sona zaqaryan

Արմատներ

Երբ փոքր էի, սիրում էի նստել տատիկիս կողքին ու լսել նրա պատմությունները իր ու պապիկիս կյանքի, հարազատների ու մտերիմների մասին: Ճիշտ է, շատ բան չէի հասկանում, քանի որ երեխա էի, բայց միևնույն է, ինձ հետաքրքիր էր այդ ամենը: Հետաքրքրությունս կրկնապատկվեց այն ժամանակ, երբ ուսուցչուհիս հանձնարարել էր կազմել մեր ընտանիքի տոհմածառը: Իսկ տոհմածառ կազմելը իրոք շատ հետաքրքիր է: Տատիկս պատմում էր, թե ովքեր են եղել պապիս պապը, նրա որդիները, և ես շատ մեծ հետաքրքրությամբ կազմում էի տոհմածառը: Որոշ ժամանակ անցավ, ու ես հասկացա, որ միայն անուններն իմանալը շատ քիչ է, և պետք է նաև իմանաl նրանց կյանքի ու գործերի մասին: Սկսեցի հետաքրքրվել և արդյունքում հետաքրքիր բաներ իմացա:

Գյուղում մարդիկ պատկանում են տարբեր «ազգերի»: Մեր գյուղի հիմնական ազգերն են` Պապունց, Ապունց, Դավութանց, Կիրիքորանց, Շեթանց: Յուրաքանչյուր ազգ ունի իրեն բնորոշ հատկանիշներն ու յուրահատկությունները: Մեր ազգը Պապունց ազգն է: Պապը ունեցել է հինգ տղա, որոնցից մեկը Զաքարան է եղել`պապիկիս պապը: Զաքարայից էլ առաջացել է Զաքարունց ճյուղը: Գյուղում այդպիսի մարդ չկա, ում հարցնես Պապունց ազգի և Զաքարյանների մասին, ու նրանք չիմանան:

Հայրիկիս ու տատիկիս հետ զրուցեցի, և նրանք ինձ պատմեցին Զաքարյանների մասին մի քանի բան:

Զաքարյանները Շամբ գյուղում մեծ հողատարածք են ունեցել: Այնտեղ բերք ու բարիք են ցանել: Մի մեծ խնձորենի է եղել այնտեղ, որը «շաղկալդի» են կոչել:

-Տատ, բայց ի՞նչ հետաքրքիր բան կա այդ ծառի մեջ:

-Բալաս, էդ ծառը մի տոննա խնձոր ա տվալ: Լյավ մեծ-մեծ կարմիր խնձորնի: Շատ են ըշխադալ, վեր լյավ բերք ստանան:

Զաքարայի տղաներից մեկը հորս պապիկն է եղել` Ներսեսը: Մի անգամ Ներսեսը երեկոյան որոշում է այգին ջրել: Մութ է լինում և ոչինչ չի երևում: Նրա կինը` Կայանը (անունը Գայանե է, ուղղակի բարբառով այսպես է հնչում), հրացանը վերցնում է և կրակում, կարծելով, որ գող է մտել այգի: Բայց բարեբախտաբար Նեսեսը չի վնասվում, փամփուշտը գլխի մոտով է անցնում: Ներսեսը չորս որդի է ունեցել` Սուրենը (պապս), Ռուբենը, Վանուշը և Ժորան

1941 թ. Ներսեսը որդու` Ռուբենի հետ մեկնել է ռազմաճակատ՝ Հայրենական մեծ պատերազմին մասնակցելու:Ռուբենը զոհվել է ռազմաճակատում, իսկ Ներսեսը վիրավոր վերադարձել է և մեկ-երկու տարի անց մահացել:

Մնացել են Ներսեսի երեք որդիներն ու չորս քույրերը: Պապիկս գյուղում հայտնի մարդ է եղել, և նրան ճանաչել են որպես Շոֆեր Սուրեն:

-ԽՍՀՄ-ի տարիներին թորքերի նհետ շատ լյավ էինք, պապիդ ալ պիրըմ էր տոն, հաց տալիս: Ասըմ էր՝ սաղս ալ մարդ ենք, խե՞ թշնամություն անենք:

Պապիկիս ու նրա նախնիների թողած ժառանգությունը իրոք մեծ է: Երբ գյուղում ինձ հարցնում էին, թե ով եմ, ծնողներիս անունը տալով չէին ճանաչում, բայց երբ ասում էի, որ Զաքարյան Սուրենի թոռն եմ, միանգամից ճանաչում էին:

-Պապունց ազգի հարսները շատ խելոք, կրթված ու դաստիարակված են իլալ,-ասում է տատս:

Մեր հարևան Աղավնի տատը, ով նույնպես Պապունց ազգի հարս է, միշտ ասում է.

-Շտեղ մի լյավ ու ըշխադող աղջիկ ա իլալ, ընգալ ա Պապունց ազգի տղերքի ձեռը:

Միշտ այն համոզմանն եմ եղել ու հիմա էլ համոզված եմ, որ մարդ պետք է հպարտանա իր արմատներով: Եվ, այո’, ես իրոք հպարտ եմ, որ Դարբաս գյուղից եմ, և որ Պապունց ազգի ու Զաքարյանների ժառանգներից մեկն եմ: Մեր նախնիները մեզ հպարտանալու առիթ են տվել, մենք էլ պետք է այնպես անենք, որ մեր սերունդները հպարտանան մեզնով, ու Զաքարյանների անունը միշտ բարձր պահենք:

Ani asryan

Դարբաս գյուղի համայնքը

Հարցազրույց Դարբաս գյուղի համայնքապետ Սաշա Ստեփանյանի հետ:

-Բարև Ձեզ: Պարոն Ստեփանյան, ուզում եմ տեղեկանալ, թե ինչպիսի՞ զարգացման փուլի է հասել համայնքը, և որոնք են դրա նախադրյալները:

-Ունենք համայնքի զարգացման ծրագիր: Այս ծրագրի մեջ ներառել ենք մշակույթի տան վերանորոգումը, որը կխթանի երիտասարդների զբաղվածությանը: Մյուսը՝ համայնքապետարանի շենքի վերանորոգումն է, որովհետև այն վթարային է: Համայնքում մեծ խնդիր է դարձել աղբահանությունը: Մինչ այս ծրագրին անդրադառնալը, համայնքում աղբահանություն կատարվում էր որոշակի չափով, սակայն այս հարցը պետք է լիարժեք լուծում գտնի: Որոշ ժամանակ անց կլինեն աղբամաններ և աղբատարներ: Համայնքի զարգացման կարևոր նախադրյալը արտագաղթի կանխումն է:

-Իսկ ի՞նչ եք կարծում, ինչպես կարելի է կանխել արտագաղթը:

-Բնակիչները պետք է աշխատանք ունենան: Ավելի շատ արտագաղթում են գործազուրկ ընտանիքները:

-Համայնքում քանի՞ ընտանիք է ապրում անապահով պայմաններում:

-Հաշվառված են 18 ընտանիք, որոնց պետությունը որոշակի գումար է տրամադրում, որպեսզի ապրեն բարենպաստ պայմաններում:

-Մուտք ենք գործել 2017 թվական, կպատմե՞ք՝ ինչպես նշեցիք:

-Դեկտեմբերի 28-ին Շամբ ավանում կազմակերպվեց միջոցառում, որի ժամանակ մանուկներին Ձմեռ պապը նվերներ բաժանեց: Իսկ դեկտեմբերի 29-ին միջոցառում եղավ այստեղ՝ Դարբասում, որի ժամանակ նույնպես նվերներ բաժանվեց մանուկներին և ազատամարտիկների ընտանիքներին: Սակայն այս տարի կատարեցինք որոշակի փոփոխություններ: Նվերներ բաժանեցինք նաև այն սերնդին, ովքեր այս գյուղին և հայրենիքին տվեցին արժանի զավակներ: Տատիկներին և պապիկներին նույնպես նվերներ բաժանվեց:

-Իսկ Նոր տարին ընտանիքի հե՞տ եք նշել, թե՞ համայնքում:

-Ես այդ օրը համայնքի բնակիչների հետ էի, նշել եմ այստեղ՝ եկեղեցու բակում: Իմ ընտանիքը իմ համայնքն է, որտեղ բնակիչներն էին, այնտեղ էի նաև ես: Գիշերը ս. Ստեփանոս եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ, որին մասնակից եղա ես նույնպես:

-Իսկ ի՞նչ է սպասվում մեր համայնքին գալիք տարում:

-2016 թվականը մեր համայնքի համար դժվար տարի էր: Ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրեցինք համայնքի ղեկավար Մայիս Միրզոյանին, լավ ընկերոջ՝ Սեդրակ Ասրյանին: Պետք չէ հետ նայել, բայց նաև պետք չէ մոռանալ, որ մենք դեռ վրեժ ունենք կուտակած: 2017 թվականին մեր համայնքի բնակիչներին մաղթում եմ խաղաղություն, բոլորս եկող տարուն աշխատենք համախմբված, որպեսզի համայնքը հասնի զարգացման լավագույն աստիճանի:

Սյունիքի մարզ,գ. Դարբաս Անի Ասրյան Դարբաս գյուղի համայնքը

Հարցազրույց Դարբաս գյուղի համայնքապետ Սաշա Ստեփանյանի հետ:

-Բարև Ձեզ: Պարոն Ստեփանյան, ուզում եմ տեղեկանալ, թե ինչպիսի՞ զարգացման փուլի է հասել համայնքը, և որոնք են դրա նախադրյալները:

-Ունենք համայնքի զարգացման ծրագիր: Այս ծրագրի մեջ ներառել ենք մշակույթի տան վերանորոգումը, որը կխթանի երիտասարդների զբաղվածությանը: Մյուսը՝ համայնքապետարանի շենքի վերանորոգումն է, որովհետև այն վթարային է: Համայնքում մեծ խնդիր է դարձել աղբահանությունը: Մինչ այս ծրագրին անդրադառնալը, համայնքում աղբահանություն կատարվում էր որոշակի չափով, սակայն այս հարցը պետք է լիարժեք լուծում գտնի: Որոշ ժամանակ անց կլինեն աղբամաններ և աղբատարներ: Համայնքի զարգացման կարևոր նախադրյալը արտագաղթի կանխումն է:

-Իսկ ի՞նչ եք կարծում, ինչպես կարելի է կանխել արտագաղթը:

-Բնակիչները պետք է աշխատանք ունենան: Ավելի շատ արտագաղթում են գործազուրկ ընտանիքները:

-Համայնքում քանի՞ ընտանիք է ապրում անապահով պայմաններում:

-Հաշվառված են 18 ընտանիք, որոնց պետությունը որոշակի գումար է տրամադրում, որպեսզի ապրեն բարենպաստ պայմաններում:

-Մուտք ենք գործել 2017 թվական, կպատմե՞ք՝ ինչպես նշեցիք:

-Դեկտեմբերի 28-ին Շամբ ավանում կազմակերպվեց միջոցառում, որի ժամանակ մանուկներին Ձմեռ պապը նվերներ բաժանեց: Իսկ դեկտեմբերի 29-ին միջոցառում եղավ այստեղ՝ Դարբասում, որի ժամանակ նույնպես նվերներ բաժանվեց մանուկներին և ազատամարտիկների ընտանիքներին: Սակայն այս տարի կատարեցինք որոշակի փոփոխություններ: Նվերներ բաժանեցինք նաև այն սերնդին, ովքեր այս գյուղին և հայրենիքին տվեցին արժանի զավակներ: Տատիկներին և պապիկներին նույնպես նվերներ բաժանվեց:

-Իսկ Նոր տարին ընտանիքի հե՞տ եք նշել, թե՞ համայնքում:

-Ես այդ օրը համայնքի բնակիչների հետ էի, նշել եմ այստեղ՝ եկեղեցու բակում: Իմ ընտանիքը իմ համայնքն է, որտեղ բնակիչներն էին, այնտեղ էի նաև ես: Գիշերը ս. Ստեփանոս եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ, որին մասնակից եղա ես նույնպես:

-Իսկ ի՞նչ է սպասվում մեր համայնքին գալիք տարում:

-2016 թվականը մեր համայնքի համար դժվար տարի էր: Ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրեցինք համայնքի ղեկավար Մայիս Միրզոյանին, լավ ընկերոջ՝ Սեդրակ Ասրյանին: Պետք չէ հետ նայել, բայց նաև պետք չէ մոռանալ, որ մենք դեռ վրեժ ունենք կուտակած: 2017 թվականին մեր համայնքի բնակիչներին մաղթում եմ խաղաղություն, բոլորս եկող տարուն աշխատենք համախմբված, որպեսզի համայնքը հասնի զարգացման լավագույն աստիճանի:

Lusine atanesyan

Ամանորը Անգեղակոթ գյուղում

Ամանոր՝ ծախսեր, նվերներ, Ձմեռ պապ, տոնածառ և այլն: Համոզված եմ, որ բոլորդ էլ շատ եք սիրում Ամանորը, մանավանդ երեխաները (դե մտածելու ոչինչ չունեն): Իմ կարծիքով, շատ սիրելը կապված է նվերների և Ձմեռ պապի հետ: Ես էլ եմ շատ սիրում Ամանորը և հիմնականում սիրում եմ այն ամենի համար, ինչի համար սիրում են երեխաները:

Երբ ասում ենք Նոր տարի, միանգամից հիշում ենք Ձմեռ պապին, ով ամեն հունվարի 1-ին մեզ նվերներ է բերում: Երեխաները մեծանալով սկսում են չհավատալ Ձմեռ պապի գոյությանը, սակայն ես կարծում եմ, որ նրանք իրենց սրտի խորքում հավատում են այդ հրաշքին, ում կոչում են Ձմեռ պապ: Ես հավատում եմ այդ հրաշքին, բայց ոչ հոգուս խորքում: Հիշում եմ, երբ 4-5 տարեկան էի, տեսել էի, թե մայրս մեր նվերները ինչպես է դնում տոնածառի տակ, և նեղացել էի նրանից՝ կարծելով, թե թույլ չի տվել, որ Ձմեռ պապը բերի, իսկ երբ իմացա, որ Ձմեռ պապ չկա, էլի նեղացա մայրիկիցս, սակայն այս անգամ մտածելով, թե նա վիրավորվել է մայրիկիցս, քանի որ մայրիկս նրան թույլ չէր տվել գալ մեր տուն: Անցավ որոշ ժամանակ, և ես հաշտվեցի մայրիկիս հետ, իսկ իմ հավատը էլ ավելի շատացավ:

Դեկտեմբերի 23-ն էր, երբ մայրս մեզ արթնացրեց և ասաց.

-Դեռ քնա՞ծ եք, ի՞նչ է, արթնացեք, գիտե՞ք՝ ամսի քանիսն է:

Իսկ մենք պատասխանեցինք, որ գիտենք, թե ամսի քանիսն է, և մայրս ասաց.

-Հապա նայեք մեր տանը, զգացվո՞ւմ է, որ շուտով Ամանոր է:

Մենք արագ վեր կացանք և վազեցինք խանութ, գնեցինք ամեն տեսակ զարդարանքներ, բրինձ, ուլունքներ և այլ բաներ ու վերադարձանք տուն: Վերադարձանք ու սկսեցինք պատրաստվել Նոր տարվան: Այն բրինձը, որը գնել էինք, ձնեմարդեր պատրաստեցինք, նորոգեցինք իմ տնակը, որը պատրաստել էինք անցյալ տարի, պատրաստեցինք նոր տոնածառեր ու վերջացրինք անտառը: Այս տարի որոշեցի պատրաստել ևս մեկ ձնեմարդ, բայց ոչ թե բրնձով, այլ բաժակով՝մեկ անգամյա օգտագործվող, նաև շրջանաձև տոնածառ, որը կախեցի դռան վերևից: Երեկոյան զարդարեցինք տոնածառը, իսկ հաջորդ օրը ձևավորեցինք տունը: Դեկտեմբերի 28-ի երեկոյան ամանորյա գնումների ցուցակ կազմեցինք ու 29-ի առավոտյան գնացինք գնումների, վերադարձանք ու անցանք գործի:

Լուսանկարը` Լուսինե Աթանեսյանի

Լուսանկարը` Լուսինե Աթանեսյանի

Պատրաստեցինք թխվածքներ, աղցաններ, տատիկս պատրաստեց տոլմա, հայրիկս՝ խորոված Նոր տարվա գիշերը և այլ ուտելիքներ: Գնացինք Սիսիան և նվերներ գնեցինք երեխաների համար, որը այցելության ժամանակ նվիրեցինք նրանց:

Լուսանկարը` Լուսինե Աթանեսյանի

Լուսանկարը` Լուսինե Աթանեսյանի

Ամանոորը դիմավորեցինք մեր տանը, իսկ մոտավորապես ժամը 1-ին գնացինք տատիկիս տուն: Ամեն տարի մենք, մորաքրոջս և մորեղբայրներիս ընտանիքները հավաքվում ենք այնտեղ և նշում Ամանորը մինչև առավոտյան ժամը 4-5-ը: Մոռացա նշել, որ մինչև ժամը 10-ը երեխաներով ենք նշում՝ պարում ենք, պայթուցիկ պայթեցնում և հրավառություն կազմակերպում:

Հենց այդպես ենք մենք նշում Ամանորը Անգեղակոթ գյուղում:

Առկայծող ճրագ

Հյուրասեր  ընտանիք,  բարի մարդիկ և փոքրիկ հրաշք:

Լուսանկարը՝ Անի Ասրյանի

Լուսանկարը՝ Անի Ասրյանի

Այս մտքերը վաղուց էի ուզում հանձնել թղթին, սակայն դժվարանում էի, քանի որ քիչ տեղեկություններ ունեի այս ընտանիքի մասին: Այս ընտանիքի մարդիկ կարծես թե պապենական դաշինք ունեն իմ ընտանիքի հետ կնքած: Յուրաքանչյուր ժառանգի  մեկը քավոր է կանգնում: Մեր գյուղի «երգչուհին»  այս ընտանիքի փոքր զավակի առաջնեկն է՝ Ռաիսան: Մեր ընտանիքների մեջ եղած ջերմությունը անտարբեր չանցավ իմ ու Ռաիսայի կողքով: Մենք ընկերներ ենք, հարազատ մարդիկ, քույրեր: Հարցազրույցը վարել եմ  տան ավագ ներկայացուցչի հետ: 

-Ռայա տատիկ, պատմիր, թե ինչպես ստեղծվեց ձեր ընտանիքը: Ինչպե՞ս ծանոթացար Սեյրան պապիկի հետ: 

-Հունց կարգն ա` նենց ալ ծանոթացալ ենք: Գի՞դմ ես` հունց եմ ծանոթացել պապիկի հետ: Պապիկի, մին ալ մեր տունը իրար մոտ ա իլալ: Ես քիմ ի իրանց տոն, ինքը` մեր տոն, միասին մի թաղի խոխերք ինք, խաղմ ինք: Եդավ սկսեցինք խոսալ, 18 տարեկանմ ալ ամուսնացանք: Սեյրանը ամուսնանալուց հետո քինաց բանակ,  3 տարի ծառայեց, եկավ աշխատանքի անցավ դպրոցմ` տեխնոլոգիայի դասատու:

-Բա որ Սեյրան պապին գնաց բանակ, ո՞ւմ մոտ էիր մնում դու, իր ծնողների՞: 

-Ես մանցալ եմ կիսուրիս մոտ: Իրա, մին էլ իմ պապան պատերազմի ժամանակ են մհացել:

-Լսել եմ, որ ձեր երեխաները շատ փորձությունների միջով են անցել: Կարո՞ղ եք պատմել: 

-Վրույրիս հետ ավտովթար ա իլալ, Ծաղիկիս մատերը մնացալ ա ստանոկի տակ, սաղ ոսկորնին ջարդվել ա, բայց փառք աստծու, հիմա լավ ա: Գալուստս նախանցած տարի մահացավ, դժբախտ պատահարից:

Փորձությունները աննկատ չանցան Մանգո հոպարի կողքով: Նա` ծառայելով Օմարի սարում, կորցրեց ձեռքի 4 մատը: Պատճառը ավելի ցավալի է: Ձմեռ օրով,  ռազմի դաշտից փորձել է դուրս բերել մահացած ընկերոջը: Ցրտահարությունից կորցրել է մատերը: 

-Իսկ ե՞րբ մահացավ Սեյրան պապին: 

-Պապիս մահացել ա 2001 թվականի մարտի 1-ին, երբ ես 4 ամսական էի: Ասում են ինձ օրորելուց է մահացել: Այնքան եմ լացել, որ երգելու շնորհքն եմ ձեռք բերել,- միջամտեց թոռնիկը:

Այս փորձությունները ավարտվեցին Մանգո հոպարի երկար սպասված զավակի՝ Սեյրանի ծնունդով: 

Լուսանկարը՝ Անի Ասրյանի

Լուսանկարը՝ Անի Ասրյանի

-Ռաիսա, շատ եք չէ՞ սիրում ապերին,- դիմեցի փոքր Ռաիսային: 

-Անչափ շատ: Գիտես, արդեն նախընտրած երգ էլ ունի: Հենց պապիտոն լսում ա, սկսում ա թռվռալ, պարել:

-Այ բալա, Սեյրանս իրա ծնունդով մեղմացրեց կորուստները,-ասաց Ռայա տատին:

-Ինչի՞ Սեյրան, ոչ այլ անուն: 

-Որովհետև ուզում ենք պապիկի արժանի հետնորդը դառնա, փոքրիկ ընկեր Մաթևոսյան:

Ճրագը ծնվում է տան մեջ, առկայծելով ջերմություն տալիս:

nina arsutamyan portret

Ամենախելացի Տարոնը

Բոլոր դպրոցներում կան գերազանց սովորող աշակերտներ: Դե, մեր դպրոցը նույնպես չի տարբերվում մյուս դպրոցներից: Մեր դպրոցում աշակերտների թիվը մեծ չէ, բայց գերազանց սովորող աշակերտների թվով չի տարբերվում մյուս դպրոցներից: Գերազանց են սովորում Նազելին, Նարեկը, Տիրանը, Տարոնը և ուրիշներ: Ամեն մեկն ունի իրեն բնորոշ ընդունակությունները: Սակայն ես կառանձնացնեմ Տարոնին: Հիմա կասեք՝ ինչո՞ւ հենց Տարոնին: Նախ, հպարտությամբ կնշեմ, որ Տարոնը իմ ազգականն է: Տարոնը դեռ 4-րդ դասարանում էր, երբ բոլոր ուսուցիչներն ասում էին, որ ունի գիտելիքների մեծ պաշար և յուրահատուկ աշակերտ է: Ու միշտ մտածում էի, թե Տարոնը ինչո՞վ է յուրահատուկ:

-Տարոնը չի բավարարվում դպրոցի ծրագրային նյութերով,-ասում էին ուսուցիչները:

Զարմանում էի, թե ինչպես կարող է 4-րդ դասարանի տղան չբավարարվել ուսուցիչների սովորեցրածով և ցանկանա ավելի ու ավելի շատ նյութեր կարդալ:

Տարիներն անցնում էին, իսկ Տարոնի գիտելիքները ավելի էին շատանում: Տարոնն իր փայլուն գիտելիքներով ինքնավստահ առաջ էր շարժվում՝ «Մեղու», «Կենգուրու» մրցույթներում: Հիմնականում շատ լավ արդյունքներ էր վաստակում «Կենեգուրու» մրցույթում:

Ես մի կողմից զարմացած էի, իսկ մյուս կողմից՝ հպարտ, թե ինչպես կարող է Տարոնը տարիներ շարունակ հաղթող ճանաչվել տարբեր մաթեմատիկական մրցույթներում: Բոլորս էլ համոզված էինք, որ Տարոնին սպասվում է մեծ և փայլուն ապագա;

2016 թվականի մայիսին ամբողջ դպրոցը հպարտությամբ էր խոսում, որ Տարոնը հանձնել է մաթեմատիկայի քննություն և ընդունվել «Քվանտ» վարժարան: Մոտենում էին Տարոնին, շնորհավորում, իսկ Տարոնը ժպտում էր և համեստաբար շնորհակալություն հայտնում: Հետո Տարոնն ուսումը շարունակեց Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում: Իսկ հետո մեզ ավելի ուրախ լուր էր սպասվում: Տարոնը հայտ էր լրացրել և պատրաստվում էր մասնակցել «Ամենախելացին» հեռուստատեսային ինտելեկտուալ խաղին: Տարոնը երկու շրջաններում էլ շա՜տ լավ արդյունք ցույց տվեց: Բայց պատկերը փոխվեց եզրափակիչում, երբ 1 միավորի պատճառով չկարողացավ անցնել եռյակի մեջ:

Դե անկախ նրանից՝ հաղթեց, թե պարտվեց, Տարոնը մեր դպրոցի և մեր գյուղի հպարտությունն է:

Ani asryan

Նամակ զինվորիս

Շատ հաճախ ընկերներս զարմանում են, որ սահմանից վատ լուր լսելիս ասում եմ.

-Մենակ թե զինվորս չլինի:

Մտածում են` խոսքը ծառայող ընկերոջ մասին է: Այո՛, խոսքը ամենահավատարիմ և անդավաճան ընկերոջս մասին է: Լինում է ժամանակ, որ լուռ նստում եմ մայրիկի մոտ և լսում նրա հեռախոսազրույցը սահմանապահի հետ.

-Բալաս, բարև, ո՞նց ես, ինչի՞ կարիք ունես: Տղես, հո կրակոցներ չկա՞ն ձեր մոտ:

-Մա՛մ, ամեն ինչ լավ ա, ես լավ եմ, մի անհանգստացի, լավ եմ, մա՛մ:

Ապերս, պատրաստվում ենք Նոր տարին նշելու, բայց առանց քե՞զ: Առաջին Նոր տարին է, որ մեզ հետ չես լինելու, որ իրար հետ բաժակ չենք բարձրացնելու, որ զրնգուն ծիծաղդ չենք լսելու և կատակներիցդ չեմ նեղանալու: Առաջին տարին է, որ ընկերներիդ հետ ոտքերով չես ներխուժի տուն ասելով. «Սեղան դրեք»: Ակսելս, գիտե՞ս, ես հոգնում էի քո ասած գործերը կատարելուց, բայց կատարում էի: Խոստանում եմ, ապեր, որ գաս` ասածներդ առանց հոգնելու կկատարեմ: Հիշում եմ, որ ամեն տարի ես զարդարում էի սեղանը, իսկ դու անընդհատ գալիս ու խանգարում էիր: Ամբողջ տնով վազվզում էինք, հետո վերադառնում մեր կիսատ թողած գործերին:

Անցած տարի գիշերը ժամը 1-ին դուրս եկանք տնից` ձնագնդի խաղալու և վերադարձանք ժամը 4-ին: Դժվար է պատկերացնել, որ Ամանորին զենքը ձեռքիդ կանգնած կլինես սահմանին: Մամային ասել եմ, որ չլացի: Մենք պետք է ուրախ լինենք, տխրելու պատճառ չունենք, չէ որ դու այդտեղ ես, որ մենք մեզ ապահով և պաշտպանված զգանք: Վաղը քո Ձմեռ պապն էլ կժամանի, ուղղակի ոչ մարդու տեսքով: Մաման մեծ անակնկալ է պատրաստել, սպասիր, այն վաղը կհասնի:

Հպարտ եմ, որ քեզ պես եղբայր ունեմ, որ չես տրտնջում, որ ամեն ինչից և ամենքից գոհ ես: Նրանք, ովքեր պաշտպանում են քո թիկունքը, ակամայից դարձել են հարազատ: Լավ մնա, սահմանապահ ջան, չմոռանաս ձեռնոցներդ դնես: Թող բոլորի աղոթքները ձեզ առաջնորդեն: Հիշիր, որ սիրելիներդ քեզ են սպասում սրտատրոփ: Եղբայրս, շնորհավոր քո և բոլոր տղաների Նոր տարին և Սուրբ Ծնունդը:

Երկու տարի առաջ ինձ ուղեկցում էիր դպրոց: Սպասում եմ, արի՛, արդեն ժամանակն է եկել համալսարան ուղեկցելու: Սպասում եմ… Սպասում եմ…

Նոր տարի, նոր էջ

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

-Ո~ւխ, վերջացնում ենք:

-Արի գնանք տուն, կիսամյակները արդեն փակել են:

-Երեխե~ք, միջոցառում է լինելու:

Այսպիսի արտահայտություններ լսեցի, երբ ուրբաթ օրը մտա դպրոց: Բոլորը շատ ուրախ էին ու խառնված: Երեխաները ամանորյա փայլեր, շղթաներ, խաղալիքներ ձեռքներին այս ու այն կողմ էին վազվզում: Դե իհարկե, պատրաստվում էին ամանորյա միջոցառման: Ամեն տարի մինչև արձակուրդների սկսվելը դպրոցում ամանորյա միջոցառում է կազմակերպվում: Բայց մինչև ամանորյա միջոցառումը կատարվում է տոնածառ դնելու արարողությունը: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ մեծ ուրախություն է տիրում դպրոցի միջանցքում, երբ երեխաները տեսնում են զարդարված եղևնին: Նրանք շրջան են կազմում տոնածառի շուրջը և սկսում երգել.

-Ալո՜, Ձմեռ Պապի՜կ, քեզ սպասում ենք անհամբե՜ր…

Շա՜տ եմ ոգևորվում, երբ տեսնում եմ նրանց՝ տոնածառի մոտ երգելիս: Ես էլ եմ ուզում գնալ միանալ նրանց. երգել ու սպասել Ձմեռ պապին: Նրանք այնքան լավ տրամադրություն են հաղորդում մեծերին, որ մի պահ մեծերն էլ են մանկանում և սկսում հավատալ ամանորյա հրաշքներին:

Ուրբաթ օրն էր և ամեն տարվա նման՝ մեր հեքիաթային ամանորյա միջոցառումն էր: Բոլորը երգում էին ու պարում.

-Նոր տարի, Նոր տարի, քեզ սպասում ենք շուտ արի…

Թեև ուրախ տրամադրություն ունեի, բայց ինձ կրկին այցելել էին իմ մտքերը: Սովորաբար հաճախ են դրանք այցելում ինձ: Հիշեցի, որ ես արդեն մեծ եմ, մյուս տարի կավարտեմ դպրոցը ու ամեն տարվա պես չեմ կարող իմ հին ու հարազատ դպրոցի հետ նշել Ամանորը: Զգացի, որ ամեն տարին ավարտվելու հետ սկսում եմ ավելի շատ գնահատել ու արժևորել դպրոցս, ընկերներիս, գյուղս: Ու անգամ դեռ այստեղ լինելով՝ կարոտել:

Միջոցառման օրը նայում էի բոլոր ուսուցիչներին, նրանց ժպտացող դեմքերին: Նրանց դեմքերին երևում էր տարիների հոգնատանջ աշխատանքը, որը սքողված էր ժպիտով: Իսկ այդ ժպիտը նրանց պարգևում էին հենց իրենց աշակերտները: Ինչքա՜ն մեծ հպարտությամբ էր տնօրենը խոսում աշակերտների մասին: Դա իրոք մեծ երջանկություն է: Երջանկություն է այն, որ ուսուցիչները իրենց կատարած աշխատանքնի արդյունքը տեսնում են ու մտածում, որ իզուր չէ այն ամբողջ եռանդը, որը ներդնում են իրենց նվիրական գործում: Մեծ երջանկություն է, երբ աշակերտները հասկանում են, որ արդարացրել են թե՛ իրենց ծնողների, և թե՛ ուսուցիչների սպասելիքները: Ինչքա՜ն եմ կարոտելու ուսուցիչներիս հայացքները՝ բարի, խիստ, ուրախ և տխուր:

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Ամանորի գալուստը մեզ հուշում է, որ մի տարով էլ մեծացանք ու սկսում ենք մտածել այս տարիների մեր արածների ու չարածների մասին: Սկսում ենք հասկանալ կյանքը և գիտակցել բոլոր այն դժվարությունները, որոնք շուտով շրջապատելու են մեզ:

Նոր տարին իր հետ կյանքի մի նոր էջ է բերում, մաքուր էջ, որի վրա պետք է գրենք գեղեցիկ ձեռագրով ու առանց ջնջումների:

Նոր տարվա գալու հետ ոչ միայն մենք ենք մեծանում, այլև մեր հայրենիքը և նրա պատմությանը մի նոր էջ է ավելանում: Բոլորս հավատում ենք և աղոթում հայրենիքի համար, աղոթում, որ այս էջը գրվի պայծառ ու գունավոր տառերով:

nina arsutamyan portret

Իմ հեքիաթը և իրականությունը

Իմ պատկերացրած հեքիաթում կյանքը ուրիշ է: Բոլորն այնտեղ ուրիշ են: Ուրիշ է նաև ընկերությունը, ուրիշ է մարդկանց հավատարմությունը: Հեքիաթում միշտ կա սեր, կա ջերմություն ամեն մի անկյունում, կա հավատարմություն: Իմ՝ գույներով լեցուն աշխարհը, լի է հավատարիմ ընկերներով: Իմ փոքրիկ, գունավոր հեքիաթի աշխարհում մի աղջիկ է լինում այնքան բարի և այնքան անկեղծ: Իսկ եթե այդ աղջիկը վիճում կամ կռվում էր իր մտերիմ ընկերուհու հետ, դրանից հետո նրա անկեղծ արցունքները միայն գիշերն էին թափվում: Բայց միայն հեքիաթիս վերջում է, որ նրանք կարողանում են կրկին մտերմանալ: Իսկ իմ հեքիաթի վերջում նրա աչքերից թափվեց 3 հատիկ արցունք: Առաջին արցունքը՝ տխրության, երկրորդ արցունքը՝ երջանկության, իսկ երրորդ արցունքը` մտերմության և հաշտության արցունքն էր:

Հիմա վերադառնանք իմ իրականություն: Իմ իրականությունում գույներ չկան: Կամ էլ կան, ուղղակի ինձանից թաքնվել են: Բայց գուցե կարողանայի՞ գտնել գույները, եթե չլինեի մենակ: Այս մեծ աշխարհում լինել մենա՞կ: Անհավանական է, չէ՞: Բայց ես մենակ եմ: Իմ իրական աշխարհում իմ հանդեպ չկա հավատարմություն, չկա սեր, չկա ջերմություն: Իսկ եթե կա, ուրեմն գնացել է հեռու, շա՜տ հեռու: Այնքան հեռու, որ չեմ զգում, կամ էլ միայն իմ սիրտն է զգում: Իմ իրական աղջիկը նման է հեքիաթի միջի աղջկան. բոլորի հետ անկեղծ է, բոլորի հետ՝ մաքուր: Մտերմանում է, սիրում է, վստահում է, հարգում է, կապվում է: Բայց այդ ամենը նա չի կարողանում գտնել իր մտերիմի սրտի մեջ: Կապվում է իր մտերիմ ընկերուհու հետ, անկեղծանում է, իր սիրտը «բացում է», իր ամբողջ հոգին «նվիրում է» այդ մարդուն: Սական այդ ամենից հետո էլի ամեն ինչ անփոխադարձ է:

Իսկ ես չեմ ցանկանում ապրել այս իրական՝ սև ու սպիտակ գույներով լցված աշխարհում: Ցանկանում եմ, որ մի օր իմ հեքիաթը գա կանգնի իմ առջև և ասի.

-Իմ իրական աշխարհ, արի միանանք և միասին բոլորին սեր, ջերմություն, հավատարմություն և, իհարկե, փոխադարձ վստահությամբ ընկերություն տանք:

Իսկ ես, մինչև հեքիաթիս այդ հատվածը, կապրեմ իրականի և իմ հեքիաթի միախառնումից առաջացած աշխարհում: Մեծերն ասում են` պատանեկան տարիք է, շուտով կանցնի, և գույները կվերադառնան: