Ժետոն վաճառող կնոջ բարկության ենթադրելի պատճառի ու բրիտանական մտածողության պակասի մասին

Մարտի երեսունմեկն էր: Դե, եթե աշակերտ ես կամ ուսանող, երջանիկ ուրբաթները երբեք չես մոռանա: Դասարանին ուղղված` «Երեխե՛ք, ո՞վ կա մետրոիստ» հարցիս, ոչ ոք դրական չպատասխանեց: Հասկացա, որ մենակ եմ տուն գնալու այդ օրը: Քայլերս ուղղեցի դեպի Զորավար Անդրանիկ մետրոյի կայարան: Հինգ րոպեից այնտեղ էի: Մոտեցա ժետոն գնելու: Հա, ի դեպ, ժետոն վաճառող կինը կրկին բարկացած էր: Դեռ հետո պիտի եզրակացնեի, որ գուցե նրա ջղայնության պատճառն էլ «բրիտանականի» պակասն էր հենց: Շարժասանդուղքի վերջին աստիճանին լսում եմ.

-«Զորավար Անդրանիկ»: Զգուշացե՛ք դռները…,- սկսում եմ վազել, որ հասցնեմ: Լավ է, երբ հասա, դեռ ասում էր,- դը նեքսթ սթեյշն իզ «Սասունցի Դավիթ»:

Անգամ թվաց, թե հատուկ ինձ համար այդ օրը դանդաղ էր կրկնում արդեն հարյուր անգամ կրկնած արտահայտությունը: Մտա: Սովորականի պես կանգնեցի: Կողքիս երկու կին էին նստած: Դե, ինչ արած, փողոցում ականջակալներ դնելու սովորություն կամ, գուցե, համարձակություն չունեմ (թվում է՝ ինձ կարող են վրաերթի ենթարկել, կամ որ ավելի վտանգավոր է՝ առևանգել: Թե ասա՝ մետրոյի վագոնից քեզ ո՞վ պիտի առևանգեր): Ուրեմն, ստիպված էի շիկահեր տիկնոջ և ընկերուհու զրույցն ունկնդրել: Էսպես ակամա լսում եմ: Մեկը՝ թե բա.
-Լսի, ձեզ փող տվե՞լ են ընտրությունների համար:
Մյուսն էլ, ավելի եռանդով ու մի քիչ ձայնը բարձրացնելով, պատասխանում է.
-Չէ, ու չեմ էլ գնալու ընտրության, եթե չտան:
Գործարանայինում պիտի իջնեի, բայց երկու կանանց թեժ քննարկումն էնպես հետաքրքրեց ու բարկացրեց ինձ, որ որոշեցի գնալ մինչև «Գարեգին Նժդեհ» կայարան, որ տեսնեմ՝ վերջը գնալո՞ւ են ընտրության, թե՞ չէ: Թեման բացող շիկահերը քմծիծաղ տալով շարունակեց.

-Ճիշտ էլ կանես: Մեկ ա՝ էս երկրում բան էլ չի փոխվի:
Ու ես մտածում էի. «Ախր, ընտրությունը որպես մեղր բաժանելու գործընթաց եք ընկալում և ուզում եք՝ բան փոխվի՞»:

Որոշել էի «Նժդեհ» կայարանում իջնել, ուրեմն ստիպված պիտի երկար քայլեի: Քայլում եմ ու մտածում. «Բայց ինչո՞ւ մեր հասարակությունը էնպիսի սոցիալ-տնտեսական վիճակում պետք է լինի, որ… Չէ՜, Մարիամ, սա իրականում ցածր գիտակցական մակարդակ ունենալու հետևանքն է,- հակադրվում եմ ինքս ինձ,- լավ, ուրեմն ես երկու օր պատմությանս ուսուցչուհու՝ ընկեր Հովհաննիսյանի հետ իզուր եմ վիճում ու պնդում, թե ամեն փոփոխություն պետք է սկսել վերևից, եթե մեր կառավարությունը լավը լինի, մի երանելի պետություն կունենանք»: Փաստորեն, ընկեր Հովհաննիսյանը ճիշտ էր:

-Մարիամ ջան,- ասում էր,- հիշի՛ր, յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է այն պետությանը, որն ունի: Շիկահեր տիկինն ու հարևանուհին (ի դեպ, պարզվեց՝ հարևաններ էին, ասաց, որ տուն կմտնի ու մի կես ժամից կգնա սուրճի: Երևի, սուրճի սեղանի մոտ պիտի հստակ որոշվեր՝ արժի՞ գնալ ընտրության, թե՞՝ չէ) ապացուցեցին: Այսուհետև երբեք ընկեր Հովհաննիսյանի ճշմարտացիության վրա չպիտի կասկածեմ:

Հետո էլ մի բան հիշեցի ու մտածեցի, որ երևի տիկին Շիկահերն ու հարևանուհին իրենց ութերորդ դասարանի անգլերենի դասագրքի Unit 3-ի դասը չէին սովորել, թե չէ կիմանային, որ բրիտանացիներն իրար հանդիպելիս հիմնականում եղանակից են խոսում: Անձնական թեմաներ քննարկել չեն սիրում, էլ ուր մնաց՝ քաղաքական ելույթներ ունենան, կամ էլ թե չէ՝ ընտրությունից առաջ «մեղրաբաժանման» արարողության ընթացքը վերլուծեն: Գուցե, որ սովորած լինեին, լավ օրինակ ծառայեր:
Կարճ ասած՝ մի քիչ բրիտանական մտածողությունը մեզ էլ չէր խանգարի: Եղանակից էլ խոսելու շատ բաներ ունենք. այս տարի սարսափելի ցուրտ ձմեռ էր, չէ՞:

Mariam barseghyan

Կփոխվի միայն ժամանակը

-Տե՛ս, ինչ սիրուն աղջիկ ա, գնա հետը խաղա, ի՞նչ ես տանը նստել…

Միշտ իմ ընկերների ցանկում տղաների թիվը գերազանցել է աղջիկների թվին: Չգիտեմ՝ ինչն է պատճառը: Չորս տարեկանում միակ պատճառը, որ ես սկսեցի ընկերություն անել տղաների հետ այն էր, որ մեր բակում ես միակ աղջիկն էի:

Մենք երեք հոգի ենք… Հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ մայրիկս մի կերպ ինձ համոզեց դուրս գալ բակ՝ խաղալու: Մինչ այդ միշտ ծնողներիս հետ էի դուրս գալիս:

-Մամ, դուրս գամ՝ ո՞ւմ հետ խաղամ:

-Գնա, մեկի հետ կծանոթանաս, էլի:

Այդպես պարանը ձեռքիս դուրս եկա, բակում ոչ ոք չկար, ու շատ շոգ էր: Պարանս կապեցի մեր հարևանի պատուհանի ճաղերից ու սկսեցի պտտել: Մեկ էլ լսեցի, թե ինչպես էր մեր դիմացի շենքում մի կին համոզում իր թոռանը, որ տանից դուրս գա՝ խաղալու: Երկար ժամանակ չեմուչում էր անում, բայց վերջում ինձ նման ստիպված դուրս եկավ տանից: Մոտեցավ ինձ ու ասաց.

-Բարև, իմ անունը Զավեն է, կարո՞ղ եմ քեզ հետ խաղալ:

Փոքրամարմին ու մի քիչ սևուկ տղա էր: Մի քանի օր շարունակ իրար հետ էինք խաղում: Մի օր մի ուրիշ տղայի հետ ծանոթացրեց, նրա անունն էլ Հակոբ էր: Նա էլ էր Զավենի նման սևուկ, բայց ավելի բարձրահասակ էր: Նրանք լավ ընկերներ էին: Ինչ-որ խաղ խաղալիս միշտ գաղտնի պայմանավորվում էին, որ այնպես անեն՝ ես պարտվեմ: Ես էլ նեղանում էի ու գնում տուն: Հետո ինձ էլ ընդունեցին իրենց խումբ ու էլ չէին նեղացնում:

-Զավե՜ն, Զավե՜ն, Զավե՜ն…

Ես ու Հակոբը ճշտապահ էինք, միշտ ժամանակին գալիս էինք ու ժամերով Զավենենց շենքի առջև Զավենին էինք կանչում: Հաճախ այնքան ուշ էր դուրս գալիս, որ ինձ կամ Հակոբին արդեն տուն էին կանչում:

Ձմեռ էր, երեքով շատ մեծ ձնեմարդ էինք պատրաստել: Երկար, կարմիր գույնի շարֆ ունեի, կապել էի վզին, Հակոբն էլ տանից գազար էր բերել ու որպես քիթ՝ դրել ձնեմարդու վրա: Հաջորդ օրը դպրոցում բոլորին պատմեցի մեր ձնեմարդու մասին: Դասընկերներով եկանք մեր բակ, որ ցույց տամ, այն էլ ինչ-որ մեկը կոտրել էր: Գնացի տուն ու ամբողջ օրը լաց էի լինում, ինչու՝ ես էլ չգիտեմ: Բայց տղաներն ասացին, որ բան չկա, ու մի հատ էլ սարքեցինք: Ճիշտ է՝ այն մեկին չէր հասնի, բայց էլի լավն էր:

Ամռանը մեր հավաքած գումարով տարբեր ուտելիքներ էինք գնում, բակում խոտերի վրա ծածկոցներ էինք փռում ու «քեֆ» էինք անում: Տեսնելով, որ խնջույքների նկատմամբ սեր ունենք՝ մեր ծնողներն սկսեցին ամառները մեզ անտառ տանել: Հետո բակում միջոցառումներ էինք կազմակերպում. տղաները միշտ արտասանում էին, իսկ մնացած ժամանցային մասն ինձ վրա էր՝ երգում էի, պարում:

Հետո մեծացանք, բակում նոր երեխաներ հայտնվեցին, ես ընկերուհիներ ունեցա, նրանք էլ՝ նոր ընկերներ, բայց մենք մեր ընկերության մասին երբեք չէինք մոռանում: Տարիներ անց Հակոբը գնաց Երևան: Հակոբի գնալը դժվար էր և՛ իր, և՛ մեզ համար: Բայց գնալուց առաջ իր դասընկերոջ՝ Գոռի հետ ծանոթացրեց: Գոռին շատ սիրեցինք, երեկոյան հաճախ էինք միասին քայլում: Բայց Գոռն էլ գնաց Ռուսաստան: Հակոբի ու Գոռի պակասը շատ էր զգացվում: Հակոբը երբեմն գալիս էր Վանաձոր, ինչպես միշտ՝ երկուսով Զավենին էինք սպասում իրենց շենքի առջև: Մեկ-մեկ ես էի գնում Երևան: Մի անգամ, երբ Երևանում էի, Հակոբի հետ գնացինք իր սիրած աղջկա համար նվեր գնելու: Ո՛չ ինքը քաղաքը լավ գիտեր, ո՛չ էլ ես: Ամբողջ քաղաքը տակն ու վրա արեցինք, բայց, բարեբախտաբար, չմոլորվեցինք:

Հիմա շատ ժամանակ է անցել: Գոռը Ռուսաստանից վերադարձել է: Հակոբը անվճար ընդունվեց համալսարան: Մի քանի օր առաջ էլ նշեցինք Զավենի տասնութամյակը: Հուլիսի 2-ին Գոռն ու Զավենը կգնան բանակ:

Դժվար է նույնիսկ բացատրելը՝ ինչ եմ զգում: Քույրերը, որոնք իրենց եղբորը բանակ են ճանապարհում, երևի կհասկանան: Ես հարազատ եղբայր չունեմ, բայց նրանց եղբոր պես եմ սիրում: Եթե չլիներ այն ճակատագրական օրը, երբ ես ու Զավենը ծանոթացանք, երևի թե եղբայր այդպես էլ չունենայի: Չափազանց հպարտ եմ նրանցով: Մենք հիմա չորսն ենք, չորս լավագույն ընկեր: Վստահ եմ, ամեն ինչ կմնա նույնը, միակ բանը, որ կփոխվի, ժամանակն է:

marine nikoghosyan

Մի դասարանի պատմություն

Ահա և ավարտվեց ևս մեկ դպրոցական տարի։ Սակայն, ի տարբերություն անցած տարիների, այս տարին առանձնահատուկ էր ինձ և իմ համադասարանցիների համար, որովհետև վերջինն էր։

Շիրակի մարզի հեռավոր գյուղերի դպրոցներում շրջանավարտների թիվը տարեցտարի նվազում է։ Մեր դպրոցն էլ հետ չէր մնում մյուսներից։ Մեր՝ Փոքր Սարիարի միջնակարգ դպրոց են հաճախում երեխաներ երեք գյուղերից։ Ես ինքս Կաքավասար գյուղից եմ: Դպրոցին հատկացված է մեկ ավտոբուս, որն էլ երեխաներին տեղափոխում է դպրոց։
Ես առաջին դասարանից մինչև չորրորդ դասարանը հաճախել եմ մեր գյուղի տարրական դպրոցը (այժմ այնտեղ սովորում է երկու աշակերտ)։ Ինձ հետ էր նաև մեր գյուղից մի աղջիկ։ Հինգերորդ դասարանում արդեն սկսեցինք հաճախել հարևան գյուղի՝ Փոքր Սարիարի միջնակարգ դպրոց։ Մեր համադասարանցիներն այնտեղ չորսն էին։ Միավորվելով դարձանք վեց աշակերտ։ Աշակերտներ կային երեք գյուղերից էլ։ Առաջին իսկ օրվանից միմյանց հետ շատ կապվեցինք, սակայն դեռ կար գյուղերի միջև պայքարը՝ թե որ գյուղն է ամենալավը։
Այն աղջիկը, որը մեր գյուղից էր, իններորդ դասարանն ավարտելուն պես դուրս եկավ դպրոցից և ընտանիքի հետ հեռացավ գյուղից՝ մեկնելով արտերկիր: Բացի նրանցից շատ շատերն են հեռացել գյուղից՝ աշխատանք չունենալու և ընտանիքի կարիքները հոգալ չկարողանալու պատճառով:
Դասարանում մնացինք հինգ աշակերտ։ Մեծահասակները, որոնք հաճախել էին մեր դպրոցը, զարմանում էին, երբ իմանում էին դասարանիս և դպրոցի աշակերտների քանակը։ Եվ գրեթե բոլորն ասում էին նույնը.
-Մեր վախտով ըբը սպե՞ս էր։ Ամեն մե դասարան ամենաքիչը մե քառասուն աշակերտ էր,- ու վերջում էլ միշտ ավելացնում էին,- է՜յ գիդի, ջահելություն…
Բայց, ինչ արած, մեր «վախտով էլ ըսպես է»։
Մինչև տասներկուերորդ դասարանը մնացինք անխախտ՝ հինգ աշակերտ։ Տասներկուերորդ դասարանի երկրորդ կիսամյակից սկսվեցին վիճաբանություններ՝ վերջին դաս, վերջին զանգ, քննություններ։ Ամեն ինչ իրար էր խառնվել։ Թեկուզ և քիչ էինք, միևնույնն է, դժվար էր վերջին զանգ կազմակերպելը: Երեք աղջիկ էինք և երկու տղա։ Դե, տղաների համար միևնույնն էր՝ վերջին զանգ կկազմակերպեինք, թե ոչ։ Նրանց համար կարևորը շուտ դպրոցն ավարտելն էր։ Բայց այ, աղջիկներս… Երեքս էլ տարբեր կարծիքներ ու տարբեր բնավորություն ունեինք։ Արդեն դասարանում լարվածություն էր ստեղծվել։ Սակայն մի քանի օրից հնարավոր եղավ լարվածությունը ցրել։
Մեզ փոխարինող առաջին դասարանցիները չորսն էին՝ երեք աղջիկ և մեկ տղա։ Նրանց հետ միասին կազմակերպեցինք վերջին զանգ՝ հետաքրքիր համարներով։ Ամեն ինչ հիանալի էր։ Սակայն վերջին զանգից հետո մեզ սպասվում էր կարճատև, բայց և ճակատագրական մի փուլ՝ քննությունները։ Դասարանից միայն ես էի, որ հանձնելու էի միասնական քննություններ, մյուսները հանձնելու էին ավարտական քննություններ։ Եվ, փառք Աստծո, բոլոր քննություններն էլ հաջողությամբ հանձնեցինք։
Հուսամ, տարիներ հետո կամաց-կամաց մեծացող երեխաների քանակը տեսնելով ես էլ կասեմ. «Մեր վախտով ըբը սպե՞ս էր»… Բայց այս անգամ բոլորովին այլ երանգով:

hovik vanyan dsex

Մուսաս Հայաստանում է

Կարոտել եմ Հայաստանը, կարոտել եմ իմ Դսեղը…

Երկու շաբաթ է, ինչ գտնվում եմ Ռուսաստանում: Անկեղծ ասած՝ Հայաստանից գնալու օրվանից մինչև այսօր հարյուրավոր վերնագրեր ու թեմաներ եմ մտածել գրելու համար, բայց հենց գրիչը ձեռքս էի վերցնում, որ գրեմ՝ չէր ստացվում: Հիմա էլ փորձում էի միանգամից համակարգչի մոտ գրել, նորից՝ նույնը: Մուսաս մնացել է Հայաստանում, հաստատ: Փորձեմ առանց մուսայի գրել: Մինչև Ռուսաստան գալս չէի պատկերացնի, որ Հայաստանի ջուրը, հողը, օդն ու բնությունը կարող են այնքան երանելի թվալ, ինչպես հիմա: Կարոտել եմ ծաղկանոցս, որտեղ ամեն օր խնամում էի ծաղիկներս, կարոտել եմ իմ դաշտերը, որտեղ կարելի է ընկնել երանության գիրկն ու մոռանալ ամեն ինչ, կարոտել եմ անտառը` հով ու դուրեկան, կարոտել եմ հարևաններին, ամեն-ամեն ինչ, կարոտել եմ իմ Դսեղը: Չէ՛, ընտանիքիս չեմ մոռացել, ուղղակի նրանց ամեն օր տեսնում եմ սքայփով: Ինչպես ասում են տատիկ-պապիկները.

-Օրհնվի էդ սքայփ ստեղծողը, հա…

Չկարծեք, թե բողոքում եմ Ռուսաստանից, ուղղակի հայրենիքի համն ու հոտն ուրիշ է: Հա՛, ոնց որ թարս լինի, ինչ այստեղ եմ, իմ բոլոր գործերն ու պլանները հիշել են ինձ: Փաստորեն չեմ կարող գնալ տղաների կատարելագործման ճամբարին, չեմ կարող մասնակցել TEDxKids2017-ին: Մեկ էլ չեմ կարող ուտել մամայի նոր թխած «թաժա» հացը…

Հ.Գ. Միգուցե կյանքը սովորեցնում է, որ արդեն այսպե՞ս է լինելու…

Բարև, մենք մի ընտանիքից ենք

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Լուսանկարը` Եվա Խեչոյանի

Իմ քաղաքում՝ Չարենցավանում, հաճախ են էլեկտրաէներգիան անջատում: Համընդհանուր դժգոհություն առաջացնող այս երևույթն իրականում իր հետ բազմաթիվ դրական հետևանքներ է բերում: Հիմա բացատրեմ:

Լույսերն անջատելուն պես մեզանից յուրաքանչյուրը հարցական երանգով կանչում է նրան, ով մոտակայքում է և կարող է օգնել: Իմ դեպքում՝ «մա՞մ» կանչելուց և մորս հանգստացնող «ջան»-ը լսելուց հետո սկսում եմ քայլեր ձեռնարկել: Պարզվում է, որ այդ պահին ինձ ամենից մոտ գտնվողը եղբայրս է: Անվստահ քայլերով, մթության մեջ ոտքը սեղանին խփելով կամ գետնին ընկած մատիտի վրա սայթաքելով՝ հասնում ենք իրար, ու սովորական օրերին մեր միջև եղած լարված «քաղաքական իրավիճակը» մոռացվում է, քանի որ երկուսս էլ օգնության կարիք ունենք: Այժմ, երբ երկուսը գտան իրար, անհրաժեշտ է կողմնորոշվել տեղանքում և գտնել չորսի հանդիպման կետը: Մայրս վառում է մոմի լույսը, ու մենք չորսով վերջապես հանդիպում ենք: Հեռուստացույց չկա, ինտերնետ չկա, աշխարհից ու տնից կտրվելու բոլոր հնարավոր ճանապարհները փակ են: Միակ բանը, որ կարող ենք անել՝ հավաքվել սեղանի շուրջը, մոմի լույսի տակ հեքիաթ կարդալ կամ ուղղակի զրուցել:

Երբեմն այնքան ենք հեռանում ընտանիքի անդամներից, որ լույսերի անջատումն ի ուրախություն բոլորիս է լինում: Քանի որ «լույսերը տարել են»՝ ցանկացած քայլ իրենից օգնության կարիք է ենթադրում, անգամ լվացվելու համար պետք է մեկը, ով համբերատար կկանգնի կողքիդ ու կպահի մոմը:

Լույսերի անջատումը տևում է մեկ ժամից ոչ ավելի, բայց բոլորս ուզում ենք, որ այս անգամ այն ավելի երկար տևի: Սակայն լույսերը շուտով միանում են, մոմը հանգչում է, 4-ի հանդիպման կետը ցրվում է, ամենքս վազում ենք մեր հեռախոսի կամ համակարգչի մոտ:

Իսկ լույսերը… Լույսերն անջատվում են հենց այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է առաջանում քաղաքի բոլոր բնակիչներին հիշեցնել իրենց ընտանիքի մյուս անդամների գոյության մասին:

naira mkhitaryan

Թեթև կյանք

-Երեխեք, եկեք «հարսանիք-հարսանիք» խաղանք:

-Հա, ճիշտ ա, Սյուզին թող լինի հարսը, ինքը հարսի շոր ունի:

-Դե, դու էլ եղի փեսան, Սահակ:

-Չէ, ես չեմ խաղում:

-Լավ էլի: Որ լինես փեսա, սրանից հետո քո ուզած խաղը կխաղանք:

-Լավ, լավ, կլինեմ փեսա:

Հարսի ու փեսայի դերերը բաժանելուց հետո մեկը լինում էր վարսավիրը, մյուսին հանձնարարում էինք հարսի համար ծաղկեփունջ պատրաստել, երրորդը վարդի թերթիկներ էր քաղում հարսի ու փեսայի գլխին շաղ տալու համար: Հա, չմոռանամ նշել խանութպաններին: Դե, պարզ է՝ խանութից առևտուր անելու համար պիտի գումար ունենաս: Գումար մենք շատ ունեինք: Եթե տորթը կարող էր պատրաստված լինել դաշտի ամենատարբեր ծաղիկներից, հոգ չէ, գումարն էլ ծառերի տերևները կարող էին լինել, եթե, իհարկե, տերը մոտակայքում չէր ու նկատողությունների տարափ չէր թափի գլխներիս.

-Այ երեխեք, հերիք ա էդ խակ ցոգոլները ուտեք, թողեք հասնի:

-Հլը շուտ հելեք էդ դաշտից, սաղ խոտը տրորիք: Գնացեք ձեր դաշտերը մտեք:

Հարսանեկան պատրաստություններից հետո սկսվում էր խաղի ամենահետաքրքիր պահը՝ բուն հարսանիքն ու քեֆ-ուրախությունը: Ունեինք իսկական հարսանիքի բոլոր տեսակի ուտեստները. բոլորի հիմքում ընկած էր խակ ցոգոլը:

Հարսանիքի ավարտից հետո գնում էինք տուն՝ մոռանալով Սահակին տրված խոստման մասին, ու Սահակը միշտ ասում էր, որ հաջորդ անգամ ինքն էլ փեսա չի լինի:

Ամեն խաղ-հարսանիքից հետո մայրս ասում էր.

-Վա՜յ, երեխեք, մի շտապեք՝ կամուսնանաք: Երանի իսկական հարսանիքներն էլ ձեր խաղերի նման լինեին. փողը՝ ծառերի տերևները, տորթը՝ ծաղիկներից, հարսանիքի սրահն էլ՝ ձրի:

narine gabrielyan

Վախն ու սպասումները

Հարացազրույց FLEX միջազգային ծրագրի 2015-2016 թթ. շրջանավարտ Նարեկ Սահակյանի և 2016-2017 թթ. շրջանավարտ Գոհար Փիլիպոսյանի հետ:

-Փոքր-ինչ ներկայացրեք ծրագրի պատմությունը: 

Գոհար Փիլիպոսյան.

-Ծրագիրը ստեղծվել է 1992 թվականին: Հայաստանում մոտ 900 շրջանավարտ կա: Հաղթողները 10 ամսով մեկնում են ԱՄՆ՝ ծանոթանալու ամերիկյան մշակույթին, մարդկանց, մեր հասակակիցների ապրելաոճին: Ծրագրի շրջանակներում մասնակիցները ներկայացնում են իրենց երկիրը (ինչն անում են հպարտորեն), զարգացնում անգլերենը և ձեռք բերում առաջնորդի հմտություններ:

-Ի՞նչ փուլերից է բաղկացած ծրագիրը: 

Գոհար Փիլիպոսյան.

-Առաջին փուլը 15 րոպե տևողությամբ թեստ է: Երկրորդը՝ 3 ակնարկ 45 րոպեում: Երրորդը, համեմատած նախորդների հետ, մի քիչ բարդ է, բայց միևնույն ժամանակ՝ հետաքրքիր: Այն կազմված է 40 րոպեում գրված 2 ակնարկից, մեկ ու կես ժամ տևողությամբ թեստից, հարցազրույցից և խմբային խաղից:

-Ի՞նչ զգացողություններ եք ունեցել արդյունքներն իմանալուց հետո: 

Գոհար Փիլիպոսյան.

-Հենց հեռախոսահամարը տեսա, սիրտս ուժեղ բաբախեց: Երբ անհանգիստ եմ, անընդհատ շարժվում եմ: Հյուրասենյակում հետ ու առաջ քայլելով՝ իմացա, որ հաղթել եմ: Կանգ առա ու միանգամից սկսեցի արտասվել:

-Ինչպե՞ս վերաբերվեցին ծնողներդ հաղթող դառնալուդ փաստին: 

Նարեկ Սահակյան.

-Դպրոցում էի։ Անգլերենի դասի էի, երբ զանգ եկավ։ Հարցրի ուսուցչից ու դուրս եկա։ Իմ դպրոցում բոլոր պատերն ապակուց են, ու երբ դրսում խոսում էի և իմացա, որ հաղթել եմ, դասարանում գտնվող ընկերներս, ինձ տեսնելով, արդեն գուշակել էին, թե ինչ զանգ է դա։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացումներ էին։ Երևի ընկերներս ավելի լավ կբացատրեն։ Միայն կասեմ, որ անսպասելի լուր էր։

Գոհար Փիլիպոսյան.

-Ծնողներս երկուսն էլ հեշտությամբ ընդունեցին այն փաստը, որ ինձ երկար ժամանակ չեն տեսնելու: Հայրս, առանց մի վայրկյան տատանվելու, տվեց իր համաձայնությունը: Մայրս, թեկուզ միշտ ասում էր, որ թույլ չի տա գնալ, նույնպես շատ ուրախ էր ինձ համար: Ի դեպ ասեմ՝ ես «Ֆլեքսին» գրանցվել էի առանց նրանց տեղեկացնելու: Եկա տուն ու ասացի, որ նման ծրագիր կա: Մի քիչ զարմացան, բայց ընդունեցին լուրը:

Նարեկ Սահակյան.

-Ծնողներս կարծես ինձնից ավելի շատ էին ուրախացել: Ինձ հարցրին՝ պատրա՞ստ եմ արդյոք մեկ տարի ապրել իրենցից հեռու՝ ԱՄՆ-ում։ Պատասխանս դրական էր, ուստի նրանք դեմ չգնացին։ Շատերն էին հարցնում՝ ո՞նց, թողնելու եք, որ մի տարով գնա Ամերիկա՞, չե՞ք կարոտի, բա դասե՞րը, էդպես ո՞նց կլինի… Բայց, փաստորեն, եղավ, այն էլ՝ ինչքան լավ:

-Մի փոքր պատմեք Ամերիկայում ձեզ հյուրընկալող ընտանիքների և նահանգի մասին: 

Գոհար Փիլիպոսյան.

-Նահանգիս մասին չէի էլ լսել մինչ գնալս: Ապրում էի Այովա նահանգում՝ Ջոնսթոն քաղաքում: Առաջին բանը, որ գրավեց իմ ուշադրությունը օդանավակայանից տուն գնալիս, եգիպտացորենի անծիր դաշտերն էին: Հյուրընկալող ընտանիքս իմ հայկական ընտանիքի նման մեծ է, բայց մի քիչ անսովոր. ինձ հասակակից երեխաներ չկան: Ունեմ 4 հյուրընկալող քույր և եղբայր: Նրանք 3, 5, 8 և 10 տարեկան են: Դե, կարող ես պատկերացնել, թե տանն ինչ է կատարվում: Քայլում ենք խաղալիքների վրայով, գտնում ենք կոնֆետի թղթեր գրեթե ամենուր և անպայման դիտում այն, ինչ իրենք են ուզում, այսինքն՝ «Դիսնեյ» ալիքը (Disney channel), որին, անկեղծ ասած, դեմ չեմ: Իսկ հյուրընկալող ծնողներս երիտասարդ են և եռանդուն: Սիրում են դրսում ժամանակ անցկացնել և հյուրասեր են: Միշտ օգնել են ինձ այս տարվա ընթացքում, երբեք անուշադրության չեն մատնել: Նույնիսկ օգնել են, որ այցելեմ իմ երազանքների քաղաքը՝ Նյու Յորքը:

Նարեկ Սահակյան.

-Ապրել եմ Փենսիլվանիա նահանգի Միդվիլ քաղաքում։ Ոչ շատ մեծ տիպիկ ամերիկյան քաղաք էր։ Մարդիկ չափազանց բարի և ընկերասեր էին. անգամ հարևան տատիկ-պապիկների հետ էի ընկերացել։ Մեկ ավագ դպրոց ունեինք, որը շատ մեծ էր։ Սա ինձ համար առավելություն էր, քանի որ քաղաքի գրեթե բոլոր հասակակիցներիս ճանաչում էի։ Իսկ հյուրընկալող ընտանիքիս անդամները հիանալի մարդիկ էին։ Ունեի հայր, մայր և եղբայր, նաև 3 կատու և 2 շուն։ Հյուրընկալող ծնողներս երկուսն էլ աշխատում էին, սակայն միշտ բավականին ժամանակ մնում էր, որպեսզի շփվեինք միմյանց հետ, հետաքրքիր ժամանակ անցկացնեինք։ Անչափ ուրախ եմ, որ հենց այդ ընտանիքում եմ մեկ տարի ապրել, քանի որ միայն այդ մի տարում շատ-շատ բաներ եմ սովորել և ինքնազարգացել։

-Հե՞շտ եք հարմարվել նոր միջավայրին: Արդյոք եղե՞լ են դժվարություններ: 

Գոհար Փիլիպոսյան.

-Բնավորությանս գծերից մեկը նոր միջավայրին արագ հարմարվելն է: Դրա հետ կապված խնդիր չեմ ունեցել: Իսկ դժվարությունները, բնականաբար, ի հայտ են եկել տարվա ընթացքում: Ամենասկզբում ուտելիքի և մի քիչ էլ լեզվի հետ եմ խնդիր ունեցել: Ամեն բան նոր էր, փորձում էի ամեն ուտելիք, որն առաջարկում էին, ուղղակի մեր հայկականի նման չէր հագեցնում քաղցը: Մինչդեռ մենք ասում ենք. «հաց ու պանիր, կեր ու բանիր»: Իսկ լեզուն ոչ թե չէի հասկանում, այլ անսովոր էր անընդհատ անգլերեն լսելը, երբեմն հոգնում էի և անկախ ինձնից մարդկանց կամ հայերեն էի պատասխանում, կամ հայերենով հարց տալիս: Բարեբախտաբար դա երկար չտևեց, երևի 2-3 շաբաթ: Ամենադժվար ամիսը եղել է դեկտեմբերը: Կարոտում էի ամեն ինչ` երկիրս, ընտանիքս, տունս, քաղաքս, ընկերներիս, լեզուս, ուտելիքը: Մի խոսքով, ֆիզիկապես ԱՄՆ-ում էի, ամբողջ մտքով և հոգով՝ տանը:

Նարեկ Սահակյան.

-Բնականաբար, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր։ Ամբողջովին նոր միջավայր, այլ մարդիկ, այլ մշակույթ, այլ կենցաղ։ Բայց ես բավականին արագ հարմարվեցի նոր միջավայրիս։ Մի քանի շաբաթ հետո արդեն ինձ տանն էի զգում, ու հյուրի կարգավիճակն անցել էր։ Դա երևի նաև հյուրընկալող ընտանիքիս շնորհիվ էր, քանի որ նրանք հյուրընկալելու մեծ փորձ ունեին և գիտեին՝ ինչպես ճիշտ վարվել։

-Ի՞նչ տվեց քեզ ծրագիրը: 

Գոհար Փիլիպոսյան.

-Ծրագիրն ինձ պարգևեց կյանքիս ամենախենթ տարին: Ձեռքբերումներս ահռելի են: Եթե ծրագրից առաջ ինձ տեսնում էին որպես մեծ երազանքներ ունեցող աղջիկ, ապա հիմա կտեսնեն ձևավորված անհատ, որը հասկանում է՝ ինչ է անհրաժեշտ իրեն և ինչ «աշխարհը փոխելու» պոտենցիալ ունի: Բայց ամենակարևորը հարազատ դարձած ընկերներս են աշխարհի տարբեր ծայրերից, որոնց շատ դժվար էր «մնաս բարով» ասելը, Հայաստանի «Ֆլեքսի» ընկերներս ու նաև ամերիկյան հյուրընկալող ընտանիքս: Ապրելով բոլոր հարազատներիցս ու ընկերներիցս հեռու՝ օտարության մեջ, առաջին հերթին ինքնուրույնություն ձեռք բերեցի, այսինքն՝ ես ավելի վստահ եմ լուծում իմ խնդիրները, քան կանեի առաջ: Դարձել եմ ավելի ազատամիտ, շատ ավելի լայն եմ աշխարհն ընկալում: Նախքան մասնակցելս ես ինձ տեսնում էի որպես ՀՀ քաղաքացի, իսկ հիմա գումարում եմ նաև «աշխարհի քաղաքացի» կամ «global citizen» լինելու գաղափարը:

-Ի՞նչ խորհուրդ կտաք այս տարվա հաղթողներին: 

Գոհար Փիլիպոսյան.

-Նրանց, ովքեր ընտրվել են որպես հաղթող, կասեմ, որ վայելեն ամեն մի վայրկյանը, ԱՄՆ-ում բաց չթողնեն ոչ մի ընձեռնված հնարավորություն: Դժվարություններ լինելու են, բայց թող ամեն անգամ մտաբերեն, որ իրենց հենց այնպես չեն ընտրել:

Նարեկ Սահակյան.

-Եթե դեռ նոր եք դիմելու FLEX-ին, ապա միշտ հիշեք, որ պետք է լինեք հնարավորինս բաց և նորություններին պատրաստ մարդ։ Երբեք մի կեղծեք ձեր «եսը», եղեք այն, ինչ կաք։ Իսկ եթե չհաջողվի անցնել մյուս փուլ, ապա առանց ժամանակ կորցնելու աշխատեք ձեզ վրա, որպեսզի մյուս տարի մասնակցեք և հաղթեք։ Քննության ժամանակ չմոռանաք լինել անկեղծ։

Astghik Hunanyan vayots dzor

Ինչպես է դա եղել

Հունվար

Գիտեի, որ այս տարի փոխադրական քննություններ ունեմ, 9-ի քննություններ են, դե, վեց երկար ու ձիգ ամիսներ կան առջևում, կպարապեմ, էլի…

Փետրվար

Ֆիզիկա՞, թե՞ կենսաբանություն: Ասում էին ֆիզիկա հանձնել չեմ կարողանա, բոլորին հակառակ նայեցի դեպի ֆիզիկան: Դե հա, նայեցի, նայեցի դասագրքի առաջին էջին ու ընտրեցի կենսաբանությունը: Քննություններին պատրաստվելու համար դա շատ լուրջ քայլ էր, չէ՞:

Մարտ.

-Մամ, մամ, հեռախոսս ձեռքիցս կառնե՞ս` մի քիչ պարապեմ:

-Բա աչքն էլ չեմ հանի՞:

Դասարանով սկսեցինք կենսաբանություն պարապել: Կենսաբանության դասասենյակի պատերը սկսեցին սովորել մեր ամենօրյա ներկայությանը, գնում էինք, մի քանի դաս պատմում ուսուցչուհուն, նա էլ մի քանի բան էր բացատրում, «շատ պարապելուց» հոգնած վերադառնում էինք տուն: Պարապում էին, իսկ ես, պատճառաբանելով, որ հետ եմ ընկել, չէի սովորում, ախր, դեռ երեք ամիս կար: Մարտի վերջն էր: Տեսնելով, որ յոթերորդ դասարանի դասագիրքն ավարտեցին՝ որոշեցի՝ ես էլ շաբաթ-կիրակի օրերին կավարտեմ: Վճռական վերցրի գիրքն ու սկսեցի կարդալ, սովորել, հետո գրում էի շտեմարան՝ ինձ ստուգելու համար, ապա կենսաբանություն լավ իմացող ծանոթներիցս մեկին խնդրում էի, որ հարցեր տա: Հարցեր էր տալիս, ես էլ ոգևորված պատասխանում էի: Մի քանի սխալ հազիվ անեի, դա ինձ շատ էր ոգևորում, բայց եկավ մի օր, ու ծուլությունս էլի հաղթեց ոգևորությանս: Մարտին սկսվեցին նաև պատմության պարապմունքները: Դրանք էլ չէի պարապում, էլի ասում էի՝ հետ եմ ընկել, կսովորեմ: Այդպես էլ եղավ՝ մի գիշերում վեցերորդ դասարանի գիրքը ջրի նման սովորեցի: Բայց այդ ժամանակ դասարանս արդեն հասել էր ութերորդ դասարանի դասագրքին: Այստեղ էլ հավեսս ապստամբեց:

Ապրիլ

Գիտե՞ք, ամեն օր որոշում էի պարապել: Ահա, ժամը 2:23 է, ուղիղ 3:00 կսկսեմ պարապել: Վայ, ժամը 3:01-ն է, ուղիղ 4:00-ին կպարապեմ, լավ ուղիղ հինգին, անցավ, ուղիղ վեցին, անցավ, կպարապեմ երեկոյան՝ քնելիս: Բայց երեկոյան ո՞վ պիտի թերթեր ֆեյսբուքի ձանձրալի էջը՝ բողոքելով, որ ոչ մի բան չկա անելու: Բացի այդ՝ ես ապրիլին եմ ծնվել, էլ ո՞վ իրավունք ուներ ամբողջ ամիսը ուրախ-զվարթ անցկացնելու, եթե ոչ ես:

Մայիս

Քննությունից մի ամիս առաջ՝ մայիսին, սկսեցի զրոյից պարապել մաթեմատիկա, մի ամսում պետք է սովորեի, մայրս էլ ասում էր՝ պետք է բարձր ստանաս: Չէ մի: Մայիսն իսկապես տանջանքների ամիս էր, ամեն օր պետք է գնայի մաթեմատիկայի պարապմունքի, նվնվալով երկու ժամ դիմանայի ու վազեի անգլերենի պարապմունքներիս: Ամեն օր երկու ժամ՝ սինուս, կոսինուս, այս թեորեմ, այն թեորեմ, ֆակտորիալ, հավասարումներ ու անհավասարումներ, պրոգրեսսիա, կոորդինատային համակարգեր, թեստ մեկ, թեստ երկու, թեստ տասը, անցանք մյուս գրքույկին: Ինչ-որ տագնապ էր առաջացել մոտս, բայց չէ՞ որ կային քննությունների վերջին գիշերները: Գնում էի պարապմունքի՝ ճամփին պատմություն կարդալով (միայն ես գիտեմ, թե ինչքան վատ բառեր եմ լսել վարորդներից՝ գիրքը կլանված կարդալու պատճառով ճանապարհները անզգույշ անցնելու ժամանակ):

Հունիս

Այս տարի դժվար թե կարողանամ հունիսը ամռան ամիս կոչել: Այն շատ էր տարբերվում մյուս միանման հունիսներից, որ ապրել եմ: Ընդհանրապես չէի էլ կարողանում ինձ տրամադրել, որ ամառ է, անհամբեր չէի սպասում կեռասի հասնելուն, անընդհատ չէի կրկնում «ձմերուկ եմ ուզում» արտահայտությունը, մերոնք էլ առիթ չէին ունենում պատասխանելու՝ «Հիմիկվա ձմերուկը քիմիա ա, Աստղ», ինչպես անցած-գնացած բոլոր հունիսներին: Հարևանների թթի ծառերից «կախվելու» ժամանակ անգամ չունեի:

Եկավ հունիսի 5-ը, եկավ նաև հայոց լեզվի քննությունը, ստացա տասնութ, ցավալի էր: Հունիսի 9-ն էլ չուշացավ՝ մի գիշերում ամբողջ չորս տարիների դասերն էլ սովորեցի՝ քսան ստացա: Ահա, հունիսի տասներկուսը՝ մաթեմատիկան, էլի քսան, անգլերենը՝ քսան: Ոչ մի կերպ չէի կարողանում կենսաբանությունը պարապել: Չգիտեի էլ՝ որտեղից սկսել, բայց գիտեի, որ քննություններից կարող եմ բողոքել ու ողջ օրը քնել: Դե, կենսաբանությունն էլ բարեհաջող տվեցի, անկեղծ ասած՝ արտագրել եմ, օգնել են, բայց լավ է, դա էլ անցավ: Իսկ վերջն ամենասարսափելին էր՝ պատմությունը, մի գիշերում սովորել մի քանի հազարամյակների պատմությո՞ւն, ի՞նչ կա, որ: Վերջին օրն էր՝ վերջին քննությունը, այդ գիշեր երակներովս դեպրեսիա և մի քանի գավաթ մակսուրճ էր հոսում արյան փոխարեն: Քսանվեց տոմսից հասցրեցի սովորել միայն առաջին ութը, ու մնում էր միայն հուսալ, որ բախտն ինձ վերջին պահին չի դավաճանի: Չորրորդ տոմսն ընկավ, և քանի որ հինգ մատիս պես գիտեի սովորածս բոլոր դասերը, էլի ստացա քսան: Մինչև հիմա չեմ հավատում, որ տանջանքներս վերջացան, որ էլ մայրս չի գա սենյակ ու տեսնելով, որ գրքերի փոխարեն ձեռքիս հեռախոս է՝ չի հանդիմանի: Երա՞զ է արդյոք ու հիմա պետք է արթնանամ ու գնամ կոնսուլտացիաների՞: Չէ, չէ, վերջ:

Mari Baghdasaryan malishka

Չենք մոռանալու

Գորիսի զորամասում ծառայող սերժանտ Սեդրակ Մինոյանը պատմում է ավագ լեյտենանտ Արմեն Կառլենի Գասպարյանի (մարտական անունը՝ Մակիչ) անցած ուղու մասին:

Լեյտենանտ Արմեն Գասպարյանը ծնվել է 1974 թվականի փետրվարի 23-ին Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում: 1989 թվականին ընդունվել է Կապանի շինարարական տեխնիկում, նույն թվականին կամավոր անդամագրվել է Կապանի երկրապահ ջոկատին և մինչև 1993 թվականի ապրիլ ամիսը մասնակցել է Կապանի, Գորիսի և Արցախի սահմանամերձ շրջանների պաշտպանական մարտական գործողություններին:
1992 թվականի մարտի 15-ին Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի պաշտպանական մարտական գործողությունների ժամանակ վիրավորվել է՝ ստանալով բեկորային վնասվածք:
1993 թվականի հունիսից մինչև 1994 թվականի դեկտեմբերը ծառայել է ՀՀ ՊՆ զորամասում` որպես ժամկետային զինծառայող: 1994 թվականի հունվարի 31-ին շարժական խմբի կազմում մասնակցել է ցածր բարձրության վրա թռչող հակառակորդի «ՄԻԳ-19» կոչվող կործանիչ ինքնաթիռի ոչնչացմանը: ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետի հրամանով անցել է պայմանագրային ծառայության՝ որպես «Ս-60» զենիթահրթիռային մարտկոցի ավագ: 2002 թվականին Արմեն Գասպարյանին շնորհվել է «ենթասպա» զինվորական կոչում: 2005 թվականին զինվորական բարձր կարգապահության և պարտականությունների բարեխիղճ կատարման համար նշանակվել է սպայական հաստիքի՝ «Ս-60» զենիթահրթիռային մարտկոցի ռադիոլոկացիոն շարքային համալիրի պետ-մարտկոցի հրամանատարի տեղակալ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հրամանով 2005 թվականին Արմեն Գասպարյանին շնորհվել է «լեյտենանտ» առաջին սպայական զինվորական կոչումը: Սակայն 2008 թվականին ՀՀ ՊՆ հրամանով առողջական վիճակի պատճառով արձակվել է ՀՀ Զինված ուժերի պահեստազոր՝ անցնելով զինվորական կենսաթոշակի:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետի հրամանով 2009 թվականին ծառայության ընթացքում սխրանքներ գործած պահեստազորի ավագ լեյտենանտ Արմեն Գասպարյանի անունը գրանցվել է զորամասի անձնակազմի ցուցակում՝ որպես պատվավոր զինվոր:

2016 թվականի ապրիլի 3-ին՝ հայ ժողովրդի համար օրհասական պահին, Արմեն Գասպարյանը կամավոր մեկնում է Արցախ՝ պաշտպանելու մեր հայրենիքի անդորրը:
2016 թվականի ապրիլի 6-ին զորամասի պատվավոր զինվոր, պահեստազորի ավագ լեյտենանտ Արմեն Գասպարյանը զոհվել է ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանի Թալիշի պաշտպանության դիրքերում մարտական առաջադրանքը կատարելիս:

Anushik Mkrtchyan

Ռոմանտիկ երեկոն ու պապս

Մեղմ քամի: Լռություն: Տաք կակաո: Մենակություն: Գիշեր: Կանգնած էի դրսում, ձեռքիս՝ մեկ գավաթ տաք կակաոն: Փչում էր մեղմ քամին, որի սառնությունը չէի զգում, քանի որ ուշադրությունս ամբողջությամբ գրավել էր մի աստղ: Երկինքը պարզ էր, և այդ պարզ երկնքում երևում էր ընդամենը մի աստղ, բայց ինչպիսի՜ն՝ փայլուն, պայծառ ու տարբերվող: Նայում էի ու այդ ընթացքում շոյում էի բաժակը. տաքացնում էի ձեռքերս: Ուշադիր նայում էի. երբեք այդպես ուշադիր չեմ նայել ինչ-որ բանի: Նայելու ընթացքում կարծես աստղը շարժվեր դեպի աջ: Սկզբում ինձ թվաց, թե դա երկար նայելուց է, բայց հետո աստղը նորից շարժվեց: Այս անգամ մտածեցի, թե ակնոցիցս է, որ այն շարժվում է: Հանեցի: Մեկ է՝ էլի շարժվում էր: Հանկարծ լսվեց դռան ձայնը: Պապիկն էր:

-Բա՞ն ա եղել,- մտահոգ հարցրեց պապիկը:

-Չէ,- ասացի ես՝ կտրվելով երկնքից:

-Բա հորի՞ ես կանգնել դուրսը, սիրտդ լի՞քն ա:

-Չէ, պապի,- արդեն իսկապես հուզվելով՝ ասացի ես:

Պապիկը գնաց ներս՝ մտածելով, որ ինչ-որ բան է եղել: Նորից նայեցի երկնքին: Այդ ընթացքում պայծառ աստղի կողքին հայտնվել էին մի քանի այլ աստղեր, որոնք այնքան թույլ էին, որ չէին էլ երևում: Սկսեց ավելի մթնել, քամին մի փոքր ուժգնացավ: Դե, դա սովորական է: Սկսեցի մրսել: Գնացի ներս, արդեն պատուհանից էի հետևում:

Այսօր երկինքն էլի պարզ է: Արդեն՝ բազում աստղերով: Դե, իհարկե շատ են լինում դեպքեր, երբ երկնքում շողում է ընդամենը մեկ աստղ, բայց երբեք չի նմանվի այն երեկոյին, երբ ես տաք կակաոյով, լռության մեջ, մենակ ու քամու ազդեցության տակ նայում էի այն մեկ աստղին:

Իսկ ավելի շատ չեմ մոռանա պապիկիս անհանգիստ դեմքը: Ինչքան էր մտահոգվելով՝ կարծելով, թե ես տխրել եմ, մի բան այն չի, իսկ ինքը անզոր է ինձ օգնել…