lilit khlghatyan portret

Առաջին քայլերս, հույզերս և հաղթանակս…

Տարբեր մարդիկ իրենց զգացմունքները արտահայտում են տարբեր կերպ: Ես մարդկանց այն խմբին եմ պատկանում, որոնց հուզելը դժվար է: Չեմ ասում զգացմունքային չեմ, ուղղակի միշտ չէ, որ կարողանում եմ լաց լինել…

Առաջին իսկ օրվանից, երբ ոտք դրեցի 17.am, միշտ ուրախ պահեր եմ ունեցել: Ամեն մի փոքրիկ հաջողությունից թռվռացել եմ, այդ պահերին կարծես աշխարհը նվիրեն ինձ: «Մանանա»-ից ամեն անգամ զանգ ստանալուց սիրտս սկսում էր շատ արագ բաբախել: Արդեն իսկ զգում էի, որ մի բան փոխվելու է:

Վերջին զանգին ստացա մրցանակաբաշխությանը մասնակցելու հրավեր: Ոգևորված էի: Հաճախ չէ, որ կրկին կհանդիպեի ամենաբարի աշխատողներին և կտեսնեի ընկերներիս, որոնց հետ միայն 17.am-ի միջոցով ծանոթացա:
Եվ ահա ոգևորված հասա Երևան: Գրեթե մեկ շաբաթ պլաններ էի կազմում: Հասա, և սկսվեց մրցանակաբաշխությունը, այնքան ոգևորված էի… 17.am-ը ժյուրի ուներ, և նրանք ընտրել էին նաև իրենց հավանած ակտիվ թղթակցին՝ իրենց կողմից պարգևատրելու համար:

Առաջինը բեմ բարձրացավ լրագրող  Ռուզան Մինասյանը, մի քանի խոսք ասելուց հետո արտաբերեց իմ անուն ազգանունը: Հուզված էի, չգիտեի՝ ինչ անել: Ուղղակի չէի հավատում: Մի քայլ առաջ եկա, հետո հետ քաշվեցի՝ մտածելով, որ գուցե սխալվել են, բայց փաստորեն, չէ… Բարձրացա բեմ, կանգնեցի նրա կողքին, ասաց, որ իմ արած գործերը շատ է հավանել, որ կարողանում եմ պատկերացնել շատ լավ և ինձ մեկնեց մի մեծ նվեր… Նա ինձ հանձնեց լրագրողի իր աշխատանքային գործիքը՝ տեսախցիկը, որով ինքն էր իր նյութերը նկարահանում ու նկարում:

Երբեք չէի պատկերացնի, որ ինձ հետ նման բան կլինի: Գլուխս մեխանիկորեն կախեցի: Մեծ հպարտություն էի զգում, շատ ոգևորված էի և շատ հուզված: Գրկախառնվեցինք և իջա բեմից: Ոտքերս դողում էին, մի պահ մտածեցի, թե երազ է…Աչքերս լցվել էին, եթե մենակ լինեի, հաստատ մի լավ ժպիտով կլացեի` ժպիտով, որովհետև դրանք ուրախության արցունքներ կլինեին: Շատ պարտավորեցնող էր Ռուզան Մինասյանից նման նվեր ստանալը: Բեմիս իջնելուց հետո արդեն մտածեցի, որ չպետք է բավարարվեմ միայն լուսանկարներ անելով`պետք է նաև ֆիլմի սցենարներ մտածեմ: Շատ շնորհակալ եմ նրան ինձ այդպիսի հնարավորություն տալու համար, հավատացած եղեք, որ ձեր հույսերը կարդարացնեմ`անպայման կարդարացնեմ…Ախ, որ պատկերացնում եմ, թե ինչեր կկորցնեի, եթե չթղթակցեի 17.am-ին… Սա իմ առաջին հաջողությունն էր, բայց ոչ վերջինը: Այժմ նստած եմ երթուղային մեքենայում և Երևանից-Լիճք եմ վերադառնում, գալիս եմ իմ գյուղ՝ ուրախությունս ընտանիքիս, ընկերներիս հետ կիսելու համար:

Իմ հետևում մի կին էր նստած իր երեխաների հետ, որդին մեկ տարեկան էր և արտասանում էր իր առաջին բառերը` մայրիկ, հայրիկ, ամենաթանկ բառերը աշխարհում…

Նա ասում էր իր առաջին բառերը, ես անում եմ իմ առաջին քայլերը: Եվ այդ ամենի համար շնորհակալ եմ ծնողներիս, շնորհակալ եմ 17.am-ի աշխատակազմին և իհարկե, Ռուզան Մինասյանին՝ ինձ այսպես ոգևորելու և խրախուսելու համար:

Սպասեք ապագա լրագրող Լիլիթ Խլղաթյանին, ես արդեն արել եմ իմ առաջին քայլը:

mariam tonoyan

«Իրական կյանքը լավագույնս արտացոլելու համար»

Օրը սկսվեց տարօրինակ տագնապի զգացումով: Առջևում ինձ էր սպասում 17-ի առաջին մրցանակաբաշխությունը, որին ես նույնպես պատիվ ունեի մասնակցելու: Վերջապես հնարավորություն էի ունենալու կրկին հանդիպել 17.am-ի անձնակազմի ու թղթակից ընկերներիս հետ, որոնց այնքա՜ն կարոտել էի: Շտապողականությունս Գավառ-Երևան միկրոավտոբուսում մեծացավ, երբ նստարանիս կողքին տեղավորեցին մեքենայով տեղափոխվող ձկների չորս մեծ պայուսակներ:

Ի վերջո հասանք Կոմիտասի անվան երաժշտական կամերային տուն, որտեղ էլ կայանալու էր մրցանակաբաշխությունը: Դեռ մեկ ժամ կար մինչ կսկսվեր փառատոնը: Անհամբեր շուրջս էի նայում, փնտրում ծանոթ ու հարազատ դեմքեր, այս ու այն կողմ շրջում… Գնալով մարդկանց հոսքը մեծացավ, ու հանդիպեցի ճամբարական ընկերներիս: Ջերմ ողջույնների ու գրկախառնությունների միջից նկատում էի ընկերներիս կարոտած ու հուզմունքից արցունքոտված փայլուն աչքերը: Մեզնից ոմանք հիշում էին ճամբարական խենթությունները, կատակում, ծիծաղում, ոմանք հարցնում միմյանց առօրյայի մասին, որի մի մասնիկն է կազմում 17.am-ի հետ աշխատանքը: Իմ այդ փոքրիկ ընտանիքի մարզերով սփռված մասնիկները կրկին հավաքվել էին ու սպասումով լեցուն որոնում էին «մերոնց», իսկ «անծանոթների» հետ, որոնք արդեն մեզ այնքա՜ն ծանոթ են իրենց մտքերով, լուսանկարների իրենց ոճով, իրենց նկարահանած ֆիլմերի յուրօրինակ բովանդակությամբ, սկսում էին նոր ընկերական կապեր ձևավորել: Ահա և գանգրահեր Անահիտը, ում նյութերն այնքան հաճույքով եմ կարդում, ու Կարինեն, Սոսեն ևս…

Սկսվեց փառատոնը: Բեմին երևացին հաղորդավարները, ովքեր նույնպես թղթակիցներ էին ու այնքան վարժ ու բնական ներկայացրեցին փառատոնի նպատակը, ժյուրիներին, մրցանակակիրներին: Ցուցադրվեցին մեր կատարած միահամուռ աշխատանքների մասին տեսանյութերը, աշխատանքային լուսանկարներ, հատվածներ նկարահանած ֆիլմերից: Որքա՜ն աշխատանք ու ներդրում էր ցայտում այդ տեսանյութից, որքան նվիրվածություն ու ջանքեր…

Հաղորդավարները փառատոնի ավարտին կարդացին ծրագրի արդյունքները ու աչքի ընկած պատանիներին հանձնվեցին տարբեր մրցանակներ:

Անակնկալի եկա, երբ անունների վերջում հնչեց նաև իմ անունը, ու ես՝ Մանանայի շրջանավարտ և աշխատակից Մանե Տոնոյանի անհատական հովանավորությամբ, ում շնորհակալ եմ իմ նյութերը կարևորելու, գնահատելու ու մրցանակի արժանացնելու համար, արժանացա մրցանակի, ստացա դիպլոմ «Իրական կյանքը լավագույնս արտացոլելու համար»: Հուզմունք ու անսպասելի անակնկալի արժանանալու զգացումը պարուրեց ինձ:
Անշուշտ, 17.am-ի նշանակությունն իմ կյանքում ահռելի է, քանի որ այն ինձ հնարավորություն է տվել արտահայտվելու, խոսելու ինձ հուզող տարբեր խնդիրների մասին, կարդալով իմ հասակակիցների նյութերը` նոր գիտելիքներ ու տեղեկատվություն ձեռք բերել, ընկերանալ տարբեր մարզերից երիտասարդների հետ ու համատեղ աշխատել ու այս ոլորտում դրական արդյունքի հասնել:

jora petrosyan

Միգրացիայի իրական իմաստը

Ես դեռ շատ փոքր էի, բայց նկատում էի, որ մեր հարևանի տանը բոլոր գործերը՝ և՛ կնոջ, և՛ տղամարդու, կատարում էր մեր հարևանուհին։ Նրան համարյա միշտ զայրացած էի տեսնում իր երկու տղաների չարաճճիությունների պատճառով: Սկզբից չէի հասկանում, թե ինչու։ Հետո հասկացա, որ նրա ամուսինն արտերկրում է՝ աշխատելու, և նա ստիպված է ամեն բան իր ուսերին առնել: 

Մեծանալով՝ սկսեցի հաճախ լսել հեռուստատեսությամբ, կարդալ մամուլում և համացանցում «միգրացիա» անծանոթ բառը, որի իմաստը ինձ թվում էր խիստ խորհրդավոր, մի տեսակ եվրոպական: Ես կարծում էի, թե դա մի երևույթ է, որ հեռու է մեզնից ու մեր միջավայրում ընդհանրապես գոյություն չունի: Ես այրվում էի այդ բառի իմաստը հասկանալու ցանկությունից: Սկսեցի փորփրփել համացանցը և, ո՜վ զարմանք, պատկերացրեք իմ հիասթափության աստիճանը, երբ հանկարծ պարզեցի, որ միգրացիան ամենուրեք է, և իմ շրջապատում յուրաքանչյուր երրորդ ընտանիքում կա այդ սարսափելի խնդիրը, որ մեր հարևանուհին ու իր մանկահասակ որդիները հենց միգրացիայի զոհերն են: Իմ պատկերացմամբ՝ «միգրացիա» նշանակում է՝ անհայր մանկություն, անամուսին կին, հայրենիքը լքած, սեփական ինքնությունը կորցրած տասնյակ հազարավոր ընտանիքներ, որոնց զավակները, ըստ էության, հնարավոր է՝ չիմանան, թե ինչ ազգության են պատկանում, ինչ մշակույթի կրողներ են: Պատահում է՝ այդ երեխաները մոռանում են մայրենին, բայց լավ չեն տիրապետում նաև այն երկրի լեզվին, որտեղ ապրում են:
Երբ անցնում են տարիներ, որոշ ընտանիքներ վերադառնում են հայրենիք։ Այդ ծնողները արտերկրում շատ խիստ են լինում իրենց երեխաների հանդեպ։ Չեն թողնում, որ նրանք դուրս գան, շփվեն, պահում են նրանց ինչպես ջերմոցային մի բույս, որին խնամել են, փայփայել, բայց որը զուրկ է եղել կենսատու արևից, մարմինը կոփող քամուց:
Անցել են տարիներ։ Հարևանուհիս՝ իր երկու երեխաների հետ, նույնպես գնացել է արտերկիր։ Բոլորը գնում են, իսկ Վարդենիս քաղաքս՝ դատարկվում։

Հիմա հաճախ եմ մտածում, պատկերացնում, թե ինչպիսին կլիներ հայ հասարակության կյանքն առանց այդ մղձավանջային երևույթի՝ միգրացիայի: Իհարկե, դժվար է պատկերացնել: Ըստ իս՝ դա մեզ համար դեռ երազանք է: Երազանք է, քանի դեռ չկան աշխատատեղեր, մարդկային պայմաններ, չկա սոցիալական ապահովվածություն, վստահություն վաղվա օրվա նկատմամբ: Երբ փորձում եմ երազել, պատկերացնում եմ օտար ափերում ստորացուցիչ աշխատանք կատարող միլիոնավոր հայերին վերադարձած, օտարացած ընտանիքները՝ վերամիավորված, խորթացած հայրերին ու զավակներին՝ ջերմ սիրով պարուրված…
Տա Աստված, որ երազանքս իրականացած տեսնեմ ոչ միայն ես, այլև պանդխտության մեջ դեգերող, ջերմության, սիրո կարիք ունեցող բոլոր հայրենակիցներս:

diana karapetyan

Փիսոները

Գարնանային արևոտ օր էր: Դասերս շուտ էի ավարտել և ուրախ վերադառնում էի տուն, թեկուզ գիտեի, որ տանը մարդ չկա. եղբայրս դեռ դպրոցում էր, մայրիկս գնացել էր հայրիկիս մորաքրոջ տուն, իսկ հայրիկս Մոսկվա էր գնացել: Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան տանը մենակ մնալը: 

Քայլերս ուղղեցի դեպի աստիճանները: Վայ, մեր կատուն մի փոքրիկ ձագի հետ էր: Մենք արդեն երեք տարի է, ինչ տանը կատու ենք պահում: Նա ամբողջ օրը տանը չի մնում, երբեմն դուրս է գալիս, բայց պարտադիր հետ է վերադառնում: Կատուն շատ լավն է, թեկուզ բացի քնելուց և ուտելուց ուրիշ ոչինչ չգիտի: Դրա հետ մեկտեղ ես առավոտներն արթանում եմ այն պահին, երբ նա ցատկում է անկողնուս վրա, մի քանի վայրկյան այս կողմ այն կողմ գնում, պոչը խփում դեմքիս և վերաջապես տեղավորվելով՝ քնում է անկողնուս մեջ: Երբեմն դա ինձ նյարդայնացնում է, բայց ես նրան շատ եմ սիրում, կարծես մեր տան հինգերորդ անդամը լինի: Նրան Ծիգր եմ ասում, բայց երբեմն փաղաքշական՝ Ծիգրյոնկ: Ուրախ վազեցի, որ ձագին գրկեմ, վերցրի նրան, և ձեռքերս ամբողջովին պատվեցին արյունով: Ես սկսեցի դողալ: Չէի հասկանում՝ ինչ է կատարվում: Արագ բացեցի դուռը: Մտնելով ներս՝ փոքրիկին դրեցի աթոռի վրա, գետնին գցեցի պայուսակս ու արագ վազեցի յոդի, սպիրտի, բամբակի և վիրակապի հետևից: Բերելով սպիրտը՝ սկսեցի մաքրել արյունը: Յոդով վերքը մշակելուց հետո ես հասկացա, որ ամեն ինչ իզուր է, որ ես էլ չեմ կարող նրան օգնել: Նա չէր շնչում, աչքերը չէին արձագանքում շարժումներիս, սիրտը դադարել էր բաբախել, իսկ մարմինն արդեն վաղուց սառած էր… Մի քանի անգամ մատներով սեղմեցի սրտին, բայց ապարդյուն էր: Նա այնքան փոքր էր, որ ափիս մեջ էր տեղավորվում: Նա սպիտակ էր՝ շագանակագույն պուտերով: Ես չգիտեի՝ ինչ անել:

Կանգնելով տան մեջ և ձեռքերումս պահելով նրան՝ բարձր ձայնով լաց էի լինում ու մեղադրում ինձ, որ ավելի շուտ տուն չեմ եկել: Ես ինձ ոչնչություն էի զգում, անպետքի մեկը, որը բացի լաց լինելուց ոչինչ չկարողացավ անել: Ես այդ պահին ոչինչ չէի զգում, և միայն կատվիս մլավոցն էր ինձ հիշեցնում, որ այս ամենն իրականություն է: Ես չգիտեի, թե ինչ պիտի անեմ, ուղղակի նրան գրկած նստել էի, միչև եղբայրս եկավ: Մենք նրան թաղեցինք: Այդ ընթացքում կատուն անհանգիստ մլավում էր, կարծես թե ինչ-որ մի բան էր ուզում ասել: Եղբայրս որոշեց կատվի հետևից գնալ: Նա ևս մեկ կատվի փոքր ձագ բերեց՝ ամբողջովին արյան մեջ: Նա նույնպես չէր շնչում: Թե ինչ էր պատահել, իմանալը դժվար էր: Երկուսի մեջքի հատվածում էլ ատամի տեղեր կային, և նրանք սատկել էին մեծ քանակությամբ արյուն կորցնելուց:

Դաժան էր…

mariam tonoyan

Աշխատանքի ենք ընդունում միայն հաշմանդամներին

Մեր օրերում, սովորաբար, աշխատանքի են ընդունում երիտասարդ, բարետես աղջիկների կամ տղաների, բայց այդ խանութի մուտքի դռանը փակցված էր՝ «Աշխատանքի ենք ընդունում միայն հաշմանդամներին»:
-Ամեն ինչ սկսվեց նրանից,- պատմում էր Արշակը,- երբ դպրոցական ուսումնառության վերջին տարում ընկերոջս տան ճանապարհին՝ հարևան տան պատուհանից, հայացքս որսաց մեկին: Մինչ այդ ես չէի հավատում սիրուն առաջին հայացքից, բայց կարծես թե սիրահարվել էի: Նրան տեսնելու ցանկությունս ստիպեց հաճախակիացնել այցելությունները ընկերոջս տուն: Շուտով ինձ հաջողվեց ձեռք բերել նրա տան հեռախոսահամարը և զանգել: Դժվարությամբ նրա հայրը համաձայնեց, որ մենք հանդիպենք: Հանդիպումները մեզ հասցրին նշանադրության:
Զորակոչվեցի բանակ, տրվեցի հայրենիքի պաշտպանության նվիրական գործին: Ժամանակ անցավ: Ծառայության ընթացքում անզգույշ մի քայլս դղրդեցրեց հողը ոտքերիս տակ ու ահասարսուռ ձայն հնչեցրեց: Անորոշություն… Աչքերս բացեցի ու հասկացա, որ այլևս երբեք հայրենի հողի վրա հաստատուն քայլեր անելու հնարավորություն չեմ ունենա…
Հիվանդանոց տարան: Երկու օր շարունակ արցունքներիս վերջ չկար: Վերջապես արցունքներիս հետևից նշմարեցի նրա դեմքը: Եկել էր հրաժեշտ տալու: Հայրը չէր կարող իր աղջկան հաշմանդամի կնության տալ:
Մի օր մեզ մոտ՝ հիվանդանոց, ուսանողներ եկան բժշկական պրակտիկայի: Ուսանողուհիներից մեկը շատ դուր եկավ ինձ ու, ի վերջո, ընկերական շփումից սեր ծնվեց: Պատահեց այնպես, որ իր հետ պայմանավորվելով՝ փախցրի նրան՝ Լուսինեին: Ժամանակ անցավ, ու մենք որոշեցինք հաշտվել նրա ծնողների հետ: Ծնողները համաձայնեցին ու խնդրեցին, որ Լուսինեին իրենց տուն տանենք ու մեր ավանդույթներով, պաշտոնական գնանք նրա ձեռքը խնդրելու: Այդպես էլ արեցինք, բայց… Երբ գնացինք նրա ձեռքը խնդրելու, ծնողները պատասխանեցին, թե՝ մենք աղջիկ չունենք քեզ տալու: Բայց ի՞նչը կարող էր խոչընդոտել սիրուն: Ես ու Լուսինեն պայմանավորվեցինք ու երկրորդ անգամ փախանք Ռուսաստան, որտեղ այդ ժամանակ ծնողներս էին բնակվում:
1995թ.-ին էլի վերադարձանք Հայաստան: Որոշեցի հիվանդանոց այցելել: Բուժման ընթացքում բարեկամներ էի ձեռք բերել: Հիվանդանոցում ականատես եղա մի արտասովոր ու հետաքրքիր իրադարձության:
Պատմությունը շարունակեց Արշակի ընկերը` Ավետիսյան Կարենը.
-Իմ և Արշակի պատմությունները շատ նման են: Ես էլ 1994թ.-ին Հորադիզում կորցրել եմ երկու ոտքերս, տիկնոջս հետ նրա բժշկական պրակտիկայի ժամանակ ծանոթացել եմ հիվանդանոցում, որտեղ ես բուժում էի ստանում: Իմ և մնացած վիրավորների ոգեշնչման աղբյուրն Արշակն էր: Նրան՝ որպես ուժեղ կամքի տեր մարդ, մեզ որպես օրինակ էին ցույց տալիս: Նա ոտքեր չուներ, բայց պրոթեզների օգնությամբ քայլում էր: Կնոջս՝ Ալլային, ընտանիքի անդամները համաձայն չէին ինձ կնության տալ: Ալլան փախավ տնից, եկավ ինձ մոտ՝ հիվանդանոց, ու հենց հիվանդանոցում էլ մեծ շուքով հարսանիք արեցինք, որին ներկա էր նաև Վազգեն Սարգսյանը: Հենց մեր հարսանիքին էլ ներկա եղավ Արշակն այդ օրը:
-Արշակը մեզ համար միշտ օրինակ է եղել, ու բախտի բերմամբ, մեր ճանապարհները խաչվել են, ու մենք ընկերներ ենք դարձել,- շարունակեց նրանց երրորդ ընկերը՝ Հունան Հունանյանը: -Ես վիրավորվել եմ Չինարիում: Ի տարբերություն Արշակի և Կարենի պատմությունների՝ իմ կինը՝ Ալիսան, ևս վիրահատվել էր: Հիվանդանոցում ծանոթացանք, ու Արշակի օրինակով՝ ես ևս փախցրի ապագա կնոջս:
Երեք ընկերներով հիմնել ենք «Սատար հաշմանդամներին» հասարակական կազմակերպությունը, որը փորձում է ամեն կերպ օգտակար լինել ազատամարտի հաշմանդամներին, նրանց անվասայլակներ տալ, աշխատանք գտնել: Ահա թե ինչու Արշակը իր վարձակալած խանութի վրա ամրացրել էր ցուցանակ՝ «Աշխատանքի ենք ընդունում միայն հաշմանդամներին»:

jora petrosyan

Զարմանում եմ

Իսկական արվեստի ուժն անչափելի է։  Այն ազնվացնում ու վեհացնում է մարդկային հոգին, հարստացնում նրբին գույներով։ Ինձ համար արվեստի ամենաբարձր ու վեհ ոլորտում է երաժշտությունը, իսկական երաժշտությունը, կարճ ասած՝ դասական երաժշտությունը։ Սիրում եմ ունկնդրել տարբեր կոմպոզիտորների գործերը ու խորասուզվել նրանց ստեղծած կախարդական հնչյունների օվկիանոսում ու ամեն անգամ հասկանում եմ, որ սա է իսկական անխարդախ արվեստը, որն օգնում է իմ հոգուն թռչել դեպի վերին ոլորտներ,  դեգերելու գեղեցիկի անսահման աշխարհում։

Լսում եմ Վիվալդիի նրբագեղ գործերը, Մոցարտի՝ հոգին պարուրող կախարդական նոտաները, Բեթհովենի երկինք խոյացող բողոքը, Խաչատրյանի՝ մերթ ահագնացող, մերթ համարյա խլացող հանճարեղ տարուբերումները ու անընդհատ զարմանում մարդկային երևակայության ուժից։ Կարելի՞ է արդյոք լսել ու անտարբեր մնալ,  լսել ու չսարսռալ…
Այս է, ըստ իս, արվեստի անիմանալի ուժը, սրանով է այն թև տալիս մեր հոգուն ու մտքին, նրբացնում մեր լսելիքն ու ճաշակը,  օգնում զանազանել ազնիվ արվեստը կեղծից։

Հաճախ եմ ցավով նկատում, որ իմ սերնդակիցների համար դասական արվեստը, այդ թվում երաժշտությունը, անհասկանալի մի լեզու է, դատարկ հնչյուն, ծաղրանքի առարկա։ Ցավալի է, որ նմանները իրենց դատարկության չափ մեծախոս են ու ինքնագոհ, սեփական անճաշակությունը պարծանքի առարկա են դարձնում։ Հույս ունեմ, որ կգա մի ժամանակ, երբ երիտասարդները կսիրեն ու կհասկանան իսկական արվեստը, ու դասական համերգների տոմսերի համար հերթեր կգոյանան…

heghine grigoryan

«Ես մտածում եմ, ուրեմն գոյություն ունեմ»

 Ասում են, թե մի ժամանակ, իսկ ավելի կոնկրետ՝ 451 թվականին, տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը: Շատերը ընդունում են, որ այն եղել է, որոշներն էլ հերքում: Դե, հիմա ի՞նչ անենք, որ ապացուցենք: Պարզելու համար ամենաքիչը ժամանակի` գոյություն չունեցող, մեքենա է պետք: Հավատալը գալիս է մեր ինքնությունից, հայ լինելուց: Մեր պատմությունն է, հավատում ենք ու վերջ: 

Հիմա վերցնենք հայոց լեզուն: Կա գործողության կատարման երեք ժամանակ` ներկա, անցյալ, ապառնի: Հիմա ես գրում եմ, դա իմ ներկան է: Երբ ավարտեմ, կստացվի, որ արել եմ ու վերջացրել և գրելս կդառնա անցյալ: Սա ակնհայտ բան է, և ընդունում ենք առանց ապացուցման: Ոչ ոք դեռ մի այլ ժամանակ չի հայտնագործել, ստեղծել, արարել:

Իսկ հիմա անցնեմ մաթեմատիկային: Կարելի է ասել, որ այն անսահմանափակ է, անվերջ, ինչպես իր մեջ մտնող շատ տերմիններ: Հատվածի վրա անվերջ քանակով կետեր կան: Ուղիղն էլ անվերջ շատ կետեր է պարունակում: Բայց չէ՞ որ ուղիղի վրա էլ անվերջ քանակով այդպիսի հատվածներ կան: Կամ ասենք՝ ուղիղն էլ է անվերջ, հարթությունն էլ: Հիմա ինձ ասեք, թե ո՞րն է մեծն ու անվերջը: Նմանվեց պարադոքսի: Մաթեմատիկայում կա աքսիոմ հասկացությունը: Աքսիոմները այն պնդումներն են, որոնք ընդունում ենք առանց ապացուցման: Պատմության որոշ դետալներ նույնպես աքսիոմներ են:

Ինձ հարցնում են, թե ինչո՞ւ ենք թեորեմներն ապացուցում, իսկ աքսիոմները՝ ոչ: Ախր, դա նույնն է, թե ապացուցեք որ սա`Ա տառն է, և որի անունը Այբ է կամ էլ ապացուցեք ձեր գոյությունը: Հիմա Մաշտոցը ստեղծել է հայող գիրը, կա, գրում ենք ու չենք ապացուցում: Իսկ գոյության մասին ասեմ, որ Դեկարտն արդեն փորձել է, և պետք չի: Նա ապացուցում էր իր գոյությունը ասելով. «Ես մտածում եմ, ուրեմն գոյություն ունեմ»: Երբեմն մտածեք․․․

Կան ակնհայտ ու ապացուցման կարիք չունեցող բաներ և ուղղակի պետք է հիմնվել դրանց վրա ու առաջ գնալ, որովհետև որոնելու ու ապացուցելու դեռ շատ ավելի կարևոր բաներ կան: Ինձ դուր է գալիս մաթեմատիկական հստակությունը: Սահմանում ես` առանց բացառութայն: Բացառություններ կան միայն դպրոցական ծրագրում: Վառ օրինակ`«զրոյի վրա բաժանել չի կարելին»: Ուղղակի այդ դեպքում առաջանում են ավելի բարդ` կոմպլեքս կամ կեղծ թվեր, որոնք ընդամենը չենք ուսումնասիրում դպրոցի շրջանակներում:

Ասում են, թե ինչի՞ս է պետք ածանցյալը: Ես չգիտեմ, թե ձեր ինչին է պետք, բայց ինձ և էլի շատերին այն պետք է: Չեմ կարող ասել, թե որտե՞ղ և ինչո՞ւ: Երևի ուղղակի մարդու ներքինից է այդ հակումը գալիս, հակումը` դեպի ինչ-որ մի բան, դեպի մաթեմատիկան, նկարչությունը կամ էլ պատմությունը: Եկեք ուղղակի չքննադատենք ոչ ճակատամարտը, որի լինելը չենք կարող ապացուցել, և ոչ էլ աքսիոմները, որոնք ապացուցման կարիք չունեն:

Իսկ հիմա մտածեք. ուղի՞ղն է ավելի մեծ, հարթությո՞ւնը, թե՞ տիեզերքը… Մարդկային գիտակցությունը նույնպես երբեմն «կախում է»…

zara gevorgyan

Պայքար

Երկարատև ձմեռ էր, հետո վերջապես եկավ գարունը։ Իսկ գարունը ավետում և ավելի գեղեցիկ են դարձնում ձնծաղիկները։ 

Շատ եմ սիրում ձնծաղիկներ, բայց չգիտեմ նրանց գեղեցկության, անուշ բուրմունքի, թե՞ այլ առանձնահատկության համար։ Ամեն տարի գնում եմ մեր տան մոտ գտնվող սարալանջը և անհամբերությամբ փնտրում առաջին ձնծաղիկը։ Այս տարի ևս պիտի գնայի, թեև օրը մի փոքր մռայլ էր, բայց մեկ է՝ հագնվեցի և սովորությանս համաձայն, ականջակալներս դնելով, քայլեցի դեպի նույն սարալանջը։ Երբ տեղ հասա, սկսեցի փնտրել առաջին ձնծաղիկը։ Հանկարծ տեսա մի ձնծաղիկ, որը գլուխը դուրս էր հանել, ասես պայքարում էր սառը հողի դեմ և արևից ջերմություն ստանալու համար։ Մի պահ թվաց, թե նա զարմացած էր աշխարհի վրա, նա դուրս էր եկել արևի  ջերմություն ստանալու, բայց չորս կողմը դեռ ձյունով էր ծածկված։ Իսկ այս գարունն իմ կյանքի 18-երորդ գարունն էր, և երևի դա էր պատճառը, որ ինձ ստիպեց ավելի խորը մտածել՝ արդյո՞ք կարելի է ուրախանալ, երբ առաջին ձնծաղիկը գլուխը դուրս էր հանել, թե՞ տխրել, որովհետև ձնծաղիկի հետ էր ասոցացվում շատ ու շատ բաներ։

Առաջինը՝ նոր կյանքի սկիզբը, իսկ մյուս կողմից, մյուս կողմից ձնծաղիկի գալուն պես և իմ հայրը, և շատ շատերի հայրերը պետք է մեկնեին արտագնա աշխատանքի։ Երկար մտածելուց հետո հասկացա, որ պետք չէր ուղղակի հաճույքի համար խլել այդ ձնծաղիկի կյանքը, քանի որ այդտեղ աճած յուրաքանչյուր ձնծաղիկ պայքարում էր ապրելու համար։ Այդպես ինքս իմ մեջ երկար մտածելուց հետո որոշեցի հեռանալ, բայց այս անգամ առանց ձնծաղիկ քաղելու։

Սարալանջից քայլերս ուղղեցի դեպի տուն՝ կյանքն արդեն ավելի խորը ընկալելով։

Anush abrahamyan

Մի օր կվերադառնամ

Հոկտեմբերյան մի ցուրտ երեկո էր: Դատարկ ու մութ փողոցում լսվում էին միայն մեր ոտնաձայները: Իսկ ես համոզված էի, որ հեռվում` մթան մեջ, հին էլեկտրասյան կողքին կանգնած է տատս` թաց աչքերով, մեկ ձեռքի մատները մյուս ձեռքի մեջ հավաքած: Ու թեև թանձր մթության մեջ արդեն չէինք երևում, բայց դեռ շարունակում էր նայել մեր ուղղությամբ: Ես երբեմն-երբեմն բաց էի թողնում մորս ձեռքը ու շրջվելով` մի քանի րոպե նայում մեր հին տանը: Ես այնտեղ ապրել էի 15 տարի: 

Մի տեսակ շատ են, չէ՞, տարիները, և անարդար է դրանից հետո բաժանումը: Մեր նոր տունը բավականին գեղեցիկ ու հարմարավետ է, բայց երկհարկանի չէ, ինչպես հինը, և մոտակայքում երկնքի մեջ խրված բարձր ծառեր չկան: Նոր տանն օրերը սովորականի պես են անցնում, երազները չափազանց կարճ են տևում, բայց երկնքի պատառիկը մեր գլխավերևում ուրիշ է: Գիշերը լուսնի զբոսանքին հետևելու ընթացքում հայացքս ուղղում եմ փողոցի ամենաբարձրահասակ տանը, որի կտուրին աստղեր են իջնում` հանգստանալու: Այստեղ միակ բանը, որը քեզ է հիշեցնում, հեռվում անչափ բարձր ու իրար փաթաթված լեռներն են: Մի օր, հավանաբար շատ տարիներ հետո ես կկանգնեմ քո դիմաց, իմ սիրելի գրքերը թևիս տակ և վստահ կասեմ. «Բարև, իմ հին տուն, այդ ես եմ»:

Հոկտեմբերյան մի ցուրտ երեկո էր, բայց տատս դեռ նայում էր մեր ուղղությամբ` արցունքոտ աչքերով: