նարեկ բաբայան

Հավերժ հակամարտություն

Դպրոց, դաս, կրթություն։ Այս բառերը բոլոր աշակերտների մոտ մի տեսակ հոգնածություն են առաջացնում։ Բոլորը մի անգամից դառնում եմ ծույլ ու քմահաճ։ Սեփական փորձիցս կարող եմ մի օրինակ բերել։ Արձակուրդների ժամանակ, երբ պետք է լինում վաղ արթնանալ, թեկուզ ժամը 6ին, դա շատ լավ ստացվում է։ Բայց դպրոցական օրերին․․․դե չի լինում էլի էդ անտերը, չենք կարողանում, հո զոռով չի։ Ինչքան էլ բողոքեմ դպրոցից, մեկ է, չեմ կարող չհամաձայնել, որ դպրոց չհաճախած մարդը լիարժեք մարդ լինել չի կարող։ Եվ այսպե, ուսումը մեր հավերժ հակամարտության մեջ մտած անդամներից մեկն է։ Այն անշուշտ կարևոր է, բայց ոչ այդքան հաճելի։

Երկրորդ անդամը, դե իհարկե, համացանց ու համակարգչայնին խաղեր։ Ի սկզբանե կասեմ՝ ես կտրականապես դեմ եմ համացանցին չարիք անվանելուն։ Դա նույնն է, որ գրքերը նույնպես չարիք անվանենք։ Եթե դուք չեք կարողանում ֆիլտրել ձեր համար օգտակար ինֆորմացիան, ապա ամբողջ օրը գիրք կարդալն էլ չի փրկի։ Դե իհարկե, գրքերն էլ իրենց տեղն ունեն, բայց եթե դուք մի բան չեք սիրում, պետք չէ վատ բաներ ասել դրա հասցեին։ Դա նույնն է , որ ես երկրպագեմ մի ֆուտբոլային ակումբին ու անպատվեմ մյուսին։ Ախր չի՛ կարելի, չէ, որ այդ ակումբն էլ  ֆանատներ ունի։ Ինչ վերաբերվում է խաղերին, ասեմ, կրթությունից բացի, երեխայի վրա իր չափազանց մեծ ազդեցությունն է թողում նրա հոգեբանությունը։  Հենց այստեղ են առաջ գալիս խաղերը։ Ես չեմ ասում, որ խաղերը մարդուն գիժ են դարձնում, չնայած որ այդպիսի խաղեր էլ կան։ Պետք չէ երեխային զրկել խաղերից։ Դա կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ։ Ուղղակի փորձեք ճիշտ խաղեր ընտրել։ Ես ինքս խաղերի մեծ սիրահար եմ, բայց դե հասկանում եմ, որ դա էլ իր սահմանները պետք է ունենա։ Մի խաղ կար, որով ես 2 տարի վարակվել էի։ «Մտել էի» մեջն ու դուրս չէի գալիս։ 2 տարի անց ես վերջապես հասկացա, որ դա այդքան էլ լավ բաներ ինձ չի սովորեցնում։ Հիմա, ցավոք, այդ խաղով վարակվել է իմ փոքր եղբայրը, և ես էլ չգիտեմ էլ ինչ անեմ, որ նրան հանեմ այդ խաղից։

Մի խոսքով։ Այս հավերժ հակամարտության մեջ հաղթող ու պարտվող չկա։ Ուղղակի փորձեք և՛ գրքերից, և՛ համացանցից ճիշտ դասեր ստանալ։

tigran hovhannisyan?

Անունս Տիգրան է, և դա պարտավորեցնող է

Ես սիրում եմ ապրել ներկայով և ապագայով: Ներկայում քայլեր անելով կառուցում ես ապագադ: Ինչ-որ բան անելուց առաջ ես մի քանի քայլ առաջ եմ մտածում, որպեսզի արդյունքը լավը լինի: Ինչպես ասում են. «յոթը չափի՛ր, մեկը կտրի՛ր»: Բայց նույնիսկ ներկայում քայլ անելուց հետո այդ քայլը դառնում է անցյալի մաս: Անցյալն ուսումնասիրել չեմ սիրում, քանի որ կարծում եմ՝ եղածն եղած է: Ժողովուրդը մի լավ խոսք ունի. «Անցյալը ետ չես բերի»: Երևի հասկացաք, որ ինձ համար ոչ սիրելի առարկաներից մեկը պատմությունն է: Ավելի ճիշտ, ոչ թե ոչ սիրելի, այլ քիչ հետաքրքրող: Բայց անունս Տիգրան է, և դա պարտավորեցնող է: Տիգրան անունը հայոց պատմության մեջ մեծ տեղ է գրավում: Ինձ թվում էր, թե ես քիչ տեղեկություն ունեմ անվանս մասին, բայց դա տևեց մինչև այն օրը, երբ տեղի ունեցավ հետևյալ դեպքը:

Արտասահմանցի ուսանողների մի խումբ եկել էր Վայք և ծանոթանում էր մեր քաղաքի առօրյային: Քանի որ ես անգլերենում սկսնակ եմ, ինձ հաճելի էր նրանց հետ շփվել այդ լեզվով և բարելավել այն: Ընկերներիցս մեկը, ով հետաքրքրվում է պատմությամբ, ձեռքում ուներ պատմության դասագիրք, որի վրա պատկերված էր Տիգրան Մեծի հատած դրամը: Երբ այդ ուսանողներից մեկը հարցրեց, թե ով է այդ դրամի վրա պատկերված մարդը, ես, ոգևորված այդ հարցից, քանի որ ես էլ Տիգրան Մեծի անվանակիցն եմ, բավարար տեղեկություն տվեցի նրա մասին: Ինձ համար Տիգրան Մեծի մեծագույն ձեռքբերումը Հայաստանի տարածքն է՝ մոտ երեք միլիոն քառակուսի կիլոմետր: Այս թվի մասին լսելով՝ այդ ուսանողը խնդրեց, որ խոսեմ Հայաստանի ներկայիս տարածքի մասին: Ասացի, որ այժմ տարածքը մոտ երեսուն հազար քառակուսի կիլոմետր է, ինչն ուղղակի ծիծաղելի էր երեք միլիոնից հետո. ներկայիս տարածքը փոքր է ոչ ավել ոչ պակաս հարյուր անգամ:

Այս փաստը նորից տխրեցրեց ինձ:
Ամեն անգամ, երբ լսում եմ այս և նմանատիպ փաստերի մասին, ուղղակի նախանձով եմ նայում անցյալին:

Ահա ևս մեկ պատճառ, թե ինչու չեմ սիրում պատմությունը:

Հ.Գ. Թող պատմություն ուսումնասիրողները չվիրավորվեն այս հոդվածից. չեմ կարծում, որ բոլորը սիրում են մաթեմատիկան, ինչպես ես:

hasmik givargizyan

Երբ խոսում են ձեռքերը

Երբ քույրիկս որևէ մարդու է հանդիպում, առաջին բանը, որ նա անում է՝ նայում է նրա ոտքերին: Քույրս ինձ միշտ ասում է.

-Եթե մարդու կոշիկները մաքուր են, ուրեմն նա մաքրասեր մարդ է: Իսկ եթե կեղտոտ և փոշոտ են, ապա նա փնթի և իր արտաքինին չհետևող մարդ է, և կապ չունի՝ նո՞ր են նրա կոշիկները, թե ոչ:

Ես այնքան էլ այդ ամենին չեմ հավատում, քանի որ ինձ համարմ նույնպես դժվար է կոշիկներս միշտ մաքուր պահել, մանավանդ, ցեխոտ և անձրևոտ եղանակին, այն էլ մեր գյուղում: Դա հո չի՞ նշանակում, որ ես մաքրասեր չեմ: Դրա համար էլ այդ ամենին մեծ ուշադրություն չեմ դարձնում, փոխարենը` նկատում եմ մարդկանց ձեռքերը, որոնք շատ հաճախ ինքս էլ չգիտեմ, թե ուր թաքցնել: Այո, երբեմն դրանք «խանգարում» են ինձ, օրինակ, երբ հուզված եմ, կամ երբ բոլորն ինձ են նայում, այդ ժամանակ ձեռքերս կորցնում են իրենց տեղը:

Վերջերս էր: Տատիկին հյուր գնալու համար հայրս տաքսի կանչեց: Երբ մեքենա նստեցինք, ես միանգամից նայեցի վարորդի ձեռքերին: Դրանք սպիտակ էին և խնամված տեսք ունեին: Նույն պահին ես նայեցի հորս ձեռքերին (նա նստել էր վարորդի կողքին), որոնք աշխատանքից կոպտացել ու ճաքճքել էին: Հիշեցի նաև պապիկիս ձեռքերը, որոնք հորս ձեռքերի նման են, պարզապես ավելի շատ են ճաքերը: Այդ պահին ես հասկացա հորս, պապիկիս ու այդ մարդու աշխատանքների հսկայակա՜ն տարբերությունը: Ես հասկացա, որ այդ մարդը դժվար թե ծանր աշխատանք կատարած լիներ, կամ մի քանի օր շարունակ մի հաստաբուն ծառ կացնահարեր: Այդ դեպքում նրա ձեռքերը կմատնեին իրեն:

Ձեռքերը շատ բան կարող են պատմել մարդու մասին…

erik alexsanyan

Անքնություն

…Եվ ո՞ւ մ են պետք այն մեղեդիները, որոնք գրվել են միչև հիմա, կամ այն մեղեդիները, որոնք գրում ու գրում ենք հիմա, եթե մարդիկ քնում են, արթնանում, ամեն առավոտ այդ նույն ձանձրալի հոտով սուրճը լցնում իրենց դատարկ ստամոքսներն ու վազում են աշխատանքի, անունն էլ դնում, թե աշխատեցին: Գալիս են տուն, իբրև թե հոգնած, ու նստում են հեռուստացույցի առաջ, մինչև նոր օրվա սկզբից մի քանի րոպե հետո, ու որպես կանոն գնում էլի քնելու…

Իսկ ո՞ վ է ասել, թե մարդը պետք է քնի, որ հանգստանա: Ո ‘չ, զսպիր հիմա քո մեջ կուտակված այդ «բժշկական» մտքերն ու փորձիր ինձ հասկանալ։ Մարդը կարող է ամբողջ գիշեր քնել ընդհամենը 1 կամ 2 ժամ, մնացած ժամանակն անիմաստ չվատնել, հա, հա, չվատնել։ Գրել, կարդալ, ստեղծագործել, հորինել ու, գրողը տանի, այնքան բաներ կան, որ մարդիկ մեռնում են` այդպես էլ այդ հաճույքները չզգալով: Խենթություն արա, գրի’ր վերջին մեղեդին, որ հիմա ծնվում է մտքումդ: Արթնացի’ր առավոտյան մտքերով մի ուրիշ հաճելի տեղ: Ուղղակի մի’ լսիր հարևաններիդ ձայները, թե ամբողջ գիշեր չթողեցիր քնեն, մեկ է, չեն էլ հասկանա, որ մեղեդին ու մեր շատ սիրած մուսան միշտ չէ, որ գալիս է։

Կխոսեն կանցնեն, իսկ դու հպարտ նոր գլուխգործոցովդ հանդերձ գնա դասի, աշխատանքի…

Իսկ մտածե՞ լ ես, թե ում համար են գրված այդքան գրքերը: Ո՞ վ է դրանք կարդալու։ Ասեմ` ի՞ նչ ես մտածում, թե ում պետք է` կկարդա: Ուրեմն, դու էլ ես այն ուղղակի նույն սուրճը ստամոքսդ լցնողներից մեկը։ Լա’վ, գոնե փորձիր փոխել այն որոշ ժամանակ, գուցե մնացածն էլ են լավը…  Չէ՞  դու լսել ես, որ հենց դա՞ է համեղ, գուցե դու ուրի՞շ ես, տարբերվո՞ւմ ես նրանցից։ Էհ, ի՞ նչ եմ ասում։

Մի օր գիշերը էլի աչքերս բաց, պառկած, վերմակը մինչև քիթս քաշած ու մի տեսակ մրսելով, բայց ծածկվելու ցանկություն չունենալով վեր կացա: Դե, դաշնամուրիս կողքին եմ պառկում, սկսեցի մի քիչ Ռախմանինով, հետո Յան Թիրսեն ու էլի մի քանի «իմը համարող» գործեր, և  իմ պես գիշերները չքնողների նյութերից։ Իսկ գիտե՞ ք ինչ էին ասում հարևաններս առավոտյան, բա թե` մի խելագար գիշերով դաշնամուրի նոտաներն էր սովորում: Դե, ուշադրություն չդարձրի։ Մի քանի անգամ դարձրել եմ ու հետո խոստացել, որ էլ չեմ խառնվի: Հիմա իրենք էլ էդպես են իրենց կյանքին հետաքրքրություն տալիս։ Էհ, թող տան, բան չասեցի, բայց թող չխանգարեն այն մարդկանց, ովքեր իրենց նման չեն։

Քաղաքում չեմ ապրում: Հեռու էլ չեմ, մի հարյուր կիլոմետր է` Եղեգնաձորում: Գյուղ էլ չեմ համարում բնակավայրս: Մեր տան անմիջապես կողքն իրար վրա ելած բլրակներն են, որոնց անունը «ձոր» եմ դրել: Երեկոյան ժամերին գնում նստում եմ մի բարձր սարի վրա, նայում, թե ինչպես է արևը` կարծես ամբողջ աշխարհի հոգսերն ուսերին, վերջիվերջո վայր ընկնում դեպի այն հեռուները։ Մի տեսակ հարազատ բան կա այդ սառը քամու մեջ, որ այդ ժամերին փչում է։ Թվում է, թե սառն է, բայց այն հոգսերն ուսերին արևը մինչև վերջին պահը ջերմացնում է: Իսկ հենց էլ չի երևում, քեզ թվում է, թե մարմնիցդ հանեցին արյունը. միանգամից սառում ես։ Հետո հանում եմ ականջակալներս ու հոգիս էնտեղ թողած գալիս եմ տուն։

Մտածում ես` անիմա՞ ստ խոսեցի, պատմեցի կյանքիցս քեզ անիմաստ թվացող մի քանի բան: Դե գնա, սուրճդ խմիր, ես էլ գնամ նոր մեղեդուս հետքերով…

boris israyelyan

Շիլան կամ սիլան

Փոքր էի, հիշում եմ, պապիկս ասաց, որ զանգահարենք և հրավիրենք հորեղբորս ընտանիքին մեր տուն: Վազեցի հեռախոսի մոտ, զանգեցի նրանց և հրավիրեցի մեր տուն:  Վառարանի կողքին նստած էի, երբ լսեցի ոտնաձայներ, վազեցի դուրս նրանց դիմավորելու: Բոլորը եկան և նստեցին վառարանի կողքին: Նրանք զրուցում էին, իսկ ես խաղում էի խաղալիքներով: Հանկարծ խոհանոցից ինձ հարազատ ու համեղ հոտ եկավ: Առանց բան ասելու վազեցի խոհանոց տեսնելու, թե մայրիկս ինչ է պատրաստում: 

-Մա՜մ, մա՜մ, ի՞նչ ես եփում:

-Շիլա, գնա խաղա, հենց եփի` կբերեմ:

Ուրախացա և վազեցի հյուրերի մոտ: Հորեղբորս կինը ինձ հարցրեց.

-Ապերս, մամադ ո՞ւր ա,  բա:

-Շիլա ա եփում, հիմա կբերի` կուտենք:

Մտածեցի` մի քիչ կատակ անեմ, մոտեցա նրան ու հարցրի.

-Համեստ տոտա, սիլա կուտե՞ս (մտածեց, թե շիլայի մասին է խոսքը):

-Հա, ինչի՞ չեմ ուտի…

Եվ ես իմ ամբողջ ուժով ապտակեցի նրան: Բոլորը ծիծաղեցին, բայց հետո բարկացան ինձ վրա:

Որոշ ժամանակ անց մայրս բերեց շիլան, և ես նորից հարցրի

-Համեստ տոտա, շիլա կուտե՞ս:

-Չէ:

-Ինչի՞:

-Նոր կերա, էլ ի՞նչ ուտեմ:

Շատ տարիներ են անցել, բայց ամեն անգամ, երբ նրանք գալիս են մեր տուն, միշտ հիշում են այդ դեպքը և ծիծաղում ինձ վրա:

Իսկ ես հորեղբորս կնոջը տեսնելով միշտ ամաչում եմ իմ հիմար կատակի համար:

Երբ իմ ձեռքում կա ֆոտոխցիկ, իսկ Ջերմուկում ձմեռ է

Ազատեկցի Մարիամը

Լուսանկարը՝Լիլիթ Աթանյանի

Լուսանկարը՝Լիլիթ Աթանյանի

Ճիշտ լուսանկարելու գաղտնիքներին տիրապետելը մի բան է, իսկ այն գործնականում կիրառելը` այլ: Դրա համար «Մանանա» կենտրոնի Վայոց ձորի պատանի թղթակիցներով ուղևորվեցինք գյուղ Ազատեկ: Քանի որ մեզանից ոչ ոք ծանոթ չէր գյուղին, մեզ օգնության հասավ Մարիամ անունով մի աշխույժ աղջիկ: Նա մեզ ուղեկցեց մի տուն, որտեղ ապրում էին տարեց ամուսինները` Աիդա տատը և Ռազմիկ պապը: Նրանք մեզ հրավիրեցին տաք թեյ խմելու: Մենք սկսեցինք նկարել մեր շուրջը եղած ամեն ինչ: Հետո, օգտվելով Աիդա տատի հյուրասիրած ընկույզից, շարժվեցինք առաջ, ու Մարիամի ուղեկցությամբ գնացինք դեպի գյուղի վերջնամասը, քանի որ Մարիամը ցանկանում էր մեզ ցույց տալ իրենց գյուղի կովերին ու ոչխարներին: Մի քանի ֆոտո անելուց հետո գնացինք գյուղի եկեղեցի: Ճանապարհին մեզ շատ օգնեցին Մարիամի խորհուրդները: Օրինակ, երբ մեր դեմ դուրս եկավ մի մարդ, Մարիամը պտտվեց ու ասաց, որ նրանից հեռու մնանք, քանի որ սթափ վիճակում չէ: Լսելով Մարիամին, մենք շարժվեցինք առաջ:

Ճանապարհին կանգ առանք, որպեսզի նկարենք իր տան շեմքին կանգնած մի պապիկի, ինչը պապիկին այդքան էլ դուր չեկավ: Երբ մոտեցանք զրուցելու, նա հանգիստ ձայնով ասաց, որ խելքներս հավաքենք գլուխներս և գնանք: Առանց պնդելու հեռացանք այնտեղից և փոքր-ինչ քայլելուց հետո հասանք եկեղեցի: Եկեղեցու զանգը` ըստ Մարիամի, նոր էր, իսկ հնի մասին ոչինչ չասաց: Ներսում նա մեզ որոշ բաներ պատմեց եկեղեցու մասին, ինչպես նաև ասաց, որ եկեղեցին յոթ ամիս առաջ են մաքրել: Երբ դուրս եկանք եկեղեցուց, նա ասաց, որ ուզում է մեզ ցույց տալ գյուղի հին տները ու ընկավ առաջ: Հետևելով նրան, հասանք տների մոտ: Դրանք իրոք շատ հին էին ու կոկիկ: Այդպիսինն էր նաև Մարիամի հորեղբոր տունը: Հետո եկավ մեր  վերադառնալու ժամանակը: Ճանապարհին հանդիպեցինք նաև Մարիամի տատիկին: Մի կերպ համոզելով նկարեցինք նրան, ու ընկանք առաջ: Հասնելով մեքենային, մենք շնորհակալություն ասացինք Մարիամին, ու մեկ անգամ ևս խնդրեցինք թույլ տա, որ իրեն լուսանկարենք, բայց նա մերժելով բոլորիս, ասաց, որ նկարվել չի սիրում: Այ քեզ բան, բոլորին ինքն էր համոզում, որ լուսանկարվեն, իսկ ինքը չէր համոզվում:

Հետդարձին վերլուծում էինք մեր ֆոտոարշավը, և բոլորս միակարծիք էինք, որ առանց Մարիամի մեր օրը հաջողված չէր լինի:

Մարիամ, եթե կարդում ես այս տողերը, բոլորիս անունից շնորհակալություն:

Լուսանկարը՝Լիլիթ Աթանյանի

Լուսանկարը՝Լիլիթ Աթանյանի

seryoja baboyan

Տանը մենակ

Մարդիկ ասում են, որ մենակությունից վատ բան չկա։ Ես համաձայն եմ դրա հետ։

Ես սիրում եմ տանը մենակ մնալ, վայելել այն ամենը, ինչն իմ շուրջն է, իհարկե չափի մեջ։ Բոլորը զարմանում են, որ ես սիրում եմ տանը մենակ մնալ։ Մի անգամ տանը նորից մենակ էի։ Մեր հարևան Քնար տոտան եկավ մեր տուն և հարցրեց․

-Սերոժ ջան, մամադ տուննի՞։

Ասաց, որ կարևոր բան է ասելու։ Ես պատասխանեցի, որ տանը չի ու նաև ասացի, որ մի քանի ժամից կգա, ծնունդի է հրավիրված։ Հետո հարցրեց ինձ․

-Բը, տատիդ ուրի՞։

-Նա էլ է մայրիկիս հետ։

-Լավ։

Գնաց, ուղիղ կես ժամ անց նորից եկավ։ Հարցրեց, չե՞ն եկել, ասացի` ոչ։ Գնաց, նորից կես ժամ անց եկավ, նորից նույն հարցը, նորից նույն պատասխանը։ Չորրորդ անգամ եկավ և ասաց հետևյալը․

-Տնաշենի տղը, տու չե՞ս վախենալ, բը որ իկյան քոնը տանե՞ն։

Ես չկարողացա պահել ծիծաղս, հինգ րոպե անդադար ծիծաղում էի։

-Քնար տոտա, ինձ տանում են` ի՞նչ անեն։

-Եսի՞մ, մեկ էլ տըսար։

-Քնար տոտա, ի՞նչ էիր հարցնում, ասացիր` կարևոր բան ես ասում։

-Խա, Սերոժ ջան, կոֆե եմ էր ուզել։

Դե արի ու մի ասա, այ Քնար տոտա, դրա ի՞նչն էր կարևոր։

Ես վատ եմ զգում, երբ լսում եմ, որ զավակները իրենց տարեց ծնողներին թողնում են մենակության մեջ և գնում առանձին ապրելու։ Այո՛, մենակությունը տհաճ երևույթ է, և ոչ մեկին չեմ ցանկանա, որ հայտնվի այդ իրավիճակում։ Բաց երբ այդ մենակությունը տևում է մի քանի ժամ, այն էլ իմ նման մարդու մոտ, այդ դեպքում դա ընդամենը երազելու, մտքերը հավաքելու և լռելու լավ առիթ է:

Չնայած, Քնար տոտան էլի կես ժամը մեկ կգա ու չի թողնի… 

Կտոր մը զվարճանք

Առավոտյան արթնացա ժամը 12:00-ին և հասկացա, որ ուշացել եմ  բատիկայի պարապմունքից:

-Ա՜հ, մա՛մ, էլի չեք արթնացրել:

-Գիշերվա հազարին ես քնում, ուզում ես արթնանա՞ս, համ էլ` ես ի՞նչ իմանամ, որ դու պարապմունք ունես:

-Լա՜վ, լա՜վ, սպասիր զանգեմ Նանեին:

Մոռացա ասել, որ Նանեն ամենամոտ ընկերուհիներիցս է, նրա հետ եմ գնում բատիկայի պարապմունքի:

Զանգերը գնում էին, բայց խոսափողը վերցնող չկար: Հանկարծ.

-Ա՜լո, ո՞վ ա:

-Նա՛ն, ես եմ, դու էլ ե՞ս քնած մնացել:

-Հա, մոռացել էի, որ պարապմունք ունենք, բա դու ո՞ւր ես:

-Տանն եմ, ես էլ էի մոռացել: Լա՛վ, արի արագ հագնվենք, իջնենք:

-Լա՛վ, կգաս ստադիոնի մոտ:

Ճանապարհին հանդիպեցինք իրար ու վազելով, շնչակտուր հասանք տեղ: Ու ի՞նչ, տեսնում ենք՝ դուռը փակ է և զանգելով ընկեր Նելլիին՝ իմանում ենք, որ պարապմունքը ժամը 15:00-ին է: Ճիշտ է, շատ ենք հիասթափվում, բայց մի քիչ մտածելով՝ որոշում ենք նորից չբարձրանալ տուն և ժամանակը միասին անցկացնել: Բարեբախտաբար, զարմանալիորեն մեր ծնողները համաձայնվում են:

Որոշում ենք շրջել խանութներով, բայց Եղեգնաձորում այդ հետաքրքրությունը մեկ ժամ հետո ավարտվում է: Այդ օրը առատ ձյուն էր գալիս, մենք էլ ամբողջովին թրջված էինք ու սոված: Մեր սիրելի «պրյանիկներից» ենք գնում ու մտնելով խանութներից մեկը` սկսում ենք տաքանալ: Մեր միտքը հանկարծ փայլատակում է. որոշում ենք պայթուցիկներ գնել: Ճիշտ է, դա միշտ մանկամտություն եմ համարել, բայց այս անգամ, ինչպես ասում են, «հավեսս էկավ»: Մեր գումարը չէր բավարարում. մտածում էինք՝ ինչպես գումար հայթայթել: Մեր բախտը բերեց, որ Նանեի մայրիկը մոտակայքում էր: Վերջապես հասանք մեր նպատակին: Ամենուրեք մեր գմփգմփոցներն էին լսվում:

Ես որոշեցի, ինչպես մենք ենք ասում, «ծաղիկ-բոմբ» հավաքել ամենամարդաշատ վայրում: Արդեն շատ ուշ էր, ես վառել էի այն, երբ Նանեն բացականչեց.

-Է՜ս մարդաշատ տեղո՞ւմ:

Սկսեց պայթել, բոլորը մեզ էին նայում, բայց, մեկ է, մենք չէինք կարողանում զսպել մեր ծիծաղը, քանի որ մի տղա դրա մոտով անցնելիս ու չնկատելով այն՝ ուղղակի լեղաճաք էր եղել: Իսկ մենք անհոգ ուրախանում էինք: Լավ բան չենք արել, բայց մտածում եմ, որ մեկ-մեկ կարելի է այսպես ուրախանալ: Մանավանդ, երբ բոլորը զարմացած նայում են, որ այդ անկարգության հեղինակը մենք ենք` միշտ խելացի, կարգապահ ու դաստիարակված աղջիկներս:

Վերջապես եկավ մեր երկար սպասված ժամը՝ 15:00-ն: Մենք մի պահ նայեցինք իրար, լրջացանք ու քայլեցինք դեպի առաջնորդարան՝ պարապմունքի:

Երանի ամեն առավոտ արթնանային, ասեին. «Գնանք աշխատանքի»

Իմ առաջին  հարցազրույցը  Զառիթափ գյուղի բնակիչ Գոհար Սարգսյանի հետ

Մենք գտնվում էինք Վայոց Ձորի Զառիթափ գյուղում: Երեխաների մեծ մասն առաջին անգամ էր այստեղ (այդ թվում նաև ես), մենք շրջում էինք գյուղով նկարելով ամեն բան, ինչ մեզ դուր էր գալիս: «Մանանա» կենտրոնի դասընթացներում մենք սովորել էինք, թե ինչպես հարցազրույց վարել: Եվ հիմա փնտրում էինք մարդկանց, որպեսզի կիրառենք մեր գիտելիքները: Բոլորս կարծես օտարերկրյա զբոսաշրջիկ նայում էինք շուրջ բոլորը, որպեսզի գեթ մի մարդ գտնեինք մեր ստացած գիտելիքները օգտագործելու համար: Շատ ցուրտ էր, և դրսում ոչ ոք չէր երևում: Հանկարծ լսվեց մի ձայն.

-Երեխե՜ք, մարդ ենք ճարել, շուտ եկեք:

Լուսանկարը՝ Անի Շահբազյանի

Լուսանկարը՝ Անի Շահբազյանի

Մենք բոլորս վազելով գնացինք: Առաջինը տեսա երկու տղամարդկանց, որոնք բակում պատրաստում էին հայկական ավանդական խորոված: Մինչ մենք լուսանկարում էինք, դուրս եկավ մի տատիկ` ձեռքին մեծ կաթսա: Նա զարմացած հարցրեց.

-Էս ի՞նչ ա, ինչի՞ եք նկարում:

Երեխաներից ոչ ոք ձայն չէր հանում, և ես սկսեցի նրան բացատրել:

-Մենք պատանի թղթակից ենք, սովորում ենք, թե ինչպես ճիշտ լուսանկարել, իսկ այսօր մենք նկարում ենք գյուղական կյանքը: Դուք մեզ շատ կօգնեք, եթե թույլ տաք ձեզ և ձեր տունը նկարենք: Կարելի՞ է,- շնչակտուր հարցրեցի ես:

-Դե, սպասեք, գնամ փոխվեմ` գամ… Սենց ալրոտ… Մի րոպե սպասեք:

-Չէ, չէ, պետք չի փոխվել: Չէ որ մենք նկարում ենք գյուղական կյանքը, իսկ դուք գյուղում այսպիսինն եք: Սիրում եմ գյուղական անկեղծությունը:

-Դե լավ, եկեք տուն: Ի՞նչ եք կանգնել: Եկեք նկարեք, մենք էլ ձեզ կհյուրասիրենք:

Լուսանկարը՝ Սոնա Թումանյանի

Լուսանկարը՝ Սոնա Թումանյանի

Դե ինչ, մեր սպասված ընտանիքին մենք հանդիպեցինք: Դրսում  ցուրտ էր, և հաճելի էր տան ջերմ մթնոլորտը բոլոր առումներով: Տանը կար երեք երեխա: Նրանք սկզբից չէին խոսում, իսկ հետո ընտելացան մեզ հետ: Մինչ ես նրանց նկարում էի, մտածեցի, որ կարող եմ գիտելիքներս օգտագործել և անցկացրեցի հարցազրույց ընտանիքի տատիկի`  Գոհար Սարգսյանի հետ: Նա սիրով համաձայնվեց:

-Քանի՞ տարեկան եք և երբվանի՞ց եք այս գյուղում ապրում:

-Ես 58 տարեկան եմ, ամուսնացել եմ, եկել եմ էս գյուղ և 1976 թվականից էս գյուղում եմ ապրում:

-Ա’յ, օրինակ, երբ առաջին անգամ եկաք գյուղ, ի՞նչ էիք զգում, հիշո՞ւմ եք ձեր առաջին օրը, երբ եկաք:

-Հա, ոնց չեմ հիշում: Հենց եկա, մեծ պլաններ ունեի, հենց հաջորդ օրն էլ հարսանիք էր: Էս գյուղը շատ տարիներ առաջ շրջկենտրոն էր:

-Իսկ ի՞նչ է նշանակում շրջկենտրոն:

-Դե, մեր գյուղը համարյա թե քաղաք էր. անասուն չէին պահում, կար հիվանդանոց, կար մանկապարտեզ, կային երթուղային ավտոբուսներ: Մի խոսքով, մարդիկ ապրում էին շատ կուլտուրական: Բայց հետո, երբ շրջկենտրոնը տեղափոխվեց Վայք, ամեն ինչ փոխվեց:

-Ի՞նչ էիք աշխատում երիտասարդ հասակում:

-Աշխատել եմ Վայքում` խաղալիքների գործարանում: Շատ էի սիրում էդ գործը: Ինչ խաղալիք, որ պատրաստում էինք, առաջինը մենք էինք խաղում, նոր հետո փաթեթավորում:

-Իսկ ինչո՞ւ թողեցիք ձեր գործը:

-Ես չեմ թողել էդ գործը: Անկախությունից հետո գործարանը չկարողացավ աշխատել`քանդվեց: Մենք էլ բնականաբար դուրս մնացինք: Մինչև այսօր էլ գործարանը չի գործում:

-Իսկ այժմ ի՞նչ կուզեիք աշխատել:

-Շատ կուզեի զբաղվել իմ առաջին աշխատանքով: Ես սովորել եմ ու աշխատել եմ մատանու քարեր պատրաստելու գործով: Շատ եմ սիրել էդ աշխատանքը, որովհետև ամեն ուրախ առիթի` կնունքի, հարսանիքի, նշանդրեքի մեջ դու քո ներդրումն ունեիր, ու կարողանում էիր ուրախացնել մարդկանց:

-Իսկ հիմա ինչո՞վ եք զբաղվում:

-Հիմա մենք անասնապահ ենք ու հողագործ: Տենց ենք ապրում, ու էսօր էլ մի անասուն ենք մորթել, որ ծախենք:

-Դուք ունե՞ք ընտանիքի անդամ, որ արտագնա աշխատանքի է:

-Չէ, աղջիկ ջան, բոլորն էլ այստեղ են: Աղջիկներս էլ են այստեղ` մեկը գյուղում ա, մեկը` Վայքում ա: Տղայիս հետ միասին ենք ապրում շատ հաշտ-համերաշխ:

-Ի՞նչ կուզեիք, որ գյուղում փոխվեր:

-Կուզեի, որ ստեղծվեին աշխատատեղեր, որպեսզի բոլորն աշխատեին: Գյուղի ընդամենը շատ քիչ մասն է աշխատում: Մի մասը գյուղապետարանում, մի քանի  հոգի  մանկապարտեզում ու դպրոցում: Էս են մեր աշխատատեղերը:  Փորձել եմ լավաշ թխել ու վաճառել,  բայց չի ստացվել:

-Ի՞նչն էր ձեզ խանգարել:

-Մի երկու անգամ թխելուց վախեցա, որ հարկայինը կգա, հետո` օգուտ չէր տալիս:

-Կուզենայի՞ք ինչ-որ բան ավելացնել ձեր մասին:

-Ես կուզենայի, որ երեխաների ապագան ավելի լավը լիներ: Թեկուզ չսովորեին, բայց մի արհեստ ունենային, աշխատանք ունենային: Ամեն առավոտ արթնանային, ասեին. «Գնանք աշխատանքի», որ կարողանային իրենց ընտանիքները պահել: Այնպես չլինի, որ առավոտյան վեր կենային ասեին. «Ոնց անենք, որ մեր ընտանիքները պահենք»:

Լուսանկարը՝ Նոնա Բարսեղյանի

Լուսանկարը՝ Նոնա Բարսեղյանի

Ես բազմաթիվ հարցեր ունեի նրան տալու, բայց ափսոս, ժամանակը սուղ էր: Ասեմ, որ ես հասցրեցի փորձել նրանց սեփական ձեռքերով պատրաստված կոմպոտը:  Գոհար տատիկն ուզում էր, որ մենք մնայինք և օգտվեինք իրենց գյուղի բարիքներից, սակայն պետք է վերադառնայինք:

Տիկին Գոհարի հետ հարցազրույցից ես հասկացա, որ ապրելու վայրը նշանակություն չունի` ինչ-որ բան ստեղծելու, երջանիկ լինելու, աշխատելու և խաղաղ ապրելու համար, եթե ունես ընտանիք, որտեղ կա համերաշխություն և բոլորն իրար սիրում են: