մանուկյանի

Առաջին անգամ, երբ լսեցի հայտնի ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսիի մասին, Բյուրականի մեդիա ճամբարում էր: Տիկին Ռուզանը շտապեց ուրախացնել մեզ այն հանգամանքով, որ մենք հնարավորություն ունենք հանդիպել աշխարհահռչակ ռեժիսորի հետ, որը Հայաստան էր եկել միայն մեկ օրով և վարելու էր վարպետության դաս: Մեզ հատկացված էր ընդամենը մի դահլիճ, որը, իհարկե, բավականին փոքր էր,  որպեսզի կարողանար իր մեջ տեղավորել Զանուսսիի տաղանդը գնահատող բոլոր ցանկացողներին: Մենք մտանք դահլիճ,  տեղավորվեցինք, և երբ եկավ Վարպետը (նրան այսպես էին դիմում ներկաները),  բոլորը ծափողջույններով դիմավորեցին նրան: Իր ելույթը նա սկսեց կատակներով և շատ անմիջական՝ միանգամից ուշադրությունը գրավելով իր կողմը: Զանուսսին իր վարպետության դասի ընթացքում ֆիլմի ստեղծման մեջ  մեծապես կարևորեց դերասանի ընտրությունը՝ ասելով,  որ ցանկացած պարագայում,  ինչքան էլ կատարյալ լինի ֆիլմի գաղափարը, ավելի կարևոր է դերասանների ընտրությունը, քանի որ նրանց դերասանական խաղն է,  որ ֆիլմը դիտողին պետք է ստիպի հուզվել կամ ժպտալ: Նա նաև պատմեց,  որ իր  ուսանողները իրեն դիմել են այսպիսի տարօրինակ հարցերով. «Իսկ ինչո՞ւ եք դուք այսպես արևահարված»,  կամ. «Եթե դասախոսը ակնոց է կրում, արդյո՞ք դա նշանակում է,  որ նա ավարտել է համալսարանը» և այլն: Մենք դիտեցինք նրա ֆիլմերից երկուսից հատվածներ,  որոնք բավականին մեծ տպավորություն թողեցին ինձ վրա:  Ֆիլմերն ինձ այնքան հետաքրքրեցին,  որ ցանկություն առաջացով անպայման դիտել շարունակությունը:  Նրա խոսքի ընթացքում ես ինձ համար բացահայտեցի նաև նրա մարդկաին արժեքները: Ունենալով 6 շուն և լինելով բավականին զբաղված մարդ, նա չէր կարողանում շատ ժամանակ տրամադրել նրանց,  բայց նշեց,  որ բազմիցս,  երբ ինքը բարկացած է եղել, նրանց միջոցով է,  որ կարողացել է հանգստացնել նյարդերը: Ռեժիսոր Զանուսսին նաև չմոռացավ խորհուրդներ տալ այն մարդկանց,  ովքեր հետագայում պատրաստվում են շարունակել կինոյով զբաղվել: Նա ասաց,  որ լավ ֆլմը այն ֆիլմն է,  որը մարդուն ստիպում է նայել ինքն իր մեջ և փոխվել: Ռեժիսորի իր այս հավատամքն իմանալով հասկացա, թե ինչու աշնանը Բուդապեշտում կայացած Ֆալուդի միջազգային կինոփառատոնի ժամանակ, որի ժյուրին գլխավորում էր Քշիշտոֆ Զանուսսին, լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգի հաղթող ֆիլմ նա ճանաչեց հենց մեր կենտրոնի նկարահանած «Մի սիրո պատմություն» ֆիլմը, որն առանց հուզմունքի անհնար է նայել: Ֆիլմը կարող եք դիտել այս հղումի տակ (Մի Սիրո Պատմությունև ինքներդ էլ կհամոզվեք:

Հանդիպման վերջում, երբ մենք հիշեցրեցինք նրան այս մասին, Զանուսսին ասաց, որ երբեք մրցանակ չէր տա այնպիսի ֆիլմի, որն իրեն չհուզեր, և որ շարունակենք հավատարիմ մնալ մեզ ու նոր ֆիլմեր նկարենք: Երբ ցանկացանք իր հետ լուսանկարվել, ինքն էլ խնդրեց կազմակերպիչներին, որպեսզի իր ֆոտոխցիկով էլ նկարեն ու կատակով ավելացրեց, որ մի օր, երբ մեզնից մեկնումեկը ճանաչված ռեժիսոր կդառնա, ապա ինքը կարող է «գլուխ գովել», որ ճանաչել է մեզ: Լուսանկարն իհարկե դարձավ շատ «խմբակային», քանի որ դահլիճում ներկա գտնվողներն էլ միացան մեզ, բայց դե ինչ արած, եթե պետք է հուզել հանդիսատեսին, ուրեմն թող նաև լուսանկարվեն մեր կողքին:

Մեդիա ճամբար. Օր երրորդ

Օրեցօր ավելի է հետաքրքի է դառնում մեր առօրյան: Այսօրվա ընթացքում ես ավելի մանրամասն սովորեցի ֆիլմ նկարահանելու գաղտնիքները: Օրինակ` քանի հիմնական պլանով են նկարահանում ֆիլմերը կամ, որն է ամերիկյան պորտրետը: Հետո մենք բավականին երկար և բարդ քննարկում ունեցանք մեր ֆիլմերի գաղափարների վերաբերյալ, քանի որ ֆիլմերի գաղափարները շատ էին, և մենք չէինք կարող կողմնորոշվել, թե որոնք ընտրենք այս ընթացքում նկարահանելու համար, իսկ երբ ընտրեցինք, համարյա մինչ ուշ գիշեր քննարկում էինք, թե ով որ թիմում աշխատի: Մեր ավագ ընկերները վերջնական ընտրված ֆիլմերի վերնագրերը գրել էին գրատախտակին և մեզ առաջարկել ընտրել մեկը և անունը գրել թիմի կազմում: Երեկոյան պարզվեց, որ համարյա բոլոր թիմերի մեջ աշխատելու ցանկություն էինք հայտնել  բոլորս: Կեսգիշերին վերջապես կողմնորոշվեցինք: Շուտով նկարահանումները կսկսեն:

Ինձ այստեղ ամենից շատ դուր է գալիս այն, որ ազատ ժամանակ համարյա չունենք: Քննարկումների ընթացքում մեզ համար կազմակերպվում են հետաքրքիր էքսկուրսիաներ: Այսօր ուղևորվեցինք Արագածի գագաթ` Քարի լիճ և Ամբերդ:

Լիլի Նալբանդյան  

 

Ես առաջին անգամ էի լինում Արագածի գագաթին, ավելի ճիշտ գագաթից մի կիլոմետր ներքև գտնվող Քարի լիճ: Այս անտանելի շոգին զարմանալի էր տեսնել, որ լճի շուրջը դեռևս ձյան շերտեր կան: Ինձ զարմացրեց նաև այն, որ այդքան բարձադիր վայրում է գտնվում Կոսմիկական ճառագայթների գիտահետազոտական կայանը: Այստեղ տարվա բոլոր ամիսներին, մանավանդ ձմեռվա ամիսներին, երբ ճանապարհները փակվում են, և միայն ծայրահեղ անհրաժեշտության ժամանակ է ամենագնաց հասնում այնտեղ, ապրում են ֆիզիկոսներ:

Վերադարձի ճանապարհին կանգառ արեցինք եզդիների ամառանոցների մոտ: Նրանք ապրիլ ամսից բարձրանում են Արագած, արածեցնելու իրենց ոչխարներին, և վերադառնում են միայն ուշ աշնանը: Մեր սերբ ընկերները շատ էին ոգևորվել եզդիների համայնքներով, ասում էին, կարծես «Նաշիոնալ Գեոգրաֆիկի» հաղորդումներից մեկի մեջ են հայտնվել:

Սուրեն Կարապետյան

 

Մեդիա օրը սկսվեց ֆիլմմեյքինքի հիմնական հիմունքներին նվիրված դասընթացով, որի միջոցով ես ավելի մանրամասն իմացա ֆիլմերի պլաների մասին, ինչպես նաև  ամրապնդեցի իմ իմացած հմտությունները: Հետո` կեսօրին, ունեցանք էքսկուրսիա,և ես մեծ բավականություն ստացա, որովհետև քաղաքի աղտոտված մթնոլորտից հետո շատ էի կարոտել բնությունը: Ճիշտ է, շատ բարդ քննարկումներ ունեցանք, որովհետև ֆիլմերի գաղափարները շատ հետաքրքիր էին, և ես չէի կարողանում կողմնորոշվել, թե որ թիմում եմ ուզում աշխատել, բայց ի վերջո, ընտրեցի նկարահանել գյուղական կյանքի մասին պատմող մի ֆիլմ:

Ուշ երեկոյան ամենահաճելի և ուրախ հատվածն էր: Մեր անիմացիայի ստուդիայի ղեկավարի հետ միասին որոշեցինք փոքրիկ անիմացիոն ֆիլմ նկարել փիքսիլացիա տեխնիկայով: Շատ աշխատեցինք, մինչ ուշ գիշեր, իսկ այսօր ֆիլմը կմոնտաժենք:

Դիանա Շահբազյան