Ապրելը քո ընտրությունը չէ

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Գյուղում երազելու շատ տեղ կա: Կթռնես այգու ամենածեր ծառի վրա, կնայես հարևանի կոտրված տանիքով հացատանը, հետո ժամերով կնայես հարևանի հավերին, որ առանց հարցնել ձեր բակ են մտել, կխղճաս ու կերազես:

Կամ էլ կվերցնես մի կտոր պանիր ու հաց, «խուրջինդ» կկապես մեջքիդ ու կգնաս սարից ձնծաղիկ հավաքելու: Կնստես մի մեծ քարի, կնայես ձեր կարմիր տուֆից տանը, հետո կիջնես Կակաչի սար՝ դեռ չբացված կակաչները հավաքելու, կնստես ու կուշտ փորով մի բրդուճ հաց ու պանիր կուտես, կերազես ու տուն կգաս:

Հետ գալուց դաշտի մոտ բանջար հավաքող կանանց կտեսնես, հետները մի քիչ «խորաթա» կանես , բայց, որովհետև դու բանջարը չես տարբերում, ու չնայած, որ շատ ես սիրում, հետ կիջնես գյուղ:

Երբ անձրև գա, սունկն էլ դուրս կգա: Կվերցնես դարակի ամենաամուր տոպրակը ու կքայլես, մինչև դուրս գաս գյուղից: Կոշիկներդ կխրվեն թաց հողի մեջ ու ձեռքիդ «քոռ» դանակով կքանդես հողը ու մի քանի սունկ կլցնես տոպրակիդ մեջ: Ու չնայած սունկ չես սիրում, դա միակ բանն է, որ տարբերում ես:

Ես այսպես եմ ապրում: Այս կյանքում եղած բոլոր բառերից ես ընտրում եմ «ամենաբառը»՝ ապրել: Ու, որովհետև ապրելը քո ընտրությունը չէ, դու կընդունես քեզ բաժին հասածը՝ ձնծաղիկը, բանջարը ու սունկը…

Anush Jilavyan

Իմ 17.am-ը

Գիտեմ, որ մեր առաջին մրցանակաբաշխության մասին շատ գրվեց, ես կաշխատեմ չհոգնեցնել ձեզ, բայց մեզ էլ հասկացեք, չգրել ախր չենք կարող: Տպավորություններ շատ-շատ են ու դրանք ինչ-որ կերպ արտահայտել է պետք, դե մենք էլ գրում ենք մեր զգացածը: 

Հավաքվել էին շատ հարազատ մարդիկ, մարդիկ, ում հետ մեկ շաբաթ ապրել ու ստեղծագործել ենք, մարդիկ, ում ճանաչում եմ թեյի ակումբից ու շատ դեմքեր, ում գիտեմ միայն հոդվածներով ու 17-ի նկարով: Բոլորին շատ կարոտել էի, ու կարոտել էի նաև այն Անուշին, որ կարող է իրեն այդքան երջանիկ զգալ, որովհետև հարազատներով է շրջապատված:

17.am-ի մասին անընդհատ կարելի է գրել, մի անգամ գրել եմ, թե ինչպես է այն փոխում մեզ ու ինչպես ենք 17.am-ի միջոցով մենք փոխում մեր աշխարհը: Հիմա էլ կարդում եմ գրածս, ու հասկանում, որ պահի ազդեցությամբ չեմ գրել, որ ոչ մի բառ ավելորդ չէ, ու դեռ ավելացնելու մտքեր կան, քանի որ 17.am-ի անակնկալները շատ են ու տպավորությունները երբեք չեն սառչում:

17.am-ը ամենաշատը սիրում եմ, քանի որ քեզ չես կարող երբեք մոռացված զգալ: Գիտեք, երեք հոգու մեջ էլ է հնարավոր չնկատված լինել, ուր մնաց հարյուրավոր թղթակիցների: Բայց 17.am-ը ուրիշ է. քո գրածը կարևոր է, քո նյութերին միշտ սպասում են ու միշտ հիշում քեզ: Դժվար լինի մի թղթակից, ով զարմացած չլինի, թե ինչպես է տիկին Ռուզանը հիշում բոլորիս անունները, թե որտեղից ենք, երբ ենք սկսել թղթակցել, իսկ եթե ուսանող ես, նաև որ բաժնում ես սովորում (իսկ արդեն մշակութաբանությունը հիշելու համար առանձնահատուկ տաղանդ է պետք):
Յուրահատուկ զգացողություն էր մի քանի ամսվա մեջ հասկանալ, որ ոչ միայն կարող ես գրել, ոչ միայն կարող ես գրածդ չպատռել ու մյուսներին ցույց տալ, այլ նաև կարող ես գնահատվել ու ուշադրության արժանանալ գրելով:

Վերջում ուզում եմ նոթատետրիս մասին պատմել, որ ստացել եմ: Ինձ սկզբից թվացել էր, որ բոլորի տետրերի վրա նույն նկարն է պատկերված, բայց պարզվեց, որ տարբեր են ու բոլորն էլ շատ գեղեցիկ: Բայց իմ տետրի վրա բնություն է պատկերված ու սարեր. ուզում եմ հավատալ, որ սարերի հանդեպ իմ մեծ սերը 17.am-ում էլ են նկատել, չէ որ այստեղ մեր մասին ամեն ինչ գիտեն:

Շնորհակալ եմ, որ հայտնվեցիք իմ կյանքում: Առանց Ձեզ տխուր էր…

Խմբագրության կողմից. Անուշ, մենք նաև գիտենք, որ այսօր քո ծննդյան օրն է: Շնորհակալ ենք քեզ, որ դու կաս մեր կյանքում: Քեզ նորանոր հաջողություններ:

Ծյոմը

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Նորից բարև: Եթե տասնյոթցի ես, ուրեմն, հավանաբար, ճանաչում ես Ծյոմին: Ծյոմը մեր Արտյոմ Սաֆարյանն է, մեր լավագույն թղթակիցներից, մեր լավագույն չարենցավանցիներից, մեր ֆուտբոլային լավագույն մեկնաբաններից ու արդեն հինգ ամիս է` մեր լավագույն զինվորներից է:

«Մանանայի» կազմակերպած դասընթացների ժամանակ ենք ծանոթացել, ու արդեն տասը ամիս է, ինչ ճանաչում եմ Ծյոմին: Հավեսով եմ հիշում, թե չորս օր անընդմեջ ոնց էինք գնում նույն պատշգամբը (ընդմիջման ժամերին) ու զրուցում վեցով: Ես էի, Միլենը, Գայուշը, Արշակ-Շահբազյանը, Եվան ու Ծյոմը: Խոսում էինք ինչից որ պատահեր, հաճախ օրն էինք քննարկում, տպավորություններով կիսվում: Հետո Ծյոմի հետ Դիլիջանի մեդիա ճամբարում ենք եղել ու վերջին անգամ էնտեղ ու հենց էդ ժամանակ էի տեսել իրեն:

…Կամերայինի դիմաց սպասում էինք ներս մտնելուն, մեկ էլ հանկարծ տեսնեմ` մեկը` զինվորական համազգեստով, քայլում է: Ծյոմն էր…

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Ներսում Ծյոմը փշաքաղեցրեց բոլորիս: Ասում էր, որ սահմանին կանգնած իր ընտանիքից ու ծնողներից զատ, մեզ էլ է հիշում: Դա շատ պարտավորեցնող էր, բայց և շատ հաճելի: Դահլիճում նստածներից յուրաքանչյուրը ինչ-որ հպարտությամբ էր նայում բեմում զինվորական համազգեստով խոսող այն տղային: Մենք` տասնյոթցիներս, էլ ավելի հպարտությամբ էինք լսում նրան, որովհետև ինքն էլ մեզնից մեկն է:

Ուզում եմ, որ Ծյոմը մի օր հայտնվի Anfield մարզադաշտում ու մի ֆուտբոլային հանդիպում մեկնաբանի էնտեղ: Չէ՞ որ սա հենց իր երազանքն է:

Մեր Արտյոմը հիմա ծառայում է Արցախում` Մարտունիում: Կարող ենք վստահ լինել, որ մեր խաղաղությունը հուսալի ձեռքերում է: Ուզում եմ, որ խաղաղ անցնի իր ծառայության երկու տարին, ու անփորձանք վերադառնա: Սա էլ երևի իմ երազանք է:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Հ.Գ. Ծյոմին ու մեր բոլոր զինվորներին բարի ծառայություն: Մենք ձեզ սիրով սպասում ենք:

Ani avetisyan

Թե ինչպես է հողը տուն դարձել

Երբ ես ծնվեցի՝ ինձ շրջապատող աշխարհը գրեթե նույնն էր, ինչ  այսօր է: Երբ այնքան մեծացա, որ սկսեցի նկատել փոփոխությունները՝դեռ չէի պատկերացնում, չէի մտածում, որ իմ հիշողության ու մտապատկերների սահմանից անդին էլի ինչ-որ բաներ են եղել,  որոնցից ինչ-որ բան՝ նույնը, շատ բաներ՝ այլ կերպ են եղել:

Մի ժամանակ, երբ ես չկայի, երբ չկար այն ամենն, ինչ կա այսօր, երբ չկար նաև այն, ինչ եղել է դրանից էլ առաջ՝ այս վայրը երևի սովորական  քարակույտ է եղել, բլուրներ ու սարեր են շրջապատել այդ մանր ու սուր քարերին, բայց հնարավոր է նաև, որ այստեղ ծառեր կային, ու նույնիսկ անտառ էր , գուցե լիճ կամ լճեր էլ են եղել: Ո՞վ գիտե:

Ժամանակ է անցել, և  չգիտեմ՝ որտեղից ինչ-որ մարդիկ են եկել այստեղ ապրելու, բայց ժամանակների ու ժամանակի քամիների բերած փոշին ծածկել է նրանց ու նրանց տները, ծածկել է նրանց հետ կապված ամեն-ամեն ինչ: Հետո այնքան փոշի ու քարեր են հավաքվել, որ դրանց վրա նոր տներ են կառուցվել, ու նոր մարդիկ են եկել այստեղ: Այդպես, փոշու տակ երևի շատ աշխարհներ են մնացել, ու քիչ-քիչ բարձրահարկ շենքի նման ինչ-որ բան է ստացվել, իսկ ամենավերևի հարկում ուրվագծվել է այսօրվա պատկերի նախատիպը:

Երևի քամիներն ու դրանց բերած փոշին էր մեղավոր, որ այստեղ ծառեր ու կանաչ չի մնացել: Երևի ամենաներքևում՝ առաջին հարկում, աշխարհի ամենականաչ տարածքն է եղել: Երևի:

Այդ ժամանակից դարեր են անցել, և այստեղ հարևան ժողովրդից մարդիկ են եկել ապրելու: Ապրել են, գուցե ուրախ, գուցե տխուր օրեր անցկացրել: Նոր տներ են կառուցել դարերի փոշու վրա, ու կարծել,որ եթե այդպես է՝ այդպես էլ պետք է լիներ:  Ճիշտ է՝ նրանց վրա ժամանակի փոշին չի նստել, բայց մի օր եկել է տարածաժամանակային սխալներն ուղղելու ժամանակը, և այս քարակույտ-հող-հայրենիի իրական տերերը եկել են՝ նորից տեր կանգնելու նրան՝ հույսով, որ մի օր այդ հողը  աշխատող ձեռքի տակ հայրենիք կդառնա:

Առաջինը այստեղ տատիս ծնողներն  ու նրանց հարազատներն են եկել: Այդ ժամանակ այստեղ եղած հին աշխարհներից շատ բան չէր մնացել, միայն կիսավեր տներ էին, որոնց քիչ ժամանակ անց նույնպես կծածկեր փոշին, բայց այդ տները նոր տների հիմք են դարձել, և նորից կյանք է սկսվել: Գյուղը գյուղ է դարձել, հետո դարձել երկրի մի մասը, ինչ-որ բան տվել նրան ու մի բան էլ վերցրել: Այստեղ  ապրողներին սկզբում մի բան էր միավորում. նրանք բոլորն էլ Արևմտյան Հայաստանից էին եկել, գրեթե բոլորը՝ մի գյուղից: Նրանք ապրել են կողքի-կողքի՝ փոքրիկ ու իրար կպած տներում, ապրել են մեկը մյուսի կյանքով…  Նրանց հին՝Վանում թողած գյուղից մեկն էլ մի օր որոշել է գրել ապրածը, տեսածն ու լսածը.

«…Վասպուրականի երբեմնի  բազմաշունչ Հառեղից այստեղ էին հասել ծերացած Մուխսին (նա տոհմի հպարտությունն էր, որովհետև Երուսաղեմ ուխտի էր գնացել), Արշոն, Մարտիրոսը, Անդունենց Սերոբը՝ Գյուլոյի հետ: Եկել էին նաև մի քանիսը Փեսանդաշտից և Ալաշկերտից»: 

Հեղինակի նշած մարդկանց անունները մանկուց եմ լսել,իսկ նրանցից շատերին ու ոմանց էլ, ովքեր մնացել էին անցյալի էջերում՝ տեսել եմ գրքերի մեջ, այն գրքերի, որոնք տատիկս ու նրանց ողջ տոհմը աչքի լույսի պես էր պահում: Այդ գրքերում ծանոթ անունները կարմիրով էին ընդգծված:

Հենց նրանք են այս քարակույտին ձև ու գույն տվել, նկարել են վաղուց ջնջված պատկերները, ու այս հողը ժամանակի ընթացքում հայրենիք է դարձել: Եվ ժամանակի փոշին այլևս չի ծածկել տարածքը, որովհետև արդեն այդ փոշին մաքրողներ կային, և կային նրանք, ովքեր գծում էին այն, ինչ կար, երբ ես ծնվեցի:

Այժմ, երբ նայում եմ Հառեղի, Վանի ժառանգ Փաթրինջ-Ոսկեհատի փողոցներին, մտովի տեսնում եմ բարձրահարկ շենքի մյուս հարկերը, որոնք ժամանակի ճանապարհին մնացել են անբնակ:

Այսօր, երբ մտապատկերներիս սահմանները բավական մեծացել են ու կարողանում են ընդգրկել նույնիսկ անպատկերելին ու անպատմելին՝ աշխարհն ինձ համար միայն գնդի մակերեսին չէ, որ կա, այն մի քանի հարկ ունի, որոնցից ամեն մեկը մի աշխարհ է, մի մոլորակ մեր մոլորակում, որտեղ ամեն մեկն էլ փորձել է քարից տուն շինել, իսկ այդ տունը մի օր հայրենիք դարձնել:

Nane Eghiazaryan

Հնչում է կոմիտասյան մեղեդին

Մարմնովդ սարսուռ է անցնում, իսկ հոգիդ տակնուվրա է լինում, զգում ես ցավ, թախիծ, սիրտդ մորմոքվում է այն մեղեդուց, որ ստեղծել է Կոմիտասը: Նա իր ազգի տառապանքն է դրել մեղեդու մեջ, նրա ամենօրյա ուրախությունն ու թախիծը, հոգսերն ու պարերը: Նրա կախարդական նոտաների մեջ լսվում է այն ձայնը, զգում ես այն զգացմունքը, որն ապրել է այդ պահին: Այդ մեղեդին դիպչում է քեզ, մտնում սիրտդ, և երբ զգում ես այն, չես ուզում բաց թողնել: Նա հոգուցդ մի կտոր է պոկում ու տանում իր հետ: Այդ մեղեդին արցունք է պոկում աչքիցդ, ու էլ չես կարողանում այն բաց թողնել:

Կոմիտասի մեղեդին չես կարող փոխարինել ոչնչով: Այն յուրահատուկ է իր ձևով, զգացմունքների տեղատարափով: Բառեր, բառեր ու էլի բառեր, որոնք միգուցե փորձում են գեղեցկացնել մեղեդին, ու շատերի համար հենց դա է կարևորվում:

Գիտե՞ք, պետք չէ լսել բառերը, որ պատկերցանես՝ ինչի մասին է Կոմիտասի ստեղծագործությունը: Ո՛չ, Կոմիտասին կարելի է հասկանալ նրա մեղեդու միջոցով: Մարդի՛կ, ինչո՞ւ եք ամեն ինչին թռուցիկ կերպով վերաբերվում, ախր, Կոմիտասը հանճար է, իսկ շատ երիտասարդներ նրան նույնիսկ չեն հասկանում: Կոմիտասը հայ էր, բայց այժմ այլազգիները  ավելի շատ են լսում նրա մեղեդիները, քան մենք, ու ավելի շատ են նրան գնահատում: Չնայած՝ հանճարին ոչ բոլորը կարող են հասկանալ:

Կուզեի մարդկանց հարցնել, հայությանը հարցնել, թե այս աշխարհում եղե՞լ է, կամ կա՞ մեկը, ով այդքան խորն ու այդքան գեղեցիկ է ներկայացնում թե՛ ցավը, թե՛ ուրախությունը:

Հնչում է կոմիտասյան մեղեդին, որի ժամանակ մարդիկ լարվում են, ու ինչպես մի քանի տարի գեղեցիկ հագուստ չտեսած մարդը՝ խլում են այն ու չեն կարողանում բաց թողնել: Վերջ: Մեղեդին դադարեց: Ամբողջ դահլիճում լռություն է: Մարդիկ քարացել են, իսկ նրանց աչքերից արցունքներ են հոսում: Նրանցից մեկը վերջապես ուշքի եկավ և ոտքի կանգնելով՝ սկսեց ծափահարել: Նրա ծափի ձայնից այդ սքանչելի ու հեքիաթային քնից արթնացան և մյուսներն ու սկսեցին հետևել առաջին մարդու օրինակին:

Իմ կարծիքով հենց այդպես է պատահում, երբ մի շքեղ դահլիճի բեմում հնչում է կոմիտասյան մեղեդին:

Lilit Grigoryan

Խառը ժամանակներ են

Ապրիլը վերջացավ: Շատերը սկսել են պատրաստվել տարեվերջյան քննություններին, ոմանք այդ մասին չեն էլ մտածում ու մեզանից երջանիկ կյանքով են ապրում, ոմանք էլ չգիտեն, թե որտեղից կարելի է սկսել և ուր գնալ:Մեզանից շատերը պատրաստվում են միասնական քննություններին և սթրեսային վիճակում են: Ընդհանրապես այդ միասնական քննությունները ոնց որ մի նոր կյանք մտնելու համար քննություններ լինեն: Էնպես ծանր են տանում մարդիկ, չգիտեմ, կարող է, ես էլ ծանր տանեմ: Մի տեսակ չեմ սիրում էդպիսի լարված վիճակներ, որ անգամ ժամանակ չունես դուրս գալու, մի փոքր քայլելու, կյանքի մի ապրիլ էլ վայելելու, ու արդեն մայիսն է…

Շատերս էլ պատրաստվում ենք փոխադրական քննություններին, արդեն ունենք տոմսերը, բայց դեռ չենք ուզում գոնե ծանոթանալ դրանց:
Խառը ժամանակներ են… Ոմանք էլ չգիտեն, թե որից սկսեն: Նրանցից մեկն էլ ես եմ: Սովորում եմ տասներորդ դասարանում, ունեմ բանավոր քննություններ չորս առարկայից, մասնակցում եմ մի շարք մրցույթների ու չեմ հասկանում, թե որ գործը կարելի է առաջ քաշել, որը դարձնել երկրորդական, ու էսպիսի շատ հարցեր, որոնց պատասխանը ընկերուհիս է տալիս, Մարիամը, ով ինձ պես մի բազմազբաղ աղջիկ է:

Մեր ամենօրյա խոսակցության թեման սովորելն ու ամեն ինչ հասցնելն է: Երբ նեղվում եմ այսքան լարվածությունից, նրան ֆեյսբուքով գրում եմ՝ Մար… Ու նա արդեն գիտի փորացավս: Զանգահարում է, հույս տալիս, քաջալերում: Անընդհատ որոշում ենք իրար հետ պարապել, էսպես կամ էնպես դասակարգել դասերը, հեշտը դժվարից տարբերել ու… Ահ, ոչ մի հետաքրքիր բան, բայց դե, միևնույն է, մենք հասցնում ենք, ու հույս ունենք, որ այս ամենը շուտ կավարտվի, հանգիստ շունչ կքաշենք:
Բայց մի խորհուրդ բոլորին, ովքեր մեզ նման զբաղված են, քննությունների են պատրաստվում: Լավ քնեք, լավ սնվեք, ու որ ամենակարևորն է, լավ երաժշտություն լսեք: Հիշեք հայտնի խոսքը. Սա էլ կանցնի:

arman arshak

Արմանից՝ Առմ

Բարև… Էլի ես եմ, եկել եմ հետդ խոսելու, արի փորձենք միասին բացահայտել ինքներս մեզ: Դու երբևէ փորձե՞լ ես ինքդ քեզ ներքին վերլուծության ենթարկել, օրինակ՝ տնտեսագիտության մեջ հայտնի SWOT անալիզով: Եթե ոչ, ապա հոդվածս կարդալուց անմիջապես հետո մի զլացիր, վերցրու թուղթն ու գրիչը և առանձնացրու քո թերությունները, առավելությունները, ընձեռված հնարավորություններն ու հնարավոր խոչընդոտները:

Եվ այսպես, հերթական գիշերն էր: Ինչպես բոլոր գիշերները, այս գիշեր ևս մտածում էի ամեն ինչի մասին: Դե, այդպես է, չէ՞, բոլոր մտքերը գալիս են քնելուց առաջ ու, չգիտեմ ինչու, այս անգամ մտքովս անցավ, թե ինչու եմ մոտ ընկերներիս ասում, որ ինձ Առմ դիմեն, փորձեցի հիշել «սկզբնաղբյուրը»: Մտովի տեղափոխվեցի առաջին դասարան՝ իմ առաջին դասը, երբ դասվարս, ծանոթանալով մեզ հետ, իմ անունը կրկնելիս ասաց Առման: Մինչ այսօր հիշում եմ, թե ինչքան դուր եկավ ինձ դա ու ինչքան էր դուր գալիս, երբ նա ամեն անգամ ինձ այդպես էր դիմում:
Լավ, հիմա կասեք՝ Առմանը սկսվեց առաջին դասարանից, իսկ ինչո՞ւ Առմ: Հերթական անգամ փորձեցի վերլուծել ինքս ինձ: Հիշեցի մի քանի տարի առաջվա Առմանին: Ես հասկացա, որ նա իսկապես Արման էր. շփվում էր քչերի հետ, չէր հարմարվում նոր միջավայրերին, իսկ երբ նրան համեմատեցի ներկայիս Առմանի հետ, հասկացա, որ շատ մեծ է փոփոխությունը: Ներկայիս Առմանը սիրում է շփվել, սիրում է նոր միջավայր, սիրում է բոլորի հետ լինել ջերմ և ունի շատ ընկերներ: Այդ մտերմության պատճառով նա չի սիրում, երբ նրան ասում են Արման, այլ կարճ ու մտերմիկ՝ Առմ:
Դե ինչ, սիրելի ընթերցող, գնա ու կատարիր ինքնաբացահայտումդ, ու աշխատիր յուրաքանչյուր արարքիդ վրա, որպեսզի հետագայում հասկանաս, որ այն ծառայել է հնարավորությունների շնորհիվ թերությունները առավելություն դարձնելուն:

amalya harutyunyan

Ես, 10 ամիսները, ապրիլը ու 17-ը

-Երեխեք, գիտեք չէ, մի հատ պատանի թղթակիցների ցանց կա, մեզ մոտ եկել ա դասընթացների, կայքի անունն էլ 17 ա,- ասաց Մանեն, հազիվ հասնելով մեզ մոտ ու սկսելով խոսել:
-Հա, ինչ հավես ա, ափսոս, ես Երևանից եմ,- հույսս կտրած պատասխանում եմ ես:
Ինձ համար ամեն ինչ սկսվեց այսպես:
Ոչ մի դպրոցի տնօրեն, ոչ մի ուսմասվար էլ չեկավ ու չասաց, որ 17-ը մեզ մոտ է եկել (չնայած այնքան կուզեի), այլ հենց շատերիս համար ծանոթ Մանեն ինձ պատմեց 17-ի մասին: Դե նա այն տեսակներից է, որ ոչ մի նոր ծանոթություն ու հնարավորություն բաց չի թողնում:
Օրեր անցան, ու օրերի անցնելու հետ մեկտեղ հետզհետե շատանում էր Մանեի ինֆորմացիան: Ասում էր` կինո ենք նկարում, լուսանկարում ենք, պիտի ճամբար գնանք: Ու մի օր էլ գայթակղությունը համակեց ինձ, ու ես հարցրի:
-Ես էլ եմ ուզում, իսկ ես չեմ կարո՞ղ թղթակցել:
-Դե գրի իրենց, հարցրու, Ամ,- ամեն անգամ ասում էր Մանեն:
Ու ամեն անգամ նա լսում էր նույն պատասխանը:
-Ախր, ամոթ ա, ո՞նց գրեմ, ի՞նչ գրեմ, ի՞նչ ասեմ: Ինձ չեն ճանաչում, երևի չեն թողնի:
Ու չնայած Մանեն ինձ ուղիղ մի ամիս համոզում էր, ես մեկ է` ամաչում էի ու չէի փոխում կարծիքս:
Բայց արի ու տես, որ ամեն ինչ շատ ավելի ուրիշ ստացվեց:
Մի օր էլ նորից թերթում էի 17-ի էջերը ու արդեն հաշիվս կորցրել էի, թե որերորդ անգամ, երբ ես էլ չհասկացա՝ ինչպես ձեռքերս բացեցին հաղորդագրության հատվածն ու գրեցին, որ ուզում եմ թղթակցել:
Գրելուց հետո երկար րոպեներ բարկանում էի ինձ վրա, որոշում, որ այդ բառը հարմար չէր, ստորակետն այդտեղ չպետք է դնեի, ուրիշ ձև պետք է շարադրեի միտքս: Բայց արդեն ուշ էր, նամակս ուղարկել էի:
Ու երբ ինձ պատասխանեցին, որ ես կարող եմ թղթակցել, աշխարհով մեկ եղած գրեցի նյութս ու ուղարկեցի:
Հետո իմ անջատված բնավորության համաձայն 13 օր շարունակ չստոգեցի մեյլս ու չգիտեի, որ նյութս ցանկանում են տեղադրել, մինչև որ էլի Մանեի շնորհիվ գտան ու ինձ տեղեկացրին:
Հիշում եմ` 19-ն էր օգոստոսի, բացեցի ֆեյսբուքը ու տեսա նյութս:
Այդ օրը մխրճվել է հիշողությանս մեջ, կարծիքներ, մեկնաբանություններ այնքան շատ լսեցի, բոլորն էնպես ոգևորեցին, որ այդ օրը դարձավ այն 10 ամսվա առաջին ու կարևորագույն օրը:
Այս ամիսների ընթացքում 17-ը մեծ փոփոխություններ բերեց կյանքումս:
Ճիշտ է, ես ստացա ճամբարի հրավեր, որը ստիպված բաց թողեցի, և որի համար էլ լաց եղա շաբաթներով: Ես փորձեցի փախչել Ապարան` բարեկամներիս մոտ, երբ իմացա, որ 17-ը պատրաստվում է դասընթացներ կազմակերպել էնտեղ, սակայն դա էլ չստացվեց, եղան շաբաթներ, երբ ես չուղարկեցի նյութեր, բայց այն մեծ ընտանիքը ու ջերմությունը, որ տվեց 17-ը, աննկարագրելի է:
Աշուն էր, երբ նորից քայլում էի Մանեի հետ դրսում ու մեզ մոտեցան երեք աղջիկներ: Ու նրանցից մեկն ասաց,
-Վայ դու ես չէ՞ այն աղջիկը, Ամալյան, մենք ճամբարում քո նյութը կարդացինք ու հուզվեցինք, ափսոս չեկար:
Ու ինչքան քիչ բան է ինձ պետք երջանկանալու համար, 2 բառ, ու ես նորից սավառնում եմ երկնքում:
Ու էսպես ամեն մի արձագանքից ու նույնիսկ ամեն մի թղթակցի ընկերանալու հայտից ես երջանկանում եմ ու զգում ինձ լիարժեք անդամ այդ մեծ ընտանիքում:
Ես 17-ում գտա էնպիսի մեկին, առանց ում հիմա ես իմ կյանքը չեմ պատկերացնում, ես պատմեցի ու խոսեցի էնպիսի բաներից, որ դեռ ոչ ոքի այդպես անկեղծ չէի պատմել:
Ու երբ հասավ ապրիլը, Մանեն ինձ ասաց, որ իրեն զանգել են մրցանակաբաշխության համար, հարցնում էր` արդյոք ինձ չե՞ն զանգել:
Ու ինչպես կասեին մեծերը, ես էլի նույն երգն էի երգում:
-Ման, իրենք ինձ նույնիսկ չեն տեսել, ես չեմ հասցրել ծանոթանալ իրենց հետ, մեկ-մեկ պասիվ եմ եղել, ինչո՞ւ պիտի ինձ կանչեն, չէ, դե ինձ երևի չեն կանչի, ոչինչ:
Գնալու ցանկությունս մեջս սպանելով որոշում եմ, որ ինձ հաստատ չեն կանչի, բայց ցանկությունը հաղթանակ է տանում, ու ես համոզվելու համար բացում եմ մեյլս: Ու ի ուրախություն ինձ` նամակ էր 17-ից, հենց մրցանակաբաշխության մասին, մյուս օրն արդեն զանգահարում են, ու վերջ, ես սկսում եմ հաշվել օրերը, երբ պետք է տեսնեմ այն մարդկանց, ում հետ կիսում եմ մտքերս:
Միայն էնտեղ գտնվելն ինձ համար արդեն ուրախություն էր, բայց այն եռապատկվեց ու քառապատկվեց, երբ ես իմ լուսանկարն ու անունը լսեցի 100 ամենաակտիվ ճանաչված թղթակիցների մեջ ու հնգապատկվեց, երբ տեսա նյութս «Խաբարբզիկի» հատուկ համարում: Ու վեցապատկվեց, երբ տեսա ամբողջ «Մանանայի» թիմին, երբ կարողացա գրկել նրանց, ու փոքրիկ երեխայի նման ցանկանում էի ամեն անգամ ստուգել` արդյո՞ք այս ամենը երազ չէ:
Ու այդ նույն ուրախությունը բազմապատկվեց, երբ տեսա Միլենա Խաչիկյանի նյութում այն երեք տողերը, որ չճանաչելով ինձ էր հատկացրել:
Ու ես սիրեցի իմ կյանքի այս 10 ամիսը, շատ-շատ սիրեցի:
Ու ես ցանկանում եմ, որ իրար հետևից 10 ամիսները 10 և ավելի անգամ շարունակվեն, ու ես ունենամ հնարավորություններ ու ոչ մի դեպքում բաց չթողնեմ դրանք:

Հ.Գ. Եթե դու թղթակից ես ու հիմա սա կարդացիր, ուրեմն մի երկմտիր, արի ծանոթանանք: Իմ ցանկությունը շատ մեծ է, ուղղակի ամաչկոտությունս էլ ավելի շատ է: Ու ինչպես հասկացար, նորից նույն երգն եմ երգում:
-Ինձ չեն ճանաչում, ինձ հետ չեն խոսի, ես ամաչում եմ գրել…
Ու այդպես:

Խմբագրության կողմից. Ամալյա, ճանաչելու համար պարտադիր չէ տեսնելը, ինչպես ասում է ձեր սիրած հերոսը, ամենակարևորը սրտով տեսնելն է: Քեզ սիրում ենք:

seda harutynyan-2

Ապրիլը՝ դեմքերով

Հարցազրույց ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած և վիրավորված, Հրազդան քաղաքի բնակիչ Անդրանիկ Խաչատրյանի հետ։

 -Երբ սկսվեց պատերազմը, որտե՞ղ էիր։

-Ես ապրիլի մեկին բարձրացել եմ դիրքեր, ու երբ սկսել է պատերազմը, ես դիրքերում եմ եղել։

-Ինչպե՞ս սկսվեց հարձակումը։

-Ապրիլի երկուսին մեր կողքի դիրք դիվերսիոն խումբ էր եկել։ Երկու վիրավոր ունեցանք։ Մեզ վրա անդադար ականանետերով կրակում էին։ Ապրիլի երեքին Ղարաբաղից կամավորներ եկան ու մեզ հետ կանգնեցին մարտնչելու։

-Դու ինչպե՞ս վիրավորվեցիր։

-Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը մեզ զանգեցին ու ասացին, որ մեր ուղղությամբ եկող մարդիկ են տեսել։ Երեք հոգով գնացինք, դիրքավորվեցինք ու սկսեցինք կրակել։ Իրենք էլ մեզ վրա ականանետերով նորից սկսեցին կրակել, հետ գնացինք թաքստոց։ Հետո տղաներից մեկը թաքստոցից դուրս եկավ ու սկսեց կրակել, ես նրան ասացի, որ հետ գա ու նրա փոխարեն գնացի կրակելու։ Ականն ընկավ գետնատնակի դիմաց։ Գետնատնակում երեք հոգի վիրավորվեցին, իսկ դրսում՝ ես։ Առավոտյան շտապ օգնությունը նրանց տարավ, ես մնացի։

-Ի՞նչդ էր վնասվել, ինչո՞ւ չէիր ասում, որ վիրավոր ես։

-Վնասվել էր ուսս։ Ուղղակի չէի ուզում իջնել դիրքերից, ուզում էի ընկերներիս հետ մինչև վերջ մնալ, նրանց հետ լինել։

-Դժվար չէ՞ր վնասված ուսով հակառակորդին դիմադրելը։

-Շա՜տ դժվար էր, պատկերացրու, որ թևս շարժել չէի կարողանում։

-Ինչպե՞ս են ծնողներդ իմացել, որ վիրավոր ես։ 

-Ծնողներիս հետ խոսելիս չեմ ասել ոչինչ, իմացել են ամսի 9-ին, համացանցից։

-Ունեի՞ր ընկերներ, որ հերոսացան քառօրյա պատերազմի ժամանակ։

-Հա, Ասատրյան Աղասը, Յուզիխովիչ Վիկտորը, բայց իմ «պոստից» չէին, վաշտից էին։ Նաև մեր համաքաղաքացի Վահե Զաքարյանը, որն իմ դասարանից է եղել։ Ու հենց այն, որ ես կորցրի իմ մարտական ընկերներին, ինձ ուժ տվեց, որ թեկուզ՝ վիրավորված շարունակեի կռիվը։

-Ըստ Աստծո պատվիրանների՝ մարդ սպանելը մեղք է։ Ըստ քեզ, եթե դու թշնամուդ ես սպանել, մե՞ղք ես գործել, թե՞ հերոսություն ես արել։

-Ըստ իս՝ սպանելը մեղք է, բայց ինքդ քեզ, ընկերներիդ, ու առաջնահերթ՝ հայրենիքդ պաշտպանելու համար չսպանել չես կարող։

-Ինչպե՞ս ես առհասարակ վերաբերվում թշնամուն:

-Դե, իրենք էլ են զինվոր, իրենց էլ են հրաման տվել։

-Ի՞նչ խորհուրդ կտաս այն տղաներին, որոնք շուտով պետք է ծառայեն։

-Անվախ ծառայեն ու պահեն մեր հողերը։